ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հուլիսի 30-ին
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան՝ ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) նպաստի ձևով տրվում է`
1) մրցույթի արդյունքներով արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին,
2) օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափով՝ ըստ առաջադիմության, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին։»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «ուսման վարձը փոխհատուցելու» բառերից հետո լրացնել «(լրիվ կամ մասնակի (զեղչ))» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածում Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ըստ առաջադիմության պահանջը չի տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) ստացած ուսանողների վրա:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. օգոստոսի 5
Երևան ՀՕ-318-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2021 թվական: