Համարը 
N 09-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.02.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվը 
24.02.2023
Ստորագրող մարմինը 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվը 
24.02.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.02.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԽՄԲԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 փետրվարի 2023 թ.

N 09-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԽՄԲԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.19-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2023 թ.-ի

փետրվարի 24-ի N 09-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԽՄԲԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) գործածվող ուսումնական պլանների դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանվող ուսումնական առարկաների (այսուհետ՝ Ուսումնական առարկաներ) ծրագրերի, ուսումնական խմբակների (այսուհետ՝ Խմբակ) երաշխավորման հետ կապված հարաբերությունները:

 

2. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

 

2. Ուսումնական առարկաների ծրագրերը մշակվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշչի պահանջներին համապատասխան։

3. Ուսումնական առարկաների ծրագրերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) և Հաստատությունների կողմից։

4. Մշակված ծրագրերը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով երաշխավորվում են գործածության։

5. Հաստատության կողմից մշակված և Նախարարության կողմից ուսումնական առարկաների երաշխավորված ծրագրերին ժամեր տրամադրվում են դպրոցական և անհատական (ընտրովի) բաղադրիչներով սահմանված ժամաքանակից։

 

3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՄԲԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

 

6. Խմբակների երաշխավորված ծրագրերին Հաստատության ուսումնական պլանում ժամեր տրամադրվում են անհատական (ընտրովի) բաղադրիչով սահմանված ժամաքանակից։

7. Խմբակների անհրաժեշտությունը որոշվում է սովորողների առաջարկությամբ, հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առաջնահերթություններով, դպրոցի զարգացման նպատակներով։

8. Խմբակը կարող է վարել տվյալ Հաստատության ուսուցիչը կամ այն անձը, որն ունի բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ (ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

9. Խմբակը ստեղծվում է սովորողների՝

1) արտադասարանական ուսումնառության և ժամանցի կազմակերպման համար,

2) նախասիրությունների, հետաքրքրության տարբեր ոլորտների (գիտություն, արվեստ, զբոսաշրջություն, հայրենագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆիզիկական կուլտուրա և սպորտ և այլն) վերաբերյալ ուսումնական ծրագրերի իրականացման համար,

3) սոցիալականացման և ինքնուրույն կենսագործունեության համար,

4) մասնագիտական կողմնորոշման համար:

10. Հաստատությունում Խմբակները ձևավորվում են՝

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով,

2) ուսուցչի կամ ծնողների առաջարկությամբ, որը քննարկվում է մանկավարժական խորհրդի նիստում և հավանության արժանանալու դեպքում հաստատվում է Հաստատության տնօրենի հրամանով՝ պահպանելով սույն կարգի 12-15-րդ և 17-րդ կետերով սահմանված պահանջները:

11. Խմբակի աշխատանքի կազմակերպման և վարման բովանդակության, որակի, ակնկալվող վերջնարդյունքների նկատմամբ վերահսկողությունը մշտադիտարկումների միջոցով իրականացնում է տվյալ Հաստատության կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողը կամ տնօրենի տեղակալը, վերջիններիս բացակայության դեպքում՝ տնօրենը:

12. Խմբակի ծրագիրն (այսուհետ՝ Ծրագիր) անհրաժեշտ է մինչև տվյալ տարվա հունիսի 15-ը, համաձայն Ձև 1-ի, ներկայացնել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (այսուհետ՝ ԿԶՆԱԿ)՝ մասնագիտական փորձաքննության նպատակով:

13. ԿԶՆԱԿ-ը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է փորձագիտական եզրակացություն։

14. Փորձագիտական դրական եզրակացության դեպքում ԿԶՆԱԿ-ը խմբակի ծրագիրը ներկայացնում է Նախարարություն՝ գործածության երաշխավորելու համար:

15. Փորձագիտական բացասական եզրակացության դեպքում ԿԶՆԱԿ-ը խմբակի ծրագիրը համապատասխան հիմնավորումներով վերադարձնում է հեղինակին՝ լրամշակման։

16. Ծրագիրը ներառում է.

1) հատկացվող ընդհանուր ժամաքանակը,

2) ծրագրի նպատակները,

3) ակնկալվող վերջնարդյունքները,

4) կրթական աստիճանը, սովորողների տարիքային խումբը կամ դասարանը,

5) բովանդակությունը,

6) պահանջվող նյութատեխնիկական բազան,

7) օգտագործված գրականության ցանկը, հղումները:

17. Նախարարության կողմից Խմբակների երաշխավորված ծրագրերը կարող են օգտագործվել նաև այլ Հաստատությունների կողմից:

18. Կրթական որևէ աստիճանում յուրաքանչյուր Խմբակին հատկացվող ժամաքանակը չի կարող գերազանցել շաբաթական 2 ակադեմիական ժամը։

19. Նույն Խմբակը կարող է իրականացվել կրթական տարբեր աստիճաններում:

20. Յուրաքանչյուր կրթական աստիճանում գործող Խմբակի ծրագիրը պետք է համապատասխանի սովորողների տարիքային առանձնահատկություններին։ Խմբակի անվանումը չի կարող կրկնել ուսումնական պլանով նախատեսված հանրակրթական պետական ծրագրի որևէ ուսումնական առարկայի անվանումը և ծրագրի բովանդակությունը:

 

Ձև 1

ԽՄԲԱԿԻ ԾՐԱԳԻՐ

(նշել խմբակի անվանումը)

 

ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ / ԴԱՍԱՐԱՆ

(նշել կրթական այն աստիճանը, սովորողների տարիքային խումբը/դասարանը, որում գործելու է խմբակը)

 

ԺԱՄԱՔԱՆԱԿ

(նշել խմբակին հատկացված ժամաքանակը տվյալ կրթական աստիճանում)

 

ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

(նշել խմբակի որպես արտադասարանական գործունեության կարևորության, բովանդակությանը համապատասխանող կարողության, զարգացման և առարկայի դասավանդման ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների ամրապնդման մասին, և հանրակրթության պետական չափորոշչով տվյալ կրթական աստիճանի համար սահմանված վերջնարդյունքներից բխող կարողությունները, որոնք զարգանալու են խմբակի գործունեության արդյունքում)

 

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

1. Ներկայացնել ………..

2. Ձևավորել և զարգացնել …………

3. Նպաստել …………

4. Արժևորել ……….

 

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Խմբակի անդամները կկարողանան՝

1. ……………..

2. ……………..

3. ……………..

….

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱ

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ, ՀՂՈՒՄՆԵՐ

 

ԾՐԱԳԻՐ/ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

(տարեկան/ամսական/կիսամյակային)

 

Հ/Հ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆՊԱՏԱԿ

ԺԱՄԱՔԱՆԱԿ

ՆՇՈՒՄՆԵՐ

1.

       

2.

       

3.

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2023 թվական: