Համարը 
ՀՕ-57
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳԽՏ 1993/10
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
14.04.1993
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.05.1993
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.1993
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«14» ապրիլի 1993թ. Հ.Ն.-0800-I

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական ու կազմակերպական հիմունքները, հաշմանդամներին հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հնարավորություններ ապահովելու նպատակով նրանց իրավունքների և ընդունակությունների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների և արտոնությունների տրամադրման պետական քաղաքականության հիմնադրույթները:

Գ Լ ՈՒ Խ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հաշմանդամների իրավիճակի հիմունքները

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներն ունեն սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական բոլոր այն իրավունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1975թ. դեկտեմբերի 9-ին ընդունած հաշմանդամների իրավունքների մասին հռչակագրում, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում, սույն օրենքում և օրենսդրական այլ ակտերում:

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հաշմանդամների անհատական զարգացման, նրանց կողմից իրենց ընդունակությունների, իրավունքների և ազատությունների իրացման, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հասարակական կյանքի տնտեսական և սոցիալական բնագավառներին մասնակցելու պայմանների և հնարավորությունների ապահովումը:

Հոդված 2. «Հաշմանդամ» հասկացության սահմանումը

Հաշմանդամ են համարվում այն քաղաքացիները, որոնք մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված կենսագործունեության սահմանափակումների պատճառով սոցիալական օգնության և պաշտպանության կարիք են զգում:

Անձի կենսագործունեության սահմանափակումներ են համարվում կողմնորոշման ու տեղաշարժման, հաղորդակցման, սեփական վարքագծի վերահսկման, ինչպես նաև աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակության լրիվ կամ մասնակի կորուստը:

Հոդված 3. Անձին հաշմանդամ ճանաչող մարմինները

Անձի ճանաչումը որպես հաշմանդամ իրականացվում է բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովների (ԲԱՓՀ) կողմից, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Քաղաքացիներն իրավունք ունեն դատական կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով բողոքարկել համապատասխան իրավասու պետական մարմնի որոշումը` իրենց հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու, ինչպես նաև հաշմանդամության այս կամ այն խումբը սահմանելու վերաբերյալ:

Հոդված 4. Հաշմանդամների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը

Հաշմանդամների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը ապահովվում է պետության կողմից դատական կամ օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով:

Հաշմանդամների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ոտնահարման մեջ մեղավոր պաշտոնատար անձինք և քաղաքացիները ենթակա են պատասխանատվության` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող գործատուի (անկախ սեփականության ձևից) մեղքով աշխատանքային խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացած և սահմանված կարգով հաշմանդամ ճանաչված քաղաքացիների աշխատունակության կորստի հետ կապված նպաստների, առողջարանային բուժման, նրանց տրանսպորտային միջոցներով ապահովելու ծախսերի հատուցումը կատարվում է գործատուի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով:

Հոդված 5. Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների մասնակցությունը հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանը

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնք մասնակցում են հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանը (հաշմանդամներին ցույց տրվող սոցիալական օգնության միջոցառումների ֆինանսավորում, հաշմանդամների համար նախատեսված տեխնիկական և այլ միջոցների արտադրություն, ծառայությունների տրամադրում, հաշմանդամներին սպասարկող սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների շինարարություն և սպասարկում, գերազանցապես հաշմանդամների աշխատանքն օգտագործող արտադրությունների կազմակերպում և այլն), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են հարկման և այլ արտոնություններից:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության այլ կարգ, քան պարունակում է սույն օրենքը, ապա գործում է միջազգային պայմանագրերով սահմանված կարգը:

Գ Լ ՈՒ Խ  II

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 7. Հաշմանդամության կանխարգելումը

Հաշմանդամության կանխարգելումը ներառում է բնակչության առողջ կենսաձևի ապահովման, բնապահպանական անվտանգության, աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծման, հիվանդների ժամանակին բուժման և ժառանգական հիվանդությունների կանխման սոցիալ-տնտեսական համալիր միջոցառումների համակարգ, որը մշակվում և իրականացվում է պետական իշխանության և կառավարման շահագրգիռ մարմինների կողմից` հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հոդված 8. Բժշկական վերականգնումը

Բժշկական վերականգնումը տարբեր հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական, մտավոր և այլ խանգարումների բուժման միջոցառումների համակարգն է հաշմանդամության հանգեցրած խեղումների և հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելու նպատակով:

Բժշկական վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի մարմինների, գերատեսչական, ապահովագրական, բարեգործական և այլ բուժական հիմնարկների կողմից:

Հոդված 9. Բժշկամասնագիտական վերականգնումը

Բժշկամասնագիտական վերականգնումն ուղղված է հաշմանդամների նվազած կամ կորսված մասնագիտական ֆունկցիաների վերականգնմանը, մասնագիտության ընտրությանն ու դրան ընտելանալուն և նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեությունը, վերսկսելը հաշմանդամի համար հնարավոր դարձնելուն:

Հոդված 10. Հաշմանդամների վերականգնման անհատական ծրագիրը

Հաշմանդամների բժշկական, բժշկամասնագիտական և սոցիալական վերականգնումն իրականացվում է վերականգնման անհատական ծրագրին համապատասխան, որը մշակվում և հաստատվում է բժշկաաշխատանքային փորձաքննության հիման վրա` բժշկաաշխատանքային փորձաքննության մասնագիտացված պետական ծառայության մարմինների կողմից, հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնման անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ:

Վերականգնման անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների կոնկրետ ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության ձևերը, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև կենսագործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները, որոնց տրամադրման ու ֆինանսավորման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Վերականգնման անհատական ծրագիրը ենթակա է պարտադիր կատարման համապատասխան պետական մարմինների կողմից:

Հոդված 11. Հաշմանդամների բժշկական և առողջարանային սպասարկումը

Հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում:

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից:

Հաշմանդամները իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում և դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր և մասնագիտացված տիպի առողջարաններում` առողջարանային բուժմամբ:

ԲԱՓՀ-ի եզրակացության համաձայն հաշմանդամների առողջարանային բուժման ուղեգրերով ապահովումը կատարվում է անվճար:

Գ Լ ՈՒ Խ  III

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Հոդված 12. Հաշմանդամների համար կրթության և մասնագիտական ուսուցման պայմանների ապահովումը

Պետությունը հաշմանդամների համար երաշխավորում է կրթության և մասնագիտական ուսուցման իրավունք, ինչպես նաև պատրաստում է դրա համար անհրաժեշտ մանկավարժական կադրեր:

Կրթության պետական համակարգի մարմինները սոցիալական ապահովության և առողջապահության մարմինների հետ համատեղ հաշմանդամի վերականգնման անհատական ծրագրին համապատասխան ապահովում են հաշմանդամ երեխաների նախադպրոցական դաստիարակությունը, հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Հոդված 13. Նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակությունը

Նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության և անհրաժեշտ վերականգնողական օգնության համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ:

Այն հաշմանդամ երեխաների համար, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս նրանց դաստիարակությունն իրականացնել ընդհանուր տիպի նախադպրոցական հիմնարկներում, ստեղծվում են հատուկ նախադպրոցական հիմնարկներ:

Ընդհանուր կամ հատուկ նախադպրոցական հիմնարկներում հաշմանդամ երեխաների դաստիարակության անհնարինության դեպքում, նրանց ծնողների համաձայնությամբ այն կարող է իրականացվել տնային պայմաններում: նման դեպքերում ծնողներից մեկին կամ նրան փոխարինող անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով տրամադրվում են նյութական ապահովություն և արտոնություններ: Նման հաշմանդամ երեխաների խնամքի ժամկետը խնամողի համար հաշվվում է որպես աշխատանքային ստաժ:

Համապատասխան կրթօջախները և նախադպրոցական հիմնարկները հաշմանդամ երեխաների ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց օգնություն են ցույց տալիս տնային պայմաններում նրանց դաստիարակությունն իրականացնելու գործում:

Հոդված 14. Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն կրթությունը

Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում` հատուկ ուսումնական հաստատություններում:

Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամները այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:

Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներն ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական հաստատություններ:

Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին, անհրաժեշտ առաջադիմության դեպքում, վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:

Ուսումնական պարապմունքներ կազմակերպվում են նաև բուժկանխարգելիչ կամ վերականգնողական հիմնարկներում բուժման կուրս անցնող հաշմանդամ երեխաների համար:

Հոդված 15. Հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, վերաորակավորումը և որակավորման բարձրացումը

Հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, վերաորակավորումը և որակավորման բարձրացումն իրականացվում են վերականգնման անհատական ծրագրերին համապատասխան` մասնագիտացված կամ ընդհանուր տիպի ուսումնական հաստատություններում, ձեռնարկություններում (այդ թվում` ուսումնաարտադրական) և կազմակերպություններում:

Մասնագիտական նախապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ընթացքում հաշմանդամների նյութական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով:

Հոդված 16. Անձնական շփման և հաղորդակցման միջոցները

Պետության կողմից շարժուձևերի լեզուն ընդունվում է որպես անձնական շփման, ուսման և թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց:

Տեսողության խանգարումներ ունեցող անձանց համար երաշխավորվում է բրայլի համակարգով կատարվող ուսուցման ապահովումը, լսողական միջոցների և խոշոր տառատեսակների մատչելիությունը:

Մտավոր թերություններ ունեցող անձանց համար կազմակերպվում է լեզվի մատչելի ըմբռնման ուսուցման համակարգ:

Խոսակցական խանգարումներով անձանց տրամադրվում են հաղորդակցման տեխնիկական միջոցներ:

Հաշմանդամների հասարակական կազմակերպությունները սեփական միջոցների հաշվին և կանոնադրական խնդիրների շրջանակներում կարող են տրամադրել նաև անձնական շփման և հաղորդակցման այլ միջոցներ:

Գ Լ ՈՒ Խ  IV

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 17. Աշխատանքի իրավունքի իրականացումը հաշմանդամների կողմից

Հաշմանդամների ստեղծագործական և արտադրական ընդունակությունների իրականացման նպատակով և վերականգնման անհատական ծրագրերին համապատասխան նրանք ապահովվում են աշխատանքի սովորական պայմաններ ունեցող ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, հաշմանդամների աշխատանքը կիրառող մասնագիտացված (այդ թվում` ուսումնաարտադրական) ձեռնարկություններում, արտադրամասերում և տեղամասերում աշխատելու, ինչպես նաև ձեռնարկատիրական և օրենքով չարգելված այլ գործունեությամբ զբաղվելու իրավունքով:

Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով հաշմանդամի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկաաշխատանքային փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարմանը կամ սպառում է այլ անձանց առողջությանը և աշխատանքի անվտանգությանը:

Ադմինիստրացիային չի թույլատրվում աշխատանքից հեռացնել համապատասխան հիմնարկներում բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնում ստացող անձանց:

Հոդված 18. Հաշմանդամների զբաղվածության ապահովումը

Հաշմանդամների զբաղվածության ապահովման պետական երաշխիքների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 19. Հաշմանդամների աշխատանքային պայմանները

Բոլոր կարգի գործատուների մոտ զբաղված հաշմանդամների համար վերականգնման անհատական ծրագրին համապատասխան ստեղծվում են աշխատանքի անհրաժեշտ պայմաններ:

Կոլեկտիվ կամ անհատական աշխատանքային պայմանագրով սահմանվող պայմանները, այդ թվում աշխատանքի վարձատրությունը, աշխատանքային և հանգստի ժամանակի ռեժիմը, տարեկան և լրացուցիչ արձակուրդների տևողությունը չեն կարող վատթարացնել հաշմանդամի վիճակը կամ սահմանափակել նրա իրավունքները այլ աշխատողների համեմատությամբ:

Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային օրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ և պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն:

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի:

Հաշմանդամների պահանջով և վերականգման անհատական ծրագրերին համապատասխան գործատուն պարտավոր է նրանց համար սահմանել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: Նման դեպքերում հաշմանդամների աշխատանքի վարձատրությունը կատարվում է` ելնելով փաստացի աշխատած աշխատաժամանակից կամ թողարկված արտադրանքի քանակից:

Աշխատանքի ընդունելիս հաշմանդամների համար փորձաշրջան չի սահմանվում: աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության և նույն որակավորման դեպքում հաշմանդամներն օգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

Հոդված 20. Հաշմանդամների աշխատանքային գործունեությունը

Պետական իշխանության և կառավարման տեղական մարմինները հաշմանդամների ձեռնարկատիրական գործունեության (այդ թվում` տնային պայմաններում) կազմակերպման համար ստեղծում են անհրաժեշտ պայմաններ` այդ նպատակներով ոչ բնակելի տարածությունների արտահերթ տրամադրման, ինչպես նաև հումքի ձեռքբերման և արտադրանքի իրացման գործում օժանդակություն ցույց տալու միջոցով:

Աշխատանքային գործունեությամբ զբաղվող հաշմանդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են եկամուտների հարկման և այլ արտոնություններից:

Գ Լ ՈՒ Խ  V

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 21. Պետական քաղաքականությունը սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի գործատուները հաշմանդամների համար ապահովում են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, հասարակական տրանսպորտից և տրանսպորտային հաղորդակցության, կապի և տեղեկատվության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը:

Հոդված 22. Հաշմանդամների պահանջմունքների ներառումը սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների նախագծման և շինարարության ընթացքում

Չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումը, շենքերի, կառույցների, ներառյալ օդանավակայանների և երկաթուղային կայանների շինարարությունն ու վերակառուցումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի և տեղեկության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն:

Հոդված 23. Սոցիալական ենթակառուցվածքի գործող օբյեկտների հարմարեցումը հաշմանդամների օգտագործման համար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվության միջոցները և սոցիալական ենաթակառուցվածքի մյուս օբյեկտները պետք է հարմարեցվեն հաշմանդամների պահանջմունքների բավարարմանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով և պայմաններով:

Այն դեպքում, եթե նշված օբյեկտները հնարավոր չէ հարմարեցնել հաշմանդամների օգտագործմանը, համապատասխան իրավասու պետական մարմինները հաշմանդամների պահանջմունքների բավարարման նպատակով պետք է մշակեն և իրականացնեն անհրաժեշտ միջոցառումներ:

Հոդված 24. Բնակելի շինությունների հարմարեցումը հաշմանդամների մատչելիությանը և օգտագործմանը

Հաշմանդամների կամ իրենց կազմում հաշմանդամ ունեցող ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի շինությունները, հաշմանդամի վերականգնման անհատական ծրագրին համապատասխան, պետք է սարքավորվեն հատուկ միջոցներով և հարմարանքներով:

Նշված բնակելի շինությունների սարքավորումն իրականացվում է պետական իշխանության տեղական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, այդ թվում` հաշմանդամների աշխատանքը կիրառող մասնագիտացված ուսումնաարտադրական ձեռնարկությունների կողմից, որոնց տնօրինության տակ է գտնվում բնակելի ֆոնդը:

Անհատական բնակելի տների սարքավորումն իրականացվում է պետական իշխանության տեղական մարմինների կողմից, հաշմանդամների հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Նշված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է բնակելի ֆոնդի ընթացիկ և կապիտալ վերանորոգման համար հատկացվող միջոցների հաշվին: Այդ նպատակների համար կարող են օգտագործվել նաև հասարակական բարեգործական կազմակերպությունների միջոցները:

Հոդված 25. Տրանսպորտային միջոցների և երթուղիների հարմարեցումը հաշմանդամների օգտագործման համար

Հաշմանդամների կարիքների բավարարման նպատակով տրանսպորտային միջոցների պատրաստման և վերասարքավորման ծրագրի իրականացման հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ծրագրերում պետք է նախատեսվեն.

ա) երկաթուղային, ավտոբուսային հանգուցային կայանների և օդանավակայանների վերասարքավորման և հաշմանդամներին մատչելի դարձնելու ժամկետները,

բ) հաշմանդամներին փոխադրող (այդ թվում` հաշմանդամային սայլակներով) տրանսպորտային միջոցների հատուկ հարմարանքներ,

գ) երթևեկության նախապես սահմանված գրաֆիկներով հատուկ երթուղիներ,

դ) տրանսպորտային միջոցների կանգառներ` հաշմանդամների պահանջով:

Հոդված 26. Հաշմանդամների համար մարզական կառույցների և մշակութային հիմնարկների մատչելիության ապահովումը

Պետական իշխանության և կառավարման տեղական մարմինները պետք է ապահովեն հաշմանդամների համար մշակութային հիմնարկների և մարզական կառույցների մատչելիությունը և դրանցից օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և հատուկ մարզական գույքի տրամադրումը:

Հաշմանդամները վերոհիշյալ ծառայություններից օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող արտոնյալ պայմաններով:

Հոդված 27. Հաշմանդամների ապահովումը կապի միջոցներով

Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունն ապահովում է հաշմանդամների սպասարկման համար անհրաժեշտ պայմաններ` հատուկ հեռուստահաղորդակցման միջոցների, իսկ լսողության խանգարումներ ունեցող բաժանորդների համար` հատուկ հեռախոսային սարքերի և կոլեկտիվ օգտագործման խոսակցական կետերի ներդրմամբ:

Իրենց կազմում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օգտվում են հեռախոսների, իսկ հաշմանդամները` հատուկ կառուցվածքի հեռախոսների արտահերթ և անվճար տեղադրման իրավունքից:

գ լ ու խ  VI

հաշմանդամներին ցույց տրվող սոցիալական օգնությունը

Հոդված 28. սոցիալական օգնության տեսակները

պետությունը երաշխավորում է հաշմանդամների սոցիալական օգնությունը, որը կարող է իրականացվել դրամական վճարումների (թոշակներ, նպաստներ, միանվագ վճարումներ) ձևով, տեխնիկական և այլ միջոցների ապահովմամբ (ներառյալ ավտոմեքենաներ, թիկնասայլակներ, պրոթեզաօրթոպեդիկ սարքեր, հատուկ տառատեսակներով տպագիր արտադրանք, ձայնի ուժեղացուցիչ սարքավորումներ և ազդանշանային համակարգեր), ինչպես նաև հաշմանդամների կենցաղային սպասարկման և բժշկական, մասնագիտական սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրմամբ:

հաշմանդամներին թոշակներով ապահովելու կարգն ու պայմանները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:


Հոդված 29. հաշմանդամին տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրումը

 

տեխնիկական կամ այլ միջոցները հաշմանդամին տրամադրվում են վերականգնման անհատական ծրագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

հաշմանդամին ըստ վերականգնման ծրագրերի նախատեսված տեխնիկական կամ այլ միջոցներ չտրամադրելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով վճարվում է փոխհատուցում:

վերականգնման անհատական ծրագրին համապատասխան տրանսպորտային միջոց ստացած հաշմանդամին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով վճարվում է փոխհատուցում այդ միջոցի տեխնիկական արտահերթ սպասարկման և նորոգման համար, արտահերթ տրամադրվում է վառելանյութ:


Հոդված 30. հաշմանդամների տրանսպորտային սպասարկումը

 

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներն ունեն քաղաքային և մերձքաղաքային մարդատար պետական տրանսպորտի բոլոր տեսակներով (բացի տաքսիներից) անվճար երթևեկելու իրավունք: ընդ որում 1-ին խմբի հաշմանդամները այդ իրավունքը կարող են փոխանցել իրենց մերձավորներից որևէ մեկին:

օդային, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ներհանրապետական երթուղիներից օգտվելիս, հոկտեմբերի 1-ից մինչև մայիսի 31-ը և մեկ անգամ տարվա մնացած ժամանակահատվածում, ինչպես նաև բափհ-ի եզրակացության համաձայն առողջարանային բուժման մեկնելիս և վերադառնալիս հաշմանդամները երթևեկության արժեքը վճարում են 50 տոկոս զեղչով:

նշված արտոնությունները տարածվում են նաև 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամին կամ հաշմանդամ երեխային ուղեկցող անձի վրա:


Հոդված 31. հաշմանդամների պրոթեզավորման կարգն ու պայմանները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով հաշմանդամներն ունեն հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) անվճար ստացման և նորոգման իրավունք:


Հոդված 32. հաշմանդամների բնակարանային ապահովումը

 

բնակտարածությունների բաշխման ընթացքում պետական իշխանության տեղական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, այդ թվում` հաշմանդամների աշխատանքը կիրառող մասնագիտացված ուսումնաարտադրական ձեռնարկությունները հաշվի են առնում հաշմանդամների պահանջները` կապված նրանց աշխատանքի կամ հարազատների բնակության վայրին, վերականգնողական հիմնարկին կամ կենցաղային սպասարկման օբյեկտներին մոտ լինելու հանգամանքի հետ:

հաշմանդամներին տրամադրվող բնակտարածության շինարարությունը պետք է իրականացվի հաշմանդամների հասարակական կազմակերպություններից ստացված պատվերի հիման վրա կազմված նախագծերին համապատասխան և բավարարի հաշմանդամների առողջական վիճակով պայմանավորված սանիտարատեխնիկական պահանջները:

հենաշարժական ապարատի խանգարումներով հաշմանդամներին տրվում է բնակության վայրին մոտ ավտոտնակ կառուցելու իրավունք:

հաշմանդամներին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ճանաչելու և բնակարանների ստացման համար հերթագրվելու արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:


Հոդված 33. հաշմանդամների ապահովումը պարենային և արդյունաբերական ապրանքներով

 

հաշմանդամներն օգտվում են պարենային և արդյունաբերական ապրանքներով ապահովման, այդ թվում տնային պայմաններում սպասարկման արտոնյալ իրավունքներից, որոնք կարող են իրականացվել նաև հաշմանդամների հասարակական կազմակերպությունների միջոցների հաշվին ստեղծվող հատուկ առևտրական օբյեկտների միջոցով: արտոնյալ սպասարկման իրավունք տվող հիվանդությունների ցանկը և սպասարկման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:


Հոդված 34. հաշմանդամների կենցաղային սպասարկումը

 

իրենց կազմում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները բնակարանային վարձ և կոմունալ ծախսեր վճարելիս, իսկ կենտրոնական ջեռուցում չունեցող տներում բնակվող, իրենց կազմում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները բնակչության համար սահմանված նորմաների շրջանակներում վառելիք ձեռք բերելիս վճարում են դրանց արժեքը` 50 տոկոս զեղչով:


Հոդված 35. սոցիալական օգնության ստացիոնար հիմնարկներում գտնվող հաշմանդամների իրավունքները

 

եթե վերականգնողական միջոցառումների իրականացման շնորհիվ վերացել է սոցիալական օգնության ստացիոնար հիմնարկում հաշմանդամի հետագա գտնվելու անհրաժեշտությունը, ապա պետական իշխանության տեղական մարմինների որոշմամբ նրան տրամադրվում է սույն օրենքի 24 և 32 հոդվածների պահանջներին համապատասխանող բնակարան:

ստացիոնար հիմնարկներում գտնվող որբ կամ ծնողների խնամքից զրկված հաշմանդամ երեխաները չափահաս տարիքի հասնելուց հետո վերականգնման անհատական ծրագրին համապատասխան, արտահերթ ապահովվում են բնակտարածությամբ:

 

Հոդված 36. պետական իշխանության տեղական մարմինների և գործատուների իրավասությունները հաշմանդամների կենսաապահովման բարելավման ուղղությամբ

 

պետական իշխանության տեղական մարմինները և Հայաստանի Հանրապետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեություն իրականացնող գործատուները (անկախ սեփականության ձևից) կարող են սեփական միջոցների հաշվին հավելավճարներ սահմանել հաշմանդամներին վճարվող պետական թոշակների կամ նպաստների վրա, ինչպես նաև սահմանել լրացուցիչ արտոնություններ հաշմանդամներին ցույց տրվող սոցիալական օգնության բոլոր տեսակների գծով:


Հոդված 37. սոցիալական օգնության ֆինանսավորման աղբյուրները

 

հաշմանդամների սոցիալական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորումը կատարվում է հանրապետական և տեղական բյուջեների միջոցների, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի, զբաղվածության ֆոնդի, սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվին:

գ լ ու խ VII

հաշմանդամների հասարակական կազմակերպությունները

Հոդված 38. հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը

իրենց շահերի և իրավունքների պաշտպանության, փոխադարձ օգնության և ծառայությունների մատուցման նպատակով հաշմանդամները և նրանց ներկայացնող անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ստեղծելու հասարակական կազմակերպություններ:

հաշմանդամների շահերի հետ առնչվող հարցերի քննարկումն ու լուծումը պետական իշխանության և կառավարման մարմինների կողմից իրականացվում է հաշմանդամների համապատասխան հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կամ նրանց համաձայնությամբ:

 

Հոդված 39. հաշմանդամների հասարակական կազմակերպությունների տնտեսական գործունեությունը

 

հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ուսումնաարտադրական և մյուս ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնցում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 50 տոկոսը կազմում են հաշմանդամները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտվում են հարկային արտոնություններից:

 

Հոդված 40. հաշմանդամների հասարակական կազմակերպությունների սեփականության տնօրինման կարգը

 

հաշմանդամների հասարակական կազմակերպությունները սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի ֆոնդը և այլ գույքը տնօրինում, տիրապետում և օգտագործում են իրենց կանոնադրություններին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


24 մայիսի 1993 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-57