Համարը 
N 2176-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2003.02.20/10(245) Հոդ.168
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.01.2003
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
04.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2176-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Սահմանել, որ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

5. Թույլատրել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանակավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

դ) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

ե) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

6. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպումից հետո ներառվում են «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.

բ) «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 24
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2176-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ինստիտուտ) կրթական, գիտական, մշակութային պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացմանը:

2. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 27-ի N 346 որոշմամբ:

3. Ինստիտուտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

4. Ինստիտուտը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված խնդիրներին համապատասխան իրավունքներ և պարտականություններ:

5. Ինստիտուտը կարող է իր գործունեության նպատակներին համապատասխան իրականացնել ուսումնական, հետազոտական, փորձագիտական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

6. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

7. Ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

8. Ինստիտուտի անվանումն է`

հայերեն լրիվ` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

հայերեն կրճատ` «ԵԹԿՊԻ» ՊՈԱԿ.

ռուսերեն լրիվ` “Ереванский государственный институт театра и кино” государственная некоммерческая организация.

ռուսերեն կրճատ` ЕГИТК ГНО.

անգլերեն լրիվ` "Yerevan State Institute of Theatre and Cinematography" state non-commercial organization.

անգլերեն կրճատ` YSITC SNCO:

9. Ինստիտուտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ամիրյան 26:

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

10. Ինստիտուտի գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական և հրատարակչական գործունեության իրականացումն է:

11. Ինստիտուտի խնդիրներն են`

ա) բեմարվեստի, թատերագիտության, կինոգիտության և կինոարվեստի բարձր որակավորմամբ մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումն ու մասնագիտական որակավորման բարձրացումը.

բ) բեմարվեստի, թատերագիտության, կինոգիտության և կինոարվեստի բնագավառներում գիտական-ուսումնամեթոդական ու գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը.

գ) թատերական և կինոարվեստի պրոպագանդումը, թատերական ու կինոարվեստի տեսական, ուսումնամեթոդական և գիտական մշակումների տարածումը.

դ) սփյուռքի հետ կապերի զարգացումը:

12. Ինստիտուտն առաջադրված խնդիրներին համապատասխան իրավասու է`

ա) կազմելու ուսումնական պլաններ ու ծրագրեր.

բ) շնորհելու ինստիտուտի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու ինստիտուտի մեդալով.

գ) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական հիմնարկների, մշակութային կազմակերպությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ.

դ) սահմանված կարգով կազմակերպելու ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների ընդունելությունն ինստիտուտ.

ե) տնօրինելու իր ֆինանսական միջոցները:

13. Ինստիտուտը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

դ) հրատարակչական գործունեության ծավալում.

ե) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում:

14. Ինստիտուտում արհեստակցական միության և այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան: Հիմնադիրն ունի ինստիտուտի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ինստիտուտի ընդհանուր կառավարումն իրականացնում է լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

16. Ինստիտուտի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը ինստիտուտի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

17. Ինստիտուտի ընդհանուր կառավարումն իրականացնում է նախարարությունը, որը`

ա) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է ինստիտուտի կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) իրականացնում է վերահսկողություն ինստիտուտի գործունեության նկատմամբ.

գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ինստիտուտի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները.

դ) լսում է ինստիտուտի գործունեության մասին հաշվետվությունները.

ե) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ, համաձայնություն տալիս ինստիտուտի սեփական գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

զ) հաստատում է ինստիտուտի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը:

18. Ինստիտուտի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է` այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 140-ը: Խորհրդի անդամների առնվազն 65 տոկոսը պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական անձնակազմը, 25 տոկոսը` ուսանողները և մինչև 10 տոկոսը` վարչատնտեսական աշխատողները: Խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ինստիտուտի ռեկտորը (խորհրդակցական ձայնի իրավունքով), պրոռեկտորները, մասնաճյուղերի ղեկավարները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, ինստիտուտի կազմում գործող այլ ստորաբաժանումների ղեկավարներ, ինստիտուտի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը: Խորհրդի մնացած անդամներն ընտրվում են ինստիտուտի կոլեկտիվի կողմից` ըստ ստորաբաժանումների` ռեկտորատի սահմանած համամասնությամբ:

19. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն 1 անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Խորհրդի որոշումները կենսագործվում են ինստիտուտի ռեկտորի հրամանով: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

20. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) կազմակերպում և անցկացնում է ինստիտուտի ռեկտորի ընտրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

դ) ինստիտուտի ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ինստիտուտի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.

ե) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում ինստիտուտի կանոնադրության կամ դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները.

զ) սահմանված կարգով նախարարություն է ներկայացնում առաջարկություններ ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.

է) քննարկում և հաստատում է խորհրդի տարեկան հաշվետվությունը.

ը) քննարկում է ինստիտուտի ռեկտորի հաշվետվությունն ինստիտուտի տարեկան գործունեության վերաբերյալ և հաստատում այն:

21. Ինստիտուտի գիտական խորհուրդն ինստիտուտի ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

22. Գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) հատկացված ընդհանուր չափաքանակների սահմաններում, ինստիտուտի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով, ըստ մասնագիտությունների, ընդունելության տեղերը.

գ) քննարկում է ինստիտուտի` օտարերկրյա պետությունների հետ կապերի ուղղությունները, միջազգային համագործակցության ծրագրերը և ինստիտուտի կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերը.

դ) մշակում է դիմորդների ընդունելության կանոնակարգի նախագծերը և դրանք ներկայացնում նախարարություն.

ե) ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ինստիտուտի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ.

զ) ինստիտուտի ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնակարգերը, ներքին կարգապահական կանոնները.

է) քննարկում է ինստիտուտի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.

ը) հաստատում է ուսումնական պլանները` ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են նախարարություն.

թ) քննարկում է ինստիտուտի գիտական գործունեության գլխավոր ու հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ինստիտուտում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին.

ժ) հաստատում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակը, կազմակերպում թափուր տեղերի թեկնածուների մրցութային ընտրությունները.

ժա) շնորհում է ինստիտուտի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում ինստիտուտի մեդալով, պատվոգրով, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում է թեկնածություններ.

ժբ) իրականացնում է ինստիտուտի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ, որոնք բխում են սույն կանոնադրությունից:

23. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 60-ը:

24. Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ինստիտուտի ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, ինստիտուտի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական և գիտական վարչությունների (կամ մասերի) վարիչները (կամ պետերը), ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, արհմիութենական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե, ինչպես նաև ինստիտուտի ռեկտորի ընտրությամբ` կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

25. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

26. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում են ինստիտուտի ռեկտորի հրամաններով:

27. Ռեկտորատն ինստիտուտի ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որն ինստիտուտի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իր կանոնակարգով սահմանված լիազորությունների սահմաններում, քննարկում է ինստիտուտի գործունեությանը վերաբերող հարցեր:

28. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ինստիտուտի ռեկտորը, պրոռեկտորները, ինստիտուտի գիտական քարտուղարը, ռեկտորի օգնականն ու խորհրդականը, ֆակուլտետների դեկանները, գիտական և ուսումնական վարչությունների (կամ մասերի) ղեկավարները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ինստիտուտի ռեկտորի հրամաններով:

29. Ինստիտուտի ընթացիկ ղեկավարումը, իր իրավասության սահմաններում, իրականացնում է գործադիր մարմինը` ինստիտուտի ռեկտորը, որն ընտրվում է խորհրդի կողմից սահմանված կարգով, փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ինստիտուտի ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

30. Ինստիտուտի ռեկտորը`

ա) ղեկավարում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը.

բ) ներկայացնում է ինստիտուտը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, կազմակերպություններում, հիմնարկներում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում.

գ) ապահովում է, ըստ մասնագիտությունների, մասնագետների պատրաստումը և գիտահետազոտական աշխատանքների կատարումը.

դ) կնքում է պայմանագրեր, բանկերում բացում հաշիվներ.

ե) սահմանում է ինստիտուտի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

զ) կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ: Պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, սահմանում նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակները.

է) հրավիրում է ինստիտուտի խորհրդի, գիտական խորհրդի ու ռեկտորատի նիստեր և ապահովում դրանց սերտ համագործակցությունը.

ը) սահմանված կարգով կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում աշխատողների և սովորողների նկատմամբ.

