ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է այլընտրանքային ծառայության զորակոչ կազմակերպելու և անցկացնելու կարգը:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
հՈԴՎԱԾ 1. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Այլընտրանքային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
ՀՈԴՎԱԾ 2. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ՏԵՍԱԿՆԵՐԸ |
1. Սույն օրենքի իմաստով այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:
2. Այլընտրանքային ծառայության տեսակներն են`
ա) այլընտրանքային զինվորական` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ չկապված զինվորական ծառայություն.
բ) այլընտրանքային աշխատանքային` Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:
3. Այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և չունի պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ:
(2-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 3. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԸ |
1. Այլընտրանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը:
2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայություն:
(3-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 4. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆ |
Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, ով մինչև հերթական զորակոչին նախորդող մարտի 1-ը կամ սեպտեմբերի 1-ը դիմել է իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ` սույն օրենքի 3-րդ հոդվածի հիմքով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորության բացակայության մասին, և ում նկատմամբ տեղական զորակոչային հանձնաժողովը կայացրել է համապատասխան որոշում:
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման իրավունք ստանալու հիմք ունեցող քաղաքացիների վրա:
ՀՈԴՎԱԾ 5. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս:
Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 42 ամիս:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ
ՀՈԴՎԱԾ 6. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ |
Այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում:
Այլընտրանքային ծառայության համար դիմած քաղաքացին, այլընտրանքային ծառայության զորակոչ հայտարարվելուց հետո, պարտավոր է ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:
Այլընտրանքային ծառայության զորակոչի անցկացման հարցերով զբաղվում են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված տեղական զորակոչային հանձնաժողովը և այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով), որի ստեղծման, գործունեության կարգը և անդամների կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(6-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 7. |
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ |
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին այլընտրանքային ծառայություն ընտրելիս սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ժամկետում գրավոր դիմում է ներկայացնում իր բնակության վայրի զինվորական կոմիսարիատ` նշելով իր նախընտրած այլընտրանքային ծառայության տեսակը և շարադրելով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու պատճառները:
Քաղաքացու դիմումը, տարածքային զինվորական կոմիսարիատում գրանցելուց հետո` 10 օրվա ընթացքում, նրա անձնական գործի հետ ներկայացվում է տեղական զորակոչային հանձնաժողով:
(7-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 8. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆԱՐԿԵԼԸ |
Տեղական զորակոչային հանձնաժողովը նախապատրաստում և հանրապետական հանձնաժողով է ներկայացնում այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմած քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերը:
Հանրապետական հանձնաժողովն այլընտրանքային ծառայություն անցնելու մասին դիմումը քննարկում է առանձին նիստում: Հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին դիմողը նախապես տեղեկացվում է: Հանրապետական հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումի համար ընդունում է որոշում:
(8-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 9. |
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ |
Հանրապետական հանձնաժողովի որոշմամբ քաղաքացու դիմումը` պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին կարող է մերժվել, եթե այլընտրանքային ծառայության մասին`
1) դիմում ներկայացրած քաղաքացին կրկին կանչվում է հանրապետական հանձնաժողովի նիստին և անհարգելի պատճառով չի ներկայանում.
2) դիմումում կան կեղծ տեղեկություններ:
Հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացու դիմումը մերժվելու դեպքում նրան 10 օրվա ընթացքում տրվում է հանրապետական հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածք: Քաղվածքում նշվում է, թե ինչ պատճառներով է մերժվել նրա` այլընտրանքային ծառայության անցնելու մասին դիմումը:
(9-րդ հոդվածը փոփ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 10. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹՈՂՆԵԼԸ |
Հանրապետական հանձնաժողովը դադարեցնում է այլընտրանքային ծառայության մասին դիմումի քննարկումը և ընդունում է համապատասխան որոշում, եթե այլընտրանքային ծառայության մասին դիմումի քննարկման ընթացքում հայտնաբերվում է, որ դիմում ներկայացրած քաղաքացին ենթակա չէ զորակոչի կամ ունի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք:
(10-րդ հոդվածը փոփ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 11. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՃԵՐ ԼՈՒԾԵԼԸ |
Եթե հանրապետական հանձնաժողովը մերժում է քաղաքացու` պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումը, ապա որոշումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում զորակոչիկն իրավունք ունի այն բողոքարկելու դատարան` օրենքով սահմանված կարգով:
(11-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 12. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԿԱՄ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼԸ |
Այլընտրանքային ծառայությունից ազատելը կամ տարկետում տալն իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 13. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ |
Զինվորական կոմիսարիատը, զորակոչային հանձնաժողովի որոշման հիման վրա, զորակոչիկին հանձնում է ծանուցագիր` այլընտրանքային ծառայության մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ: Այլընտրանքային ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը համարվում է այլընտրանքային ծառայության սկիզբ:
(13-րդ հոդվածը փոփ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 14. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՆ ԱՊԱՀՈՎԵԼԸ |
Այլընտրանքային ծառայության զորակոչը կազմակերպում և դրա իրականացումը վերահսկում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Այլընտրանքային ծառայության կազմակերպման և իրականացման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվից:
ՀՈԴՎԱԾ 15. |
այլընտրանքային ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ |
(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-60-Ն)
Այլընտրանքային ծառայությունը փոխարինվում է պարտադիր զինվորական ծառայությամբ, եթե այլընտրանքային ծառայողն այդ մասին դիմում է ներկայացնում զորամասի հրամանատարին` զորակոչվելուց 6 ամսվա ընթացքում:
Սույն հոդվածում նախատեսված կարգով այլընտրանքային ծառայությունը պարտադիր զինվորական ծառայությամբ փոխարինելու դիմում ներկայացրած անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ընդհանուր հիմունքներով, և նրանց այլընտրանքային ծառայության ժամկետը չի ներառվում պարտադիր զինվորական ծառայության ժամկետում:
(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-60-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ
ՀՈԴՎԱԾ 16. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
(վերնագիրը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
1. Այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչված քաղաքացին սահմանված կարգով ուղարկվում է այլընտրանքային զինվորական ծառայություն անցնելու վայրի զորամաս և ընդգրկվում զորամասի անձնակազմի ցուցակներում:
2. Այլընտրանքային զինվորական ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև տալիս է երդում և ստանձնում համապատասխան պարտավորություններ:
3. Այլընտրանքային զինվորական ծառայողը ծառայության է անցնում զորամասի հրամանատարի հաստատած կարգացուցակի համաձայն: Նրա վրա տարածվում են զինված ուժերի կանոնագրքերի (կանոնադրությունների) դրույթները` բացառությամբ մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ կապված պահանջների:
4. Այլընտրանքային զինվորական ծառայողը կրում է համազգեստ, որի ձևը և կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Այլընտրանքային զինվորական ծառայողների հագուստի, սննդի, հանգստի և քնելու պայմանների ապահովումն իրականացվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար սահմանված կարգով: Այլընտրանքային զինվորական ծառայողների հանգստի և քնելու համար նախատեսված տարածքներն առանձնացվում են պարտադիր զինծառայողների հանգստի ու քնելու համար նախատեսված տարածքներից:
6. Այլընտրանքային զինվորական ծառայողը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված պաշտոններում չի կարող նշանակվել:
7. Այլընտրանքային զինվորական ծառայողներին արգելվում է ծառայության ընդգրկել մարտական ստորաբաժանումներում, նրանց տալ մարտական բնույթի հրամաններ, ինչպես նաև զենք և զինամթերք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ կապված հանձնարարություններ:
8. Այլընտրանքային զինվորական ծառայողները ծառայությունից պահեստ արձակվում և պահեստազորում հաշվառվում են օրենքով սահմանված կարգով:
(16-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 17. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
(վերնագիրը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
1. Այլընտրանքային աշխատանքային ծառայության կանչված քաղաքացին սահմանված կարգով ուղարկվում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպություն:
2. Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողին ընդգրկում է կազմակերպության հաստիքացուցակում, որոշում է նրա աշխատանքի տեսակը, կարգն ու պայմանները` ապահովելով լրիվ զբաղվածություն և եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է կազմակերպության գտնվելու վայրի զինվորական կոմիսարիատին:
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության կարող է փոխադրվել պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համաձայնությամբ կամ նախաձեռնությամբ:
4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության վայրում գտնվում է շուրջօրյա: Ծառայության վայր է համարվում կազմակերպությանը տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքով պատկանող տարածքը:
5. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության ընթացքում չի կարող նշանակվել ղեկավար պաշտոնում, ինչպես նաև զբաղվել այլ գործունեությամբ:
6. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունից պահեստ արձակվում և պահեստազորում հաշվառվում են օրենքով սահմանված կարգով:
(17-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-60-Ն)
ՀՈԴՎԱԾ 18. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
(վերնագիրը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
1. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողին ապահովում է սննդով, սահմանված ձևի արտահագուստով, ներքնաշորերով, քնելատեղով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով, ծանոթացնում է կազմակերպության աշխատանքային ներքին կարգապահական կանոններին ու կատարվող աշխատանքների առանձնահատկություններին:
2. Կազմակերպության ղեկավարը ծառայության վայրում պարտավոր է ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայողի անվտանգությունը, հետևել ծառայության կատարման ընթացքին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ ծառայողի հանգստի կազմակերպման և ընտանիքի անդամների հետ նրա տեսակցությունների համար, որոնք իրականացվում են «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Կազմակերպության ղեկավարը պատասխանատու է կազմակերպությունում այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպման և իրականացման համար:
(18-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 19. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և պարտականությունները |
(վերնագիրը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
1. Այլընտրանքային ծառայողին տրվում է ամսական դրամական բավարարում` պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված չափով: Դրամական բավարարումը վճարվում է ծառայության վայրում:
2. Այլընտրանքային ծառայողին ծառայության ընթացքում որպես խրախուսանք կարող է տրվել 15 օրացուցային օր տևողությամբ միանվագ արձակուրդ: Այլընտրանքային ծառայողի երեխայի ծնվելու, ընտանիքի անդամի ամուսնության կամ մահվան դեպքերում նրան կարող է տրվել լրացուցիչ արձակուրդ` մինչև 5 օրացուցային օր տևողությամբ:
Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, ինչպես նաև ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքերում, համապատասխան ղեկավարի (հրամանատարի) հրամանով այլընտրանքային ծառայողն արձակուրդից կարող է հետ կանչվել` արձակուրդի չօգտագործված օրերը հետագայում օգտագործելու պայմանով:
3. Այլընտրանքային ծառայողների խրախուսումն իրականացվում է համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Ծառայության ընթացքում այլընտրանքային ծառայողները պարտավոր են պահպանել ծառայության ներքին կարգապահության կանոնները, կատարել իրենց պարտականությունները և համապատասխան ղեկավարի (հրամանատարի) հրամաններն ու հանձնարարականները, կրել սահմանված նմուշի արտահագուստ, ինքնակամ չլքել ծառայության վայրը:
5. Այլընտրանքային զինվորական ծառայողների աշխատաժամանակը կարգավորվում է ներքին ծառայության կանոններով:
Այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ: Այլընտրանքային աշխատանքային ծառայողի աշխատաժամանակի տևողությունը չի կարող օրական 8 ժամից ավելի կամ պակաս լինել, բացառությամբ արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերի, որոնք կարող են իրականացվել ծառայության վայրում տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև այնպիսի ծառայողական առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել:
(19-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 20. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ |
(վերնագիրը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
1. Այլընտրանքային զինվորական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը (ներառյալ` աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչվելու կամ մահանալու դեպքում) իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Այլընտրանքային ծառայության ժամկետը ներառվում է քաղաքացու ընդհանուր աշխատանքային և ապահովագրական ստաժում:
(20-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
ՀՈԴՎԱԾ 21. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
(վերնագիրը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
1. Այլընտրանքային զինվորական ծառայողներն իրենց կատարած իրավախախտումների և հանցագործությունների (ներառյալ` զորամասն ինքնակամ լքելու, ինչպես նաև պետությանը հասցրած գույքային վնասի) համար պատասխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներին հավասար` օրենքով սահմանված կարգով:
2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողներն իրենց կատարած իրավախախտումների և հանցագործությունների, ինչպես նաև պետությանը հասցրած գույքային վնասի համար պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով` օրենսդրությամբ սահմանված կարգով:
(պարբերությունն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-60-Ն)
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից կալանքի կամ ազատազրկման ձևով պատիժ կրելու, այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու կամ ծառայությունից խուսափելու կամ ծառայությունը կատարելուց հրաժարվելու ժամկետը չի ներառվում այլընտրանքային աշխատանքային ծառայողի ծառայության ժամկետի մեջ:
(21-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-60-Ն)
ՀՈԴՎԱԾ 22. |
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՈՇԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ |
1. Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող օրենքով սահմանված կարգով զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու իրավունք ստանալ:
2. Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող նշանակվել այնպիսի պետական պաշտոնների, որոնց վրա օրենսդրությամբ դրված են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ:
Գ Լ ՈՒ Խ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 23. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:
ՀՈԴՎԱԾ 24. |
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ |
1. Սույն օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներից բխող որոշումները Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` հնգօրյա ժամկետում:
(24-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2004 թ. հունվարի 13 Երևան ՀՕ-6-Ն
|
|