ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքը կարգավորում է գիտական և գիտատեխնիկական գործունեության սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև գիտական արդյունքներն օգտագործողների հարաբերությունները, սահմանում է գիտության և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման սկզբունքները:
Գիտությունը, որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն, գտնվում է պետության հովանավորության ներքո:
Հոդված 1. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
գիտական և գիտատեխնիկական գործունեություն` ձեռք բերած գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեություն, ներառյալ`
ա) հիմնարար գիտական հետազոտություններ` բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքների ձեռքբերմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն,
բ) կիրառական գիտական հետազոտություններ` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված հետազոտություններ.
փորձարարական մշակումներ` գիտական հետազոտությունների կամ գործնական փորձի միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված և մարդու կյանքի ու առողջության պահպանմանը, նոր նյութերի, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի կամ մեթոդների ստեղծմանը և դրանց հետագա կատարելագործմանն ուղղված գործունեություն.
ինովացիոն գործունեություն` գիտական արդյունքների օգտագործմանը, նոր արդյունքների ստացմանը, թողարկվող արտադրանքի որակի բարձրացմանը և ծախսերի նվազեցմանն ուղղված գործունեություն.
գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականություն` պետության քաղաքականության բաղկացուցիչ մաս, որն արտահայտում է պետության վերաբերմունքը գիտական ու գիտատեխնիկական գործունեության նկատմամբ, որոշում այդ բնագավառում պետական մարմինների գործունեության հիմնական նպատակները, սկզբունքները, ուղղությունները և եղանակները.
գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունք` նոր գիտելիքներ կամ լուծումներ բովանդակող ու տեղեկատվության ցանկացած կրիչի վրա գրանցված գիտական և (կամ) գիտատեխնիկական գործունեության արդյունք, որը կարող է ներդրվել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում.
գիտնական` գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտ, որն զգալի ներդրում ունի գիտության մեջ.
գիտական աշխատող` գիտական կազմակերպություններում, հիմնարկներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարող անձ.
գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություն (այսուհետ` գիտական կազմակերպություն)` կազմակերպություն, որը, անկախ իր կազմակերպական-իրավական ձևից, հիմնականում իրականացնում է գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն, զբաղվում է գիտական կադրերի պատրաստմամբ:
Հոդված 2. |
Օրենքի հիմնական նպատակը և խնդիրները |
1. Սույն օրենքի հիմնական նպատակը գիտական և գիտատեխնիկական գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:
2. Սույն օրենքի հիմնական խնդիրներն են գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում սահմանել`
ա) գիտական և գիտատեխնիկական գործունեության սուբյեկտների իրավական կարգավիճակը.
բ) գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության հիմնական նպատակները, ուղղությունները և սկզբունքները.
գ) գիտության կառավարման մարմինների լիազորությունները.
դ) գիտական կազմակերպության իրավական կարգավիճակը.
ե) գիտական և գիտատեխնիկական գործունեության տնտեսական, սոցիալական և իրավական ազատության երաշխիքները:
Հոդված 3. |
Գիտական և գիտատեխնիկական գործունեության իրավական կարգավորումը |
1. Գիտական և գիտատեխնիկական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքում, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեությունը կարգավորող այլ օրենքներում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 4. |
Գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձինք և կազմակերպությունները |
Գիտական և գիտատեխնիկական գործունեությունն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձինք (ներառյալ` օտարերկրյա)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) սահմանված կարգով:
Գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտներ են գիտնականները, գիտական աշխատողները, գիտամանկավարժական բնագավառի աշխատողները, գիտական (ներառյալ` հասարակական) կազմակերպությունները, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Հոդված 5. |
Գիտնականի և գիտական աշխատողի իրավունքները և պարտականությունները |
1. Գիտնականը և գիտական աշխատողն իրավունք ունեն`
ա) իրենց հետաքրքրություններին, ստեղծագործական ունակություններին, ինչպես նաև համամարդկային ու ազգային արժեքներին համապատասխան ընտրել գիտական և գիտատեխնիկական գործունեության ձևեր, ուղղություններ և միջոցներ.
