Համարը 
ՀՕ-8
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳԽՏ 1992.01.23/14  Հոդ.1
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
18.01.1992
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.01.1992
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.1992
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.1998

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Օրինագիծն ընդունված է
ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
25 դեկտեմբերի 1991թ.
Ն-0489-I


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I

 

ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 1. Շահութահարկով հարկվող օբյեկտ է հանդիսանում ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հաշվեկշռային շահույթը` հաշվի առած սույն օրենքի դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի համաձայն դրա ավելացումը (նվազեցումը):

Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ վճարում են.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկություններն ու կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացված շահույթի մասով, իսկ միջազգային միավորումներն ու կազմակերպությունները, այլ օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց մասնաճյուղերը, մշտական ներկայացուցչություններն ու այլ նմանատիպ ստորաբաժանումները (այսուհետ` օտարերկրյա իրավաբանական անձինք)` Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության իրականացումից ստացված շահույթի մասով:

Սույն հոդվածում նշված ձեռնարկությունները, կազմակերպությունները և օտարերկրյա իրավաբանական անձինք այսուհետ կանվանվեն ձեռնարկություններ:

 

ԳԼՈՒԽ II


ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

ՀՈԴՎԱԾ 2. Հարկվող շահույթը հաշվարկվում է` ելնելով հաշվեկշռային շահույթից, որը արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների ու այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի և արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտների (հանած այդ գործառնությունների վրա կատարված ծախսերը) գումարն է:

Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացվող շահույթը որոշվում է որպես արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) և դրա արտադրության և իրացման ինքնարժեքի մեջ մտնող ծախսերի տարբերություն:

Ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի մեծությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտների (ծախսերի) կազմի մեջ մտնում են`

ա) գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները.

բ) փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտները, եթե դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախապես չեն հարկվել: Փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտների գծով շահութահարկի հաշվարկումը և վճարումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

գ) արտադրանքի արտադրության (աշխատանքների, ծառայությունների) և իրացման հետ անմիջականորեն չկապված գործառնություններից ստացվող մյուս եկամուտները (ծախսերը), ներառյալ տուգանքների, տույժերի և բաց թողնված եկամտի ձևով ստացված և վճարված գումարները և վնասների փոխհատուցման գումարները:

դ) այլ ձեռնարկություններից և կազմակերպություններից անհատույց ստացված գումարները, եթե դրանք չեն իրականացնում համատեղ գործունեություն (բացառությամբ հիմնադիրների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրական ֆոնդին փոխանցված գումարների):

 

ՀՈԴՎԱԾ 3. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) դիմաց բնամթերային ձևով եկամուտներ ստացող ձեռնարկությունների կողմից վճարվող շահութահարկի չափը որոշելիս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այդ բնամթերքը գնահատելիս, կիրառվում են համապատասխան գներ:

 

ՀՈԴՎԱԾ 4. Շահույթը որոշելիս արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ են մտցվում`

ա) նյութական ծախսերը.

բ) հիմնական արտադրական ֆոնդերի լրիվ վերականգնման հատկացումները.

գ) աշխատանքի վարձատրման ծախսերը.

դ) վարձակալական վճարը.

ե) գույքի պարտադիր ապահովագրման վճարումները.

զ) պետական սոցիալական և բուժապահովագրության վճարումները.

է) կարճաժամկետ վարկերի դիմաց տոկոսների վճարումները (բացի ժամկետանց և տարկետված վարկերից).

ը) արտադրանքի արտադրման և իրացման մյուս ծախսերը (ներառյալ հիմնական արտադրական ֆոնդերի բոլոր տեսակի նորոգման ծախսերը):

 

ՀՈԴՎԱԾ 5. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վերջինիս հանձնարարությամբ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից առանձին ծախսերի համար սահմանված են նորմաներ, ապա արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման ծախսերի մեջ ներառվող գումարները նախատեսվում են այդ նորմաների շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 6. Տնտեսության առանձին ճյուղերում, ինչպես նաև տնտեսական ու այլ առևտրային գործունեության տարբեր բնագավառներում արտադրանքի արտադրությունից (աշխատանքներից, ծառայություններից) և իրացումից ստացված եկամուտների և դրանց վրա կատարված ծախսերի կազմի առանձնահատկությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Այն դեպքում, երբ ստացված շահույթի որոշումն անհնար է, թույլատրվում է, ելնելով առանձին վճարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվող շահութաբերության համապատասխան նորմաներից, շահույթը որոշել համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը (հաշվի առած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրա ավելացումը) նվազեցվում է`

ա) շինությունների սեփականատերերից գանձվող և հողային հարկի չափով.

