Համարը 
N 378-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.04.11/19(893) Հոդ.372
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.03.2012
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.04.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2012 թվականի N 378-Ն


ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին, 19-րդ և 26.2-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 26 որոշման 1-ին կետի «ժ» ենթակետով սահմանված հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 12-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածներով ամրագրված դրույթներից բխող հետևյալ իրավական ակտերի նախագծերը՝

1) «Հատուկ նշանակության հողերի նկատմամբ սահմանափակումները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.

2) «Հատուկ նշանակության հողերի պաշտպանական գոտիները և դրանց իրավական ռեժիմները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը.

3) «Հատուկ նշանակության հողերում օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների ցանկը սահմանելու մասին» ու «Հատուկ նշանակության հողերում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված օբյեկտների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 5

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 29-ի N 378-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է հատուկ` պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության կարգը։

2. Սույն կարգով սահմանված պահանջները պարտադիր են հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:

3. Հատուկ նշանակության հողերում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված դեպքերում`

1) ճարտարապետահատակագծային առաջադրանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողին է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 26 որոշման 1-ին կետի «ժ» ենթակետով սահմանված համապատասխան ոլորտի հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին), որի հաշվեկշռում են գտնվում պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության շենքերի, շինությունների, ինժեներական ենթակառուցվածքների օգտագործման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը.

2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրվում է նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուն (այսուհետ` կատարող).

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշմամբ սահմանված կարգով նախագծային փաստաթղթերը կառուցապատողի կամ կատարողի կողմից (եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային կապալի պայմանագրով) ներկայացվում են փորձաքննության.

4) փորձաքննության դրական եզրակացությամբ երաշխավորված նախագծային փաստաթղթերը համաձայնեցնում և շինարարության թույլտվություն է տրամադրում լիազոր մարմինը.

5) ավարտված շինարարության շահագործման փաստագրումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն՝ կառուցապատողի (կամ լիազոր մարմնի, եթե նա որպես կառուցապատող հանդես չի գալիս) կողմից «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ձևավորված` օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի հիման վրա:

4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերով սահմանված գործառույթների իրականացումը և 4-րդ ենթակետով սահմանված նախագծային փաստաթղթերը՝ ճարտարապետաշինարարական լուծումների մասով, համաձայնեցվում են համայնքի ղեկավարի և, անհրաժեշտության դեպքում` լիազոր մարմնի նախաձեռնությամբ, քաղաքացիական պաշտպանության ոլորտի լիազորված մարմնի հետ` ապահովելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

5. Հատուկ նշանակության հողերում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին չառնչվող դեպքերում քաղաքաշինական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործառույթների իրականացումը համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ (եթե լիազոր մարմինը որպես կառուցապատող հանդես չի գալիս):

6. Հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան