Համարը 
N 657
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 1998.11.10/27(60)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.10.1998
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.10.1998
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
28.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.03.2001

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

28 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 1998 թվականի N 657
քաղ. Երևան

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի կազմակերպման նկատմամբ պետական պատշաճ հսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը` որոշում է.

1. Հաստատել շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու գործունեության կարգավորման, լիցենզավորման և վերահսկողության կանոնակարգը (կցվում է):

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու համար տրված լիցենզիաներն ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը` տրամադրման պահին գործող պայմաններով, բայց ոչ ավելի, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 28-ի N 657 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ, ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը (այսուհետև` ակտ) կարգավորում է շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու գործունեության կարգավորման, լիցենզավորման և դրա նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կապակցությամբ առաջացող վարչական հարաբերությունները:

2. Սույն ակտով սահմանված կարգով ստացված համապատասխան լիցենզիայի հիման վրա շահումով խաղեր կամ խաղատներ կազմակերպելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետությունում գրանցված մասնաճյուղերը (այսուհետև` անձ):

Առանց սույն ակտով սահմանված կարգով ստացված լիցենզիայի Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղեր կամ խաղատներ կազմակերպելն արգելվում է:

3. Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` սույն ակտով սահմանված կարգով:

4. Սույն ակտում օգտագործվող հասկացություններն են`

ա) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության Նախարարների Խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 161 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 10-ի N 571 որոշման խմբագրության) հաստատված շահումով խաղերի և խաղատների (կազինոների) կազմակերպման գործունեությունը լիցենզավորող պետական կառավարման մարմին.

բ) խաղացող` շահումով խաղին մասնակցող ֆիզիկական անձ բացի կազմակերպչի ներկայացուցչից (խաղարկողից).

գ) Խաղարկող` ֆիզիկական անձ, որը խաղացողի հետ հավասար պայմաններում կազմակերպչի անունից փաստացի մասնակցում է խաղին կամ իրականացնում դրա խաղարկությունը խաղն անցկացնելու կամ դրա ելքը որոշելու համար.

դ) խաղասրահ` շինության ներսում տարածք, որտեղ կազմակերպվում են շահումով խաղերը: Ընդ որում, անիմիջականորեն խաղերի անցկացման վայր չհանդիսացող առանձնացված տարածքները խաղասրահ չեն համարվում (վարչական կառավարման կամ սպասարկող անձնակազմի օգտագործման համար նախատեսված տարածք, միջանցքներ, պատշգամբներ և այլն).

ե) խաղային ավտոմատ` ավտոմատացված և (կամ) համակարգչային խաղ, որին մասնակցում է (են) միայն խաղացողը (խաղացողները).

զ) կազմակերպիչ` շահումով խաղեր և (կամ) խաղատուն կազմակերպելու լիցենզիա ստացած անձ.

է) քննարկում` խախտումները քննարկելու, լիցենզիա տալու, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցերի լուծման նպատակով լիազոր մարմնի կողմից հրավիրվող նիստ` դիմողի` (կազմակերպչի) մասնակցության հնարավորությամբ:

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

5. Շահումով խաղ է համարվում ցանկացած մեքենայացված, սեղանի և (կամ) կենդանի խաղ, որին խաղացողը մասնակցում է անմիջականորեն հաջողության դեպքում որոշակի շահումի ակնկալիքով: Ընդ որում, սույն ակտի իմաստով շահումով խաղերի թվին չեն դասվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վիճակախաղ համարվող խաղերն ու խաղարկությունները:

6. Կենդանի խաղ է համարվում ցանկացած խաղ, որին բացի մեկ կամ մի քանի խաղացողից մասնակցում է (են) նաև խաղարկողը (խաղարկողները):

7. Մեքենայացված խաղ է համարվում ծրագրավորված մեքենայի, համակարգչի, խաղային ավտոմատի կամ նման այլ սարքավորման միջոցով իրականացվող խաղը, որին մասնակցում է (են) միայն խաղացողը (խաղացողները):

8. Սեղանի խաղ է համարվում հարմարեցված սեղանի (այսուհետև` նաև խաղասեղան) վրա իրականացվող կենդանի կամ ոչ կենդանի խաղը: Եթե խաղի տվյալ տեսակը սեղանի հատուկ հարմարեցում չի պահանջում, ապա տվյալ խաղի համար փաստացի օգտագործվող սեղանը սույն կետի իմաստով համարվում է հարմարեցված:

9. Ըստ նախատեսվող շահումների ձևերի` շահումով խաղերը դասակարգվում են իրայինի, դրամականի և դրամաիրայինի:

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐ ԿԱՄ ԽԱՂԱՏՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

 

10. Շահումով խաղի կազմակերպում է համարվում խաղի իրականացման միջոցով եկամուտ (շահույթ) կամ օգտակար այլ արդյունք ստանալու նպատակով շահումով խաղի սարքավորումների տեղադրումն ու շահագործումը կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության համար այլ կերպ հնարավորության ստեղծումը:

11. Խաղատուն կազմակերպել է համարվում սույն կետում նշված խաղասրահում շահումով խաղերի անցկացումը:

Խաղատուն է համարվում այն խաղասրահը`

ա) որի ներքին կամ արտաքին կողմից ցուցադրվում է «խաղատուն» կամ «կազինո» բառը կամ դրանց օգտագործմամբ բառակապակցությունները հայերեն կամ օտար լեզուներով, կամ`

բ) որտեղ շահագործվում է թեկուզ մեկ խաղասեղան կամ քսանից ավելի խաղային ավտոմատ, կամ երկուսն իրար հետ` անկախ դրանցից յուրաքանչյուրի քանակից:

12. Սույն ակտի իմաստով խաղասեղանը կամ խաղային ավտոմատը համարվում է շահագործվող, եթե այն տեղադրված է խաղասրահում` շահագործման համար պատրաստի վիճակում` անկախ դրա փաստացի շահագործման հանգամանքից:

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. Շահումով խաղերը և խաղատները կարող են կազմակերպվել միայն շինություններում կամ փակ այլ վայրերում գտնվող խաղասրահներում:

Խաղատուն կարող կազմակերպվել միայն այն խաղասրահում, որը

ա) չի գտնվում նախադպրոցական, միջնակարգ, միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության տարածքում, և`

բ) ուղիղ գծով առնվազն 200 մետր հեռու է որևէ նախադպրոցական, միջնակարգ, միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության տարածքից, և

գ) ունի առնվազն 100 քառ. մետր մակերես, և`

դ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարձակալության կամ մշտական օգտագործման է հատկացվել հատկապես խաղատուն կազմակերպելու նպատակով (սույն պայմանը չի տարածվում քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող տարածքների վրա):

Մինչև սույն ակտն ուժի մեջ մտնելը լիցենզիա ստացած խաղատները կամ այդ խաղատների համար կառուցված (հարմարեցված) խաղասրահները թույլատրվում է շահագործել առանց սույն կետի պահանջներին համապատասխանելու, սույն ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մեկ տարի:

Անկախ այն կետի սահմանափակումներից` խաղատուն կարող է կազմակերպվել հյուրանոցային համալիրներում, մոթելներում:

Լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում սույն կետի սահմանափակումները կարող են տարածվել նաև խաղատուն չհանդիսացող խաղասրահների վրա:

14. Խաղասրահի տարածքը պետք է պաշտպանված լինի պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով:

15. Կազմակերպիչը խաղասրահի տարածքը պաշտպանելու նպատակով պարտավոր է ունենալ կամ վարձել անվտանգության ծառայություն: Անվտանգության ծառայության աշխատողները պետք է ակնհայտորեն տարբերվեն իրենց միասնական նմուշի համազգեստով:

16. Խաղասրահներում կարող են տեղադրել և շահագործել միայն այն սարքավորումները և խաղասեղանները (բացառությամբ սույն ակտի 8-րդ կետում նշված հարմարեցում չպահանջող սեղանների), որոնք ունեն արտադրողի, արտադրողի երկրի (վայրի) առևտրաարդյունաբերական պալատի կամ իրավասու այլ կազմակերպության կողմից տրված ծագման սերտիֆիկատ և տեխնիկական անձնագիր, ինչպես նաև միայն այն խաղային ավտոմատները, որոնց շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված համախառն մեծությունը կազմում է այդ հասույթի ընդհանուր գումարի առնվազն 86 տոկոսը: Մինչև սույն ակտն ուժի մեջ մտնելը տեղադրված սարքավորումները 1999 թվականի հունվարի 1-ից հետո թույլատրվում է շահագործել միայն ստանդարտացման, սերտիֆիկացման բնագավառներում` Հայաստանի Հանրապետությունում լիազորված պետական մարմնի կողմից սերտիֆիկացման դեպքում:

(16-րդ կետը լրաց. 18.09.99 N 585)

17. Խաղացողներին առանց նախապես տեղեկացնելու և բացատրելու` արգելվում է այնպիսի խաղերի կազմակերպումը, որոնց դեպքում շահումը պատահականությամբ չի պայմանավորված:

18. Կազմակերպիչը պարտավոր է խաղացողներին տրամադրել կամ մատչելի դարձնել խաղի կանոններն ու պայմանները, ինչպես նաև ապահովել խաղի հրապարակայնությունը: Խաղասրահում տեսանելի տեղում պետք է փակցված լինեն համապատասխան լիցենզիայի և դրա հավելվածի պատճենները:

19. Խաղատուն կազմակերպիչը պարտավոր է խաղացողների համար խաղասրահում ապահովել բրոշյուրի կամ գրավոր այլ ձևով տրված նախազգուշացում խաղատուն հաճախելու բացասական հետևանքների մասին (ընտանեկան անախորժություններ, ընտանեկան բյուջեի նվազում, պարտքերի առաջացում և այլն)` լիազոր մարմնի սահմանված տեքստին համապատասխան:

20. Խաղերը պետք է կազմակերպվեն լիազոր մարմնում գրանցված շահումով խաղի կազմակերպման կանոններին համապատասխան:

21. Կազմակերպվող յուրաքանչյուր առանձին տեսակի խաղի համար կազմակերպիչը պետք է սույն ակտով սահմանված կարգով ընդունի և լիազոր մարմնում գրանցի տվյալ տեսակի շահումով խաղի կազմակերպման կանոնները: Լիազոր մարմինը պետք է ապահովի, որպեսզի միանուն խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործեն նույն կանոնները, ընդ որում, կազմակերպիչն ազատ է քայլերի մեծության և շահումների չափի ընտրության հարցերում:

22. Խաղատան մուտքը պետք է հսկվի պահպանության ծառայության կողմից:

23. Խաղատան կազմակերպիչը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բացառելու քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղատուն, ինչպես նաև վերջիններիս մասնակցությունը որևէ խաղի:

24. Խաղատանը խաղանիշերը (ժետոն) կարող են վաճառվել կանխիկ դրամով (հայկական դրամ) կամ վարկային քարտով:

25. Լիցենզիան ստանալու պահին խաղատան կազմակերպչի կանոնադրական հիմնադրամի փաստացի համալրված մասը պետք է կազմի առնվազն 10 մլն հայկական դրամ, իսկ շահումով խաղի կազմակերպչինը` առնվազն 1 մլն հայկական դրամ:

251. Կազմակերպիչը լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ մեկ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան տուրքի գումարը` նախքան այդ ժամկետի սկիզբը:

(251 կետը լրաց. 29.07.00 N 428)

 

Բ Ա Ժ Ի Ն  V

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

26. Լիցենզիան պատրաստվում է տպագրական եղանակով` լիազոր մարմնի սահմանված միասնական ձևին համապատասխան:

27. Լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները`

ա) լիցենզիայի տեսակը (շահումով խաղեր կամ խաղատուն կազմակերպելու).

բ) լիցենզիայի համարը.

գ) կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը.

դ) կազմակերպչի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն).

ե) խաղասրահի հասցեն.

զ) լիցենզիա տալու ամսաթիվը և լիցենզիայի գործողության դադարեցման ամսաթիվը, և`

է) լիազոր մարմնի սահմանած հատուկ պահանջները:

28. Լիցենզիային կից տրվում է լիազոր մարմնի կողմից հաստատված հավելված, որտեղ նշվում են`

ա) կազմակերպչի անվանումը և գտնվելու վայրը.

բ) խաղասրահի հասցեն.

գ) խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով).

դ) իրականացվող խաղերի տեսակները (մեքենայացված, սեղանի և (կամ) կենդանի)

ե) նախատեսված շահումների ձևերը (դրամական, իրային, դրամաիրային).

գ) լիազոր մարմնում գրանցված` շահումով խաղի կոնկրետ տեսակները.

է) խաղային սարքավորումների և խաղասեղանների թիվը, տեսակները, սերիան, դրանց ծագման սերտիֆիկատի ու տեխնիկական անձնագրի համարները:

29. (29-րդ կետն ուժը կորցրել է 29.07.00 N 428)

30. Լիցենզիան անձին իրավունք է տալիս շահումով խաղեր կամ խաղատուն կազմակերպել միայն մեկ` լիցենզիայում նշված հասցեում (վայրում): Ընդ որում`

ա) շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիան իրավունք չի տալիս խաղատուն կազմակերպել.

բ) խաղատան լիցենզիան իրավունք է տալիս նույն խաղասրահում սույն ակտի պահանջների պահպանմամբ կազմակերպել շահումով ցանկացած խաղ:

31. Մի քանի հասցեներում խաղասրահներ շահագործելու համար միևնույն անձը պարտավոր է սույն ակտով սահմանված կարգով դիմել և ստանալ մեկից ավելի լիցենզիա:

32. Լիցենզիան չի կարող օտարվել երրորդ անձի կամ գրավադրվել:

 

Բ Ա Ժ Ի Ն  VI

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

33. Լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգստրում գրանցված դիմողը լիազոր մարմին է ներկայացնում`

ա) դիմում` երկու օրինակից, որում, ի թիվս լիազոր մարմնի կողմից սահմանված տեղեկությունների, նշվում են`

- դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը և գտնվելու վայրը.

- պետական գրանցման վկայականի տվյալները,

- խաղասրահի հասցեն,

- խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով).

- իրականացվող խաղերի տեսակները (մեքենայացված, սեղանի և (կամ) կենդանի),

- նախատեսված շահումների ձևերը (դրամական, իրային, դրամաիրային),

- խաղային սարքավորումների և խաղասեղանների թիվը, տեսակները, սերիան, դրանց ծագման սերտիֆիկատի ու տեխնիկական անձնագրի համարները,

- հայցվող լիցենզիայի տեսակը (խաղատան կամ շահումով խաղի),

- հայտարարություն սեփական պահպանության ծառայություն ունենալու կամ այն վարձելու մասին,

- դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

բ) դիմողի հիմնադիր փաստաթղթերի պատճենները (պատճենը).

գ) խաղասրահի տարածքի սեփականության կամ վարձակալության (օգտագործման) իրավունքի վկայականի պատճենը.

դ) շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների և տեխնիկական անձնագրերի պատճենները.

ե) իրային շահումների դեպքում` մատակարարի հետ կնքված պայմանագիրը կամ իրային շահումների առկայության վերաբերյալ տեղեկանքը` ըստ քանակի, տեսակի և արժեքի.

զ) պահպանության ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի բնօրինակը.

է) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգի տեխնիկական անձնագիրը և այն տեղադրելու համար պատասխանատու անձի տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.

ը) հայտարարություն կանոնադրական հիմնադրամի փաստացի համալրված մեծության վերաբերյալ.

թ) շահումով խաղի կազմակերպման կանոնները` հաստատված դիմողի կառավարման բարձրագույն մարմնի կողմից, որը պետք է բովանդակի`

- շահումով խաղի 1 տոմս (ժետոնի) գինը,

- խաղի անցկացման կարգը,

- շահումներ տալու վայրը և ժամկետը,

- շահումների տեսակները,

- խաղացողի իրավունքներն ու պարտականությունները,

- վեճերի լուծման կարգը:

34. Լիցենզիա ստանալու համար նոր ստեղծվող ձեռնարկությունը լիազոր մարմին է ներկայացնում`

ա) դիմում` երկու օրինակից, որում, ի թիվս լիազոր մարմնի կողմից սահմանված տեղեկությունների, նշվում են`

- դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը և գտնվելու վայրը (նախատեսվող իրավաբանական հասցեն).

- հայցվող լիցենզիայի տեսակը (խաղատան կամ շահումով խաղի),

- խաղասրահի հասցեն,

- խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով),

- իրականացվող խաղերի տեսակները (մեքենայացված, սեղանի և (կամ) կենդանի),

- նախատեսված շահումների ձևերը (դրամական, իրային, դրամաիրային),

- խաղային սարքավորումների, խաղասեղանների նախատեսվող թիվը, տեսակները,

- հայտարարություն սեփական պահպանության ծառայություն ստեղծելու կամ այն վարձելու մտադրության մասին,

- դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

բ) հիմնադիրների կողմից հաստատված հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

գ) տարածքի սեփականատիրոջ կամ վարձակալի համաձայնությունը տվյալ տարածքը վարձակալությամբ կամ ենթավարձակալությամբ դիմողին տալու վերաբերյալ` կցելով տվյալ տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող համապատասխան վկայականը.

դ) շահումով խաղի կազմակերպման կանոնները` հաստատված դիմողի կառավարման բարձրագույն մարմնի կողմից, որը պետք է բովանդակի սույն ակտի 33-րդ կետի «թ» ենթակետում նշված տվյալները:

35. Դիմումն ու կից փաստաթղթերն առձեռն ստանալիս լիազոր մարմինը դիմումը ներկայացնող անձի ներկայությամբ ստուգում է փաստաթղթերի առկայությունը (ըստ դիմումին կից ցանկի), դիմումի երկու օրինակի վրա համապատասխան նշումներ կատարում և ընդունում այն: Ընդունված դիմումի մեկ օրինակը վերադարձվում է (փոստով առաքվում է) դիմողին:

36. Եթե դիմողը սույն ակտի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է նոր հասցեով խաղասրահում շահումով խաղ կամ խաղատուն կազմակերպելու լիցենզիա ստանալու համար, կամ ունի շահումով խաղի կազմակերպման լիցենզիա և դիմել է խաղատուն կազմակերպելու լիցենզիա ստանալու համար, ապա դիմումին կցվում են միայն այն փաստաթղթերը, որոնք բացակայել են գործող լիցենզիայի ստացման համար ներկայացված փաստաթղթերի թվում: Այս դեպքում դիմողը ներկայացնում է գրավոր հայտարարություն, որ նախկինում ներկայացված փաստաթղթերում որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա` հղում կատարելով նախկինում ներկայացված համապատասխան փաստաթղթերին:

 

Բ Ա Ժ Ի Ն  VII

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

37. Դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում լիազոր մարմինը պարտավոր է նշանակել քննարկում առնվազն 5 օր առաջ տեղեկացնելով դիմողին քննարկման վայրի (հասցեն), ամսաթվի ու ժամի մասին և վերջինիս հնարավորություն ընձեռել մասնակցելու քննարկմանը:

38. Քննարկման մասին դիմողը կարող է տեղեկացվել գրավոր կամ հեռախոսով:

39. Լիազոր մարմինը հարցը քննում է սույն ակտի 37-րդ կետին համապատասխան դիմողին տեղեկացված օրն ու ժամին` անկախ դիմողի ներկայացուցչի ներկայությունից: Լիազոր մարմինը պարտավոր չէ ստուգել դիմողի անունից քննարկմանը ներկայացած անձի լիազորությունները:

40. Քննարկման արդյունքում լիազոր մարմինը պատշաճ հիմնավորմամբ մերժում է դիմումը, եթե`

ա) դիմումում կամ կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները լիարժեք չեն նշելով բացակայող կամ ոչ լիարժեք տեղեկությունները.

բ) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն դիմողն իրավունք չունի իրականացնել շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի գործունեություն:

41. Մերժումը ձևակերպվում է համապատասխան որոշմամբ, որի պատճենը 3 օրվա ընթացքում առաքվում է դիմողին կամ առձեռն տրամադրվում վերջինիս ներկայացուցչին:

42. Սույն ակտի 40-րդ կետով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը բավարարում է դիմումը` այդ մասին կայացնելով համապատասխան որոշում:

43. Դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում դիմումը լիազոր մարմնի որոշմամբ կարող է բավարարվել վերապահումով, որ լիցենզիան դիմողին կտրվի տվյալ թերությունների վերացման դեպքում:

44. Լիցենզիա տալու որոշման պատճենը 3 օրվա ընթացքում առաքվում է դիմողին կամ առձեռն տրվում վերջինիս ներկայացուցչին:

45. Նոր ստեղծվող ձեռնարկության համար լիազոր մարմնի որոշումը (սույն ակտի 42-րդ կետ) համարվում է 120 օր ժամկետով տրված նախնական լիցենզիա` Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցվելու համար, առանց տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքի:

46. Դիմումը տալու պահին Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցված դիմողը պարտավոր է սույն ակտի 44-րդ կետին համապատասխան որոշման պատճենն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել պետական տուրքի վճարման անդորրագիրը, որից հետո լիազոր մարմինը 3-օրյա ժամկետում պարտավոր է դիմողին տրամադրել համապատասխան լիցենզիա (շահումով խաղի կամ խաղատան կազմակերպում): Եթե լիազոր մարմինը կայացրել է սույն ակտի 43-րդ կետում նշված որոշումը, ապա դիմողը պարտավոր է այդ որոշման պատճենն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը և ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 3-օրյա ժամկետում պարտավոր է դիմողին տրամադրել համապատասխան լիցենզիա (շահումով խաղի կամ խաղատան կազմակերպում):

47. Նոր ստեղծվող ձեռնարկությունը լիազոր մարմնի դրական որոշումն ստանալուց հետո 120 օրվա ընթացքում պարտավոր է լիազոր մարմին ներկայացնել սույն ակտի 33-րդ կետի «դ»-«ը» ենթակետերում նշված փաստաթղթերը: Լիազոր մարմինը պարտավոր է փաստաթղթերն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում սույն ակտի 39-րդ կետով սահմանված կարգով քննարկել փաստաթղթերը և կայացնել սույն ակտի 41-րդ կամ 42-րդ կետերով նախատեսված որոշումներից մեկը: Լիցենզավորման հետագա ընթացակարգն իրականացվում է սույն ակտի 46-րդ կետին համապատասխան:

48. Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից հետո կազմակերպիչը պարտավոր է 5-օրյա ժամկետում լիցենզիայի բնօրինակը վերադարձնել լիազոր մարմնին:

 

Բ Ա Ժ Ի Ն  VIII

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

49. Լիազոր մարմինը վարում է շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչներին տրված լիցենզիաների և հավելվածների առանձին գրանցամատյաններ, որտեղ գրառվում են`

ա) կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը.

բ) կազմակերպչի գտնվելու վայրը.

գ) կազմակերպչի կազմակերպական-իրավական տեսակը.

դ) կազմակերպչի պետական գրանցման վկայականի համարը.

ե) լիցենզիայի (լիցենզիաների) հերթական համարը (համարները).

զ) լիցենզիա տալու ամսաթիվը.

է) խաղասրահի հասցեն.

ը) խաղերի տեսակները:

50. Լիցենզիաների գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են լիազոր մարմնի կողմից:

 

Բ Ա Ժ Ի Ն  IX

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

(Վերնագիրը խմբ. 29.07.00 N 428)

 

501. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը, եթե կազմակերպիչը խախտել է սույն կարգի 251 կետով սահմանված պահանջը:

(501 կետը լրաց. 29.07.00 N 428)

502. Լիցենզիայի գործողության կասեցման լիազոր մարմնի սահմանած ժամկետը չի կարող գերազանցել 45 օրը:

(502 կետը լրաց. 29.07.00 N 428)

503. Կազմակերպիչը լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում չի կարող իրականացնել շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպման գործունեություն: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպչի կողմից նման գործունեություն իրականացնելը դիտարկվում է որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվել և առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(503 կետը լրաց. 29.07.00 N 428)

504. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումների վերացման վերաբերյալ կազմակերպչի կողմից լիազոր մարմնին տեղեկացնելուց հետո 15 օրվա ընթացքում, իսկ լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում նման տեղեկություններ չներկայացնելու դեպքում` լիցենզիայի գործողության կասեցման ժամկետից հետո 15 օրվա ընթացքում:

(504 կետը լրաց. 29.07.00 N 428)

505. Եթե սույն կարգի 504 կետին համապատասխան լիազոր մարմինը լիցենզիայի գործողության կասեցմանն անդրադառնում է սույն կարգի 502 կետով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա անկախ այդ ժամկետից, լիցենզիայի գործողությունը կասեցված է մնում մինչև լիազոր մարմնի կողմից դրան անդրադառնալը, բայց սույն կարգի 504 կետով նախատեսված ժամկետից ոչ ուշ: Սույն կարգի 504 կետով նախատեսված ժամկետում լիցենզիայի գործողության կասեցմանը լիազոր մարմնի կողմից չանդրադառնալու դեպքում կասեցումը համարվում է դադարեցված, իսկ լիցենզիայի գործողությունը` վերականգնված:

(505 կետը լրաց. 29.07.00 N 428)

51. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

ա) կազմակերպիչը գործել է սույն ակտի կամ շահումով խաղի կազմակերպման կանոնների պահանջների խախտմամբ և լիազոր մարմնի նախազգուշացմամբ տրված կամ լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում չի վերացրել դրանք, կամ կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո երկու տարվա ընթացքում թույլ է տվել խախտում, որը հիմք է հանդիսանում լիցենզիայի գործողությունը կասեցնելու համար, կամ

բ) լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելիս կամ դրանից հետո մինչև լիցենզիան ստանալու պահը կազմակերպիչը խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել ոչ լիարժեք տեղեկություններ, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացման դեպքում դիմողը լիցենզիան չէր ստանա, կամ

գ) կազմակերպիչը դիմել է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ:

(51-րդ կետը լրաց. 29.07.00 N 428)

52. Լիազոր մարմինը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իր մտադրության մասին կազմակերպչին գրավոր տեղեկացնում է քննարկումից առնվազն 20 օր առաջ, գրության մեջ նշելով`

ա) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իրավական հիմքերն ու հետևանքները.

բ) լիազոր մարմնին հայտնի այն փաստերն ու փաստաթղթերը, որոնք հիմք են ծառայում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար (կցելով այդ փաստաթղթերի պատճենները).

գ) քննարկման վայրը (հասցեն), սենյակի համարը, ամսաթիվը և ժամը.

դ) այն պաշտոնատար անձի անունն ու պաշտոնը, որին կարող են դիմումներ և միջնորդություններ ներկայացվել:

53. Սույն ակտի 52-րդ կետով նախատեսված գրության մեջ նշված օրը, ժամին և վայրում լիազոր մարմինը քննարկում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը` անկախ տվյալ կազմակերպչի ներկայությունից:

54. Քննարկման ընթացքում կազմակերպչի ներկայացուցիչն իրավունք ունի առարկություններ և ապացույցներ ներկայացնել:

55. Լիազոր մարմինը, հիմնավորված անհրաժեշտության դեպքում, իր կամ կազմակերպչի ներկայացուցչի միջնորդությամբ կարող է մինչև մեկ ամիս ժամկետով հետաձգել կամ ընդհատել հարցի քննարկումը` այդ մասին տեղեկացնելով կազմակերպչին:

56. Լիազոր մարմինը քննարկմանը մասնակցող անձի փաստարկները լսելուց և ներկայացված փաստաթղթերն ու այլ ապացույցներ ուսումնասիրելուց հետո ընդունում է մանրամասն հիմնավորված որոշում` հիմք ընդունելով հաստատված փաստերն ու սույն ակտի դրույթները:

57. Եթե լիազոր մարմինը քննարկման արդյունքում որոշում է տվյալ կազմակերպչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել, ապա պարտավոր է հանձնարարել կազմակերպչին անմիջապես դադարեցնել տվյալ գործունեությունը: Տվյալ որոշումը պարտադիր է կատարման համար և անմիջապես ուղարկվում է տվյալ կազմակերպչին, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն, Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստր և հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում կամ հեռուստատեսությամբ:

58. Կազմակերպիչը պարտավոր է սույն ակտի 57-րդ կետում նշված որոշումն ստանձնելուց հետո անմիջապես`

ա) դադարեցնել սույն ակտով լիցենզավորված գործունեությունը.

բ) միջոցներ ձեռնարկել լիազոր մարմնի հետ համաձայնեցված ժամկետներում իր անվանումից հանելու սույն ակտի 11-րդ կետի «ա» ենթակետում նշված «խաղատուն» կամ «կազինո» բառերը և իր տարածքից հեռացնելու տվյալ բառերը պարունակող բոլոր ցուցանակներն ու նշանները.

գ) 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին վերադարձնել կազմակերպչի լիցենզիայի բնօրինակը:

59. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը, քանի դեռ տվյալ որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ չկա օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ:

 

Բ Ա Ժ Ի Ն  X

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

60. Կազմակերպչի` սույն ակտին համապատասխան լիցենզավորված գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումներ անցկացնելու միջոցով:

61. Կազմակերպչի գործունեության նկատմամբ ստուգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի ՆՀ-353 հրամանագրով հաստատված` «Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում ստուգումների կազմակերպման ու անցկացման կանոնակարգին» հետագա լրացումներով և փոփոխություններով (այսուհետև` ՆՀ-353 կանոնակարգ), և սույն ակտին համապատասխան:

62. Լիազոր մարմինն իրավունք ունի հերթական (ծրագրային) ստուգումը կամ ուսումնասիրությունն իրականացնելու տարեկան մեկ անգամ, ընդ որում, ստուգումների միջև ընկած ժամանակահատվածը 300 օրից պակաս լինել չի կարող:

63. Խաղացողների շահերի պաշտպանության նպատակով լիազոր մարմինն իրավունք ունի ցանկացած ժամանակ իրականացնել կազմակերպչի գործունեության արտահերթ (կրկնակի) ստուգում`

ա) կազմակերպչի կողմից սույն ակտի պահանջների կամ խաղի կանոնների էական խախտումների (մեկ կամ ավելի) մասին քաղաքացուց կամ պետական մարմնից ստացած տեղեկությունների առկայության դեպքում.

բ) ՆՀ-353 կանոնակարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերում:

64. Ստուգումների արդյունքներով լիազոր մարմինը կարող է կազմակերպչին տալ նախազգուշացում` որոշակի ժամկետում խախտումները վերացնելու հանձնարարականով: Ստուգման արդյունքները քննարկվում են սույն ակտով քննարկման համար սահմանված ընդհանուր կարգով:

65. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված հաշվետվությունների և տեղեկանքների միջոցով` կազմակերպչի ֆինանսական վիճակի վատթարացումը ժամանակին հայտնաբերելու և խաղացողների շահերը պաշտպանելու նպատակով:

66. Կազմակերպիչը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները մինչև տվյալ (հաշվետու) ժամանակաշրջանին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, իսկ տարեկան ֆինանսական հաշվետվությունը` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներկայացնել լիազոր մարմին: Սույն կետի իմաստով ֆինանսական հաշվետվությունները ներառում են կազմակերպչի`

ա) հաշվապահական հաշվեկշիռը.

բ) եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունը.

գ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը:

67. Լիազոր մարմինը սույն ակտի պահանջների պահպանման, շահումների վճարման երաշխավորվածությունը պարզելու և խաղացողների իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է սահմանել այլ հաշվետվություններ ու տեղեկանքներ և դրանց ձևերն ու ներկայացման ժամկետները:

68. Սույն ակտի կրճատ անվանումն է «Շահումով խաղերի և խաղատների կանոնակարգ»: