Ա Ռ Ա Ջ Ի Ն Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ՈՍԿԵՐՉՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 28739/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
18 հոկտեմբերի 2018թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել։
խմբագրական փոփոխությունների։
Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos]` Նախագահ,
Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turković],
Թիմ Այքը [Tim Eicke]` դատավորներ,
և Ռենատա Դեգեներ [Renata Degener]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2018 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1 . Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Գրիգոր Ոսկերչյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2009 թվականի սեպտեմբերի 17-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ28739/09) հիման վրա:
2 . Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Մ.Շուշանյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3 . Դիմումատուի կալանավորման համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար պատճառներ ենթադրաբար չներկայացնելու վերաբերյալ բողոքը 2013 թվականի փետրվարի 20-ին ուղարկվել է Կառավարություն։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4 . Դիմումատուն ծնվել է 1956 թվականին և ապրում է Երևանում։
5 . 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որին ամեն օր, փետրվարի 20-ից սկսած, հաջորդել են Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հիմնական թեկնածու պրն Տեր-Պետրոսյանի աջակիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը։ Դիմումատուն պրն Տեր-Պետրոսյանի՝ Աբովյան քաղաքի շտաբի ղեկավարն էր և պարբերաբար մասնակցում էր ցույցերին։ 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքը ցրվել է ոստիկանության կողմից, ինչն ամբողջ Երևանում զանգվածային բողոքի ակցիայի պատճառ է դարձել։
6 . 2008 թվականի մարտի 8-ին դիմումատուն կանչվել է Աբովյանի ոստիկանական բաժին, որտեղ նրան հարցաքննել են թռուցիկների առնչությամբ, որոնք նա պատրաստել և ցույցերի ժամանակ ցուցարարներին էր բաժանել։
7 . 2008 թվականի մարտի 11-ին դիմումատուին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և պետական իշխանությունը յուրացնելու փորձի համար։
8 . Նույն օրը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (Վարչական շրջանի դատարան) որոշում է կայացրել դիմումատուի նկատմամբ երկամսյա ժամկետով, այն է՝ մինչև 2008 թվականի մայիսի 8-ը, կիրառել մինչդատական կալանք՝ հաշվի առնելով վերագրվող հանցանքի բնույթն ու ծանրությունը և դրա համար նախատեսվող պատժի խստությունը։ Նույն որոշմամբ Վարչական շրջանի դատարանը մերժել է գրավի դիմաց կալանքից ազատվելու մասին դիմումատուի միջնորդությունը։
9 . 2008 թվականի մարտի 14-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պնդելով, որ քննչական մարմինն իր կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել։
10 . 2008 թվականի մարտի 21-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է մերժել դիմումատուի բողոքը՝ որոշելով, որ այն փաստը, որ դիմումատուին մեղադրանք է առաջադրվել մինչև տասը տարվա ազատազրկմամբ պատժվող ծանր հանցագործության համար, մեծացնում է վերջինիս կողմից քրեական պատժից խուսափելու հավանականությունը։ Ավելին, անթույլատրելի էր դիմումատուին գրավի դիմաց ազատ արձակելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուն ընդհանուր առմամբ կարող էր թաքնվել, խոչընդոտել վարույթը, մեկ այլ հանցանք կատարել, խուսափել պատասխանատվությունից ու պատժից և շարունակել խախտել հասարակական կարգը։ Ինչ վերաբերում է դիմումատուի լավ բնութագրին, որը վերջինիս կողմից հիշատակվել էր իր վերաքննիչ բողոքում, ապա սա բավարար չէր կալանավորման որոշումը վերացնելը հիմնավորելու համար։
11 . 2008 թվականի մայիսի 4-ին, հուլիսի 2-ին, սեպտեմբերի 3-ին և հոկտեմբերի 30-ին Վարչական շրջանի դատարանը դիմումատուի կալանավորման ժամկետը երկարաձգել է նույն հիմքերով՝ յուրաքանչյուր դեպքում երկու ամսով։
12 . 2008 թվականի մայիսի 19-ին, հուլիսի 18-ին, սեպտեմբերի 19-ին և նոյեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է այս որոշումների դեմ դիմումատուի վերաքննիչ բողոքները։
13 . 2008 թվականի դեկտեմբերի 10-ին գործը քննող դատարանը գործը դատական քննության նշանակելու վերաբերյալ որոշում է կայացրել՝ նույն որոշմամբ հաստատելով, որ դիմումատուի կալանքը պետք է թողնել անփոփոխ:
14 . 2009 թվականի հունիսի 22-ին Վարչական շրջանի դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել կառավարության բռնի տապալման դրդող հանրային կոչեր հնչեցնելու համար և երկու տարի ժամկետով պատիժ է նշանակել։ Այնուհետև՝ 2009 թվականի հունիսի 19-ին, Հայաստանի խորհրդարանի կողմից հայտարարված ընդհանուր համաներմամբ այն որոշել է դիմումատուին ազատել իր պատիժը կրելուց։ Դիմումատուն անմիջապես կալանքից ազատ է արձակվել։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
15 . Ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, §§ 30-32, 2016 թվականի հոկտեմբերի 20) գործով վճիռը։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
16 . Դիմումատուն բողոք է ներկայացրել, որ ներպետական դատարաններն իր կալանավորման համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որն այնքանով, որքանով վերաբերելի է, ունի հետևյալ բովանդակությունը.
«3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք … ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով։»։
Ա. Ընդունելիությունը
17 . Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ վերջինս ցածր ատյանի դատարանների որոշումների դեմ վճռաբեկ բողոքներ չի ներկայացրել, ինչի իրավունքը նա ուներ՝ ՔԴՕ-ի 403-րդ հոդվածի համաձայն։
18 . Դիմումատուն Կառավարության պնդման վերաբերյալ մեկնաբանություններ չի ներկայացրել:
19 . Դատարանը նշում է, որ այն արդեն քննել և մերժել է ընդդեմ Հայաստանի մեկ այլ գործով նմանատիպ առարկություն (տե՛ս Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Arzumanyan v. Armenia], թիվ 25935/08, §§ 28-32, 2018 թվականի հունվարի 11)։ Տվյալ գործի պարագայում այն իր ավելի վաղ կատարած եզրահանգումներից շեղվելու որևէ պատճառ չի տեսնում: Հետևաբար այն մերժում է չսպառելու մասով Կառավարության առարկությունը։
20 . Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
21 . Դիմումատուն նշել է, որ դատարաններն իր կալանավորման համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ:
22 . Կառավարությունը պնդել է, որ դատարանները դիմումատուի կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառներ են ներկայացրել, ինչպես, օրինակ, վերագրվող հանցանքի բնույթն ու ծանրությունը և թաքնվելու ու քննությունը խոչընդոտելու ռիսկը:
23 . Դատարանն անդրադառնում է իր՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված՝ դատաքննության ընթացքում ազատ արձակվելու իրավունքին առնչվող ընդհանուր սկզբունքներին (տե՛ս Բուզադջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v.the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 92-102, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ), և Արա Հարությունյանի գործը՝ վերևում հիշատակված, §§ 48-53) և նշում է, որ արդեն իսկ եզրահանգել է, որ կալանք նշանակելիս և դրա ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v.Armenia], թիվ 33376/07, §§ 97‑100, 2012 թվականի հունիսի 26, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Malkhasyan v. Armenia], թիվ 6729/07, §§ 74-77, 2012 թվականի հունիսի 26, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի [Sefilyan v. Armenia], թիվ 22491/08, §§ 88-93, 2012 թվականի հոկտեմբերի 2, և Արա Հարությունյանի գործը՝ վերևում հիշատակված, §§54-59): Սույն գործով ներպետական դատարանները նույն կերպ են հիմնավորել դիմումատուի շարունակական կալանավորումը՝ միայն մեջբերելով ներպետական օրենսդրության համապատասխան իրավական սկզբունքները և անդրադառնալով հանցագործության ծանրությանը՝ առանց ներկայացնելու նրա գործի հատուկ փաստերը կամ ներկայացնելու մանրամասներ առ այն, թե ինչպես են հիմնավորվում թաքնվելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու կամ կրկին հանցագործություն կատարելու ռիսկերը։ Ուստի Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ դիմումատուին կալանավորելու համար:
24 . Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
25 . Վերջապես դիմումատուն ներկայացրել է մի շարք այլ բողոքներ՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի և 4-րդ կետի, 10-րդ և 11-րդ հոդվածների մասով։
26 . Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության ներքո, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ դեպք։ Այսպիսով հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի՝ ակնհայտ անհիմն լինելու պատճառով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
27 . Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։»։
Ա. Վնասը
28 . Դիմումատուն պահանջել է 20000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
29 . Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ ինքը կրել է ոչ նյութական վնաս, և խնդրել է Դատարանին մերժել վերջինիս պահանջը։ Ամեն դեպքում պահանջվող գումարը չափազանց մեծ է։
30 . Դատարանը համարում է, որ Կոնվենցիայի հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս և դիմումատուին շնորհում է 3000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
31 . Դիմումատուն ծախսերի և ծախքերի մասով պահանջ չի ներկայացրել։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
32 . Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա ներկայացված՝ դիմումատուի կալանավորման համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար պատճառներ ենթադրաբար չներկայացնելու վերաբերյալ բողոքն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 3000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2018 թվականի հոկտեմբերի 18-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Ռենատա Դեգեներ Քարտուղարի տեղակալ Քրիստինա Պարդալոս Նախագահ