թ) ինստիտուտի ֆինանսական միջոցների շրջանակներում սահմանում է աշխատողների աշխատավարձի ու հավելավճարի չափերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծում աշխատողների և սովորողների պարգևատրման ու ֆինանսական օգնության հետ կապված հարցերը.

ժ) հրամաններ է արձակում ուսանողների և ասպիրանտների ընդունելության, կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.

ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ինստիտուտի պրոռեկտորներին` սահմանելով նրանց գործունեության ոլորտներն ու պարտականությունները.

ժբ) իր բացակայության ժամանակ ինստիտուտի ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, քոլեջները, վարժարանները: Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն և իրենց կանոնադրություններով:

32. Ինստիտուտն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական և գիտական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:

33. Ինստիտուտի ֆակուլտետները գործում են ֆակուլտետների կանոնադրությունների հիման վրա:

Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Ֆակուլտետն իր խնդիրներին և իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական աշխատանքներին համապատասխան մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ինստիտուտի ռեկտորի կողմից:

Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական ու այլ ստորաբաժանումներից:

34. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում ինստիտուտի գիտական խորհրդի հաստատմանը, ընտրում է ֆակուլտետի դեկանին, լսում դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:

35. Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

36. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ինստիտուտի ռեկտորին.

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքների, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցեր.

գ) ինստիտուտի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` ինստիտուտի գիտական խորհրդում հաստատելու համար.

դ) ընտրում է ինստիտուտի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են դրա` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար:

37. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումը և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանն իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրության համաձայն:

Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում մասնակիցների ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն: Ֆակուլտետի խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների 2/3-ը:

Ինստիտուտի ռեկտորը դեկանին պաշտոնի է նշանակում իր հրամանով` դեկանի ընտրությունների արդյունքների հիման վրա:

38. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, միջազգային և այլ գործունեություն.

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

գ) ինստիտուտի ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալներին.

դ) սահմանված կարգով ինստիտուտի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու և համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

39. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ինստիտուտի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների օրինակելի կանոնադրության հիման վրա:

Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ասիստենտներից և դասախոսներից:

40. Ինստիտուտի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը կատարվում է մրցութային կարգով, պայմանագրային հիմունքներով:

 

V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

41. Ուսանողների ընդունելությունն ինստիտուտ կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

42. Ինստիտուտում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկություն (էքստեռն) ձևերով:

43. Ինստիտուտում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

44. Ինստիտուտում սահմանվում է ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար), լաբորատոր և անհատական պարապմունքներ, արտադրական պրակտիկա, խորհրդատվություն, ստուգողական աշխատանքներ:

45. ՈՒսումնառության ընթացքում ինստիտուտն ուսանողներին ապահովում է ուսման համար անհրաժեշտ պայմաններով (ուսումնական և այլ գրականություն, լսատեսողական և այլ տեխնիկական միջոցներ, արվեստանոցներ, լաբորատորիաներ, լսարաններ):

46. Ինստիտուտում կարող են կիրառվել ինչպես բարձրագույն կրթության եռաստիճան, այնպես էլ երկաստիճան համակարգեր: Ինստիտուտի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

47. Ինստիտուտում կատարվում են գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներ` գիտական խորհրդի կողմից հաստատված պլաններով, անցկացվում են գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, որոնք համակարգվում և կազմակերպվում են գիտահետազոտական բաժնի կողմից, որը նաև հեղինակային հսկողություն է իրականացնում գիտական և ուսումնամեթոդական հետազոտությունների արդյունքների նկատմամբ:

48. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ինստիտուտի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

 

VI. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

49. Ինստիտուտի աշխատողներն են պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական աշխատողները:

50. Ինստիտուտի սովորողներն են ուսանողները, դրսեկները, ասպիրանտները, հետազոտողները և հայցորդները:

51. Ինստիտուտի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և ինստիտուտի այլ ակտերով:

52. Ինստիտուտի աշխատողները և սովորողներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու ինստիտուտի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

բ) մասնակցելու ինստիտուտի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.

գ) միավորվելու արհմիություններում և հասարակական այլ կազմակերպություններում.

դ) օգտվելու ինստիտուտի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:

53. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

54. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման ու տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:

55. Ինստիտուտի աշխատողները և սովորողները պարտավոր են`

ա) կատարել սույն կանոնադրությունից և ինստիտուտի այլ իրավական ակտերից բխող հանձնարարականներ.

բ) կատարել ինստիտուտի ղեկավար մարմինների որոշումները.

գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

դ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը.

ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ինստիտուտի գույքը.

զ) հոգալ ինստիտուտի հեղինակության բարձրացման մասին:

56. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

57. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական և գիտական անձնակազմն ունի`

ա) մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման իրավունք.

բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք.

գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության իրավունք.

դ) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք.

ե) անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության իրավունք.

զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ինստիտուտի աշխատողներին շնորհվում են ինստիտուտի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

58. Ինստիտուտի ուսանողներ են համարվում հնգամյա ուսուցման ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ինստիտուտի ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:

59. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք վճարովի կամ անվճար հիմունքներով կարող է դառնալ ինստիտուտի ուսանող` մրցույթով կազմակերպված ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքերում:

Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է կնքված պայմանագրի և նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն: 60. Ինստիտուտի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

բ) հաճախելու դասախոսություններին.

գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու ինստիտուտում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.

դ) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, ինստիտուտի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.

ե) օգտվելու ինստիտուտի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութային-լուսավորչական ծառայություններից.

զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.

է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար.

ը) սահմանված կարգով ընդգրկվելու ինստիտուտի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում.

թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու առնվազն 7 շաբաթ տևողությամբ 2 արձակուրդ:

61. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակներով: Ինստիտուտն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական և նյութական խթանման այլ ձևեր:

62. Արգելվում է ուսանողներին ներգրավել ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումն արգելվում է:

63. Ինստիտուտի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.

բ) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

գ) պահպանել ինստիտուտի կանոնադրությունը և ներքին կանոնները.

դ) հաճախել դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.

ե) բարձր պահել ինստիտուտի պատիվն ու հեղինակությունը.

զ) պահպանել հասարակության բարոյական նորմերը:

64. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ինստիտուտը: ՈՒսանողները ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում կարող են հեռացվել ինստիտուտից:

65. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ինստիտուտի ներքին կարգապահական կանոնները, ինստիտուտի ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ինստիտուտից հեռացվելը:

66. Ինստիտուտի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ):

67. Դիպլոմում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

68. Ինստիտուտի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը ինստիտուտի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:

69. Ինստիտուտի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած այն անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում ու նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

70. Ինստիտուտի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված այն անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

71. Ինստիտուտի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարվանից ավելի ժամկետով:

72. Ինստիտուտի գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

73. Հիմնադիրը ինստիտուտի կրթական, գիտական և այլ գործունեություն ապահովելու նպատակով ինստիտուտին ամրացնում է հիմնադրման պահին նրա ունեցած շենքերը, շինությունները, կառույցները, հողամասերը և այլ անշարժ գույք, ինչպես նաև սարքավորումներ ու սպառողական, սոցիալական և մշակութային նշանակության շարժական այլ միջոցներ` անժամկետ և անհատույց` տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան:

74. Ինստիտուտի գույքն ստեղծվում է հետևյալ աղբյուրներից`

ա) պետական գույք, որը հանձնվել է ինստիտուտին անհատույց օգտագործման համար.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական պատվերի համար, ինչպես նաև այլ ձևերով հատկացված միջոցներ.

գ) միջոցներ, որոնք գոյանում են ինստիտուտի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.

դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումներ, կտակած գույք.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

75. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված շահույթն ուղղվում է ինստիտուտի կանոնադրական խնդիրների իրականացմանը:

76. Ինստիտուտի բոլոր եկամուտները և ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

77. Ինստիտուտն իրավունք ունի հիմնադրի կողմից սահմանված կարգով վարձակալության տալու ամրացված գույքը: Այդպիսի գործունեությունից ստացված վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

78. Ինստիտուտի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, նախարարությունը, օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

79. Ինստիտուտի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)` նախարարության կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

80. Ինստիտուտը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարներ վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

 

VIII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

81. Ինստիտուտի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

82. Ինստիտուտի լուծարման հետևանքով գոյացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան