Համարը 
ՀՕ-108-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
03.03.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       

Օ Ր Ե Ն Ք Ը

          

Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին

    

ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

  

ԳԼՈՒԽ 1

  

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

 Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
     

1. Սույն օրենքը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական` ոչ գույքային հարաբերությունները:

      

 Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

           

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) Փարիզյան կոնվենցիա` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիա, որն ստորագրվել է 1883 թվականի մարտի 20-ին Փարիզում` հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով.

2) ՄՍՀԿ` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն.

3) ԱՀՊ (PCT)` Արտոնագրային համագործակցության մասին պայմանագիր, որն ստորագրվել է 1970 թվականի հունիսի 19-ին Վաշինգտոնում` ԱՀՊ հրահանգի և այդ պայմանագրին կից Վարչական հրահանգի հետ` հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով.

4) Եվրասիական կոնվենցիա` Եվրասիական արտոնագրային կոնվենցիա, որն ստորագրվել է 1994 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում.

5) ԹՐԻՓՍ (TRIPS) համաձայնագիր` Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր, որն ստորագրվել է 1994 թվականի ապրիլի 15-ին Մարաքեշում.

6) պետական լիազոր մարմին` մտավոր սեփականության բնագավառի՝ օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որի՝ մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ սույն օրենքով նախատեսված կարգով իրականացնում է այդ մարմնի մտավոր սեփականության գրասենյակը.

7) բողոքարկման խորհուրդ` պետական լիազոր մարմնում ստեղծված խորհուրդ, որը, իր կանոնադրության համաձայն, լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը.

8) արտոնագիր` սույն օրենքով սահմանված կարգով տրված փաստաթուղթ, որը, սույն օրենքի համաձայն, հավաստում է գյուտին իրավական պահպանության տրամադրման և դրա հետևանքով գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի փաստը.

9) գյուտի արտոնագիր` սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն 20 տարի գործողության ժամկետով տրված արտոնագիր.

10) գյուտի կարճաժամկետ արտոնագիր` սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն 10 տարի գործողության ժամկետով տրված արտոնագիր.

11) անձ` ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, կազմակերպություն.

12) հայտատու` անձ, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը.

13) արտոնագրատեր` անձ, որը տնօրինում է արտոնագիրը.

14) հայտ` սույն օրենքով սահմանված կարգով արտոնագիր ստանալու նպատակով պետական լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի փաթեթ.

15) միջազգային հայտ` արտոնագիր ստանալու հայտ, որը պետական լիազոր մարմին ներկայացված է ԱՀՊ-ի համաձայն.

16) ազգային փուլ` միջազգային հայտի քննարկման գործընթացը սույն օրենքին համապատասխան.

17) եվրասիական հայտ` եվրասիական արտոնագիր ստանալու հայտ, որը, Եվրասիական կոնվենցիայի համաձայն, ներկայացված է պետական լիազոր մարմին.

18) եվրասիական արտոնագիր` Եվրասիական կոնվենցիայի համաձայն տրված արտոնագիր.

19) ներկայացուցիչ` անձ, որը լիազորված է պետական լիազոր մարմնում ներկայացնելու հայտատուին, արտոնագրատիրոջը կամ այլ շահագրգիռ անձի.

20) թվական` օր, ամիս, տարի.

21) մութաթիս մութանդիս (mutatis mutandis)` համապատասխան փոփոխություններով (ԹՐԻՓՍ (TRIPS) համաձայնագրում ունեցած իմաստով):

    

 Հոդված 3. Գյուտերի մասին օրենսդրությունը

               

1. Գյուտերի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

       

 Հոդված 4. Գյուտերի իրավական պահպանության հիմքը
           

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գյուտի նկատմամբ իրավունքները ձեռք են բերվում և պահպանվում օրենքով սահմանված կարգով տրված արտոնագրով:

2. Եվրասիական կոնվենցիային համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչվում և պահպանվում են եվրասիական արտոնագրից բխող իրավունքները:

         

 Հոդված 5. Գյուտերի իրավական պահպանության ձևերը

             

1. Գյուտերի իրավական պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է սույն օրենքի համաձայն տրված պահպանական փաստաթղթերի, ինչպես նաև Եվրասիական արտոնագրի հիման վրա:

2. Սույն օրենքի համաձայն տրվում են հետևյալ պահպանական փաստաթղթերը.

1) գյուտի արտոնագիր.

2) գյուտի կարճաժամկետ արտոնագիր:

3. Սույն օրենքի դրույթները հավասարապես կիրառվում են ինչպես գյուտերի արտոնագրերի, այնպես էլ գյուտերի կարճաժամկետ արտոնագրերի նկատմամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

        

 Հոդված 6. Օտարերկրյա անձանց իրավունքները

          

1. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ, միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով, օտարերկրյա ֆիզիկական անձինք և կազմակերպություններն օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին համահավասար:

2. Փոխադարձության սկզբունքից օգտվելու համար փոխադարձության առկայությունն ապացուցում է դրանից օգտվել ցանկացող անձը:

             

Հոդված 7. Պետական լիազոր մարմինը

              

1. Պետական լիազոր մարմինը`

1) ընդունում և քննարկում է գյուտերի հայտերը, անցկացնում է դրանց փորձաքննությունը, հրապարակում է հայտերը և դրանց հիման վրա տրված արտոնագրերը, իրականացնում է գյուտերի պետական գրանցումը, պետության անունից հանձնում է արտոնագրերը.

2) գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով նախապատրաստում է գյուտի արտոնագրաունակության մասին եզրակացություն կամ դրա նախապատրաստումը պատվիրում է այն օտարերկրյա ազգային կամ տարածաշրջանային արտոնագրային գերատեսչությանը, որի հետ ունի համապատասխան պայմանագիր.

3) իրականացնում է գյուտերի պետական գրանցամատյանի և սույն օրենքով նախատեսված այլ գրանցամատյանների վարումը և պահպանումը.

4) գրանցում է գյուտերի նկատմամբ իրավունքների փոխանցումն ու լիցենզիաները, այդ թվում՝ ֆրանչայզինգը.

5) գյուտերին տրամադրում է սույն օրենքով նախատեսված դեպքերում լրացուցիչ իրավական պահպանություն.

6) ապահովում է գյուտերին վերաբերող՝ սույն օրենքով նախատեսված տեղեկատվությունը.

7) գյուտերին վերաբերող հարցերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում.

8) հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն ԱՀՊ-ի ընթացակարգով ներկայացվող միջազգային և Եվրասիական կոնվենցիայի ընթացակարգով ներկայացվող եվրասիական հայտերի համար:

2. Պետական լիազոր մարմինն ունի «Արդյունաբերական սեփականություն» անվանումով պաշտոնական տեղեկագիր, որտեղ տեղեկություններ է հրապարակում գյուտերի հայտերի, տրված արտոնագրերի, ինչպես նաև իր այլ գործունեության վերաբերյալ:

3. Պետական լիազոր մարմինն ապահովում է էլեկտրոնային եղանակով գյուտերի հայտերի և արտոնագրերի մասին տվյալների մատչելիությունը հանրության համար:

4. Պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որը կազմված է նախագահից և ութ անդամից, որոնք խորհրդում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած հանրային ծառայության պաշտոնների հետ: Բողոքարկման խորհրդի անհատական կազմը հաստատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Բողոքարկման խորհրդի կանոնադրությունը, բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման կարգը հաստատում է Կառավարությունը:

        

 Հոդված 8. Հանրությանը տեղեկատվության տրամադրումը

                 

1. Ցանկացած անձ, իր դիմումի համաձայն, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով կարող է ուսումնասիրել հայտերին վերաբերող փաստաթղթերը և ծանոթանալ ձեռք բերված կամ գրանցված իրավունքներին վերաբերող նյութերին` հաշվի առնելով սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջները:

2. Ներկայացված դիմումների հիման վրա պետական լիազոր մարմինն իր սահմանած կարգով տեղեկատվական ծառայություն է մատուցում ցանկացած անձի:

                  

 Հոդված 9. Հայտերի գործավարության գաղտնիությունը

          

1. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի գաղտնիության աստիճանի որոշումը, դրանց օգտագործումը և դրանց մասին տեղեկությունների հրապարակումն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:

2. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն գաղտնի համարվող օբյեկտի մասին տեղեկություններ ներառող հայտի (գաղտնի օբյեկտի հայտի) բոլոր փաստաթղթերը կազմվում և հաշվառվում են նշված օրենքի պահանջներին համապատասխան:

3. Մինչև պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում գյուտի արտոնագիր ստանալու հայտերի կամ գյուտերի կարճաժամկետ արտոնագրերի մասին տեղեկությունների հրապարակումը դրանց նյութերը համարվում են գաղտնի:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն գաղտնի համարվող նյութերը ծանոթացման համար դառնում են մատչելի միայն հայտատուի գրավոր համաձայնությամբ կամ թույլտվությամբ, իսկ քրեական վարույթներով նախաքննություն իրականացնող մարմինների և դատարանի համար` օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, նշված նյութերը համարվում են ծանոթացման համար մատչելի, եթե դրանց հնարավոր է ծանոթանալ օրենքով չարգելված միջոցով:

5. Ցանկացած անձ, որն ապացուցում է, որ հայտատուն իրեն գրավոր տեղեկացրել է հայտի և խնդրարկվող իրավական ծավալի բովանդակության մասին, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն գաղտնի համարվող նյութերին կարող է ծանոթանալ առանց հայտատուի լրացուցիչ համաձայնության կամ թույլտվության:

6. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ավանդադրված կենսաբանական նյութը հասանելի է դրա նմուշի տրամադրման միջոցով`

1) մինչև գյուտի հայտի մասին տեղեկությունների հրապարակումը` միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով սահմանված և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան լիազորություն ունեցող անձանց համար.

2) գյուտի հայտի մասին տեղեկությունների հրապարակումից հետո մինչև արտոնագիր տալը` ցանկացած անձի, որը դիմում է դրա համար, կամ հայտատուի պահանջով` միայն անկախ փորձագետին.

3) արտոնագիրը տալուց հետո` ցանկացած անձի դիմումի հիման վրա, անկախ արտոնագիրը չեղյալ կամ անվավեր ճանաչվելու հանգամանքից:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ավանդադրված կենսաբանական նյութի նմուշը տրամադրվում է, եթե դիմում ներկայացնող անձն արտոնագրի գործողության ժամանակահատվածում երաշխավորում է`

1) նմուշը կամ դրանից ստացված ցանկացած նյութ մատչելի չդարձնել երրորդ անձանց համար.

2) նմուշը կամ դրանից ստացված ցանկացած նյութ չօգտագործել որևէ այլ նպատակով (բացառությամբ հետազոտական նպատակների), եթե հայտատուն կամ արտոնագրատերը չի տվել այդպիսի իրավունք:

8. Եթե կենսաբանական նյութին վերաբերող հայտը մերժվել կամ հետ է կանչվել, ապա հայտատուի դիմումի հիման վրա ավանդադրված նյութի մատչելիությունը սահմանափակվում է հայտի ներկայացման թվականից հաշված՝ 20 տարի ժամկետով` այդ իրավունքը վերապահելով անկախ փորձագետի: Այս դեպքում կիրառվում են սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները:

9. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում և 8-րդ մասում նշված դիմումները հայտատուն կարող է ներկայացնել հայտի մասին տեղեկությունների նախատեսվող հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օր առաջ:

10. Մինչև պաշտոնական տեղեկագրում գյուտի արտոնագիր ստանալու հայտի կամ գյուտի կարճաժամկետ արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակումը պետական լիազոր մարմինը կարող է բացահայտել կամ երրորդ անձանց տրամադրել հետևյալ տվյալները.

1) հայտի համարը.

2) հայտի ներկայացման թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում` նաև առաջին հայտի ներկայացման թվականը, համարը և երկիրը.

3) հայտատուին վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը).

4) գյուտի անվանումը, եթե այն չի բացահայտում տվյալ գյուտի էությունը:

(9-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-186-Ն)

          

 Հոդված 10. Առանց պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի դիմումների ներկայացման հետևանքը

           

1. Սույն օրենքով նախատեսված գործողությունների կատարման համար դիմումները, որոնք ներկայացվում են առանց համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի, համարվում են չներկայացված, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

       

 Հոդված 11. Ծանուցման ժամկետները

                    

1. Պետական լիազոր մարմինը հայտի վերաբերյալ որևէ որոշում կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստային կամ կապի այլ միջոցներով, այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստով որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած` սույն մասում նշված եղանակներից մեկով: Եթե որոշումը հայտատուին ուղարկվել է նրա նախընտրած` ոչ փոստային առաքմամբ, ապա նա կարող է պետական լիազոր մարմնում այն ստանալ առձեռն որոշման ուղարկման թվականից՝ եռամսյա ժամկետում:

2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումները և հարցումներն ուղարկվում են օրենքով սահմանված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստային կամ կապի այլ միջոցներով, այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստով: Ծանուցումները և հարցումներն ուղարկվում են հայտատուին նրա նախընտրած` սույն մասում նշված եղանակներից մեկով: Եթե ծանուցումը հայտատուին ուղարկվել է նրա նախընտրած` ոչ փոստային առաքմամբ, ապա նա կարող է պետական լիազոր մարմնում այն ստանալ առձեռն ուղարկման թվականից՝ եռամսյա ժամկետում:

       

ԳԼՈՒԽ 2

          

ԳՅՈՒՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

       

 Հոդված 12. Գյուտի արտոնագրաունակության պայմանները

                      

1. Սույն օրենքի համաձայն՝ որպես գյուտ պահպանվում է ցանկացած բնագավառի տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես սարքին, նյութին, կենսատեխնոլոգիական արգասիքին) կամ եղանակին (նյութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտի վրա գործողությունների իրականացման գործընթացին), այդ թվում՝ արտադրանքի կամ եղանակի կիրառմանը որոշակի նշանակությամբ։

2. Սույն օրենքով սահմանված կարգով գյուտին տրվում է արտոնագիր, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ):

3. Սույն օրենքով սահմանված կարգով գյուտին տրվում է կարճաժամկետ արտոնագիր, եթե այն նոր է, ուղղակիորեն չի բխում տեխնիկայի մակարդակից և արդյունաբերորեն կիրառելի է (կարճաժամկետ արտոնագրով պահպանվող գյուտի արտոնագրաունակության պայմաններ):

4. Գյուտին տրվում է արտոնագիր, եթե նույնիսկ դա վերաբերում է կենսաբանական նյութ պարունակող կամ դրանից բաղկացած արտադրանքին կամ եղանակին, որի միջոցով արտադրվում, մշակվում կամ օգտագործվում է կենսաբանական նյութ: Կենսաբանական նյութը, որն առանձնացվել է իր բնական միջավայրից կամ արտադրվել է տեխնիկական պրոցեսի միջոցով, կարող է լինել գյուտի առարկա, նույնիսկ եթե այն նախկինում գոյություն է ունեցել բնության մեջ:

5. Սույն օրենքի իմաստով՝ «կենսաբանական նյութը» գենետիկական տեղեկատվություն պարունակող և ինքնուրույն կամ կենսաբանական համակարգում վերարտադրվող ցանկացած նյութ է, իսկ «միկրոկենսաբանական եղանակը» ցանկացած եղանակ է, որը ներառում է միկրոկենսաբանական նյութ կամ իրականացվում է դրա նկատմամբ, կամ որի արդյունքում ստացվում է միկրոկենսաբանական նյութ: Բույսերի կամ կենդանիների ստացման ցանկացած եղանակ, ըստ էության, կենսաբանական է, եթե այն ամբողջությամբ կատարվում է բնական եղանակով, ինչպիսին է խաչասերումը կամ սելեկցիան:

6. Սույն օրենքի իմաստով՝ համակարգչային ալգորիթմին և ծրագրային ապահովմանը վերաբերող գյուտերը ենթակա են պահպանության, եթե տվյալ գյուտը վերաբերում է եղանակին և համապատասխանում է սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջներին:

             

 Հոդված 13. Իրավական պահպանությունից բացառությունները

                   

1. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ որպես գյուտ չեն պահպանվում `

1) գիտական հայտնագործությունները.

2) գիտական տեսությունները, մաթեմատիկական մեթոդները, տեղեկատվության սովորական տրամադրումը.

3) տնտեսության կազմակերպման և ղեկավարման եղանակները.

4) պայմանական նշանները, կարգացուցակները և կանոնները, այդ թվում՝ խաղի կանոնները.

5) մտավոր գործողությունների կատարման եղանակները.

6) կառույցների, շենքերի, տարածքների հատակագծերի սխեմաները և նախագծերը.

7) իրի արտաքին տեսքին վերաբերող այն լուծումները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները բացառում են նշված օբյեկտների իրավական պահպանությունն այնքանով, որքանով հայտը կամ արտոնագիրը վերաբերում է նշված օբյեկտին՝ որպես այդպիսին:

3. Իրավական պահպանության ենթակա չեն`

1) այն գյուտերը, որոնց հրապարակման կամ օգտագործման արգելումը Հայաստանի Հանրապետության տարածքում պայմանավորված է հասարակական կարգի կամ բարոյականության սկզբունքների պահպանման անհրաժեշտությամբ (ներառյալ` մարդկանց, կենդանիների կյանքի և առողջության կամ բույսերի պահպանությունը) կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս պատճառելուց խուսափելու անհրաժեշտությամբ, պայմանով, որ այդպիսի բացառումը պայմանավորված չէ միայն այն հանգամանքով, որ դրանց օգտագործումն արգելված է օրենքով.

2) մարդու կլոնավորման եղանակները.

3) արդյունաբերական կամ առևտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.

4) մարդու սաղմնային բջիջների գծի գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները.

5) կենդանիների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները, որոնք կարող են դրանց տառապանքի ենթարկել առանց մարդու կամ կենդանիների համար էական բուժական օգուտ տալու, ինչպես նաև այդպիսի եղանակով ստացված կենդանիները.

6) մարդու օրգանիզմն իր ձևավորման և զարգացման տարբեր փուլերում, ինչպես նաև դրա տարրերից որևէ մեկի պարզ բացահայտումը, ներառյալ` որևէ գենային հաջորդականություն կամ մասնակի հաջորդականությունը: Սույն կետը չի տարածվում մարդու օրգանիզմից առանձնացված տարրի կամ տեխնիկական եղանակներով այլ կերպ ստացված տարրի, ներառյալ` գենային հաջորդականության կամ մասնակի հաջորդականության նկատմամբ, որոնք կարող են արտոնագրաունակ գյուտ լինել, եթե նույնիսկ այդ տարրի կառուցվածքը նույնական է բնական տարրի կառուցվածքի հետ:

4. Սույն օրենքի իմաստով՝ արտոնագրաունակ գյուտեր չեն համարվում`

1) բույսերի սորտերը և կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաև դրանց ստացման, ըստ էության, կենսաբանական եղանակները, բացառությամբ միկրոկենսաբանական եղանակների կամ դրանցով ստացված արտադրանքի: Բույսերին կամ կենդանիներին վերաբերող գյուտերն արտոնագրաունակ են, եթե գյուտի տեխնիկական կիրառելիությունը չի սահմանափակվում կոնկրետ սորտի բույսով կամ կենդանիով: Սույն կետի դրույթները չեն տարածվում միկրոկենսաբանական կամ այլ եղանակների կամ այդպիսի եղանակներով ստացված արտադրանքի արտոնագրաունակության վրա.

2) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները:

            

Հոդված 14. Նորությունը

                 

1. Գյուտը նոր է, եթե այն չի հանդիսանում տեխնիկայի մակարդակի առանձին մաս:

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի առաջնության թվականն աշխարհում բանավոր կամ գրավոր բացահայտման կամ ցանկացած այլ միջոցով հանրամատչելի դարձած տեխնիկայի տվյալ բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն: Հանրամատչելի են համարվում ցանկացած թույլատրված միջոցով ծանոթացման համար մատչելի տեղեկությունները: Բաց օգտագործմամբ հանրամատչելի դարձած լուծումները ներառվում են տեխնիկայի մակարդակում, եթե այդպիսի օգտագործումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեխնիկայի մակարդակը ներառում է նաև պետական լիազոր մարմին ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը պետական լիազոր մարմինը կհրապարակի հետագայում:

                

 Հոդված 15. Արտոնագրմանը չխոչընդոտող գյուտի էության հրապարակային բացահայտումը

             

1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի նպատակներով գյուտի էության բացահայտումը հաշվի չի առնվում, եթե դա տեղի է ունեցել գյուտի հայտը ներկայացնելուն նախորդող, իսկ ավելի վաղ առաջնություն խնդրարկելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 12 ամսվա ընթացքում` հեղինակի կամ գյուտի էության մասին նրանից ուղղակիորեն կամ անուղղակի տեղեկություն ստացած անձի կողմից (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն):

                 

 Հոդված 16. Գյուտարարական մակարդակը

      

1. Գյուտն ունի գյուտարարական մակարդակ, եթե տվյալ բնագավառի մասնագետի համար դա ակնհայտորեն չի բխում սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեխնիկայի մակարդակից:

              

Հոդված 17. Արդյունաբերորեն կիրառելիությունը

            

1. Գյուտն արդյունաբերորեն կիրառելի է, եթե այն կարող է օգտագործվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:

2. Գենային հաջորդականության կամ մասնակի հաջորդականության արդյունաբերորեն կիրառելիությունը պետք է բացահայտված լինի գյուտի հայտում:

     

ԳԼՈՒԽ 3

     

ՀԵՂԻՆԱԿԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԸ, ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

              

Հոդված 18. Հեղինակը

                    

1. Հեղինակը (այսուհետ նաև` գյուտարար) այն ֆիզիկական անձն է, որի ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է գյուտը:

2. Եթե գյուտն ստեղծվել է մի քանի ֆիզիկական անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով, ապա նրանք համարվում են համահեղինակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հեղինակ ճանաչվելու իրավունք, և որոնց փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով:

3. Հեղինակության իրավունքն անձնական անփոխանցելի և անօտարելի իրավունք է և պահպանվում է անժամկետ:

4. Գյուտի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակություն և այլն) չի հանգեցնում համահեղինակության:

5. Պետական լիազոր մարմինը պատասխանատու չէ հեղինակներին վերաբերող տվյալների իսկության համար:

6. Հեղինակն իրավունք ունի նշվելու հայտում կամ արտոնագրում` որպես այդպիսին:

7. Հեղինակն իրավունք ունի հրաժարվել հայտում կամ արտոնագրում իր անվան նշումից՝ դրա մասին պետական լիազոր մարմին գրավոր դիմում ներկայացնելով:

              

 Հոդված 19. Արտոնագրատերը

               

1. Արտոնագիրը տրվում է այն անձին, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը (այսուհետ` հայտատու):

2. Արտոնագիրը կարող է խնդրարկվել մեկից ավելի անձանց անունով: Այս դեպքում նրանց տրվում է մեկ արտոնագիր բոլորի անունով, որոնց փոխհարաբերությունները որպես արտոնագրատերեր կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Գյուտի համատեղ օգտագործումից կամ գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի տնօրինման հետևանքով ստացված եկամուտները հավասար բաշխվում են բոլոր արտոնագրատերերի միջև, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Պայմանագրի բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի գյուտն օգտագործելու իր հայեցողությամբ, ցանկացած անձի կողմից պահպանվող գյուտի՝ առանց թույլտվության օգտագործումն արգելելու հայցով դիմելու դատարան, սակայն իրավունք չունի առանց մնացած արտոնագրատերերին ծանուցելու հրաժարվելու արտոնագրից և առանց նրանց համաձայնության իր իրավունքները փոխանցելու այլ անձի կամ կնքել լիցենզային, այդ թվում՝ ֆրանչայզինգ, պայմանագիր:

3. Ծառայողական պարտականությունները կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում աշխատողի ստեղծած գյուտի (ծառայողական գյուտ) արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է գործատուին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Աշխատողը, որը գյուտի հեղինակ է, իր նվաճումների համար չի կարող լրացուցիչ վարձատրություն պահանջել, բացառությամբ այն դեպքերի, երբ գյուտի մեջ իր անձնական ներդրումը և գործատուի համար դրա կարևորությունն ակնհայտ են և գերազանցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանագրով նախատեսված պահանջները: Ծառայողական գյուտի հեղինակի (աշխատողի) վարձատրության չափը, պայմանները և վճարման կարգը որոշվում են հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

5. Աշխատողը պարտավոր է ծառայողական գործունեությանը վերաբերող իր ստեղծած գյուտի մասին գործատուին գրավոր ծանուցել դրա ստեղծման օրվանից՝ մեկամսյա ժամկետում:

6. Եթե գյուտի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում, գործատուն կամ այն անձը, որին գործատուն փոխանցել է արտոնագիր ստանալու իրավունքը, հայտ չի ներկայացնում պետական լիազոր մարմին կամ աշխատողին չի ծանուցում ստեղծած գյուտի մասին տեղեկությունը որպես արտադրության գաղտնիք (նոու-հաու) պահպանելու իր որոշման մասին, ապա հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքն անցնում է աշխատողին (հեղինակին): Այս դեպքում գործատուն իրավունք ունի ծառայողական գյուտն օգտագործելու սեփական կարիքների համար` հասարակ լիցենզիա ստանալով, պայմանով, որ արտոնագրատերը դրա դիմաց կվարձատրվի: Վարձատրության չափը, պայմանները և վճարման կարգը որոշվում են աշխատողի և գործատուի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

7. Եթե գործատուն ծառայողական գյուտի արտոնագիր է ստանում կամ որոշում է ընդունում այդպիսի գյուտի մասին տեղեկությունները պահպանել որպես արտադրության գաղտնիք և այդ մասին հայտնում է աշխատողին կամ արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցում է այլ անձի կամ իր ներկայացրած հայտով արտոնագիր չի ստանում իրենից կախված պատճառներով, ապա աշխատողն օգտվում է վարձատրության իրավունքից: Վարձատրության չափը, պայմանները և վճարման կարգը որոշվում են գործատուի և աշխատողի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

8. Գործատուի նյութական և տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ աշխատողի ստեղծած գյուտը չի հանդիսանում ծառայողական, եթե այն չի ստեղծվել ծառայողական պարտականությունների կամ գործատուի կոնկրետ առաջադրանքը կատարելու ընթացքում: Այսպիսի գյուտի նկատմամբ արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է աշխատողին: Այս դեպքում գործատուն իրավունք ունի իր հայեցողությամբ պահանջելու սեփական կարիքների համար տվյալ գյուտից օգտվելու հասարակ անհատույց լիցենզիա` արտոնագրի գործողության ամբողջ ժամկետով, կամ այդպիսի գյուտի ստեղծման հետ կապված իր կատարած ծախսերի փոխհատուցում:

9. Հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը, գյուտի օգտագործման բացառիկ իրավունքը, ինչպես նաև դրա օգտագործումից գոյացած եկամուտներն ստանալու իրավունքը կարող է ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ արտոնագրատեր կազմակերպության վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի:

10. Կրթական հաստատություններում կամ գիտական և գիտահետազոտական (այսուհետ` գիտական) կենտրոններում ուսուցման և (կամ) հետազոտական աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում դասախոսի կամ գիտաշխատողի, հետազոտողի (այսուհետ` գիտաշխատող) ստեղծած գյուտի արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է տվյալ կրթական հաստատությանը կամ գիտական կենտրոնին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

11. Սույն հոդվածի 10-րդ մասի պայմանների համաձայն ստեղծված ցանկացած գյուտի մասին հեղինակը պարտավոր է մեկամսյա ժամկետում ծանուցել կրթական հաստատությանը կամ գիտական կենտրոնին:

12. Դասախոսը կամ գիտաշխատողն իրավունք ունի օգտվելու այն օգուտներից, որոնք ստացել է կրթական հաստատությունը կամ գիտական կենտրոնը` սույն օրենքով նախատեսված կարգով գյուտի օգտագործման կամ դրա նկատմամբ իրավունքների փոխանցման հետևանքով: Օգտվելու մասնաբաժինը, պայմանները և գումարի չափը որոշվում են կրթական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ:

13. Կրթական հաստատությունը կամ գիտական կենտրոնը արտոնագիր ստանալու իրավունքը կարող է փոխանցել դրա հեղինակ հանդիսացող դասախոսին կամ գիտաշխատողին:

14. Կրթական հաստատությունը կամ գիտական կենտրոնն իրավունք ունի օգտվելու այն օգուտներից, որոնք սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված դեպքերում գյուտի օգտագործումից կամ դրա նկատմամբ իրավունքների փոխանցման հետևանքով ստացել է հեղինակը: Օգտվելու մասնաբաժինը, պայմանները և գումարի չափը որոշվում են կրթական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ:

15. Այն դեպքում, երբ դասախոսը կամ գիտաշխատողը գյուտն ստեղծում է պետական կամ մասնավոր կազմակերպության հետ աշխատանքների իրականացման պայմանագրի կատարման շնորհիվ, պայմանագրում պետք է նշված լինի, թե պայմանագրի կողմերից ում է պատկանում արտոնագիր ստանալու իրավունքը:

16. Գյուտի ստեղծում ուղղակիորեն չնախատեսող կապալի պայմանագրի կամ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների իրականացման պայմանագրերի կատարման շնորհիվ ստեղծված գյուտի արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է կապալառուին, եթե նրա և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Այս դեպքում պատվիրատուն իրավունք ունի արտոնագրի գործողության ամբողջ ժամկետով հասարակ անհատույց լիցենզիա ստանալու միջոցով օգտագործելու ստեղծված գյուտն այն նպատակներով, որոնց հասնելու համար կնքվել էր համապատասխան պայմանագիրը, եթե կապալի պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Կապալառուի կողմից արտոնագիր ստանալու իրավունքը կամ արտոնագիրն այլ անձին փոխանցելու դեպքում պատվիրատուն պահպանում է գյուտի օգտագործման իրավունքը սույն մասում նշված պայմաններով:

17. Եթե կապալառուի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է պատվիրատուին կամ նրա նշած երրորդ անձին, ապա կապալառուն իրավունք ունի արտոնագրի գործողության ամբողջ ժամկետով հասարակ անհատույց լիցենզիա ստանալու միջոցով օգտագործելու ստեղծած գյուտը սեփական կարիքների համար, եթե կապալի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

18. Արտոնագրատեր չհանդիսացող` սույն հոդվածի 16-րդ մասում նշված գյուտի հեղինակը վարձատրվում է սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն:

                  

 Հոդված 20. Արտոնագիր ստանալու իրավունքը

                   

1. Արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է հեղինակին, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ և փոխանցելի է օրենքով սահմանված կարգով:

2. Եթե գյուտն ստեղծվել է մի քանի ֆիզիկական անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով (համահեղինակությամբ), ապա արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է նրանց` համատեղ:

3. Եթե նույն գյուտն ստեղծվել է մի քանի ֆիզիկական անձանց կողմից` իրարից անկախ, ապա արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է այն անձին, որի հայտը, սույն օրենքի 43-րդ հոդվածի համաձայն, ունի ավելի վաղ ներկայացման թվական, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն` ավելի վաղ առաջնության թվական:

4. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ սույն հոդվածի 3-րդ մասում նշված գյուտերն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա հայտատուները ծանուցվում են այդ մասին՝ նշելով նաև հայտատուների համաձայնությամբ նրանց մեկ արտոնագիր տալու հնարավորության մասին: Նշված ծանուցումն ուղարկելու օրվանից՝ մեկ տարվա ընթացքում, համաձայնության չգալու դեպքում նրանց հայտերը համարվում են հետկանչված: Համաձայնության գալու դեպքում նրանց տրվող արտոնագրում նշվում են երկու հայտերում հիշատակված բոլոր հեղինակները, եթե նրանք չեն հրաժարվել որպես այդպիսին լինելուց:

5. Մինչև գյուտի պետական գրանցումը արտոնագիր ստանալու գործընթացի նպատակով հայտատուն կարող է արտոնագիր ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով փոխանցել այլ անձի:

                       

 Հոդված 21. Արտոնագրի նկատմամբ իրավունքը

               

1. Եթե մինչև հայտով արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է հայտատու չհամարվող այլ անձի` հայտարկված գյուտի արտոնագիր ստանալու իրավունքը, ապա նշված դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տվյալ անձը կարող է`

1) շարունակել հայտի գործընթացը՝ որպես հայտատու.

2) ներկայացնել նոր հայտ նույն գյուտի համար` օգտվելով նույն առաջնությունից.

3) հետ կանչել հայտը:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված դատական ակտի համար հայց է ներկայացվել, ապա գյուտի հայտը չի կարող հետ կանչվել առանց հայցվորի համաձայնության:

             

Հոդված 22. Արտոնագրի փոխանցումը դրա տնօրինման իրավունք ունեցող անձին

                

1. Եթե արտոնագիրը տրվել է մի անձի, որը, սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրավասու չէ ստանալու այն, ապա այդպիսի իրավասություն ունեցող անձը կարող է պահանջել արտոնագրի փոխանցումն իրեն` առանց վնաս հասցնելու որևէ այլ անձի համապատասխան իրավունքներին կամ շահերին, գործողություններին:

2. Եթե անձն իրավունք ունի միայն արտոնագրի մի մասի նկատմամբ, ապա կարող է պահանջել արտոնագրի համատիրապետում` սույն հոդվածի 1-ին մասի համաձայն:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված իրավունքները կարող են իրականացվել միայն արտոնագիր տալու մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակման օրվանից հետո` երեք տարվա ընթացքում: Նշված ժամկետային սահմանափակումը չի կիրառվում, եթե արտոնագրի ստացման կամ ձեռքբերման ժամանակ արտոնագրատերը գիտեր, որ նա չունի համապատասխան իրավունք:

4. Երրորդ անձանց ծանուցման նպատակով սույն օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներում նշված գործողությունների կատարման մասին դատական հայցի և դատարանի՝ ուժի մեջ մտած դատական ակտի մասին կամ շահագրգիռ կողմի պահանջով` որևէ այլ ձևով գործընթացն ավարտելու մասին գրառում է կատարվում գյուտերի պետական գրանցամատյանում կամ համապատասխան դեպքում` հայտերի հիմնապաշարում: Գյուտերի պետական գրանցամատյանում կատարված գրառումները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:

               

 Հոդված 23. Գյուտի օգտագործման հետ կապված հարաբերությունների կարգավորումն արտոնագիրը՝ այն ստանալու իրավունք ունեցող անձին փոխանցելու դեպքում

                 

1. Եթե արտոնագրատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով` սույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, ապա արտոնագրի հիման վրա երրորդ անձանց տրված ցանկացած լիցենզիա և այլ իրավունքներ չեղյալ են ճանաչվում նոր արտոնագրատիրոջ մասին տվյալները գյուտերի պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից:

2. Արտոնագրատերը և մինչև դատական հայցի ներկայացնելը լիցենզիա ստացած անձը, որոնք մինչև դրա գրանցումն սկսել են գյուտի օգտագործումը (գործողության մեջ են դրել գյուտը) կամ այդ նպատակով կատարել են արդյունավետ և կոնկրետ քայլեր, կարող են շարունակել օգտագործումը կամ սկսել այն, պայմանով, որ ոչ բացառիկ լիցենզիա ստանալու խնդրանքով նրանք դիմեն նոր արտոնագրատիրոջը, որի մասին տեղեկությունները գրանցվել են գյուտերի պետական գրանցամատյանում: Ոչ բացառիկ լիցենզիա ստանալու խնդրանքով նախկին արտոնագրատերը կարող է դիմել նոր արտոնագրատիրոջ մասին տեղեկությունները գյուտերի պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իսկ լիցենզիա ստացած անձը` պետական լիազոր մարմնի նոր արտոնագրատիրոջ մասին ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ չորս ամսվա ընթացքում: Լիցենզիան պետք է տրվի որոշակի ժամանակահատվածի համար և ողջամիտ պայմաններով, որոնք կողմերի համաձայնության չգալու դեպքում սահմանվում են հարկադրական լիցենզիաների համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ նախկին արտոնագրատերը կամ լիցենզառուն գործել է անբարեխիղճ այն ժամանակ, երբ սկսել է գյուտի օգտագործումը կամ քայլեր է կատարել դրա համար:

          

Հոդված 24. Արտոնագրից բխող բացառիկ իրավունքը

               

1. Արտոնագրով արտոնագրատիրոջը բացառիկ իրավունք է տրվում գյուտն օգտագործելու իր հայեցողությամբ, եթե դա չի խախտում այլ արտոնագրատերերի իրավունքները, ինչպես նաև երրորդ անձանց արգելելու`

1) եթե արտոնագրի առարկան արտադրանք է` առանց իր թույլտվության պատրաստել, օգտագործել, քաղաքացիական շրջանառության մեջ մտցնել, առաջարկել վաճառքի, վաճառել կամ ներմուծել կամ նշված գործողություններից մեկի նպատակով ձեռք բերել այդ արտադրանքը.

2) եթե արտոնագրի առարկան եղանակ է` առանց իր թույլտվության օգտագործել այդ եղանակը կամ առաջարկել այդպիսի օգտագործում, երբ երրորդ անձը գիտի թույլտվության անհրաժեշտության մասին, կամ դրա հանգամանքներն ակնհայտ են, ինչպես նաև քաղաքացիական շրջանառության մեջ մտցնել, առաջարկել վաճառքի կամ վաճառել այդ եղանակով անմիջականորեն ստացված արտադրանքը, օգտագործել, ներմուծել կամ նշված գործողություններից մեկի նպատակով ձեռք բերել այդ արտադրանքը:

2. Գյուտը համարվում է արտադրանքում կամ եղանակում օգտագործված, եթե արտադրանքը ներառում է, իսկ եղանակում կիրառված է գյուտի հավակնության սահմանման անկախ կետի յուրաքանչյուր հատկանիշը կամ վերջինիս համարժեքը, որը մինչև գյուտի առաջնության թվականը տեխնիկայի տվյալ բնագավառում հայտնի է դարձել որպես այդպիսին:

3. Գյուտի օգտագործված լինելը որոշելիս հավակնության սահմանման մեկնաբանումը կատարվում է սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի համաձայն:

4. Գյուտի արդյունքում յուրահատուկ հատկանիշներ ձեռք բերած կենսաբանական նյութի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է վերարտադրման կամ բազմացման եղանակով այդ կենսաբանական նյութից ստացված նույնական կամ դիվերգենտ (տարբերվող) ձև ունեցող միևնույն յուրահատուկ հատկանիշները ձեռք բերած ցանկացած կենսաբանական նյութի վրա:

5. Գյուտի արդյունքում յուրահատուկ հատկանիշներ ձեռք բերած կենսաբանական նյութի ստացման եղանակի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է անմիջականորեն այդ եղանակով ստացված կենսաբանական նյութի վրա և վերարտադրման կամ բազմացման եղանակով անմիջականորեն այդ կենսաբանական նյութից ստացված նույնական կամ դիվերգենտ (տարբերվող) ձև ունեցող և միևնույն յուրահատուկ հատկանիշները ձեռք բերած ցանկացած այլ կենսաբանական նյութի վրա:

6. Գենետիկական տեղեկատվություն պարունակող կամ դրանից բաղկացած արտադրանքի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է ցանկացած նյութի վրա, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշվածի, որի մեջ այդ արտադրանքը ներառված է, և որը պարունակում է այդ գենետիկական տեղեկատվությունը և կատարում է դրա ֆունկցիան:

7. Արտադրանքի ստացման եղանակի արտոնագրի գործողությունը տարածվում է նաև անմիջականորեն այդ եղանակով ստացված արտադրանքի վրա: Ընդ որում, արտադրանքը համարվում է արտոնագրված եղանակով ստացված, եթե ապացուցված չէ, որ դա ստացվել է այլ եղանակով: Այս դեպքում ապացուցման պարտավորությունը դրվում է պատասխանողի վրա, եթե արտոնագրված եղանակով ստացված արտադրանքը նոր է:

8. Արտոնագիրն արտոնագրատիրոջն իրավունք է տալիս նաև արգելելու երրորդ անձանց` առանց իր համաձայնության այլ անձի փոխանցել կամ ոչ իրավասու անձանց առաջարկել գյուտի համար կարևոր տարրերը գյուտն օգտագործելու նպատակով այն դեպքում, երբ երրորդ անձը գիտի, կամ հանգամանքների բերումով ակնհայտ է դառնում, որ այդ տարրերը հնարավորություն են տալիս գյուտն օգտագործելու և օգտագործվում են այդ նպատակով: Այս դրույթը չի կիրառվում, երբ նշված տարրերը շուկայում առկա սովորական արտադրանք են, քանի դեռ երրորդ կողմը շահագրգիռ անձին չի դրդել կատարելու սույն հոդվածի 1-ին մասով արգելված գործողությունները:

9. Արտոնագրից բխող իրավական պահպանության ծավալը և գյուտին տրվող ժամանակավոր իրավական պահպանության ծավալը որոշվում են հավակնության սահմանման այն ծավալով, որը մատչելի է դարձել հանրությանը (հրապարակվել է), պայմանով, որ այն չի գերազանցում սկզբնական հայտում նշված հավակնությունները: Գյուտի նկարագրությունը և գծագրերն օգտագործվում են միայն հավակնության սահմանման մեկնաբանման համար:

10. Հավակնության սահմանման մեկնաբանումը կայանում է ոչ միայն դրա ոչ պարզ կամ անորոշ դրույթների հաղթահարման, այլ նաև դրա լիարժեք և իրական բովանդակության որոշման մեջ: Միևնույն ժամանակ, բացառվում են հավակնության սահմանման ինչպես բառացի (սահմանափակող), այնպես էլ ծայրահեղ լայն (հաշվի առնելով ամբողջ նկարագրությունը և գծագրերը, նպատակ ունենալով բացահայտելու ընդհանուր գյուտարարական մտահղացումը) մեկնաբանությունները:

                     

Հոդված 25. Արտոնագրից բխող բացառիկ իրավունքի խախտում չհամարվող գործողությունները

            

1. Սույն օրենքի 24-րդ հոդվածում նշված` արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում արտոնագրով պահպանվող գյուտի օգտագործումը`

1) անձնական կարիքների համար` առանց եկամուտ ստանալու նպատակի.

2) որպես գիտափորձի կամ գիտական հետազոտության առարկա.

3) բժշկի դեղատոմսով դեղատներում դեղորայքի միանգամյա պատրաստման դեպքում.

4) այլ պետությանը պատկանող և պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի վրա, եթե դա պայմանավորված է բացառապես փոխադրամիջոցի կարիքներով, և փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին և (կամ) կազմակերպություններին, որը նույնպիսի իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին.

5) բժշկական (այդ թվում` ֆիտոսանիտարական) արտադրանքի փորձարկման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրությունների, թեստերի և փորձերի կատարման համար արտոնագրի ժամկետն ավարտվելուն նախորդող երկու տարվա ընթացքում.

6) արտակարգ իրավիճակների դեպքում, ինչպես նաև պետության անվտանգության ապահովման նպատակով՝ այդպիսի օգտագործման մասին հնարավորինս շուտ տեղեկացնելով արտոնագրատիրոջը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գյուտի օգտագործումը թույլատրվում է պայմանով, որ այն չարդարացված վնաս չի պատճառում արտոնագրված գյուտի բնականոն օգտագործմանը և չհիմնավորված կերպով չի խախտում արտոնագրատիրոջ օրինական շահերը, և որի դեպքում հաշվի են առնվում երրորդ անձանց օրինական շահերը: Հակառակ դեպքում արտոնագրատերն ունի գյուտի չթույլատրված օգտագործման արդյունքներով կրած նյութական վնասի չափին համապատասխան հատուցում ստանալու իրավունք:

3. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում վերարտադրման կամ բազմացման միջոցով ստացված կենսաբանական նյութի վրա, որն արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետությունում, երբ վերարտադրումը կամ բազմացումը անհրաժեշտաբար բխում է այն կիրառությունից, որի համար կենսաբանական նյութը շուկա է հանվել, պայմանով, որ ստացված նյութը հետագայում չի օգտագործվի այլ վերարտադրման կամ բազմացման համար:

4. Որպես սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-6-րդ մասերի բացառություն՝ գյուղատնտեսական օգտագործման նպատակով բույսի վերարտադրման նյութի վաճառքը ֆերմերին կամ այլ ձևով դրա առևտրայնացումն արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ, իրավունք է տալիս ֆերմերին վերարտադրման կամ բազմացման նպատակով օգտագործելու իր բերքի արդյունքն իր հողամասում:

5. Որպես սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-6-րդ մասերի բացառություն՝ բազմացող ընտանի կամ այլ կենդանիների վերարտադրության նյութի վաճառքը ֆերմերին, կամ այլ ձևով դրա առևտրայնացումը արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ իրավունք է տալիս ֆերմերին այդ նյութով վերարտադրված կենդանին օգտագործելու գյուղատնտեսական նպատակներով: Սա ներառում է կենդանուց կամ դրա բազմացումից ստացված արգասիքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հնարավորությունը, բացառությամբ առևտրային շրջանակներում կամ այդ նպատակներով բազմացման գործունեության:

            

 Հոդված 26. Վաղօրոք օգտագործման իրավունքը

      

1. Ցանկացած անձ, որը մինչև արտոնագրով պահպանվող գյուտի առաջնության թվականը Հայաստանի Հանրապետության տարածքում բարեխղճորեն օգտագործել է դրա հեղինակից անկախ ստեղծված նույնական լուծումը կամ դրա համար կատարել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը` այդպիսի օգտագործման ծավալի չընդլայնման պայմանով (վաղօրոք օգտագործման իրավունք):

2. Վաղօրոք օգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել այլ ֆիզիկական անձի կամ կազմակերպության միայն այն արտադրության հետ, որտեղ օգտագործվել է նույնական լուծումը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

          

Հոդված 27.  Արտոնագրից բխող իրավունքների սահմանափակումները

                    

1. Արտոնագրատերը կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձն իրավունք չունի արգելելու արտոնագրով պահպանվող գյուտ պարունակող կամ արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը, եթե այդ արտադրանքը կամ իրը Հայաստանի Հանրապետությունում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ կամ որևէ այլ օրինական ձևով, ինչպիսիք են հարկադրական լիցենզիաները:

2. Արտոնագրատերը կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձն իրավունք չունի արգելելու նաև արտոնագրով պահպանվող գյուտ պարունակող կամ արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, եթե դա արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ, կամ որևէ այլ օրինական ճանապարհով, ինչպիսիք են հարկադրական լիցենզիաները, քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել այլ երկրում, որի հետ գործում է ընդհանուր շուկայի կամ ընդհանուր մաքսային սահմանի մասին միջազգային պայմանագիր:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում ավելի վաղ առաջնություն ունեցող այլ արտոնագրերի խախտման համար իր դեմ հարուցված գործում պաշտպանվելու նպատակով արտոնագրատերը չի կարող հիմնվել իր արտոնագրի վրա:

4. Այն փաստը, որ արտոնագրված գյուտը չի կարող կիրառվել առանց այլ անձի ավելի վաղ արտոնագրով պահպանվող գյուտը (առաջին գյուտ) օգտագործելու, խոչընդոտ չի հանդիսանում տվյալ գյուտի (երկրորդ գյուտ) արտոնագրի գործողության համար: Այսպիսի դեպքերում առաջին արտոնագրատերը չի կարող երկրորդ գյուտն օգտագործել դրա արտոնագրի գործողության ընթացքում` առանց դրա արտոնագրատիրոջ համաձայնության, ոչ էլ երկրորդ արտոնագրատերը կարող է օգտագործել այդ երկու գյուտերից որևէ մեկն առաջին արտոնագրի գործողության ընթացքում, մինչև չստանա առաջին արտոնագրատիրոջ համաձայնությունը կամ հարկադրական լիցենզիա:

                 

 Հոդված 28. Գյուտի արտոնագրի գործողության ժամկետը
                       

1. Գյուտի արտոնագիրը գործում է 20 տարի, որը հաշվարկվում է հայտը ներկայացնելու օրվանից:

2. Պատերազմների, տարերային աղետների կամ նմանատիպ այլ անկանխատեսելի իրադարձությունների դեպքում արտոնագրատիրոջ հիմնավորված դիմումի հիման վրա պետական լիազոր մարմինը գյուտի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգել մեկ անգամ՝ առավելագույնը հինգ տարով:

3. Գյուտի արտոնագրով պահպանված գյուտի առարկա համարվող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաև այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին և դրանց ստացման եղանակներին, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով ստանալ համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը, կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված լրացուցիչ իրավական պահպանությունը տրամադրվում է սույն օրենքի 9-րդ գլխում նախատեսված պայմաններին համապատասխան:

               

Հոդված 29. Գյուտի կարճաժամկետ արտոնագրի գործողության ժամկետը

       

1. Գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործում է 10 տարի, որը հաշվարկվում է հայտը ներկայացնելու օրվանից:

             

Հոդված 30. Իրավունքների ծագումը

            

1. Սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված իրավունքները ծագում են գյուտը համապատասխան պետական գրանցամատյանում գրանցելու թվականից:

2. Գյուտի հայտի հրապարակման թվականից մինչև արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականն ընկած ժամանակահատվածում գյուտին տրվում է ժամանակավոր իրավական պահպանություն, որի ծավալը որոշվում է գյուտի հրապարակված հավակնության սահմանումով, որը տրված է արտոնագիր տալու մասին պետական լիազոր մարմնի որոշման մեջ:

3. Արտոնագրատերն իրավունք ունի արտոնագիրն ստանալուց հետո սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածում գյուտն օգտագործող երրորդ անձից պահանջելու համապատասխան հատուցում այդպիսի օգտագործման համար: Հատուցման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամանակավոր իրավական պահպանությունը կիրառվում է նաև մինչև հայտի հրապարակումն ընկած ժամանակահատվածի համար, եթե գյուտն օգտագործող երրորդ անձը տեղեկացված է տվյալ գյուտի հայտի ներկայացված լինելու և դրա բովանդակության մասին:

5. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը միկրոօրգանիզմներին վերաբերող գյուտերի նկատմամբ կիրառվում են այն թվականից, որից սկսած տվյալ միկրոօրգանիզմը հասարակության համար դարձել է մատչելի:

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամանակավոր իրավական պահպանության գործողությունը համարվում է առ ոչինչ, եթե, սույն օրենքի համաձայն, գյուտի հայտը հետ է կանչվել կամ հետկանչված է համարվել կամ հայտը մերժվել է, և սույն օրենքով նախատեսված դրա բողոքարկման հնարավորությունները սպառված են:

             

ԳԼՈՒԽ 4

           

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

           

 Հոդված 31. Առաջնության իրավունքը

                   

1. Գյուտի առաջնությունը որոշվում է հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականով:

2. Առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետություն ներկայացնելու թվականով (միջազգային առաջնություն), եթե գյուտի հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվել նշված թվականից՝ 12 ամսվա ընթացքում:

3. Առաջնության իրավունքից օգտվելու համար հայտատուն հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից՝ երկու ամսվա ընթացքում, պետք է պետական լիազոր մարմնին հայտնի այդ մասին՝ նշելով խնդրարկվող առաջնության թվականը, վճարի օրենքով սահմանված պետական տուրքը յուրաքանչյուր խնդրարկվող առաջնության համար, և առաջին հայտի ներկայացման թվականից, իսկ եթե առաջին հայտերը մի քանիսն են` այդպիսի հայտերի ամենավաղ ներկայացման թվականից՝ 16 ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմնին ներկայացնի առաջին հայտի` այն ստացած գերատեսչության վավերացրած պատճենը: Սույն պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող առաջնությունը չի տրամադրվում:

4. Անհրաժեշտության դեպքում պետական լիազոր մարմինը հայտատուից կարող է պահանջել առաջին հայտի հայերեն թարգմանությունը, որը ներկայացվում է այդ մասին հարցումն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում:

5. Մի քանի առաջնություններ կարող են խնդրարկվել մի քանի առաջին հայտերի հիման վրա, որոնք ներկայացվել են մեկ կամ մի քանի երկրներում: Անհրաժեշտության դեպքում հավակնության սահմանման միևնույն կետի համար կարող են խնդրարկվել մի քանի առաջնություններ: Եթե խնդրարկվել են մի քանի առաջնություններ, առաջնություն խնդրարկելու ժամկետը հաշվարկվում է ամենավաղ առաջնության թվականից:

6. Մեկ կամ մի քանի առաջնություն սահմանելիս, առաջնության իրավունքը տարածվում է միայն հավակնության սահմանման մեջ բնութագրված գյուտերի վրա, պայմանով, որ դրանք ներառված են առաջին հայտում կամ հայտերում, որոնց հիման վրա խնդրարկվում է առաջնությունը:

7. Եթե առաջնությունը խնդրարկվում է գյուտի համար, որի որոշ հատկանիշներ, ներառված չեն առաջին հայտի հավակնության սահմանման մեջ, առաջնության իրավունքի տրամադրման համար բավարար է, որ այդ հատկանիշները առկա լինեն առաջին հայտի նկարագրության մեջ կամ գծագրերում:

8. Գյուտի արտոնագիր ստանալու հայտով հայտատուն կարող է առաջնություն խնդրարկել կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի հիման վրա, իսկ կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտով` գյուտի արտոնագիր ստանալու հայտի հիման վրա:

9. Գյուտի առաջնությունը կարող է որոշվել նույն գյուտի էությունը բացահայտող նույն հայտատուի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականով (ներքին առաջնություն), պայմանով, որ այն հետկանչված չէ այն հայտի ներկայացման թվականի դրությամբ, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, եթե նոր հայտը պետական լիազոր մարմին ներկայացվել է սկզբնական հայտի ներկայացման թվականից սկսած՝ 12 ամսվա ընթացքում: Այս դեպքում սկզբնական հայտը համարվում է հետկանչված:

10. Առաջնությունը չի կարող որոշվել այն հայտով, որով արդեն խնդրարկվել է ավելի վաղ առաջնություն:

11. Գյուտի առաջնությունը, որի հայտը ներկայացվել է սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտից այն առանձնացնելու հետևանքով (զատված հայտ), որոշվում է միևնույն հայտատուի կողմից պետական լիազոր մարմին ներկայացված սկզբնական հայտի ներկայացման թվականով, իսկ սկզբնական հայտով ավելի վաղ առաջնություն խնդրարկելու իրավունք ունենալու դեպքում` հաշվի առնելով այդ իրավունքի հիման վրա խնդրարկված առաջնության թվականով, եթե զատված հայտը ներկայացվել է մինչև սկզբնական հայտով կայացրած՝ արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը, իսկ սկզբնական հայտով կայացրած՝ արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան մինչև սկզբնական հայտով արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումը, պայմանով, որ զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետկանչված կամ հետկանչված համարված չէ:

12. Առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված մի քանի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտերով` յուրաքանչյուրի նկատմամբ պահպանելով սույն հոդվածի 9-րդ և 11-րդ մասերով սահմանված կարգը:

           

 Հոդված 32. Ժամանակավոր իրավական պահպանությունը որոշ միջազգային ցուցահանդեսներում

                           

 1. Անձը, որը գյուտն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրում է պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Փարիզյան կոնվենցիային մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետությունում, կարող է ցուցահանդեսի փակման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել` խնդրարկելով առաջնություն, որը սահմանվում է ցուցահանդեսում գյուտն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրման առաջին օրով (ցուցահանդեսային առաջնություն):

2. Անձը, որը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, խնդրարկում է ցուցահանդեսային առաջնություն, պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից՝ եռամսյա ժամկետում, նշում է ցուցահանդեսի տեսակը, դրա անցկացման վայրը, բացման և փակման թվականները, ցուցադրման առաջին օրը և ներկայացնում է ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիր, որը տվել է ցուցահանդեսը կազմակերպած մարմինը: Նշված պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի տրամադրվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի երկարաձգում սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված միջազգային առաջնության խնդրարկման ժամկետը:

                 

 Հոդված 33. Խնդրարկվող առաջնության ճշգրտումը կամ լրացումը

         

1. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար հայտատուն կարող է դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին առաջնության թվականից, կամ եթե ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն` այդ փոփոխված առաջնության թվականից՝ 16 ամսվա ընթացքում, պայմանով, որ այդ դիմումը պետական լիազոր մարմին է ներկայացվում հայտը ներկայացնելու թվականից՝ չորս ամսվա ընթացքում:

2. Դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` ցանկացած դիմում, որը պետական լիազոր մարմին է ներկայացվել, սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հայտի վաղաժամկետ հրապարակման մասին հայտատուի դիմումից հետո, համարվում է չներկայացված, եթե համապատասխան հրապարակման օրվան անմիջականորեն նախորդող տասներորդ աշխատանքային օրվա դրությամբ հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումը հետ չի կանչվել:

4. Եթե խնդրարկվող առաջնության ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն, ապա սահմանված ժամկետները հաշվարկվում են փոփոխված առաջնության թվականից:

         

Հոդված 34. Առաջնության իրավունքի վերականգնումը

             

1. Եթե հայտը, որով խնդրարկվում է միջազգային առաջնություն, հայտատուի կողմից պետական լիազոր մարմին է ներկայացվել ուշացումով` առաջին հայտի ներկայացման թվականից՝ 12 ամիս լրանալուց հետո, ապա հայտատուն կարող է առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին (եթե նշված ժամկետի խախտումը տեղի է ունեցել հայտատուից անկախ հանգամանքներով):

2. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը պետական լիազոր մարմին ներկայացվում է առաջնության թվականի խնդրարկման ժամկետի ավարտից հետո` երկու ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտի հրապարակման օրվանից՝ 10 աշխատանքային օր առաջ: Դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

3. Եթե առաջին հայտի վավերացված պատճենը չի ներկայացվել պետական լիազոր մարմին սույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում, ապա պետական լիազոր մարմինը կարող է վերականգնել առաջնության իրավունքը հետևյալ պայմանները պահպանելու դեպքում.

1) համապատասխան դիմումը հայտատուն ներկայացրել է մինչև սույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ավարտը՝ դիմումին կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը.

2) հայտատուն պետական լիազոր մարմին ներկայացրել է ապացույց այն մասին, որ առաջին հայտի պատճենի խնդրարկման դիմումը տվյալ հայտը գրանցած գերատեսչություն ներկայացվել է ոչ ուշ, քան առաջին հայտի ներկայացման թվականից 14 ամիս լրանալը.

3) առաջին հայտի վավերացված պատճենը պետական լիազոր մարմին է ներկայացվել երկու ամսվա ընթացքում այն օրվանից, երբ առաջին հայտը գրանցած գերատեսչությունը հայտատուին տվել է համապատասխան պատճենը:

          

 Հոդված 35.

Սահմանված ժամկետների երկարաձգումը

           

1. Մինչև որոշակի գործողություններ կատարելու համար սույն օրենքով սահմանված ժամկետների ավարտը հայտատուն կամ արտոնագրատերը կարող է դրանց երկարաձգման մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին` կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Պետական լիազոր մարմինը կարող է սահմանված ժամկետները երկարաձգել առավելագույնը վեց ամսով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածով, 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 36-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 41-րդ հոդվածի 3-րդ մասով, 46-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 52-րդ հոդվածի 1-ին մասով, 57-րդ հոդվածի 1-ին մասով, 59-րդ հոդվածի 1-ին մասով, 62-րդ հոդվածով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 64-րդ հոդվածի 1-ին մասով և 81-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանված ժամկետները չեն երկարաձգվում:

3. Սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումը չի կարող մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել դիմումի հնարավոր մերժման մասին` ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

            

 Հոդված 36. Սահմանված ժամկետները խախտելու դեպքում հայտով գործավարությունը
                 

1. Հայտատուն, որը սահմանված ժամկետում չի կատարել գյուտի նկատմամբ իրավունքների ձեռքբերման գործընթացներին առնչվող պարտադիր գործողությունները և դրա հետևանքով կորցրել է հայտի նկատմամբ ունեցած իրավունքը, կարող է դիմել պետական լիազոր մարմին` իր իրավունքը վերականգնելու և հայտով գործավարությունը շարունակելու խնդրանքով:

2. Հետագա գործավարությունը շարունակելու մասին դիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտման և դրա իրավական հետևանքների մասին ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, հայտատուն պետք է ավարտի չկատարված գործողությունը և վճարի օրենքով սահմանված պետական տուրքը: Նշված ժամկետում պահանջվող գործողությունը չկատարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

3. Պետական լիազոր մարմինը չի կարող բավարարել հետագա գործավարությունը շարունակելու մասին հայտատուի դիմումը, եթե դա վերաբերում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի, ինչպես նաև պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման մասին, իրավունքների վերականգնման մասին, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման մասին, կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում կամ առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, կամ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքերի վճարման ժամկետների խախտմանը:

4. Հետագա գործավարությունը շարունակելու մասին դիմումը չի կարող մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել դիմումի հնարավոր մերժման մասին` ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

           

 Հոդված 37. Իրավունքների վերականգնումը
         

1. Պետական լիազոր մարմնի առջև գործավարություն իրականացնող կողմը, որը, սույն օրենքի և վերջինիս կիրարկումն ապահովող կարգերի համաձայն, պետական լիազոր մարմնի սահմանած ժամկետներում չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, կարող է վերականգնել իր իրավունքները, եթե սահմանված ժամկետի խախտումը հանգեցնում է հայտի կամ ցանկացած դիմումի հետկանչմանը, մերժմանը կամ իրավունքից զրկմանը, և պետական լիազոր մարմինը համարում է, որ ժամկետների խախտումը տեղի է ունեցել հայտատուից անկախ հանգամանքներով:

2. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի խախտման պատճառի վերացման պահից, կամ եթե կողմը հետագայում ծանուցվել է սահմանված ժամկետի խախտման մասին` այդ մասին ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո պահանջված գործողությունները կատարելու դեպքում` կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Նշված պահանջների չկատարման դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

3. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի կարող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման հնարավորության մասին` ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

4. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, իսկ եթե դիմումը վերաբերում է տարեկան պետական տուրքերի չվճարմանը` ոչ ուշ, քան սույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

5. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի բավարարվում, եթե դա վերաբերում է սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներին, պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման, հետագա գործավարությունը շարունակելու, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման, կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին:

6. Եթե իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելիս նշված չեն եղել ժամկետը բաց թողնելու պատճառները, ապա կողմն այդ տվյալները ներկայացնում է այդ մասին պետական լիազոր մարմնի ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում:

        

 Հոդված 38. Դիմումի կամ հայտի հետկանչումը
         

1. Գործավարության ցանկացած փուլում հայտատուն կարող է հետ կանչել պետական լիազոր մարմին ներկայացրած իր ցանկացած դիմումը կամ հայտը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Հայտի վերաբերյալ ներկայացրած իր ցանկացած դիմումը հայտատուն կարող է հետ կանչել այն ներկայացնելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Մի քանի հայտատուների դեպքում դիմումը կամ հայտը կարող է հետ կանչվել միայն նրանց բոլորի գրավոր համաձայնությամբ:

4. Դիմումը կամ հայտը համարվում է հետկանչված` պետական լիազոր մարմնի կողմից դրա հետկանչման դիմումն ստանալու օրվանից:

5. Հայտի հետկանչման մասին հայտատուի դիմումի հիման վրա կամ հայտը հետկանչված համարելու մասին որոշման դեպքում սույն օրենքով նախատեսված կարգով նշված որոշման բողոքարկման հնարավորությունների ամբողջությամբ սպառվելուց հետո պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություն է հրապարակում տվյալ հայտով գործավարությունն ավարտելու մասին:

6. Եթե հայտատուն հայտը հետ է կանչում ավելի ուշ, քան հայտի հրապարակման օրվանից՝ 10 աշխատանքային օր առաջ, որից հետո հայտը հրապարակվել է, ապա հրապարակված հայտը չի կարող, սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կազմել տեխնիկայի նախորդող մակարդակի առանձին մաս:

         

 Հոդված 39. Վրիպակների ուղղումը
           

1. Պետական լիազոր մարմինը կարող է ցանկացած ժամանակ իր նախաձեռնությամբ, հայտատուի կամ արտոնագրատիրոջ դիմումի համաձայն` անվանումների, թվականների, համարների և այլնի հետ կապված վրիպակների վերաբերյալ ուղղումներ կատարել իր հրապարակումներում և գրանցամատյաններում:

2. Հայտատուի կամ արտոնագրատիրոջ թույլ տված վրիպակների ուղղման համար ներկայացվող դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

3. Ուղղված վրիպակների մասին տեղեկությունները հրապարակվում են պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում:

                   

ԳԼՈՒԽ 5

    

ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

      

 Հոդված 40. Հայտին ներկայացվող պահանջները
             

1. Հայտը ներառում է`

1) դիմում` արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին.

2) գյուտի նկարագրությունը.

3) գյուտի հավակնության սահմանումը, որը ներառում է առնվազն մեկ անկախ կետ.

4) գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի էությունը հասկանալու համար.

5) գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):

2. Հայտին կցվում են`

1) լիազորագիր, եթե այն ներկայացվել է արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի միջոցով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) Հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանությունը, եթե, սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հայտը ներկայացվել է այլ լեզվով.

3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե պետական տուրքը վճարվել է նվազեցված դրույքաչափով, նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը հաստատող փաստաթուղթ` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:

3. Հայտը պետք է պարունակի տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հեղինակին (հեղինակներին) և հայտատուին (հայտատուներին):

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերի պահանջներին համապատասխանող հայտը համարվում է ճիշտ ձևակերպված ազգային հայտ:

5. Հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է Կառավարությունը:

             

 Հոդված 41. Հայտի ձևակերպումը և ներկայացման ձևերը

            

1. Հայտը ձևակերպվում է Կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

2. Հայտը պետական լիազոր մարմին ներկայացվում է գրավոր, առձեռն կամ փոստային առաքմամբ, կամ հաղորդակցության էլեկտրոնային միջոցներով` սույն օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանած Կարգով:

3. Եթե հայտ ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարված է ոչ լրիվ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից՝ երկամսյա ժամկետում, լրավճարել պետական տուրքը:

          

 Հոդված 42. Հայտի լեզուն

           

1. Արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը ներկայացվում է հայերեն:

2. Հայտի մյուս փաստաթղթերը ներկայացվում են հայերեն: Այլ լեզվով դրանք ներկայացնելու դեպքում, հայտատուն պարտավոր է պետական լիազոր մարմին ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը` հայտը ներկայացնելու օրվանից՝ եռամսյա ժամկետում:

3. Պետական լիազոր մարմինը հայտով գործավարությունն իրականացնում է հայերեն:

         

 Հոդված 43. Հայտի ներկայացման թվականը
              

1. Պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտի ստացման թվականով և հայտին տալիս է գրանցման հերթական համար, եթե այն պարունակում է առնվազն`

1) հիշատակում (դիմում) այն մասին, որ հայտով խնդրարկվում է գյուտի արտոնագիր կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր,

2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ,

3) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի նկարագրություն:

2. Միջազգային հայտի ներկայացման թվականը սահմանվում է ԱՀՊ-ին համապատասխան:

             

 Հոդված 44. Հայտին ներկայացվող պահանջների բովանդակությունը
                 

1. Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումում նշվում են տվյալներ հայտատուի մասին (անունը, ազգանունը և բնակության վայրը կամ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը), գյուտի անվանումը, որը բնորոշում է գյուտի առարկան և պետական լիազոր մարմնի սահմանած այլ տվյալներ:

2. Գյուտի նկարագրության մեջ նշվում է` գյուտի անվանումը, տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը, տեղեկատվություն` տեխնիկայի մակարդակի մասին և հայտատուին հայտնի` պահանջվող տեխնիկական արդյունքի ստացմանը խոչընդոտող պատճառները, տեխնիկական խնդիրը, որի լուծմանը նպատակաուղղված է գյուտը, տեխնիկական խնդրի տեխնիկական լուծման նկարագրությունը և տեխնիկական արդյունքը, որը կարելի է ստանալ գյուտի կիրառմամբ:

3. Եթե գյուտը վերաբերում է կենսաբանական նյութի, որը մատչելի չէ հանրությանը և չի կարող որոշակիորեն նկարագրվել տվյալ բնագավառի մասնագետի կողմից դա իրագործելու համար բավարար չափով, ապա այդ գյուտի նկարագրությունը լրացվում է Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին Բուդապեշտյան պայմանագրի Հրահանգի 7-րդ հոդվածի համաձայն տրված կամ միկրոօրգանիզմների ավանդադրման հարցերով Կառավարության լիազորած հաստատության տված կենսաբանական նյութի ավանդադրման մասին տեղեկանքով: Ավանդադրման թվականը պետք է նախորդի հայտի ներկայացման թվականին, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում` գյուտի առաջնության թվականին:

4. Գյուտի հավակնության սահմանումը տեխնիկական հատկանիշների համախմբության միջոցով որոշում է գյուտի առարկան, որի համար խնդրարկվում է իրավական պահպանություն: Հավակնության սահմանումը, որը ներկայացվում է մեկ կամ ավելի կետերով, պետք է լինի պարզ, հստակ և ամբողջապես հիմնված նկարագրության վրա:

5. Գծագրերը և այլ նյութերը ծառայում են գյուտի էությունը հասկանալուն:

6. Գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատը) գյուտի բովանդակության համառոտ շարադրանքն է և ծառայում է միայն արտոնագրային որոնման նպատակներին: Համառոտ շարադրանքը ներառում է գյուտի անվանումը, տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը և (կամ) գյուտի կիրառման բնագավառը, եթե այն պարզ չէ գյուտի անվանումից, գյուտի էության բնութագիրը` նշելով ստացվող տեխնիկական արդյունքը: Համառոտ շարադրանքը չի կարող օգտագործվել այլ նպատակներով, մասնավորապես գյուտի իրավական ծավալի մեկնաբանման նպատակով:

             

 Հոդված 45. Գյուտի բացահայտումը
            

1. Գյուտը պետք է հայտում բացահայտված լինի գիտատեխնիկական տեսանկյունից այնքան պարզ, ամբողջական և հստակ, որ այն հնարավոր լինի իրագործել տվյալ բնագավառի մասնագետի կողմից:

       

 Հոդված 46. Հայտի փոխակերպումը

            

1. Մինչև հայտի հրապարակումը, բայց ոչ ուշ, քան հայտի հրապարակման օրվանից՝ 10 աշխատանքային օր առաջ, իսկ հայտի նախնական փորձաքննության արդյունքում գյուտի արտոնագիր տալը մերժելու կամ հայտը հետկանչված համարելու մասին որոշման դեպքում` մինչև սույն օրենքով նախատեսված կարգով նշված որոշման բողոքարկման հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը, հայտատուն կարող է դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին` տվյալ հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի փոխակերպելու խնդրանքով:

2. Հայտատուի դիմումի համաձայն` պետական լիազոր մարմինը գյուտի արտոնագիր ստանալու հայտը փոխակերպում է գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի:

3. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտը կարող է փոխակերպվել գյուտի արտոնագիր ստանալու հայտի՝ մինչև գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու վերաբերյալ պետական լիազոր մարմնի որոշման կայացումը, իսկ արտոնագիր տալը մերժելու կամ հայտը հետկանչված համարելու մասին որոշման դեպքում` մինչև սույն օրենքով նախատեսված կարգով նշված որոշման բողոքարկման հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը:

4. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված փոխակերպումների ժամանակ պահպանվում են սկզբնական հայտով սահմանված առաջնությունը և հայտի ներկայացման թվականը:

           

 Հոդված 47.  Գյուտի միասնության պահանջը

             

1. Գյուտի հայտը կարող է վերաբերել մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող գյուտերի խմբի (գյուտի միասնության պահանջ):

2. Եթե գյուտի հայտում ներկայացվում է գյուտերի խումբ, գյուտի միասնության պահանջը համարվում է կատարված միայն այն դեպքում, երբ այդ գյուտերի միջև առկա է տեխնիկական փոխադարձ կապ, որն արտահայտվում է մեկ կամ մի քանի միանման կամ համապատասխան «հատուկ տեխնիկական հատկանիշներով, այսինքն` այնպիսի տեխնիկական հատկանիշներով, որոնք որոշում են տեխնիկայի մակարդակի մեջ գյուտերից յուրաքանչյուրի ներդրումը:

3. Գյուտի հայտը, որը չի բավարարում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, հայտատուի նախաձեռնությամբ կամ պետական լիազոր մարմնի առաջարկով, սույն օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասում նշված ժամկետում կարող է բաժանվել մեկ կամ մի քանի զատված հայտ ներկայացնելու միջոցով:

4. Զատված հայտը կարող է ներկայացվել գյուտի միայն այն տարրերի համար, որոնք դուրս չեն գալիս սկզբնական (ավելի վաղ) հայտի շրջանակներից, այն տեսքով, ինչպես այն եղել է ներկայացված:

5. Զատված հայտը, որը բավարարում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, պահպանում է սկզբնական (ավելի վաղ) հայտով սահմանված առաջնությունը և հայտի ներկայացման թվականը:

6. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դրույթների կիրառումն ապահովող ընթացակարգը և պահանջները, որոնց պետք է բավարարի զատված հայտը, սահմանվում են Կարգով:

                   

ԳԼՈՒԽ 6

      

ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒՆ ՆԱԽՈՐԴՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

            

 Հոդված 48. Հայտի փորձաքննությունը

          

1. Պետական լիազոր մարմինը, Կարգի համաձայն, ստուգում է հայտի և դրա առարկա հանդիսացող գյուտի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահանջներին: Այդ նպատակով պետական լիազոր մարմինն անցկացնում է հայտի ձևական և նախնական փորձաքննություն և, սույն օրենքով սահմանված դեպքում` ըստ էության փորձաքննություն:

2. Հայտի փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմինն իրավունք ունի հայտատուից պահանջելու հայտատուի կամ հեղինակի անձը ճշտելու, ճիշտ ձևակերպված ազգային հայտին կամ արտոնագրաունակության պայմանների բավարարմանը վերաբերող լրացուցիչ նյութեր, որոնք համարում է անհրաժեշտ: 

         

 Հոդված 49. Հայտի ձևական փորձաքննությունը

              

1. Ձևական փորձաքննության անցկացման ընթացքում պետական լիազոր մարմինն ստուգում է հայտի համապատասխանությունը, սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հայտի ներկայացման թվականը սահմանելու պահանջներին:

2. Եթե ստուգման արդյունքներով պարզվում է, որ ստացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին, պետական լիազոր մարմինը դրանք ստանալու օրվանից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին ծանուցում է հայտատուին` ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, բացակայող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացնելու առաջարկությամբ: Սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները պետական լիազոր մարմին չներկայացվելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, որի մասին ծանուցվում է հայտատուն:

3. Եթե ստուգման արդյունքներով պարզվում է, որ ստացված փաստաթղթերը համապատասխանում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է դրանց ստացման թվականով: Եթե սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հայտի փաստաթղթերը համապատասխանեցվել են սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է դրանցից վերջինի ստացման թվականով, եթե պահանջված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները պետական լիազոր մարմին ներկայացվել են ոչ միաժամանակ: Հայտի ներկայացման թվականը սահմանելու դեպքում պետական լիազոր մարմինը հայտը գրանցում է գյուտերի հայտերի հիմնապաշարում:

4. Եթե հայտի ներկայացման թվականը սահմանելիս պետական լիազոր մարմինը գտնում է, որ գյուտի նկարագրության մասը կամ գծագիրը, որին հղում է կատարված, բացակայում է, ապա նա այդ մասին ծանուցում է հայտատուին` ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, բացակայող նյութերը ներկայացնելու առաջարկությամբ:

5. Հայտատուի նշած եռամսյա ժամկետում ծանուցագրում նշված նկարագրության բացակայող մասը կամ բացակայող գծագիրը ներկայացնելու դեպքում դրանք ներառվում են հայտի կազմում: Այս դեպքում հայտի ներկայացման թվականը սահմանվում է նկարագրության այդ մասի կամ գծագրի ստացման թվականով: Եթե պահանջված փաստաթղթերը ներկայացվում են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է դրանցից վերջինի ստացման թվականով: Սահմանված ժամկետում պահանջված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, որի մասին ծանուցվում է հայտատուն:

6. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` արտաքնապես գյուտի նկարագրություն հիշեցնող տարրի փոխարեն հայտատուն կարող է ներկայացնել դիմում այն մասին, որ հայտի ներկայացման թվականը սահմանելու համար գյուտի նկարագրությունը փոխարինված է հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով: Դիմումը պետք է ներկայացվի հայերեն և պարունակի ավելի վաղ ներկայացված հայտի համարն ու ներկայացման թվականը: Եթե սկզբնական կամ նախորդող հայտը ներկայացված է այլ անձի կողմից, ապա դիմումին կցվում է հայտատուի իրավահաջորդությունը հաստատող փաստաթուղթը:

7. Պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանելու օրվանից հետո այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին` նշելով նաև հայտի համարը:

            

 Հոդված 50. Հայտի նախնական փորձաքննությունը
                 

1. Հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո պետական լիազոր մարմինը եռամսյա ժամկետում անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն:

2. Նախնական փորձաքննության շրջանակներում պետական լիազոր մարմինն ստուգում է`

1) հայտի համապատասխանությունը սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված պահանջներին.

2) լրացուցիչ նյութերի (առկայության դեպքում) բովանդակությունը պարզելու համար՝ արդյոք դրանք չեն փոխում գյուտի էությունը.

3) գյուտի առարկայի արտոնագրաունակությունը սույն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով.

4) առաջին հայացքից հայտի համապատասխանությունը սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված պահանջներին.

5) սույն օրենքով նախատեսված առաջնության խնդրարկման համար սահմանված պահանջների կատարումը և, անհրաժեշտության դեպքում, սահմանում է խնդրարկվող առաջնությունը.

6) սույն օրենքով սահմանված ներկայացուցչությանը վերաբերող պահանջների կատարումը:

3. Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող մասեր կամ փաստաթղթեր, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում` ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ: Այս դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանի ստացումը, բայց ոչ ավելի, քան հարցման պատասխանի ներկայացման ժամկետի ավարտը:

4. Հայտը ներկայացնելու թվականից հետո` երկամսյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուն կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը, եթե հայտատուն նախապես չի հրաժարվել իր նախաձեռնությամբ լրացուցիչ նյութեր ներկայացնելու իրավունքից:

5. Լրացուցիչ նյութերը համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված գյուտի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում:

6. Եթե խախտված է սույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը` հայտում բացակայում են հեղինակի անհատականացման համար բավարար տեղեկություններ, և այդ բացթողումը չի վերացվել հայտի ներկայացման թվականից, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն` առաջնության թվականից հաշված՝ 16 ամսվա ընթացքում, ապա հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն:

7. Առաջնության խնդրարկման համար սույն օրենքով սահմանված պահանջները հայտատուի կողմից չկատարելը հանգեցնում է տվյալ հայտով առաջնության իրավունքի կորստին:

8. Եթե փորձաքննության արդյունքներով պարզվում է, որ հայտատուի առաջարկած հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտի, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ՝ այդ խմբի գյուտերից որևէ մեկի առարկան սույն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով արտոնագրաունակ չէ, ապա հայտատուին հիմնավոր ծանուցագիր է ուղարկվում տվյալ հայտով արտոնագիր տալը մերժելու հնարավորության մասին և նշված ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, իր նկատառումները և (կամ) իր հավակնությունների հնարավոր սահմանափակումները ներկայացնելու առաջարկությամբ:

9. Եթե սահմանված եռամսյա ժամկետում հայտատուն չի պատասխանում սույն հոդվածի 8-րդ մասում նշված ծանուցագրին կամ պատասխանում է, սակայն պետական լիազոր մարմինը համարում է, որ ներկայացրած պատասխանով չեն հերքվում ծանուցագրում բերված` արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փաստարկները, կամ չեն սահմանափակվել հավակնությունները, ապա որոշում է կայացվում ներկայացված հայտով արտոնագիր տալը մերժելու մասին՝ որոշման մեջ նշելով հայտատուի փաստարկների վերլուծության արդյունքները: Արտոնագիր տալը մերժելու մասին՝ սույն օրենքով նախատեսված կարգով նշված որոշման բողոքարկման հնարավորությունների ամբողջությամբ սպառվելուց հետո պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

10. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցումն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, հայտնել, թե գյուտերից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում: Միասնության պահանջի խախտման մասին ծանուցումը նշված ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնվելու դեպքում քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը: Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում` այն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, հայտի փաստաթղթերում ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ:

11. Զատված հայտի ձևակերպման և ներկայացման նկատմամբ Կարգով նախատեսված պահանջների խախտման ու սահմանված ժամկետում հայտատուի կողմից անհրաժեշտ ճշգրտումները և ուղղումները չներկայացվելու դեպքում զատված հայտը համարվում է չներկայացված, որի մասին ծանուցվում է հայտատուն:

12. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական տուրքը չլրավճարելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն:

13. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում հայտի փաստաթղթերի թարգմանությունը պետական լիազոր մարմին չներկայացվելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն:

14. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հարցման մեջ հիշատակված բոլոր թերությունները սահմանված ժամկետում հայտատուի կողմից չվերացվելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, բացառությամբ սույն օրենքի 80-րդ և 81-րդ հոդվածներում նշված դեպքերի:

15. Եթե պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են սույն օրենքով սահմանված պահանջներին, և գյուտի առարկան արտոնագրաունակ է սույն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա պետական լիազոր մարմինը`

1) գյուտի արտոնագիր ստանալու հայտի դեպքում որոշում է կայացնում սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված ժամկետում հայտի հրապարակման մասին, որի մասին ծանուցում է հայտատուին.

2) գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի դեպքում, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող հանրամատչելի դարձած տեխնիկայի համապատասխան բնագավառի լուծումները, ստուգում է գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին, որի արդյունքում որոշում է կայացնում կարճաժամկետ արտոնագիր տալու կամ կարճաժամկետ արտոնագիր տալը մերժելու մասին: Պետական լիազոր մարմնի տրամադրության տակ գտնվող հանրամատչելի դարձած տեխնիկայի համապատասխան բնագավառի լուծումների շրջանակները որոշվում են Կարգով:

16. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի դեպքում սույն օրենքի 53-րդ և 54-րդ հոդվածների դրույթները կիրառվում են մութաթիս մութանդիս (mutatis mutandis):

              

 Հոդված 51. Հայտի հրապարակումը
           

1. Սույն օրենքի 50-րդ հոդվածի 15-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտի հրապարակման մասին որոշման կայացման դեպքում պետական լիազոր մարմինը հրապարակում է հայտը` այն ներկայացնելու թվականից, իսկ խնդրարկված առաջնության դեպքում` առաջնության թվականից հաշված՝ 18 ամիս լրանալուց հետո: Պաշտոնական տեղեկագրում հայտի մասին հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

2. Հայտատուի դիմումի համաձայն՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, հայտը կարող է հրապարակվել մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված տասնութամսյա ժամկետը լրանալը, բայց ոչ շուտ, քան մինչև հայտը ներկայացնելու թվականից երեք ամիս լրանալը, պայմանով, որ պետական լիազոր մարմինը, սույն օրենքի 50-րդ հոդվածի 15-րդ մասի 1-ին կետի համաձայն, որոշում է կայացրել հայտի հրապարակման մասին:

3. Միջազգային հայտերի մասին տեղեկությունները հրապարակվում են ազգային փուլ փոխադրման օրվանից վեց ամիս լրանալուց հետո՝ սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների պահպանման պայմանով: Միջազգային հայտերի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասը կիրառվում է մութաթիս մութանդիս (mutatis mutandis):

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հրապարակման մեջ ներառվում են մատենագիտական տվյալները և գյուտի հավակնության սահմանումը` հայտի ներկայացման թվականի դրությամբ ներկայացված կամ հայտի հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օր առաջ՝ սույն օրենքով սահմանված կարգով հայտատուի փոփոխած խմբագրությամբ:

5. Հայտի մասին տեղեկությունների հրապարակումը կարող է հետաձգվել, եթե հայտատուն հրաժարվել է առաջնության իրավունքից, պայմանով, որ հրաժարման մասին դիմումը ներկայացվել է ոչ ուշ, քան հայտի հրապարակման օրվանից՝ 10 աշխատանքային օր առաջ: Եթե հրաժարվելու մասին դիմումը հայտատուն ներկայացրել է նշված ժամկետից ավելի ուշ, ապա հայտի մասին տեղեկությունները հրապարակվում են նախապես խնդրարկվող առաջնության թվականից՝ 18 ամիս լրանալուց հետո` առաջնության իրավունքից հրաժարվելու մասին տեղեկատվության հետագա հրապարակմամբ:

6. Չեն հրապարակվում այն հայտերի մասին տեղեկությունները, որոնք մերժված, հետկանչված կամ հետկանչված են համարված, եթե դրանցով սպառվել են սույն օրենքով նախատեսված բողոքարկման հնարավորությունները ոչ ուշ, քան հայտի հրապարակման օրվանից՝ 10 աշխատանքային օր առաջ:

7. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն զատված հայտը չի հրապարակվում, եթե դրա մեջ ներառված գյուտի առարկան արդեն հրապարակվել է սկզբնական (ավելի վաղ) հայտի շրջանակներում:

          

 Հոդված 52. Գյուտի ըստ էության փորձաքննությունը

                  

1. Հայտի հրապարակումից հետո հայտատուի կամ ցանկացած երրորդ անձի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա, որը պետական լիազոր մարմին կարող է ներկայացվել հայտի ներկայացման թվականից կամ միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման թվականից հետո՝ հինգ տարվա ընթացքում, անցկացվում է գյուտի ըստ էության փորձաքննություն:

2. Երրորդ անձի կողմից ստացված գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ դիմումի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին:

3. Մի քանի անձանց կողմից գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումների ներկայացման դեպքում ավելի ուշ ներկայացման թվական ունեցողները համարվում են չներկայացված, եթե դրանք վերաբերում են այն գյուտին (գյուտերին), որին վերաբերում է ավելի վաղ ներկայացված դիմումը (դիմումները), որի մասին ծանուցվում են այդ դիմումները ներկայացնողները:

4. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում և չի կարող հետ կանչվել:

5. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումն ստանալուց հետո պետական լիազոր մարմինն ստուգում է վճարված պետական տուրքի համապատասխանությունը սահմանված չափին: Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված չափին, ապա դիմումատուին առաջարկվում է լրավճարել պետական տուրքը կամ սահմանափակել իր հավակնությունները: Սահմանված ժամկետում դիմումատուի վճարած պետական տուրքը սահմանված չափին համապատասխանեցնելու կամ իր հավակնությունները սահմանափակելու դեպքում պետական լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին գյուտի ըստ էության փորձաքննության անցկացումը սկսելու մասին: Ծանուցագրի ուղարկման թվականը համարվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման սկիզբը: Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը և ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը չեն ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում, ապա հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն:

6. Գյուտի ըստ էության փորձաքննությունը չի անցկացվում, եթե ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին ներկայացված դիմումը վերաբերում է ավելի վաղ հետկանչված կամ հետ կանչված համարված հայտին:

7. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն զատված հայտով, որը առանձնացվել է այն սկզբնական (ավելի վաղ) ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը և վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, ըստ էության փորձաքննությունն անցկացվում է սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված հայտի նախնական փորձաքննության դրական արդյունքով ավարտից անմիջապես հետո: Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար սահմանված պետական տուրքը այս դեպքում չի վճարվում:

8. Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման շրջանակներում ստուգվում է մասնավորապես սույն օրենքի 12-17-րդ հոդվածներով, 24-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ և 10-րդ մասերով, 44-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և 45-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխանությունը:

9. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացրած անձը, որը չի հանդիսանում հայտատու, հայտի քննարկմանը չի մասնակցում:

10. Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու ընթացքում պարզվում է, որ հայտարկված գյուտը չի համապատասխանում սույն հոդվածի 8-րդ մասում նշված հոդվածներով սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում` այն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, նկատառումներ ներկայացնելու և հայտի նյութերում փոփոխություններ կատարելու մասին` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված լրացուցիչ նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխան:

11. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի պատասխանում սույն հոդվածի 10-րդ մասին համապատասխան ուղարկված հարցմանը կամ, սույն օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, չի դիմում սահմանված ժամկետի երկարաձգման համար, ապա հայտը համարվում է հետկանչված:

12. Եթե գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում պարզվում է, որ խախտված է գյուտի միասնության պահանջը, ապա կիրառվում են սույն օրենքի 50-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթները:

13. Եթե մինչև ըստ էության փորձաքննության ավարտը հայտը հետ է կանչում հայտատուն, ապա պետական լիազոր մարմինը գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացրած երրորդ անձին ծանուցում է այդ մասին:

14. Գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով, հաշվի առնելով սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն ստացված առարկություններն ու հայտատուի նկատառումները, պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու մասին:

15. Սույն հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ պետական լիազոր մարմնի կայացրած որոշումը տրամադրվում է հայտատուին: Եթե ըստ էության փորձաքննությունն անցկացվել է երրորդ անձի դիմումի համաձայն, ապա նրան տրամադրվում է պետական լիազոր մարմնի որոշման պատճենը:

16. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված գյուտի արտոնագիր տալու մասին որոշման կայացման համար հիմք կարող է ծառայել նաև նույն գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով օտարերկրյա ազգային կամ տարածաշրջանային արտոնագրային գերատեսչության տված եզրակացությունը կամ արտոնագիրը` Կարգով նախատեսված պայմաններին համապատասխան: Արտոնագրաունակության մասին եզրակացությունը նշված գերատեսչություններից պետական լիազոր մարմինը կարող է ստանալ նաև պայմանագրային հիմունքներով:

             

 Հոդված 53. Արտոնագիր տալու մասին որոշումը
                 

1. Եթե փորձաքննության արդյունքներով պարզվում է, որ հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում հայտատուի հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտը, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ` այդ խմբի գյուտերից յուրաքանչյուրը բավարարում է սույն օրենքով նախատեսված արտոնագրաունակության պայմանները և հավակնության սահմանման, գյուտի նկարագրության կամ գծագրերի մեջ ճշգրտումներ մտցնելու անհրաժեշտություն չկա, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում նրա հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ գյուտի արտոնագիր տալու մասին:

2. Եթե փորձաքննության արդյունքներով պարզվում է, որ հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում հայտատուի հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտը, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ` այդ խմբի գյուտերից յուրաքանչյուրը բավարարում է սույն օրենքով նախատեսված արտոնագրաունակության պայմանները, սակայն առկա է հավակնության սահմանման, գյուտի նկարագրության կամ գծագրերի մեջ ճշգրտումներ մտցնելու անհրաժեշտություն, ապա պետական լիազոր մարմինը հիմնավորված ծանուցագիր է ուղարկում հայտատուին հայտարկված գյուտի արտոնագրաունակության ստուգման արդյունքների և նշված հավակնության սահմանմամբ արտոնագիր տալու հնարավորության մասին` ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, դրա մեջ նշված ճշգրտումները կատարելու առաջարկությամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծանուցագրին համապատասխան՝ սահմանված ժամկետում ճշգրտումների կատարման մասին հայտատուի պատասխանն ստանալուց հետո պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում նրա հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ գյուտի արտոնագիր տալու մասին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծանուցագրին համապատասխան՝ հայտատուի սահմանած ժամկետում ճշգրտումներ չկատարելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին:

5. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ արտոնագիր տալու մասին կայացված որոշումը պետական լիազոր մարմինն ուղարկում է հայտատուին՝ այն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման առաջարկությամբ: Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, որի դեպքում դրա չափն ավելացվում է 50 տոկոսով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան սահմանված ժամկետում պետական տուրքը չվճարվելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին:

              

 Հոդված 54. Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը

            

1. Եթե պետական լիազոր մարմինը պարզում է, որ հայտատուի առաջարկած հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտը, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ` այդ խմբի գյուտերից որևէ մեկը չի բավարարում սույն օրենքով նախատեսված արտոնագրաունակության որևէ պայման, ապա հայտատուին հիմնավոր ծանուցագիր է ուղարկվում տվյալ գյուտի արտոնագրաունակության ստուգման արդյունքների և արտոնագիր տալը մերժելու հնարավորության մասին՝ նշված ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, իր նկատառումները և (կամ) իր հավակնությունների հնարավոր սահմանափակումները ներկայացնելու առաջարկությամբ:

2. Եթե սահմանված եռամսյա ժամկետում հայտատուն չի պատասխանում սույն հոդվածի 1-ին մասում նշված ծանուցագրին, կամ պատասխանում է, սակայն պետական լիազոր մարմինը համարում է, որ ներկայացրած պատասխանով չեն հերքվում ծանուցագրում նշված` արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փաստարկները, կամ չեն սահմանափակվել հավակնությունները, ապա որոշում է կայացնում արտոնագիր տալը մերժելու մասին՝ որոշման մեջ նշելով հայտատուի փաստարկների վերլուծության արդյունքները: Արտոնագիր տալը մերժելու մասին սույն օրենքով նախատեսված կարգով նշված որոշման բողոքարկման հնարավորություններն ամբողջությամբ սպառվելուց հետո պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված ծանուցագրի համաձայն սահմանված եռամսյա ժամկետում ներկայացված պատասխանով հայտատուն հիմնավորապես հերքում է արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ փաստարկները, կամ սահմանափակում է իր հավակնությունները, ապա արտոնագիր տալու վերաբերյալ պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում սույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով:

4. Արտոնագիր տալու վերաբերյալ որոշումը պետական լիազոր մարմինը կայացնում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` հայտատուի պատասխանն ստանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում, իսկ դրանք նույն մասում նշված եռամսյա ժամկետում չստանալու դեպքում` այդ ժամկետի ավարտից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

         

 Հոդված 55. Երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկումը

                

1. Միևնույն գյուտը կարող է լինել գյուտի արտոնագիր ստանալու հայտի և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի առարկա:

2. Երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկումը կարող է իրականացվել միևնույն հայտատուի կողմից համապատասխան հայտերը միաժամանակ ներկայացնելու միջոցով:

3. Եթե հայտատուն ներկայացրել է միևնույն գյուտի համար գյուտի արտոնագիր ստանալու հայտ և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ, ապա`

1) գյուտի կարճաժամկետ արտոնագրի գործողությունը համարվում է դադարեցված գյուտի արտոնագիր տալուց հետո.

2) գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտը, որով գործավարությունը շարունակվում է գյուտի արտոնագիր տալու մասին որոշման կայացման թվականի դրությամբ, համարվում է հետկանչված այդ թվականից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ արտոնագրով տրամադրված իրավունքները դադարեցվել են սույն օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի համաձայն:

           

 Հոդված 56. Երրորդ անձանց առարկությունները

                      

1. Հայտի հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան մինչև հայտարկված գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով պետական լիազոր մարմնի կողմից որևէ որոշման կայացումը, ցանկացած երրորդ անձ կարող է պետական լիազոր մարմին առարկություն ներկայացնել տվյալ հայտով գյուտի արտոնագիր տալու դեմ` սույն օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքերով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ստացված առարկության մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին` դրա վերաբերյալ իր նկատառումները ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ երկամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ստացված առարկությունը և 2-րդ մասի համաձայն ներկայացված հայտատուի նկատառումները պետական լիազոր մարմինը հրապարակում է դրանց ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

4. Սույն հոդվածի համաձայն ստացված առարկություններն ու հայտատուի նկատառումները հաշվի են առնվում տվյալ հայտի` սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով անցկացվող գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում:

                 

 Հոդված 57. Պետական լիազոր մարմնի որոշումների բողոքարկումը

                  

1. Պետական լիազոր մարմնի կայացրած գյուտի արտոնագիր կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում որոշման ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, հայտատուն անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով կարող է բողոք ներկայացնել պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ:

2. Պետական լիազոր մարմնի որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացվելու դեպքում տվյալ որոշման գործողությունը կասեցվում է:

3. Բողոքը համարվում է ներկայացված սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվելու դեպքում:

4. Բողոքը պետք է պարունակի որոշման ոչ իրավաչափությունը հաստատող հիմնավոր փաստարկներ:

5. Բողոքը քննարկվում է ստացման օրվանից՝ երկամսյա ժամկետում:

6. Բողոքի քննարկման արդյունքներով բողոքարկման խորհուրդը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և հայտով գործավարությունը շարունակելու մասին.

2) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) տալու մասին.

3) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

7. Հայտատուն կարող է բողոքարկման խորհրդի որոշումը բողոքարկել դատական կարգով` դրա ստացման օրվանից՝ երկամսյա ժամկետում:

                  

ԳԼՈՒԽ 7

     

ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

         

 Հոդված 58. Օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման հայտի ներկայացումը

                  

1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտը կարող է արտոնագրվել օտարերկրյա պետություններում:

2. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի հայտն օտարերկրյա պետություն ներկայացնելը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում, հայտատուն պարտավոր է տվյալ գյուտի հայտը ներկայացնել պետական լիազոր մարմին:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արտոնագիր տալու գործընթացն ամբողջովին կամ մասնակիորեն իրականացնում է միջազգային մարմինը, ապա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի հայտը նշված միջազգային մարմին է ներկայացվում միայն պետական լիազոր մարմնի միջոցով` ազգային անվտանգության պահանջներին դրա համապատասխանության դեպքում:

4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` գյուտի հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմինը չի ծանուցում, որ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով արտոնագրումն օտարերկրյա պետություններում արգելվում է, ապա հայտատուն կարող է գործել իր հայեցողությամբ:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության:

6. ԱՀՊ-ի ընթացակարգով ՄՍՀԿ Միջազգային բյուրո (այսուհետ` Միջազգային բյուրո) ներկայացվող միջազգային հայտերով, ինչպես նաև Եվրասիական կոնվենցիայի ընթացակարգով Եվրասիական արտոնագրային կազմակերպություն ներկայացվող եվրասիական հայտերով պետական լիազոր մարմինը հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց համար: Միջազգային հայտը ներկայացվում է անգլերեն կամ ռուսերեն, իսկ եվրասիական հայտը` ռուսերեն:

7. Պետական լիազոր մարմինն ստուգում է ստացված հայտերի անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, որի արդյունքում սահմանում է միջազգային կամ եվրասիական հայտի ներկայացման թվականը, որից հետո համապատասխանաբար ԱՀՊ հրահանգով կամ Եվրասիական կոնվենցիային կից Արտոնագրային հրահանգով սահմանված ժամկետում դրանք առաքում է համապատասխանաբար Միջազգային բյուրո կամ Եվրասիական արտոնագրային գերատեսչություն:

            

Հոդված 59. Միջազգային և եվրասիական հայտերը, որոնք ունեն սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտի ուժ

                    

1. Միջազգային հայտի հայտատուն, որը ցանկանում է գյուտի արտոնագիր կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալ Հայաստանի Հանրապետությունում, միջազգային հայտի առաջնության թվականից՝ 31 ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմին պետք է ներկայացնի`

1) սույն օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան` դիմում արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին, որում նշված են նաև միջազգային հայտի համարը և ներկայացման թվականը.

2) համապատասխան ստացող գերատեսչության վավերացրած միջազգային հայտի պատճենը, եթե ԱՀՊ-ի 20-րդ հոդվածով նախատեսված կարգով տվյալ միջազգային հայտի առաքումը դեռևս չի իրականացվել.

3) հայտ ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

2. Պետական լիազոր մարմինն ԱՀՊ-ին համապատասխան ներկայացված գյուտի հայտի քննարկումն սկսում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի ավարտից հետո: Հայտատուի խնդրանքով օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում պետական լիազոր մարմինը միջազգային հայտի քննարկումն սկսում է մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը:

3. Սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միջազգային հայտի հրապարակման օրվանից գյուտին տրամադրվում է ժամանակավոր իրավական պահպանություն` համաձայն սույն օրենքի 30-րդ հոդվածի:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը 31 ամսվա ընթացքում պետական լիազոր մարմին չեն ներկայացվում, ապա ԱՀՊ ընթացակարգով միջազգային հայտի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դադարում է:

5. Մերժված եվրասիական հայտի հիման վրա, Եվրասիական կոնվենցիայի համաձայն, սույն օրենքով սահմանված կարգով արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) տալու հայտը պետական լիազոր մարմինը քննարկում է Եվրասիական արտոնագրային գերատեսչությունից տվյալ հայտի վավերացված պատճենն ստանալու օրվանից սկսած: Նշված օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտատուն պարտավոր է ներկայացնել սույն օրենքի 40-րդ և 44-րդ հոդվածներով սահմանված հայտի անհրաժեշտ նյութերը:

             

 Հոդված 60.  Նույնական գյուտերին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրը

                       

1. Եթե նույնական գյուտերին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրն ունեն միևնույն ներկայացման թվականը, իսկ եթե խնդրարկվել է առաջնություն` միևնույն առաջնության թվականը, և պատկանում են տարբեր արտոնագրատերերի, ապա այդպիսի գյուտերը կարող են օգտագործվել միայն դրանց բոլոր արտոնագրատերերի իրավունքները պահպանելով:

2. Եթե նույնական գյուտերին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրն ունեն միևնույն ներկայացման թվականը, իսկ եթե խնդրարկվել է առաջնություն` միևնույն առաջնության թվականը, և պատկանում են միևնույն անձին, ապա այդպիսի գյուտերի օգտագործման իրավունքը կարող է տրամադրվել ցանկացած անձի` այդ արտոնագրերի հիման վրա կնքված միայն լիցենզային (այդ թվում՝ ֆրանչայզինգ) պայմանագրի համաձայն:

      

ԳԼՈՒԽ 8

             

ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

          

Հոդված 61.  Արտոնագիր տալը և դրա մասին տեղեկությունների հրապարակումը

                  

1. Արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում պետական լիազոր մարմինը գյուտը գրանցում է համապատասխան պետական գրանցամատյանում և տալիս է արտոնագիր: Եթե արտոնագիրը խնդրարկվում է մի քանի անձանց անունով, ապա նրանց բոլորին տրվում է մեկ արտոնագիր, ընդ որում, համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում արտոնագրատերերից յուրաքանչյուրին կարող է տրվել արտոնագրի պատճենը:

2. Արտոնագրի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

3. Գյուտը գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, որոնք ներառում են` հեղինակի անունը, ազգանունը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին), արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը, գյուտի անվանումը, հավակնության սահմանումը և այլ տեղեկություններ:

Հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

4. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունների հրապարակումը պաշտոնական տեղեկագրում և համապատասխան գյուտի գրանցումը գրանցամատյանում իրականացվում է ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու թվականից, իսկ համապատասխան դեպքում` միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման օրվանից երեք ամիս լրանալուց հետո:

5. Արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման հետ միաժամանակ պետական լիազոր մարմինը հրապարակում է արտոնագրին կից գյուտի լրիվ նկարագրությունը (գյուտի նկարագրությունը, հավակնության սահմանումը, համապատասխան դեպքերում` գծագրերը և այլ նյութեր):

6. Արտոնագիր տալու թվական համարվում է պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը:

                 

Հոդված 62. Արտոնագիրը գործողության մեջ պահելը

                   

 1. Արտոնագիրը գործողության մեջ պահելու համար վճարվում են տարեկան պետական տուրքեր, որոնց չափերն ու վճարման ժամկետները սահմանվում են օրենքով:

2. Տարեկան պետական տուրքերը վճարվում են յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մինչև գործողության ընթացիկ տարվա ավարտը: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև նշված ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում տարեկան պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:

3. Տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության երկրորդ տարվանից:

4. Եթե արտոնագիր տալու գործընթացը տևում է հայտը ներկայացնելու թվականից սկսած՝ մեկ տարուց ավելի, ապա տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հետ միասին: Տարեկան պետական տուրքի առաջին վճարման դեպքում վճարվում են նաև արտոնագրի գործողության նախորդ տարիների համար սահմանված տարեկան պետական տուրքերը` սկսած սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարվանից:

5. Արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հետ վճարվող տարեկան պետական տուրքերը վճարվում են սահմանված դրույքաչափերով՝ անկախ վճարման ժամկետից:

6. Արտոնագրի գործողության ընթացիկ տարվա 9-րդ ամսվա ընթացքում պետական լիազոր մարմինն արտոնագրատիրոջը հիշեցումով ծանուցում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարեկան պետական տուրքի վճարման անհրաժեշտության և սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան վճարելու հնարավորության, ինչպես նաև սահմանված տարեկան պետական տուրքը չվճարելու հետևանքների մասին:

7. Սահմանված ժամկետներում տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում արտոնագրի գործողությունը դադարեցվում է, որի մասին պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

8. Եթե վճարված տարեկան պետական տուրքի չափը չի համապատասխանում սահմանված չափին, ապա այն կարող է լրավճարել արտոնագրատերը պետական լիազոր մարմնի համապատասխան ծանուցագիրն ուղարկելու օրվանից` երկամսյա ժամկետում: Նշված ժամկետում սահմանված չափով տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում արտոնագրի գործողությունը դադարեցվում է:

              

Հոդված 63. Գյուտի նկատմամբ իրավունքների վերականգնումը և հետօգտագործման իրավունքը

                

 1. Գյուտի նկատմամբ իրավունքները, որոնք դադարեցվել են սույն օրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, կարող են վերականգնվել արտոնագրատիրոջ դիմումի հիման վրա: Դիմումը պետական լիազոր մարմին ներկայացվում է սույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո` երեք տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև արտոնագրի գործողության` սույն օրենքով սահմանված ժամկետի լրանալը: Դիմումին կցվում է արտոնագրի գործողության վերականգնման համար օրենքով սահմանված պետական տուրքի, ինչպես նաև արտոնագիրը գործողության մեջ պահելու համար չվճարված տարեկան պետական տուրքերի վճարումը հաստատող փաստաթուղթը:

2. Արտոնագրի գործողության վերականգնման մասին պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

3. Ցանկացած անձ, որը, սույն օրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, գյուտի իրավական պահպանության դադարեցման թվականից մինչև պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում արտոնագրի գործողության վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականը բարեխղճորեն սկսել է սույն օրենքի համաձայն պահպանվող գյուտի օգտագործումը կամ կատարել է օգտագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը` առանց այդպիսի օգտագործման ծավալի ընդլայնման (հետօգտագործման իրավունք):

4. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավունքը կորցնելու և դրա վերականգնման մասին հայտարարություն հրապարակելու ժամանակահատվածի համար սույն հոդվածի 3-րդ մասը կիրառվում է մութաթիս մութանդիս (mutatis mutandis):

5. Հետօգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել այլ անձի միայն այն արտադրության հետ, որտեղ օգտագործվել է գյուտը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

              

 Հոդված 64. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ առարկությունը

              

 1. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ցանկացած երրորդ անձ կարող է պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ ներկայացնել առարկություն արտոնագիր տալու դեմ:

2. Առարկությունը կարող է ներկայացվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքերով:

3. Առարկությունը պետք է ներկայացվի գրավոր` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ: Առարկությունը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

4. Ներկայացված առարկությունը կասեցնող ազդեցություն ունի սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված արտոնագրից բխող բացառիկ իրավունքների նկատմամբ:

5. Առարկությունը քննարկվում է դրա ստացման օրվանից՝ եռամսյա ժամկետում:

6. Արտոնագիր տալու դեմ առարկություն ներկայացրած անձը (անձինք), ինչպես նաև արտոնագրատերը կարող են մասնակցել առարկության քննարկմանը:

7. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացված յուրաքանչյուր առարկություն բողոքարկման խորհուրդը քննարկում է առանձին վարույթով: Միևնույն հիմքով և միևնույն հիմնավորմամբ մի քանի առարկություն ստանալու դեպքում բողոքարկման խորհուրդը քննարկման է ընդունում դրանցից առաջինն ստացածը՝ մյուսները ներկայացրած անձանց ծանուցելով տվյալ հիմքով և տվյալ հիմնավորմամբ ավելի վաղ ստացված առարկության մասին: Ընդ որում, եթե բողոքարկման խորհուրդն ավելի վաղ ստացված առարկությունն արդեն քննարկել և որոշում է կայացրել՝ ծանուցում է նաև այդ որոշման մասին, իսկ դեռևս չքննարկված լինելու դեպքում` ավելի վաղ ստացված առարկության քննարկման օրվա մասին և այդ քննարկմանը նրա մասնակցելու իրավունքի մասին:

8. Գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ ստացված առարկության մասին բողոքարկման խորհուրդը ծանուցում է արտոնագրատիրոջը` ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ մեկամսյա ժամկետում, դրա վերաբերյալ իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

9. Բողոքարկման խորհուրդը առարկություն ներկայացրած անձին, ինչպես նաև միևնույն հիմքով ավելի ուշ առարկություն ներկայացրած բոլոր անձանց (այդպիսիք լինելու դեպքում), ծանուցում է առարկության վերաբերյալ, սույն հոդվածի 8-րդ մասի համաձայն, արտոնագրատիրոջ ներկայացրած նկատառումների մասին` անհրաժեշտության դեպքում առաջարկելով ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ մեկամսյա ժամկետում, դրանց վերաբերյալ ներկայացնել իրենց դիրքորոշումը:

10. Բողոքարկման խորհուրդը ներկայացված առարկության, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի համաձայն ստացված նյութերի քննարկման հիման վրա կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) առարկությունը բավարարելու և գյուտի կարճաժամկետ արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին.

2) առարկությունը մերժելու և գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործողության մեջ թողնելու մասին.

3) առարկությունը մասնակիորեն բավարարելու և գյուտի կարճաժամկետ արտոնագրում ճշգրտումներ կատարելու մասին:

11. Առարկությունը մասնակիորեն բավարարելու և գյուտի կարճաժամկետ արտոնագրում ճշգրտումներ կատարելու մասին որոշումը բողոքարկման խորհուրդը կայացնում է, եթե արտոնագրատերը համաձայնել է բողոքարկման խորհրդի առաջարկած ճշգրտված հավակնության սահմանման, գյուտի նկարագրության և, համապատասխան դեպքում, գծագրերի հետ, ինչպես նաև վերը նշված առաջարկն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, վճարել է արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրության հրապարակման համար սահմանված պետական տուրքը: Արտոնագրատիրոջ կողմից սահմանված ժամկետում սահմանված պետական տուրքը չվճարվելու դեպքում արտոնագիրը ճանաչվում է անվավեր:

12. Պետական լիազոր մարմինը պաշտոնական տեղեկագրում գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ ստացված առարկության վերաբերյալ կայացրած որոշման մասին տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ հրապարակում է արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրությունը, որը պարունակում է ճշգրտված նկարագրությունը, հավակնության սահմանումը և, համապատասխան դեպքում, գծագրերը:

13. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված որոշումը շահագրգիռ կողմը կարող է բողոքարկել դատական կարգով` դրա ստացման օրվանից՝ երկամսյա ժամկետում:

             

Հոդված 65. Արտոնագիրն անվավեր ճանաչելը

              

1. Իր գործողության ողջ ժամկետի ընթացքում արտոնագիրը կարող է ցանկացած երրորդ անձի դիմումի հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր ճանաչվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե`

1) ապացուցված է, որ արտոնագրի առարկան, սույն օրենքի 13-17-րդ հոդվածների իմաստով, արտոնագրաունակ չէ.

2) գյուտը բավարար չափով պարզ և հստակ բացահայտված չէ, որը թույլ կտա տվյալ բնագավառի մասնագետին իրագործել այն.

3) արտոնագրի առարկան գերազանցում է հայտի բովանդակությունն այն տեսքով, որով այն ներկայացվել էր, կամ եթե արտոնագիրը տրվել է զատված հայտի կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն ներկայացված նոր հայտի հիման վրա, արտոնագրի առարկան գերազանցում է սկզբնական հայտի բովանդակությունը, այն տեսքով, որով այն ներկայացվել էր.

4) գյուտի արտոնագրատերը, սույն օրենքի համաձայն, արտոնագիրն ստանալու իրավունք չի ունեցել:

2. Եթե անվավեր ճանաչման հիմքերը վերաբերում են միայն արտոնագրի մի մասին, ապա անվավեր ճանաչվում է գյուտի հավակնության սահմանման համապատասխան անկախ կետը կամ կետերը: Հավակնության սահմանման անկախ կետը չի կարող անվավեր ճանաչվել մասնակիորեն:

3. Եթե արտոնագիրն անվավեր է ճանաչվել մասնակիորեն, ապա այն շարունակում է ուժի մեջ մնալ հավակնության սահմանման այն անկախ կետերով որոշվող ծավալով, որոնք անվավեր չեն ճանաչվել, պայմանով, որ դրանք կարող են լինել առանձին արտոնագրի առարկա:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով դատարան կարող է դիմել միայն այն անձը, որն իրավասու է ստանալու տվյալ արտոնագիրը:

5. Հայտի նկատմամբ մեկ կամ մի քանի ձևական պահանջները չկատարելը չի կարող հիմք հանդիսանալ արտոնագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կանխամտածված խաբեության արդյունք է:

6. Սույն օրենքի 24-րդ, 25-րդ, 27-րդ և 30-րդ հոդվածներով նախատեսված` արտոնագրից բխող գործողությունները համարվում են չկայացած ի սկզբանե այն մասով, որով դա անվավեր է ճանաչվել:

7. Արտոնագրի անվավեր ճանաչումը չի ազդում`

1) դրանից բխող իրավունքների խախտման վերաբերյալ դատական ակտերի վրա, որոնք ուժի մեջ են մտել մինչև արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին դատական ակտի կայացումը.

2) արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին դատական ակտի կայացումից առաջ կնքված պայմանագրերի վրա այն չափով, որով դրանք կատարվել են մինչև նշված դատական ակտի կայացումը: Միաժամանակ, արդարացի հանգամանքներից ելնելով, կարող է պահանջվել որոշակի գումարի հատուցում, որը վճարվել է պայմանագրի համաձայն:

8. Եվրասիական արտոնագիրը Հայաստանի Հանրապետության տարածքում անվավեր ճանաչելու մասին դիմումը ներկայացվում է Եվրասիական կոնվենցիայի, դրան կից Արտոնագրային հրահանգի, ինչպես նաև ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն:

9. Անվավեր ճանաչելու մասին դատական ակտի հիման վրա պետական լիազոր մարմինը գրառում է կատարում համապատասխան գրանցամատյանում և այդ մասին տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:

                          

Հոդված 66. Արտոնագրով տրամադրված իրավունքների դադարեցումը

          

1. Արտոնագրով տրամադրված իրավունքները դադարեցվում են, եթե`

1) արտոնագրատերը պետական լիազոր մարմին դիմում է ներկայացրել արտոնագրից հրաժարվելու մասին: Այս դեպքում արտոնագրատիրոջ իրավունքները դադարում են դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.

2) սահմանված ժամկետներում չի վճարվել արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքը.

3) սույն օրենքի 64-րդ կամ 65-րդ հոդվածի համաձայն անվավեր է ճանաչվել արտոնագիրը.

4) արտոնագրով պահպանվող գյուտը բավարար չափով չի օգտագործվել արտոնագրատիրոջ կամ լիցենզառուի կողմից` առաջին հարկադրական լիցենզիան տրամադրելուց հետո՝ երկու տարվա ընթացքում.

5) լրացել է արտոնագրի գործողության ժամկետը:

2. Տարեկան պետական տուրքը սահմանված ժամկետներում չվճարվելու դեպքում իրավունքները համարվում են դադարեցված նշված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:

3. Պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագրով տրամադրվող իրավունքների դադարեցման մասին:

        

ԳԼՈՒԽ 9

  

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

         

Հոդված 67.

Լրացուցիչ իրավական պահպանության խնդրարկումը

                   

1. Եթե գյուտի հայտի ներկայացման թվականից մինչև սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գյուտի առարկաների օգտագործման համար առաջին թույլտվության տրման թվականն անցել է ավելի քան հինգ տարի, ապա համապատասխան գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգում է պետական լիազոր մարմինը` արտոնագրատիրոջ դիմումի համաձայն: Դիմումը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

2. Գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգվում է գյուտի հայտի ներկայացման թվականից մինչև արտադրանքի օգտագործման համար առաջին թույլտվության տրման թվականն ընկած ժամանակահատվածի չափով` հանած հինգ տարի, բայց ոչ ավելի քան, հինգ տարով:

3. Եթե արտոնագրի առարկան դեղագործական արտադրանք է, որի նկատմամբ իրականացվել են մանկաբուժական հետազոտություններ և տվյալ հետազոտությունների արդյունքներն արտացոլված են այն դեղագործական արտադրանքի մասին տեղեկատվության մեջ, որն ստացել է պետական գրանցում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը երկարաձգվում է վեց ամսով, ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ:

4. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված իրավասու մարմնի տված թույլտվությունը, պետական լիազոր մարմին է ներկայացվում արտադրանքի օգտագործման համար առաջին թույլտվության տրման օրվանից՝ վեցամսյա ժամկետում, կամ մինչև արտոնագիր տալու թվականից վեց ամիսը լրանալը՝ կախված նրանից, թե նշված ժամկետներից որն է լրանում ավելի ուշ:

5. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը պետք է համապատասխանի Կարգով սահմանված պահանջներին:

        

Հոդված 68. Լրացուցիչ իրավական պահպանության տրամադրման պայմանները

          

1. Գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգվում է, եթե, սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դիմում է ներկայացվել, և դրա ներկայացման օրվա դրությամբ կատարվել են հետևյալ պայմանները.

1) արտադրանքը պահպանվում է Հայաստանի Հանրապետությունում գործող արտոնագրով.

2) արտադրանքը հանդիսանում է սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված օգտագործման գործող թույլտվության առարկա.

3) արտադրանքը նախկինում չի եղել լրացուցիչ իրավական պահպանության առարկա Հայաստանի Հանրապետությունում.

4) սույն մասի 2-րդ կետում նշված թույլտվությունը հանդիսանում է արտադրանքի օգտագործման համար տրված առաջին թույլտվությունը:

2. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման շրջանակներում պետական լիազոր մարմինը կարող է արտոնագրատիրոջն ուղարկել հարցում` պահանջելով լրացուցիչ նյութեր, եթե առանց դրանց դիմումի քննարկումը հնարավոր չէ: Լրացուցիչ նյութերը պետք է արտոնագրատիրոջ կողմից ներկայացվեն վերը նշված հարցումն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում: Եթե արտոնագրատերը եռամսյա ժամկետում չի ներկայացնում պահանջված նյութերը կամ չի ներկայացնում սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` սահմանված ժամկետը երկարաձգելու դիմում, ապա լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը չի բավարարվում, որի մասին ծանուցվում է արտոնագրատերը:

3. Եթե կատարված են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում լրացուցիչ իրավական պահպանության տրամադրման մասին, արտոնագրատիրոջը տալիս է լրացուցիչ պահպանության վկայագիր և դրա մասին տեղեկությունները գրանցում է գյուտերի պետական գրանցամատյանում: Լրացուցիչ պահպանության տրամադրման մասին տեղեկությունները հրապարակվում են պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում:

4. Լրացուցիչ պահպանության վկայագրի հավակնության սահմանումը պետք է ներառի արտոնագրված գյուտի հատկանիշների այնպիսի համախմբությունը, որը բնութագրում է այն արտադրանքը, որի օգտագործման համար ստացվել է թույլտվությունը:

5. Միևնույն արտադրանքին վերաբերող մի քանի արտոնագրերի արտոնագրատերը լրացուցիչ իրավական պահպանություն կարող է ստանալ միայն դրանցից մեկի արտոնագրով: Սակայն, եթե քննարկման փուլում գտնվող, միևնույն արտադրանքին վերաբերող երկու և ավելի դիմումները պատկանում են տարբեր արտոնագրերի երկու և ավելի արտոնագրատերերին, ապա նրանցից յուրաքանչյուրը տվյալ արտադրանքի համար կարող է ստանալ լրացուցիչ պահպանության վկայագիր:

6. Գյուտերի արտոնագրերին վերաբերող սույն օրենքի դրույթները լրացուցիչ պահպանության վկայագրի նկատմամբ կիրառվում են մութաթիս մութանդիս (mutatis mutandis)` իրար հակասող դրույթների բացակայության դեպքում:

          

Հոդված 69. Լրացուցիչ պահպանության վկայագրի անվավեր ճանաչելը

           

1. Լրացուցիչ պահպանության վկայագիրը ճանաչվում է անվավեր, եթե`

1) այն տրվել է սույն օրենքի 68-րդ հոդվածի պայմանների խախտմամբ.

2) գյուտի արտոնագրով տրամադրված իրավունքները դադարեցվել են, սույն օրենքի 66-րդ հոդվածի համաձայն, մինչև պահպանության սահմանված ժամկետի ավարտը.

3) գյուտի արտոնագիրն անվավեր է ճանաչվել:

2. Եթե գյուտի արտոնագիրն անվավեր է ճանաչվել արտադրանքի միայն մի մասի համար, որի համար տրվել էր թույլտվությունը, ապա լրացուցիչ պահպանության վկայագիրը համարվում է անվավեր միայն համապատասխան մասի նկատմամբ:

                 

ԳԼՈՒԽ 10

     

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԳՅՈՒՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄԸ, ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

              

Հոդված 70. Իրավունքների փոխանցումը և լիցենզիայի տրամադրումը

          

1. Արտոնագրատերն իր իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է պայմանագրով փոխանցել այլ անձի և (կամ) տրամադրել գյուտի օգտագործման թույլտվություն` լիցենզիա (այդ թվում՝ ֆրանչայզինգ):

2. Արտոնագրատերը (լիցենզատուն) լիցենզային պայմանագրով թույլատրում է մեկ այլ անձի (լիցենզառուին) արտոնագրով պահպանվող գյուտը պայմանագրով նախատեսված ծավալով օգտագործել, իսկ լիցենզառուն պարտավորվում է լիցենզատուին վճարել պայմանագրով սահմանված վճարները և իրականացնել պայմանագրով նախատեսված այլ գործողություններ:

3. Բացառիկ լիցենզիայի դեպքում գյուտի օգտագործման բացառիկ իրավունքը լիցենզառուին փոխանցվում է պայմանագրով որոշված սահմաններում (ծավալով ու տարածքում), ընդ որում, լիցենզատուն պահպանում է գյուտի օգտագործման իրավունքն այն մասով, որը չի փոխանցվել լիցենզառուին:

4. Հասարակ լիցենզիայի դեպքում լիցենզատուն, գյուտի օգտագործման իրավունքը լիցենզառուին տրամադրելով, պահպանում է իր բոլոր իրավունքները, այդ թվում՝ երրորդ անձանց լիցենզիա տրամադրելու իրավունքը:

5. Արտոնագրատերը կարող է դիմել պետական լիազոր մարմին` գյուտի օգտագործման իրավունքն այլ անձի տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու խնդրանքով (բաց լիցենզիա): Այս դեպքում արտոնագիրը գործողության մեջ պահելու համար օրենքով սահմանված պետական տուրքերը նվազեցվում են 50 տոկոսով՝ սկսած բաց լիցենզիա տալու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակման տարվա հաջորդ տարվանից: Հայտարարություն հրապարակելուց հետո` երկու տարվա ընթացքում, լիցենզային պայմանագիր կնքելու մասին գրավոր առաջարկություն չստանալու դեպքում նշված ժամկետը լրանալուց հետո արտոնագրատերը կարող է դիմել պետական լիազոր մարմին` իր դիմումը հետ կանչելու խնդրանքով: Այս դեպքում հայտարարությունը հրապարակվելուց մինչև դրա հետկանչման թվականն ընկած ժամանակահատվածի համար արտոնագիրը գործողության մեջ պահելու տարեկան պետական տուրքերը ենթակա են լրավճարման, իսկ հետագա ժամկետների համար դրանք վճարվում են լրիվ դրույքաչափերով: Պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում դիմումը հետ կանչելու մասին:

6. Արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը և լիցենզիան (այդ թվում՝ ֆրանչայզինգը) ենթակա են գրանցման պետական լիազոր մարմնում: Արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը և լիցենզիան (այդ թվում՝ ֆրանչայզինգը) գրանցվում են Կառավարության սահմանած կարգով:

7. Համապատասխան գրանցամատյանում գյուտի նկատմամբ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիան (այդ թվում՝ ֆրանչայզինգը) գրանցելու համար փոխանցումն իրականացնող կամ լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում`

1) դիմում՝ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիան գրանցելու մասին.

2) իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը՝ իրավունքները փոխանցողի և ստացողի կողմից ստորագրված կամ լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածքը կամ լիցենզիայի տրամադրման մասին հայտարարությունը՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից.

3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան դեպքում՝ նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը` համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 28-րդ հոդվածի.

4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում):

8. Պետական լիազոր մարմնում չգրանցված արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիան (այդ թվում՝ ֆրանչայզինգը) անվավեր է:

9. Լիցենզային պայմանագիրը, լիցենզային պայմանագրից քաղվածքը և լիցենզիայի տրամադրման մասին հայտարարությունը պետք է պարունակեն հետևյալ տվյալները.

1) լիցենզատուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).

2) լիցենզառուի ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).

3) արտոնագրի համարը, որի համար տրամադրվում է լիցենզիան.

4) լիցենզիայի տեսակը.

5) գյուտերը, որոնց համար տրամադրվում է լիցենզիան.

6) լիցենզիայի գործողության ժամկետը.

7) լիցենզիայի գործողության տարածքը։

10. Պետական լիազոր մարմինը սույն հոդվածի 7-րդ մասում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է դրանց փորձաքննությունը և սույն հոդվածի պահանջներին համապատասխանելու դեպքում լիցենզիան գրանցում է պետական գրանցամատյանում։

11. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված լիցենզիայի պայմանների հետագա փոփոխությունները, ինչպես նաև լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցվում են պետական գրանցամատյանում, որի համար լիցենզային պայմանագրի կողմերից մեկը պետական լիազոր մարմին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում՝ լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը գրանցելու մասին.

2) լիցենզիայի փոփոխությունը կամ չեղյալ հայտարարումը հաստատող փաստաթուղթ կամ լիցենզիայի փոփոխության կամ չեղյալ հայտարարման մասին հայտարարություն՝ ստորագրված լիցենզատուի և լիցենզառուի կողմից:

12. Սույն հոդվածում նշված դիմումների ձևերը, դրանց լրացման, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է Կառավարությունը:

13. Սույն հոդվածով նախատեսված դիմումները չեն կարող մերժվել՝ առանց դիմողին լիցենզիայի կամ դրա փոփոխությունների գրանցման օգտին փաստարկներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու:

14. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումների որևէ նշման կամ փաստաթղթի հավաստիության վերաբերյալ հիմնավոր կասկածներ առաջանալու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ:

15. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ենթալիցենզիաների և օրենքով սահմանված դեպքերում՝ ֆրանչայզինգի նկատմամբ մութաթիս մութանդիս (mutatis mutandis)։

16. Լիցենզիայի, այդ թվում՝ ֆրանչայզինգի և արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցման գրանցման հետ կապված պետական լիազոր մարմնի որոշումները դրանց ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, կարող են բողոքարկվել պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ կամ դատական կարգով:

17. Սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է նաև հայտատուի նկատմամբ մութաթիս մութանդիս (mutatis mutandis):

18. Գյուտերի հայտերի կամ արտոնագրերի նկատմամբ իրավունքները երրորդ անձանց նկատմամբ չեն գործում, եթե դրանք գրանցված չեն համապատասխան գրանցամատյանում: Արտադրանքի վրա չի կարող նշում կատարվել գյուտի հայտի կամ արտոնագրի մասին, եթե դրա նկատմամբ իրավունքները գրանցված չեն համապատասխան գրանցամատյանում: Սույն մասի դրույթների խախտումը, որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն, առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

       

Հոդված 71. Գյուտի նկատմամբ գույքային իրավունքների նկատմամբ իրավունքները և սահմանափակումները

                

1. Գյուտի նկատմամբ գույքային իրավունքների նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքով:

2. Գյուտի նկատմամբ գույքային իրավունքների նկատմամբ գրավի իրավունքի, սահմանափակումների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով և այլ օրենքներով, իրավական ակտերով:

           

Հոդված 72. Հարկադրական լիցենզիան

           

 1. Ցանկացած անձ կամ Հայաստանի Հանրապետությունը առանց արտոնագրատիրոջ համաձայնության օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կարող է օգտագործել պահպանվող գյուտը, բույսի սորտը (հարկադրական լիցենզիա), եթե`

1) դա պահանջում է հասարակության շահը, մասնավորապես ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական ապրանքների հասանելիության և մատչելիության բացակայությունը) կամ կենսական նշանակություն ունեցող այլ բնագավառ.

2) արտոնագրատերը կամ լիցենզառուն արտոնագրային իրավունքներն օգտագործում է անբարեխիղճ, մասնավորապես երբ օգտագործման ձևերը հակասում են գործարար շրջանառության սովորույթներին` սահմանափակելով մրցակցությունը.

3) հայտը ներկայացնելու թվականից` չորս տարվա, կամ արտոնագիր տալու օրվանից հետո` երեք տարվա ընթացքում (ընդ որում, պետք է կիրառվի ավելի ուշ լրացող ժամկետը), գյուտը չի օգտագործվել կամ օգտագործվել է ոչ բավարար չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա դատարանը հարկադրական լիցենզիան տրամադրում է դիմումի մեջ նշված հանգամանքներին ծանոթանալուց և արտոնագրատիրոջը լսելուց հետո:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրական լիցենզիան տրամադրվում է, եթե դիմում ներկայացնող անձն ապացուցում է, որ ինքը փորձել է ողջամիտ ժամկետում և ողջամիտ առևտրային պայմաններով արտոնագրատիրոջ հետ կնքել լիցենզային պայմանագիր, և որ այդպիսի փորձերը չեն հաջողվել:

4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասի դրույթները չեն կիրառվում արտակարգ իրավիճակների կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքների կամ հանրային ոչ առևտրային օգտագործման դեպքերում: Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի մասին արտոնագրատերը ծանուցվում է առաջին իսկ հնարավորության դեպքում:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթը չի կիրառվում, սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, մրցակցության սահմանափակման պրակտիկան շտկելու համար հարկադրական լիցենզիա տրամադրվելու դեպքում:

         

Հոդված 73. Հարկադրական լիցենզիայի տրամադրման պայմանները

                    

1. Սույն օրենքի 72-րդ հոդվածի համաձայն` հարկադրական լիցենզիան տրամադրվում է հետևյալ պայմաններով.

1) սահմանափակ ժամկետով ու ծավալով` ելնելով լիցենզիա տալու նպատակից.

2) պետք է լինի միայն ոչ բացառիկ.

3) չի կարող փոխանցվել երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխանցումն իրականացվում է այն կազմակերպության կամ արտադրության հետ, որին տրամադրված է հարկադրական լիցենզիան.

4) հիմնականում տրամադրվում է ներքին շուկայի պահանջարկն ապահովելու համար, բացառությամբ, սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, մրցակցության սահմանափակման պրակտիկան շտկելու համար տրամադրվող հարկադրական լիցենզիաների:

2. Եթե արտոնագիրը (այսուհետ` «երկրորդ արտոնագիր») չի կարող օգտագործվել առանց այլ արտոնագրի (այսուհետ` «առաջին արտոնագիր») խախտման, ապա «առաջին արտոնագրի» հարկադրական լիցենզիա ստանալու համար, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասում բերված պայմանների, անհրաժեշտ է, որ`

1) գյուտը, որը պահպանված է «երկրորդ արտոնագրով», «առաջին արտոնագրով» պահպանված գյուտի համեմատությամբ ապահովի ավելի մեծ տնտեսական կարևորության տեխնիկական առավելություն.

2) «երկրորդ արտոնագրի» արտոնագրատիրոջ դիմումը լիցենզային պայմանագրի համար մերժված լինի «առաջին արտոնագրի» արտոնագրատիրոջ կամ բույսի սորտի իրավատիրոջ կողմից.

3) «առաջին արտոնագրի» արտոնագրատերն ընդունելի պայմանների դեպքում «երկրորդ արտոնագրով» պահպանվող գյուտի օգտագործման համար ունենա փոխադարձ լիցենզիայի իրավունք.

4) «առաջին արտոնագրով» պահպանվող գյուտի օգտագործման իրավունքը հարկադրական լիցենզիա ստացած անձը փոխանցում է միայն կազմակերպության այն մասի հետ, որտեղ իրականացվում է նշված գյուտի օգտագործումը:

3. Դատական ակտով հարկադրական լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) դրան հանգեցնող հանգամանքները վերացված են, իսկ դրանց կրկնվելը քիչ հավանական է.

2) հարկադրական լիցենզիան ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պահպանվող գյուտի օգտագործման համար լիցենզառուն չի ձեռնարկել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

4. Կիսահաղորդչային տեխնոլոգիաների դեպքում հարկադրական լիցենզիան կարող է տրամադրվել միայն պետությանը` բացառապես ոչ առևտրային օգտագործման համար, ինչպես նաև դատական կամ վարչական ընթացակարգերով ճանաչված մրցակցության սահմանափակման պրակտիկան շտկելու համար:

5. Հարկադրական լիցենզիա կարող է տրամադրվել նաև դեղագործական արտադրանքին վերաբերող գյուտի օգտագործման համար` հետագա արտահանման համար արտադրանք արտադրելու նպատակով:

6. Եթե սելեկցիոները չի կարող բույսի սորտի նկատմամբ իրավունք ձեռք բերել` առանց խախտելու ավելի վաղ առաջնություն ունեցող գյուտի արտոնագիրը, ապա կարող է դիմել արտոնագրով պահպանվող գյուտի ոչ բացառիկ օգտագործման հարկադրական լիցենզիա ստանալու համար այն ծավալով, որն անհրաժեշտ է պահպանվող բույսի սորտի օգտագործման համար:

7. Եթե կենսատեխնոլոգիական գյուտի արտոնագրատերը չի կարող գյուտն օգտագործել` առանց խախտելու բույսի սորտի նկատմամբ ավելի վաղ իրավունքը, ապա նա կարող է դիմել այդ իրավունքով պահպանվող բույսի սորտի օգտագործման հարկադրական ոչ բացառիկ լիցենզիա ստանալու համար:

8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում նշված հարկադրական լիցենզիաները տրամադրվում են` կիրառելով սույն օրենքի 72-74-րդ հոդվածների դրույթները մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis):

             

 Հոդված 74. Հարկադրական լիցենզիայի համար վարձատրությունը
             

1. Հարկադրական լիցենզիան տրամադրվում է արտոնագրատիրոջը համարժեք դրամական վարձատրության պայմանով:

2. Վարձատրության չափը որոշվում է՝ ելնելով յուրաքանչյուր դեպքի հանգամանքներից և հաշվի առնելով այդպիսի թույլտվության տնտեսական նշանակությունը: Սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հարկադրական լիցենզիա տրամադրելու դեպքում վարձատրության չափը որոշելիս պետք է հաշվի առնվի մրցակցության սահմանափակման պրակտիկան շտկելու անհրաժեշտությունը:

       

ԳԼՈՒԽ 11

         

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ

      

 Հոդված 75. Պետական գրանցամատյանները

                 

1. Պետական լիազոր մարմինը վարում է գյուտերի պետական գրանցամատյանը: Գրանցամատյանը բաց է հանրության համար, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Ցանկացած անձի դիմումի հիման վրա և օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դիմաց պետական լիազոր մարմինը քաղվածք է տրամադրում պետական գրանցամատյանից:

3. Գրանցամատյանի բովանդակությունը, դրանում փոփոխություն կատարելու մասին դիմումի ձևը, փոփոխություններ կատարելու ընթացակարգը, քաղվածքի ձևը և դրա տրամադրման, ինչպես նաև գրանցամատյանի վարման հետ կապված գործողությունների կատարման կարգը սահմանում է Կառավարությունը:

          

 Հոդված 76. Գրանցամատյանի բովանդակությունը
           

1. Գյուտերի պետական գրանցամատյանը հիմնականում ներառում է գյուտի գրանցման համարը (գյուտի արտոնագրի կամ գյուտի կարճաժամկետ արտոնագրի համարը), հայտի համարը և ներկայացման թվականը, խնդրարկված առաջնության թվականը, հայտի հրապարակման թվականը (համապատասխան դեպքում), գրանցամատյանում գրանցման թվականը և արտոնագրի տրման թվականը, արտոնագրատիրոջը վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) (անհատ ձեռնարկատեր նշումով), հաշվառման վայրը, կազմակերպության դեպքում` անվանումը, գտնվելու վայրը), արտոնագրի տեսակը, հեղինակին վերաբերող տվյալները (անունը, ազգանունը և բնակության վայրը), գյուտի անվանումը, արտոնագրի գործողության մասին տվյալները, արտոնագրի գործողության դադարեցման թվականը, ինչպես նաև լրացուցիչ պահպանություն տրամադրելու մասին տվյալներ:

2. Գյուտերի պետական գրանցամատյանում ներառվում է նաև գյուտերի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի մասին տեղեկատվությունը:

        

Հոդված 77. Գրանցամատյաններում փոփոխությունների կատարումը
           

1. Իրավունքներին և արտոնագրատերերին վերաբերող տվյալների հետագա փոփոխությունները գրանցամատյան մուտքագրվում են համապատասխան դիմումի համաձայն: Սույն հոդվածի դրույթները մութաթիս մութանդիս (mutatis mutandis) կիրառվում են հայտերի և հայտատուների նկատմամբ:

2. Իրավունքների փոխանցումը և տրամադրված լիցենզիաների, այդ թվում՝ ֆրանչայզինգի մասին տվյալները մուտքագրվում են համապատասխան գրանցամատյան` պայմանագրի կողմերից որևէ մեկի դիմումի համաձայն:

3. Մինչև փոփոխությունների կատարումը որպես արտոնագրատեր գրանցամատյանում նշված անձը համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում կարող է դատական կարգով բողոքարկել ցանկացած փոփոխություն, որն անօրինական ձևով կատարվել է առանց իր համաձայնության:

          

 Հոդված 78. Փոփոխություններ կատարելու ընթացակարգը

            

1. Մեկ դիմումով կարող է խնդրարկվել՝ համապատասխան գրանցամատյանում կատարելու մի քանի փոփոխություն: Մեկ դիմումը բավարար է նաև, եթե փոփոխությունները խնդրարկվում են մեկից ավելի հայտերի և (կամ) միևնույն անձի իրավունքի համար, պայմանով, որ փոփոխությունը կամ փոփոխությունները նույնը լինի (լինեն) քննարկվող բոլոր հայտերի և իրավունքների համար, և բոլոր հայտերի ու իրավունքների համարները նշված լինեն դիմումում:

2. Յուրաքանչյուր հայտի կամ իրավունքի վերաբերյալ փոփոխությունը համապատասխան գրանցամատյանում գրանցելու համար դիմում ներկայացնելիս կամ համապատասխան ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, վճարվում է պետական տուրք:

3. Եթե փոփոխությունները խնդրարկվում են որպես արտոնագրատեր գրանցամատյանում նշված անձի կողմից, ապա պետական լիազոր մարմինը փոփոխությունները գրանցում է համապատասխան գրանցամատյանում:

4. Եթե փոփոխությունները խնդրարկվում են որպես արտոնագրատեր համապատասխան գրանցամատյանում չգրանցված անձի կողմից, ապա տվյալ անձը դիմումը ներկայացնելիս կամ պետական լիազոր մարմնի համապատասխան ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, իր հայեցողությամբ ներկայացնում է արտոնագրատիրոջ համաձայնությունը կամ փոփոխությունների կատարման իրավական հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր: Եթե պետական լիազոր մարմինը կասկածներ ունի փոփոխություններ կատարելու համար ներկայացված դիմումում տեղ գտած որևէ նշման վերաբերյալ, կամ եթե ներկայացված փաստաթղթերն օտար լեզվով են, ապա նա կարող է պահանջել, որ դիմումն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, ներկայացվեն լրացուցիչ փաստաթղթեր կամ դրանց հայերեն թարգմանությունը:

5. Եթե դիմողը ժամանակին չի ներկայացնում սույն հոդվածի 4-րդ մասում նշված լրացուցիչ փաստաթղթերը կամ փաստաթղթերի թարգմանությունը, ապա փոփոխություններ կատարելու մասին դիմումը համարվում է հետկանչված:

6. Փոփոխությունները կատարվում են պետական լիազոր մարմնի որոշման հիման վրա:

         

ԳԼՈՒԽ 12

         

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

        

 Հոդված 79. Պետական լիազոր մարմնի առջև ներկայացուցչությունը

           

1. Հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը պետական լիազոր մարմնի հետ գործավարությունը կարող է վարել ներկայացուցչի միջոցով նրանց տված լիազորագրի հիման վրա:

2. Ներկայացուցիչ նշանակող կողմը կարող է նշանակել մեկ կամ մի քանի ներկայացուցիչ յուրաքանչյուր կամ բոլոր գործողությունների համար, որոնք նախատեսված են պետական լիազոր մարմնի ընթացակարգով: Եթե նշանակված է մի քանի ներկայացուցիչ, և ներկայացուցիչ նշանակող կողմը չի նշանակում ընդհանուր ներկայացուցչին, որի հետ պետական լիազոր մարմինը պետք է վարի գործավարությունը, ապա պետական լիազոր մարմինը ծանուցումները և որոշումներն ուղարկում է հայտը ներկայացրած ներկայացուցչին, իսկ դրա անհնարինության դեպքում` նշանակված ներկայացուցիչներից որևէ մեկին:

3. Ներկայացուցիչ նշանակող կողմը մեկ լիազորագրով կարող է լիազորել ներկայացուցչին կատարել միևնույն հայտատուի` պետական լիազոր մարմին ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք հայտերին վերաբերող գործողությունները:

4. Ներկայացուցչի լիազորագիրը պետական լիազոր մարմին ներկայացվում է հայտը ներկայացնելիս կամ այն ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում: Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են չկատարված և հաշվի չեն առնվում, բացառությամբ հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու և պետական տուրքը վճարելու: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում գործավարությունն իրականացվում է հայտատուի հետ անմիջականորեն՝ հաշվի առնելով սույն օրենքի 80-րդ հոդվածով սահմանված պահանջները:

           

 Հոդված 80. Օտարերկրյա անձանց ներկայացուցչությունը

                

1. Օտարերկրյա ֆիզիկական անձինք և կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակության վայր կամ իրական և գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն (այսուհետ` օտարերկրյա անձինք), սույն օրենքի համաձայն, իրենց իրավունքների ձեռքբերման և պաշտպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնում վարում են ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից և հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները` օտարերկրյա անձինք կարող են պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել, հայտի ներկայացման թվականի առնչությամբ գործողություններ կատարել, գործավարության կատարման համար վճարել պետական տուրքեր, սույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն, առաջնության իրավունքի խնդրարկման դեպքում ներկայացնել առաջին հայտի վավերացված պատճենը և այդ գործավարության վերաբերյալ պետական լիազոր մարմնի կողմից ստանալ ծանուցագիր` առանց ներկայացուցչի:

3. Եթե օտարերկրյա անձը, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացնելու համար չունի ներկայացուցիչ, ապա նա պետական լիազոր մարմնի հետ նամակագրության համար տալիս է Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կամ էլեկտրոնային հասցե: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկացած ծանուցագիր, որը պետական լիազոր մարմինն ուղարկում է նշված հասցեով, համարվում է պատշաճ ծանուցում:

4. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից` տարեկան պետական տուրքը կարող է վճարել ցանկացած անձ:

5. Եթե օտարերկրյա անձը պետական լիազոր մարմնի հետ գործավարության համար չի նշանակում ներկայացուցիչ և, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, չի նշում նամակագրության հասցե, ապա պետական լիազոր մարմինը նրան ծանուցագիր է ուղարկում այն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, ներկայացուցիչ նշանակելու և լիազորագիր ներկայացնելու կամ, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, նամակագրության հասցե նշելու առաջարկությամբ: Եթե օտարերկրյա անձը սահմանված ժամկետում ներկայացուցիչ չի նշանակում և լիազորագիր չի ներկայացնում կամ, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, նամակագրության հասցե չի նշում, ապա հայտը համարվում է հետկանչված:

     

Հոդված 81. Ներկայացուցչի լիազորագրի գործողությունը դադարեցնելը և ծառայություններից հրաժարվելը

                 

1. Ներկայացուցիչ նշանակող կողմը ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել լիազորագրի գործողությունը, իսկ ներկայացուցիչը` հրաժարվել իր նշանակումից` այդ մասին տեղեկացնելով պետական լիազոր մարմնին:

2. Ներկայացուցիչ նշանակող կողմի որոշումն ուժի մեջ է մտնում պետական լիազոր մարմնի կողմից այն ստանալու օրվանից: Իր նշանակումից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը պետական լիազոր մարմնի կողմից ստանալու օրվանից, պայմանով, որ այդ մասին ծանուցված է ներկայացուցիչ նշանակող կողմը: Նշանակող կողմն ավելի ուշ ծանուցվելու դեպքում ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը նշանակող կողմի ստանալու օրվանից:

3. Եթե ներկայացուցչի լիազորությունները դադարեցնելու մասին ներկայացուցիչ նշանակող կողմի որոշման կամ իր լիազորություններից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշման պատճառով օտարերկրյա անձը մնում է առանց ներկայացուցչի, ապա սույն օրենքի 80-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվում է մութաթիս մութանդիս (mutatis mutandis):

           

 Հոդված 82.   Արտոնագրային հավատարմատարները

             

1. Գյուտի հայտ ներկայացնելու, հայտով նամակագրություն վարելու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված իրավունքների ձեռքբերման և տնօրինման հետ կապված գործողությունները հայտատուն կարող է կատարել իր նշանակած արտոնագրային հավատարմատարի միջոցով:

2. Արտոնագրային հավատարմատար կարող է լինել`

1) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն և բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որը պետական լիազոր մարմնում հանձնել է համապատասխան քննություն և որակավորվել է որպես արտոնագրային հավատարմատար.

2) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունը, որում աշխատում է սույն մասի 1-ին կետի պահանջներին համապատասխանող առնվազն մեկ անձ:

3. Կողմերը, որոնք, սույն օրենքի համաձայն, իրականացնում են իրավունքների հետ կապված գործողություններ, կարող են նաև դատարաններում և այլ պետական մարմիններում ներկայացվել արտոնագրային հավատարմատարի կողմից, ինչպես նաև նրա մոտ աշխատող լիազորված անձի միջոցով, պայմանով, որ նրանք համապատասխանում են դատարանում և այլ պետական մարմիններում հանդես գալու մասին օրենքով սահմանված պահանջներին: Այս դեպքերում արտոնագրային հավատարմատարն իրավունք ունի վարձատրվելու իր աշխատանքի դիմաց և հատուցում ստանալու իր ծախսերի դիմաց:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական լիազոր մարմինն անցկացնում է արտոնագրային հավատարմատարների որակավորման քննություններ: Արտոնագրային հավատարմատարների որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

          

 Հոդված 83. Արտոնագրային հավատարմատարների գրանցումը գրանցամատյանում

                 

1. Պետական լիազոր մարմինը վարում է արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանը:

2. Արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանում գրանցվելու համար վճարվում է օրենքով սահմանված պետական տուրք: Պետական տուրքի վճարումից հետո պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում արտոնագրային հավատարմատարին գրանցելու մասին:

3. Արտոնագրային հավատարմատարները կարող են հանվել համապատասխան գրանցամատյանից, եթե`

1) այդ մասին դիմում են ներկայացրել.

2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել են տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

4. Արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանում գրանցվում են մասնավորապես հետևյալ տվյալները` արտոնագրային հավատարմատարի գրանցման համարը, արտոնագրային հավատարմատարի տվյալները (անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը), գրանցամատյանում գրանցման թվականը և այն անձի տվյալները, որը համապատասխանում է սույն օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներին և ընդունված է մշտական կամ պայմանագրային աշխատանքի արտոնագրային հավատարմատարի կողմից (անունը, ազգանունը, բնակության վայրը և կրթությունը):

5. Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Կառավարության հաստատած կանոնադրությամբ: Արտոնագրային հավատարմատարների գրանցումն իրականացնում է պետական լիազոր մարմինը` Կառավարության սահմանած կարգով:

                   

ԳԼՈՒԽ 13

        

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

          

Հոդված 84. Անցումային դրույթներ

                 

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված և արտոնագրաունակության մասին հրապարակված եզրակացություն ունեցող գյուտերի արտոնագրերը, որոնց գործողությունը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան` որպես սույն օրենքի համաձայն տրված գյուտերի արտոնագրեր:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված գյուտերի արտոնագրերը, որոնց գործողությունը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, և այն գյուտերի արտոնագրերը, որոնցով արտոնագրաունակության մասին եզրակացություն չի հրապարակվել, արտոնագրատիրոջ դիմումի հիման վրա կարող են պետական լիազոր մարմնի սահմանած կարգով փոխակերպվել գյուտի կարճաժամկետ արտոնագրի: Դիմումները կարող են ներկայացվել պետական լիազոր մարմին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չփոխակերպված արտոնագրերը ստանում են սույն օրենքով նախատեսված` հրապարակված հայտի կարգավիճակ: Նշված հայտերով ըստ էության փորձաքննություն անցկացնելու դիմումները կարող են ներկայացվել մինչև հայտի ներկայացման թվականից ինը տարին լրանալը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված դիմումը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն:

5. Այն հայտերով, որոնցով սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գրավոր ապացույցի տրամադրումն ավարտված չէ, և դրա մասին պետական լիազոր մարմինը սահմանված կարգով ծանուցված է, արտոնագրի նկատմամբ գործավարությունը շարունակվում է, եթե գրավոր ապացույցը ներկայացվում է արտոնագրի գործողության իններորդ տարին լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված օգտակար մոդելի արտոնագրերը, որոնց գործողությունը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան` որպես սույն օրենքի համաձայն տրված գյուտի կարճաժամկետ արտոնագրեր:

7. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործողությունը դադարեցված գյուտերի և օգտակար մոդելների արտոնագրերով վերապահված իրավունքները վերականգնվում են սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:

8. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ստացված և փորձաքննության փուլում գտնվող գյուտերի հայտերի քննարկումը շարունակվում է սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:

9. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ստացված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գյուտի արտոնագրաունակության մասին եզրակացության նախապատրաստման փուլում գտնվող արտոնագրերով սույն օրենքով սահմանված կարգով գյուտի արտոնագիր տալու վերաբերյալ որոշումը պետական լիազոր մարմինը կայացնում է՝ հաշվի առնելով արտոնագրաունակության մասին եզրակացության առկա նյութերը կամ համապատասխան դեպքում` պետական լիազոր մարմնի իրականացրած փորձաքննության արդյունքներով:

10. Այն հայտերը, որոնց նկատմամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը որոշում է կայացված արտոնագիր տալու մասին, և հայտարկված գյուտը գրանցված չէ պետական գրանցամատյանում, հայտատուի դիմումի հիման վրա պետական լիազոր մարմինը հրապարակում է սույն օրենքի 51-րդ հոդվածի համաձայն կամ համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում տալիս է գյուտի կարճաժամկետ արտոնագիր: Դիմումները կարող են ներկայացվել պետական լիազոր մարմին սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ եռամսյա ժամկետում:

11. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ստացված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փորձաքննության փուլում գտնվող օգտակար մոդելների հայտերի քննարկումը շարունակվում է գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտերի համար սույն օրենքով նախատեսված դրույթներին համապատասխան:

12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական գրանցամատյանում չգրանցված օգտակար մոդելների հայտերով օգտակար մոդելի արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում տրվում Է սույն օրենքով նախատեսված գյուտի կարճաժամկետ արտոնագիր:

13. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գյուտերին վերաբերող ծագած վեճերը լուծվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենքի դրույթներին համապատասխան:

14. «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» 2008 թվականի հունիսի 28-ի ՀՕ-111-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել:

15. Սույն օրենքի ընդունումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով, 9-րդ հոդվածի 1-ին մասով, 40-րդ հոդվածի 5-րդ մասով, 51-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 70-րդ հոդվածի 6-րդ և 12-րդ մասերով, 75-րդ հոդվածի 3-րդ մասով, 82-րդ հոդվածի 4-րդ մասով և 83-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգերը:

                  

Հոդված 85.  Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։

           

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-108-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2021 թվական: