Համարը 
ՀՕ-20-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2025.02.03-2025.02.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2025
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.01.2025
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.02.2025
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.03.2025
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված հիմքերով առաջացած՝ անշարժ գույքի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված կարգավորումները:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 228-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Կադաստրային գնահատման հարկային տարվանից հետո կադաստր վարող մարմնում առկա հաշվառման (այդ թվում` ընթացիկ հաշվառում իրականացնող իրավասու մարմնից ստացված) տվյալների համեմատությամբ մինչև անշարժ գույքի հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում անշարժ գույքի հարկման բազան կարող է ճշգրտվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի իմաստով պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղում կատարելու հետևանքով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքի և Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածի գնահատման կարգերով հաշվարկվող բանաձևերում շինության կամ հողամասի մակերեսի կամ գործակիցների մեծությունների փոփոխման արդյունքում: Անշարժ գույքի հարկման ճշգրտված բազան հիմք է ընդունվում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հաջորդ կադաստրային գնահատման հարկային տարին ներառյալ հարկման բազան որոշելու համար:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 401-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 5.1-ին մասով սահմանված հիմքերով անշարժ գույքի հարկով հարկման բազայի ճշգրտման հետևանքով առաջացած համապատասխան անշարժ գույքի հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում՝ սկսած 2021 թվականի հունվարի 1-ից մինչև տվյալ փոփոխությունների ամիսը ներառյալ, եթե այդ անշարժ գույքի հարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են եղել Օրենսգրքով սահմանված ժամկետներում:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված հիմքերով առաջացած՝ անշարժ գույքի հարկի գծով լրացուցիչ հարկային պարտավորությունների վերահաշվարկ՝ հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված կարգավորումները:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. փետրվարի 12

Երևան

ՀՕ-20-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական: