Համարը 
N 484-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.05.16/25(549) Հոդ.618
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.04.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.04.2007
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
02.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 484-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստների և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 25
Երևան


 


Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 5-ի N 484-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստների և դրան բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստը (այսուհետ` պետական պահուստ) և դրա բաղկացուցիչ մասը կազմող թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի ազգային պահուստը (այսուհետ` ազգային պահուստ) կարող են համալրվել «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների և աղբյուրների հաշվին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

(2-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

3. Պետական պահուստի և դրա բաղկացուցիչ մասը կազմող ազգային պահուստի արժեքները ենթակա են պարտադիր հաշվառման և կառավարման` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության (այսուհետ` գանձարան) կողմից:

(3-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

4. Պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված պետական պահուստի արժեքների հաշվառումն իրականացվում է տվյալ պետական մարմնի, հիմնարկի և կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքագրման տվյալների հիման վրա, վարելով համապատասխան հաշվառման գրքեր:

Պետական մարմինը, հիմնարկը և կազմակերպությունը գրանցամատյանում կատարվող փոփոխությունների մասին 15 օրվա ընթացքում` պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է գանձարանին:

(4-րդ կետը փոփ., լրաց. 16.05.13 N 512-Ն)

5. Պետական մարմիններում, պետական հիմնարկներում ու կազմակերպություններում` բացառությամբ սույն կարգի 5.1-ին կետով նախատեսված դեպքի, գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի (այսուհետ` իրեր) հաշվառումն իրականացնում են համապատասխան պետական մարմինը, պետական հիմնարկը և կազմակերպությունը` հաշվառման գրքերի միջոցով, որոնց ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` գանձարանի ներկայացմամբ: Գրքերը կարվում, էջակալվում են, վերջին էջում գրվում են էջերի թիվը, տալու օրը, ամիսը և ստորագրվում են համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:

(5-րդ կետը լրաց. 31.05.12 N 705-Ն, փոփ. 16.05.13 N 512-Ն)

5.1. Պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառումն ու պահպանությունն իրականացնում են թանգարանները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(5.1-ին կետը լրաց. 31.05.12 N 705-Ն)

6. Մուտքագրվող յուրաքանչյուր իրի համար նախատեսված հաշվառման գրքում յուրաքանչյուր իրի համար բացվում է անհատական համար: Հաշվառման գրքում նշվում են սույն կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով սահմանված` դրանք բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները) և մանրամասն նկարագրությունը, իսկ գանձարան մուտքագրվող իրի համար բնութագրող վավերապայմանները և մանրամասն նկարագրությունը լրացվում են ըստ գանձարանի կողմից տրված մասնագիտական եզրակացության:

Իրերը գանձարան ընդունվում և մուտքագրվում են համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա, որի մեջ պետք է նշված լինեն`

1) թանկարժեք մետաղների համար` անվանումը, հարգը, քաշը, եթե թանկարժեք մետաղը լարի տեսքով է` նաև տրամագիծը, եթե թանկարժեք մետաղը թիթեղի տեսքով է` նաև հաստությունը.

2) թանկարժեք քարերի համար` անվանումը, քանակը, կշիռը (կարատ), որակը և նիստավորման ձևը.

3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի համար` իրի նկարագիրը, մետաղի տեսակը, հարգը և կշիռը.

4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա թանկարժեք քարերի առկայության դեպքում` քարերի անվանումը, քանակը, կշիռը (կարատ), որակը և նիստավորման ձևը, այլ քարերի դեպքում` դրանց նկարագրությունը (անվանումը, քանակը, չափերը և այլ որակական հատկանիշներ):

(6-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

7. Յուրաքանչյուր իր գանձարան մուտքագրվելուց առաջ ներկայացվում է փորձաքննության, որի համար կազմվում է նախնական հանձնման - ընդունման ակտ, որին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերը: Նախնական հանձնման - ընդունման ակտում պետք է նշված լինեն իրի անվանումը, քանակը, ընդհանուր քաշը, համառոտ արտաքին նկարագիրը:

Յուրաքանչյուր իր փորձաքննության արդյունքների հիման վրա գանձարանի կողմից պիտակավորվում և կապարակնքվում է: Պիտակի վրա մանրամասն նշվում են իրը բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները) և մանրամասն նկարագրությունն ու մասնագիտական եզրակացության կայացման ամսաթիվը և համարը:

Թանկարժեք քարեր պարունակող իրերը տեղադրվում են տուփերում և կապարակնքվում են: Տուփը պետք է պատրաստված լինի ցանկացած թափանցիկ նյութից` այնպես, որպեսզի հնարավոր չլինի այն բացել` առանց տուփը կամ կապարակնիքը վնասելու: Տուփի վրա փակցվում է սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պիտակի կրկնօրինակը:

(7-րդ կետը խմբ. 16.05.13 N 512-Ն)

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված չլինելու պարագայում իրերի կամ տուփերում պարունակվող թանկարժեք քարեր պարունակող իրերի պիտակների վրա նշված` իրը բնութագրող վավերապայմաններին անհամապատասխանության դեպքում գանձարանն օրենքով սահմանված կարգով և չափով կրում է պատասխանատվություն:

(8-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

9. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված լինելու դեպքում` նյութական պատասխանատու անձն անմիջապես տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, որից հետո 15-օրյա ժամկետում` գանձարանի կողմից կազմակերպվում է տուփերում պարունակվող իրերի փորձաքննություն:

(9-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

10. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված լինելու պարագայում իրերի կամ տուփերում պարունակվող` թանկարժեք քարեր պարունակող իրերի պիտակների վրա նշված` իրը բնութագրող վավերապայմաններին անհամապատասխանության դեպքում նյութական պատասխանատու անձն օրենքով և պայմանագրով սահմանված կարգով ու չափով կրում է գույքային պատասխանատվություն:

11. Հաշվառման գրքերում իրերի մուտքն ու ելքը գրանցվում են ձևակերպված փաստաթղթերի` մուտքագրման և ելքագրման ակտերի, պահանջագրերի, հանձնման-ընդունման ակտերի, սկզբնական փաստաթղթերի հիման վրա` ըստ իրերի տեսակի, որակական բնութագրերի, հարգի, քաշի, ձեռքբերման, գնահատման արժեքի, իսկ գանձարան մուտքագրվող և ելքագրվող իրերի համար` նաև փորձաքննության եզրակացության հիման վրա:

(11-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

12. Թանկարժեք մետաղները գնահատվում են գանձարանի կողմից` տվյալ պահին միջազգային շուկայում գործող գներին համապատասխան, որն էլ ընդունվում է որպես տվյալ պահին այդ իրի գին, և սահմանված կարգով կատարվում է հաշվառում:

Թանկարժեք մետաղների գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

(12-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

13. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերն ու թանկարժեք քարերը գնահատվում են գանձարանի կողմից` Հայաստանի Հանրապետության շուկայում գործող գներին համապատասխան: Այդ գինն ընդունվում է որպես տվյալ պահին այդ իրի գին, և սահմանված կարգով կատարվում է հաշվառում:

(13-րդ կետը փոփ., լրաց. 13.05.10 N 531-Ն, խմբ. 16.05.13 N 512-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 16.05.13 N 512-Ն)

15. Իրի փորձաքննության մասին եզրակացությունն ստորագրվելուց հետո հինգ օրվա ընթացքում կազմվում է հանձնման-ընդունման ակտ` 3 օրինակից, որոնք ստորագրվում են հանձնող (ընդունող) կազմակերպության և գանձարանի կողմից: Հանձնման-ընդունման ակտի 2 օրինակը մնում է գանձարանում, իսկ մեկ օրինակը տրվում է իրերը հանձնող (ընդունող) անձին: Հանձնման-ընդունման ակտին կցվում է գանձարանի կողմից տրված եզրակացությունը, որը հաստատում է յուրաքանչյուր իրի իսկությունը:

(15-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

16. Հանձնման-ընդունման փաստաթղթերում նյութական պատասխանատու անձի կողմից պետք է կատարվի նշում` «Բոլոր թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերն ստուգված, պիտակավորված և կապարակնքված են գանձարանի կողմից, որոնք իմ կողմից ընդունվում են պատասխանատու պահպանության»: Նյութական պատասխանատու անձի ստորագրությունից հետո գանձարանի պետի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամներն իրենց ստորագրությամբ վավերացնում են նյութական պատասխանատու անձի կողմից իրերի ընդունումը, որից հետո գանձարանի պետն իր ստորագրությամբ հաստատում է իրերի ընդունման փաստը:

Նյութական պատասխանատու անձն ակտի մեկ օրինակը հանձնում է հաշվառման բաժին, մյուս օրինակը հաշվառման բաժնի պետի ստորագրությամբ վավերացվելուց հետո պահվում է իր մոտ:

Նյութական պատասխանատու անձ է համարվում գանձարանում իրերի պահպանության համար քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով պատասխանատու պաշտոնատար անձը, որի հետ կնքվում է լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագիր:

(16-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

17. Իրերը հաշվառվում են ըստ մետաղների տեսակների, քարերի տեսակների, դրանց կշռի, քանակի, մետաղի դեպքում` հարգի, մաքուր և խառնուրդային (լիգատուրային) կշիռների, քարերի դեպքում` նաև ըստ որակական բնութագրերի: Իրերը հաշվառվում են նաև արժեքային արտահայտությամբ: Հաշվապահական սկզբնական փաստաթղթերը դրանց կազմվելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվեկշռում արտացոլման համար:

(17-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

18. Իրերի հանձնում-ընդունումը մի նյութական պատասխանատու անձից մյուսին կատարվում է դրանց պահպանման վայրում և ձևակերպվում հանձնման-ընդունման ակտով` գանձարանի պետի կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ:

19. Պատասխանատու պահպանություն իրականացնող կազմակերպություններում իրերը պահպանվում են չհրկիզվող պահարաններում, մետաղյա արկղերում կամ համապատասխան պահուստներում, որոնք պետք է նյութական պատասխանատու անձի և գանձարանի պետի կողմից զմռսակնքված կամ կապարակնքված լինեն:

Չհրկիզվող պահարանները, մետաղյա արկղերը կամ համապատասխան պահուստները բացվում և փակվում են գանձարանի ներկայացուցչի ներկայությամբ:

Գանձարանում պահեստավորված իրերը պահպանվում են հատուկ պահոցներում, որոնք պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի N 145-Ն որոշմամբ հաստատված` «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» N 1 կանոնակարգով նախատեսված` դրամապահոցին ներկայացվող պահանջները:

20. Պետական պահուստի և ազգային պահուստի արժեքները գույքագրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:

(20-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

21. Պետական պահուստի և ազգային պահուստի արժեքները Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ վայրից մյուս վայր փոխադրվում են նյութական պատասխանատու անձի միջոցով` «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրերը տեղափոխվում են հատուկ կապի միջոցով` դրանց պարտադիր ապահովագրմամբ:

22. Պետական պահուստի և ազգային պահուստի արժեքների տեղաբաշխումը դրանց պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպություններում կատարում է գանձարանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնությամբ:

(22-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

23. Պատասխանատու պահպանման հանձնվող արժեքների անվանացանկը, ծավալը, քաշը, որակը, գինը, պահպանման ժամկետները և պատասխանատու պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում են պայմանագրով:

24. Պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունները`

1) իրավունք ունեն գանձարանից պահանջելու պատասխանատու պահպանման հանձնվող արժեքները բնութագրող փաստաթղթերի պատճենները.

2) իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն կնքելու պատասխանատու պահպանման հանձնված արժեքների օտարման, փոխանակման կամ որևէ այլ գործարք.

3) պատասխանատվություն են կրում պատասխանատու պահպանման հանձնված արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական և որակական պահպանության, հաշվառման և հաշվետվության կազմակերպման համար.

4) իրավունք ունեն ստանալու գանձարանի կողմից իրերին առնչվելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվություն (անուն, ազգանուն, իրերի զննության կամ այլ գործողություն կատարելու իրավասությունը հավաստող` գանձարանի կողմից տրված լիազորագիր և համապատասխան պայմանագրով նախատեսված այլ տեղեկատվություն): Նշված անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը.

5) ունեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնագավառը կարգավորող օրենսդրությանը չհակասող համապատասխան պայմանագրերով կնքված այլ իրավունքներ ու պարտականություններ:

(24-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն)

25. Պետական պահուստի իրերը, որոնք գտնվում են գանձարանում, պետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքները հոգալու համար կարող են օտարվել գանձարանի կողմից` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան աճուրդների կազմակերպման միջոցով: Ընդ որում, մինչև 50 միլիոն դրամ արժողությամբ իրերն օտարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով, իսկ 50 միլիոն դրամը գերազանցող արժողությամբ իրերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(25-րդ կետը փոփ. 16.05.13 N 512-Ն, խմբ. 04.05.17 N 458-Ն)

26. Պետական պահուստի իրերը կարող են օգտագործվել պետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքները հոգալու համար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին համապատասխան:

Ազգային պահուստի արժեքները կարող են օգտագործվել միայն ցուցադրման կամ գիտական հետազոտությունների նպատակով` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա տարածքից դուրս` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(հավելվածը փոփ., լրաց. 13.05.10 N 531-Ն, լրաց. 31.05.12 N 705-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.05.13 N 512-Ն, խմբ. 04.05.17 N 458-Ն)


 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան