Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ (ՀՈԳԵՄԵՏ) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի, «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և Մաքսային միություն ձևավորելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի վրա,
ցանկանալով օժանդակել առևտրային կապերի զարգացմանը,
ձգտելով ստեղծել բարենպաստ պայմաններ` Մաքսային միության միասնական մաքսային տարածքի և Միասնական տնտեսական տարածքի արդյունավետ գործունեության համար,
հաստատելով իրենց հավատարմությունը «Թմրամիջոցների մասին» 1961 թվականի մարտի 30-ի միասնական կոնվենցիայով, «Հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի մասին» 1971 թվականի փետրվարի 21-ի կոնվենցիայով, Միավորված ազգերի կազմակերպության՝ «Թմրամիջոցների և հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» 1988 թվականի դեկտեմբերի 20-ի կոնվենցիայով նախատեսված միջազգային պարտավորությունների կատարման սկզբունքներին,
ելնելով Կողմերի ազգային շահերի բավարարումն ու Կողմերի պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ եզրույթները.
«թմրամիջոցներ, հոգեներգործուն (հոգեմետ) նյութեր և դրանց պրեկուրսորների»՝ Կողմերի ազգային ցանկերում ներառված թմրամիջոցները, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերը և դրանց պրեկուրսորները,
«տեղափոխում»՝ թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը (արտահանումը) մի Կողմի տարածք մյուս Կողմի տարածքից,
«փոխադրում (ներքին տարանցում)»՝ թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը (արտահանումը) մի Կողմի տարածք մյուս Կողմի տարածքից երրորդ Կողմի տարածքով, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը (արտահանումը) Կողմի տարածքի մի մասից դրա տարածքի այլ մաս մեկ ուրիշ Կողմի տարածքով,
«թույլատրման փաստաթուղթ»՝ փաստաթուղթը, որով հաստատվում է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ մի Կողմի տարածքից դեպի մյուս Կողմի տարածք տեղափոխելու իրավունքը,
«իրավասու մարմին»՝ Կողմի մարմինը, որը թույլատրման փաստաթղթեր տրամադրելու լիազորություն ունի:
Սույն Համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները և եզրույթները կիրառվում են «Թմրամիջոցների մասին» 1961 թվականի մարտի 30-ի միասնական կոնվենցիային, «Հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի մասին» 1971 թվականի փետրվարի 21-ի կոնվենցիային, Միավորված ազգերի կազմակերպության՝ «Թմրամիջոցների և հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» 1988 թվականի դեկտեմբերի 20-ի կոնվենցիային, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան:
Հոդված 2
Սույն Համաձայնագրով սահմանվում է հետևյալ անձանց կողմից թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխման ու փոխադրման (ներքին տարանցման) կարգը՝
իրավաբանական անձանց կողմից՝ կլինիկական հետազոտություններ, փորձաքննություն, պետական գրանցում և որակի հսկողություն իրականացնելու նպատակով Կողմերի միջև առևտուր իրականացնելիս, ինչպես նաև որոշակի տեսակների փոխադրամիջոցների՝ առաջին օգնության արկղիկներում.
ֆիզիկական անձանց կողմից՝ անձնական օգտագործման նպատակով:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա:
Որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ գրանցված ֆիզիկական անձանց արգելվում է իրենց կողմից նշված գործունեությունն իրականացնելու առնչությամբ իրականացնել տեղափոխում, ինչպես նաև փոխադրում (ներքին տարանցում):
Իրավաբանական անձինք իրականացնում են տեղափոխում Կողմերի իրավասու մարմինների կողմից տրամադրվող՝ ներմուծման (արտահանման) համար նախատեսված այն թույլատրման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնցում զետեղված են հետևյալ տեղեկությունները.
թմրամիջոցի, հոգեներգործուն (հոգեմետ) նյութի կամ պրեկուրսորի անվանումը,
թմրամիջոցի, հոգեներգործուն (հոգեմետ) նյութի կամ պրեկուրսորի չգրանցված միջազգային անվանումը՝ առկայության դեպքում,
տեղափոխման ենթակա թմրամիջոցի, հոգեներգործուն (հոգեմետ) նյութի կամ պրեկուրսորի քանակը,
թմրամիջոցի, հոգեներգործուն (հոգեմետ) նյութի կամ պրեկուրսորի տեղափոխումն իրականացնող իրավաբանական անձի անվանումն ու գտնվելու վայրի հասցեն և (կամ) իրավաբանական հասցեն,
այն իրավաբանական անձի անվանումը, որի հասցեով իրականացվում է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի կամ պրեկուրսորների տեղափոխումը, և դրա գտնվելու վայրի հասցեն և (կամ) իրավաբանական հասցեն,
թույլատրման փաստաթղթի գործողության ժամկետը:
Ֆիզիկական անձինք իրականացնում են սահմանափակ քանակությամբ թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ որպես բժշկական նշանակության անձնական օգտագործման դեղորայքային միջոցների տեղափոխում և փոխադրում (ներքին տարանցում) հաստատող այնպիսի բժշկական փաստաթղթերի կամ դրանց վավերացված պատճենների առկայության դեպքում, որոնցում պետք է նշված լինեն անձնական օգտագործման համար նախատեսված այդպիսի միջոցների և նյութերի, ինչպես նաև պրեկուրսորների անվանումներն ու քանակը՝ Կողմերի օրենսդրությամբ սահմանված ծավալներով:
Հաստատող բժշկական փաստաթղթերը կազմվում են այն Կողմի լեզվով, որի տարածք իրականացվում է նշված դեղորայքային միջոցների տեղափոխումը կամ փոխադրումը (ներքին տարանցում), կամ կցվում է նշված Կողմի լեզվով դրանց թարգմանությունը՝ նոտարական հաստատմամբ:
Առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով թույլատրվում է առանց սույն հոդվածով նախատեսված թույլատրման փաստաթղթերի, վերահսկողության միջոցների կիրառությամբ և համապատասխան փոխադրամիջոցների գրանցման պետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակ քանակությամբ, առաջին օգնության արկղիկների մեջ փոխադրել.
թմրամիջոցներ, հոգեներգործուն (հոգեմետ) նյութեր և դրանց պրեկուրսորներ միջազգային երթևեկության մեջ գտնվող ծովային (գետային) նավերով և օդանավերով,
հոգեներգործուն (հոգեմետ) նյութեր և թմրամիջոցների ու հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի պրեկուրսորներ միջազգային երթևեկության մեջ գտնվող երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով:
Հոդված 4
Իրավասու մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման համար նախատեսված թույլատրման փաստաթղթերի տրամադրման կարգը, ինչպես նաև թույլատրման փաստաթղթերի ձևերը սահմանվում են այն Կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գրանցված է տեղափոխումն իրականացնող իրավաբանական անձը:
Թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների արտահանման համար նախատեսված թույլատրման փաստաթուղթը տրամադրվում է այն Կողմի իրավասու մարմնի կողմից տրամադրված՝ ներմուծման համար նախատեսված թույլատրման փաստաթղթի առկայության դեպքում, որի տարածք են ներմուծվում թմրամիջոցները, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերը և դրանց պրեկուրսորները, եթե այդպիսի թույլատրման փաստաթուղթ տրամադրելը նախատեսված է ներմուծման Կողմի օրենսդրությամբ:
Հոդված 5
Թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումն (ներքին տարանցումը) իրավաբանական անձանց կողմից իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից տրամադրվող թույլատրման փաստաթղթերի կամ ապրանքների ուղեկցող փաստաթղթերի փաթեթում ներառված՝ նոտարական հաստատմամբ դրանց պատճենների առկայության դեպքում:
Եթե փոխադրվող կոնկրետ թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների համար նշված թույլատրման փաստաթղթերի տրամադրումը նախատեսված չէ արտահանման Կողմի օրենսդրությամբ, ապա այն իրավաբանական անձը, որը ծրագրում է իրականացնել նման փոխադրում (ներքին տարանցում), պարտավոր է ոչ ուշ, քան այն սկսելուց առաջ 45 աշխատանքային օրվա ընթացքում իր իրավասու մարմին ուղարկել գրավոր ծանուցում, որում զետեղված են հետևյալ տեղեկությունները՝
անվանումն ու գտնվելու վայրը և (կամ) իրավաբանական հասցեն,
փոխադրվող թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների անվանումներն ու քանակը,
այն փոխադրամիջոցի տեսակը, որով իրականացվելու է փոխադրումը (ներքին տարանցումը),
Կողմերի պետական սահմանների հատման ենթադրյալ ամսաթիվը և վայրը,
այն Կողմի անվանումը, որի տարածքով իրականացվելու է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը),
այն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և (կամ) իրավաբանական հասցեն, որի հասցեով իրականացվելու է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը):
Իրավաբանական անձը սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ուղարկում է իր պետության իրավասու մարմին պատվիրված առաքանիով (հանձնման մասին ծանուցմամբ) կամ այդ ծանուցումը փոխանցում է այլ եղանակով, որն այն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն է տալիս:
Սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցման՝ նոտարական հաստատմամբ պատճենը պետք է առկա լինի իրավաբանական անձի մոտ՝ ապրանքների ուղեկցող փաստաթղթերի փաթեթում:
Այն Կողմի իրավասու մարմինը, որի տարածքից իրականացվելու է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը), սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ստանալուց կամ թույլատրման փաստաթուղթը տրամադրելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է դրա պատճենն այն Կողմի իրավասու մարմին, որի տարածքով իրականացվելու է այդ փոխադրումը (ներքին տարանցումը):
Հոդված 6
Թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը) Կողմի տարածքի մի մասից դրա տարածքի այլ մաս մեկ ուրիշ Կողմի տարածքով իրականացնելու համար թույլատրման փաստաթղթեր ձեռք բերելու պահանջ չի ներկայացվում:
Նշված փոխադրումը (ներքին տարանցումը) իրականացվում է իրավաբանական անձանց կողմից գրավոր ծանուցման նոտարական հաստատմամբ պատճենի առկայության դեպքում, որը ոչ ուշ, քան փոխադրումը (ներքին տարանցումը) սկսելուց առաջ 45 օրվա ընթացքում ուղարկվում է այն Կողմի իրավաբանական հասցեով, որի տարածքից և որի տարածք իրականացվում է փոխադրումը (ներքին տարանցումը), և որը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
փոխադրումն (ներքին տարանցումը) իրականացնող իրավաբանական անձի անվանումն ու գտնվելու վայրը և (կամ) իրավաբանական հասցեն,
փոխադրվող թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների անվանումներն ու քանակը,
այն փոխադրամիջոցի տեսակը, որով իրականացվում է փոխադրումը (ներքին տարանցումը),
Կողմերի պետական սահմանների հատման ենթադրյալ ամսաթիվը և վայրը,
այն Կողմի անվանումը, որի տարածքով իրականացվում է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը),
այն իրավաբանական անձի անվանումը, որի հասցեով իրականացվում է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի կամ պրեկուրսորների փոխադրումն (ներքին տարանցումը) ու դրա գտնվելու վայրը և (կամ) իրավաբանական հասցեն:
Իրավաբանական անձը սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ուղարկում է իր պետության իրավասու մարմին պատվիրված նամակով (հանձնման մասին ծանուցմամբ) կամ այդ ծանուցումը փոխանցում է այլ եղանակով, որն այն ստանալու փաստը հաստատելու հնարավորություն է տալիս:
Այն Կողմի իրավասու մարմինը, որի տարածքից և որի տարածք իրականացվում է փոխադրումը (ներքին տարանցումը), սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է դրա պատճենն այն Կողմի իրավասու մարմին, որի տարածքով իրականացվելու է այդպիսի փոխադրումը (ներքին տարանցումը): Սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ուղարկելու պահանջ չի ներկայացվում, եթե թմրամիջոցները, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերը և պրեկուրսորները գրանցված չեն այն Կողմի ազգային ցանկում, որի տարածքով իրականացվելու է այդ փոխադրումը (ներքին տարանցումը):
Հոդված 7
Այն դեպքում, երբ թույլատրման փաստաթղթերը կամ ծանուցումները կազմված են ոչ այն Կողմի լեզվով, որի տարածք իրականացվում է տեղափոխումը, կամ որի տարածքով իրականացվում է փոխադրումը (ներքին տարանցումը), իրավաբանական անձն այդ փաստաթղթերին կամ դրանց հաստատված պատճեններին պետք է կցի նշված Կողմի լեզվով դրանց թարգմանությունը` նոտարական հաստատմամբ:
Հոդված 8
Թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխում կամ փոխադրում (ներքին տարանցում) իրականացրած իրավաբանական անձը թույլատրման փաստաթղթի գործողության ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ փաստաթուղթը տրամադրած իրավասու մարմին է ուղարկում հետևյալ տեղեկությունները.
թույլատրման փաստաթղթի համարը և տրամադրման ամսաթիվը,
ներմուծված (արտահանված) թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների անվանումներն ու փաստացի քանակը,
դրանց տեղափոխման կամ փոխադրման (ներքին տարանցման) համար օգտագործված փոխադրամիջոցի տեսակը,
Կողմերի պետական սահմանների հատման ամսաթիվը և վայրը,
այն իրավաբանական անձի անվանումը, որի հասցեով իրականացվել է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխումը կամ փոխադրումը (ներքին տարանցումը), և դրա իրավաբանական հասցեն:
Այն իրավաբանական անձը, որն իրականացրել է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը), սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցման պատճենի առկայության դեպքում՝ ոչ ուշ, քան այդ փոխադրումն իրականացնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 15-ը, իր իրավասու մարմին է ուղարկում հետևյալ տեղեկությունները.
ծանուցման համարն ու ամսաթիվը,
ներմուծված (արտահանված) թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների անվանումներն ու փաստացի քանակը,
դրանց փոխադրման (ներքին տարանցման) համար օգտագործված փոխադրամիջոցի տեսակը,
Կողմերի պետական սահմանների հատման ամսաթիվը և վայրը,
այն իրավաբանական անձի անվանումը, որի հասցեով իրականացվել է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների փոխադրումը (ներքին տարանցումը), և դրա իրավաբանական հասցեն:
Սույն հոդվածով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմիններն ուղարկում են դրանք այն Կողմերի իրավասու մարմիններ, որոնց տարածք իրականացվել է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխումը, ինչպես նաև այն Կողմի իրավասու մարմին, որի տարածքով իրականացվել է փոխադրումը (ներքին տարանցումը):
Ներմուծման (արտահանման) համար նախատեսված թույլատրման փաստաթղթերը ձևակերպելուց (չեղյալ հայտարարելուց) հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմիններն ուղարկում են դրանց պատճենները կամ նշված թույլատրման փաստաթղթերի ձևակերպումը (չեղյալ հայտարարումը) հաստատող փաստաթղթերի պատճեններն այն Կողմերի իրավասու մարմիններ, որոնց տարածք (տարածքից) իրականացվում է թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների տեղափոխումը, ինչպես նաև այն Կողմի իրավասու մարմին, որի տարածքով իրականացվել է փոխադրումը (ներքին տարանցումը):
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում յուրաքանչյուր Կողմ տեղեկացնում է մյուս Կողմերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այն իրավասու մարմնի մասին, որն իրականացնում է թույլատրման փաստաթղթերի տրամադրումը, տեղեկատվության փոխանակումը և ծանուցումների ստացումը սույն Համաձայնագրով նախատեսված իրավաբանական անձանցից:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 45 օրացուցային օրվա ընթացքում իրավասու մարմինները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու նպատակով վերջինիս են ուղարկում հետևյալ տեղեկությունները՝
թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների ազգային ցանկերը,
այն պրեկուրսորների անվանումները և ծավալները, որոնք թույլատրված են ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակներով տեղափոխման համար, եթե դրանք սահմանված են Կողմի օրենսդրությամբ:
Սույն հոդվածի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված տեղեկություններում փոփոխություններ կատարելու դեպքում իրավասու մարմինները փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 20 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունն ուղարկում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը իրավասու մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքում թարմացնում է սույն հոդվածի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված տեղեկությունները:
Հոդված 10
Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են բանակցություններ անցկացնելու միջոցով:
Եթե Կողմերը վեճը չեն կարգավորում բանակցությունների անցկացման վերաբերյալ մի Կողմից մյուս Կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումն ստանալու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմերից յուրաքանչյուրն այդ վեճը հանձնում է Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը:
Հոդված 11
Կողմերի պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օր հետո:
Կատարված է Մինսկ քաղաքում, 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական կոմիտեում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի Հանրապետության կողմից
(ստորագրություն) |
Ղազախստանի Հանրապետության կողմից
(ստորագրություն) |
Ռուսաստանի Դաշնության կողմից
(ստորագրություն) |