բ) տրանսպորտային միջոցների սեփականատերերից գանձվող հարկի չափով.

գ) շահույթի հաշվին վճարվող այլ հարկերի և վճարների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ III

 

ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

ՀՈԴՎԱԾ 9. Հարկվող շահույթը հաշվարկվում է որպես սույն օրենքի 10 հոդվածով սահմանված համախառն եկամտի և այդ եկամտի ստացման հետ կապված ծախսերի տարբերություն:

 

ՀՈԴՎԱԾ 10. Համախառն եկամուտը տնտեսական ու այլ առևտրային գործունեության բոլոր տեսակներից ստացված եկամուտն է, որն ընդգրկում է`

ա) արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հասույթը.

բ) ձեռնարկության սեփականությունը հանդիսացող գույքի իրացումից ստացված եկամուտները` հանած այդ սեփականության մնացորդային արժեքը և իրացման ծախսերը. գ) տրամադրված վարկերի դիմաց ստացված տոկոսները.

դ) սեփականությունը վարձակալության տալուց ստացված վարձավճարը.

ե) արժեթղթերից ստացված եկամուտը, բացառությամբ բաժնետոմսերից ստացված շահութամասերի (դիվիդենտների), եթե այն շահույթը, որից վճարվում են այդ շահութամասերը (դիվիդենտները), արդեն հարկվել է շահութահարկով.

զ) փայամասնակցությունից (այդ թվում նաև տնտեսական ընկերակցություններում) ստացված շահութամասերը, եթե շահույթը, որից վճարվում են նշված շահութամասերը, նախօրոք շահութահարկով չի հարկվել.

է) գույքի կառավարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ ձևերից ստացված եկամուտները.

ը) տնտեսական տույժերի, տուգանքների և բաց թողնված եկամուտների ձևով ստացված գումարները և փոխհատուցված վնասները:

 

ՀՈԴՎԱԾ 11. Շահույթի հաշվարկման համար համախառն եկամտից նախապես հանվում են ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը, ապա` համախառն եկամտի ստացման նպատակով կատարված`

ա) նյութական, այն է` հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, ապրանքների, վառելիքի, էներգիայի, սարքերի գնման ծախսերը.

բ) աշխատանքի վարձատրության, այդ թվում` բնամթերային ձևով կատարվող ծախսերը.

գ) արտադրական ֆոնդերի նորոգման ծախսերը և լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումները.

դ) վարձակալական վճարները.

ե) այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից կատարված արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների ծախսերը, բացառությամբ կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների վերանորոգման ծախսերի.

զ) գործուղումների, գրասենյակային, կապի միջոցներից օգտվելու ծախսերը.

է) մարկետինգի ծախսերը, այն է` շուկայի ուսումնասիրության, գովազդի, արտադրանքի գիտահետազոտական ու փորձնա-կոնստրուկտորական, վաճառահանման, դիզայնի ծախսերը.

ը) բնական ռեսուրսների օգտագործման վճարը.

թ) ապահովագրական վճարումները.

ժ) կարճաժամկետ վարկերի դիմաց տոկոսների վճարումները (բացի ժամկետանց և տարկետված վարկերից ).

ի) պետական սոցիալական և բուժապահովագրական վճարները:

 

ՀՈԴՎԱԾ 12. Եթե սույն օրենքի 11 հոդվածում թվարկված առանձին ծախսերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված են նորմաներ, ապա եկամուտների ստացման նպատակով կատարված ծախսերը, որոնք գերազանցում են այդ նորմաները, չեն ընդգրկվում նշված ծախսերի կազմի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 13. Բնամթերային ձևով վարձատրություն ստացող ձեռնարկությունների հարկվող շահույթի չափը որոշելիս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այդ բնամթերքը գնահատելիս, կիրառվում են համապատասխան գներ:

 

ՀՈԴՎԱԾ 14. Շահույթի հաշվարկման ժամանակ գործունեության տարբեր ձևերից ստացված եկամուտների և կատարված ծախսերի հաշվարկման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 15. Հարկվող շահույթը հաշվարկելիս այն նվազեցվում է`

ա) սեփականության վաճառքի կամ փոխանակության հետևանքով ստացված կորստի չափով (որը որոշվում է մնացորդային արժեքի և վաճառքի կամ փոխանակության արժեքի տարբերությամբ).

բ) շինությունների սեփականատերերից գանձվող և հողային հարկի չափով.

գ) տրանսպորտային միջոցների սեփականատերերից գանձվող հարկի չափով.

դ) այն հարկերի և վճարումների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 16. Այն դեպքում, երբ ստացված շահույթի ուղղակի որոշումն անհնար է, թույլատրվում է այն որոշել համախառն եկամտի կամ կատարված ծախսերի հիման վրա` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձին վճարողների համար որոշված և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված շահութաբերության համապատասխան նորմաներից:

 

ԳԼՈՒԽ IV

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 17. Հարկվող շահույթից շահութահարկը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.


-----------------------------------------------------------------------------------

Հարկվող շահույթի տարեկան գումարը (դրամ) Շահութահարկի դրույքաչափը

-----------------------------------------------------------------------------------

Մինչև 360 դրամ

12 տոկոս

361 դրամից մինչև 720 դրամ

43,2 դրամ գումարած 360 դրամին գերազանցող գումարի 18%

721 դրամից մինչև 1080 դրամ

108 դրամ գումարած 720 դրամին գերազանցող գումարի 25%

1081 դրամ և ավելի
198 դրամ գումարած 1080 դրամին գերազանցող գումարի 30%


  ՀՈԴՎԱԾ 18. Բանկերը, այլ ֆինանսավարկային, ինչպես նաև ապահովագրական կազմակերպությունները շահութահարկ վճարում են 30 տոկոս դրույքաչափով: (խմբ. 05.05.95թ. օրենքով)

Շահումներով խաղերի (այդ թվում խաղատներում անցկացվող) և վիճակախաղերի կազմակերպումից ու անցկացումից ստացված շահույթի դիմաց շահութահարկ վճարվում է 70 տոկոս դրույքաչափով:

Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է սահմանել շահութահարկի այլ դրույքաչափեր ու չափեր, հաստատագրված վճարումներ, դրանց հաշվարկման ու վճարման կարգը և արտոնություններ:

Տնտեսական և այլ առևտրային գործունեության մի քանի տեսակներ (այդ թվում շահութահարկի հաստատագրված վճարման ենթակա գործունեություն) իրականացնող ձեռնարկություններն ու կազմակերպությունները, օրենսդրությամբ սահմանված կարգով, շահութահարկ են վճարում գործունեության յուրաքանչյուր տեսակի համար առանձին` սահմանված դրույքաչափով: Այդ նպատակով, վճարողի կողմից, ըստ գործունեության առանձին տեսակների, պետք է տարվի շահույթի հաշվառում:

Եթե ըստ գործունեության առանձին տեսակների շահույթի հաշվառումը բացակայում է, ողջ շահույթը (անկախ բյուջե մուծվելիք հաստատագրված վճարի գումարից) հարկվում է գործունեության այդ տեսակների համար օրենսդրությամբ սահմանված շահութահարկի ամենաբարձր դրույքաչափով: (խմբ. 25.10.95թ. օրենքով)

 

ՀՈԴՎԱԾ 19. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ վերանայում է սույն օրենքի 17 հոդվածով սահմանված դրույքաչափերը` ելնելով ինֆլյացիայի գործակցի չափերից:

 

ԳԼՈՒԽ V

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ ԲՅՈՒՋԵ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 20. Շահութահարկի բաշխումը ըստ հանրապետական և տեղական բյուջեների իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՀԱՆՎԵԼ Է

 

ԳԼՈՒԽ VI

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 22. Շահութահարկի վճարումից ազատվում են`

ա) ձեռնարկությունները և կազմակերպությունները` գյուղատնտեսական գործունեության (գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) գծով, բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական այն ձեռնարկությունների (ջերմոցային և գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ և այլն), որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:

Գյուղատնտեսական գործունեության գծով վճարողներից գանձվում է հողի հարկ: Այն վճարողները, որոնց հասույթի (եկամտի) 25 տոկոսից ավելին ստացվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից, այդ գործունեության գծով չեն ազատվում շահութահարկից: Այդ նպատակով վճարողները պարտավոր են վարել գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեության գծով արտադրության և շրջանառության ծախքերի, ինչպես նաև իրացման առանձնացված հաշվառում:

բ) նոր ստեղծված ձեռնարկությունները` պետական գրանցում ստանալուն հաջորդող առաջին երկու տարում:

Սույն հոդվածի առաջին մասի «բ» կետում նշված արտոնությունը չի տրվում պետական ձեռնարկություններին, վերակազմավորված, այդ թվում նաև` սեփականաշնորհված ձեռնարկություններին, լուծարված ձեռնարկությունների, դրանց բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիման վրա ստեղծված ձեռնարկություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված գործունեության առանձին տեսակներ իրականացնող ձեռնարկություններին:

Մինչև եռամյա ժամկետի ավարտը ձեռնարկության լուծարման դեպքում հարկի գումարը հաշվարկվում է լրիվ չափով` դրա գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:

Նշված ցանկով նախատեսված գործունեության առանձին տեսակներ իրականացնող համատեղ և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին պետական գրանցում ստանալուն հաջորդող առաջին երկու տարվա ընթացքում վերապահվում է սույն օրենքի 24 հոդվածով նախատեսված արտոնությունը:

(խմբ. 25.10.95թ. օրենքով)

 

ՀՈԴՎԱԾ 23. Սույն օրենքի 8 հոդվածի համաձայն հաշվարկված շահույթը նվազեցվում է`

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հասարակական, այդ թվում` բարեգործական կազմակերպությունների, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների դուստր ձեռնարկությունների այն շահույթի չափով, որն այդ կազմակերպություններին է տրամադրվում իրենց կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար.

բ) ՀԱՆՎԵԼ Է

գ) տեխնիկական վերազինման և վերակառուցման, արտադրության ընդլայնման, նոր արտադրանքի և տեխնոլոգիայի յուրացման վրա ձեռնարկության կապիտալ ներդրումների գումարների չափով.

դ) ՀԱՆՎԵԼ Է

ե) ՀԱՆՎԵԼ Է

զ) ՀԱՆՎԵԼ Է

է) բարեգործական և այլ բնույթի ֆոնդեր մուծված, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության, ֆիզկուլտուրայի ու սպորտի, սոցիալական ապահովագրության և այլ ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին փոխանցված շահույթի գումարների չափով, բայց ոչ ավելի սույն օրենքին համապատասխան սահմանված հարկվող շահույթի 10 %-ից:

Նշված ֆոնդերի, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի Ազգային ժողովի և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ.

ը) այն ձեռնարկությունների շահույթի ողջ գումարի չափով, որոնցում աշխատողների ընդհանուր թվակազմի առնվազն 50 տոկոսը հաշմանդամներ են, կամ շահույթի գումարի 50 տոկոսի չափով` եթե հաշմանդամների թիվը կազմում է ձեռնարկությունում աշխատողների ընդհանուր թվակազմի 30-50 տոկոսը.

թ) ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված պահեստային կամ նշանակությամբ այլ համանման ֆոնդեր շահույթից մասհանվող գումարի չափով, մինչև այդ ֆոնդերը հասնեն հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափերին, բայց փաստացի ձևավորված կանոնադրական ֆոնդի 25 տոկոսից ոչ ավելին.

ժ) պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված եկամտի չափով:

ժա) ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռքբերման և դրանց` օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրման դեպքում` սեփականաշնորհման սերտիֆիկատների անվանական արժեքի և ձեռքբերման (հաշվեկշռային) արժեքի միջև տարբերության չափով:

(խմբ. 25.10.95, 05.03.96 օրենքով)

 

ՀՈԴՎԱԾ 24. Համատեղ և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների սույն օրենքին համապատասխան հաշվարկվող շահութահարկի գումարը նվազեցվում է սկսած պետական գրանցում ստանալուց հետո երրորդ տարվանից մինչև տասներորդ տարին` շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը գերազանցում է 50 տոկոսից և կազմում է առնվազն 100 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար, իսկ եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը 30-50 տոկոս է և կազմում է 40 հազարից 100 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար, ապա պետական գրանցում ստանալուց հետո երրորդ տարվանից մինչև տասներորդ տարին` շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով, բացառությամբ սույն օրենքի 22 հոդվածի երկրորդ մասում նշված ցանկով նախատեսված առանձին տեսակների գործունեություն իրականացնող համատեղ և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների:

Մինչև հնգամյա ժամկետի ավարտը վերոհիշյալ ձեռնարկությունների գործունեության դադարման դեպքում շահութահարկի գումարը հաշվարկվում է լրիվ չափով` պետական գրանցում ստանալուց հետո երրորդ տարվանից սկսած:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՀԱՆՎԵԼ Է

 

ՀՈԴՎԱԾ 26. Տրված արտոնությունների հետևանքով բյուջե մուծվելիք շահութահարկի նվազումը չպետք է գերազանցի 60 %-ից, բացառությամբ սույն օրենքի 22 հոդվածով, ինչպես նաև 23 հոդվածի «ա» և «ը» կետերով նախատեսված դեպքերի:

 

ԳԼՈՒԽ VII

 

ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 27. Վճարողները հարկի գումարները որոշում են ինքնուրույնաբար, ելնելով հարկվող շահույթի չափից` հաշվի առնելով վերապահված արտոնությունները և հարկի դրույքաչափերը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել այն նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ցանկը, որոնց ենթակա ձեռնարկություններին և կազմակերպություններին թույլատրվում է շահութահարկի վճարումը, շահութահարկի հաշվարկների և հաշվետվությունների ներկայացումը կատարել կենտրոնացված կամ դրանց համար սահմանված հատուկ կարգով:

(խմբ. 25.10.95թ. օրենքով)

 

ՀՈԴՎԱԾ 28. Եռամսյակի ընթացքում վճարողների կողմից կատարվում են շահութահարկի կանխավճարներ, բացառությամբ սույն օրենքի 29 հոդվածում թվարկվածների, ինչպես նաև այն վճարողների, որոնց նախորդ եռամսյակի շահութահարկի գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկը:

Բյուջե շահութահարկի կանխավճարների մուծումները կատարվում են եռամսյակի ընթացքում վեց անգամ, նախորդ եռամսյակի շահութահարկի փաստացի գումարի 1/6-ի չափով, հավասար բաժիններով, յուրաքանչյուր ամսվա 15-ից և 28-ից ոչ ուշ: Ընդ որում մինչև օրենքի 31 հոդվածում նշված ժամկետներում նախորդ եռամսյակի շահութահարկի փաստացի գումարների հաշվարկումը ձեռնարկությունը շահութահարկի կանխավճարների չափը որոշում է ինքնուրույնաբար, ելնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշներից: Հաշվապահական հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է կանխավճարների գումարների ճշտում եռամսյակի սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածում նշված չափերով:

Առաջին եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա և տարվա ավարտից հետո վճարողը, ելնելով իր փաստացի ստացած և հարկման ենթակա շահույթից, տարեսկզբից աճող հանրագումարով հաշվարկում է հարկի գումարը:

 

ՀՈԴՎԱԾ 29. Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող և սեզոնային արտադրություն ունեցող մյուս ձեռնարկությունները, ինչպես նաև այն վճարողները, որոնց նախորդ եռամսյակի շահութահարկի գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկը հարկը որոշում են եռամսյակը մեկ` տարեսկզբից աճող հանրագումարով, հաշվանցելով նախորդ եռամսյակների համար հաշվարկված հարկի գումարը:

 

ՀՈԴՎԱԾ 30. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված համատեղ ձեռնարկությունները, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձինք տարվա ընթացքում շահութահարկի եռամսյակային կանխավճարներ են կատարում յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարը որոշում է ձեռնարկությունը, հաշվի առնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշները:

 

ՀՈԴՎԱԾ 31. Բոլոր հարկատուները (բացառությամբ սույն օրենքի 30 հոդվածում թվարկվածների) իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններին ներկայացնում են եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվություններ, շահութահարկի հաշվարկներ: Ընդ որում`

ա/ եռամսյակային հաշվապահական հաշվետվություններն ու շահութահարկի հաշվարկները ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվում են մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսի 25-ը, իսկ սույն օրենքի 27 հոդվածի 2-րդ մասին համապատասխան սահմանված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսի 15-ը.

բ/ տարեկան հաշվապահական հաշվետվությունները և շահութահարկի հաշվարկները ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը, իսկ սույն օրենքի 27 հոդվածի 2-րդ մասին համապատասխան սահմանված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը:

Բաժնետիրական ընկերություններն ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները տարեկան հաշվետվությունների և հաշվեկշիռների հետ մեկտեղ հարկային մարմնին ներկայացնում են նաև տեղեկություններ բաժնետերերի և փայատերերի եկամուտների մասին: Մինչև օրացուցային տարին ավարտվելը գործունեության դադարման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված համատեղ ձեռնարկությունները տարեկան հաշվապահական հաշվետվություններ, հաշվեկշիռներ և շահութահարկի հաշվարկներ են ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը:

 

ՀՈԴՎԱԾ 32. Հարկի վճարումը ըստ եռամսյակային հաշվարկների կատարվում է հաշվապահական հաշվետվությունների (հաշվեկշիռների) ներկայացման համար սահմանված օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում, ըստ տարեկան հաշվարկների` տարվա հաշվապահական հաշվետվության (հաշվեկշռի) ներկայացման համար` սահմանված օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 33. Ձեռնարկությունները շահութահարկը վճարում են անկանխիկ կարգով Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով կամ արտարժույթով` վճարողի ցանկությամբ, ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային արժութային կուրսից: Հարկատուները շահութահարկը բյուջե փոխանցելու հանձնարարագրերը բանկային հիմնարկին են հանձնում նախքան վճարման ժամկետը լրանալը:

 

ՀՈԴՎԱԾ 34. Շահութահարկի այն գումարները, որոնք ավել են վճարվել դրանց սխալ հաշվարկման կամ իրավասու պետական մարմինների կողմից շահութահարկի գանձման սահմանված կարգի խախտման հետևանքով, ենթակա են վերադարձման կամ հաշվանցման, վճարողի ցանկությամբ, վճարելիք այլ գումարների հաշվին, այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` ավել վճարելու օրվան հաջորդող ոչ ավելի, քան երեք տարիների դիմաց` վճարողի գրավոր դիմումի համաձայն:

Շահութահարկի ավել վճարված գումարները վերադարձնելու մասին հարկային պետական տեսչության մարմիններին դիմում տալը կասեցնում է սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետի ընթացքը:

 

ԳԼՈՒԽ VIII

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ

 

ՀՈԴՎԱԾ 35. ՀԱՆՎԵԼ Է

 

ՀՈԴՎԱԾ 36. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթի ձևավորման առանձնահատկություններն ու այն հաշվարկելիս նկատի առնվող ծախսումների կազմը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 37. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա իրավաբանական անձանց շահույթը հարկվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 38. Օտարերկրյա իրավաբանական անձինք օգտվում են համատեղ ձեռնարկությունների համար սույն օրենքով սահմանված արտոնություններից:

Այն դեպքում, երբ համատեղ ձեռնարկությունների համար, կախված օտարերկրյա մասնակցի բաժնից, սահմանվում են մի քանի արտոնություններ, ապա օտարերկրյա ձեռնարկությունների վրա տարածվում է տրված արտոնություններից առավելագույնը:

 

ՀՈԴՎԱԾ 39. Օտարերկրյա իրավաբանական անձը հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ից ոչ ուշ հարկային մարմիններին է ներկայացնում հաշվետվություն իր գործունեության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հայտարարագիր եկամուտների մասին:

Մինչև օրացուցային տարին ավարտվելը, օտարերկրյա իրավաբանական անձի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Հաշվարկված հարկի գումարի վերաբերյալ հարկատուին վճարման ծանուցագիր է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Հարկը մուծվում է վճարման ծանուցագրում նշված ժամկետներում, անկանխիկ կարգով, Հայաստանի Հանրապետությունում շրջանառություն կատարող դրամով կամ արտարժույթով:

 

ՀՈԴՎԱԾ 40. Օտարերկրյա իրավաբանական անձանցից շահութահարկի գանձումը կարող է դադարեցվել կամ սահմանափակվել փոխադարձության սկզբունքով, այն դեպքում, երբ համապատասխան օտարերկրյա պետությունը նույնպիսի միջոցառումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց առնչությամբ, ինչը պետք է հավաստվի այդ պետության հարկային մարմինների կողմից:

 

ԳԼՈՒԽ IX

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ  41. Սույն օրենքի խախտման համար վճարողները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ  42. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տրված օբյեկտի համար նախատեսված հարկի ամբողջ գումարը, ինչպես նաև տուգանք այդ գումարի չափով, իսկ կատարված ստուգումներից հետո մեկ տարվա ընթացքում մեկից ավելի նույնատիպ խախտումների դեպքում տուգանք` այդ գումարի կրկնակի չափով:

 

ԳԼՈՒԽ X

 

ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ  43. Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


18 հունվարի 1992 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-8