Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պայմանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.48
Ընդունման վայրը 
Մոսկվա
Ընդունող մարմինը 
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվը 
22.06.2011
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր, հիմնվելով «Եվրասիական տնտեսական համայնքի հիմնադրման մասին» 2000 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի, «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և Մաքսային միություն ձևավորելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի, «Մաքսային միության հանձնաժողովի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի, «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի վրա, պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների (այսուհետ՝ Կողմերի պետությունների մաքսային ծառայություններ) փոխգործակցությունը համակարգելու, Մաքսային միության նպատակների և խնդիրների իրականացումն ապահովելու, Կողմերի պետությունների մաքսային մարմինների իրավասությանը վերապահված հարցերի մասով մաքսային օրենսդրության կիրառումը և դրանց մաքսային կարգավորումը միասնականացնելու նպատակով Կողմերը հիմնում են Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա (այսուհետ՝ Միավորված կոլեգիա):

 

Հոդված 2

 

Միավորված կոլեգիան իր գործունեությունն իրականացնում է սույն Պայմանագրով, Մաքսային միության անդամ պետությունների՝ Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերով, ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմին) և Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով նախատեսված լիազորությունների սահմաններում:

 

Հոդված 3

 

Միավորված կոլեգիան գլխավորում է նախագահը, որը Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվում է Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներից: Միավորված կոլեգիայի նախագահն ունի տեղակալներ, որոնք Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվում են ըստ Մաքսային միության անդամ պետությունների թվի` բացառությամբ նախագահի ներկայացրած Կողմից ընտրվող տեղակալի:

Միավորված կոլեգիայի նախագահը և նրա տեղակալները պաշտոններում ընտրվում են մեկ տարի ժամկետով: Միավորված կոլեգիայի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել:

Միավորված կոլեգիայի գործող նախագահի կողմից նիստի վարման պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա գործառույթներն իրականացնում է Միավորված կոլեգիայի նախագահի տեղակալներից մեկը:

Միավորված կոլեգիայի կազմում ընդգրկվում են նախագահը, նրա տեղակալները, ինչպես նաև Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինների ղեկավար աշխատողները (ըստ պաշտոնների)՝ Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կոլեգիաների անդամների թվից՝ յուրաքանչյուր կենտրոնական մաքսային մարմնի հավասար ներկայացվածությամբ:

Միավորված կոլեգիայի աշխատակարգը սահմանվում է Միավորված կոլեգիայի քննարկման արդյունքների հիման վրա նախագահի կողմից հաստատվող Ընթացակարգային կանոններով:

 

Հոդված 4

 

Միավորված կոլեգիայի նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ: Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմիններից առնվազն մեկի դիմումի հիման վրա կարող են անցկացվել Միավորված կոլեգիայի արտահերթ նիստեր:

 

Հոդված 5

 

Միավորված կոլեգիայի հիմնական խնդիրներն են՝

Մաքսային միության շրջանակներում Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների գործունեության համակարգումը,

Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների իրավասությանը վերաբերող մասով մաքսային գործին առնչվող հարցերի՝ Մաքսային միության միասնական իրավական բազայի ձևավորման գործում մասնակցությունը,

իր իրավասության սահմաններում Մաքսային միության մաքսային օրենսդրության միատեսակ կիրառման ապահովումը,

Մաքսային միության միասնական մաքսային տարածքում ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության միասնականացված կարգի ապահովումը,

Մաքսային միության միասնական մաքսային տարածքում մաքսային քաղաքականության իրականացմանն աջակցությունը:

 

Հոդված 6

 

Միավորված կոլեգիան իրականացնում է հետևյալ գործառույթները՝

Մաքսային միության մաքսային օրենսդրության նորմերի կատարման դիտանցումը,

Մաքսային միության մաքսային օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկների մշակումը և դրանց ներկայացումը Մաքսային միության մարմինների քննարկմանը,

Մաքսային միության միասնական մաքսային տարածքի ձևավորման և գործունեության համար իրավական և կազմակերպական պայմանների ստեղծման գործում մասնակցությունը,

ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) և Մաքսային միության հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների իրականացման հարցում աջակցությունը,

համատեղ ծրագրերի և միջոցների մշակումը և ձեռնարկումը՝ ուղղված Մաքսային միությունում մաքսային կարգավորման այն նորմերի միատեսակ կատարման ապահովմանը, որոնց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահված է Կողմերի պետությունների մաքսային մարմիններին,

Մաքսային միությունում մաքսային կարգավորման ոլորտում Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների փոխգործակցությանն առնչվող հիմնական հարցերի լուծումը,

Մաքսային միության մաքսային օրենսդրության մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վիճելի հարցերի քննարկումը,

Մաքսային միությունում մաքսային հարաբերությունները կարգավորող ակտերի իրականացման ընթացքի վերլուծությունը և քննարկումը,

սահմանված կարգով Կողմերի համար Մաքսային միությունում մաքսային կարգավորման ոլորտում Մաքսային միության զարգացման ծրագրերի մշակման և իրականացման նախաձեռնումը և դրանցում մասնակցությունը,

Մաքսային միությունում մաքսային կարգավորման կատարելագործման, մաքսային կանոնների և մաքսային փաստաթղթերի ձևերի միասնականացման վերաբերյալ առաջարկների մշակումը և դրանց ներկայացումը Մաքսային միության մարմինների քննարկմանը,

արգելքների և սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողության ապահովմանն ուղղված գործունեության համակարգումը,

ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոնների միատեսակ կիրառումն ապահովելու վերաբերյալ Կողմերի պետությունների մաքսային ծառայություններին ներկայացվող առաջարկությունների քննարկումը և մշակումը,

Մաքսային միության մարմինների համար հայտարարագրման ընթացակարգի, ապրանքների մաքսային արժեքի և մաքսային վճարների կատարումը վերահսկելու կարգի մշակման և կատարելագործման վերաբերյալ առաջարկների քննարկումը և մշակումը,

Մաքսային միության անդամ պետություններում մաքսային հսկողության միասնականացված կարգի պահպանման, միասնականացված մաքսային ընթացակարգերի միատեսակ և արդյունավետ կիրառման դիտանցումը,

մաքսային հսկողության ձևերի և մեթոդների կատարելագործման վերաբերյալ առաջարկների մշակումը,

Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների կողմից Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման միասնականացված կանոնների և այդ ապրանքների հայտարարագրման կարգի կիրառման դիտանցումը,

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի միատեսակ կիրառման դիտանցումը,

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների քննարկումը և առաջարկությունների մշակումը,

Կողմերի պետությունների մաքսային մարմինների կողմից արժութային արժեքների ներմուծման և արտահանման կարգը կանոնակարգող օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության, ինչպես նաև Կողմերի պետությունների արժութային օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացման կազմակերպումը,

մաքսանենգության, Մաքսային միությունում մաքսային կարգավորման ոլորտում այլ հանցագործությունների, ինչպես նաև վարչական իրավախախտումների դեմ պայքարի գործում Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների փոխգործակցության կազմակերպումը,

Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների մշակման, կատարելագործման և ներդրման համակարգումը, տեղեկատվական անվտանգության ապահովումը,

թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, զենքի, Կողմերի պետությունների ժողովուրդների և օտարերկրյա պետությունների ժողովուրդների` գեղարվեստական, պատմական և հնագիտական ժառանգության առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների և բույսերի տեսակների, դրանց մասերի և ածանցյալների, արգելքների և սահմանափակումների ենթակա այլ ապրանքների ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված՝ Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների համատեղ միջոցների համակարգի մշակումը և իրականացումը,

Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության արագացումը խթանող, ինչպես նաև Կողմերի պետությունների, ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների և Կողմերի պետությունների քաղաքացիների արտաքին տնտեսական կապերի զարգացմանը նպաստող միջոցների մշակումը և պայմանների ստեղծումը Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների իրավասության սահմաններում՝ ներառյալ մաքսային ենթակառուցվածքի զարգացումը, այդ միջոցների իրականացման ապահովումը,

իր իրավասության սահմաններում մասնակցությունը մաքսային հարցերի շուրջ միջազգային համագործակցությանը, դրանում Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինների մասնակցության համակարգումը,

առաջարկների մշակումը այն ռիսկերի ոլորտները որոշելու վերաբերյալ, որոնց նվազեցման համար Կողմերի մաքսային մարմինները պարտադիր կարգով միջոցներ են մշակում և ձեռնարկում,

ռիսկերի կառավարման համակարգի միասնական ստանդարտներ ձևավորելու և Մաքսային միության շրջանակներում դրանց միատեսակ կիրառումն ապահովելու համար ռիսկերի կառավարման համակարգի գործունեության մեթոդաբանական հիմքերի մշակումը:

 

Հոդված 7

 

Միավորված կոլեգիան իրավունք ունի՝

իր իրավասության սահմաններում մշակելու մաքսատուրքերի գումարների, Մաքսային միության պայմաններում համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների հաշվարկման կարգի կատարելագործման վերաբերյալ առաջարկներ,

իր իրավասության սահմաններում ընդունելու Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության զարգացմանը, փոխգործակցության ապահովմանն ուղղված որոշումներ,

ընդունելու որոշումներ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում արդյունավետ մաքսային վարչարարություն ապահովելու համար,

սահմանված կարգով ստեղծելու Մաքսային միությունում մաքսային կարգավորման ոլորտում հարցերի մշակման համար անհրաժեշտ մշտական կամ ժամանակավոր աշխատանքային խմբեր,

հանձնարարելու Կողմերի պետությունների մաքսային ծառայություններին զեկուցելու Մաքսային միության մաքսային օրենսդրության նորմերի իրականացման ընթացքի և Միավորված կոլեգիայի կողմից ընդունվող որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ,

սահմանելու այն ռիսկերի ոլորտները, որոնց նվազեցման համար մաքսային մարմինները պարտադիր կարգով միջոցներ են մշակում և ձեռնարկում,

սահմանելու ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) վճարման հետ կապված տեղեկությունների փոխանակման և տեղեկությունների տրամադրման միասնական կարգը,

ապահովելու ներմուծման մաքսատուրքերի հաշվառումը վարելու միասնական սկզբունքների վրա հիմնված համաձայնեցված կանոնների կիրառումը՝ 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) հաշվեգրման և բաշխման կարգը սահմանելու և կիրառելու մասին» համաձայնագրին համապատասխան,

օգտվելու այլ իրավունքներից՝ Մաքսային միության անդամ պետությունների՝ Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերին, ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) և Մաքսային միության հանձնաժողովի որոշումներին համապատասխան:

 

Հոդված 8

 

Միավորված կոլեգիայի անդամն իրավունք ունի՝

քննարկման ներկայացնելու Միավորված կոլեգիայի իրավասության սահմաններում ցանկացած հարց և ստանալ քննարկվող հարցերի և Միավորված կոլեգիայի կողմից ընդունված որոշումների կատարման մասին անհրաժեշտ տեղեկություններ,

ներկայացնելու Միավորված կոլեգիայի նիստերի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ առաջարկներ,

ստանալու Միավորված կոլեգիայի աշխատանքային խմբերի գործունեության մասին անհրաժեշտ տեղեկություններ:

Միավորված կոլեգիայի անդամը պարտավոր է՝

Միավորված կոլեգիային տեղեկացնել մաքսային համագործակցությանն առնչվող քննարկվող հարցերի վերաբերյալ իր պետության դիրքորոշման մասին,

Միավորված կոլեգիայի կողմից ընդունված որոշումները տրամադրել իր պետության լիազոր մարմիններին և նպաստել դրանց կատարմանը,

հսկողություն իրականացնել Միավորված կոլեգիայի կողմից ընդունված որոշումներն ամբողջական և ժամանակին կատարելու նկատմամբ:

 

Հոդված 9

 

Միավորված կոլեգիայի որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով), ընդ որում Մաքսային միության յուրաքանչյուր անդամ պետությունն ունի մեկ վճռորոշ ձայն:

Միավորված կոլեգիայի որոշումներն ստորագրվում են նախագահի և Կողմերի պետությունների մյուս մաքսային ծառայությունների ղեկավարների կողմից (Միավորված կոլեգիայի նիստերին նրանց ներկա լինելու դեպքում): Միավորված կոլեգիայի նիստին Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների բացակայության դեպքում Միավորված կոլեգիայի որոշումներն ստորագրվում են նախագահի և նրա տեղակալների կողմից:

Միավորված կոլեգիայի որոշումները դրանց ընդունումից հետո յոթնօրյա ժամկետում հրապարակվում են Կողմերի պետությունների մաքսային մարմինների ղեկավարների կողմից՝ Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում արձակվող հրամաններով կատարման համար:

 

Հոդված 10

 

Միավորված կոլեգիայի քարտուղարության գործառույթները վերապահվում են Դաշնային մաքսային ծառայությանը (Ռուսաստանի Դաշնություն):

Միավորված կոլեգիայի քարտուղարության գործառույթների կատարման համար Դաշնային մաքսային ծառայության ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության բյուջետային միջոցների հաշվին, որոնք հատկացվում են Դաշնային մաքսային ծառայության ֆինանսավորման համար:

Միավորված կոլեգիայի քարտուղարությունն իրականացնում է Միավորված կոլեգիայի գործունեության կազմակերպումը և տեղեկատվական ու տեխնիկական ապահովումը: Քարտուղարության կողմից իրականացվող մյուս գործառույթների ցանկը սահմանվում է նախագահի կողմից հաստատվող «Միավորված կոլեգիայի քարտուղարության մասին» կանոնակարգով:

Միավորված կոլեգիայի անդամների և նիստերի մասնակիցների գործուղման ծախսերը կրում է ուղարկող Կողմը:

 

Հոդված 11

 

Միավորված կոլեգիայի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

 

Հոդված 12

 

Միավորված կոլեգիայի քարտուղարության նստավայրը Մոսկվա քաղաքն է:

 

Հոդված 13

 

Սույն Պայմանագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում:

 

Հոդված 14

 

Սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

 

Հոդված 15

 

Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Կողմերի միջև խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով:

 

Հոդված 16

 

Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է ստորագրման ամսաթվից:

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2011 թվականի հունիսի 22-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը սույն Պայմանագրի ավանդապահն է և որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

Բելառուսի
Հանրապետության
 Կառավարության կողմից

 

(ստորագրություն)

Ղազախստանի
Հանրապետության
Կառավարության կողմից

 

(ստորագրություն)

Ռուսաստանի
Դաշնության
Կառավարության կողմից

 

(ստորագրություն)