ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«30» ապրիլի 1996 թ.
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի խնդիրները և գործողության ոլորտը |
1. Սույն օրենքը սահմանում է բաժնետիրական ընկերության ստեղծման, գործունեության իրականացման և դադարեցման հիմքերը, բաժնետերերի, պարտատերերի և երրորդ անձանց օրինական շահերի երաշխիքներն ու իրավունքների պաշտպանության կարգը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող կամ ստեղծվող բաժնետիրական ընկերությունների վրա:
Հոդված 2. |
Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրությունը |
Բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման արդյունքում ձևավորվող ընկերությունների ստեղծման և գրանցման առանձնահատկությունները սահմանվում են պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը և ապապետականացումը կարգավորող օրենքով և այլ իրավական ակտերով: Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման արդյունքում ստեղծված բաժնետիրական ընկերությունների վրա դրանց պետական գրանցման պահից:
Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ստեղծման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող այլ նորմեր, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. |
Բաժնետիրական ընկերությունը |
1. Բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն) է համարվում այն իրավաբանական անձը, որի կանոնադրական հիմնադրամը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:
2. Ընկերությունն ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք: Ընկերության գույքը և պարտավորությունները հաշվի են առնվում ինքնուրույն հաշվեկշռում:
Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, հանդես գալ դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող:
3. Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն:
Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված գործունեության առանձին տեսակներով ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի (հատուկ թույլտվության) առկայության դեպքում: Եթե լիցենզիայի հատկացման պայմաններում նախատեսված է, որ ընկերությունը բացի լիցենզավորվող գործունեությունից այլ գործունեությամբ զբաղվել չի կարող, կամ սահմանափակումներ են դրվում գործունեության առանձին տեսակներով զբաղվելու վրա, ապա ընկերությունը լիցենզիայի գործողության ժամկետում իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ, բացառությամբ լիցենզիայով նախատեսվածների կամ այն գործունեություններով, որոնց մասին նշված է լիցենզիայի մեջ:
4. Ընկերությունը համարվում է ստեղծված և կարող է գործել որպես իրավաբանական անձ ընկերության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Ընկերությունը կարող է ստեղծվել առանց գործունեության ժամկետի սահմանափակման, եթե նրա կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված:
5. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում:
6. Ընկերությունն ունի իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմներ և բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ:
Հոդված 4. |
Ընկերության պատասխանատվությունը |
1. Ընկերությունն իր պարտավորություններով պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:
2. Ընկերությունը պատասխանատու չէ իր բաժնետերերի պարտավորությունների համար:
3. Ընկերության բաժնետերերը ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում:
Ընկերության գործունեության արդյունքում գոյացած վնասների համար ընկերության բաժնետերերը պատասխանատվություն են կրում իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում:
Բաժնետոմսերի դիմաց վճարումները ոչ լրիվ կատարած բաժնետերերը ընկերության պարտավորությունների համար կրում են համապարտ պատասխանատվություն նաև իրենց կողմից չվճարված ներդրման սահմաններում:
4. Եթե ընկերության անվճարունակության (սնանկացման) պատճառ են հանդիսանում բաժնետերերի կամ այլ անձանց գործողությունները (անգործությունը), որոնք ունեն ընկերությանը կատարման համար պարտադիր ցուցումներ տալու իրավունք կամ այլ կերպ ընկերության գործունեությունը կանխորոշելու հնարավորություններ, ապա ընկերությանը պատկանող գույքը չբավարարելու դեպքում, նշված բաժնետերերի կամ այլ անձանց վրա կարող է դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն` ընկերության պարտավորություններով:
Կատարման համար ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք կամ այլ կերպ ընկերության գործունեությունը կանխորոշելու հնարավորություններ ունեցող բաժնետերերի կամ այլ անձանց գործողությունները (անգործությունը) համարվում են ընկերության անվճարունակության (սնանկացման) պատճառ միայն այն դեպքում, եթե այդ անձինք օգտագործել են այդ իրավունքը կամ հնարավորությունները ընկերությանը որոշակի գործողություններ կատարել կամ չկատարել պարտադրելու նպատակով, նախօրոք իմանալով, որ այդ պատճառով ընկերությունը կհայտնվի անվճարունակության (սնանկացման) վիճակում:
5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունների համար:
Հոդված 5. |
Ընկերության անվանումը և գտնվելու վայրը |
1. Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանումը հայերեն, որտեղ պետք է նշվի նրա կազմակերպական-իրավական տեսակը (բաժնետիրական ընկերություն) և ձևը (բաց կամ փակ ընկերություն):
Ընկերությունը կարող է ունենալ իր լրիվ ֆիրմային անվանումը կամ դրա հապավումը նաև այլ լեզուներով:
Ընկերությունը, որի ֆիրմային անվանումը գրանցված է օրենքով սահմանված կարգով, ունի այն օգտագործելու բացառիկ իրավունք:
2. Ընկերության գտնվելու վայր (գրասենյակ) է ճանաչվում ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրանցված ընկերության գտնվելու վայրը: Ընկերության անվանումը գրվում է գրասենյակի ճակատային մասում` աչքի ընկնող տեղում, ընթեռնելի տառերով:
3. Ընկերությունը պետք է ունենա փոստային հասցե, որի միջոցով նրա հետ հնարավոր է կապ պահպանել: Ընկերությունը պարտավոր է ծանուցել ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմիններին իր գրասենյակի կամ փոստային հասցեի փոփոխման մասին:
Հոդված 6. |
Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները |
1. Ընկերությունն իրավունք ունի ստեղծել մասնաճյուղեր և բացել ներկայացուցչություններ` սույն օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
Ընկերության կողմից օտարերկրյա պետություններում մասնաճյուղերի ստեղծումը և ներկայացուցչությունների բացումն իրականացվում է մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գտնվելու վայրի երկրի օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
2. Ընկերության մասնաճյուղ է համարվում նրա առանձնացված ստորաբաժանումը, որը գտնվում է ընկերության գտնվելու վայրից դուրս և իրավունք ունի իրականացնել ընկերության բոլոր ֆունկցիաները կամ դրանց մի մասը, ներառյալ ներկայացուցչականը:
3. Ընկերության ներկայացուցչություն է համարվում նրա առանձնացված ստորաբաժանումը, որը գտնվում է ընկերության գտնվելու վայրից դուրս, ներկայացնում է ընկերության շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:
4. Ընկերության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները չունեն իրավաբանական անձի կարգավիճակ և գործում են ընկերության կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա:
Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գույքը տրամադրվում է դրանք ստեղծած ընկերության կողմից: Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գույքը հաշվառվում է ինչպես դրանց առանձին հաշվեկշիռներում, այնպես էլ ընկերության հաշվեկշռում:
Մասնաճյուղի և ներկայացուցչության ղեկավարները նշանակվում են ընկերության կողմից և գործում են նրա տված լիազորագրի հիման վրա:
5. Մասնաճյուղերը և ներկայացուցչությունները գործում են դրանք ստեղծած ընկերության անունից: Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության համար պատասխանատվությունը կրում է դրանք ստեղծած ընկերությունը:
6. Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի տեղեկություններ նրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների մասին: Այդ տեղեկությունների փոփոխությունների հետ կապված ընկերության կանոնադրության փոփոխությունների մասին ընկերությունը պետք է մեկ ամսվա ընթացքում ծանուցի ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմիններին: Ընկերության կանոնադրության նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնում ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմիններին ծանուցելու պահից:
7. Ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիմնադրման մասին որոշումներն ընդունվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, եթե ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ այդ իրավասությունը չի վերապահված ընկերության խորհրդին:
Հոդված 7. |
Դուստր և կախյալ ընկերությունները |
1. Ընկերությունն իրավունք ունի հիմնադրել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող դուստր և կախյալ ընկերություններ և մասնակցել դրանցում: Օտարերկրյա պետություններում դուստր կամ կախյալ ընկերությունների հիմնադրումը կամ մասնակցությունը կատարվում է դրանց գտնվելու վայրի երկրի օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Ընկերությունը մեկ այլ (հիմնական) ընկերության նկատմամբ համարվում է դուստր ընկերություն, եթե հիմնական ընկերությունը տնօրինում է վերջինիս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կեսից ավելին կամ ունի օրենքով չարգելված այլ ձևով դուստր ընկերության որոշումները կանխորոշելու հնարավորություն:
3. Դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերության պարտավորությունների համար:
Հիմնական ընկերությունը համապարտ պատասխանատվություն է կրում դուստր ընկերության այն գործարքների համար, որոնք կատարվել են ի իրականացումն հիմնական ընկերության կողմից տրված և դուստր ընկերության համար պարտադիր կատարման ենթակա ցուցումների:
Հիմնական ընկերությունն իրավունք ունի դուստր ընկերությանը պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալ միայն այն դեպքում, եթե այդ իրավասությունը նախատեսված է դուստր ընկերության կանոնադրությամբ:
Հիմնական ընկերության մեղքով դուստր ընկերության անվճարունակության (սնանկացման) դեպքում հիմնական ընկերությունը լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն է կրում դուստր ընկերության պարտավորությունների համար:
Դուստր ընկերության անվճարունակությունը (սնանկացումը) համարվում է տեղի ունեցած հիմնական ընկերության մեղքով միայն այն դեպքում, եթե հիմնական ընկերությունն օգտագործել է դուստր ընկերության կողմից ընդունված որոշումների վրա ազդելու իր իրավունքը կամ հնարավորությունները, նախօրոք իմանալով, որ այդ որոշումների իրականացման հետևանքով դուստր ընկերությունը կհայտնվի անվճարունակության (սնանկացման) վիճակում:
Դուստր ընկերության բաժնետերերն իրավունք ունեն հիմնական ընկերությունից պահանջել նրա մեղքով դուստր ընկերությանը պատճառած վնասների հատուցում:
Վնասները համարվում են պատճառված հիմնական ընկերության մեղքով միայն այն դեպքում, եթե հիմնական ընկերությունը օգտագործել է դուստր ընկերության կողմից ընդունված որոշումների վրա ազդելու իր իրավունքը կամ հնարավորությունները նախօրոք իմանալով, որ այդ որոշումների իրականացման հետևանքով դուստր ընկերությունը կկրի վնասներ:
4. Ընկերությունը համարվում է կախյալ այն դեպքում, եթե մեկ այլ (գերակշռող) ընկերություն տնօրինում է նրա ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 34-ից 50 տոկոսը:
Ընկերությունը, որը ձեռք է բերել այլ ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 34-ից 50 տոկոսը պետք է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակի կախյալ ընկերությունում իր մասնակցության վերաբերյալ տվյալները:
5. Դուստր ընկերության հիմնադրման, ինչպես նաև դուստր կամ կախյալ ընկերությունում մասնակցության մասին որոշումներն ընդունվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերի ձայների պարզ մեծամասնությամբ:
Հոդված 8. |
Ընկերությունների ձևերը |
1. Ընկերությունները կարող են լինել բաց կամ փակ, որը պետք է արտահայտվի ընկերության կանոնադրության և ֆիրմային անվանման մեջ:
Ընկերությունը չի կարող ունենալ երկուսից պակաս բաժնետեր:
2. Ընկերությունը համարվում է բաց, եթե բաժնետերերը իրավունք ունեն օտարել իրենց պատկանող բաժնետոմսերն առանց ընկերության մյուս բաժնետերերի համաձայնության:
Բաց ընկերությունն իրավունք ունի իր կողմից թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության ձևով և իրականացնել դրանց ազատ վաճառքը սույն օրենքին և իրավական այլ ակտերին համապատասխան: Բաց ընկերությունն իրավունք ունի իր կողմից թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել փակ բաժանորդագրության ձևով, եթե այլ բան չի նախատեսված ընկերության կանոնադրությամբ կամ օրենքով և այլ իրավական ակտերով:
3. Ընկերությունը համարվում է փակ, եթե ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն դրա հիմնադիրների կամ այլ, նախօրոք որոշված անձանց միջև, առանց բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության: Փակ ընկերությունն իրավունք չունի իր կողմից թողարկվող բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով կամ այլ եղանակով առաջարկել ձեռք բերել դրանք անսահմանափակ թվով անձանց:
Փակ ընկերությունը պետք է ունենա 2 կամ ավելի բաժնետեր, բայց ոչ ավելի, քան 25 բաժնետեր: Եթե փակ ընկերության բաժնետերերի թիվը 25-ից ավելի է դարձել, ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի բաց ընկերության կամ համապատասխանաբար կրճատի բաժնետերերի քանակը: Հակառակ դեպքում այն ենթակա է լուծարման դատական կարգով:
Փակ ընկերության բաժնետերերն ունեն նրա այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերի նույն գնով, որով այն վաճառվում է և այլ հավասար պայմաններով ձեռքբերման նախապատվության իրավունք: Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել ընկերության նախապատվության իրավունքը` ձեռք բերել իր որևէ բաժնետիրոջ կողմից վաճառվող բաժնետոմսերը` ընկերության այլ բաժնետերերի կողմից դրանց ձեռքբերման իրենց նախապատվության իրավունքը չիրականացնելու դեպքում: Փակ ընկերության բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրականացման կարգը և ժամկետները սահմանվում են ընկերության կանոնադրությամբ: Նախապատվության իրավունքի ժամկետը չի կարող լինել բաժնետոմսերի վաճառքի առաջարկման պահից սկսած 30 օրից պակաս և 60 օրից ավելի:
4. Եթե ընկերության բաժնետերերի թիվը նվազում է երկուսից, և ընկերությունը դրանից հետո շարունակում է իր գործունեությունը վեց ամսից ավելի, ապա ընկերության բաժնետեր մնացած անձը, որը տեղյակ է դրան, պատասխանատվություն է կրում ընկերության բոլոր պարտավորությունների համար իրեն պատկանող ողջ գույքով և կարող է հետապնդվել օրենքով:
5. Ընկերությունը կոչվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող, եթե այն նոր է ստեղծվում պետության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կամ հիմնադրվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով և այդ ընկերության բոլոր բաժնետոմսերը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի սեփականություն են հանդիսանում: Պետական ընկերության հիմնադիր է հանդիսանում մեկ կամ մի քանի պետական կառավարման մարմին: Տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող ընկերությունն ունի միայն մեկ հիմնադիր` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինը:
Պետական բաժնետիրական ընկերությունը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով հաստատվում են`
ընկերության կանոնադրությունը.
կանոնադրական հիմնադրամի կազմը և չափը.
ընկերության հիմնադիր հանդիսացող պետական կառավարման մարմինները և յուրաքանչյուր հիմնադրին հասանելիք բաժնետոմսերի փաթեթը.
լիազորված ֆիզիկական անձինք, ովքեր պետք է հանդես գան որպես հիմնադիրների լիազոր ներկայացուցիչներ, նրանց իրավասությունների և պատասխանատվության շրջանակը.
ընկերության խորհրդի կազմը:
Սույն կետով սահմանված լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են տրվել համապատասխան նախարարությանը կամ գերատեսչությանը:
Տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող ընկերությունը ստեղծվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի որոշմամբ, որով հաստատվում են`
ընկերության կանոնադրությունը.
կանոնադրական հիմնադրամի կազմը և չափը.
լիազորված ֆիզիկական անձինք, ովքեր պետք է հանդես գան որպես հիմնադրի լիազոր ներկայացուցիչներ, նրանց իրավասությունների և պատասխանատվության շրջանակը.
ընկերության խորհրդի կազմը:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող ընկերությունները կարող են լինել միայն փակ: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող ընկերությունների վրա չեն տարածվում սույն հոդվածի 4-րդ կետի դրույթները:
Գ Լ ՈՒ Խ II. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 9. |
Ընկերության ստեղծումը |
Ընկերությունը կարող է ստեղծվել նոր ընկերության հիմնադրման և գոյություն ունեցող իրավաբանական անձի վերակազմավորման միջոցով:
Հոդված 10. |
Ընկերության հիմնադրումը |
1. Ընկերության ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիրների որոշմամբ: Հիմնադիրների քանակը չի կարող երկուսից պակաս լինել: Ընկերության հիմնադրման մասին որոշումն ընդունում է ընկերության հիմնադիր ժողովը:
2. Ընկերության հիմնադիրները կնքում են ընկերության ստեղծման մասին գրավոր պայմանագիր, որը բովանդակում է`
տեղեկություններ հիմնադիրների մասին` ֆիզիկական անձանց համար` ազգանունը, անունը, անձնագրային տվյալները, հասցեն, հեռախոսը(ները) և կապի այլ միջոցները.
իրավաբանական անձանց համար` լրիվ անվանումը, գտնվելու վայրը և փոստային հասցեն, ղեկավարի և իրավաբանական անձի ներկայացուցչի ազգանունը և անունը, հեռախոսները և կապի այլ միջոցները.
ընկերության ստեղծման առնչությամբ հիմնադիրների համատեղ գործունեության կարգը.
ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը.
հիմնադիրների միջև տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակները և ձևերը, դրանց վճարման չափը և կարգը.
ընկերության ստեղծման գործում հիմնադիրների իրավունքները և պարտականությունները.
մինչև ընկերության հիմնադիր ժողովի անցկացումը հիմնադիրներին ներկայացնելու համար լիազորված ֆիզիկական անձի ազգանունը և անունը.
ընկերության գրանցումը մերժելու, ընկերության հիմնադիր ժողովը չկայանալու կամ ընկերության հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում` ընկերության ստեղծման գործընթացում հիմնադիրների գործունեության հետևանքով ծագած պարտավորությունների նկատմամբ պատասխանատվության բաշխումն ըստ հիմնադիրների.
ընկերության գրանցումը մերժելու, ընկերության հիմնադիր ժողովը չկայանալու կամ ընկերության հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում` հիմնադիրներին բաժնետոմսերի դիմաց իրենց կատարած վճարների վերադարձման կարգը:
Ընկերության ստեղծման մասին պայմանագիրը չի կարող հանդիսանալ ընկերության հիմնադիր փաստաթուղթ:
3. Օտարերկրյա անձինք կարող են հիմնադրել և անդամակցել ընկերություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար իրավունքներով: Օտարերկրյա անձանց մասնակցությամբ ընկերությունների ստեղծման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող բաժնետիրական ընկերությունների հիմնադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշմամբ` սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով:
5. Փակ ընկերության հիմնադրման ժամանակ նրա բոլոր բաժնետոմսերը պետք է տեղաբաշխվեն հիմնադիրների միջև:
Հոդված 11. |
Ընկերության հիմնադիրները |
1. Ընկերության հիմնադիրներ կարող են հանդիսանալ նրա հիմնադրման մասին որոշում ընդունած երկու կամ ավելի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
Ընկերության հիմնադիրներ կարող են հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերը և ֆինանսավարկային կազմակերպությունները:
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները կարող են հանդիսանալ ընկերության հիմնադիրներ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Փակ ընկերության հիմնադիրների թիվը չի կարող լինել 25-ից ավելի: Բաց ընկերությունների հիմնադիրների թիվը չի սահմանափակվում:
3. Ընկերության հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում ընկերության ստեղծման հետ կապված և մինչև ընկերության պետական գրանցումն առաջացած պարտավորությունների համար:
Ընկերությունը պատասխանատվություն է կրում ընկերության ստեղծման հետ կապված հիմնադիրների պարտավորությունների համար միայն այն դեպքում, եթե ընկերության ստեղծման վերաբերյալ հիմնադիրների գործունեությունը հավանության է արժանանում ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովում:
Հոդված 12. |
Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը |
1. Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը ընկերության բաժնետերերի տարեկան առաջին ընդհանուր ժողովն է, որը գումարվում է բաժնետոմսերի տեղաբաշխումը և բաժնետոմսերի դիմաց բաժնետերերի կողմից սկզբնական վճարումները կատարելու ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
2. Բաց ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում են ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների, ինչպես նաև հիմնադիրների առնվազն 2/3-ը:
Փակ ընկերության հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում են ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող հիմնադիրների ձայների առնվազն 2/3-ը:
Քվորումի բացակայության դեպքում ընկերության բաժնետերերի չկայացած հիմնադիր ժողովի ամսաթվից հաշված 14-րդ օրը գումարվում է կրկնակի հիմնադիր ժողով:
Բաց ընկերության բաժնետերերի կրկնակի հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում են ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների, ինչպես նաև հիմնադիրների կեսից ավելին:
Փակ ընկերության կրկնակի հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում են ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերեր հանդիսացող հիմնադիրների ձայների կեսից ավելին:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը չգումարելու, ինչպես նաև կրկնակի հիմնադիր ժողովում քվորումի բացակայության դեպքում ընկերությունը համարվում է չկայացած:
Չկայացած բաց բաժնետիրական ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող անձինք կարող են հիմնադիրներից հետ պահանջել բաժնետոմսերի դիմաց իրենց կողմից մուծված վճարները:
Չկայացած բաժնետիրական ընկերության ստեղծման հետ կապված ծախսերը բաժանվում են հիմնադիրների միջև` համաձայն ընկերության ստեղծման մասին գրավոր պայմանագրի:
Չկայացած բաժնետիրական ընկերության հիմնադիրներին բաժնետոմսերի դիմաց կատարված վճարները վերադարձվում են ընկերության ստեղծման հետ կապված ծախսերը հիմնադիրների միջև բաժանելուց հետո` համաձայն ընկերության ստեղծման մասին գրավոր պայմանագրի:
4. Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը`
հաստատում է բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները.
հաստատում է ընկերության կանոնադրությունը.
ընտրում է ընկերության խորհուրդը.
ընտրում է ընկերության վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչին).
լսում է հիմնադիրների հաշվետվությունը.
քննարկում է ընկերության կանոնադրությամբ սահմանված ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի իրավասությանը վերաբերող այլ հարցեր:
Հոդված 13. |
Հիմնադիրների հաշվետվությունը ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովին |
1. Ընկերության հիմնադիրները հիմնադիր ժողով են ներկայացնում ընկերության ստեղծման մասին հաշվետվություն, որը տեղեկություններ է բովանդակում`
ընկերության ստեղծման հետ կապված ծախսերի և ընկերության կողմից դրանց փոխհատուցման մասին.
հիմնադիրների և այլ բաժնետերերի կողմից բաժնետոմսերի դիմաց կատարած ոչ դրամական (գույքային և ոչ գույքային) ներդրումների և դրանց դրամական գնահատման մասին.
ընկերության յուրաքանչյուր հիմնադրին տեղաբաշխված բաժնետոմսերի քանակի և դրանց դիմաց վճարման չափի մասին.
ընկերության ստեղծման ընթացքում պարտավորություններ առաջացրած գործարքների մասին:
Հիմնադիրների հաշվետվությունն ընդունվում է ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովի կողմից ժողովում ներկայացված և սույն օրենքին համապատասխան քվեարկության իրավունք ունեցող ձայների երկու երրորդով: Հաշվետվությունը ընդունելու դեպքում ընկերության ստեղծման ընթացքում հիմնադիրների պարտավորությունները փոխանցվում են ընկերությանը:
Հիմնադիրների հաշվետվությունն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից չընդունվելու դեպքում, ընկերությունը պատասխանատվություն չի կրում ընկերության ստեղծման ժամանակ հիմնադիրների ստանձնած պարտավորությունների համար:
Հիմնադիրների հաշվետվությունն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից չընդունվելու դեպքում, տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող անձինք իրավունք ունեն հիմնադիրներից հետ պահանջել բաժնետոմսերի դիմաց իրենց կողմից մուծված վճարները:
2. Հիմնադիրների հաշվետվության հավաստիությունը ստուգվում է ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) կողմից: Վերահսկիչ հանձնաժողովն (հսկիչը) իրավունք ունի ստուգման համար հիմնադիրներից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և բացատրություններ: Ստուգման արդյունքում կազմված եզրակացությունը ներկայացվում է ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովին:
3. Փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր ժողովում հիմնադիրների հաշվետվությունը հիմնադիր ժողովին ներկայացնում է ընկերության ստեղծման գրավոր պայմանագրով մինչև ընկերության հիմնադիր ժողովի անցկացումը հիմնադիրներին ներկայացնելու համար լիազորված ֆիզիկական անձը:
Հոդված 14. |
Ընկերության կանոնադրությունը |
1. Ընկերության հիմնադիր փաստաթուղթը ընկերության կանոնադրությունն է:
2. Ընկերության կանոնադրության պահանջները պարտադիր են ընկերության բաժնետերերի և կառավարման բոլոր մարմինների համար:
3. Ընկերության կանոնադրությունը սահմանում է`
ընկերության լրիվ ֆիրմային անվանումը և անվանման հապավումը.
ընկերության գտնվելու վայրը.
ընկերության ձևը (բաց կամ փակ).
ընկերության կողմից տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակները (սովորական և արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսերի ձևերը.
յուրաքանչյուր տեսակի և ձևի բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները.
ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը.
ընկերության կառավարման մարմինների կառուցվածքը, իրավասությունները և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը, ներառյալ այն հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն ընկերության կառավարման մարմինների կողմից որակյալ մեծամասնությամբ կամ միաձայն.
տեղեկություններ ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների մասին.
սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:
Ընկերության կանոնադրությամբ կարող են դրվել մեկ բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի քանակը կամ գումարային անվանական արժեքի, ինչպես նաև մեկ բաժնետիրոջը տրամադրվող ձայների առավելագույն քանակի սահմանափակումներ:
Ընկերության կանոնադրության դրույթները չեն կարող հակասել սույն օրենքին:
4. Ցանկացած անձի պահանջով ընկերությունը պարտավոր է նրանց 5-օրյա ժամկետում ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Ընկերությունը պարտավոր է այդ անձի պահանջով տրամադրել նրան ընկերության գործող կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է ընկերության կողմից կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող այդ պատճենը պատրաստելու ծախսերից ավելի մեծ լինել:
Հոդված 15. |
Ընկերության կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելը: Ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ |
1. Ընկերության կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելը, ինչպես նաև ընկերության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը տեղի է ունենում բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:
Լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ընկերության կանոնադրական հիմնադրամի ավելացումը գրանցվում է տեղաբաշխված լրացուցիչ բաժնետոմսերի անվանական արժեքի չափով: Ընդ որում, հայտարարված բաժնետոմսերի քանակը, ըստ բաժնետոմսերի ձևերի և տեսակների, պետք է նվազեցվի այդ ձևերի և տեսակների տեղաբաշխված բաժնետոմսերի քանակով:
2. Ընկերության կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելը, ինչպես նաև ընկերության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելն իրականացվում է բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ընդունվում է ժողովին մասնակցած քվեարկող բաժնետոմսերի տերերի ձայների 3/4-ով, իսկ ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի մեծացման հետ կապված դեպքերում` ժողովին մասնակցած բաժնետերերի ձայների մեծամասնությամբ կամ ընկերության խորհրդի միաձայն ընդունած որոշմամբ:
Հոդված 16. |
Ընկերության պետական գրանցումը |
1. Ընկերությունը ենթակա է գրանցման ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնին ընկերության կողմից գրանցման հայտ է ներկայացվում այն դեպքում, եթե`
ա) սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով անցկացվել է բաժնետոմսերի տեղաբաշխումը, և բաժնետերերի կողմից կատարվել են ընկերության կանոնադրությամբ սահմանված սկզբնական վճարումները բաժնետոմսերի դիմաց.
բ) տեղի է ունեցել ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողով.
գ) ընկերության խորհուրդը հնարավորություն է ստացել տնօրինել բաժնետոմսերի տեղաբաշխման հետևանքով առաջացած ֆինանսական միջոցները:
3. Ընկերության գրանցման հայտի հետ մեկտեղ ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնին ներկայացվում են`
ա) բանկի տեղեկանքը` բաժնետոմսերի տեղաբաշխման հետևանքով ստացված դրամական ներդրումների վերաբերյալ.
բ) ընկերության գործունեությունն իրականացնելու նպատակով օգտագործվող տարածքի տնօրինման կամ օգտագործման մասին փաստաթուղթը.
գ) ընկերության հիմնադիր ժողովի կողմից հաստատված կանոնադրությունը.
դ) ընկերության հիմնադիր ժողովի որոշումն ընկերության հիմնադրման մասին:
4. Ընկերության գրանցումը հավաստվում է ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերությանը տրված վկայականով (սերտիֆիկատով):
5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ ստեղծվող ընկերությունների (բացառությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող ընկերությունների) գրանցման ժամանակ, վերջիններս պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որոնք կապացուցեն նշված մարմինների սեփականության իրավունքը նրանց կողմից ձեռք բերվող բաժնետոմսերի դիմաց վճարվող գույքի նկատմամբ:
6. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող ընկերության պետական գրանցման հիմք է հանդիսանում սույն օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը:
7. Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ստանում իր պետական գրանցման պահից:
Հոդված 17. |
Ընկերության կանոնադրության մեջ կատարված լրացումների և փոփոխությունների, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցումը |
1. Ընկերության կանոնադրության մեջ կատարված լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման` սույն օրենքի 16 հոդվածով սահմանված կարգով:
2. Ընկերության կանոնադրության մեջ կատարված լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը երրորդ անձանց համար ուժի մեջ են մտնում դրանց պետական գրանցման պահից, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին ծանուցելու պահից:
Հոդված 18. |
Ընկերության վերակազմավորումը |
1. Ընկերությունը կարող է կամավոր վերակազմավորվել սույն օրենքով սահմանված կարգով:
Վերակազմավորման այլ հիմքերը սահմանվում են այլ օրենքներով:
2. Ընկերության վերակազմավորումը կարող է իրականացվել միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերափոխման միջոցներով:
3. Ընկերությունը վերակազմավորված է համարվում, բացառությամբ միացման միջոցով վերակազմավորման դեպքերի, վերակազմավորման արդյունքում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:
Ընկերությունն այլ ընկերության միացման միջոցով վերակազմավորման դեպքում, առաջինը համարվում է վերակազմավորված` ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից այդ ընկերության գործունեության դադարման մասին գրառումը կատարելու պահից:
4. Վերակազմավորման արդյունքում ստեղծված ընկերությունների պետական գրանցումը և վերակազմավորման արդյունքում իրենց գործունեությունը դադարեցրած ընկերությունների գործունեության դադարման մասին գրառումը կատարվում է օրենքով սահմանված կարգով` ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից:
5. Ընկերության վերակազմավորման մասին որոշման ընդունումից 30 օրվա ընթացքում ընկերությունը պարտավոր է այդ մասին ծանուցել իր բոլոր պարտատերերին: Պարտատերն իրավունք ունի պահանջել ընկերությունից իր նկատմամբ պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում գրավոր ծանուցմամբ հետևյալ ժամկետներում`
ընկերության միաձուլման, միացման կամ վերափոխման միջոցով վերակազմավորման մասին ընկերության կողմից պարտատիրոջը գրավոր ծանուցելու պահից 30 օրվա ընթացքում.
ընկերության բաժանման կամ առանձնացման միջոցով վերակազմավորման մասին ընկերության կողմից պարտատիրոջը գրավոր ծանուցելու պահից 60 օրվա ընթացքում:
Եթե բաժանողական (առանձնացման) հաշվեկշիռը հնարավորություն չի ընձեռում որոշել վերակազմավորված ընկերության իրավահաջորդին, ապա վերակազմավորման հետևանքով ստեղծված իրավաբանական անձինք վերակազմավորված ընկերության պարտավորություններով կրում են համապարտ պատասխանատվություն:
6. Բաժանողական (առանձնացման) հաշվեկշիռը կամ փոխանցման ակտը պետք է բովանդակի դրույթներ վերակազմավորվող ընկերության (ընկերությունների) պարտատերերի և պարտապանների (ներառյալ կողմերի կողմից վիճարկվող) հանդեպ բոլոր պարտավորությունների իրավահաջորդության վերաբերյալ:
Բաժանողական (առանձնացման) հաշվեկշիռը կամ փոխանցման ակտը պետք է ապահովի գույքի և պարտավորությունների համամասնական բաշխումը վերակազմավորման հետևանքով ստեղծված ընկերությունների միջև:
Բաժանողական (առանձնացման) հաշվեկշիռը կամ փոխանցման ակտը պետք է ներկայացվեն վերակազմավորման հետևանքով ստեղծված իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերի կամ նշված փաստաթղթերի փոփոխությունների հետ միասին ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմին:
Հիմնադիր փաստաթղթերի կամ դրանց փոփոխությունների հետ միասին բաժանողական (առանձնացման) հաշվեկշիռը կամ փոխանցման ակտը չներկայացնելը, ինչպես նաև հաշվեկշռում կամ ակտում վերակազմավորված ընկերության (ընկերությունների) պարտավորությունների նկատմամբ իրավահաջորդության վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը կամ գույքի և պարտավորությունների անհամամասնական բաշխումը հանգեցնում է վերակազմավորման հետևանքով ստեղծված իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման մերժման:
Հոդված 19. |
Ընկերությունների միաձուլումը |
1. Ընկերությունների միաձուլում է համարվում նոր ընկերության ստեղծումը` նրան երկու կամ ավելի միաձուլվող ընկերությունների իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող ընկերությունների դադարմամբ:
2. Միաձուլվող ընկերությունները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման միջոցով վերակազմավորման մասին որոշումը պետք է ընդունվի յուրաքանչյուր միաձուլվող ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատի նաև միաձուլման պայմանագիրը և փոխանցման ակտը: Նշված հարցերն ընդհանուր ժողով է ներկայացնում ընկերության խորհուրդը:
3. Միաձուլման միջոցով ստեղծվող ընկերության կանոնադրությունը հաստատվում է միաձուլմանը մասնակցող ընկերությունների բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովում, որը կանոնադրությունը հաստատելուց հետո պետք է ընտրի նաև նոր ընկերության խորհուրդ:
4. Ընկերությունների միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված ընկերությանը` փոխանցման ակտին համապատասխան:
Հոդված 20. |
Ընկերությունների միացումը |
1. Ընկերությունների միացում է համարվում մեկ կամ մի քանի ընկերությունների դադարումը` դրանց իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ այլ ընկերության:
2. Միացմանը մասնակցող ընկերությունների միջև կնքվում է միացման պայմանագիր: Միացման միջոցով վերակազմավորման մասին որոշումը պետք է ընդունվի միացմանը մասնակցող ընկերությունների բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատի նաև միացման պայմանագիրը և փոխանցման ակտը: Նշված հարցերն ընդհանուր ժողով է ներկայացնում ընկերության խորհուրդը:
3. Միացմանը մասնակցող ընկերությունների բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովը որոշումներ է ընդունում միացման հետևանքով ընդլայնված ընկերության կանոնադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ հարցերով:
4. Ընկերությունը մեկ այլ ընկերությանը միացման դեպքում միացվող ընկերության իրավունքները և պարտականությունները փոխանցվում են այն ընկերությանը, որին նա միացել է փոխանցման ակտին համապատասխան:
Հոդված 21. |
Միաձուլման (միացման) պայմանագիրը |
1. Սույն օրենքի 19 և 20 հոդվածներով հաստատված միաձուլման (միացման) պայմանագիրը սահմանված կարգով ներկայացվում է ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմին` սույն օրենքի 16 հոդվածով սահմանված փաստաթղթերի հետ:
2. Միաձուլման (միացման) պայմանագիրը պետք է բովանդակի`
մասնակից կողմերի և դրանց իրավահաջորդի ռեկվիզիտները.
միաձուլման կամ միացման կարգը և պայմանները.
միացվող ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգն այն ընկերության բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի, որին այն միացվում է.
յուրաքանչյուր միաձուլվող ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ընկերության բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի.
միացվող կամ միաձուլվող ընկերությունների բաժնետոմսերի դիմաց շահաբաժիններ ստանալու կարգը և պայմանները.
քվեարկության կարգը բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովում.
այլ տեղեկություններ միաձուլմանը (միացմանը) մասնակից կողմերի հայեցողությամբ:
Հոդված 22. |
Ընկերության բաժանումը |
1. Ընկերության բաժանում է համարվում ընկերության դադարումը` նրա բոլոր իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ նոր ստեղծվող ընկերություններին:
2. Բաժանման միջոցով վերակազմավորման մասին որոշումը պետք է ընդունվի բաժանվող ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատի նաև նոր ընկերությունների ստեղծման կարգը և պայմանները, ինչպես նաև բաժանվող ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերությունների բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի: Այդ հարցերն ընդհանուր ժողով է ներկայացնում բաժանվող ընկերության խորհուրդը:
3. Բաժանման միջոցով ստեղծվող ընկերությունների կանոնադրությունները հաստատվում են նոր ստեղծվող ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովներում, որոնք կանոնադրությունը հաստատելուց հետո ընտրում են նաև նոր ընկերությունների խորհուրդներ:
4. Ընկերության բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված ընկերություններին` բաժանողական հաշվեկշռին համապատասխան:
Հոդված 23. |
Ընկերության առանձնացումը |
1. Ընկերության առանձնացում է համարվում նոր ընկերության (ընկերությունների) ստեղծումը` նրան (նրանց) վերակազմավորվող ընկերության իրավունքների և պարտականությունների մի մասի փոխանցմամբ` առանց վերակազմավորվող ընկերության դադարման:
2. Առանձնացման միջոցով վերակազմավորման մասին որոշումը պետք է ընդունվի վերակազմավորվող ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատվի նոր ընկերության (ընկերությունների) առանձնացման կարգը և պայմանները, առանձնացման միջոցով վերակազմավորվող ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը` առանձնացված ընկերությունների բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի, ինչպես նաև առանձնացման հաշվեկշիռը:
3. Առանձնացման միջոցով ստեղծվող ընկերությունների կանոնադրությունը հաստատվում է նոր ստեղծվող ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովներում, որոնք կանոնադրությունը հաստատելուց հետո ընտրում են նաև նոր ընկերությունների խորհուրդներ:
4. Ընկերության առանձնացման դեպքում նրան (նրանց) փոխանցվում են առանձնացման միջոցով վերակազմավորված ընկերության այն իրավունքները և պարտականությունները, որոնք սահմանվում են առանձնացման հաշվեկշռին համապատասխան:
Հոդված 24. |
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող բաժնետիրական ընկերությունների վերակազմավորման առանձնահատկությունները |
1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող բաժնետիրական ընկերությունների վերակազմավորումը ոչ պետական կամ պետական մասնակցությամբ ընկերությունների իրականացվում է պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը և ապապետականացումը կարգավորող օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող ընկերությունների միացումը կամ միաձուլումը ոչ պետական ընկերությունների հետ համարվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող ընկերության ապապետականացում և իրականացվում է պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը և ապապետականացումը կարգավորող օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող բաժնետիրական ընկերությունը կարող է վերակազմավորվել միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան որոշմամբ:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող բաժնետիրական ընկերության վերակազմավորման հետևանքով ստեղծված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող բաժնետիրական ընկերությունները կարող են լինել միայն փակ ընկերություններ:
Հոդված 25. |
Բաժնետիրական ընկերությունների վերակազմավորման հետևանքով ստեղծված ընկերությունների ձևերը |
Սույն օրենքի 19, 20, 22 և 23 հոդվածներով սահմանված վերակազմավորման դեպքերում, վերակազմավորման հետևանքով ստեղծված ընկերության ձևը սահմանվում է այդ ընկերության կանոնադրությամբ: Եթե վերակազմավորված ընկերության բաժնետերերի քանակը քսանհինգից ավելի է, այն կարող է լինել միայն բաց ընկերություն:
Հոդված 26. |
Ընկերությունների վերափոխումը |
1. Ընկերության վերափոխում է համարվում նրա կազմակերպական-իրավական տեսակի կամ ձևի փոփոխությունը կամավոր հիմունքներով կամ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հիմքերով:
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող բաժնետիրական ընկերությունները կարող են վերափոխվել սահմանափակ պատասխանատվությամբ, փակ կամ բաց բաժնետիրական ընկերությունների` պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը և ապապետականացումը կարգավորող օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Ընկերությունները կարող են վերափոխվել բաց կամ փակ ընկերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կամ արտադրական կոոպերատիվների:
4. Վերափոխման միջոցով վերակազմավորման մասին որոշումը պետք է ընդունվի վերափոխման միջոցով վերակազմավորվող ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում, որը պետք է հաստատի ընկերության վերափոխման կարգը և պայմանները, վերափոխման միջոցով վերակազմավորվող ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը բաց կամ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերի կամ արտադրական կոոպերատիվի փայերի, ինչպես նաև փոխանցման ակտը: Այդ հարցերն ընդհանուր ժողով է ներկայացնում վերափոխման միջոցով վերակազմավորվող ընկերության խորհուրդը:
5. Վերափոխման միջոցով ստեղծվող իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերը և դրանց կառավարման մարմինները հաստատվում և ընտրվում են նորաստեղծ իրավաբանական անձանց հիմնադիրների ընդհանուր ժողովում` համաձայն նշված իրավաբանական անձանց վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի:
6. Ընկերության վերափոխման դեպքում նորաստեղծ իրավաբանական անձին փոխանցվում են վերափոխման միջոցով վերակազմավորված ընկերության իրավունքները և պարտականությունները, որոնք սահմանվում են փոխանցման ակտին համապատասխան:
Հոդված 27. |
Ընկերության լուծարումը |
1. Ընկերության լուծարումը հանգեցնում է ընկերության դադարմանը առանց ընկերության իրավունքների և պարտականությունների իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցման:
Ընկերության լուծարման հիմքերն են`
ա) ընկերության կանոնադրությամբ նախատեսված գործունեության ժամկետի լրանալը կամ այն նպատակին հասնելը, հանուն որի ընկերությունը ստեղծվել էր, կամ դատարանի կողմից ընկերության պետական գրանցումն անվավեր ճանաչելը.
բ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության առանց իրավահաջորդի լուծարման մասին ընդունած որոշումը.
գ) ընկերության վերակազմավորումը սույն օրենքով և պետական ձեռնարկությունների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում.
դ) ընկերությունը սնանկ հայտարարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը.
ե) ընկերությունը լուծարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը` օրենքով նախատեսված դեպքերում.
զ) օրենքով սահմանված այլ հիմքերով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված դեպքերում ընկերության լուծարումը հանգեցնում է նրա դադարմանը` առանց ընկերության իրավունքների և պարտավորությունների իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցման:
3. Ընկերության լուծարման և լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում կայացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից ոչ պակաս` ընկերության խորհրդի ներկայացմամբ:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը, նախքան լուծարման մասին որոշումն ընդունելը, հաստատում է խորհրդի կողմից ներկայացված ընկերության ամփոփիչ հաշվեկշիռը և ընկերության լուծարման նախագիծը:
Լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը ենթակա է գրանցման և համաձայնեցման ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Հոդված 28. |
Լուծարային հանձնաժողովը |
1. Լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշման պետական գրանցման պահից նրան են փոխանցվում լուծարվող ընկերության կառավարման մարմինների գործունեության վերահսկման բոլոր լիազորությունները ընկերության գույքի տնօրինման հարցում:
Լուծարվող ընկերության անունից դատարանում հանդես է գալիս լուծարային հանձնաժողովը:
2. Այն դեպքում, երբ լուծարվող ընկերության բաժնետեր են հանդիսանում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները, լուծարային հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն նաև նրանց ներկայացուցիչները: Նշված պայմանի չկատարումը հիմք է հանդիսանում լուծարային հանձնաժողովի պետական գրանցման մերժման և նրա ստեղծման մասին որոշմանը համաձայնություն չտալու համար:
3. Ընկերության լուծարային հանձնաժողովն ընկերության լուծարումն իրականացնում է ամփոփ հաշվեկշռի հիման վրա և ընկերության լուծարման նախագծին համապատասխան:
Լուծարային հանձնաժողովը պարտավոր է իրականացնել ընկերության գույքի վերագնահատում, միջոցներ ձեռնարկել ընկերության պարտատերերին բացահայտելու, նրանց հետ վերջնահաշվարկներ կատարելու, դեբիտորական պարտքը վերադարձնելու համար, ինչպես նաև ընկերության պարտատերերին ծանուցել ընկերության լուծարման մասին:
Լուծարման ընթացքում ընկերությունն իրավունք ունի կնքել նոր գործարքներ և ստանձնել նոր պարտավորություններ` միայն ընկերության պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:
Լուծարվող ընկերության գույքի օտարմանը կամ պարտքերի մարմանն ուղղված բոլոր գործողությունները կարող են իրականացվել միայն լուծարային հանձնաժողովի համաձայնությամբ:
4. Հարկային և ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմինների հիմնավորված պահանջով լուծարային հանձնաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել նաև այդ մարմինների ներկայացուցիչները, այդ թվում նաև լուծարային հանձնաժողովի անդամի իրավունքներով:
Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահի դրությամբ ընկերության ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատերեր հանդիսացող բաժնետերերն իրավունք ունեն ընդգրկվել լուծարային հանձնաժողովի կազմում կամ նշանակել իրենց լիազոր ներկայացուցչին:
Ընկերության լուծարային հանձնաժողովի անդամների կազմը և լիազորությունների շրջանակը ենթակա են գրանցման ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից:
Լուծարային հանձնաժողովի անդամները կարող են վարձատրվել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ սահմանված կարգով:
Հոդված 29. |
Լուծարման նախագիծը |
1. Ընկերության լուծարումն իրականացվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում հաստատված լուծարման նախագծին համապատասխան:
2. Ընկերության լուծարման նախագիծն ընդգրկում է`
ընկերության ամփոփ հաշվեկշիռը.
լուծարման կարգն ու ժամկետները.
լուծարային հանձնաժողովի լիազորությունները.
լուծարման ընթացքում ընկերության գործունեության կարգը.
այլ տեղեկություններ` ընկերության ժողովի հայեցողությամբ:
Հոդված 30. |
Ընկերության լուծարման կարգը |
1. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով լուծարային հանձնաժողովն առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցներով հայտարարություն է տալիս ընկերության լուծարման և ընկերության պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի և ժամկետի մասին: Վերջինս պետք է սահմանվի հայտարարության հրապարակման պահից` 2-ից մինչև 6 ամսվա սահմաններում:
Ընկերության լուծարման մասին հայտարարության հրապարակումը համարվում է ընկերության լուծարման սկիզբը, որի մասին ծանուցվում է ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմինը:
2. Ընկերության բաժնետերերը, այլ արժեթղթերի տերերն ու պարտատերերն իրավունք ունեն ծանոթանալ ընկերության լուծարմանն առնչվող բոլոր փաստաթղթերին, այդ թվում` լուծարման նախագծին, միջանկյալ և ամփոփ լուծարային հաշվեկշիռներին:
3. Ընկերության պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո լուծարային հանձնաժողովը մեկամսյա ժամկետում կազմում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պետք է բովանդակի տեղեկություններ լուծարվող ընկերությանը պատկանող գույքի մասին, պարտատերերի կողմից ներկայացված պահանջների ցանկը, ինչպես նաև լուծարային հանձնաժողովի կողմից այդ պահանջների քննարկման արդյունքները: Միջանկյալ լուծարային հաշվեկշիռը ենթակա է հաստատման ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից լուծարային հանձնաժողովի ներկայացմամբ և պետք է համաձայնեցվի լուծարվող ընկերությունը գրանցած պետական մարմնի հետ:
4. Այն դեպքում, երբ միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հաստատելու պահին ընկերությունը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, ընկերության գույքը բաշխվում է բաժնետերերի միջև սույն օրենքի 32 հոդվածով սահմանված կարգով:
5. Եթե ընկերության տրամադրության տակ գտնվող դրամական միջոցները չեն բավարարում պարտատերերի պահանջները, լուծարային հանձնաժողովն իրականացնում է ընկերությանը պատկանող այլ գույքի վաճառքը բաց աճուրդի ձևով` քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
6. Դրամական վճարումներն ընկերության պարտատերերին իրականացվում են լուծարային հանձնաժողովի կողմից սույն օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով` համաձայն միջանկյալ լուծարային հաշվեկշռի` վերջինիս հաստատման օրվանից սկսած:
7. Ընկերության պարտատերերի հետ հաշվարկների ավարտից հետո մեկամսյա ժամկետում լուծարային հանձնաժողովը կազմում է ամփոփ լուծարային հաշվեկշիռը, որը ենթակա է հաստատման բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից և համաձայնեցման` լուծարվող ընկերությունը գրանցած պետական մարմնի հետ:
Հոդված 31. |
Լուծարվող ընկերության պարտատերերի պահանջների բավարարումը |
1. Ընկերության լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները ենթակա են բավարարման հետևյալ հաջորդականությամբ`
առաջին հերթին բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև լուծարվող ընկերությունը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի համար: Այդ պահանջները բավարարվում են համապատասխան ժամանակային վճարների կապիտալացման միջոցով.
երկրորդ հերթին վճարվում են ընկերության հետ աշխատանքային պայմանագրեր ունեցող աշխատակիցների աշխատավարձը և նրանց աշխատանքից ազատվելու նպաստները, բայց ոչ ավելի, քան եռամսյա ժամկետի համար.
երրորդ հերթին բավարարվում են պարտատերերի պահանջները լուծարվող ընկերությանը պատկանող գույքի գրավով ապահովված պարտավորություններով.
չորրորդ հերթին մարվում են պարտքերը պետական բյուջե և արտաբյուջետային ֆոնդեր կատարվող պարտադիր վճարումների դիմաց.
հինգերորդ հերթին կատարվում են վերջնահաշվարկներ այլ պարտատերերի հետ` օրենքով սահմանված կարգով:
2. Գույքի հերթական բաշխումն իրականացվում է նախորդ հերթի լրիվ բաշխումն ավարտվելուց հետո:
3. Լուծարվող ընկերության տրամադրության տակ գտնվող գույքի տվյալ հերթի պարտատերերին չբավարարելու դեպքում այն համամասնաբար բաշխվում է այդ հերթի պարտատերերի միջև` նրանց պահանջների գումարներին համապատասխան:
4. Այն դեպքում, երբ լուծարային հանձնաժողովը հրաժարվում է բավարարել պարտատիրոջ պահանջները կամ խուսափում է դրանց քննարկումից, պարտատերն իրավունք ունի մինչև ընկերության լուծարային հաշվեկշռի հաստատումը լուծարային հանձնաժողովի դեմ հայցով դիմել դատարան: Դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ պարտատիրոջ պահանջները կարող են բավարարվել լուծարվող ընկերության մնացած գույքի հաշվին:
5. Լուծարային հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետի ավարտվելուց հետո պարտատիրոջ ներկայացրած պահանջները բավարարվում են լուծարվող ընկերության այն գույքից, որը մնացել է ժամկետում ներկայացված պահանջները բավարարելուց հետո:
6. Պարտատերերի այն պահանջները, որոնք չեն բավարարվել լուծարվող ընկերության գույքի անբավարարության պատճառով, համարվում են մարված բացառությամբ սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքի: Մարված են համարվում նաև պարտատերերի այն պահանջները, որոնք չեն ճանաչվել լուծարային հանձնաժողովի կողմից, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան կամ դատարանի որոշմամբ դրանք չեն համարվել բավարարման ենթակա:
7. Այն դեպքում, երբ ընկերության լուծարումից հետո կապացուցվի, որ այն իր պարտատերերի նկատմամբ պատասխանատվությունից խուսափելու նպատակով փոխանցել է իրեն պատկանող գույքն այլ անձի կամ որևէ այլ կերպ միտումնավոր թաքցրել է իրեն պատկանող գույքը կամ դրա մի մասը, պարտատերերը, որոնց պահանջները լրիվ կամ մասնակիորեն չեն բավարարվել ընկերության լուծարման ընթացքում, իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով պահանջել մնացած պարտքերի մարումը նշված գույքի հաշվին:
Անձը, որին փոխանցվել էր գույքը, համարվում է անբարեխիղճ ձեռքբերող, եթե նա գիտեր կամ պետք է իմանար այդ գույքը պարտատերերից թաքցնելու ընկերության մտադրության մասին:
Հոդված 32. |
Լուծարվող ընկերության գույքի բաշխումը բաժնետերերի միջև |
1. Պարտատերերի հանդեպ լուծարվող ընկերության պարտավորությունները բավարարելուց հետո մնացած գույքը լուծարային հանձնաժողովի կողմից բաժանվում է բաժնետերերի միջև հետևյալ հաջորդականությամբ`
առաջին հերթին կատարվում են վճարումներն այն բաժնետոմսերի դիմաց, որոնք պետք է հետ գնվեն սույն օրենքի 60 հոդվածին համապատասխան.
երկրորդ հերթին կատարվում են արտոնյալ բաժնետոմսերի համար հաշվառված, բայց չվճարված շահաբաժինների, ինչպես նաև ընկերության կանոնադրությամբ սահմանված արտոնյալ բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարումները.
երրորդ հերթին կատարվում է լուծարվող ընկերության մնացած գույքի բաշխումը սովորական և բոլոր տեսակների արտոնյալ բաժնետոմսերի տերերի միջև:
2. Գույքի հերթական բաշխումն իրականացվում է նախորդ հերթի լրիվ բաշխումն ավարտելուց հետո:
Ընկերության կանոնադրությամբ սահմանված արտոնյալ բաժնետոմսերի առանձին տեսակների լուծարային արժեքի վճարումներն իրականացվում են ընկերության կանոնադրությամբ սահմանված հերթականությամբ և յուրաքանչյուր հերթի արտոնյալ բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարումները կատարվում են նախորդ հերթի լուծարային արժեքի լրիվ վճարումից հետո:
Եթե ընկերության տրամադրության տակ գտնվող գույքը չի բավարարում արտոնյալ բաժնետոմսերի համար հաշվառված, բայց չվճարված շահաբաժինները բոլոր բաժնետերերին վճարելու համար, ապա գույքը բաշխվում է բաժնետերերի միջև` նրանց պատկանող նման տեսակի բաժնետոմսերի քանակին համամասնաբար:
Եթե ընկերության տրամադրության տակ գտնվող գույքը չի բավարարում ընկերության կանոնադրությամբ սահմանված արտոնյալ բաժնետոմսերի լուծարային արժեքը բոլոր բաժնետերերին վճարելու համար, ապա գույքը բաշխվում է բաժնետերերի միջև` նրանց պատկանող նման տեսակի բաժնետոմսերի քանակին համամասնաբար:
3. Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը` դադարած, ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկությունների պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու պահից:
4. Լուծարվող ընկերության պարտավորությունների վերաբերյալ պարտատիրոջ հայցով դատարան դիմելու դեպքում ընկերության գույքը ենթակա չէ բաժանման բաժնետերերի միջև` մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
5. Ընկերության լուծարումն անվավեր համարելու մասին հայցը դատարան կարող է ներկայացվել ընկերության լուծարումը գրանցելուց հետո 6 ամսվա ընթացքում:
Գ Լ ՈՒ Խ III. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐ
Հոդված 33. |
Ընկերության կանոնադրական հիմնադրամը |
1. Ընկերության կանոնադրական հիմնադրամը հայտարարվում է այն հիմնադրելիս և ամրագրվում է նրա կանոնադրության մեջ: Կանոնադրական հիմնադրամը ձևավորվում է բաժնետերերի ներդրումներից: Կանոնադրական հիմնադրամը հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին:
Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:
Ընկերության կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը չպետք է պակաս լինի բաց ընկերությունների համար` ընկերության պետական գրանցման պահին գործող նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափից, փակ ընկերությունների համար` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափից: Առանձին դեպքերում, կախված ընկերության գործունեության ոլորտից, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով կարող են սահմանվել ընկերության նվազագույն կանոնադրական հիմնադրամի ավելի մեծ չափեր:
Կանոնադրական հիմնադրամը արտահայտվում է դրամով:
Փակ ընկերության հիմնադրման ժամանակ նրա բոլոր բաժնետոմսերը պետք է տեղաբաշխվեն հիմնադիրների միջև:
Հոդված 34. |
Ընկերության արժեթղթերը |
1. Ընկերությունը կարող է տեղաբաշխել`
բաժնետոմսեր.
պարտատոմսեր.
արժեթղթերի և արժեթղթերի շրջանառության մասին օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ արժեթղթեր:
2. Ընկերությունը իրավունք ունի տեղաբաշխել սովորական, ինչպես նաև մեկ կամ մի քանի ձևի արտոնյալ բաժնետոմսեր: Ընկերության կողմից տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է գերազանցի ընկերության կանոնադրական հիմնադրամի 25 տոկոսը:
Ընկերության կողմից թողարկված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է լինի միևնույնը:
Ընկերության որոշակի տեսակի ամեն մի արտոնյալ բաժնետոմս ունի միևնույն անվանական արժեքը:
3. Ընկերության բաժնետոմսերը կարող են տեղաբաշխվել ինչպես տպագրական եղանակով պատրաստված բաժնետոմսի, այնպես էլ ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով:
Ընկերության հիմնադիրներին` ընկերությունը դեռ գրանցված չլինելու կամ ընկերության բաժնետերերին` նրանց կողմից բաժնետոմսի արժեքը լրիվ չվճարելու դեպքում բաժնետիրոջը տրամադրվում է ընկերության կանոնադրական հիմնադրամում նրա ներդրումը հաստատող վկայական, որը բաժնետոմս չի հանդիսանում: Վկայականների հիման վրա ընկերության պետական գրանցումն իրականացնելուց և բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարելուց հետո ընկերության կողմից բաժնետերերին տրվում են համապատասխան քանակությամբ տպագրական եղանակով պատրաստված բաժնետոմսեր կամ բաժնետոմսերի հավաստագիր (սերտիֆիկատ), իսկ բաժնետոմսերի տեղաբաշխումն ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով իրականացնելու դեպքում` միայն բաժնետոմսերի հավաստագիր (սերտիֆիկատ):
Ընկերության բոլոր բաժնետոմսերն անվանական են:
Տպագրական եղանակով պատրաստված բաժնետոմսը կամ բաժնետոմսերի հավաստագիրը (սերտիֆիկատը) տրամադրվում է դրա սեփականատիրոջը` բաժնետոմսի (հավաստագրով տրվող բաժնետոմսերի) լրիվ արժեքը վճարելուց հետո:
Ընկերությունն իրավունք ունի միաձուլել (կոնսոլիդացնել) տեղաբաշխված բաժնետոմսերը, ավելացնելով դրանց անվանական արժեքը, կամ բաժանել դրանք ավելի փոքր անվանական արժեքի բաժնետոմսերի, եթե այդ մասին նշված է ընկերության կանոնադրության մեջ:
4. Բաժնետոմսն անբաժանելի է: Երկու կամ ավելի անձանց մեկ բաժնետոմսի սեփականատեր հանդիսանալու դեպքում նրանք ընկերությունում հանդես են գալիս որպես մեկ բաժնետեր:
5. Տպագրական եղանակով պատրաստված բաժնետոմսը պետք է պարունակի հետևյալ ռեկվիզիտները`
ա) «բաժնետոմս» անվանումը, հերթական համարաթիվը և սերիան.
բ) ընկերության լրիվ ֆիրմային անվանումը.
գ) թողարկման ժամկետը.
դ) ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը.
ե) բաժնետոմսի անվանական արժեքը դրամով` արտահայտված հարյուրին բազմապատիկ թվով.
զ) բաժնետոմսի տեսակը և դրա հետ կապված իրավունքներն ու սահմանափակումները, ներառյալ այդ տեսակի բաժնետոմսերի փոխանցման սահմանափակումները.
է) այդ տեսակի բաժնետոմսերի թողարկված քանակը և գումարային անվանական արժեքի չափը.
ը) բաժնետիրոջ անվանումը (ֆիզիկական անձի համար` ազգանունը և անունը).
թ) ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունները.
ժ) ընկերության կնիքը:
6. Տպագրական եղանակով պատրաստված բաժնետոմսը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:
Հոդված 35. |
Ընկերության տեղաբաշխված և հայտարարված բաժնետոմսերը |
1. Բաժնետերերի կողմից ձեռք բերված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը (տեղաբաշխված բաժնետոմսեր) սահմանվում են ընկերության կանոնադրությամբ:
Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև հայտարարված բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը: Դրանք այն բաժնետոմսերն են, որոնք ընկերությունը կարող է տեղաբաշխել բացի տեղաբաշխված բաժնետոմսերից:
Ընկերության կանոնադրությունը պետք է սահմանի այն իրավունքները, որոնք տրվում են դրանց տերերին ընկերության կողմից տեղաբաշխվող յուրաքանչյուր տեսակի բաժնետոմսով: Ընկերության կանոնադրության մեջ նշված դրույթների բացակայության դեպքում ընկերությունը իրավունք չունի տեղաբաշխել տվյալ տեսակի հայտարարված բաժնետոմսեր:
Ընկերության կանոնադրության մեջ նշվում են ընկերության կողմից հայտարարված բաժնետոմսերի տեղաբաշխման կարգը և պայմանները:
2. Սույն հոդվածով նախատեսված հայտարարված բաժնետոմսերի վերաբերյալ դրույթների հետ կապված ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:
Այն դեպքում, երբ ընկերությունն իրականացնում է արժեթղթերի տեղաբաշխում, որոնք կարող են փոխարկվել ընկերության որոշակի տեսակի (տեսակների) բաժնետոմսերի, տվյալ տեսակի (տեսակների) բաժնետոմսերի քանակը չպետք է փոքր լինի այն քանակից, որը անհրաժեշտ է տեղաբաշխված արժեթղթերի փոխարկման համար դրանց շրջանառության ողջ ժամկետում:
Ընկերությունն իրավունք չունի որոշումներ ընդունել, որոնք սահմանափակում են այն բաժնետոմսերի տերերի իրավունքները, որոնց կարող են փոխարկվել ընկերության կողմից տեղաբաշխված արժեթղթերն առանց այդ արժեթղթերի սեփականատերերի համաձայնության:
Հոդված 36. |
Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգը |
1. Ընկերությունը կարող է բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ սույն օրենքում նշված դեպքերում խորհրդի որոշմամբ փոփոխել իր կանոնադրական հիմնադրամի չափը: Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ:
Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման կապակցությամբ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը բովանդակում է`
ա) կանոնադրական հիմնադրամի փոփոխման շարժառիթները, եղանակն ու չափերը.
բ) ընկերության կանոնադրության փոփոխման նախագիծը` կապված կանոնադրական հիմնադրամի փոփոխման հետ.
գ) բաժնետոմսերի քանակը և դրանց անվանական արժեքի ընդհանուր գումարը, որը պետք է ստացվի կանոնադրական հիմնադրամի փոփոխման հետևանքով.
դ) նոր տեսակի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում` դրանց տեղաբաշխման կարգը և ժամկետները, բաժնետերերի իրավունքները` ըստ այդ և նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի:
3. Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխումը գրանցվում է ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Հոդված 37. |
Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի մեծացումը |
1. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը կարող է մեծացվել ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը լրիվ իրացված և վճարված են:
Ընկերության բաժնետերերն ունեն ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական հիմնադրամում իրենց բաժնին համապատասխան նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք:
Բաժնետոմսեր ձեռք բերելու իրավունք տվող ընկերության արժեթղթերի տերերն իրենց իրավունքից օգտվում են բաժնետերերից առաջ` ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում:
2. Ընկերությունը կարող է որոշում ընդունել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին միայն ընկերության կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի քանակի սահմաններում և միայն նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում:
Լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին որոշմամբ պետք է սահմանվի`
լրացուցիչ տեղաբաշխվող սովորական և յուրաքանչյուր ձևի արտոնյալ բաժնետոմսերի քանակն այդ բաժնետոմսերի հայտարարված քանակի սահմաններում.
լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները, այդ թվում` ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվություն ունեցող բաժնետերերի և այլ արժեթղթերի տերերի միջև տեղաբաշխվող բաժնետոմսերի արժեքը:
3. Եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքի գումարը լրիվ վճարված չէ, ապա ընկերությունն իր կանոնադրական հիմնադրամը չի կարող մեծացնել ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին:
4. Ընկերությունը, իր գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո, կարող է`
շահույթի մի մասը ներդնել կանոնադրական հիմնադրամում` տեղաբաշխելով նոր բաժնետոմսեր.
իրեն պատկանող կանոնադրական հիմնադրամի չափից ավելի գույքը կամ դրա մասը փոխանցել կանոնադրական հիմնադրամ:
5. Ընկերությունը կարող է ավելացնել կանոնադրական հիմնադրամը նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով` նշելով այդ բաժնետոմսերի վրա դրանց նոր անվանական արժեքը: Սահմանված ժամկետում բաժնետոմսերի անվանական արժեքի վերանվանման չներկայացված բաժնետոմսերն ընկերության կողմից կարող են ճանաչվել անվավեր, եթե այդ մասին նշված է ընկերության կանոնադրության մեջ:
6. Ընկերության կանոնադրական հիմնադրամի ավելացման մասին որոշումներն ընդունվում են բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ խորհրդի կողմից, եթե ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նրան տրված են այդպիսի իրավասություններ:
7. Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ առաջացած պարտքերի մարման համար:
Հոդված 38. |
Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացումը |
1. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացումը կարող է կատարվել`
ա) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ.
բ) բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատմամբ, այդ թվում սույն օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ.
Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացումը բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով թույլատրվում է այն դեպքում, եթե այդ հնարավորությունը նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:
Ընկերությունն իրավունք չունի փոքրացնել կանոնադրական հիմնադրամը, եթե դրա հետևանքով նրա չափը կդառնա ավելի փոքր սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ընկերության նվազագույն կանոնադրական հիմնադրամից:
Կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման հետևանքով մեկ տարուց ոչ պակաս ժամկետում ընկերությանը չվերադարձված բաժնետոմսերը կարող են համարվել անվավեր: Դրանց փոխարեն ընկերությունը կարող է թողարկել նոր բաժնետոմսեր:
2. Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների որակյալ մեծամասնությամբ:
3. Ընկերությունը կանոնադրական հիմնադրամի փոփոխման մասին որոշում ընդունելու ժամկետից 30 օրվա ընթացքում գրավոր ծանուցում է այդ մասին իր պարտատերերին: Պարտատերերն իրավունք ունեն ծանուցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ընկերությունից պահանջել վերջինիս պարտավորությունների դադարում կամ վաղաժամկետ կատարում և դրա հետ կապված վնասների հատուցում:
4. Կանոնադրական հիմնադրամի փոքրացման հետ կապված ընկերության կանոնադրության փոփոխությունների գրանցումը ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական մարմինը կատարում է ընկերության կանոնադրության փոփոխության մասին որոշումն ընդունելուց 60 օրը լրանալուց հետո և սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան պարտատերերի առաջացած պահանջների բավարարման դեպքում:
Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման պատճառով բաժնետերերին վճարումները կատարվում են ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո:
Հոդված 39. |
Սովորական բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերերի իրավունքները |
1. Ընկերության յուրաքանչյուր սովորական բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ:
Սովորական բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը սույն օրենքի և ընկերության կանոնադրության համաձայն իրավունք ունի`
ա) մասնակցել ընկերության ընդհանուր ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.
բ) մասնակցել ընկերության կառավարմանը.
գ) ստանալ շահաբաժիններ ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.
դ) առաջնահերթ կարգով ձեռք բերել ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված.
ե) ստանալ ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը:
Ընկերության կանոնադրական հիմնադրամի առնվազն 5% կազմող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերին տիրող բաժնետերերը կարող են պահանջել փորձագետ կամ փորձագետների խումբ` ընկերության գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և գաղտնիք ներկայացնող փաստաթղթերը ստուգելու նպատակով: Ստուգման հետ կապված ծախսերը փոխհատուցում են ստուգումը պահանջող բաժնետերերը.
զ) ընկերության հիմնադիր ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.
է) հանդես գալ առաջարկություններով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում.
ը) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում քվեարկել իրեն պատկանող լրիվ վճարված բաժնետոմսերի ձայների չափով.
թ) հայցով դիմել դատարան` ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումների գանգատարկման նպատակով.
ժ) ընկերության լուծարման դեպքում ստանալ ընկերության գույքի իր հասանելիք մասը.
ժա) ընկերության միջոցների հաշվին ընկերության կանոնադրական հիմնադրամի ավելացման դեպքում անվճար ստանալ համապատասխան քանակությամբ սովորական բաժնետոմսեր.
ժբ) օտարել կամ այլ ձևով այլ անձանց փոխանցել իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսը.
ժգ) օգտվել ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
2. Սովորական բաժնետոմսերի սեփականատերերին չի կարող տրամադրվել նրանց պատկանող սովորական բաժնետոմսերի անվանական արժեքից և քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք:
Սովորական բաժնետոմսերի դիմաց շահաբաժինների վճարումները ընկերության կողմից չեն երաշխավորվում:
3. Սովորական բաժնետոմսերի տեսակարար կշիռը ընկերության կանոնադրական հիմնադրամում չպետք է պակաս լինի 75 տոկոսից:
Հոդված 40. |
Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերերի իրավունքները |
1. Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխել հաստատագրված կամ փոփոխական շահաբաժնով, կուտակման, փոխարկելի և այլ տեսակի արտոնյալ բաժնետոմսեր, եթե դա նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:
Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը չունեն ձայնի իրավունք ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում, եթե արտոնյալ բաժնետոմսերի որոշակի ձևերի համար այլ բան չի նախատեսված սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ:
Ընկերության որոշակի ձևի յուրաքանչյուր արտոնյալ բաժնետոմս տրամադրում է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքները:
2. Ընկերության կանոնադրությամբ պետք է սահմանվեն ընկերության կողմից տեղաբաշխվող և հայտարարված յուրաքանչյուր ձևի արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահաբաժինը և լուծարային արժեքը (որը վճարվում է ընկերության լուծարման ժամանակ): Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժնի չափը և լուծարային արժեքը սահմանվում են դրամական գումարի տեսքով կամ որպես տոկոսադրույք` արտոնյալ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժնի չափը և լուծարային արժեքը համարվում են սահմանված նաև այն դեպքում, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է դրանց որոշման կարգը: Եթե ընկերության կանոնադրությամբ արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժնի չափը նախատեսված չէ, ապա դրանց սեփականատերերն ունեն սովորական բաժնետոմսերի սեփականատերերի հետ շահաբաժիններ ստանալու հավասար իրավունք:
Եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված են արտոնյալ բաժնետոմսերի երկու կամ ավելի ձևեր, ապա ընկերության կանոնադրությամբ պետք է սահմանվի նաև շահաբաժինների և լուծարային արժեքի վճարման հերթականությունը յուրաքանչյուր ձևի արտոնյալ բաժնետոմսի համար: Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ որոշակի ձևի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց լրիվ կամ մասնակի չվճարված շահաբաժինը, որի մեծությունը սահմանված է կանոնադրությամբ, կուտակվում է և վճարվում հետագայում (կումուլյատիվ արտոնյալ բաժնետոմսեր):
Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև որոշակի ձևի արտոնյալ բաժնետոմսերի, ընկերության սովորական բաժնետոմսերի կամ այլ ձևի արտոնյալ բաժնետոմսերի փոխարկման հնարավորությունները և պայմանները:
3. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ձայնի իրավունք ունեն, եթե քննարկվում են ընկերության վերակազմավորման կամ լուծարման հարցերը:
Որոշակի ձևի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ձեռք են բերում ձայնի իրավունք, եթե քննարկվում են ընկերության կանոնադրության փոփոխման կամ լրացման հետ կապված այն որոշումները, որոնք սահմանափակում են այդ ձևի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները, ներառյալ այլ ձևերի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինների կամ լուծարային արժեքի սահմանումը կամ ավելացումը, ինչպես նաև այլ ձևի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերին շահաբաժինների կամ լուծարային արժեքի վճարման հերթականության արտոնություններ տրամադրումը:
4. Առանձին ձևերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը, որոնց հասանելիք շահաբաժնի չափը սահմանված է ընկերության կանոնադրությամբ, բացառությամբ կումուլյատիվ արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի, իրավունք ունեն ձայնի իրավունքով մասնակցել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում բոլոր հարցերի քննարկմանը, ընկերության բաժնետերերի տարեկան այն ընդհանուր ժողովից հետո, որում չի ընդունվել որոշում այդ ձևի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահաբաժիններ վճարելու մասին, կամ ընդունվել է որոշում շահաբաժինները չվճարելու կամ ոչ լրիվ վճարելու մասին: Սկսած տվյալ ձևի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց լրիվ ծավալով շահաբաժինների առաջին վճարումից այդ իրավունքը դադարում է գործել:
Առանձին ձևերի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն ձայնի իրավունքով մասնակցել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում բոլոր հարցերի քննարկմանը, ընկերության բաժնետերերի տարեկան այն ընդհանուր ժողովից հետո, որում չի ընդունվել որոշում այդ ձևի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի դիմաց բոլոր կուտակված շահաբաժիններ վճարելու մասին, կամ ընդունվել է որոշում շահաբաժինները չվճարելու կամ ոչ լրիվ վճարելու մասին: Սկսած տվյալ ձևի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի դիմաց լրիվ ծավալով բոլոր կուտակված շահաբաժինների վճարումից այդ իրավունքը դադարում է գործել:
5. Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել ձայնի իրավունք առանձին ձևերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է տվյալ ձևի արտոնյալ բաժնետոմսերի սովորական բաժնետոմսերի փոխարկման հնարավորությունը: Ընդ որում, նման արտոնյալ բաժնետոմսի սեփականատերը պետք է ունենա ձայների այնպիսի քանակություն, որը չպետք է գերազանցի ձայների այն քանակությունը, որը նա կունենար արտոնյալ բաժնետոմսերը սովորական բաժնետոմսերի փոխարկելու դեպքում:
6. Արտոնյալ բաժնետոմսերը սովորական բաժնետոմսերով փոխարկելու ժամանակ ընկերությունը պետք է մարի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի նկատմամբ բոլոր պարտքերը կամ նրանց համաձայնությամբ պարտավորվի վճարել դրանք այլ ձևով:
7. Երեք հաջորդական տարիների ընթացքում արտոնյալ բաժնետոմսերին հասանելիք շահաբաժնի չվճարելը կարող է հիմք հանդիսանալ ընկերությունը դատական կարգով լուծարելու համար:
8. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերն օգտվում են սույն օրենքի 39 հոդվածի «ա», «գ», «դ», «է» և «ը» կետերով սահմանված իրավունքներից` սույն հոդվածի դրույթներին համապատասխան, իսկ «բ», «ե» (բացառությամբ երկրորդ պարբերության), «զ», «թ», «ժ», «ժա» և «ժբ» կետերով սահմանված իրավունքներից` սովորական բաժնետոմսերի սեփականատերերի հետ հավասար իրավունքներով:
Հոդված 41. |
Բաժնետոմսերի հավաստագրերը |
1. Բաժնետոմսերի հավաստագիրը (սերտիֆիկատը) անվանական արժեթուղթ է, որը վկայում է նրա սեփականատիրոջ կողմից տվյալ ընկերության որոշակի քանակի բաժնետոմսերի տնօրինման մասին:
Սովորական և արտոնյալ բաժնետոմսերի առանձին ձևերի համար բաժնետիրոջը տրվում են առանձին հավաստագրեր: Հավաստագրերը տրվում են լրիվ վճարված բաժնետոմսերի համար:
Հավաստագրերի տրամադրման, փոխանակման և փոփոխման կարգը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ:
2. Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի հետևյալ ռեկվիզիտները`
ա) «բաժնետոմսերի հավաստագիր» անվանումը, հերթական համարը և սերիան.
բ) ընկերության ֆիրմային լրիվ անվանումը.
գ) հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի ձևը (ձևերը), դրա հետ կապված իրավունքներն ու սահմանափակումները, ներառյալ ընկերության բաժնետերերի ժողովում քվեարկման իրավունքի սահմանափակումը.
դ) հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի քանակը, դրանց համարները և սերիաները, յուրաքանչյուր արժեթղթի և դրանց գումարային անվանական արժեքը.
ե) հավաստագրի և բաժնետոմսերի տիրոջ անվանումը (ֆիզիկական անձանց համար` ազգանունը և անունը).
ը) ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունները.
թ) ընկերության կնիքը:
3. Հավաստագիրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:
4. Մեկ հավաստագրով ներկայացվում են մեկ տեսակի և ձևի բաժնետոմսեր:
Բաժնետոմսերի հավաստագիրը կարող է տրվել բաժնետոմսերի տիրոջը միայն բաժնետոմսերն ընկերության ռեեստրին հանձնելու դեպքում: Բաժնետիրոջ ցանկությամբ ընկերությունը տալիս է նրան բաժնետոմս կամ հավաստագիր:
5. Ընկերությունը պատասխանատվություն է կրում բաժնետոմսերի և դրանց փոխարեն տրվող հավաստագրերի միաժամանակյա շրջանառության համար:
Հոդված 42. |
Ընկերության պարտատոմսերը և այլ արժեթղթերը |
1. Ընկերությունն իրավունք ունի համաձայն իր կանոնադրության թողարկել պարտատոմսեր և օրենքով սահմանված այլ արժեթղթեր:
Պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվում է ընկերության խորհրդի որոշմամբ, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված:
2. Պարտատոմսն ընկերության պարտքային պարտավորություն հանդիսացող տպագրական եղանակով պատրաստված արժեթուղթ է: Այն հավաստիացնում է իր սեփականատիրոջ իրավունքն ընկերությունից պահանջել պարտատոմսի մարումը` պարտատոմսի անվանական արժեքի կամ անվանական արժեքի և ընկերության կողմից սահմանված տոկոսադրույքների վճարումը ընկերության կողմից սահմանված ժամկետներում:
Պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ պետք է սահմանվեն դրանց մարման ձևը, ժամկետները և պայմանները:
Պարտատոմսերը պետք է ունենան անվանական արժեք: Ընկերության կողմից թողարկված բոլոր պարտատոմսերի անվանական արժեքների գումարը չպետք է գերազանցի նրա կանոնադրական հիմնադրամի մեծությունը կամ այն ապահովման գումարը, որը տրամադրված է ընկերությանը պարտատոմսեր թողարկելու նպատակով:
Պարտատոմսերը չեն կարող թողարկվել մինչև ընկերության կանոնադրական հիմնադրամի լրիվ վճարումը:
Ընկերությունը կարող է թողարկել միաժամանակյա, ինչպես նաև տարաժամկետ (ընկերության կողմից սահմանված ժամկետային հաջորդականությամբ) մարման ժամկետով պարտատոմսեր: Պարտատոմսերի մարումն իրականացվում է դրամով կամ այլ գույքով` պարտատոմսերի թողարկման մասին որոշման համաձայն:
Ընկերությունն իրավունք ունի թողարկել`
ընկերության գույքի գրավով ապահովված պարտատոմսեր.
երրորդ անձանց կողմից տրամադրված ապահովությամբ երաշխավորված պարտատոմսեր.
առանց ապահովման պարտատոմսեր:
Առանց ապահովման պարտատոմսերի թողարկումը թույլատրվում է ընկերության գրանցումից առնվազն երեք տարի հետո և պայմանով, որ սահմանված կարգով հաստատված լինեն ընկերության առնվազն երկու տարեկան հաշվեկշիռներ:
Ընկերությունը կարող է թողարկել ինչպես անվանական, այնպես էլ ներկայացուցչական պարտատոմսեր:
Ընկերությունը պարտավոր է վարել իր կողմից տեղաբաշխված անվանական պարտատոմսերի սեփականատերերի ռեեստր: Կորցրած անվանական արժեթուղթը վերականգնվում է ընկերության կողմից բանական վճարի դիմաց: Կորցրած ներկայացուցչական պարտատոմսի սեփականատիրոջ իրավունքները վերականգնման ենթակա չեն:
Ընկերությունը կարող է պարտատոմսերի վաղաժամկետ մարման հնարավորություն ընձեռել` դրանց սեփականատերերի ցանկությամբ: Այդ դեպքում պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ պետք է սահմանվեն մարվող գումարի մեծությունը և այն ժամկետը, որից սկսած պարտատոմսերը կարող են ներկայացվել վաղաժամկետ մարման:
3. Ընկերությունը կարող է թողարկել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, որոնք տալիս են ընկերության պարտատոմսերը և այլ արժեթղթերը բաժնետոմսերի փոխարկման կամ բաժնետոմսերի արտոնյալ ձեռքբերման իրավունք: Ընդ որում, ընկերությունն իրավունք չունի տեղաբաշխել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, եթե ըստ տեսակների և ձևերի հայտարարված բաժնետոմսերի քանակը պակաս է նշված տեսակների և ձևերի բաժնետոմսերի քանակից, որոնք անհրաժեշտ են փոխարկվող պարտատոմսերը և այլ արժեթղթերն ընկերության բաժնետոմսերի փոխարկելու հնարավորությունն ապահովելու համար:
4. Պարտատոմսերի տոկոսը վճարվում է դրանց վրա նշված ժամկետում, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` անկախ ընկերության ֆինանսական վիճակից և ստացված շահույթից (բացի շահույթում մասնակցող պարտատոմսերից): Եթե պարտատոմսերը տեղաբաշխվում են անվանական արժեքից ցածր գներով, տարեկան տոկոսները պարտատոմսի տիրոջը կարող են չվճարվել, որը պետք է սահմանվի պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ և նշված լինի պարտատոմսում:
Պարտատոմսերով տոկոսների չվճարման կամ սահմանված ժամկետում պարտատոմսերը չմարելու դեպքում ընկերությունը կարող է լուծարվել դատական կարգով:
5. Տպագրական եղանակով պատրաստված պարտատոմսը պետք է պարունակի հետևյալ ռեկվիզիտները`
ա) «պարտատոմս» անվանումը, հերթական համարը և սերիան.
բ) ընկերության ֆիրմային լրիվ անվանումը.
գ) թողարկման ժամկետը.
դ) ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը.
ե) պարտատոմսի անվանական արժեքը դրամով` արտահայտված հարյուրին բազմապատիկ թվով.
զ) պարտատոմսի ձևը և դրա հետ կապված իրավունքները, այդ թվում փոխարկվող պարտատոմսերի համար` ընկերության բաժնետոմսերի փոխարկման իրավունքը.
է) տվյալ ձևի պարտատոմսի թողարկված քանակը և գումարային անվանական արժեքի չափը.
ը) պարտատոմսի մարման ժամկետը, մարվող գումարը և վճարվող տոկոսադրույքները կամ դրանց հաշվարկման կարգը, տոկոսադրույքների վճարման կարգը.
թ) անվանական պարտատոմսերի համար` պարտատոմսի սեփականատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի համար` ազգանունը և անունը).
ժ) ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունները.
ժա) ընկերության կնիքը:
6. Տպագրական եղանակով պատրաստված պարտատոմսը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:
7. Ընկերության ռեեստրում արձանագրվող տվյալների փոփոխման դեպքում պարտատոմսի սեփականատերն այդ մասին տեղյակ է պահում ընկերությանը:
Հոդված 43. |
Աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերը |
1. Ընկերության աշխատակիցներին կանոնադրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել աշխատակցի բաժնետոմսեր, որոնք կարող են լինել սովորական կամ արտոնյալ: Աշխատակցի բաժնետոմսերը տեղաբաշխվում են ընկերության աշխատակիցների միջև` այդ նպատակի համար աշխատակիցների բաժնետիրացման հատուկ հիմնադրամի միջոցների հաշվին ընկերության կողմից իր բաժնետերերից հետ գնած բաժնետոմսերից:
Աշխատակցի բաժնետոմսերի մասը չպետք է գերազանցի ընկերության կանոնադրական հիմնադրամի 25 տոկոսը:
2. Աշխատակցի բաժնետոմսն ընկերության աշխատակցին արտոնյալ պայմաններով վաճառված անվանական բաժնետոմս է: Աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 3 տարով` սկսած դրանց տեղաբաշխման օրվանից:
3. Աշխատակցի բաժնետոմսերը տեղաբաշխվում են աշխատակիցների միջև` վերջիններիս համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է անվանական արժեքից լինել ցածր, բայց ոչ պակաս 25 տոկոսից:
4. Աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում, բացի թոշակի անցնելու դեպքերից, ընկերությունը նախապատվության իրավունք ունի հետ գնել աշխատակցի բաժնետոմսերը շուկայական գնով, սակայն անվանական արժեքից ոչ պակաս:
Աշխատակցի բաժնետոմսերի մահացած տիրոջ ժառանգորդները, այն դեպքում, երբ գործում է սույն հոդվածի 2-րդ կետում նշված սահմանափակումը, իրավունք ունեն ընկերությունից պահանջել դրանց հետգնումը շուկայական գնով, սակայն ոչ պակաս դրա անվանական արժեքից, կամ պահանջել դրանք փոխարկել ընկերության այլ բաժնետոմսերի, եթե այդպիսիք հայտարարված են ընկերության կողմից:
5. Աշխատակցի բաժնետոմսի սեփականատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նշված սահմանափակման, օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսիք սահմանված են սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ` դրանց համապատասխանող սովորական կամ տարբեր ձևերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար:
Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի ընկերության սովորական և համապատասխան ձևի արտոնյալ արժեթղթի անվանական արժեքից:
6. Աշխատակիցների բաժնետոմսերի տեղաբաշխման, դրանց դիմաց վճարման և աշխատակիցների արտոնությունների սահմանման կարգի մասին որոշումը կայացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:
Հոդված 44. |
Բաժնետերերի պարտականությունները |
Բաժնետերերը պարտավոր են`
կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել դրամական և գույքային ներդրումներ.
չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկություններ:
Բաժնետերերը կարող են կրել ընկերության կանոնադրությամբ նախատեսված և օրենքին ու այլ իրավական ակտերին չհակասող այլ պարտավորություններ:
Հոդված 45. |
Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը |
1. Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման միջոց կարող են լինել նյութական արժեքները, արժեթղթերը, բնական ռեսուրսների օգտագործման իրավունքները, մտավորական (արտադրական) սեփականությունը, դրամական միջոցները:
Բաժնետոմսերի դիմաց վճարած գույքի արժեքի փոփոխությունը դրա դրամական գնահատականի սահմանումից հետո չի առաջացնում ընկերության բաժնետերերին պատկանող բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի փոփոխություններ:
2. Ընկերության հիմնադրման ժամանակ նրա բաժնետոմսերը պետք է լրիվ վճարվեն ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, ընդ որում, կանոնադրական հիմնադրամի առնվազն 50 տոկոսը պետք է վճարված լինի ընկերության գրանցման հայտը ներկայացնելու պահին, իսկ մնացած մասը` ընկերության գրանցման պահից մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ չի նախատեսված:
Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան դրանց տեղաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում:
3. Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով, կամ այլ իրավունքներով, որոնք ունեն դրամական գնահատական: Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարման ձևը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ, իսկ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի, ինչպես նաև ընկերության կողմից թողարկվող այլ արժեթղթերի դիմաց` դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ:
Լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման ժամանակ, որոնց դիմաց վճարումը նախատեսված է միայն դրամական միջոցներով, պետք է վճարվի դրանց անվանական արժեքի առնվազն 25 տոկոսը:
Ընկերության բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, դրանց ձեռքբերման ժամանակ վճարվում են լրիվ արժեքով, եթե ընկերության հիմնադիրների միջև կնքված պայմանագրով կամ արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ այլ բան չի նախատեսված:
4. Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց հիմնադիրների կողմից վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է հիմնադիրների միջև համաձայնեցմամբ:
Լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ոչ դրամական միջոցներով ձեռքբերման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանում է ընկերության խորհուրդը` սույն օրենքի 62 հոդվածով սահմանված կարգով:
Եթե նշված ձևով ձեռք բերվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի անվանական արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, ապա այդ գույքի դրամական գնահատումը պետք է կատարվի անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից:
Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանափակումներ դրվել ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարվող գույքի տեսակների վրա:
5. Մինչև բաժնետոմսերի արժեքի լրիվ վճարումը, բաժնետոմսերի սեփականատերը, բացառությամբ ընկերության հիմնադիր հանդիսացողից, ձայնի իրավունքից չի օգտվում:
Եթե սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներում բաժնետոմսերի լրիվ արժեքի վճարումը չի կատարվել, իսկ վճարված գումարը մեկ համապատասխան բաժնետոմսի արժեքից պակաս է, ապա բաժնետոմսերը փոխանցվում են ընկերության տրամադրության տակ և դրանց արժեքը ժամանակին չվճարած բաժնետերերը զրկվում են բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքից: Այդ մասին կատարվում է համապատասխան նշում ընկերության բաժնետերերի ռեեստրում: Դրամական և այլ գույքը, որը վճարվել էր բաժնետոմսերի դիմաց, բաժնետիրոջը չեն վերադարձվում:
Եթե սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներում բաժնետոմսերի լրիվ արժեքի վճարումը չի կատարվել, իսկ վճարված գումարը մեկ համապատասխան բաժնետոմսի արժեքից պակաս չէ, կատարվում է բաժնետոմսերի քանակի վերահաշվարկ, այնպես, որ բաժնետոմսերի քանակի և ձեռքբերման արժեքի արտադրյալը չգերազանցի դրանց համար արդեն վճարված գումարը: Մնացած բաժնետոմսերը փոխանցվում են ընկերության տրամադրության տակ, և բաժնետերերը զրկվում են դրանց նկատմամբ սեփականության իրավունքից: Այդ մասին կատարվում է համապատասխան նշում ընկերության բաժնետերերի ռեեստրում:
Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել դրամական պատժամիջոցներ` բաժնետոմսի դիմաց վճարման պարտավորությունների չկատարման համար:
Ընկերության տրամադրության տակ փոխանցված բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, այդ բաժնետոմսերով շահաբաժիններ չեն հաշվարկվում: Այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն ընկերության կողմից` դրանք ընկերությանը փոխանցելու պահից մեկ տարվա ժամկետում: Հակառակ դեպքում ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական հիմնադրամի փոփոխման մասին:
Հոդված 46. |
Ընկերության հիմնադրամները և զուտ ակտիվները |
1. Ընկերությունն ունի պահուստային հիմնադրամ:
Ընկերության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև սպառման, կուտակման, աշխատակիցների բաժնետիրացման, շահաբաժինների վճարման և այլ հիմնադրամներ:
2. Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրական հիմնադրամի 15 տոկոսից ոչ պակաս չափով:
Եթե պահուստային հիմնադրամը կազմում է ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթի առնվազն 5 տոկոսի չափով, ինչպես նաև ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:
Պահուստային հիմնադրամն օգտագործվում է ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև ընկերության պարտատոմսերը մարելու և ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե ընկերության շահույթն այդ նպատակին չի բավարարում:
Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար:
3. Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել աշխատակիցների բաժնետիրացման հատուկ հիմնադրամ, որը ձևավորվում է ընկերության զուտ շահույթի հաշվին և օգտագործվում է սույն օրենքի 43 հոդվածով սահմանված կարգով:
4. Շահաբաժնի ձևով չվճարված կամ այլ եղանակով չօգտագործված շահույթը տեղաբաշխվում է ընկերության հայեցողությամբ:
5. Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվետվության տվյալներով` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով:
Եթե ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ ընկերության աուդիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական հիմնադրամից փոքր է, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին, պայմանով, որ կանոնադրական հիմնադրամի մեծությունն ընկերության զուտ ակտիվների արժեքից ավել չլինի:
6. Եթե ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ ընկերության աուդիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքը սույն օրենքի 33 հոդվածով սահմանված ընկերության կանոնադրական հիմնադրամի նվազագույն մեծությունից փոքր է, ապա ընկերությունը պարտավոր է որոշում ընդունել իր լուծարման մասին:
7. Եթե սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման կամ ընկերության լուծարման մասին որոշումը չի ընդունվել, ապա ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորված մարմինները իրավունք ունեն պահանջել ընկերության լուծարումը դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ IV. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ
Հոդված 47. |
Ընկերության տեղաբաշխվող բաժնետոմսերի գինը |
1. Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է դրանց շուկայական արժեքով, բայց ոչ պակաս դրանց անվանական արժեքից:
Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարումն ընկերության հիմնադրման ժամանակ իրականացվում է նրա հիմնադիրների կողմից բաժնետոմսի անվանական արժեքով: Անվանական արժեքով կարող է իրականացվել նաև ընկերության սովորական բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխումն ընկերության սովորական բաժնետոմսեր ունեցող բաժնետերերի միջև այն դեպքում, երբ վերջիններս իրականացնում են բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրենց իրավունքը:
2. Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխել բաժնետոմսերը դրանց անվանական արժեքից ցածր` սույն օրենքի 43 հոդվածով նախատեսված դեպքում:
3. Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխել լրացուցիչ բաժնետոմսերը դրանց շուկայական արժեքից ցածր այն դեպքում, եթե նա բաժնետոմսերի տեղաբաշխման համար օգտվում է միջնորդի ծառայություններից: Տեղաբաշխման գինը այդ դեպքում կարող է շուկայականից ցածր լինել միայն միջնորդին վճարվող վարձատրության չափով, որը պետք է սահմանվի որպես տոկոսադրույք տեղաբաշխվող բաժնետոմսի գնի նկատմամբ:
Հոդված 48. |
Ընկերության բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի գինը |
1. Ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխումը, որն իրականացվում է ընկերության արժեթղթերի փոխարկումը բաժնետոմսերն ապահովելու համար, կատարվում է միայն նշված փոխարկման միջոցով: Փոխարկման կարգը սահմանվում է փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ:
2. Ընկերությունն իրականացնում է բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումը դրանց շուկայական արժեքով, բացառությամբ`
բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ընկերության սովորական բաժնետոմսերի սովորական բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող ընկերության բաժնետերերին տեղաբաշխման դեպքի, պայմանով, որ վերջիններս իրականացնում են բաժնետոմսերի ձեռքբերման իրենց նախապատվության իրավունքը: Այդ դեպքում արժեթղթերի տեղաբաշխումը կարող է իրականացվել դրանց անվանական արժեքով.
բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման համար միջնորդի ծառայություններից օգտվելու դեպքի: Տեղաբաշխման գինն այդ դեպքում կարող է շուկայականից ցածր լինել միայն միջնորդին վճարվող վարձատրության չափով, որը պետք է սահմանվի որպես տոկոսադրույք տեղաբաշխվող բաժնետոմսի փոխարկվող արժեթղթի տեղաբաշխման գնի նկատմամբ:
Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ընկերության պարտատոմսերի տեղաբաշխման դեպքի վրա, եթե պարտատոմսերի մարման պայմաններով նախատեսված է պարտատոմսի անվանական արժեքի մարումը կամ դրա փոխարկումն ընկերության բաժնետոմսերի:
Հոդված 49. |
Ընկերության բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման ձևերը |
1. Բաց բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի կատարել բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումը բաց կամ փակ բաժանորդագրության միջոցով:
Փակ բաժնետիրական ընկերությունն իրավունք չունի կատարել բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումը բաց բաժանորդագրության միջոցով կամ այլ կերպ առաջարկել ձեռք բերել դրանք անսահմանափակ քանակով անձանց:
Ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխումը բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերն ընկերության բաժնետոմսերի փոխարկման միջոցով իրականացվում է ընկերության բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված կարգով:
2. Բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման ձևերը (բաց կամ փակ բաժանորդագրություն) սահմանվում են ընկերության կանոնադրությամբ, իսկ ընկերության կանոնադրության մեջ համապատասխան ցուցումների բացակայության դեպքում` ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:
Ընկերության կանոնադրության կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի համապատասխան որոշման մեջ ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման ձևի մասին ցուցումների բացակայության դեպքում տեղաբաշխումը կարող է իրականացվել միայն բաց բաժանորդագրության միջոցով:
3. Ընկերության բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով:
Հոդված 50. |
Բաժնետերերի շահերի ապահովումն ընկերության բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման դեպքում |
1. Բաց բաժնետիրական ընկերության կողմից բաց բաժանորդագրության միջոցով ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի և ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման և դրանց դիմաց դրամական վճարման պայմանի առկայության դեպքում ընկերության կանոնադրությունը կարող է ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի համար նախատեսել ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի և ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունք` իրենց պատկանող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քանակին համապատասխան համամասնությամբ:
2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշել չկիրառել ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տերերի սույն հոդվածի 1-ին կետում նշված նախապատվության իրավունքը, ինչպես նաև սահմանել այդ որոշման գործունեության ժամկետը: Այդ որոշումներն ընդունվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ:
Նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման գործողության ժամկետը չի կարող մեկ տարուց ավելի լինել:
3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ընկերության արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի վրա, որոնք ձեռք են բերել ձայնի իրավունք` սույն օրենքի 40 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:
Հոդված 51. |
Բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրականացման կարգը |
1. Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերեր հանդիսացող բաժնետերերը պետք է սույն օրենքով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին սահմանված կարգով ընկերության դրամական վճարման ենթակա ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի և ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման սկսվելու օրվանից առնվազն 30 օր առաջ ծանուցվեն սույն օրենքի 50 հոդվածով սահմանված նախապատվության իրավունքի իրենց կողմից իրականացման հնարավորության մասին:
Ծանուցումը պետք է տեղեկություններ բովանդակի`
տեղաբաշխվող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի և ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի քանակի մասին.
այդ բաժնետոմսերի և արժեթղթերի տեղաբաշխման գնի (այդ թվում բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունք ունեցող ընկերության բաժնետերերի համար տեղաբաշխման գնի) մասին.
ընկերության բաժնետերերի կողմից նախապատվության իրավունքով ձեռք բերվող բաժնետոմսերի և արժեթղթերի քանակի որոշման կարգի, այդ իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին:
2. Բաժնետերն իրավունք ունի իրականացնել իր նախապատվության իրավունքը լրիվ ծավալով կամ մասնակիորեն, ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման մասին ընկերությանը գրավոր հայցադիմում ուղղելու միջոցով, որը պետք է բովանդակի`
բաժնետիրոջ անվանումը (ֆիզիկական անձի համար` ազգանունը և անունը) և փոստային հասցեն.
ձեռք բերվող բաժնետոմսերի և/կամ արժեթղթերի քանակը.
բաժնետոմսերի և/կամ արժեթղթերի դիմաց վճարման մասին փաստաթուղթը:
Հայցադիմումը պետք է ուղղվի ընկերությանը ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի և ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման սկսելու օրվանից առնվազն մեկ օր շուտ:
Գ Լ ՈՒ Խ V. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԸ
Հոդված 52. |
Ընկերության շահաբաժինների վճարման կարգը |
1. Ընկերությունն իրավունք ունի հայտարարել (որոշում ընդունել) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահաբաժինների վճարման մասին, եթե այլ բան չի նախատեսված սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ:
Ընկերությունը պարտավոր է վճարել բաժնետոմսերի յուրաքանչյուր տեսակի և ձևի համար հայտարարված շահաբաժինները դրամով, իսկ ընկերության կանոնադրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ գույքով:
2. Շահաբաժինները վճարվում են ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շահույթից: Որոշակի ձևի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահաբաժինները կարող են վճարվել այդ նպատակի համար հատուկ ստեղծված ընկերության հիմնադրամի միջոցներից:
Ընկերության տվյալ տարվա գործունեության արդյունքների հիման վրա սովորական բաժնետոմսերի տարեկան շահաբաժինն արտոնյալ բաժնետոմսերի համար ընկերության կանոնադրությամբ սահմանված շահաբաժինը գերազանցելու դեպքում, արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են ստանալ սովորական բաժնետոմսերին հասանելիք փաստացի շահաբաժինը:
3. Ըստ բաժնետոմսերի տեսակների և ձևերի միջանկյալ (եռամսյակային և կիսամյակային) շահաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է ընկերության խորհրդի կողմից: Ըստ բաժնետոմսերի տեսակների և ձևերի տարեկան շահաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` խորհրդի առաջարկությամբ: Տարեկան շահաբաժինների չափը չի կարող արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների չափից պակաս լինել:
Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահաբաժինների չափը ըստ բաժնետոմսերի առանձին տեսակների և ձևերի սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների չափին հավասար, այդ տեսակների և ձևերի բաժնետոմսերի դիմաց տարեկան շահաբաժիններ չեն վճարվում:
Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահաբաժինների չափն ըստ բաժնետոմսերի առանձին տեսակների և ձևերի սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների չափից ավելի, ապա այդ տեսակների և ձևերի բաժնետոմսերի դիմաց տարեկան շահաբաժինները վճարվում են սահմանված տարեկան շահաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների գումարի տարբերությամբ:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունել առանձին տեսակների և ձևերի բաժնետոմսերի դիմաց շահաբաժիններ չվճարելու, իսկ որոշակի ձևի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար վճարվող շահաբաժնի չափը սահմանված է ընկերության կանոնադրությամբ, նաև շահաբաժինները ոչ լրիվ չափով վճարելու մասին: Այդ որոշումների գործունեության ժամկետը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, բայց չի կարող մեկ տարուց ավելի լինել:
4. Տարեկան շահաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի տարեկան շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ: Միջանկյալ շահաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է ընկերության խորհրդի միջանկյալ շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունման պահից 30 օր անց:
Շահաբաժինների յուրաքանչյուր վճարման համար ընկերության խորհուրդը կազմում է շահաբաժիններ ստանալու իրավունք ունեցող բաժնետերերի ցանկ, որում պետք է ընդգրկվեն`
միջանկյալ շահաբաժիններ վճարելու դեպքում` ընկերության բաժնետերերը, որոնք ընդգրկվել են ընկերության բաժնետերերի ռեեստրում ընկերության խորհրդի միջանկյալ շահաբաժիններ վճարելու մասին որոշման կայացման օրվանից առնվազն 10 օր առաջ.
տարեկան շահաբաժիններ վճարելու դեպքում` ընկերության բաժնետերերը, որոնք ընդգրկվել են ընկերության բաժնետերերի ռեեստրում ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու օրվա դրությամբ:
Հոդված 53. |
Ընկերության շահաբաժինների վճարման սահմանափակումները |
1. Ընկերությունն իրավունք չունի հայտարարել (որոշում ընդունել) տեղաբաշխված բաժնետոմսերի շահաբաժինների վճարման մասին, եթե`
լրիվ չի վճարվել ընկերության կանոնադրական հիմնադրամը.
ընկերության կողմից հետ չեն գնվել բոլոր այն բաժնետոմսերը, որոնք պետք է հետ գնվեին սույն օրենքի 61 հոդվածի համաձայն.
շահաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հայտանիշներին, կամ նշված հայտանիշները ի հայտ կգան շահաբաժինների վճարման հետևանքով.
ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է ընկերության կանոնադրական հիմնադրամի և պահուստային հիմնադրամի գումարից կամ այդ գումարից փոքր կդառնա շահաբաժինների վճարման հետևանքով:
2. Ընկերությունն իրավունք չունի հայտարարել (որոշում ընդունել) շահաբաժինների վճարման մասին տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի և այն արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար սահմանված չէ շահաբաժնի չափը, եթե որոշում չի ընդունված շահաբաժիններ վճարել արտոնյալ բաժնետոմսերի բոլոր այն ձևերի դիմաց, որոնց համար վճարվող շահաբաժնի չափը սահմանված է ընկերության կանոնադրությամբ:
3. Ընկերությունն իրավունք չունի հայտարարել (որոշում ընդունել) շահաբաժինների վճարման մասին տեղաբաշխված այն արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար շահաբաժնի չափը սահմանված է ընկերության կանոնադրությամբ, եթե որոշում չի ընդունված շահաբաժիններ վճարել արտոնյալ բաժնետոմսերի բոլոր այն ձևերի դիմաց, որոնք վերոհիշյալ արտոնյալ բաժնետոմսերի նկատմամբ շահաբաժիններ ստանալու առաջնության իրավունք են տալիս:
Գ Լ ՈՒ Խ VI. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ
Հոդված 54. |
Ընկերության բաժնետերերի ռեեստրը |
1. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով ընկերությունը վարում է բաժնետերերի և իր այլ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը, որում նշվում են բաժնետիրոջ (այլ արժեթղթերի սեփականատիրոջ) մասին հետևյալ տվյալները`
լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` ազգանունը և անունը).
իրավաբանական անձանց համար` գրանցման և փոստային հասցեն և հաշվարկային հաշիվը, ֆիզիկական անձանց համար` անձնագրային տվյալները և փոստային հասցեն.
արժեթղթերի քանակը ըստ տեսակների և ձևերի, այդ թվում` լրիվ վճարված.
բաժնետոմսերի (այլ արժեթղթերի) ձեռքբերման ամսաթիվը և հիմքերը.
բաժնետոմսերի (այլ արժեթղթերի) օտարման ամսաթիվը և հիմքերը.
ռեեստրի մեջ գրանցման ամսաթիվը:
2. Ընկերությունը պարտավոր է ապահովել ռեեստրի` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով վարումը և պահպանումն ընկերության պետական գրանցման պահից մեկ ամսվա ընթացքում: Ընկերության ռեեստրը վարվում և պահպանվում է ընկերության և/կամ նրա հանձնարարությամբ այլ` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից: Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով ընկերությունը պարտավոր է հանձնարարել ռեեստրի վարման և պահպանման գործը համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը:
3. Ռեեստրի վարումը և պահպանումը մասնագիտացված կազմակերպությանը հանձնարարած ընկերությունը չի ազատվում այն վարելու և պահպանելու համար Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված պատասխանատվությունից:
4. Բաժնետերը, ինչպես նաև ընկերության այլ արժեթղթերի սեփականատերը պարտավոր են ընկերության ռեեստրը վարողին ժամանակին տեղեկացնել իրեն վերաբերող սույն հոդվածով սահմանված տվյալների փոփոխության մասին: Նշված տվյալները բաժնետիրոջ, ինչպես նաև ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ կողմից չներկայացնելու դեպքում, ընկերությունը և ռեեստր վարող մասնագիտացված կազմակերպությունը պատասխանատվություն չեն կրում բաժնետիրոջը, ինչպես նաև ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջը պատճառված վնասի համար:
Հոդված 55. |
Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառում կատարելը |
1. Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառումը կատարվում է ընկերության բաժնետիրոջ կամ ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ պահանջով արժեթուղթը և սույն օրենքի 54 հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերի բաժնետիրոջ կամ ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ կողմից ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:
2. Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառում կատարելու մերժումը չի թույլատրվում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված դեպքերի: Նման մերժման դեպքում ընկերության ռեեստր վարողն ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառում կատարելու պահանջը ներկայացնելու պահից հինգ օրվա ընթացքում գրառում պահանջող անձին հիմնավորված ծանուցում է մերժման մասին:
Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառման մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով: Դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ընկերության բաժնետերերի ռեեստր վարողը պարտավոր է համապատասխան գրառում կատարել ռեեստրում:
Հոդված 56. |
Քաղվածք ընկերության բաժնետերերի ռեեստրից |
Ընկերության բաժնետիրոջ կամ ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ պահանջով ընկերության բաժնետերերի ռեեստր վարողը պարտավոր է հաստատել ընկերության բաժնետիրոջ կամ ընկերության այլ արժեթղթերի սեփականատիրոջ սեփականության իրավունքը` այդ անձին ռեեստրից համապատասխան քաղվածք տրամադրելով: Ընկերության բաժնետերերի ռեեստրից քաղվածքը արժեթուղթ չի հանդիսանում:
Գ Լ ՈՒ Խ VII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԳՆՈՒՄԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Հոդված 57. |
Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը |
1. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերությունն իրավունք ունի ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասը, եթե դա նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:
Ընկերությունն իրավունք չունի բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման ճանապարհով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի կրճատման մասին որոշում ընդունել, եթե շրջանառության մեջ մնացած բաժնետոմսերի անվանական արժեքների գումարը կնվազի սույն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափից:
2. Ընկերությունն իրավունք ունի ձեռք բերել տեղաբաշխված բաժնետոմսերը խորհրդի որոշմամբ, եթե դա նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:
Ընկերության խորհուրդն իրավունք չունի տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման մասին որոշում ընդունել, եթե շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի անվանական արժեքների գումարը կնվազի ընկերության կանոնադրական հիմնադրամի 90 տոկոսից:
3. Ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման ճանապարհով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշման հիման վրա ձեռք բերված ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերը մարվում են դրանց ձեռքբերման ժամանակ:
Ընկերության խորհրդի որոշմամբ ձեռք բերված տեղաբաշխված բաժնետոմսերը չեն կարող ձայնի իրավունք ունենալ, չեն հաշվարկվում ձայների քանակի հաշվարկման ժամանակ և դրանցով շահաբաժիններ չեն հաշվառվում:
Այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն, այդ թվում նաև սույն օրենքի 43 հոդվածով սահմանված նպատակների համար, դրանց ձեռքբերման պահից մեկ տարվա ընթացքում: Հակառակ դեպքում ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին կամ ընկերության այդ բաժնետոմսերը մարելով և կանոնադրական հիմնադրամը անփոփոխ պահելով` ընկերության այլ բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման մասին:
4. Բաժնետոմսերի ձեռքբերման մասին որոշմամբ պետք է սահմանվեն`
բաժնետոմսերի տեսակները և ձևերը.
բաժնետոմսերի քանակը` ըստ դրանց տեսակների և ձևերի.
առավելագույն ձեռքբերման գինը, վճարման ժամկետները և ձևը.
ժամկետը, որի ընթացքում իրականացվելու է բաժնետոմսերի ձեռքբերումը:
Բաժնետոմսերը վճարվում են դրամով, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված: Ժամկետը, որի ընթացքում իրականացվում է բաժնետոմսերի ձեռքբերումը, չի կարող 30 օրից պակաս լինել:
Յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի վաճառել իրեն պատկանող բաժնետոմսերը, եթե այդ տեսակի կամ ձևի բաժնետոմսը ենթակա է ձեռքբերման ընկերության կողմից` սույն հոդվածով սահմանված կարգով, իսկ ընկերությունը պարտավոր է ձեռք բերել դրանք: Եթե բաժնետերերի հայտերով վաճառքի համար առաջարկվող բաժնետոմսերի քանակը գերազանցում է ընկերության կողմից ձեռք բերվող բաժնետոմսերի քանակը, ապա բաժնետոմսերը ձեռք են բերվում ներկայացված հայտերին համամասնաբար:
5. Ընկերությունը պարտավոր է ծանուցել բաժնետերերին, որոնք տնօրինում են ընկերության համապատասխան տեսակի և ձևերի բաժնետոմսեր, այդ բաժնետոմսերը ձեռք բերելու իր որոշման մասին` դրանց ձեռքբերման ժամկետի սկզբից առնվազն 30 օր շուտ: Ծանուցումը պետք է բովանդակի սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված տեղեկությունները:
6. Արտոնյալ բաժնետոմսերը ձեռք են բերվում ընկերության կանոնադրությամբ նախատեսված կամ շուկայական գնով:
Հոդված 58. |
Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման սահմանափակումները |
1. Ընկերությունը իրավունք չունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված սովորական բաժնետոմսերը, եթե`
լրիվ չի վճարվել ընկերության կանոնադրական հիմնադրամը.
ընկերության կողմից հետ չեն գնվել բոլոր այն բաժնետոմսերը, որոնք պետք է գնվեին սույն օրենքի 60 հոդվածի համաձայն.
բաժնետոմսեր ձեռք բերելու պահին ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հայտանիշներին կամ այդ հայտանիշները կհայտնվեն բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով.
բաժնետոմսերի ձեռքբերման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է ընկերության կանոնադրական հիմնադրամի, պահուստային հիմնադրամի և տեղաբաշխված բոլոր արտոնյալ բաժնետոմսերի ձեռքբերման արժեքի և լուծարային արժեքի տարբերության գումարից կամ այդ գումարից փոքր կդառնա բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով:
2. Ընկերությունն իրավունք չունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված տարբեր ձևերի արտոնյալ բաժնետոմսերը, եթե`
լրիվ չի վճարվել ընկերության կանոնադրական հիմնադրամը.
բաժնետոմսեր ձեռք բերելու պահին ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հայտանիշներին կամ նշված հայտանիշները կհայտնվեն բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով.
բաժնետոմսերի ձեռքբերման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է ընկերության կանոնադրական հիմնադրամի, պահուստային հիմնադրամի, ինչպես նաև այն տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի ձեռքբերման արժեքի և լուծարային արժեքի տարբերության գումարից, որոնց սեփականատերերը ձեռք բերվող արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի նկատմամբ արտոնյալ բաժնետոմսի լուծարային արժեքը ստանալու նախապատվության իրավունք ունեն, կամ այդ գումարից փոքր կդառնա բաժնետոմսերի ձեռքբերման հետևանքով:
3. Ընկերությունը իրավունք չունի ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերը, եթե նրա կողմից հետ չեն գնվել բոլոր այն բաժնետոմսերը, որոնք պետք է գնվեին սույն օրենքի 61 հոդվածի համաձայն:
Հոդված 59. |
Ընկերության բաժնետոմսերի քանակի փոփոխությունը |
1. Ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կրճատել տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը, փոխարկելով ընկերության կողմից տեղաբաշխված երկու կամ ավել բաժնետոմսերը մեկ նույն տեսակի և ձևի բաժնետոմսի, համապատասխանաբար ավելացնելով այդ բաժնետոմսի անվանական արժեքը: Այդ դեպքում ընկերության կանոնադրության մեջ կատարվում են տեղաբաշխված բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի համապատասխան փոփոխություններ:
Բաժնետոմսերի քանակը կրճատելիս կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքում, վերջիններս ենթակա են հետգնման ընկերության կողմից դրանց շուկայական արժեքով` սույն օրենքի 62 հոդվածի համաձայն:
2. Ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ավելացնել տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը, փոխարկելով ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսը երկու կամ ավելի նույն տեսակի և ձևի բաժնետոմսերի, համապատասխանաբար կրճատելով դրանց անվանական արժեքը: Այդ դեպքում ընկերության կանոնադրության մեջ կատարվում են տեղաբաշխված բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի համապատասխան փոփոխություններ:
Հոդված 60. |
Ընկերության բաժնետոմսերի հետգնումը բաժնետերերի պահանջով |
1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն ընկերությունից պահանջել իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնումը, եթե`
որոշում է ընդունվել ընկերության վերակազմավորման մասին և նշված բաժնետերերը կամ նրանց լիազոր ներկայացուցիչները քվեարկել են ընկերության վերակազմավորման դեմ կամ քվեարկությանը չեն մասնակցել.
ընկերության կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է ընկերության կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով լրացուցիչ սահմանափակվել են նշված բաժնետերերի իրավունքները և նրանք կամ նրանց լիազոր ներկայացուցիչները դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել:
2. Ընկերությունից իրենց պատկանող բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է ընկերության բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա, ընկերության բաժնետերերի այն ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմելու օրվա դրությամբ, որի օրակարգը բովանդակում է սույն հոդվածով սահմանված այն հարցերը, որոնց ընդունումը հանգեցրել է բաժնետերերի իրավունքների սույն հոդվածի 1-ին կետում նշված սահմանափակմանը:
3. Ընկերության կողմից բաժնետոմսերի հետգնումը կատարվում է դրանց շուկայական արժեքով, որը սահմանվում է սույն օրենքի 62 հոդվածին համապատասխան:
Հոդված 61. |
Ընկերության բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի իրականացման կարգը |
1. Ընկերությունը պարտավոր է տեղեկացնել բաժնետերերին իրենց պատկանող բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի, հետգնման գնի և իրականացման կարգի մասին:
2. Ծանուցումը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի մասին, որի օրակարգում ընդգրկված են սույն օրենքի 60 հոդվածի 1-ին կետում նշված ընկերության վերակազմավորումը կամ կանոնադրության փոփոխությունները, որոնց մասին որոշման ընդունումը կարող է հանգեցնել բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացմանը, պետք է բովանդակի սույն հոդվածի 1-ին կետում նշված տվյալները:
Նշված որոշումների ընդունման պահից 7-օրյա ժամկետում ընկերությունը պարտավոր է տեղեկացնել ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք չունեցող բաժնետերերին նրանց մոտ ընկերությունից բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացման և հետգնման կարգի մասին:
3. Բաժնետերը, սույն օրենքի 60 հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ընդունման պահից 45 օրվա ընթացքում, կարող է ընկերության հասցեով ուղղել գրավոր դիմում` պահանջելով նրանից հետ գնել իրեն պատկանող բաժնետոմսերը, և նշելով հետգնման ենթակա բաժնետոմսերի քանակն ու իր հասցեն (գտնվելու վայրը):
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետը սպառվելուց հետո ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում հետ գնել բաժնետոմսերը` հետգնման դիմում ներկայացրած բաժնետերից:
5. Բաժնետոմսերի հետգնումն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ նշված ծանուցման մեջ սահմանված գնով:
Բաժնետոմսերի հետգնմանն ուղղվող միջոցների գումարը չի կարող գերազանցել ընկերության զուտ ակտիվների արժեքի 10 տոկոսը: Զուտ ակտիվների արժեքը սահմանվում է սույն օրենքի 60 հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ընդունման պահի դրությամբ: Եթե բաժնետերերի պահանջով հետգնման ենթակա բաժնետոմսերի գումարային արժեքը գերազանցում է այն գումարը, որն ընկերությունը կարող է տրամադրել բաժնետոմսերի հետգնման համար, բաժնետոմսերը հետ են գնվում բաժնետերերի դիմումներում նշված բաժնետոմսերի քանակներին համամասնաբար:
6. Եթե բաժնետոմսերի հետգնման հիմք է հանդիսանում ընկերության վերակազմավորումը, հետ գնված բաժնետոմսերը ենթակա են մարման դրանց հետգնման պահին, ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի` համապատասխան նվազեցման պայմանով: Եթե բաժնետոմսերը հետ են գնվել սույն օրենքի 60 հոդվածի 1-ին կետում նշված այլ հիմքերով, դրանք ուղղվում են ընկերության տնօրինությանը: Նշված բաժնետոմսերը չունեն ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվառման ժամանակ և դրանց դիմաց շահաբաժիններ չեն հաշվարկվում: Դրանք ենթակա են տեղաբաշխման մեկ տարվա ընթացքում: Հակառակ դեպքում ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պարտավոր է որոշում ընդունել նշված արժեթղթերի մարման միջոցով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի նվազեցման մասին:
Հոդված 62. |
Ընկերության գույքի շուկայական արժեքի որոշման կարգը |
1. Գույքի շուկայական արժեք է հանդիսանում, ներառյալ ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի արժեքը, այն գինը, որով գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է այդ գույքը ձեռք բերել:
2. Գույքի շուկայական արժեքը սահմանվում է ընկերության խորհրդի որոշմամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, երբ շուկայական արժեքը որոշվում է դատարանի կամ այլ մարմնի կողմից:
Եթե մեկ կամ մի քանի գործարքներում, որոնց համար սահմանվում է գույքի շուկայական արժեքը, շահագրգռված անձ է հանդիսանում ընկերության խորհրդի անդամը, գույքի շուկայական արժեքը սահմանվում է ընկերության խորհրդի այն անդամների որոշմամբ, որոնք չունեն շահագրգռվածություն նշված գործարքում:
Հինգ հարյուրից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունում գույքի շուկայական արժեքը սահմանվում է անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից: Գույքի շուկայական արժեքի սահմանման համար անկախ գնահատողի (աուդիտորի) ծառայություններից ընկերությունը կարող է օգտվել նաև այլ դեպքերում` ընկերության խորհրդի որոշմամբ:
Անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից գույքի շուկայական արժեքի սահմանումը պարտադիր է սույն օրենքի 61 հոդվածով սահմանված ընկերության բաժնետերերին պատկանող բաժնետոմսերի հետգնման դեպքերում:
Եթե ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին պատկանում է պետությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին, ընկերության գույքի շուկայական արժեքը սահմանվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
Ընկերության բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի է առնվում այդ բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի գներին վերաբերող և համապատասխան մամուլի միջոցներում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները:
Ընկերության սովորական բաժնետոմսերի շուկայական արժեքի որոշման դեպքում կարող են հաշվի առնվել ընկերության զուտ ակտիվների չափը, ինչպես նաև այն գինը, որն ընկերության բոլոր տեղաբաշխված սովորական արժեթղթերի համար համաձայն է վճարել ընկերության գույքի մասին լրիվ տեղեկություններ ունեցող գնորդը, ինչպես նաև այլ գործոններ, որոնք ընկերության գույքի շուկայական արժեքը սահմանող մարմինը (անձը) կհամարի կարևոր:
Գ Լ ՈՒ Խ VIII. ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Հոդված 63. |
Ընկերության գույքի ձեռքբերման և օտարման հետ կապված խոշոր գործարքները |
1. Խոշոր են համարվում`
մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք, բացառությամբ ընկերության բնականոն գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են ընկերության կողմից գույքի ձեռքբերման կամ օտարման հետ, և որոնց արժեքը գործարքի կատարման մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 և ավելի տոկոսը.
մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են ընկերության սովորական կամ սովորական բաժնետոմսերի փոխարկվող արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխման հետ, և որոնց արժեքը կազմում է ընկերության կողմից արդեն տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի գումարային անվանական արժեքի 25 և ավելի տոկոսը:
2. Խոշոր գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը որոշվում է սույն օրենքի 62 հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 64. |
Ընկերության գույքի ձեռքբերման և օտարման հետ կապված խոշոր գործարքների կատարումը |
1. Խոշոր գործարքի կատարման մասին որոշումը, որի առարկա է հանդիսանում գույքը և որի արժեքը գործարքի կատարման մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, պետք է ընդունվի ընկերության խորհրդի կողմից` միաձայն:
Եթե գործարքի կատարման մասին որոշումն ընկերության խորհրդի կողմից չի ընդունվել, ապա խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունել հարցը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքի կատարման մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, գործարքի կատարման մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` ժողովին մասնակցող բաժնետերերի ձայների երեք քառորդով:
Գ Լ ՈՒ Խ IX. ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՒՄ
Հոդված 65. |
Շահագրգռվածությունը ընկերության գործարքներում |
Ընկերության գործարքներում շահագրգիռ անձ է համարվում ընկերության խորհրդի անդամը կամ ընկերության կառավարման մարմիններում այլ պաշտոն զբաղեցնող անձը կամ բաժնետերը (բաժնետերերը), որն իր հետ համագործակցող անձանց հետ միասին տիրապետում է ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 և ավելի տոկոսին, այն դեպքում, երբ նշված անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, քույրերը, եղբայրները, ինչպես նաև նրանց հետ համագործակցող անձինք`
հանդես են գալիս որպես գործարքի կողմ կամ մասնակցում են գործարքին որպես միջնորդ կամ ներկայացուցիչ.
տիրապետում են գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսին.
պաշտոններ են գրավում գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի կառավարման մարմիններում:
Հոդված 66. |
Տեղեկություններ ընկերության գործարքներում շահագրգռվածության մասին |
Սույն օրենքի 65 հոդվածում նշված անձինք պարտավոր են տեղեկություններ տրամադրել ընկերության խորհրդին, վերահսկիչ հանձնաժողովին (հսկիչին) և ընկերության աուդիտն իրականացնող անձին`
այն իրավաբանական անձանց մասին, որոնցում նրանք ինքնուրույն կամ նրանց հետ համագործակցող անձանց հետ համատեղ տիրապետում են ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսին.
այն իրավաբանական անձանց մասին, որոնց կառավարման մարմիններում իրենք պաշտոններ են զբաղեցնում.
կատարված, կատարվող կամ կատարման նախատեսված իրենց հայտնի գործարքների մասին, որոնցում իրենք կարող են համարվել շահագրգիռ անձ:
Հոդված 67. |
Շահագրգռվածության առկայության դեպքում ընկերության գործարքների կնքման կարգը |
1. Մինչև հինգ հարյուր ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերեր ունեցող ընկերությունում որոշումը գործարքի կատարման մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է խորհրդի կողմից գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
2. Հինգ հարյուր և ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերեր ունեցող ընկերությունում որոշումը գործարքի կատարման մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է խորհրդի կողմից` խորհրդի անկախ անդամների ձայների մեծամասնությամբ:
Խորհրդի անկախ անդամ է համարվում այն անդամը, որը չի հանդիսանում ընկերության գործադիր տնօրեն կամ ընկերության կոլեկտիվ գործադիր մարմնի (ընկերության վարչության) անդամ և որի ամուսինը, ծնողները, երեխաները, քույրերը և եղբայրները չեն հանդիսանում ընկերության պաշտոնատար անձինք:
Ընկերության խորհուրդը շահագրգռվածության առկայությամբ գործարքի կատարման մասին որոշում ընդունելու համար պետք է գա այն եզրակացության, որ`
գործարքի հետևանքով ընկերության կողմից ստացված վճարը պակաս չէ գործարքի հետևանքով ընկերության կողմից գործարքի մյուս կողմին փոխանցվող գույքի, տրամադրված ծառայության կամ կատարված աշխատանքի սույն օրենքի 62 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքից.
գործարքի հետևանքով ընկերության կողմից ստացված գույքի, տրամադրված ծառայության կամ կատարված աշխատանքի դիմաց վճարը չի գերազանցում նշված գույքի, ծառայության կամ աշխատանքի սույն օրենքի 62 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը:
3. Որոշումը գործարքի կատարման մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող բաժնետերերի ձայների մեծամասնությամբ այն դեպքում, երբ`
գործարքի սույն օրենքի 62 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը գերազանցում է ընկերության ակտիվների արժեքի 2 տոկոսը.
գործարքը կամ մի շարք փոխկապված գործարքներ կատարվում են ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով և որոնց քանակն ավելի է ընկերության արդեն տեղաբաշխված ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:
4. Գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը, և որը բավարարում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջներին, կարող է կնքվել առանց ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշման, եթե`
գործարքը հանդիսանում է ընկերությանը շահագրգիռ անձի կողմից տրամադրվող փոխառություն.
գործարքը կնքվում է ընկերության և մյուս կողմի միջև բնականոն տնտեսական համագործակցության գործընթացում, որը սկսվել է մինչև սույն օրենքի 65 հոդվածի դրույթներին համապատասխան շահագրգռվածության ճանաչումը: Այս դեպքում, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունել ընկերության և մյուս կողմի միջև պայմանագրային հարաբերությունների հաստատման մասին, որով կսահմանվի կատարվող գործարքների բնույթը և գործարքների առավելագույն արժեքը: Նման որոշում չընդունելու դեպքում շահագրգռվածություն ճանաչելուց հետո գործարքի կնքման մասին որոշումը պետք է ընդունվի սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:
5. Եթե ընկերության խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, գործարքի կնքման մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:
6. Եթե գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը, միևնույն ժամանակ ընկերության գույքի օտարման կամ ձեռքբերման խոշոր գործարք է հանդիսանում, գործարքի կնքումն իրականացվում է` հաշվի առնելով նաև սույն օրենքի գլուխ VII-ի դրույթները:
Հոդված 68. |
Շահագրգռվածության առկայության դեպքում ընկերության գործարքների կնքման վերաբերյալ պահանջների չկատարման հետևանքները |
1. Սույն օրենքի 67 հոդվածով սահմանված գործարքի կնքման նկատմամբ պահանջների խախտմամբ կնքված գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը, կարող է ճանաչվել անվավեր:
2. Շահագրգիռ ճանաչված անձն ընկերության առջև պատասխանատվություն է կրում ընկերությանը պատճառված վնասների չափով: Եթե պատասխանատվության են ենթակա մի քանի անձ, նրանք ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ X. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Հոդված 69. |
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը |
1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:
Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով` բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով: Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը համարվում է նրա առաջին տարեկան ժողովը:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում` ընկերության հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո երկուսից մինչև վեց ամիս ժամկետում: Ընկերության տարեկան ժողովների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է 18 ամսից ավելի լինի:
Եթե ընկերության խորհուրդն ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետում բաժնետերերի տարեկան ժողով չի գումարում, ապա դրա գումարումն ու անցկացումը կարող է կազմակերպվել ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական մարմնի կողմից:
Բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Ընկերության արտահերթ ժողովներ գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար:
Հոդված 70. |
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությունները |
1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում`
ա) ընկերության կանոնադրության հաստատումը, դրա մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.
բ) ընկերության վերակազմավորումը.
գ) ընկերության լուծարումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը, միջանկյալ և ամփոփիչ լուծարային հաշվեկշիռների հաստատումը.
դ) ընկերության խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընկերության խորհրդի քանակական կազմի հաստատման և դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես ընկերության բաժնետերերի տարեկան ժողովներում: Ընկերության խորհրդի անդամների ընտրության հարցն ընկերության արտահերթ ժողովներում կարող է քննարկվել, եթե ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ընկերության խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.
ե) հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.
զ) բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի մեծացումը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ այդ իրավունքն ընկերության խորհրդին չի վերապահված.
է) բաժնետոմսերի անվանական արժեքի պակասեցման, բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման, սույն օրենքի 38 հոդվածին համապատասխան ընկերության ոչ լրիվ վճարված բաժնետոմսերի մարման, ինչպես նաև սույն օրենքի 57 հոդվածի 3-րդ կետին և 61 հոդվածի 6-րդ կետին համապատասխան ընկերության կողմից ձեռք բերված կամ հետ գնված բաժնետոմսերի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացումը.
ը) ընկերության գործադիր մարմնի (գործադիր տնօրենի, վարչության) ձևավորումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, եթե ընկերության կանոնադրությամբ այդ իրավունքն ընկերության խորհրդին չի վերապահված.
թ) ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամների (հսկիչի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամների (հսկիչի) ընտրության հարցերը քննարկվում են բացառապես ընկերության բաժնետերերի տարեկան ժողովներում: Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամների (հսկիչի) ընտրության հարցն ընկերության արտահերթ ժողովներում կարող է քննարկվել, եթե ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը որոշում է ընդունել ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.
ժ) ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը.
ժա) ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահաբաժինների չափի հաստատումը, ինչպես նաև ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների աշխատանքի տարեկան արդյունքների հաստատումը: Նշված հարցերը քննարկվում են բացառապես ընկերության բաժնետերերի տարեկան ժողովներում.
ժբ) սույն օրենքի 50 հոդվածի համաձայն ընկերության բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի ընկերության բաժնետերերի նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.
ժգ) ընդհանուր ժողովի վարման կարգը և հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը.
ժդ) ընկերության կողմից բաժնետերերին տեղեկությունների և նյութերի հաղորդման ձևի որոշումը, ներառյալ մամուլի համապատասխան միջոցի ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի հրապարակային հայտարարության ձևով.
ժե) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը (տարանջատումը) և մեծացումը (համախմբումը).
ժզ) գործարքների կնքումը սույն օրենքի 67 հոդվածով նախատեսված դեպքերում.
ժէ) ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը սույն օրենքի 64 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում.
ժը) ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը սույն օրենքով նախատեսված դեպքերում.
ժթ) ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը.
ի) ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծումը, դուստր և կախյալ ընկերություններում մասնակցությունը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ այդ իրավասությունը չի վերապահված ընկերության խորհրդին.
իա) ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ այդ իրավասությունը չի վերապահված ընկերության խորհրդին.
իբ) սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ որոշումների ընդունումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ժ» - «իա» ենթակետերով սահմանված հարցերով որոշումների ընդունումը հանդիսանում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունը և չի կարող փոխանցվել ընկերության գործադիր մարմնին:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություն հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել որոշում ընդունելու համար ընկերության խորհրդին, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի «զ», «ը» և «իա» ենթակետերով նախատեսված դեպքերի:
3. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չունի քննարկել և որոշումներ ընդունել այն հարցերի շուրջ, որոնք սույն օրենքով չեն սահմանվել որպես ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություն:
Հոդված 71. |
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները |
1. Բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բաժնետերերի ընդհանուր ժողովում ձայնի իրավունքից օգտվում են`
ընկերության սովորական բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը.
ընկերության արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը` սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված դեպքերում:
Ձայնի իրավունք տվող բաժնետոմս է համարվում այն սովորական կամ արտոնյալ բաժնետոմսը, որն իր սեփականատիրոջը տալիս է քվեարկության դրված հարցի վերաբերյալ քվեարկությանը մասնակցելու իրավունք: Եթե արտոնյալ բաժնետոմսն իր սեփականատիրոջը տալիս է մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք, ապա ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քանակի հաշվարկման ժամանակ նշված արտոնյալ բաժնետոմսի տրված յուրաքանչյուր ձայնը հաշվառվում է որպես առանձին ձայնի իրավունք տվող բաժնետոմս:
2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ ձայների ավելի շատ քանակություն չի սահմանված:
3. Սույն օրենքի 70 հոդվածի 1-ին կետի «բ», «ժբ», «ժդ» - «ժը», «ի» և «իա» ենթակետերով սահմանված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընկերության խորհրդի ներկայացմամբ, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան չի սահմանված:
4. Սույն օրենքի 70 հոդվածի 1-ին կետի «ա» - «գ», «ե» և «ժէ» ենթակետերով սահմանված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների երեք քառորդով:
5. Բաժնետերերի ընդհանուր ժողովի վարման կարգի մասին որոշումներ ընդունելու կարգը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատված ներքին փաստաթղթերով:
6. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չունի փոփոխել ժողովի օրակարգը, ինչպես նաև որոշումներ ընդունել օրակարգում չընդգրկված հարցերի վերաբերյալ:
7. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումների մասին տեղեկությունները, ինչպես նաև քվեարկության արդյունքները պետք է հաղորդվեն ընկերության բաժնետերերին սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` այդ որոշումներն ընդունելու պահից 45 օրվա ընթացքում:
8. Բաժնետերն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել սույն օրենքի, այլ իրավական ակտերի և ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումը, եթե նա չի մասնակցել ժողովին կամ այդ որոշման դեմ է քվեարկել և որոշմամբ խախտվել են նրա օրինական շահերը և իրավունքները: Դատարանն իրավունք ունի ուժի մեջ թողնել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, եթե բաժնետերի քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, թույլ տված խախտումները էական չեն և որոշումը վնաս չի պատճառել բաժնետիրոջը:
Հոդված 72. |
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հեռակա կարգով քվեարկությամբ (հարցման միջոցով) ընդունվող որոշումները |
1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց ժողովի գումարման` հեռակա կարգով քվեարկությամբ (հարցման միջոցով): Սույն օրենքի 70 հոդվածի 1-ին կետի «ժա» ենթակետով սահմանված հարցերի վերաբերյալ որոշումը չի կարող ընդունվել հեռակա կարգով քվեարկությամբ:
2. Հեռակա կարգով քվեարկությամբ ընդունված ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը իրավասու է, եթե քվեարկությանը մասնակցել են ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն կեսին տիրապետող բաժնետերերը:
3. Հեռակա կարգով քվեարկությունը կատարվում է սույն օրենքի 82 հոդվածի պահանջներին համապատասխանող քվեաթերթիկների օգտագործմամբ: Հեռակա կարգով քվեարկության ժամանակ քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին` լրացրած քվեաթերթիկները ընկերության կողմից ընդունելը ավարտելու պահից առնվազն 30 օր շուտ:
Հոդված 73. |
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունքը |
1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն`
ընկերության տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը, իրենց պատկանող լրիվ վճարված սովորական բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով, բացառությամբ ընկերության հիմնադիրների, որոնք ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ավելի, քան ընկերության պետական գրանցման պահից մեկ տարվա ընթացքում, կարող են ձայնի իրավունք ունենալ իրենց տեղաբաշխված բոլոր սովորական բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան.
ընկերության տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը, իրենց պատկանող լրիվ վճարված արտոնյալ բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով, բացառությամբ ընկերության հիմնադիրների, որոնք ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ավելի, քան ընկերության պետական գրանցման պահից մեկ տարվա ընթացքում, կարող են ձայնի իրավունք ունենալ իրենց տեղաբաշխված բոլոր արտոնյալ բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան:
2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև ընկերության բաժնետեր չհանդիսացող ընկերության խորհրդի և գործադիր մարմնի անդամները:
3. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է ընկերության խորհրդի կողմից սահմանված ամսաթվի դրությամբ` ընկերության բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվը չի կարող սահմանվել ավելի վաղ, քան ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով գումարելու մասին որոշման ամսաթիվը, և չի կարող մինչև ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը 60 օրից ավելի լինել:
Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առնվազն 45 օր շուտ:
4. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու համար, բաժնետոմսերի անվանական սեփականատերը պարտավոր է ցուցակը կազմելու ամսաթվով տվյալներ տրամադրել այն անձանց մասին, որոնց շահերը ներկայացնելու նպատակով նա տնօրինում է բաժնետոմսերը:
5. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը պետք է տվյալներ պարունակի յուրաքանչյուր բաժնետիրոջ անվան (անվանման), հասցեի (գտնվելու վայրի) և բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի` ըստ դրանց տեսակների և ձևերի մասին:
6. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը պետք է տրամադրվի ծանոթացման նպատակով ընկերության այն բաժնետերերին, որոնք գրանցված են ընկերության բաժնետերերի ռեեստրում և տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսին:
Ընկերության բաժնետիրոջ պահանջով ընկերությունը պարտավոր է տեղեկություններ տրամադրել բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակում նրան ընդգրկելու մասին:
7. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակում փոփոխություններ կարող են արվել միայն ցուցակի կազմման ընթացքում թույլ տրված սխալներն ուղղելու կամ դրանում չընդգրկված բաժնետերերի խախտված օրինական իրավունքների և շահերի վերականգնման նպատակով:
Հոդված 74. |
Ծանուցումը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին |
1. Ընկերության բաժնետերերը, ինչպես նաև ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեցող սույն օրենքով սահմանված այլ անձինք ծանուցվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին` նրանց համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու կամ այն հրապարակելու միջոցով:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին ծանուցման ձևը, այդ թվում նաև մամուլի միջոցը և մարմինը, որում պետք է հրապարակվի ծանուցումը, սահմանվում է ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:
Եթե ընկերության կանոնադրությամբ ծանուցման որոշակի ձև չի սահմանված, ապա բաժնետերերի ծանուցումն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի մասին, ինչպես նաև քվեաթերթիկների տարածումն իրականացվում է բաժնետերերին և սույն օրենքով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնով մասնակցելու իրավունք ունեցող այլ անձանց պատվիրած նամակներ ուղղելու միջոցով:
Ընկերությունն իրավունք ունի լրացուցիչ տեղեկացնել բաժնետերերին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին նաև ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով:
2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու ժամկետները սահմանվում են ընկերության կանոնադրությամբ:
Հինգ հարյուրից ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերությունը պարտավոր է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին իր բաժնետերերին գրավոր ծանուցում ուղարկել կամ այդ ծանուցումը հրապարակել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման օրվանից առնվազն 30 օր շուտ:
Ընկերության ժողովի գումարման մասին գրավոր ծանուցվում են վերահսկիչ հանձնաժողովի անդամները (հսկիչը), ինչպես նաև ընկերության աուդիտն իրականացնող անձը, եթե նրա եզրակացությունը առկա է գումարվող ժողովի նյութերում:
3. Ծանուցումն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի մասին պետք է բովանդակի`
ընկերության անվանումը և գտնվելու վայրը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, ժամանակը և տեղը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը.
բաժնետերերի ծանոթացման կարգը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին, որոնք պետք է ներկայացվեն բաժնետերերին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը նախապատրաստելու ընթացքում:
4. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունները և նյութերը ներառում են`
ընկերության տարեկան հաշվետվությունը.
ընկերության տարեկան ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) և ընկերության աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը.
տեղեկություններ ընկերության խորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) առաջադրվող թեկնածությունների մասին.
ընկերության կանոնադրության փոփոխությունների և լրացումների նախագիծը կամ ընկերության կանոնադրության նախագիծը նոր խմբագրությամբ:
Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով կարող է սահմանվել նաև բաժնետերերին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը նախապատրաստելու ընթացքում ներկայացվելիք այլ տեղեկությունների և նյութերի լրացուցիչ ցանկ:
5. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը հեռակա քվեարկությամբ գումարելիս ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր բաժնետերերին քվեաթերթիկների և ժողովի օրակարգի հետ մեկտեղ առաքվում են սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված տեղեկությունները և նյութերը:
6. Եթե ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցված անձն արժեթղթերի անվանական սեփականատեր է, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին ծանուցումն ուղղվում է նրան: Վերջինս պարտավոր է ծանուցումն ուղարկել այն անձանց, որոնց շահերը նա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով կամ նրա և այդ անձանց միջև կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում:
Հոդված 75. |
Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ առաջարկությունները |
1. Ընկերության բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք) ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերի առնվազն 2 տոկոսի սեփականատեր է (են) հանդիսանում, ընկերության ֆինանսական տարվա ավարտից հետո 30 օրվա կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ, ավելի երկար ժամկետի ընթացքում, իրավունք ունի (ունեն) երկուսից ոչ ավել առաջարկություններ ներկայացնել ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել ընկերության խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի անդամության թեկնածուներ: Առաջարկվող թեկնածուների քանակը չի կարող գերազանցել այդ մարմիններում անդամների սահմանված քանակը:
2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են գրավոր` նշելով հարցի առաջարկման հիմքերը, հարցը մտցնող բաժնետիրոջ (բաժնետերերի) ազգանունը և անունը (անվանումը), նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերի քանակը` ըստ բաժնետոմսերի տեսակների և ձևերի:
3. Ընկերության խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) անդամության թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելիս, նշվում է թեկնածուի անունը, նրա ընկերության բաժնետեր լինելու կամ չլինելու փաստը, նրան պատկանող ընկերության բաժնետոմսերի քանակը` ըստ տեսակների և ձևերի, նրան առաջադրող ընկերության բաժնետերերի ազգանունները և անունները (անվանումները), վերջիններիս պատկանող ընկերության բաժնետոմսերի քանակը` ըստ տեսակների և ձևերի:
4. Ընկերության խորհուրդը պարտավոր է քննարկել ներկայացված առաջարկները և որոշում ընդունել դրանք ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելու կամ ընդգրկելը մերժելու մասին` սույն հոդվածի 1-ին կետով նշված ժամկետը լրանալուց 15 օրվա ընթացքում: Ընկերության խորհուրդը կարող է որոշում ընդունել ներկայացված առաջարկներն ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին միայն այն դեպքում, եթե`
առաջարկ ներկայացրած բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից խախտվել է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը.
առաջարկ ներկայացրած բաժնետերը (բաժնետերերը) չի (չեն) տնօրինում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ձայնի իրավունք տվող ընկերության բաժնետոմսերին.
լրիվ չեն կամ բացակայում են սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տվյալները.
առաջարկը չի համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին:
5. Ընկերության խորհրդի հիմնավորված որոշումը ներկայացված առաջարկը ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին ուղղվում է առաջարկը կամ թեկնածությունը ներկայացրած բաժնետիրոջը (բաժնետերերին)` որոշումն ընդունելու պահից երեք օրվա ընթացքում:
6. Ընկերության խորհրդի որոշումը ներկայացված առաջարկը ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 76. |
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստումը |
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման ընթացքում ընկերության խորհուրդը, իսկ սույն օրենքի 77 հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում` ժողովը գումարող անձինք, որոշում են`
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթիվը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու կարգը.
բաժնետերերին ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման ընթացքում տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցուցակը.
քվեաթերթիկների ձևը և բովանդակությունը, եթե քվեարկությունները կատարվելու են քվեաթերթիկներով:
Հոդված 77. |
Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը |
1. Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են ընկերության խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի), ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ ընկերության առնվազն 10 տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով:
Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ ընկերության խորհրդի որոշմամբ սահմանվում է բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման ձևը` բաժնետերերի համատեղ ներկայությամբ կամ հեռակա կարգով քվեարկության միջոցով: Ընկերության խորհուրդը չի կարող իր որոշմամբ փոխել ժողովի գումարման ձևը, եթե սույն կետում նշված անձանց բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջը ցուցում է բովանդակում բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման ձևի մասին:
Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի հեռակա կարգով քվեարկությամբ գումարման մասին ընկերության խորհրդի որոշումը սահմանում է`
քվեաթերթիկի ձևը և բովանդակությունը.
ընկերության բաժնետերերին քվեաթերթիկը և բաժնետերերին տրամադրվող տեղեկությունները և նյութերը առաքելու ամսաթիվը.
բաժնետերերի կողմից լրացված քվեաթերթիկների ընկերության կողմից ընդունման վերջին ժամկետի ամսաթիվը:
Սույն կետում նշված անձանց բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջի առկայության դեպքում ընկերության խորհուրդը պետք է ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը գումարի ժողովի գումարման մասին պահանջը ներկայացնելու պահից 45 օրվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջում պետք է ձևակերպված լինեն այն հարցերը, որոնք առաջարկվում են ընդգրկել ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգում և դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը:
Ընկերության խորհուրդը իրավունք չունի փոփոխություններ մտցնել սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց կողմից առաջարկվող օրակարգում, ինչպես նաև փոփոխել օրակարգի քննարկման ենթակա հարցերի առաջարկվող ձևակերպումները, բացառությամբ այն դեպքի, երբ առաջարկվող օրակարգի հարցերը սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասության առարկա:
3. Եթե ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարելու պահանջը ներկայացվում է ընկերության առնվազն 10 տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից, այն պետք է բովանդակի պահանջը ներկայացնող բաժնետիրոջ (բաժնետերերի) ազգանունը և անունը (անվանումը), նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերի քանակը` ըստ բաժնետոմսերի տեսակների և ձևերի:
Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարելու պահանջը պետք է ստորագրված լինի ժողովի գումարումը պահանջող անձի (անձանց) կողմից:
4. Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման կամ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարումը մերժելու մասին ընկերության խորհրդի որոշումը պետք է ընդունվի վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի), ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ ընկերության առնվազն 10 տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջը ներկայացնելու ամսաթվից` 10-օրյա ժամկետում:
Ընկերության խորհուրդն ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարումը մերժելու մասին որոշում կարող է ընդունել միայն այն դեպքում, եթե`
խախտվել է սույն օրենքով սահմանված ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման պահանջի ներկայացնելու կարգը.
ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման պահանջը ներկայացրած բաժնետերը (բաժնետերերը) չի (չեն) տնօրինում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ձայնի իրավունք տվող ընկերության բաժնետոմսերի քանակին.
ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգի հարցերից ոչ մեկը չի վերաբերում սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված ընկերության ընդհանուր ժողովի իրավասությանը:
5. Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման կամ դրա գումարումը մերժելու մասին ընկերության խորհրդի որոշումն ուղղվում է պահանջը ներկայացրած անձանց որոշման ընդունման պահից` եռօրյա ժամկետում:
Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման կամ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարումը մերժելու մասին ընկերության խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
6. Եթե սույն հոդվածով սահմանված ժամկետում ընկերության խորհուրդը ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին որոշում չի ընդունում կամ որոշում է ընդունում ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարումը մերժելու մասին, ապա ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը կարող է գումարվել ժողովի գումարման մասին պահանջը ներկայացրած անձանց կողմից:
Նշված դեպքերում ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը կարող է որոշում ընդունել փոխհատուցել ժողովի գումարման հետ կապված ծախսերն ընկերության միջոցների հաշվին:
Սույն կետի դրույթների հիման վրա գումարված բաժնետերերի ընդհանուր ժողովը չի կարող քննարկել և որոշում ընդունել այն հարցերի շուրջ, որոնք սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասության առարկա:
Հոդված 78. |
Հաշվիչ հանձնաժողովը |
1. Քսանհինգից ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերությունում ստեղծվում է հաշվիչ հանձնաժողով, որի քանակական կազմը և անդամները հաստատվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ` ընկերության խորհրդի ներկայացմամբ:
2. Հաշվիչ հանձնաժողովի կազմը չի կարող երեք հոգուց պակաս լինել: Հաշվիչ հանձնաժողովի անդամներ չեն կարող լինել ընկերության խորհրդի անդամները, ընկերության վերահսկիչ հանձնաժողովի անդամները (հսկիչը), ընկերության գործադիր տնօրենը կամ ընկերության վարչության անդամները:
3. Հինգ հարյուրից ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերությունում հաշվիչ հանձնաժողովի ֆունկցիաների կատարումը կարող է դրվել ընկերության մասնագիտացված գրանցողի վրա:
4. Հաշվիչ հանձնաժողովը որոշում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի քվորումը, բաժնետերերին և նրանց ներկայացուցիչներին բացատրություններ է տալիս ժողովում օրակարգի հարցերի քվեարկման կարգի վերաբերյալ, ապահովում է քվեարկության սահմանված կարգը և բաժնետերերի քվեարկությանը մասնակցելու իրավունքը, իրականացնում է ձայների հաշվարկը, ամփոփում է քվեարկության արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն և ընկերության արխիվ է փոխանցում քվեաթերթիկները:
Հոդված 79. |
Բաժնետերերի մասնակցության կարգն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում |
1. Ընկերության բաժնետերը բաժնետերերի ընդհանուր ժողովում մասնակցելու իր իրավունքը կարող է իրականացնել անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով: Եթե բաժնետոմսը մի քանի անձանց ընդհանուր սեփականություն է, ապա ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում մասնակցելու իրավունքը տրվում է այն անձին, որի անունով բաժնետոմսը գրանցված է ընկերության բաժնետոմսերի ռեեստրում:
Բաժնետիրոջ ներկայացուցիչը կարող է մասնակցել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում միայն լիազորագրի առկայության դեպքում: Բաժնետերը պահպանում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում մասնակցելու առաջնային իրավունքը` անկախ իր կողմից ներկայացուցիչներին տրված լիազորագրերից:
Նույն բաժնետիրոջ կողմից տրված երկու և ավելի լիազորագրերի առկայության դեպքում ուժի մեջ է համարվում վերջին լիազորագիրը:
Ընկերության ժողովում մասնակցելու համար բաժնետերը կարող է վերալիազորել այլ ներկայացուցչի:
Ընկերության բաժնետեր հանդիսացող իրավաբանական անձանց ղեկավարները, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին ներկայանում են առանց լիազորագրերի:
Լիազորագրերը պետք է ձևակերպված լինեն օրենքով սահմանված կարգով:
2. Եթե ընկերության բաժնետոմսերը փոխանցվել են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթվից հետո, բայց մինչև ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, նշված ցուցակում ընդգրկված բաժնետերը պարտավոր է իրենից բաժնետոմսեր ստացած անձին տրամադրել քվեարկելու լիազորագիր կամ ընդհանուր ժողովում քվեարկել բաժնետոմսերի նոր սեփականատիրոջ ցուցումներին համաձայն:
Հոդված 80. |
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի քվորումը |
1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ընդհանուր ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսին:
Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը տևում է մեկ օրից ավել, յուրաքանչյուր օրվա համար կազմվում է ժողովի մասնակիցների գրանցման առանձին ցուցակ:
2. Եթե ընկերության բաժնետերերին սույն օրենքով սահմանված կարգով քվեաթերթիկներ են տրամադրվում, քվորումի հաշվարկման և քվեարկության արդյունքների ամփոփման համար հաշվի են առնվում ընկերության կողմից ընկերության ընդհանուր ժողովի գումարման ամսաթվից առաջ երկու օրից ոչ ուշ ստացված քվեաթերթիկներով տրամադրվող ձայները:
3. Քվորումի բացակայության դեպքում հայտարարվում է ընկերության բաժնետերերի նոր ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը: Նոր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում:
Ընկերության բաժնետերերի չկայացած ընդհանուր ժողովի փոխարեն գումարվող նոր ժողովը իրավասու է, եթե մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի 30-ից ավելի տոկոսին:
Ընկերության բաժնետերերի ծանուցումն ընկերության բաժնետերերի նոր ընդհանուր ժողովի գումարման մասին կատարվում է սույն օրենքի 74 հոդվածով սահմանված կարգով` ժողովի գումարման ամսաթվից առնվազն 10 օր շուտ:
Եթե քվորումի բացակայության պատճառով չկայացած ժողովի գումարման ամսաթիվը տեղափոխվում է 20 օրից պակաս ժամկետով, ապա այդ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի նոր ցուցակ չի կազմվում:
Հոդված 81. |
Քվեարկությունն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում |
Քվեարկությունն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում իրականացվում է «ընկերության մեկ ձայնի իրավունք տվող բաժնետոմս` մեկ ձայն» սկզբունքով, բացառությամբ խորհրդի անդամների ընտրության և սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի, երբ կիրառվում է գումարային (կումուլյատիվ) քվեարկության սկզբունքը:
«Ընկերության մեկ ձայնի իրավունք տվող բաժնետոմս` մեկ ձայն» սկզբունքը կիրառելիս արտոնյալ բաժնետոմսերի տված ձայների քանակի հաշվարկն իրականացվում է սույն օրենքի 71 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:
Հոդված 82. |
Քվեաթերթիկները |
1. Քսանհինգից ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում քվեարկությունները կատարվում են քվեաթերթիկների միջոցով:
Հինգ հարյուրից ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերությունը պարտավոր է բաժնետերերին քվեաթերթիկներ տրամադրել սույն օրենքի 74 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում և ընդունել դրանք սույն օրենքի 80 հոդվածի դրույթներին համապատասխան: Քվեաթերթիկներն ուղարկվում են բաժնետերերին պատվիրված նամակով:
2. Քվեաթերթիկի ձևը և բովանդակությունը հաստատվում է ընկերության խորհրդի որոշմամբ: Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, քվեաթերթիկները տրվում են ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելու համար գրանցված բաժնետիրոջը (բաժնետիրոջ ներկայացուցչին)` ժողովի քվորումի առկայության դեպքում:
3. Քվեաթերթիկը պետք է բովանդակի`
ընկերության ֆիրմային լրիվ անվանումը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը.
քվեարկության դրվող յուրաքանչյուր հարցի ձևակերպումը և նրա քննարկման հերթականությունը.
քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` «կողմ», «դեմ» և «ձեռնպահ».
ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրվի բաժնետիրոջ (բաժնետիրոջ ներկայացուցչի) կողմից:
Ընկերության խորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի անդամի, հսկիչի ընտրության դեպքում քվեաթերթիկը պետք է թեկնածուների մասին տվյալներ պարունակի` նշելով նրա ազգանունը և անունը:
Հոդված 83. |
Քվեաթերթիկների միջոցով կատարվող քվեարկության արդյունքների հաշվառումը |
Քվեաթերթիկների միջոցով քվեարկման դեպքում հաշվառվում են ձայներն այն հարցերի վերաբերյալ, որտեղ քվեարկողի կողմից թողնված է քվեարկման միայն մեկ տարբերակը: Նշված պահանջի խախտմամբ լրացված քվեաթերթիկները համարվում են անվավեր և ձայների հաշվառման ժամանակ հաշվի չեն առնվում: Եթե քվեաթերթիկը բովանդակում է քվեարկության դրված մի քանի հարցեր, նշված պահանջի խախտումը մեկ կամ մի քանի հարցի նկատմամբ չի բերում ամբողջ քվեաթերթիկի անվավեր ճանաչելուն:
Հոդված 84. |
Քվեարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը |
1. Ընկերության հաշվիչ հանձնաժողովի կամ հանձնաժողովի ֆունկցիաները կատարող անձի կողմից քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է հաշվիչ հանձնաժողովի անդամների կամ հանձնաժողովի ֆունկցիաները կատարող անձի կողմից:
2. Արձանագրությունը կազմելուց և այն ստորագրելուց անմիջապես հետո քվեաթերթիկները զմռսվում են հաշվիչ հանձնաժողովի կամ հանձնաժողովի ֆունկցիաները կատարող անձի կողմից և հանձնվում ընկերության արխիվ` պահպանման համար:
3. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունը կցվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրությանը:
4. Բաժնետերերը ծանուցվում են քվեարկության արդյունքների մասին դրանց հրապարակման, ինչպես նաև ընկերության ընդհանուր ժողովի ավարտից հետո քվեարկության արդյունքների վերաբերյալ հաշվետվության հրապարակման և այն բաժնետերերին ուղարկելու միջոցով:
Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն ծանոթանալ ընկերության քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություններին:
Հոդված 85. |
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրությունը |
1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրությունը կազմվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի ավարտից 15 օրվա ընթացքում, երկու օրինակով, որոնք ստորագրվում են ժողովի նախագահի և քարտուղարի կողմից:
2. Արձանագրության մեջ նշվում է`
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման տեղը և ժամկետը.
ընկերության ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի ձայների գումարային քանակը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցած բաժնետերերին պատկանող ձայների գումարային քանակը.
ժողովի նախագահը (նախագահությունը) և քարտուղարը (քարտուղարությունը), ժողովի օրակարգը:
Արձանագրությունը պետք է բովանդակի ժողովում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, ժողովի կողմից ընդունված որոշումները:
Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն ծանոթանալ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրություններին:
Գ Լ ՈՒ Խ XI. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 86. |
Ընկերության խորհուրդը |
1. Ընկերության խորհուրդն իրականացնում է ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ վերաբերում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը:
Քսանհինգից պակաս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ընկերության խորհրդի իրավասություններն իրականացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը: Այդ դեպքում ընկերության կանոնադրությունը պետք է ցուցումներ բովանդակի ընկերության այն մարմնի մասին, որն իրավունք ունի որոշումներ ընդունել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման և դրա օրակարգի հաստատման մասին:
2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերության խորհրդի անդամների համար կարող է սահմանվել վարձատրություն կամ փոխհատուցում նրանց այն ծախսերի դիմաց, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Վարձատրության կամ փոխհատուցման չափը և վճարման կարգը սահմանվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:
3. Ընկերությունը վարում է ընկերության խորհրդի անդամների ցուցակներ, որոնք բաց են ընկերության բաժնետերերի ծանոթացման համար և պարունակում են հետևյալ տվյալները ընկերության խորհրդի անդամների մասին`
ա) ազգանունը, անունը և ծննդյան թիվը.
բ) աշխատանքի և/կամ տան հասցեն ու հեռախոսները.
գ) զբաղմունքը, մասնագիտությունը և կրթությունը.
դ) ընկերության խորհրդի մեջ մտնելու ժամկետը և խորհրդի անդամությունից ազատվելու ժամկետը (եթե դա տեղի է ունեցել).
ե) քանի անգամ է վերընտրվել ընկերության խորհրդում.
զ) ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քանակը, որը պատկանում է ընկերության բաժնետեր հանդիսացող խորհրդի անդամին.
է) տեղեկություններ այլ իրավաբանական անձանց մասին, որոնցում նշված անձը զբաղեցնում է ղեկավար պաշտոններ (խորհրդի նախագահ կամ անդամ, գործադիր տնօրեն կամ վարչության անդամ).
ը) ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության խորհրդի կանոնակարգով նախատեսված այլ տվյալներ:
Հոդված 87. |
Ընկերության խորհրդի իրավասությունները |
1. Ընկերության խորհրդի իրավասությունն է հանդիսանում ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարման հետ կապված հարցերի լուծումը, բացառությամբ այն հարցերի, որոնք համաձայն սույն օրենքի հանդիսանում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունը:
Ընկերության խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում հետևյալ հարցերը`
ա) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.
բ) ընկերության բաժնետերերի տարեկան և արտահերթ ընդհանուր ժողովների գումարումը, բացառությամբ սույն օրենքի 77 հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի.
գ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգի հաստատումը.
դ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթվի հաստատումը, ինչպես նաև բոլոր այն հարցերի լուծումը, որոնք կապված են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստման և գումարման հետ և սույն օրենքի X գլխի դրույթներին համապատասխան ընկերության խորհրդի իրավասությունն են հանդիսանում.
ե) սույն օրենքի 70 հոդվածի 1-ին կետի «բ», «ժբ»,«ժդ», «ժե», «ժզ», «ժէ», «ժը», «ի» և «իա» ենթակետերով նախատեսված հարցերի ներկայացումն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի քննարկմանը.
զ) բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացումը կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի մեծացումը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ այդ իրավունքը վերապահված է ընկերության խորհրդին.
է) պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումը, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված.
ը) գույքի շուկայական արժեքի որոշումը` սույն օրենքի 62 հոդվածով սահմանված կարգով.
թ) սույն օրենքով նախատեսված դեպքերում ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերումը.
ժ) ընկերության գործադիր մարմնի (գործադիր տնօրենի, վարչության) ձևավորումը, դրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, գործադիր տնօրենի և վարչության վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգը և պայմանները, եթե ընկերության կանոնադրությամբ այդ իրավունքները վերապահված են ընկերության խորհրդին.
ժա) ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի և պայմանների վերաբերյալ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի համար առաջարկությունների նախապատրաստումը.
ժբ) ընկերության աուդիտն իրականացնող անձի վարձատրության չափի սահմանումը.
ժգ) ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարվող տարեկան շահաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի համար առաջարկությունների նախապատրաստումը.
ժդ) ընկերության բաժնետոմսերի միջանկյալ (եռամսյակային կամ կիսամյակային) շահաբաժինների չափի և վճարման կարգի սահմանումը.
ժե) ընկերության պահուստային հիմնադրամի օգտագործումը.
ժզ) ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
ժէ) դուստր ընկերությունների ստեղծումը, դուստր և կախյալ ընկերություններում մասնակցությունը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ այդ իրավասությունը վերապահված է ընկերության խորհրդին.
ժը) ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ այդ իրավասությունը վերապահված է ընկերության խորհրդին.
ժթ) այլ կազմակերպություններին մասնակցելը, եթե այդ մասնակցությունը իրենից խոշոր գործարք չի ներկայացնում.
ի) ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը սույն օրենքի VII գլխում նախատեսված դեպքերում.
իա) սույն օրենքի IX գլխով նախատեսված գործարքների կնքումը.
իբ) ընկերության վարչակազմակերպչական կառուցվածքի հաստատումը.
իգ) ամենամյա ծախսերի նախահաշվի հաստատումը.
իդ) սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
2. Ընկերության խորհրդի բացառիկ իրավասության ենթակա հարցերը չեն կարող փոխանցվել ընկերության գործադիր մարմնի լուծմանը:
Սույն օրենքի 64 հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում, ընկերության խորհրդի բացառիկ իրավասություն հանդիսացող հարցերը ենթակա են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի «ժգ», «իբ» և «իգ» ենթակետերով նախատեսված հարցերի, որոնք ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են փոխանցվել ընկերության գործադիր մարմնի լուծմանը:
Հոդված 88. |
Ընկերության խորհրդի ընտրությունները և կազմը |
1. Ընկերության խորհրդի անդամները ընտրվում են ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում մեկ տարի ժամկետով` սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Ընկերության խորհրդի անդամների լիազորությունների ընդհանուր տևողությունը չի սահմանափակվում:
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը կարող է որոշում ընդունել ընկերության խորհրդի ցանկացած անդամի (բոլոր անդամների) լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:
Եթե ընկերության խորհրդի անդամները ընտրված են գումարային (կումուլյատիվ) քվեարկությամբ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումը կարող է ընդունվել միայն ընկերության խորհրդի բոլոր անդամների վերաբերյալ:
2. Ընկերության այն բաժնետերերը, որոնք ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթվի դրությամբ տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվել ընկերության խորհրդի կազմում կամ ընկերության խորհրդի կազմում նշանակել իրենց ներկայացուցչին: Այդ իրավունքը վերապահվում է նաև ընկերության ռեեստրում գրանցված անվանական բաժնետերերին, որին լիազորած բաժնետերերը ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթվի դրությամբ համատեղ տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող տեղաբաշխված բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսին:
Յուրաքանչյուր բաժնետեր ընկերության խորհրդում կարող է զբաղեցնել միայն մեկ տեղ:
3. Հինգ հարյուրից ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերությունում խորհրդի ընտրություններն իրականացվում են գումարային (կումուլյատիվ) քվեարկությամբ:
Հինգ հարյուրից պակաս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերությունում խորհրդի ընտրությունները կարող են իրականացվել գումարային (կումուլյատիվ) քվեարկությամբ, եթե այդ մասին նշված է ընկերության կանոնադրության մեջ:
Գումարային (կումուլյատիվ) քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ձայնի իրավունք տվող բաժնետոմսն ունի ընկերության խորհրդի ընտրվող (վերընտրվող) անդամների քանակին հավասար ձայների քանակություն:
Բաժնետերը քվեարկության ընթացքում իրավունք ունի ձայները տրամադրել մեկ թեկնածուին կամ բաշխել մի քանի թեկնածուների միջև:
Ընկերության խորհրդի կազմում ընտրված են համարվում ձայների առավելագույն քանակ ստացած թեկնածուները, բայց ոչ պակաս, քան ժողովում ներկայացված պարզ մեծամասնությունը:
4. Ընկերության խորհրդի քանակական կազմը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, բայց չի կարող 3 հոգուց պակաս լինել:
Հինգ հարյուրից ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերությունում խորհրդի կազմը չի կարող 7 հոգուց պակաս լինել:
Սույն կետով նշված սահմանափակման մեջ չեն մտնում այն անձինք, որոնք սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն իրավունք ունեն ընդգրկվել ընկերության խորհրդի կազմում առանց ընտրության:
5. Ընկերության խորհրդի անդամ կարող են լինել գործունակ ֆիզիկական անձինք: Ընկերության խորհրդի անդամներ կարող են լինել նաև ընկերության բաժնետերեր չհանդիսացող անձինք, եթե կանոնադրությամբ դա արգելված չէ:
Ընկերության գործադիր մարմնի (գործադիր տնօրենը և վարչությունը) ներկայացուցիչները չեն կարող ընկերության խորհրդում մեծամասնություն կազմել:
Ընկերության խորհրդի անդամների նկատմամբ ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատված ընկերության խորհրդի կանոնակարգով կարող են նախատեսվել նաև այլ սահմանափակումներ և պահանջներ:
Հոդված 89. |
Ընկերության խորհրդի նախագահը |
1. Ընկերության խորհրդի նախագահն ընտրվում է ընկերության խորհրդի անդամների կողմից խորհրդի անդամների կազմից` խորհրդի անդամների ընդհանուր քանակի ձայների մեծամասնությամբ, եթե ընկերության կանոնադրությամբ ավելի մեծ թիվ չի նախատեսված:
Ընկերության խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ` ընկերության խորհրդի անդամների ընդհանուր քանակի ձայների մեծամասնությամբ, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված:
Հինգ հարյուրից ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերությունում ընկերության խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնները չեն կարող համատեղվել:
Բացառությամբ սույն կետի երրորդ պարբերությամբ նշված դեպքի, ընկերության խորհրդի նախագահը չի կարող ընկերությունում այլ վճարովի պաշտոն զբաղեցնել:
2. Ընկերության խորհրդի նախագահը`
ա) կազմակերպում է ընկերության խորհրդի աշխատանքները.
բ) գումարում է ընկերության խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
գ) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
դ) նախագահում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված:
3. Ընկերության խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականություններն ընկերության խորհրդի որոշմամբ կատարում է ընկերության խորհրդի անդամներից մեկը:
Հոդված 90. |
Ընկերության խորհրդի նիստերը |
1. Ընկերության խորհրդի նիստերը գումարվում են ընկերության խորհրդի նախագահի կողմից` ընկերության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, ընկերության խորհրդի անդամի, ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի), ընկերության աուդիտն իրականացնող անձի, ընկերության գործադիր տնօրենի կամ վարչության, ինչպես նաև ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ անձանց պահանջով: Ընկերության խորհրդի նիստերի գումարման և անցկացման կարգը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատված ընկերության խորհրդի կանոնակարգով: Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել ընկերության խորհրդի կողմից հեռակա քվեարկությամբ (հարցման միջոցով) որոշումներ ընդունելու հնարավորությունը:
2. Ընկերության խորհրդի նիստերի քվորումը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ, բայց չի կարող ընկերության անդամների կեսից պակաս լինել: Եթե ընկերության խորհրդի անդամների քանակը նվազում է ընկերության կանոնադրությամբ սահմանված քանակի կեսից, ընկերությունը պետք է այն լրացնելու նպատակով ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով գումարի, որի մասին որոշումը կայացնում է ընկերության խորհուրդը: Այդ որոշումից բացի ընկերության խորհուրդն այլ որոշումներ ընդունելու իրավունք չունի:
3. Ընկերության խորհրդի որոշումները ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն օրենքով, ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատված ընկերության խորհրդի կանոնակարգով այլ բան չի նախատեսված: Քվեարկության ժամանակ ընկերության խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայն: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն ընկերության խորհրդի մեկ անդամից խորհրդի մյուս անդամին չի թույլատրվում:
Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել խորհրդի նախագահի որոշիչ ձայնի իրավունքը` ձայների հավասարության դեպքում:
4. Ընկերության խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից 10-օրյա ժամկետում:
Արձանագրությունում նշվում է`
նիստի գումարման տեղը և ժամանակը.
նիստին ներկա անձինք.
նիստի օրակարգը.
քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները.
նիստում ընդունված որոշումները:
Ընկերության խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրվում է նիստի նախագահի կողմից, որը և պատասխանատու է արձանագրության ճշտության համար:
Հոդված 91. |
Ընկերության գործադիր մարմինը: Ընկերության գործադիր տնօրենը |
1. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության գործադիր մարմինը. գործադիր տնօրենը կամ ընկերության գործադիր տնօրենը` ընկերության վարչության հետ համատեղ:
Եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է ունենալ վարչություն, ապա կանոնադրությամբ պետք է սահմանազատվեն գործադիր տնօրենի և վարչության իրավասությունները:
Վարչության առկայության դեպքում ընկերության գործադիր տնօրենը կատարում է նաև ընկերության վարչության նախագահի պարտականությունները:
Ընկերության գործադիր մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կատարվում է ընկերության խորհրդի որոշմամբ, եթե ընկերության կանոնադրությամբ այդ հարցերը տրված են ընկերության խորհրդի իրավասությանը:
2. Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն են պատկանում ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի և ընկերության խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի:
Ընկերության գործադիր մարմինը կազմակերպում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի և ընկերության խորհրդի որոշումների կատարումը:
Ընկերության գործադիր տնօրենը և վարչությունը նշանակվում են ընկերության խորհրդի կողմից, եթե ընկերության կանոնադրությամբ այդ իրավասությունը չի տրված ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին: Ընկերության գործադիր տնօրենի և վարչության անդամների հետ պայմանագիրը կնքում է ընկերության խորհրդի նախագահը կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ անձ: Եթե ընկերության խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնները զբաղեցնում է միևնույն անձը, ապա պայմանագիրը գործադիր տնօրենի հետ կնքում է ընկերության խորհրդի որոշմամբ խորհրդի անդամներից մեկը, իսկ վարչության անդամների հետ` ընկերության խորհրդի նախագահը:
3. Ընկերության գործադիր տնօրենը`
ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում ընկերության անունից.
բ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.
գ) գործում է առանց լիազորագրի.
դ) տալիս է լիազորագրեր.
ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
զ) բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.
է) ընկերության խորհրդի հաստատմանն է ներկայացնում ընկերության աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը, ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը.
ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում ընկերության աշխատակիցներին.
ժ) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:
Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության գործադիր տնօրենի նաև այլ իրավասություններ:
4. Ընկերության գործադիր տնօրենի և վարչության անդամների իրավունքները և պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով և ընկերության հետ նրանց կնքած պայմանագրով:
Ընկերության գործադիր տնօրենը և վարչության անդամներն այլ կազմակերպություններում կարող են վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն ընկերության խորհրդի համաձայնությամբ:
5. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ գործադիր մարմնի իրավասությունները կարող են փոխանցվել այլ կազմակերպության կամ անհատ կառավարչի: Այդ դեպքում նշված կազմակերպության կամ անհատ կառավարչի հետ ընկերության խորհուրդը կնքում է համապատասխան պայմանագիր:
6. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել ընկերության գործադիր տնօրենի, ընկերության վարչության անդամների, կառավարիչ կազմակերպության կամ անհատ կառավարչի հետ կնքված պայմանագրերը, եթե ընկերության կանոնադրությամբ այդ հարցի լուծումը չի տրված ընկերության խորհրդի իրավասությանը:
Հոդված 92. |
Ընկերության վարչությունը |
1. Ընկերության վարչությունը ներառում է ընկերության գործադիր տնօրենին, նրա տեղակալին (տեղակալներին), գլխավոր հաշվապահին, ինչպես նաև ընկերության գործունեությունը կարգավորող այլ վարձու աշխատողների:
Ընկերության վարչությունը գործում է ընկերության կանոնադրության, ինչպես նաև խորհրդի կողմից հաստատված վարչության կազմը, նրա նիստերի գումարման, անցկացման և որոշումներ ընդունելու կարգը սահմանող վարչության գործունեության կանոնակարգի հիման վրա:
2. Ընկերության վարչության նիստերը արձանագրվում են:
Արձանագրությունը տրամադրվում է ընկերության խորհրդի անդամներին, վերահսկիչ հանձնաժողովին, հսկիչին, ընկերության աուդիտն իրականացնող անձին` նրանց պահանջով:
3. Ընկերության վարչության նիստերը կազմակերպում և վարում է ընկերության գործադիր տնօրենը, որը ստորագրում է վարչության որոշումները և վարչության նիստի արձանագրությունը:
Հոդված 93. |
Ընկերության խորհրդի անդամների, գործադիր տնօրենի, վարչության անդամների, կառավարող կազմակերպության և անհատ կառավարչի պատասխանատվությունը |
1. Ընկերության խորհրդի անդամները, ընկերության գործադիր տնօրենը, ընկերության վարչության անդամները, ինչպես նաև կառավարիչ կազմակերպությունը և անհատ կառավարիչն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով ընկերության շահերից բարեխիղճ և խելամիտ կերպով:
2. Ընկերության խորհրդի անդամները, ընկերության գործադիր տնօրենը, ընկերության վարչության անդամները, ինչպես նաև կառավարիչ կազմակերպությունը և անհատ կառավարիչն ընկերության առջև օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների (անգործության) հետևանքով ընկերությանը պատճառած վնասի համար:
Ընկերությանը հասցված վնասի դիմաց պատասխանատվությունից ազատվում են ընկերության խորհրդի կամ վարչության այն անդամները, որոնք ընկերությանը վնասներ պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիստին ներկա չեն գտնվել:
Ընկերության խորհրդի կամ վարչության անդամի հրաժարականը կամ պաշտոնից հետ կանչելը կամ ազատելը չի ազատում նրան ընկերությանը հասցրած վնասի համար պատասխանատվությունից:
3. Եթե սույն հոդվածի դրույթներին համաձայն ընկերությանը պատճառված վնասի համար պատասխանատվություն են կրում մի քանի անձ, նրանք ընկերության առջև կրում են համապարտ պատասխանատվություն:
4. Ընկերությունը կամ ընկերության այն բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք համատեղ) տնօրինում է (են) ընկերության տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի մեկ և ավելի տոկոսին, իրավունք ունի (ունեն) ընկերության խորհրդի անդամների, ընկերության գործադիր տնօրենի, ընկերության վարչության անդամների, ինչպես նաև կառավարիչ կազմակերպության և անհատ կառավարչի դեմ հայցով դիմել դատարան` ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման պահանջով:
Գ Լ ՈՒ Խ XII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ
Հոդված 94. |
Ընկերության վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) |
1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընտրում է ընկերության վերահսկիչ հանձնաժողով (հսկիչ):
Վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) իրավասությունները սահմանվում են սույն օրենքով և ընկերության կանոնադրությամբ:
Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) հետևում է ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում է ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին ու ընկերության կանոնադրությանը:
Վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) գործունեության կարգը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվող ներքին փաստաթղթով` վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) կանոնակարգով:
2. Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) իրավունք ունի իրականացնել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը, ստուգել ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշմամբ, ինչպես նաև ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով:
Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) իրավունք ունի պահանջել ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարում սույն օրենքի 77 հոդվածին համապատասխան:
Վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) պահանջով նրանց պետք է ներկայացվեն ընկերության, դրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները:
3. Վերահսկիչ հանձնաժողովի անդամները (հսկիչը) ընտրվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` 3 տարի ժամկետով:
Վերահսկիչ հանձնաժողովի անդամները (հսկիչը) հաշվետու են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին:
Վերահսկիչ հանձնաժողովի անդամների (հսկիչի) վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:
Վերահսկիչ հանձնաժողովի անդամ (հսկիչ) կարող են լինել ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ընկերության բաժնետեր հանդիսացող գործունակ ֆիզիկական անձինք:
Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի քանակական կազմը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, բայց չի կարող 3 հոգուց պակաս լինել:
Հիսունից պակաս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերությունների վերահսկիչ հանձնաժողովի իրավասությունները կարող են դրվել հսկիչի վրա:
Քսանհինգից ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետեր ունեցող ընկերություններում վերահսկիչ հանձնաժողովի անդամների (հսկիչի) ընտրության կամ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հարցերի քվեարկության ժամանակ քվեարկության չեն մասնակցում ընկերության խորհրդի անդամներին գործադիր տնօրենին և ընկերության վարչության անդամներին պատկանող բաժնետոմսերը:
4. Վերահսկիչ հանձնաժողովի նախագահն ընտրվում է վերահսկիչ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
5. Վերահսկիչ հանձնաժողովն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքների հիման վրա պատրաստում է եզրակացություններ, որոնք պետք է բովանդակեն`
ա) ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը.
բ) ընկերության հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծությունը.
գ) ընկերության հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների հավաստիության հաստատումը.
դ) ընկերության կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվության համապատասխանության հաստատումը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին.
ե) ստուգման առանձնահատկությունների հետ կապված այլ տեղեկատվություններ:
6. Վերահսկիչ հանձնաժողովը (հսկիչը) ընկերության գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովին: Ընկերության տարեկան հաշվեկշռի հաստատման ժամանակ վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) եզրակացությունը պարտադիր է:
Հոդված 95. |
Ընկերության աուդիտն իրականացնող անձը |
1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով ընկերությունը կարող է ներգրավել արտաքին աուդիտորների (կազմակերպություն կամ ֆիզիկական անձի)` կնքելով նրանց հետ համապատասխան պայմանագիր: Ընկերության աուդիտն իրականացնող անձն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքում ներկայացնում է գրավոր եզրակացություն, որը պետք է բովանդակի սույն օրենքի 94 հոդվածի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները:
Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը աուդիտորի կողմից կարող է իրականացվել նաև ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն 5 տոկոսի սեփականատեր հանդիսացող բաժնետերերի պահանջով: Այդ դեպքում աուդիտորի ծառայությունները վճարվում են ստուգում պահանջող բաժնետերերի կողմից:
2. Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաստատվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքվում է ընկերության խորհրդի կողմից, որը և որոշում է աուդիտն իրականացնող անձի ծառայությունների համար վճարվող գումարի չափը:
3. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում ընկերության աուդիտն իրականացնող անձին ընտրում և նրա հետ պայմանագիր են կնքում ստուգումը պահանջող բաժնետերերը:
Գ Լ ՈՒ Խ XIII. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 96. |
Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունը |
1. Ընկերությունը օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:
Ընկերության գործադիր մարմինը պատասխանատվություն է կրում ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպման, վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև ընկերության բաժնետերերն, պարտատերերին և զանգվածային տեղեկատվության միջոցներին ընկերության մասին տրամադրվող տեղեկությունների համար` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացվող տարեկան հաշվետվության, տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի հավաստիությունը պետք է հաստատվի ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) եզրակացությամբ:
Վերը նշված փաստաթղթերը, սույն օրենքի 98 հոդվածին համապատասխան հրապարակելուց առաջ, պետք է ստուգվեն և դրանց հավաստիությունը պետք է հաստատվի ընկերության և ընկերության բաժնետերերի հետ ընդհանուր գույքային շահեր չունեցող աուդիտն իրականացնող անձի կողմից:
3. Ընկերության տարեկան հաշվետվությունը ենթակա է նախնական հաստատման ընկերության խորհրդի կողմից` ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովի գումարման ամսաթվից առնվազն 30 օր առաջ:
4. Ընկերության գործունեությանը վերաբերող և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված պետական վիճակագրական և ֆինանսական հաշվետվությամբ չնախատեսված տվյալները պետական կառավարման մարմիններին տրամադրվում են ընկերության հայեցողությամբ:
Հոդված 97. |
Ընկերության փաստաթղթերի պահպանումը և բաժնետերերին տրամադրումը |
1. Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված ժամկետների ընթացքում պահպանել`
սահմանված կարգով գրանցված ընկերության կանոնադրությունը, ընկերության կանոնադրությունում կատարված լրացումները և փոփոխությունները, ընկերության կանոնադրությունը` նոր խմբագրությամբ.
ընկերության հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ ընկերության գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի և կառավարման այլ մարմինների կողմից հաստատված ընկերության ներքին փաստաթղթերը.
ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնակարգերը.
ընկերության տարեկան հաշվետվությունները.
ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրերը.
հաշվապահական հաշվառման փաստաթղթերը.
պետական կառավարման մարմիններին ներկայացվող ֆինանսական և վիճակագրական հաշվետվության փաստաթղթերը.
ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովների, ընկերության խորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) վարչության նիստերի արձանագրությունները.
հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունները և քվեաթերթիկները.
ընկերության վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի), ընկերության աուդիտն իրականացնող անձի, պետական և տեղական ինքնակառավարման ֆինանսական վերահսկում իրականացնող մարմինների եզրակացությունները.
սույն օրենքով, այլ իրավական ակտերով, ընկերության կանոնադրությամբ, ներքին փաստաթղթերով, բաժնետերերի ընդհանուր ժողովի, խորհրդի և ընկերության կառավարման այլ մարմինների որոշումներով նախատեսված այլ փաստաթղթերը:
2. Ընկերությունը պահպանում է սույն հոդվածի 1-ին կետով նշված փաստաթղթերը ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական մարմնի կողմից գրանցված իր գտնվելու վայրում կամ այլ` ընկերության բաժնետերերին, պարտատերերին և այլ շահագրգիռ անձանց հայտնի և մատչելի վայրում:
3. Ընկերությունը պարտավոր է իր բաժնետերերին հնարավորություններ ընձեռել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերին ծանոթանալու համար, բացառությամբ հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և ընկերության վարչության նիստերի արձանագրությունների:
4. Բաժնետիրոջ պահանջով ընկերությունը հնգօրյա ժամկետում պարտավոր է նրան տրամադրել սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերի պատճենները, բացառությամբ հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և ընկերության վարչության նիստերի արձանագրությունների: Պատճեններ տրամադրելու համար վճարի չափը սահմանվում է ընկերության կողմից, որը չի կարող փաստաթղթերի պատճենահանման և փոստային առաքման ծախսերից ավել լինել:
Ընկերության յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի անվճար ստանալ վերջին տարեկան հաշվետվության և վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) եզրակացության պատճենները:
Հոդված 98. |
Տեղեկությունների պարտադիր հրապարակումը |
Բաց բաժնետիրական ընկերությունը պարտավոր է հրապարակել ընկերության բաժնետերերի համար մատչելի զանգվածային լրատվության միջոցներով`
ընկերության տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի և վնասների հաշիվը.
բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում` ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագիրը.
ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը` սույն օրենքով սահմանված կարգով.
Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
Գ Լ ՈՒ Խ XIV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 99. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Սույն օրենքի կիրարկման պահից` մինչև համապատասխան փոփոխություններ կատարելը.
ա) բաժնետիրական ընկերությունների վրա չեն տարածվում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները.
բ) բաժնետիրական ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների պետական գրանցման դեպքում չեն կիրառվում «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի դրույթները:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված բաժնետիրական ընկերությունների հիմնադիր փաստաթղթերը ենթակա են համաձայնեցման սույն օրենքի դրույթներին և սահմանված կարգով վերագրանցման` մինչև 1996 թվականի դեկտեմբերի 31-ը:
Սույն օրենքի դրույթներին չհամապատասխանեցված և մինչև 1996 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանված կարգով չգրանցված ընկերությունների հիմնադիր փաստաթղթերը համարվում են անվավեր:
Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետում նշված դեպքի, մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված ընկերությունների հիմնադիր փաստաթղթերը, մինչև դրանց սույն օրենքի դրույթներին համապատասխանեցնելը, գործում են սույն օրենքին չհակասող մասով:
4. «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների հիման վրա ստեղծված փակ բաժնետիրական ընկերությունները, որոնց ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերի քանակը 25-ից ավել է, ենթակա են վերակազմավորման բաց բաժնետիրական ընկերությունների` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին` մինչև 1996 թվականի հունիսի 30-ը սույն օրենքին համապատասխանեցնել իր կողմից ընդունված իրավական ակտերը:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
մինչև 1996 թվականի հունիսի 30-ը սույն օրենքին համապատասխանեցնել իր կողմից ընդունված իրավական ակտերը.
ընդունել սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտեր.
մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը սույն օրենքով սահմանված կարգով պետական ձեռնարկությունները վերակազմավորել պետական բաժնետիրական ընկերությունների:
7. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին`
մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը սույն օրենքով սահմանված կարգով վերակազմավորել իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունները տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող բաժնետիրական ընկերությունների:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան
7 մայիսի 1996 թ.
ՀՕ-51 |