Համարը 
թիվ 300-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2014.12.03/31(510).1 Հոդ.322.4
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
04.11.2014
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.11.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014515

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 նոյեմբերի 2014 թ.

թիվ 300-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտ կարող են թողարկել, սպասարկել և իրացնել (տարածել) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը (այսուհետ` բանկեր),

նպատակ ունենալով հստակեցնել վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման հետ առնչվող բանկերի կողմից բարձրացված հարցադրումները` կապված վճարային քարտի տեսակների հետ,

հնարավորինս պարզեցնել բանկերի կողմից թողարկված վճարային քարտի տրամադրման ընթացակարգը` ապահովելով հաճախորդների նույնականացման պահանջը,

առավել արդյունավետ կերպով կառավարել բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են պայմանավորված լինել բանկերի ներքին ընթացակարգերի և իրենց հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորող փաստաթղթերի բացակայությամբ կամ դրանցում առկա թերություններով և բացերով, որոնց առկայությունը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային ծառայությունների մատուցման նկատմամբ հանրության վստահության վրա,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, 2-րդ կետի «ե» ենթակետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իդ» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտերով գործառնությունների իրականացման կարգը»:

3. Սույն որոշմամբ հաստատված կարգը չի տարածվում բանկերի կողմից թողարկված և տրամադրված այն կանխավճարային քարտերի վրա, որոնք թողարկվել են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը` մինչև տվյալ կանխավճարային քարտերի գործողության ավարտը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

 2014 թ. նոյեմբերի 6

Երևան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի նոյեմբերի 4-ի
թիվ 300-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կանոնները:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից լիցենզավորված և վճարային քարտ թողարկելու և սպասարկելու թույլտվություն ստացած կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) վրա:

 

ԳԼՈՒԽ 2. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտ թողարկող բանկերը (այսուհետ` թողարկող) թողարկում են անձնականացված/նույնականացված վճարային գործիք, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` քարտապան) թողարկողի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա, կատարել կանխիկացման և անկանխիկ գործառնություններ:

5. Վճարային քարտերը դասակարգվում են.

1) ըստ քարտապանների.

ա. ֆիզիկական անձ,

բ. իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:

2) ըստ տեղեկատվության պահպանման (գրառման).

ա. մագնիսական,

բ. միկրոպրոցեսորային (չիպային),

գ. հիբրիդ (համատեղված),

դ. վիրտուալ:

3) ըստ վճարման տեսակի (սխեմայի).

ա. դեբետային,

բ. հաշվարկային,

գ. վարկային:

4) ըստ կիրառման միջավայրի.

ա. իրական միջավայրում կիրառվող,

բ. վիրտուալ (ինտերնետ) միջավայրում կիրառվող:

6. Բանկը կարող է թողարկել հետևյալ տեսակների վճարային քարտեր.

1) դեբետային քարտ` քարտ, որը նախատեսված է քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում կանխիկացման, կանխիկի մուտքագրման և անկանխիկ գործառնություններ իրականացնելու համար` քարտապանի բանկային հաշվում առկա դրամական միջոցների հաշվին,

2) հաշվարկային քարտ` քարտ, որը նախատեսված է քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում կանխիկացման, կանխիկի մուտքագրման և անկանխիկ գործառնություններ իրականացնելու համար` քարտապանի բանկային հաշվում առկա դրամական միջոցների և սույն կարգի 8-րդ կետով սահմանված պայմանագրի հիման վրա թողարկողի կողմից տրամադրված վարկի (օվերդրաֆտի) հաշվին,

3) վարկային քարտ (կրեդիտային)` քարտ, որը նախատեսված է քարտապանի կողմից գործառնություններ իրականացնելու համար` թողարկողի կողմից քարտապանին տրամադրված դրամական միջոցների հաշվին վարկային պայմանագրի պայմանների համաձայն:

7. Բանկը իրականացնում է դեբետային, հաշվարկային և վարկային քարտերի (այսուհետ` վճարային քարտ) թողարկում` քարտապանների համար:

8. Վճարային քարտի տրամադրման ժամանակ թողարկողի և քարտապանի միջև կնքվում է վճարային քարտի թողարկման և սպասարկման համար բանկային հաշվի պայմանագիր/պայմանագրեր (այսուհետ` վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագիր):

9. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) ավտոմատ գանձման մեքենա (բանկոմատ)` ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգով սահմանված գրասենյակային կամ արտաքին օգտագործման համար նախատեսված սարք,

2) ՊՈՍ տերմինալ` էլեկտրոնային սարք, որը նախատեսված է առևտրի և (կամ) սպասարկման կետում վճարային քարտով անկանխիկ գործառնություն կատարելու կամ բանկի և (կամ) վերջինիս տարածքային ստորաբաժանման տարածքում վճարային քարտով կանխիկացման գործառնություն կատարելու համար,

3) սպասարկող (merchant)` առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետ, որը վճարային քարտի սպասարկում իրականացնող բանկի հետ կնքել է պայմանագիր` իր կողմից վաճառվող ապրանքների և/կամ մատուցվող ծառայությունների դիմաց վճարային քարտը, որպես վճարամիջոց ընդունելու վերաբերյալ,

4) վճարային քարտի սպասարկում (acquiring)` բանկի կողմից մատուցվող ծառայություն, որի արդյունքում ապահովվում է սպասարկողների մոտ վճարային քարտով սահմանված գործառնությունների և դրանց դիմաց հաշվարկների կատարման ապահովումը, ինչպես նաև տվյալ բանկի հաճախորդների կողմից կանխիկի մուտքագրումը, հաճախորդներին կանխիկ դրամական միջոցների տրամադրումը, փոխանցումը և/կամ հաճախորդ չհանդիսացող քարտապաններին կանխիկ դրամական միջոցների տրամադրումը,

5) անվանագրում` վճարային քարտի դաջման (էմբոսացման, ինջինիրինգի)` մագնիսական ժապավենի վրա և (կամ) միկրոպրոցեսորային հիշողության մեջ տեղեկատվության գրառման ընթացակարգ` համաձայն քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնների,

6) վճարային քարտով կատարված վճարումների գրանցամատյան (այսուհետ` վճարումների գրանցամատյան)` փաստաթուղթ կամ փաստաթղթերի ամբողջություն, որը պարունակում է քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնով և (կամ) այլ փաստաթղթերով սահմանված ժամանակահատվածի համար վճարային քարտի միջոցով իրականացված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն, կազմված պրոցեսինգ իրականացնող իրավաբանական անձի կամ թողարկողի կողմից, որի արդյունքում իրականացնում է վճարային քարտի միջոցով իրականացված գործառնությունների տեղեկատվության հավաքագրում, մշակում և փոխանցում/տրամադրում (պրոցեսինգ) բանկերին և ներկայացվում է էլեկտրոնային տեսքով և (կամ) թղթային կրիչի վրա,

7) էլեկտրոնային մատյան` քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնով և (կամ) այլ փաստաթղթով սահմանված ժամանակահատվածի համար վճարային քարտով իրականացված գործառնությունների ժամանակ բանկոմատի, ՊՈՍ տերմինալի կամ վճարային քարտ սպասարկող այլ տեխնիկական սարքավորման միջոցով ձևավորված էլեկտրոնային տեսքով փաստաթուղթ կամ փաստաթղթերի ամբողջություն,

8) անհատական նույնականացման համար` ՊԻՆ-կոդ` թողարկողի կողմից քարտապանին նույնականացնող ծածկագիր, որը կիրառվում է քարտապանի կողմից քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված դեպքերում,

9) հավաստագրում (ավտորիզացիա)` թողարկողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից վճարային քարտով գործառնությունների կատարման թույլտվության ստացման գործընթաց,

10) հաշվետու ժամանակաշրջան` քարտապանի վճարային քարտով կատարված գործառնությունների ժամանակաշրջան, որի վերաբերյալ բանկը քարտապանին ներկայացնում է հաշվետվություն,

11) վճարային քարտի վավերապայմաններն են հանդիսանում.

ա. վճարային քարտի քարտապանի անուն, ազգանուն (իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր քարտապանի դեպքում` լիազորված անձի անուն, ազգանուն),

բ. վճարային քարտ թողարկողի անվանում (ապրանքային նշան),

գ. քարտային վճարահաշվարկային համակարգի անվանում (ապրանքային նշան/նշաններ), որին պատկանում է տվյալ վճարային քարտը (սահմանված լինելու դեպքում),

դ. վճարային քարտի համար,

ե. վճարային քարտի գործողության ժամկետ (սահմանված լինելու դեպքում),

զ. քարտապանի ստորագրություն և (կամ) այլ տվյալներ, որոնք թույլ կտան հաստատել, որ տվյալ գործառնությունը նախաձեռնված է քարտապանի կողմից (օրինակ` CVV կամ CVC):

Վճարային քարտի վավերապայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վճարային քարտը համարվում է անվավեր, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերի:

10. Սույն կարգի 9-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված վավերապայմանը կարող է բացակայել, եթե ապահովված է հետևյալ պայմանների ամբողջությունը.

1) վճարային քարտը`

ա. թողարկվել է ոչ ավելի, քան երկու տարի գործողության ժամկետով` միայն ՀՀ դրամով,

բ. կարող է օգտագործվել բացառապես ՊԻՆ կոդի կիրառմամբ,

գ. ենթակա չէ նույն անձի անունով վերաթողարկման,

դ. ենթակա չէ օգտագործման ինտերնետ միջավայրում:

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված պահանջներին բավարարող վճարային քարտը կարող է ձեռք բերվել.

1) ձեռքբերողի կողմից` անձնական օգտագործման նպատակով,

2) ձեռքբերողի կողմից` երրորդ անձի կողմից օգտագործման նպատակով:

12. Վճարային քարտը սույն կարգի 11-րդ կետի 1)-ին ենթակետով սահմանված նպատակով ձեռքբերելու դեպքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագրի կողմ պետք է հանդիսանա վճարային քարտը ձեռքբերող անձը:

13. Վճարային քարտը սույն կարգի 11-րդ կետի 2)-րդ ենթակետով սահմանված նպատակով ձեռքբերելու դեպքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագրի կողմ պետք է հանդիսանա վճարային քարտը օգտագործող անձը:

 

ԳԼՈՒԽ 3. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 14. Քարտապանները իրենց պատկանող դրամական միջոցների շարժը (մուտքագրումներ և (կամ) ելքագրումներ), այդ թվում` վարկային միջոցների, կարող են իրականացնել կանխիկ/անկանխիկ եղանակով` վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագրի և (կամ) քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն:

15. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը իրականացնում են սպասարկողների մոտ վճարային քարտով կատարված գործառնությունների դիմաց հաշվարկների ապահովում, ինչպես նաև տվյալ բանկի հաճախորդներին կանխիկի մուտքագրման, կանխիկ դրամական միջոցների տրամադրման և հաճախորդ չհանդիսացող քարտապաններին կանխիկ դրամական միջոցների տրամադրման գործառնություններ:

16. Բանկը իրավասու է միաժամանակ իրականացնել վճարային քարտի թողարկում, սպասարկում և տարածում: Վճարային քարտի թողարկումը, սպասարկումը և տարածումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, սույն կարգի և կենտրոնական բանկի այլ նորմատիվային ակտերի, ինչպես նաև քարտային վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանված կանոնների համաձայն:

17. Բանկը պարտավոր է մինչև քարտապանի հետ պայմանագիր կնքելը ծանոթացնել նրան վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման հիմնական կանոններին:

18. Բանկի վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման հիմնական կանոնները պարտադիր ներառում են`

1) վճարային քարտի և ՊԻՆ-կոդի և (կամ) անձը նույնականացնող` քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրի (ծածկագրերի) օգտագործման և պահպանման կանոնները,

2) վճարային քարտով իրականացված գործառնությունների տեսակները (եթե քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով կան գործառնության կատարման հաճախականության, տեսակների կամ գումարի մեծության սահմանափակումներ, ապա վերջիններս պետք է նույնպես նշված լինեն),

3) վճարային քարտ թողարկողի և քարտապանի պարտավորությունները և նրանց պատասխանատվության չափն ու պայմանները (քարտապանի պատասխանատվությունը անվավեր գործառնությունների համար, թողարկողի պատասխանատվությունը քարտապանի առջև վերջինիս կողմից չկատարված գործառնությունների համար, քարտապանի կողմից չկատարված գործառնությունների վերաբերյալ վերջինիս կողմից տեղեկացման կարգի և պայմանների, պատասխանատվության չափի և վնասների բաշխման, այլ սահմանված ընթացակարգերի վերաբերյալ),

4) վճարային քարտի բլոկավորման և ապաբլոկավորման կարգն ու պայմանները, ժամկետը` ինչպես քարտապանի նախաձեռնությամբ, այնպես էլ բանկի,

5) քարտային/բանկային հաշվից դեբետագրման/ելքագրման կամ քարտային/բանկային հաշվի կրեդիտագրման/մուտքագրման կարգն ու պայմանները, ժամկետը,

6) ցանկացած տիպի միջնորդավճարներ, որոնք գանձվում են քարտապանից նրան մատուցված ծառայությունների դիմաց, կիրառվող սակագներ: Միջնորդավճարները ներառում են վճարային քարտի տրամադրման և (կամ) տարեկան սպասարկման գումարները, վճարային քարտով գործառնությունների իրականացման համար գանձվող միջնորդավճարները կամ այլ վճարները,

7) քարտապանի կողմից քարտային գործառնության բողոքարկման ժամանակահատվածը, ինչպես նաև բողոքարկման և ճշգրտման ժամանակ կիրառվող ընթացակարգերը և քարտապանի կողմից դրանց կիրառման կարգն ու պայմանները, ժամկետները,

8) քարտային/բանկային հաշվի արժույթից տարբերվող արժույթով (արտարժույթով) գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փոխարժեքի որոշման մեխանիզմը,

9) քարտապանի կողմից վճարային քարտի կորստի/գողանալու դեպքում կիրառվող ընթացակարգերը և դրանց կիրառման կարգը, պայմանները և ժամկետները,

10) վճարային քարտի վերաթողարկման կարգն ու պայմանները, ժամկետները,

11) վճարային քարտով իրականացված գործառնությունների դիմաց հաշվարկի ընթացակարգերը, մասնավորապես.

ա. Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով քարտապանին դրամական միջոցների տրամադրման կամ կանխիկի մուտքագրման կարգը, պայմանները և ժամկետները,

բ. համապատասխան դրամական պարտավորությունների վերադարձման (մարման) կարգն ու պայմանները, ժամկետները,

գ. տրամադրված դրամական միջոցների վարկավորման տոկոսադրույքը, տոկոսների հաշվարկման և քարտապանի պարտավորությունների մարման կարգն ու պայմանները, ժամկետները,

12) քարտապանին վերաբերող այլ ընթացակարգեր, որոնցով կարգավորվում են վճարային քարտով կատարված գործառնությունները:

19. Բանկի վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման հիմնական կանոնները պետք է մշակված լինեն գրավոր, հնարավորության դեպքում նաև էլեկտրոնային եղանակով, գրված պարզ, մատչելի ձևով, հայերեն, անհրաժեշտության դեպքում նաև այլ լեզուներով:

 

ԳԼՈՒԽ 4. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

20. Քարտապանին տրամադրված մի քանի վճարային քարտերով գործառնությունները կարող են իրականացվել մեկ բանկային հաշվով:

21. Քարտապանին տրամադրված մեկ վճարային քարտով գործառնություններ կարող են իրականացվել մի քանի հաշիվներով:

22. Ֆիզիկական անձ քարտապանի կողմից վճարային քարտով կարող են իրականացվել հետևյալ տեսակի գործառնություններ`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս ստանալ Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով կանխիկ դրամական միջոցներ,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում վճարել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, մտավոր աշխատանքի արդյունքների) դիմաց Հայաստանի Հանրապետության արժույթով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` նաև արտարժույթով,

3) Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով այլ գործառնություններ, եթե դրանց կատարման համար օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չեն սահմանափակումներ:

23. Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր (այսուհետ` իրավաբանական անձ) քարտապանի կողմից վճարային քարտով իրականացվում են հետևյալ տեսակի գործառնություններ`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության հետ կապված հաշվարկների, այդ թվում` գործառնական և վարչական ծախսերով կատարված հաշվարկների դիմաց Հայաստանի Հանրապետության արժույթով ստանալ կանխիկ դրամական միջոցներ,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության հետ կապված անկանխիկ հաշվարկների, այդ թվում` գործառնական և վարչական ծախսերով կատարված հաշվարկների դիմաց վճարել Հայաստանի Հանրապետության արժույթով,

3) Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով այլ գործառնություններ, եթե դրանց կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանափակումներ նախատեսված չեն:

24. Քարտապանները վճարային քարտով կարող են իրականացնել գործառնություններ` Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով բացված բանկային հաշիվներով: Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնությունները կատարվում են օրենքով, վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:

 

ԳԼՈՒԽ 5. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

25. Վճարային քարտի կամ վճարային քարտի վավերապայմանների կիրառման ընթացքում թղթային և (կամ) էլեկտրոնային տեսքով ձևավորվում է վճարահաշվարկային փաստաթուղթ, որը վավերացված է քարտապանի ստորագրությամբ կամ ՊԻՆ-կոդի կամ անձը նույնականացնող` քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրերի կիրառմամբ և հիմք է հանդիսանում վճարային քարտով իրականացված գործառնությունների հաշվարկի իրականացման համար և հավաստում է նրանց կատարումը:

26. Վճարային քարտի կիրառման ընթացքում թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով ձևավորվում են հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերը (այսուհետ` քարտային անդորրագիր).

1) ավտոմատ գանձման մեքենայով (այսուհետ` ԱԳՄ-ով) կանխիկացման, կանխիկի մուտքագրման կամ անկանխիկ գործառնության ընթացքում ձևավորված քարտային անդորրագիր,

2) առևտրի և (կամ) ծառայությունների մատուցման կետում տեղադրված ՊՈՍ տերմինալով և (կամ) իմպրինտերով անկանխիկ գործառնության ընթացքում ձևավորված քարտային անդորրագիր,

3) ֆինանսական կազմակերպության և (կամ) վերջինիս տարածքային ստորաբաժանման տարածքում տեղադրված ՊՈՍ տերմինալով և (կամ) իմպրինտերով կանխիկացման գործառնության ընթացքում ձևավորված քարտային անդորրագիր,

4) վիրտուալ կամ այլ էլեկտրոնային միջավայրում` առևտրի և (կամ) ծառայությունների մատուցման կետում վիրտուալ ՊՈՍ տերմինալով անկանխիկ գործառնության ընթացքում ձևավորված քարտային անդորրագիր: Ընդ որում, սույն կետում նշված միջավայրում վճարում կատարելիս կարող է քարտային անդորրագիր չձևավորվել, եթե ձևավորվում է վճարային քարտով վճարման կատարումը հավաստող և (կամ) ծախսը հիմնավորող այլ փաստաթուղթ, որը թույլ է տալիս հաստատել, որ տվյալ գործառնությունը նախաձեռնված է վճարային քարտով:

27. Քարտային անդորրագիրը պետք է պարունակի հետևյալ պարտադիր վավերապայմանները.

1) փաստաթղթի համարը,

2) փաստաթղթի կազմման ամսաթիվը և գործառնության կատարման վայրը բնութագրող տվյալներ (սպասարկողի կամ սպասարկում իրականացնողի անվանումը, հասցեն, կոնտակտային տվյալներ),

3) ԱԳՄ-ի, ՊՈՍ տերմինալի, իմպրինտերի կամ վճարային քարտի սպասարկման համար նախատեսված ապարատածրագրային այլ միջոցի (վիրտուալ կամ մոբայլ ՊՈՍ տերմինալ, այլ) նույնականացուցիչը,

4) գործառնության գումարը,

5) գործառնության արժույթը,

6) գործառնության տեսակը (կանխիկացում, անկանխիկ վճարում, կանխիկի մուտքագրում կամ փոխանցում),

7) քարտի վավերապայմանները (քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով թույլատրելի չափով),

8) քարտապանի ստորագրությունը` կախված կիրառվող տեխնոլոգիայից, քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնից կամ ՊԻՆ-կոդ կիրառելու դեպքում` նշում ՊԻՆ-կոդ կիրառելու վերաբերյալ,

9) գործառնության համար գանձվող միջնորդավճար (կիրառելիության դեպքում), որի վերաբերյալ քարտապանը տեղեկացված չէ թողարկողի կողմից սահմանված վճարային քարտի թողարկման և սպասարկման հիմնական կանոններով,

10) հավաստագրումը հաստատող կոդ (կիրառելիության դեպքում),

11) քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն այլ տվյալներ:

28. Բանկի կողմից քարտապաններին տրամադրված ՊԻՆ-կոդի և (կամ) անձը նույնականացնող` քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրի կիրառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագրի և (կամ) քարտային վճարահաշվարկային համակարգի կանոնի համաձայն:

29. Սույն կարգի 27-րդ կետի 8)-րդ ենթակետում նշված վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե կիրառվում է ՊԻՆ-կոդը կամ անձը նույնականացնող` քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագիր, որը դրվում է (կիրառվում է) գործառնությունը իրականացնելու պահին:

30. Վճարային քարտի կիրառման ընթացքում ձևավորված վճարահաշվարկային և այլ փաստաթղթերի կազմման հիմք հանդիսացող վճարումների գրանցամատյանը կամ էլեկտրոնային մատյանը բանկում և (կամ) նրան սպասարկող պրոցեսինգային կազմակերպությունում պահպանվում են առնվազն 5 տարի:

 

ԳԼՈՒԽ 6. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՔԱՐՏԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ/ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ/ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

31. Թողարկողը քարտապանին տեղեկացնում է վճարային քարտով նախորդ ամսվա ընթացքում կատարված գործառնությունների վերաբերյալ` տրամադրելով նրան հաշվետվություն (այսուհետ` քաղվածք): Քաղվածքի տրամադրման ժամկետը, պայմանները և կարգը սահմանվում են վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագրով: Վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագրում քաղվածքի տրամադրման ժամկետի բացակայության դեպքում քաղվածքը տրամադրվում է առնվազն յուրաքանչյուր ամիս:

32. Քարտապանին տրամադրվող քաղվածքը պարունակում է`

1) քարտի վավերապայմանները (քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով թույլատրելի չափով),

2) հաշվետու ժամանակաշրջանը,

3) հաշվետու ժամանակաշրջանի սկզբում հասանելի գումարը (մնացորդը),

4) ըստ յուրաքանչուր քարտային գործառնության.

ա. գործառնության գումարը,

բ. գործառնության կատարման և հաշվարկի ապահովման ամսաթիվը,

գ. գործառնության համար գանձվող միջնորդավճարները,

դ. գործառնության տեսակի բնութագիրը,

ե. քարտային/բանկային հաշվի արժույթից տարբերվող արժույթով (արտարժույթով) գործառնությունների կատարման ժամանակ` կիրառվող փոխարժեքը,

զ. գործառնության գումարը և գործառնության կատարման արժույթը,

է. սպասարկողին կամ սպասարկում իրականացնողին նույնականացնող տվյալներ,

5) հաշվետու ժամանակաշրջանի վերջում հասանելի գումարը,

6) քաղվածքը կազմելու ամսաթիվը,

7) քարտապանի փաստացի պարտավորության չափը հաշվետու ժամանակաշրջանի համար (վարկային կամ հաշվարկային քարտի դեպքում),

8) թողարկողի կողմից սահմանված այլ տվյալներ:

33. Սույն կարգի 32-րդ կետի 4)-րդ ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված պահանջը կարող է բացակայել, եթե բանկը վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման հիմնական կանոններով կամ վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագրով քարտապանին տեղեկացրել է քարտային/բանկային հաշվի արժույթից տարբերվող արժույթով (արտարժույթով) գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փոխարժեքի հաշվարկման մեխանիզմի վերաբերյալ:

34. Թողարկողը` քարտապանի կողմից քաղվածքում արտացոլված գործառնությունների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում պարտավոր է ընդունել դրանք` քաղվածքի տրամադրման օրվանից առնվազն 30 օրվա ընթացքում, եթե վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագրով ավելի երկար ժամկետ սահմանված չէ: Սահմանված ժամանակահատվածում առարկություններ չներկայացնելու դեպքում այն համարվում է քարտապանի հետ համաձայնեցված:

35. Թողարկողը քարտապանի կողմից ներկայացված առարկությունների ստացման օրվանից 90 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավոր պատասխան, եթե վճարային քարտի թողարկման և սպասարկման պայմանագրով ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: