Համարը 
ՀՕ-236-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.12.23/80(452) Հոդ.1534
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
15.11.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 15-ին

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը կարգավորում է նախադպրոցական կրթության համակարգի գործունեության իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը:


Գ Լ ՈՒ Խ  1


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը

 

Նախադպրոցական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, Ընտանեկան օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

 

Հոդված 2.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

նախադպրոցական կրթություն` տարրական ընդհանուր կրթությանը նախապատրաստող, նախադպրոցական կրթական ծրագրով իրականացվող կրթություն.

նախադպրոցական տարիք` երեխայի մինչև 6 տարեկան հասակը.

նախադպրոցական ուսումնական հաստատություն`  նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություն.

նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ`  համատեղ ուսումնադաստիարակչական գործընթացում ընդգրկված նախադպրոցական հաստատության երեխաների տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խումբ.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ` երեխա, որի ֆիզիկական և (կամ) մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկությունները խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը` առանց կրթության առանձնահատուկ պայմանների.

ատեստավորում` մանկավարժի մասնագիտական գիտելիքների, կարողությունների մակարդակի և գործունեության արդյունավետության ստուգում և գնահատում.

նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:

 

Հոդված 3.

Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության խնդիրները

 

Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության խնդիրներն են՝

ա) նախադպրոցական կրթության զարգացմանն աջակցելը.

բ) պետական կրթական չափորոշիչների շրջանակներում նախադպրոցական կրթության ծրագրերում ընդգրկվածության ավելացումը.

գ) երեխայի կյանքի, առողջության պահպանմանը և ամրապնդմանը, ներդաշնակ ու համակողմանի զարգացմանը, ուսուցմանն ու դաստիարակությանը նպաստելը:

 

Հոդված 4.

Նախադպրոցական կրթության մասին օրենսդրության հիմնական խնդիրները

 

Նախադպրոցական կրթության մասին օրենսդրության հիմնական խնդիրներն են՝

ա) նախադպրոցական կրթություն ստանալու՝ երեխայի իրավունքների սահմանումը.

բ) նախադպրոցական կրթության համակարգի գործունեության և զարգացման ուղղությունների սահմանումը.

գ) նախադպրոցական կրթության կառավարման մարմինների և նրանց լիազորությունների սահմանումը.

դ) ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացի մասնակիցների իրավունքների և պարտականությունների սահմանումը.

ե) նախադպրոցական կրթության ոլորտում բարեգործության, նպատակային ֆինանսական աջակցության համար իրավական հիմքերի ապահովումը:

 

Հոդված 5.

Նախադպրոցական կրթության իրականացման սկզբունքները

 

Նախադպրոցական կրթության իրականացման սկզբունքներն են՝

ա) յուրաքանչյուր երեխայի բազմակողմանի զարգացման, ունակությունների, հակումների, կարողությունների, ընդունակությունների, ձիրքերի դրսևորման համար պայմանների հավասարությունը.

բ) երեխաների զարգացման, դաստիարակության, ուսուցման և առողջարարական, վերականգնողական խնդիրներին միասնական մոտեցումը.

գ) ընտանիքի և նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների համադասվածությունը.

դ) նախադպրոցական և ընդհանուր կրթության հաջորդայնությունն ու շարունակականությունը.

ե) նախադպրոցական կրթության աշխարհիկ բնույթը.

զ) երեխայի անձնային զարգացման նպատակով անհատական մոտեցման ապահովումը.

է) նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման առանձնահատկություններին և առողջական վիճակին նախադպրոցական կրթության բովանդակության, մակարդակի և ծավալի համապատասխանությունը:

 

Հոդված 6.

Նախադպրոցական կրթության նպատակները և խնդիրները

 

1. Նախադպրոցական կրթության նպատակներն են՝

ա) երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը.

բ) նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը.

գ) դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը:

2. Նախադպրոցական կրթության խնդիրներն են՝

ա) նախադպրոցական տարիքի երեխաների մեջ մայրենի լեզվով հաղորդակցվելու և հաշվելու տարրական կարողությունների զարգացումը.

բ) նախադպրոցական տարիքի երեխայի խնամքը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը.

գ) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, աշխատանքային տարրական հմտությունների և կարողությունների ձևավորումը.

դ) հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, ազգային ավանդույթների, մայրենի լեզվի, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումն ու արմատավորումը.

ե) երեխայի անհատականության ձևավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը.

զ) նախադպրոցական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը.

է) ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 7.

Նախադպրոցական կրթությունը

 

1. Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է:

2. Նախադպրոցական կրթությունն ամբողջական գործընթաց է, որն ուղղված է`

ա) նախադպրոցական տարիքի երեխայի բազմակողմանի զարգացման ապահովմանը՝ նրա հակումներին, ընդունակություններին, կարողություններին, անհատական, հոգեկան և ֆիզիկական առանձնահատկություններին համապատասխան.

բ) նախադպրոցական տարիքի երեխայի մեջ վարվելակերպի տարրական նորմերի ձևավորմանը:

 

Հոդված 8.

Նախադպրոցական կրթության համակարգը

 

Նախադպրոցական կրթության համակարգը ներառում է`

ա) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը.

բ) նախադպրոցական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև այն ուսումնական հաստատությունները (կրթահամալիրները), որոնք իրականացնում են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր.

գ) նախադպրոցական կրթության կառավարման մարմինները, դրանց ենթակայության տակ գտնվող համապատասխան կազմակերպությունները.

դ) ընտանիքը:

 

Հոդված 9.

Նախադպրոցական տարիքը

 

1. Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է:

2. Նախադպրոցական տարիքային փուլերն են՝

ա) վաղ տարիք` մինչև 3 տարեկան.

բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան.

գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան:

 

Հոդված 10.

Նախադպրոցական ուսումնական հաստատության խմբերի համալրումը

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների խմբերի համալրումը, որպես կանոն, իրականացվում է տարիքային, ընտանեկան և ազգակցական հատկանիշներով:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի խտությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  3


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 

Հոդված 11.

Նախադպրոցական ուսումնական հաստատությունը և նրա լիազորությունները

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը՝

ա) ապահովում է նախադպրոցական կրթություն ստանալու՝ երեխայի իրավունքները.

բ) ապահովում է նախադպրոցական կրթության մակարդակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին.

գ) երեխաների զարգացման, դաստիարակության, ուսուցման և առողջության ամրապնդման համար ապահովում է սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան պայմաններ.

դ) երեխաների մեջ ձևավորում է անձնական հիգիենայի, առողջ կենսակերպի, անվտանգ վարքագծի և պատշաճ վարվելաձևի կանոններ.

ե) իրականացնում է սոցիալ-հոգեբանական աջակցություն, ծնողների շրջանում տարածում հոգեբանական և մանկավարժական գիտելիքներ, ընտանիքի հետ համագործակցություն.

զ) առաջարկում է երեխաների կրթության կազմակերպման այլընտրանքային ձևեր.

է) իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի ռեժիմը, երեխաներին պահելու տևողությունը սահմանում է նրա հիմնադիրը` կրթության և առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինների իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում սահմանվում է աշխատանքի ռեժիմի ճկուն համակարգ:

 3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել մանկավարժական նորարարական, այլընտրանքային ծրագիր, փորձարարական գործունեություն: Նման գործունեության իրավունք նախադպրոցական ուսումնական հաստատությանը տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

 Հոդված 12.

Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները սահմանվում են նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է ներառվել կրթահամալիրի կազմում:

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:

 

Հոդված 13.

Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական:

2. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են:

3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:

4. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:

 

Հոդված 14.

Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը

 

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
 

Հոդված 15.

Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարման մարմինները
  

Նախադպրոցական կրթության բնագավառի կառավարումն իրականացնում են՝

ա) կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.

բ) տեղական ինքնակառավարման մարմինները:

 

Հոդված 16.

Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները նախադպրոցական կրթության բնագավառում

 

1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝

ա) մշակում է նախադպրոցական կրթության բնագավառի պետական քաղաքականությունը.

բ) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները.

գ) սահմանում է նախադպրոցական կրթության համակարգի զարգացման հեռանկարները և գերակա ուղղությունները.

դ) մշակում, հաստատում և ներդնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները և վերահսկում դրանց պահանջների կատարումը.

ե) կազմակերպում է նախադպրոցական կրթության նորմատիվ, գիտական, ծրագրամեթոդական, կադրերի պատրաստման և տեղեկատվական ապահովումը.

զ) մշակում է նախադպրոցական կրթության համակարգի մանկավարժ աշխատակիցների ատեստավորման կարգը.

է) համակարգում և վերահսկում է նախադպրոցական կրթության համակարգի նորարարական գործունեության կազմակերպումն ու իրականացումը.

ը) հաստատում է կրթական չափորոշիչներից բխող ուսումնադիդակտիկ պարագաների, ծրագրամեթոդական, ուսումնական ձեռնարկների, գեղարվեստական գրականության տիպային ցանկերը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում է միջազգային համագործակցություն.

ժ) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը.

ժա) իրականացնում է նախադպրոցական կրթության համակարգի գիտամեթոդական ապահովումը.

ժբ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Իր լիազորությունների սահմաններում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման նախադպրոցական կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

 

Հոդված 17.

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները նախադպրոցական կրթության ոլորտում

 

Տեղական ինքնակառավարման մարմինները՝

ա) ապահովում են նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը.

բ) վարում են նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը.

գ) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

դ) ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար.

ե) իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը և պաշտոնից ազատումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

զ) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը.

է) ապահովում են նախադպրոցական տարիքի երեխաների առողջապահական խնդիրների իրականացումը.

ը) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 18.

Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումը

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)` սույն օրենքին, այլ իրավական ակտերին և հաստատության կանոնադրությանը համապատասխան:

 

Հոդված 19.

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են կրթության բնագավառում լիազորություններ ունեցող պետական կառավարման մարմինները: Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5


ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Հոդված 20.

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

 

1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է նախադպրոցական տարիքի երեխայի զարգացածության, կրթադաստիարակչական մակարդակը սահմանող համապատասխան նորմեր և դրույթներ:

2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի ապահովումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է:

3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

4. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի ծրագրամեթոդական ապահովումը իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 21.

Նախադպրոցական կրթությանը և նրա իրականացմանը ներկայացվող պահանջները

 

1. Նախադպրոցական կրթության բովանդակությունը սահմանվում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով:

2. Նախադպրոցական կրթությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագրերով:

3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով չնախատեսված լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումն իրականացվում է ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ և ընտրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  6


ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
 

Հոդված 22.

Ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները

 

Նախադպրոցական կրթության ոլորտի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են՝

ա) նախադպրոցական տարիքի երեխաները.

բ) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները.

գ) տնօրենները, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տնօրենների տեղակալները, դաստիարակ-մեթոդիստները, դաստիարակները, ավագ դաստիարակները, ուսուցիչները, լոգոպեդ-ուսուցիչները, հոգեբանները, սոցիալական մանկավարժները, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչները, երաժշտության ուսուցիչները, օղակների, ստուդիաների, խմբակների ղեկավարները և այլ մասնագետներ.

դ) բուժաշխատողները.

ե) դաստիարակների օգնականները և դայակները.

զ) ծնողները և նրանց օրինական ներկայացուցիչները.

է) նախադպրոցական կրթության ոլորտում համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք:

 

Հոդված 23.

Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում

 

1. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ:

2. Ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ`

ա) նախադպրոցական ուսումնական հաստատություններում.

բ) ընտանիքում.

գ) անհատական մանկավարժական գործունեության միջոցով.

դ) նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպություններում` խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների առկայությամբ:

3. Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի`

ա) մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից պաշտպանվածության.

բ) բժշկական օգնության և սպասարկման.

գ) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից և ազդեցությունից, ֆիզիկական և հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության:

 

Հոդված 24.

Աշխատանքային հարաբերությունները նախադպրոցական կրթության ոլորտում

 

Նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 25.

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների, ղեկավարների ատեստավորումը

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների, ղեկավարների ատեստավորումը պարտադիր է և իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին և ժամանակացույցին համապատասխան:

Մանկավարժների և ղեկավարների ատեստավորումը կազմակերպվում է հինգ տարին մեկ:

 

Հոդված 26.

Երեխաների բժշկական սպասարկումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում

 

1. Նախադպրոցական կրթության համակարգում բժշկական սպասարկման կազմակերպումն ապահովում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության սաներն ապահովվում են անվճար հիմունքներով անընդհատ բժշկական սպասարկմամբ, որն իրականացնում է տվյալ համայնքն սպասարկող բժշկական կազմակերպությունը:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում հսկողությունը բժշկական սպասարկման նկատմամբ իրականացնում է առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը:

 

Հոդված 27.

Երեխաների սննդի կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում

 

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում, սահմանված չափաքանակին համապատասխան, երեխաների սնունդը կազմակերպում և դրա համար պատասխանատվություն են կրում ուսումնական հաստատությունների հիմնադիրները` օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 28.

Ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների իրավունքները և պարտականությունները

 

1. Ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները իրավունք ունեն՝

ա) ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը և երեխայի կրթություն ստանալու ձևը, այդ թվում` ուսուցումը ընտանիքում.

բ) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններ.

գ) համապատասխան պետական մարմիններում պաշտպանելու իրենց երեխաների օրինական շահերը.

դ) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին:

2. Ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները պարտավոր են՝

ա) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, մշակութային արժեքների նկատմամբ.

բ) նախադպրոցական տարիքի երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթություն ստանալու անհրաժեշտ պայմաններ.

գ) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների և ընդունակությունների զարգացման համար.

դ) հարգել երեխայի արժանապատվությունը.

ե) երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, հարգալից վերաբերմունք ավագների, մայրենի լեզվի, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ:

3. Երեխայի հաճախելը նախադպրոցական ուսումնական հաստատություն ընտանիքին չի ազատում նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու և կրթելու պարտավորությունից:

Ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները հասարակության և պետության առջև պատասխանատվություն են կրում երեխայի զարգացման, դաստիարակության և ուսուցման, ինչպես նաև նրա կյանքի, առողջության և արժանապատվության պաշպանության համար:

 

Գ Լ ՈՒ Խ  7


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ

 

Հոդված 29.

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրներն են՝

ա) հիմնադիրների հատկացումները.

բ) ծնողների կամ նրանց ներկայացուցիչների վճարումները, ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձանց ներդրումները, հանգանակությունները և նվիրատվությունները.

գ) միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող ներդրումները.

դ) լրացուցիչ վճարովի կրթական և մարզաառողջարարական ծառայություններից ստացված միջոցները.

ե) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հոգեբանական և բժշկական վերականգնողական, շտկողական մանկավարժական ծառայությունների կազմակերպման փոխհատուցումները` ֆինանսական բարձրացված չափաքանակով.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:

 

Հոդված 30.

Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան

 

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի ստեղծումն ու զարգացումն իրականացվում են հիմնադրի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան ներառում է շենքեր, շինություններ, հողամասեր, հաղորդակցության միջոցներ, գույք, խաղային միջոցներ, դիդակտիկ պարագաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլն:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային ներկայացվող պահանջները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

4. Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով:

5. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների աշխատավարձը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից:

6. Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի հաստիքացուցակի և նորմատիվների հիման վրա:

7. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատվում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8


ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 31.

Եզրափակիչ դրույթ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
  Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. դեկտեմբերի 17
      Երևան
    ՀՕ-236-Ն