բ) գիտական և գիտատեխնիկական համատեղ գործունեություն ծավալելու նպատակով միավորվել այլ գիտնականների, գիտական աշխատողների հետ և կազմակերպել մշտական կամ ժամանակավոր գիտական կոլեկտիվներ.
գ) պատճառաբանված կերպով հրաժարվել այն գիտական կամ գիտատեխնիկական հետազոտություններին մասնակցելուց, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել մարդու, հասարակության կամ շրջակա միջավայրի վրա.
դ) իրենց որակավորմանը, ստացված գիտական արդյունքների, կատարվող աշխատանքի որակի և բարդության աստիճանին համապատասխան ակնկալել իրենց գործունեության անաչառ գնահատական և նյութական խրախուսում, ինչպես նաև վարձատրվել կամ եկամուտ ստանալ իրենց գիտական կամ գիտատեխնիկական գործունեության արդյունքի իրացումից.
ե) մասնակցել պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորվող գիտական հետազոտությունների համար հայտարարված մրցույթներին.
զ) տպագրել և հրապարակել սեփական հետազոտությունների արդյունքները` օրենսդրությամբ սահմանված կարգով.
է) մասնակցել գիտական և գիտատեխնիկական աշխատողների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին.
ը) գիտության զարգացման, տեխնոլոգիաների, գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքների, արտադրության մեջ դրանց ներդրման ու գիտական կադրերի պատրաստման համար արժանանալ գիտական աստիճանների, գիտական կոչումների, մրցանակների, տիտղոսների, պատվավոր կոչումների.
թ) ազատորեն օգտագործել, տարածել և փոխանակել գիտական տեղեկատվություն, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված պետական, ծառայողական, առևտրային և այլ գաղտնիք համարվող տեղեկատվության.
ժ) զբաղվել մանկավարժական գործունեությամբ, իրականացնել խորհրդատվություն, լինել փորձագետ` օրենսդրությամբ սահմանված կարգով.
ժա) գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունքները ներկայացնել գիտական զեկուցումների, հրապարակումների ու ատենախոսությունների պաշտպանության եղանակով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Գիտնականը և գիտական աշխատողը պարտավոր են`
ա) գիտական կամ գիտատեխնիկական գործունեությամբ վնաս չհասցնել մարդու կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրին.
բ) պահպանել էթիկայի չափանիշները և մտավոր սեփականության իրավունքը:
3. Գիտական աշխատողը նաև պարտավոր է`
ա) գիտական հետազոտությունները կատարել կնքված պայմանագրերին համապատասխան.
բ) մշտապես բարձրացնել իր որակավորումը:
Հոդված 6. |
Գիտական կազմակերպությունը |
1. Գիտական կազմակերպությունը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 51 հոդվածով, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ցանկացած առևտրային և ոչ առևտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձև կամ լինել հիմնարկ:
2. Գիտական կազմակերպություններն ստորաբաժանվում են գիտահետազոտական կազմակերպությունների, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումների, փորձակոնստրուկտորական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական կամ գիտական և գիտատեխնիկական գործունեություն ծավալող այլ կազմակերպությունների:
3. Գիտական կազմակերպության գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը սահմանվում է օրենսդրությամբ:
Առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունները կարող են լինել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ինչպես նաև բաց կամ փակ բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձևերով: Առևտրային գիտական կազմակերպությունների կանոնադրություններն ընդունվում են այդ կազմակերպությունների կողմից: Դրանք օրենքով սահմանված կարգով գրանցում է հիմնադիրը:
Ոչ առևտրային գիտական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի կանոնադրությունն ընդունվում է այդ կազմակերպությունում և, օրենքով սահմանված կարգով, հաստատվում հիմնադրի կողմից:
4. Գիտական պետական կազմակերպությունը ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129 հոդվածի, սույն օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ ակտերի հիման վրա և դրանցում նախատեսված կարգով ու սահմանված հիմքով ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ: Գիտական պետական կազմակերպության կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը, իսկ նրա գույքը չի կարող օտարվել մասնավորեցման կարգով:
5. Պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իր հիմնադրի հաստատած կանոնադրությամբ սահմանված կարգով տիրապետում, օգտագործում, տնօրինում է իրեն տրամադրված գույքը` դրա նշանակությանը համապատասխան: Հիմնարկն ունի հաշվեկշիռ, նախահաշիվ, բանկային հաշիվ և զինանշանով կնիք: Պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպության գույքը սեփականության իրավունքով պատկանում է պետությանը և չի կարող օտարվել մասնավորեցման կարգով: Հիմնարկի իրավական վիճակի այլ առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ:
6. Գիտական կազմակերպությունը կարող է գիտական կամ գիտատեխնիկական համագործակցություն իրականացնել օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ` օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Բարձր որակավորմամբ գիտական աշխատողներ և մասնագետներ ունեցող գիտական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) կարող է տալ գիտական կենտրոնի կարգավիճակ: Կենտրոնը համալիր ուսումնասիրություն կատարող, ինչպես նաև բարձր որակավորման աշխատողներ և մասնագետներ ունեցող գիտական կազմակերպություն է կամ դրա առանձնացված տարածքային միավորում:
8. Գիտական կազմակերպությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 7. |
Գիտական կազմակերպության գիտական խորհուրդը |
1. Գիտական կազմակերպության գիտական խորհուրդն այդ կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:
2. Գիտական կազմակերպության գիտական խորհրդի կազմը, կազմավորման կարգը, խնդիրները, գործառույթները, կախված նրա կազմակերպական-իրավական ձևից, սահմանվում են կազմակերպության կամ դրա հիմնադրի կողմից հաստատված կանոնադրությամբ:
Հոդված 8. |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան |
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ` ԳԱԱ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129 հոդվածի, սույն օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցում նախատեսված կարգով ու սահմանված հիմքով ձեռք է բերում և իրականացնում սույն հոդվածի 8-րդ կետում ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:
2. ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության գիտական բարձրագույն կենտրոնն է, որը միավորում է իր համակարգի գիտական կազմակերպությունները, ԳԱԱ իսկական և թղթակից անդամներին, գիտնականներին և գիտական աշխատողներին, համակարգում է հանրապետությունում իրականացվող հիմնարար գիտական հետազոտությունները:
3. ԳԱԱ-ն գործում է սույն օրենքի, այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ու իր կանոնադրության հիման վրա:
4. ԳԱԱ կառավարման մարմիններն են` ԳԱԱ իսկական և թղթակից անդամների ընդհանուր ժողովը, ԳԱԱ նախագահությունը և ԳԱԱ նախագահը: Նախագահությունը և նախագահն ընտրվում են ընդհանուր ժողովում` ԳԱԱ անդամների կազմից, հաշվետու և պատասխանատու են ընդհանուր ժողովի առջև:
ԳԱԱ կառավարման մարմինների կարգավիճակը սահմանվում է ԳԱԱ կանոնադրությամբ, որն ընդունում է ընդհանուր ժողովը և հաստատում կառավարությունը:
5. Հայաստանի Հանրապետությունում գիտական քաղաքականության մշակման, իրականացման և գիտության կառավարման ոլորտում ԳԱԱ-ն ունի հատուկ կարգավիճակ և պետության հետ ունեցած հարաբերություններում անմիջականորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ: ԳԱԱ նախագահը մասնակցում է կառավարության նիստերին:
6. ԳԱԱ-ն կառավարության պաշտոնական գիտական խորհրդատուն է, որի առաջարկները պարտադիր կարգով քննարկում են կառավարության և պետական կառավարման համապատասխան մարմինները: Պետական կառավարման մարմինները քննարկումներն անցկացնում են համապատասխան առաջարկները ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
7. ԳԱԱ գործունեության բազային և նպատակային-ծրագրային ֆինանսավորումը պետական բյուջեում նշվում է առանձին տողով:
8. ԳԱԱ-ն`
ա) կազմակերպում և իրականացնում է հիմնարար ու կիրառական հետազոտություններ գիտության հիմնախնդիրների վերաբերյալ.
բ) համակարգում է գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում կատարվող հիմնարար հետազոտությունները.
գ) մասնակցում է Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական քաղաքականության սկզբունքների մշակմանը և պետական գիտական ծրագրերի ստեղծմանը.
դ) մասնակցում է գիտահետազոտական ծրագրերի փորձաքննության սկզբունքների և մեթոդների մշակմանը, սահմանված կարգով իրականացնում է փորձաքննություն հիմնարար գիտությունների բնագավառում.
ե) իրականացնում է գիտական, կրթական և մշակութային ներդաշնակ համակարգի ձևավորմանն ու հանրապետության գիտական ներուժի զարգացմանն ուղղված` օրենսդրությամբ սահմանված այլ գործունեություն.
զ) իր կանոնադրությամբ հաստատված կարգով կազմակերպում է ԳԱԱ իսկական և թղթակից անդամների ընտրությունը և շնորհում է համապատասխան տիտղոսներ.
է) շնորհում է ակադեմիկոսի գիտական տիտղոս, որը Հայաստանի Հանրապետությունում կարող է շնորհել միայն ԳԱԱ-ն.
ը) ԳԱԱ իսկական և թղթակից անդամներին տրամադրում է ցմահ պատվո վճար, որի չափը սահմանում է կառավարությունը:
9. ԳԱԱ և նրա համակարգի կազմակերպությունների գույքը ենթակա չէ սեփականաշնորհման: ԳԱԱ և նրա համակարգի կազմակերպությունների չօգտագործվող գույքը վարձակալության հանձնվելու դեպքում ստացված գումարներն օգտագործվում են նրանց կանոնադրական խնդիրներն իրականացնելու համար:
10. ԳԱԱ-ն վերակազմակերպվում և լուծարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 9. |
ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունները |
1. ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունները ԳԱԱ հիմնարկներն են, որոնք գործում են սույն օրենքի, այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ու ԳԱԱ-ի հաստատած կանոնադրությունների հիման վրա. ունեն հաշվեկշիռ, նախահաշիվ, բանկային հաշիվ և զինանշանով կնիք:
2. ԳԱԱ համակարգի կազմակերպությունների տիպային (օրինակելի) կանոնադրությունը, որը երաշխավորում է հատկացված գույքը տիրապետելու և տնօրինելու` այդ կազմակերպությունների ինքնուրույնությունը, հաստատում է կառավարությունը:
ԳԱԱ-ն, իր համակարգի գիտական կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելիս, իրավունք չունի սահմանափակել կառավարության հաստատած տիպային կանոնադրությամբ նախատեսված այդ կազմակերպություններին հատկացված գույքը տիրապետելու և օգտագործելու նրանց լիազորությունները:
3. ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կարող են զբաղվել շահութաբեր գործունեությամբ` այդ նպատակների համար օգտագործելով պետական առաջադրանքի կատարումից ազատ տարածքները, սարքավորումները և այլ գույք:
4. ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների շահութաբեր գործունեության նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը:
5. ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունները ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները ծախսում են իրենց կանոնադրական խնդիրների լուծման համար:
Հոդված 10. |
Գիտական և գիտատեխնիկական գործունեությունը բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում |
1. Գիտական և գիտատեխնիկական գործունեությունը բարձրագույն ուսումնական հաստատության կարևորագույն գործառույթներից մեկն է: Այն իրականացվում է սույն օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և տվյալ հաստատության կանոնադրությանը համապատասխան:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության կազմում կարող են ստեղծվել գիտական ստորաբաժանումներ` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 11. |
Գիտնականների, գիտական աշխատողների հասարակական միավորումները |
1. Գիտնականները, գիտական աշխատողները, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են կամավոր հիմունքներով ստեղծել հասարակական միավորումներ, ներառյալ` գիտական, գիտատեխնիկական և գիտալուսավորչական ընկերություններ, միություններ, գիտությունների հասարակական ակադեմիաներ, որոնք նպատակաուղղված գործունեություն են ծավալում գիտության համապատասխան բնագավառի զարգացման ուղղությամբ:
2. Պետական մարմինները գիտնականների, գիտական աշխատողների հասարակական միավորումներին, ներառյալ` գիտությունների հասարակական ակադեմիաներին, կարող են կամավորության հիմունքներով ներգրավել գիտության զարգացման հետ առնչվող որոշումների նախագծերի նախապատրաստմանը և փորձաքննությունների անցկացմանը:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 12. |
Գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակներն ու սկզբունքները |
1. Գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`
ա) հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը, դրա ռացիոնալ տեղաբաշխումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորումը, հասարակության մտավոր ներուժի վերարտադրումը.
բ) տնտեսության զարգացման նպատակով գիտության և տեխնիկայի նվաճումների ներդրման խրախուսումը.
գ) սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելը.
դ) մարդու, հասարակության և պետության անվտանգությանն աջակցելը.
ե) գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը.
զ) երկրի բնապահպանական վիճակի բարելավումը.
է) միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրումը.
ը) գիտատեխնիկական մշակույթի զարգացումը և տարածումը.
թ) գիտության ժամանակակից ենթակառուցվածքի և տեղեկատվական ապահովման համակարգի ձևավորումը:
2. Գիտական և գիտատեխնիկական ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքներն են`
ա) գիտության` իբրև պետության և հասարակության գործունեության բոլոր ոլորտներում գիտականորեն հիմնավորված մոտեցումների առաջատար դերի ընդունումը.
բ) հիմնարար գիտական հետազոտությունների, գիտության և տեխնիկայի գերակա ուղղությունների զարգացման ապահովումը.
գ) գիտության և տեխնիկայի բնագավառում մրցակցությանն ու ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելը.
դ) գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության խրախուսումը.
ե) մտավոր սեփականության իրավական պաշտպանվածությունը և դրա արդյունավետ օգտագործման պայմանների ստեղծումը.
զ) գիտական և գիտատեխնիկական միջազգային համագործակցության զարգացումը.
է) գիտության հասարակական վարկի բարձրացումը, գիտական և գիտատեխնիկական կադրերի բարեկեցության, նրանց սոցիալական, տնտեսական և իրավական պաշտպանվածության ապահովումը.
ը) տաղանդավոր երիտասարդ գիտնականների ընտրության և խրախուսման համակարգի ստեղծումը.
թ) գիտատեխնիկական գործունեության սուբյեկտների ստեղծագործական ազատության ճանաչումը:
Հոդված 13. |
Գիտական և գիտատեխնիկական գործունեության կառավարումը |
1. Գիտական և գիտատեխնիկական գործունեության կառավարումն իրականացվում է պետական կարգավորման և այդ գործունեության սուբյեկտների ինքնակառավարման սկզբունքների զուգակցմամբ:
2. Պետական մարմինները, գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունները, իրենց իրավասության շրջանակներում, որոշում են գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտում գերակա ուղղությունները, ապահովում գիտական համակարգի զարգացումը, գիտական և գիտատեխնիկական գործունեության միջճյուղային համակարգումը, գիտական ու գիտատեխնիկական ծրագրերի և նախագծերի մշակումն ու իրականացումը, գիտության և արտադրության ինտեգրման ձևերի զարգացումը, գիտության և տեխնիկայի նվաճումների իրացումը:
3. Գիտական պետական կազմակերպությունների հիմնադիրները`
ա) հաստատում են գիտական պետական կազմակերպությունների կանոնադրությունները.
բ) վերահսկողություն են իրականացնում պետության կողմից գիտական պետական կազմակերպություններին տրամադրված գույքի արդյունավետ օգտագործման, տիրապետման և պահպանման նկատմամբ.
գ) իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են այլ լիազորություններ:
ԳԱԱ և գիտական այլ կազմակերպությունների ղեկավարները նշանակվում կամ ընտրվում են օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով սահմանված կարգով:
Հոդված 14. |
Կառավարության իրավասությունը գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման բնագավառում |
1. Գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման բնագավառում կառավարության իրավասությունն է`
ա) գիտական և գիտատեխնիկական միասնական քաղաքականության իրականացումը.
բ) Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների որոշումը.
գ) գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի իրականացման ապահովումը.
դ) գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման պետական պատվերի հաստատումը.
ե) պետական բյուջեի համաձայն գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը.
զ) գիտական պետական կազմակերպությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.
է) գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգի ու չափանիշների հաստատումը.
ը) գիտական կադրերի որակավորման կարգի և գնահատման չափանիշների հաստատումը.
թ) գիտության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինների և նրանց խնդիրների սահմանումը:
2. Կառավարությունը պետական բյուջեի նախագծի հետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերը:
Հոդված 15. |
Գիտության պետական կառավարման խնդիրները |
Հայաստանի Հանրապետությունում գիտության պետական կառավարման խնդիրներն են`
ա) գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի մշակումը, պետական պատվերի տեղադրումը.
բ) գիտական և բարձր տեխնոլոգիական ոլորտի աշխատանքների համակարգումը.
գ) գիտության և արտադրության միջև փոխշահավետ հարաբերությունների ստեղծմանն օժանդակելը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելը.
դ) միջպետական գիտատեխնիկական ծրագրերի մշակման աշխատանքների համակարգումը.
ե) գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ գիտական համագործակցության կազմակերպումը.
զ) գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգի և չափանիշների մշակումը.
է) գիտական կադրերի որակավորման կարգի և գնահատման չափանիշների մշակումը:
Հոդված 16. |
Գիտական կադրերի պատրաստումը և որակավորումը: Գիտական աստիճանները և գիտական կոչումները |
1. Գիտական կադրերի պատրաստման հիմնական ձևերն են` ասպիրանտուրա, օրդինատուրա, դոկտորանտուրա և հայցողների համակարգ: Ասպիրանտուրայում, օրդինատուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը սահմանում է կառավարությունը:
2. Գիտական որակավորման իրավական հիմքերը և չափանիշները սահմանում է կառավարությունը, իսկ դրանց իրականացումն ապահովում է որակավորման պետական համակարգը:
3. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճաններ, պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ:
4. Պրոֆեսորի գիտական կոչումը, որպես կանոն, շնորհվում է գիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին հինգ տարիներին զբաղվել են գիտամանկավարժական և գիտամեթոդական գործունեությամբ կամ առնվազն պաշտպանած գիտական հինգ թեզերի ղեկավար են:
5. Դոցենտի գիտական կոչումը, որպես կանոն, շնորհվում է գիտության թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին երեք տարիների ընթացքում բուհական համակարգում իրականացրել են գիտամանկավարժական գործունեություն:
6. Մշակույթի և սպորտի բնագավառներում պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհման կարգը սահմանում է կառավարությունը:
7. Գիտական աստիճանները շնորհում են գիտական կազմակերպություններին առընթեր մասնագիտական խորհուրդները` կառավարության սահմանած կարգով:
8. Գիտական աստիճանները հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը` կառավարության սահմանած կարգով: Դիպլոմների նմուշները հաստատում է կառավարությունը:
9. Գիտական կոչումները շնորհվում են բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական խորհուրդների որոշմամբ` կառավարության սահմանած կարգով:
Գիտական կոչումները հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը: Դիպլոմների նմուշները հաստատում է կառավարությունը:
10. Գիտական աստիճանի և (կամ) գիտական կոչման առկայությունը հաշվի է առնվում գիտական աշխատողի կողմից տվյալ գիտական պաշտոնին հավակնելու դեպքում:
11. Գիտական աստիճանները և (կամ) կոչումները, որոնք շնորհվել են մինչև 1993 թվականը, պահպանում են իրենց իրավաբանական ուժը և հավասարեցվում են դրանից հետո շնորհված գիտական աստիճաններին և (կամ) կոչումներին:
Հոդված 17. |
Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի ատեստավորումը |
1. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի ատեստավորումն իրականացվում է առնվազն հինգ տարին մեկ անգամ: Ատեստավորումը նպատակ ունի`
ա) գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստացված գիտական արդյունքները.
բ) պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին:
2. Գիտական աշխատողի ատեստավորման կարգի և գնահատման չափանիշների խախտման դեպքում ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:
3. Գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատում է կառավարությունը:
Հոդված 18. |
Գիտական և գիտատեխնիկական աշխատանքի արդյունքի իրավական ռեժիմը |
Գիտական և գիտատեխնիկական աշխատանքի արդյունքը` որպես մտավոր սեփականության իրավական ռեժիմ, սահմանվում է օրենսդրությամբ:
Հոդված 19. |
Գիտական աշխատողի աշխատանքի վարձատրությունը և թոշակավորումը |
1. Գիտական աշխատողի աշխատանքի վարձատրությունը և կենսաթոշակը պետք է նպաստեն գիտական աշխատանքի վարկի բարձրացման ու գիտական կադրերի նորացման գործընթացին, բավարար նյութական պայմաններ ապահովեն ինքնուրույն և արդյունավետ ստեղծագործական գործունեություն իրականացնելու համար:
2. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի վարձատրությունը բաղկացած է օրենսդրությամբ սահմանված աշխատավարձից, պարգևատրումներից, գիտական աստիճանի, գիտության ոլորտում աշխատանքային ստաժի համար տրվող լրացուցիչ վարձատրությունից և այլ հավելավճարներից: Գիտական աշխատողի վարձատրության պայմանները սահմանում է կառավարությունը:
3. Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:
Հոդված 20. |
Գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական փորձաքննության կազմակերպումն ու իրականացումը |
Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող գիտական ու գիտատեխնիկական ծրագրերի և նախագծերի ընտրությունն իրականացվում է փորձաքննության միջոցով` մրցույթով, որի անցկացման կարգը սահմանում է կառավարությունը:
Հոդված 21. |
Գիտատեխնիկական տեղեկատվական համակարգը |
Գիտության զարգացմանը և գիտատեխնիկական գործունեությանը նպաստելու նպատակով պետությունն ստեղծում է գիտատեխնիկական տեղեկատվության ապահովման համակարգ, որի գործունեությունը և զարգացումը կարգավորվում են օրենսդրությամբ:
Հոդված 22. |
Գիտական և գիտատեխնիկական գործունեության սերտիֆիկացումն ու ստանդարտացումը |
Գիտական և գիտատեխնիկական գործունեության սերտիֆիկացումն ու ստանդարտացումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 23. |
Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը |
1. Գիտական և գիտատեխնիկական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է բյուջետային ֆինանսավորումը:
2. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, սկսած 2002 թվականից, պետությունը միջոցներ է հատկացնում պետական բյուջեի տարեկան ծախսային մասի երեք տոկոսից ոչ պակաս չափով: Այդ միջոցներն ուղղվում են բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, ինչպես նաև գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը:
3. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման աղբյուրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.
բ) պայմանագրերից գոյացած միջոցները.
գ) հիմնադրամները, ներառյալ` արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հատկացումները, քաղաքացիների ներդրումները և այլն.
դ) դրամաշնորհները.
ե) վարկերը.
զ) գիտական, հրատարակչական, խորհրդատվական և օրենքով չարգելված այլ գործունեությունից գոյացած միջոցները.
է) գիտական արդյունքների ներդրումից և իրացումից գոյացած միջոցները:
4. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ ձևերով.
ա) բազային ֆինանսավորում, որը հատկացվում է գիտական պետական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ու գիտական կադրերի պատրաստման նպատակներով.
բ) նպատակային-ծրագրային ֆինանսավորում, որն իրականացվում է մրցութային հիմունքներով և ուղղված է գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերի կատարմանը.
գ) պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում, որն ուղղված է գիտնականների և հետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ ներկայացված ու մրցութային կարգով ընտրված հետազոտական նախագծերի իրականացմանը:
Պետական բյուջեից նշված երեք ձևով ֆինանսավորման ծավալների միջև համամասնությունները որոշվում են պետական բյուջեի մասին օրենքով: Պետական բյուջեից գիտության ֆինանսավորման ընդհանուր ծավալում բազային ֆինանսավորման մասնաբաժինը հաստատվում է պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ:
Հոդված 24. |
Գիտական և գիտատեխնիկական միջազգային համագործակցությունը |
1. Գիտական և գիտատեխնիկական գործունեության սուբյեկտն իրավունք ունի անդամակցել գիտական և գիտատեխնիկական միջազգային կազմակերպություններին ու միավորումներին, մասնակցել միջազգային գիտական և գիտատեխնիկական ծրագրերին ու նախագծերին, օտարերկրյա պետությունների գիտական և գիտատեխնիկական ծրագրերին ու նախագծերին, աշխատանքային պայմանագրեր և այլ համաձայնագրեր կնքել օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ:
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց և գիտական կազմակերպությունների հետ համատեղ կարող են ստեղծվել գիտական կազմակերպություններ և կենտրոններ` օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Գիտության և տեխնիկայի ոլորտում օտարերկրյա ներդրումները կատարվում են օրենսդրությանը համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 4.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 25. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
|
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Երևան 26 դեկտեմբերի 2000 թ. ՀՕ-119
|
|