Համարը 
N 154-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.02.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2021 թվականի N 154-Ն

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
փետրվարի 11-ի N 154–Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) հետ կապված իրավահարաբերությունները:

2. Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան`

1) հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) չհաճախած և (կամ) որևէ ուսումնական հաստատությունում երբևէ չհաշվառված երեխաները.

2) որևէ ուսումնական հաստատությունում հաշվառված, սակայն վեց աշխատանքային օր անընդմեջ կամ ամսվա մեջ ավելի քան 10 օր չհաճախած (չհաճախող) երեխաները.

3) հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորած և տվյալ ուսումնական հաստատությունից դուրս մնացած մինչև 18 տարեկան երեխաները.

4) ուսումնական հաստատություն հաճախած, սակայն ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի (արտերկիր մեկնելու նպատակով) հետևանքով ուսումն անավարտ թողած երեխաները.

5) այն երեխաները, որոնք հաշվառված են տնային ուսուցման համակարգում, սակայն ՀՀ կրթության տեսչական մարմնի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնային ուսուցում չի իրականացվում:

3. Հանրակրթական, հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն չհաճախած կամ որևէ ուսումնական հաստատությունում հաշվառված չլինելու դեպքում պարտադիր կրթությունից դուրս մնացած և տնային ուսուցման համակարգում հաշվառված, բայց ուսուցում չանցնող երեխաներին բացահայտելու համար առնվազն երեք ամիսը մեկ անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ ԿՏԱԿ), համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները, «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» մաս կազմող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգում (այսուհետ՝ էլեկտրոնային ենթահամակարգ) ներկայացնում է 6-18 տարեկան այն երեխաների տվյալները, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն:

4. Բացահայտված երեխաների ցուցակները, ինչպես նաև էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազան հասանելի են «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգում և ԿՏԱԿ-ի կողմից համակարգ մուտք գործելու համար հաշիվներ են տրամադրվում հետևյալ շահագրգիռ և պատասխանատու կառույցներին՝

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններին (այսուհետ՝ բժշկական հաստատություն).

2) խնամակալության և հոգաբարձության մարմնին (այսուհետ՝ ԽՀՄ).

3) հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին.

4) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

5) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը.

6) ՀՀ կրթության տեսչական մարմնին.

7) ՀՀ մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններ, այսուհետ՝ գործակալություն), իսկ Հայաստանի Հանրապետության «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի N 97-Ն օրենքի դրույթների ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո՝ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի ստորաբաժանումներին (այսուհետ՝ գործակալություն).

8) ՀՀ ոստիկանությանը.

9) նախադպրոցական ուսումնական հաստատություններին.

10) տարածքային կառավարման մարմիններին.

11) ուսումնական հաստատություններին (միայն տվյալ հաստատության սովորողների մասով):

5. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ, 3-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով նախատեսված տարածքային մարմիններին և կառույցներին, ինչպես նաև 1-ին ենթակետով նախատեսված այն բժշկական հաստատություններին, որոնք տրամադրում են առաջնային բժշկական օգնություն և սպասարկում (պոլիկլինիկաներին) հասանելի են միայն տվյալ տարածքում հաշվառված երեխաների ցուցակները և տեղեկատվական բազան, իսկ 1-ին ենթակետով նախատեսված այլ բժշկական հաստատություններին երեխաների ցուցակները և տեղեկատվական բազան հասանելի չեն:

6. Սույն կարգի 4-րդ կետում թվարկված շահագրգիռ և պատասխանատու բոլոր մարմինները բացահայտված երեխաների ցուցակները հասանելի դառնալուց հետո «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի ապահովման նպատակով իրենց լիազորությունների շրջանակում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքները։

7. Էլեկտրոնային ենթահամակարգում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ տեղեկության ստացումից հետո տվյալ տարածքի ԽՀՄ-ն և տարածքի սոցիալական գործակալությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում քայլեր են ձեռնարկում նշված երեխաների կարգավիճակը ճշտելու, ուսումնական հաստատությանը չդիմելու պատճառները բացահայտելու, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված կարգով սոցիալական դեպք վարելու համար՝ ապահովելով երեխայի դպրոց հաճախելը:

8. Եթե երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, համապատասխան փաստաթուղթ ներկայացված չլինելու պարագայում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնն ապահովում է երեխայի կարիքի, այդ թվում՝ հոգեբանամանկավարժական գնահատումը և անհատական ուսումնական պլանի կազմումը:

9. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նշված դեպքում ուսումնական հաստատությունը մեկօրյա ժամկետում կառավարման էլեկտրոնային ենթահամակարգում կատարում է համապատասխան գրառում (ստեղծում է հայտ)՝ նշելով չհաճախելու պատճառը: Պատճառը բացահայտել չկարողանալու դեպքում կատարվում է «պատճառը չի բացահայտվել» գրառում: Տեղեկատվությունը հասանելի է ոստիկանությանն ու սոցիալական աջակցության մարմիններին:

10. «Սովորողի հիվանդությունը» որպես պատճառ նշելու դեպքում հայտում լրացվում է նաև հիվանդությունը ախտորոշած բժշկական հաստատության անվանումը, և հայտը տեսանելի է դառնում սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին և այդ բժշկական հաստատությանը: Եթե հիվանդությունը ախտորոշած բժշկական հաստատության անվանումը հայտնի չէ ուսումնական հաստատությանը, ապա հայտի տվյալ դաշտում նշվում է այն պոլիկլինիկան, որտեղ հաշվառված է երեխան։

11. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունը հաստատում կամ մերժում է դպրոցի կողմից բացված հայտում նշված պատճառը՝ սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքում։

12. Եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունը հաստատում է հայտը, ապա կատարում է նաև նշում, թե երբ երեխան կարող է հաճախել ուսումնական հաստատություն։ Եթե երեխան հոսպիտալացված է և ստանում է հիվանդանոցային բուժում, բժշկական օգնություն, և սպասարկում իրականացնող հաստատությունը կարող է նշում կատարել հեռավար ուսուցման կազմակերպման անհրաժեշտության մասին։ Եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունը չի կարող որոշել երեխայի դպրոց հաճախելու ժամկետը, կատարում է «Հնարավոր չէ որոշել» գրառումը:

13. Եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունը մերժում է հայտը, այդ մասին տեղեկատվությունը տեսնում է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը և իր գործառույթների շրջանակներում ձեռնարկում է համապատասխան քայլեր:

14. Եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում ոչ մի գործողություն չի կատարում ուսումնական հաստատության հայտի վերաբերյալ, ապա այդ մասին տեղեկատվությունը տեսնում է նաև սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը և իր գործառույթների շրջանակներում ձեռնարկում է համապատասխան քայլեր։

15. Հայտեր կարող է ստեղծել նաև սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը՝ մեկօրյա ժամկետում, եթե իր աշխատանքի ընթացքում բացահայտել է երեխայի դպրոց չհաճախելու դեպք՝ անկախ պատճառից:

16. Երեխայի՝ հաստատություն հաճախելը վերսկսելուց հետո հայտը ստեղծող մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում փակում է տվյալ հայտը և արխիվացնում։

17. Եթե բացակայության պատճառը հնարավոր չէ ճշտել, կամ այնպիսին է, որ ուսումնական հաստատության ռեսուրսները բավարար չեն այն վերացնելու, և կարող է հանգեցնել երեխայի ուսումնական հաստատությունից դուրս մնալուն, ապա ուսումնական հաստատությունը, երեք աշխատանքային օրվա ընթացքում համակարգում գրառում կատարելու միջոցով, այդ մասին տեղյակ է պահում երեխայի բնակության վայրի ԽՀՄին, սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը և ոստիկանությանը՝ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված կարգով սոցիալական դեպք վարելու համար և ապահովելու երեխայի դպրոց հաճախելը:

18. Ուսումնական հաստատություն հաճախելու, սակայն ծնողի դիմումի հետևանքով ուսումը կիսատ թողնելու դեպքում՝

1) ուսումնական հաստատության տնօրենը ծնողի դիմումի հիման վրա երեխային հանում է հաշվառումից, եթե դիմումում հստակ նշված է տեղափոխման վայրը, առկա է տվյալ ուսումնական հաստատությունից երեխային ընդունելու վերաբերյալ համաձայնություն: Եթե երեխան ծնողի դիմումի հիման վրա դուրս է եկել ուսումնական հաստատություն հաշվառումից և դիմումում նշված հաստատությունում չի հաշվառվել այն հաստատությունը, որտեղ պետք է տեղափոխվի երեխան, երեք աշխատանքային օրվա ընթացքում բացում է նոր հայտ, որը տեսանելի է երեխայի բնակության ԽՀՄ-ին և սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը` ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված կարգով սոցիալական դեպք վարելու և երեխայի հաստատություն հաճախելն ապահովելու համար:

2) Բացված հայտերի մասին ամբողջ տեղեկատվությունը, պատմությունը և աշխատող կողմերի գործողությունները հասանելի են բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցներին։

19. Եթե ՀՀ կրթության տեսչական մարմինը ուսումնասիրության արդյունքում հայտնաբերում է որևէ սովորողի, որը հաշվառված է տնային ուսուցման համակարգում, և տնային ուսուցում չի իրականացվում, ապա այդ հանգամանքը հայտնաբերելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կառավարման էլեկտրոնային ենթահամակարգում կատարում է համապատասխան գրառում (ստեղծում է հայտ), ինչի մասին հայտնի է դառնում ուսումնական հաստատությանը: Ուսումնական հաստատությունը իր գործառույթների շրջանակներում ձեռնարկում է համապատասխան քայլեր տնային ուսուցումն ապահովելու համար։

20. Եթե երեխան հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ընդունվել է նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, սակայն բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների համադրման արդյունքում հաշվառված չի որևէ ուսումնական հաստատությունում, ապա այդ մասին տեղեկատվությունն անմիջապես հասանելի է դառնում սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը, որն իր գործառույթների շրջանակներում ձեռնարկում է համապատասխան քայլեր:

21. Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման հետ կապված սույն կարգով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական: