ԱՆԳԵԼՈՎԱՆ ԸՆԴԴԵՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԳՈՐԾԸ
CASE OF ANGUELOVA v. BULGARIA
(Գանգատ թիվ 38361/97)
Դատարանի 2002թ. հունիսի 13-ի
Վճիռը
Անգելովան ընդդեմ Բուլղարիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք),
նիստ գումարելով որպես Պալատ՝ դատավորների հետևյալ կազմով՝
պրն Կ. Լ. Ռոզակիս, Նախագահ, պրն Գ. Բոնելլո, պրն Պ. Լորենսեն, պրն Ն. Վաջիկ, տկն Ս. Բոտուչարովա, պրն Վ. Զագրեբելսկի, տկն Ե. Ստեյներ, դատավորներ,
և նաև պրն Ե. Ֆրիբերգ, Բաժանմունքի քարտուղար,
2002թ. մայիսի 23-ի դռնփակ խորհրդակցությունից հետո,
2002թ. մայիսի 23-ին ընդունել է հետևյալ վճիռը.
ՎԱՐՈՒՅԹԸ
1. Գործի համար առիթ է հանդիսացել Բուլղարիայի քաղաքացի Ասյա Անգելովայի կողմից՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 25-րդ հոդվածի հիման վրա Բուլղարիայի դեմ 1997թ. սեպտեմբերի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողով («Հանձնաժողով») ներկայացված գանգատը (թիվ 38361/97):
2. Դիմողին, որին տրամադրվել էր իրավաբանական օգնություն, Դատարանում ներկայացրել է պրն Յ. Գրոզևը՝ Սոֆիայում գործող փաստաբան: Բուլղարիայի կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել են Կառավարության գործակալներ՝ տկն Վ. Ջիջիևան և տկն Գ. Սամարասը՝ արդարադատության նախարարությունից:
3. Դիմողը պնդել է, որ ոստիկաններն իր որդու նկատմամբ դրսևորել են վատ վերաբերմունք, և նա մահացել է այն բանի արդյունքում, որ ոստիկաններն իր որդուն համապատասխան բժշկական օգնություն չեն տրամադրել նրա վնասվածքները բուժելու համար, իշխանությունները չեն անցկացրել արդյունավետ հետաքննություն, իր որդու կալանավորումը եղել է ապօրինի, ինքը չի ունեցել պաշտպանության արդյունավետ միջոց, ինչպես նաև տեղ է գտել խտրականություն այն հիմքով, որ իր որդին ունի (գնչու) Ռոմա ծագում:
Դիմողը հիմնվել է Կոնվենցիայի 2, 3, 5, 13-րդ և 14-րդ հոդվածների վրա:
4. Գանգատը փոխանցվել է Դատարան 1998թ. նոյեմբերի 1-ին, երբ Կոնվենցիայի 11-րդ արձանագրությունն ուժի մեջ է մտել (11-րդ արձանագրության 5-րդ հոդվածի 2-րդ կետ):
5. Գանգատը հանձնվել է Դատարանի չորրորդ բաժանմունք (Դատարանի կանոնակարգի 52-րդ կանոնի 2-րդ կետ):
6. 2000թ. հունիսի 6-ի որոշմամբ, հաշվի առնելով գանգատի ընդունելիության և գործի հանգամանքների վերաբերյալ կողմերի ներկայացրած բոլոր բացառությունները, այդ բաժանմունքի կազմում, 26-րդ կանոնի 1-ին կետի հիման վրա, ձևավորված Պալատը գանգատը հայտարարել է ընդունելի:
7. 2001թ. նոյեմբերի 1-ին Դատարանը փոփոխել է իր բաժանմունքների կազմը (25-րդ կանոնի 1-ին կետ): Այս գործը հանձնվել է նոր ձևավորված Առաջին բաժանմունքին (52-րդ կանոնի 1-ին կետ):
8. Բաժանմունքի շրջանակներում ձևավորված Պալատը, կողմերի հետ խորհրդակցելուց հետո, որոշել է, որ բանավոր լսումների անհրաժեշտություն չկա (59-րդ կանոնի 2-րդ կետ in fine): Դիմողը ներկայացրել է բացատրություններ գործի ըստ էության հանգամանքների վերաբերյալ (59-րդ կանոնի 1-ին կետ): Կառավարությունը նման բացատրություններ չի ներկայացրել:
ՓԱՍՏԵՐԸ
1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմողը՝ տկն Ասյա Անգելովան Բուլղարիայի քաղաքացի է՝ ծնված 1959թ., և ապրում է Ռազգարդում:
10. 1996թ. հունվարի 29-ին նրա որդին՝ Անգել Զաբչեկովը, 17 տարեկան, որը ոստիկանությանը հայտնի էր դարձել որպես գողության համար կասկածյալ, մահացել է Ռազգարդի ոստիկանությունում մի քանի ժամ կալանքի տակ գտնվելուց հետո. նա ձերբակալվել էր գողության կասկածանքով: Մահվան կապակցությամբ կատարված հետաքննության արդյունքում կազմված եզրակացության համաձայն՝ մահվան պատճառը եղել էր նախքան ձերբակալումը Զաբչեկովի ստացած պատահական վնասվածքը: Դիմողը վիճարկել է այդ եզրակացությունը:
Դիմողն իրեն և իր որդուն ներկայացրել է որպես Ռոմայի (Գնչու) էթնիկ խմբի անդամ:
Ա. Ապացույցներ 1996թ. հունվարի 28-ին պրն Զաբչեկովի գտնվելու վայրի վերաբերյալ
11. Համաձայն մի քանի վկաների ցուցմունքների՝ 1996թ. հունվարի 28-ին պրն Զաբչեկովն ամբողջ օրն զբաղված է եղել հարևանի համար ֆիզիկական աշխատանք կատարելով: Երեկոյան նա մի պահ տուն է մտել, ապա դուրս է եկել քրոջ, նրա ընկերոջ և իր մեկ ուրիշ ընկերոջ՝ պրն Մ.-ի հետ: Այնուհետև նա երեկոյի մեծ մասն անց է կացրել նրանց ընկերակցությամբ՝ տեղի սրճարանում: Այնտեղ նա օգտագործել է ալկոհոլ: Մոտավորապես ժամը 10.30 կամ 11.30 Զաբչեկովի քույրը և նրա ընկերը հեռացել են սրճարանից՝ նրան թողնելով պրն Մ.-ի հետ: Դրանից քիչ անց սրճարանը փակվել է: Պրն Մ.-ն վկայել է, որ դրանից հետո իրենք հեռացել են սրճարանից և բաժանվել դռների մոտ. պրն Մ.-ն վերադարձել է տուն:
Բոլոր վկաները (սրճարանի տերը, այն անձինք, որոնց հետ պրն Զաբչեկովն աշխատել էր ամբողջ օրը, նրա քույրն ու վերջինիս ընկերը, պրն Զաբչեկովի հայրը, որը որդու՝ սրճարանում գտնվելու ժամանակ, եղել է տանը) միաձայն էին այն հարցում, որ նա գտնվել է առողջական լավ վիճակում, նրա մարմնի վրա որևէ տեսանելի վնասվածք չի եղել, նա կռվի կամ վեճի չի բռնվել և օգտագործել է ալկոհոլ:
Բ. Հետապնդումը Բելի Լոմ փողոցում և պրն Զաբչեկովի ձերբակալումը
12. 1996թ. հունվարի 29-ի կեսգիշերին օր. Ի. Ա.-ն, որը բնակվում էր Բելի Լոմ փողոցում, Ռազգրադում, իր պատշգամբից նկատել է մի անձի, որը հետագայում պարզվել է՝ պրն Զաբչեկովն էր, պտտվել է կանգառում կանգնած ավտոմեքենաների շուրջ, կռացել է դրանց վրա և «ինչ-որ բան է արել»: Օր. Ի. Ա.-ն զանգահարել է հարևանուհուն՝ օր. Ի. Մ.-ին: Երկու հարևանուհիները բղավել են պատշգամբից՝ հարցնելով, թե ինչ է նա անում: Այդ պահին սերժանտ Մուտաֆովը («Գ.»)՝ մի ոստիկան, որն այդ օրը ծառայության մեջ չէր, և մի երիտասարդ («Դ.»), երկուսն էլ նույն շենքի բնակիչներ, անցնում էին փողոցով և արձագանքել են իրենց հարևանուհիների բղավոցին:
13. Պրն Զաբչեկովը փորձել է փախնել, և Գ.-ն վազել է նրա հետևից: Հետապնդումը շարունակվել է մեկ կամ երկու րոպե: Այնուհետև, Դ.-ն և իր երկու հարևանները տեսել են Գ.-ին շենքի անկյունում. վերջինս բռնել էր պրն Զաբչեկովին և նրան տանում էր դեպի շենքի մուտքը:
14. Գ.-ն հետագայում վկայել է, որ պրն Զաբչեկովի հետևից վազելիս նա սայթաքել և վայր է ընկել, բայց արագ ոտքի է կանգնել: Սա հաստատել են օր. Ի. Ա.-ն և օր. Ի. Մ.-ն, որոնք դիտում էին իրենց պատշգամբներից: Նրանք բացատրել են, որ պրն Զաբչեկովը վայր է ընկել հողով ծածկված հողակտորի վրա: Այնուամենայնիվ, Դ.-ն որը մնացել էր փողոցում և ականատես էր եղել պատահարին, վկայել է, որ ինքը չի տեսել, որ պրն Զաբչեկովը մինչև ձերբակալվելը վայր է ընկել: Նրա այս վկայությունը հակասում էր մյուս վկաների ցուցմունքներին:
15. Գ.-ն միակ վկան էր այն ամենի, ինչը տեղի էր ունեցել իր և պրն Զաբչեկովի միջև՝ շենքի մյուս կողմում գտնվելու և շենքի առջև կրկին հայտնվելու միջև ընկած ժամանակահատվածում: Գ.-ն վկայել է, որ պրն Զաբչեկովը երկուսից ավելի անգամ սայթաքել և վայր է ընկել: Դրա հետևանքով ինքը կարողացել է բռնել նրան, և երբ պրն Զաբչեկովը կրկին վեր է կացել ու վազել, ինքը հետապնդել է նրան, պրն Զաբչեկովը վայր է ընկել և Գ.-ն բախվել է նրան: Այնուհետև Գ.-ն պրն Զաբչեկովին բարձրացրել է իր ձեռքերի վրա և հետ բերել: Այն հարցին, թե մարմնի որ մասն է գետնին ընկնելիս հարվածվել, Գ.-ն պատասխանել է, որ հարվածը եղել է դեմքին: Գ.-ն նաև նշել է, որ ինքը պրն Զաբչեկովին հետապնդելու և բռնելու հետ կապված որոշակի դժվարություններ է ունեցել՝ ոտքի վնասվածքի պատճառով:
16. Սերժանտ Դիմիտրովը («Ջ.»)՝ ավելի ուշ ժամանած մի ոստիկան, վկայել է. «Երբ մենք ժամանեցինք դեպքի վայր՝ (Գ.-ն) ասաց, որ այն ընթացքում, երբ ինքը փորձել է ձերբակալել պրն Զաբչեկովին, վերջինս վազել է և վայր ընկել երկուսից երեք անգամ, և եթե ընկած չլիներ՝ Գ.-ն չէր կարողանա բռնել նրան»:
Գ. Պրն Զաբչեկովի ձերբակալման և ոստիկանության ժամանելու միջև ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները
17. Վկաները միաձայն էին, որ այն ընթացքում, երբ Գ.-ն Զաբչեկովին հետ էր բերում դեպի շենքի մուտքը, վերջինս սայթաքել և ընկել է: Առկա էին հակասություններ այն հարցում, թե ինչպես է դա տեղի ունեցել: Օր. Ի. Մ.-ն, որն իր պատշգամբից ականատես էր եղել պատահարին, վկայել է, որ երբ Գ.-ն և պրն Զաբչեկովը հայտնվել են շենքի մյուս կողմից, վերջինս սայթաքել է և վայր ընկել: Դ.-ն վկայել է, այնուամենայնիվ, որ պրն Զաբչեկովը սայթաքել և վայր է ընկել մեջքի վրա: Գ.-ն պնդել է, որ նա սայթաքել է, բայց վայր չի ընկել, քանի որ ինքը պահել է նրան:
18. Գ.-ն վկայել է, որ ինքը չի հարվածել պրն Զաբչեկովին և չի տեսել, որ որևէ մեկը հարվածի նրան: Դա հաստատել են օր. Ի. Ա.-ն և օր. Ի. Մ.-ն: Վերջինս, որը ևս կանգառում կանգնած ավտոմեքենաներից մեկի սեփականատերն էր, պնդել է, որ ինքը տեսել է պրն Զաբչեկովին գետնին ընկած, երբ հետապնդումից հետո Գ.-ն նրան հետ էր բերում, բայց նշել է, որ չի տեսել, թե որևէ մեկը նրան հարվածել է: Դ.-ն չի նշել, թե արդյոք նկատե՞լ է, որ որևէ մեկը նրան հարվածած լինի:
19. Գ.-ն նաև նշել է, որ պրն Զաբչեկովին ձերբակալելուց հետո, երբ ինքը շատ մոտ էր կանգնած նրան, վերջինիս դեմքին արյան կամ վնասվածքի որևէ հետք չի նկատել: Նա նաև ավելացրել է, որ պրն Զաբչեկովի մազերը ծածկում էին նրա ճակատի մի մասը և նրա դեմքի գույնը մուգ է եղել: Դ.-ն վկայել է, որ նրա դեմքին արյան կամ վնասվածքի որևէ հետք չի տեսել: Նա ավելացրել է նաև, որ Զաբչեկովից ալկոհոլի հոտ էր գալիս:
20. Պրն Զաբչեկովին բռնելուց հետո Գ.-ն խնդրել է օր. Ի. Մ.-ին՝ ոստիկանություն կանչել. վերջինս նրա խնդրանքը կատարել է 12.20-ին: Դրանից հետո նա մնացել է իր տանը:
21. Գ.-ն, Դ.-ն և պրն Զաբչեկովը շենքի մուտքի մոտ սպասել են մոտավորապես 10-20 րոպե: Ամենայն հավանականությամբ, օր Ի. Ա.-ին, որը գտնվել է իր պատշգամբում, տեսանելի չի եղել շենքի մուտքը, ուր կանգնած էին Գ.-ն, Դ.-ն և պրն Զաբչեկովը:
22. Վկաների ցուցմունքները բովանդակում են որոշակի մանրամասներ այն մասին, թե խոսակցություն է եղել պրն Զաբչեկովի և իրենցից յուրաքանչյուրի միջև մինչև ոստիկանության ժամանումը: Վկաներից ոմանք նշել են, որ պրն Զաբչեկովը հազիվ հասկանալի ինչ-որ բան է շշնջացել: Համաձայն օր. Ի. Մ.-ի, որը դիտել է իր պատշգամբից, պրն Զաբչեկովը մի քանի անգամ կրկնել է, որ ինքը հարբած է եղել: Օր. Ի.
Մ.-ն, Ի.Ա.-ն վկայել են, որ երբ ձերբակալումից հետո պրն Զաբչեկովը մի քանի անգամ ընկել է, Գ.-ն ասել է. «Վեր կա’ց, ես քեզ քարշ չեմ տալու»: Դ.-ն վկայել է, որ ինքը նման խոսքեր չի լսել: Վկաներից ոչ մեկը չի վկայում, որ ինքը լսել է, թե ինչպես են Գ.-ն կամ Դ.-ն խոսում պրն Զաբչեկովի հետ այն ընթացքում, երբ գտնվել են շենքի մուտքի մոտ:
23. 1996թ. հունվարի 29-ին տված իր ցուցմունքում Գ.-ն նշել է, որ ոստիկանության և պրն Զաբչեկովի հեռանալուց հետո այն տեղում, ուր Դ.-ն և Զաբչեկովը կանգնած սպասում էին ոստիկանության գալուն, ինքը գտել է պտուտակահան: Ըստ Գ.-ի՝ այդ պտուտակահանը պատկանել է Զաբչեկովին, քանի որ դրա չափերը հարմար էին մեքենայի մարտկոցը տեղաշարժելու համար: Գ.-ն իր ցուցմունքներում բացատրել է, որ ինքը պահել է պտուտակահանը և 1996թ. հունվարի 29-ի առավոտյան հանձնել հետաքննիչին, երբ ինքը, Զաբչեկովի մահից հետո, հարցաքննվում էր ոստիկանատանը: Այնուամենայնիվ, 1996թ. հունվարի 31-ին տրված իր ցուցմունքում սերժանտ Աթանասովը («Հ.»), որը հերթապահում էր, երբ Զաբչեկովը բերվել է ոստիկանատուն, վկայել է, որ ինքը նկատել է սեղանին դրված պտուտակահանը ժամը 1.30-ին՝ Զաբչեկովի գալուց քիչ անց: Այլ ոստիկանների հետ առերեսման ժամանակ՝ 1996թ. ապրիլի 26-ին, Հ.-ն կրկնել է, որ առաջին անգամ պտուտակահանը տեսել է ավելի ուշ:
Դ. Ոստիկանության ժամանումը Բելի Լոմ փողոց
24. Երբ տեղական ոստիկանատանն ստացվել է հեռախոսազանգը, ոստիկանական մեքենան՝ երկու ոստիկաններով՝ սերժանտ Պետչև («Ա.») և Կոլև («Բ.») մեկնել են համապատասխան հասցեով: Երբ նրանք ժամանել են, տեսել են Գ.-ին և Զաբչեկովին կանգնած շենքի մուտքի մոտ: Դ.-ն ևս գտնվում էր նրանց կողքին:
25. Ա.-ն ճանաչել է Զաբչեկովին, որին նա գիտեր որպես կասկածյալ՝ գողության մի քանի դեպքերի կապակցությամբ ընթացքի մեջ գտնվող հետաքննության առնչությամբ: Նա ձեռնաշղթաներ է հագցրել նրան: Ա.-ն և մի քանի այլ ոստիկաններ ավելի ուշ նշել են, որ այդ պահին Ա.-ն զգուշացրել է մյուսներին ուշադիր լինել, քանի որ Զաբչեկովն «ունեցել է գլխի հիվանդություն»:
26. Մեկ այլ ոստիկանական մեքենա՝ երեք ոստիկաններով՝ սերժանտ Իգնատով («Ե.»), Գեորգիև («Ֆ.») և Դիմիտրով («Ջ.») ժամանել են դրանից քիչ անց: Ոստիկաններն սկսել են զննել տարածքը՝ Զաբչեկովի կողմից՝ մեքենաներից գողություն անելու փորձի ապացույցներ գտնելու համար: Ա.-ն Զաբչեկովին մոտեցրել է մեքենաներից մեկին, որը թվում էր, թե փորձ է արվել բացել, և հարցրել է, թե՞, արդյոք, նա փորձել է այնտեղից որևէ բան գողանալ: Ենթադրաբար, Զաբչեկովը ժխտել է այդ: Այնուհետև նրա ձեռնաշղթաները կապել են ծառից և շարունակել տեղանքի զննությունը: Նկատելով երկու մեքենաներ, որոնց փականները կոտրված էին, ոստիկաններն այցելել են մեքենաների տերերի տները: Նրանցից մեկը դուրս է եկել՝ իր մեքենայի վնասվածքները տեսնելու: Այդ ժամանակ Զաբչեկովը մնացել է ծառից ձեռնաշղթաներով կապված:
27. Միակ վկաները, որոնք մանրամասն տեղեկություններ են հաղորդել ոստիկանության ժամանելու և Զաբչեկովի հետ համատեղ դեպքի վայրից հեռանալու միջև ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, հերթապահ ոստիկաններն էին: Օր Ի. Ա.-ն և Դ.-ն պարզապես նշել են, որ ոստիկանները զննել են տեղանքը: Գ.-ն նշել է, որ ինքը գնացել է մեքենաների տերերին զգուշացնելու: Նա միայն տեսել է, որ մի պահ Զաբչեկովը ոստիկանների հետ գտնվել է ավտոկանգառում, երբ նրա գործընկերները համեմատում էին Զաբչեկովի ոտնահետքերը ձյան վրա տեսանելի հետքերի հետ: Մեքենաներից մեկի սեփականատերը հարցաքննվել է 1996թ. հունվարի 29-ին՝ մոտավորապես ժամը 11.00-ին դեպքի վայր ժամանած ոստիկանի կողմից, սակայն միայն իր մեքենային պատճառված վնասի կապակցությամբ:
28. Ըստ մի քանի ոստիկանների՝ այն ընթացքում, որ իրենք զննում էին տեղանքը, նկատել են, որ Զաբչեկովը պառկած կամ նստած է եղել գետնին: Ա.-ն նշել է, որ այդ պահին նա Զաբչեկովի ձեռնաշղթաներն անջատել է ծառից, նրան նստեցրել է ոստիկանության մեքենան և ձեռնաշղթաները հագցրել է նրա երկու ձեռքերին: Բելի Լոմ փողոցում գտնվող ոստիկանները նշել են, որ այդ ընթացքում նրանք Զաբչեկովի դեմքին վնասվածքի որևէ հետք չեն նկատել: Նրանցից ոմանք նշել են, որ նա հարբած է թվացել, նա քրթմնջում էր և չէր հաղորդակցվում:
Ե. Զաբչեկովին՝ ոստիկանատուն բերելուց հետո կատարված իրադարձությունները
29. Մոտավորապես ժամը 12.50-ին Զաբչեկովին Ա.-ն և Բ.-ն բերել են ոստիկանատուն:
Հերթապահ սերժանտը՝ Հ.-ն, վկայել է, որ ինքը տեսել է Ա.-ին և Բ.-ին՝ Զաբչեկովի հետ ոստիկանատուն մտնելիս: Վերջինիս ձեռքերը շղթայված էին մեջքի վրա: Ա.-ն և Բ.-ն՝ բռնած նրա թևերից, նրան առաջ էին մղում: Զաբչեկովը տարվել է ոստիկանատան թիվ առաջին գրասենյակ: Ա.-ն նշել է, որ այդ ժամանակ նա հանել է ձեռնաշղթաները:
30. Զաբչեկովին կալանավորելու վերաբերյալ ոչ մի գրավոր հրաման չի եղել:
31. Ա.-ի, Բ.-ի և Հ.-ի վկայությունների համաձայն՝ Զաբչեկովը թիվ մեկ գրասենյակում Բ.-ի և Հ.-ի հետ մնացել է այն ընթացքում, երբ Ա.-ն գնացել է հերթապահ ավագ ոստիկանին՝ գնդապետ Իորդանովին («Ի.») զեկուցելու: Հ.-ն այնուհետև նշում է, որ այդ պահին կապտուկ է նկատել Զաբչեկովի հոնքի վրա: Ա.-ն և Բ.-ն որևէ վնասվածքի մասին չեն նշել: Հ-ն նաև նշել է, որ Զաբչեկովի զգեստները թաց էին: Նրանք բոլորը նկատել են, որ Զաբչեկովը հարբած է և քրթմնջում է:
Գնդապետ Ի.-ն նշել է, որ Ա.-ն իրեն հայտնել է, որ Զաբչեկովը բերվել է ոստիկանատուն. Ա.-ն ասել է, որ ձերբակալված անձի ինքնությունը պարզվել է, սակայն նա չափազանց հարբած է հարցաքննվելու համար: Գնդապետ Ի.-ն Զաբչեկովին չի տեսել մինչև մոտավորապես 4.30-ը: Սերժանտների վկայությունների համաձայն՝ գնդապետ Ի.-ն կարգադրել է, որ Զաբչեկովը տեղավորվի սթափարանում: Որոշ ժամանակ անց Ա.-ն և Բ.-ն հեռացել են ոստիկանատնից և վերադարձել իրենց աշխատանքին:
32. Հ.-ն վկայել է, որ Զաբչեկովը դրանից անմիջապես հետո քնել է դեպի միջանցքը գտնվող աթոռի վրա: Մոտավորապես 3-ին Հ.-ն ենթադրաբար նկատել է, որ Զաբչեկովը քնած է գետնին պառկած: Հ-ն մտածելով, որ «նա կարող է մրսել», արթնացրել է նրան և տեղափոխել աթոռի վրա: Հ.-ն նշել է նաև, որ մոտավորապես ժամը 3.50-ին վերադարձել է Զաբչեկովին տեսնելու. վերջինս քնած է եղել աթոռին նստած: Հ.-ն որոշել է նրան բերել թիվ 1 գրասենյակ, որտեղ ավելի տաք էր: Նա արթնացրել է Զաբչեկովին և օգնել նրան՝ սենյակ մտնել: Դրանից քիչ անց Զաբչեկովը վայր է սահել աթոռի վրայից: Հ.-ն նկատել է, որ նա դժվար է շնչում: Հ.-ն նշել է, որ այդ պահին նա կանչել է սերժանտ Դոտչևին («Ջ.») և նրան խնդրել կանչել սերժանտ Պետչևին («Ա.») կամ շտապ օգնություն:
33. Ջ.-ն նշել է, որ համաձայն հերթապահության կարգի, ինքը քնել է ոստիկանատանը 1996թ. հունվարի 29-ին մինչև ժամը 2-ը, որից հետո նա արթնացել և անցել է իր պարտականությունների կատարմանը: Նրան չեն տեղեկացրել, որ ոստիկանատանը ձերբակալված անձ է գտնվում, նրա վկայության մեջ չի հիշատակվում, թե արդյոք ժամը 2-ից մինչև ժամը 3.50-ն ընկած ժամանակահատվածում ինքն անցել է ոստիկանատան միջանցքով, որտեղ այդ ընթացքում, ըստ Հ.-ի վկայության, Զաբչեկովը քնած է եղել աթոռի վրա նստած: Ջ.-ն նշել է, որ ինքը Զաբչեկովի ներկայության մասին իմացել է միայն երբ ժամը 3.50-ին Հ.-ն հայտնել է, որ երիտասարդի մոտ նկատվում են առողջության վատթարացման նշաններ: Ջ.-ն տեսել է նրան, նրա ճակատին նկատել է վնասվածքներ և բարձրախոսով կանչել է Ա.-ին և Բ.-ին:
34. Գրեթե նույն ժամանակ Հ.-ն կամ Ջ.-ն ահազանգել են գնդապետ Ի-ին հերթապահ ավագ ոստիկանին: Ի.-ն նշել է, որ այդ պահին վնասվածքներ է նկատել Զաբչեկովի դեմքին:
35. Ա.-ն և Բ.-ն նշել են, որ ժամը 4.30-ին իրենք հաղորդակցվել են բարձրախոսով և հայտնել, որ Զաբչեկովի առողջությունն արագորեն վատանում է: Ոստիկանատուն ժամանելով՝ սերժանտները Զաբչեկովին տեսել են գետնին պառկած՝ ծանր շնչելիս: Բ.-ն գնացել է հիվանդանոց և վերադարձել հերթապահ մանկաբույժի՝ շտապ օգնության բժիշկ Միխայլովի հետ:
36. Ավելի ուշ բժիշկ Միխայլովը վկայել է, որ մոտավորապես ժամը 5-ին հիվանդանոցի աշխատողն իրեն խնդրել է գնալ ոստիկանատուն, որտեղ բժշկական օգնության կարիք ունի «տասնհինգամյա մի տղա»: Բժիշկ Միխայլովը նշել է, որ ինքը տեսել է հիվանդանոցի այդ աշխատողին ոստիկանի հետ խոսելիս: Նա նաև նշել է, որ երիտասարդի վիճակի մասին իրեն որևէ նախնական տեղեկություն չի տրամադրվել:
37. Բժիշկ Միխայլովը զննել է Զաբչեկովին և խորհուրդ է տվել նրան տեղափոխել հիվանդանոց, քանի որ նրա զարկերակի աշխատանքը շատ դանդաղ էր: Զաբչեկովը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց. ոստիկանության մեքենան հետևել է նրանց: Ժամանելով հիվանդանոց՝ Ա.-ն և Բ.-ն օգնել են Զաբչեկովին շարժվել դեպի հերթապահ բժշկի սենյակի առջև գտնվող միջանցքը: Համաձայն Ա.-ի և Բ.-ի վկայությունների՝ երբ մի քանի րոպե անց Զաբչեկովին զննում էր բժիշկ Իվանովան՝ հերթապահ թերապևտը, նրանք լսել են բորբոքված խոսակցություն նրա և բժիշկ Միխայլովի միջև: Այնուհետև ոստիկաններին հայտնել են, որ Զաբչեկովը մահացել է:
38. Բ.-ն նշել է, որ բժիշկ Իվանովան իրեն և իր գործընկերներին ասել է. «Դուք պետք է լավ իմացած լինեիք Զաբչեկովի վիճակը», և նա պնդել է, որ ինքը Զաբչեկովին շնչելիս չի տեսել:
39. Բժիշկ Միխայլովը նշել է, որ ոստիկանատանն ինքը կապտուկներ է նկատել Զաբչեկովի կրծքավանդակին և այդ ժամանակ երիտասարդը դեռևս ողջ է եղել, սակայն անգիտակից վիճակում և թույլ զարկերակով:
Այնուհետև բժիշկ Միխայլովը ոստիկաններից հարցրել է, թե Զաբչեկովը որքան ժամանակ է գտնվել այդ վիճակում: Ոստիկանների պատասխանը եղել է հետևյալը. «Նա ոստիկանատուն է բերվել այդ վիճակում»:
40. Բժիշկ Իվանովան վկայել է, որ մոտավորապես ժամը 5-ին բժիշկ Միխայլովը խնդրել է իրեն ստուգել, թե արդյոք հիվանդանոց բերված հիվանդը մահացել է: Հայտնաբերելով, որ սրտի աշխատանքը դադարել է, նա փորձել է սրտային մերսում կատարել, բայց՝ ապարդյուն: Նա նաև նշել է, որ երբ ինքը հարցրել է բժիշկ Միխայլովին, թե ինչու են ոստիկանատուն ուղարկել վերջինիս, և ոչ թե իրեն, հիվանդանոցի՝ կանչեր ընդունող աշխատողը պատասխանել է, որ ահազանգելիս նշվել է, որ հիվանդը երեխա է, ուստի նա որոշել է ուղարկել հերթապահ մանկաբույժին:
Զ. Ռազգրադի ոստիկանատանը պահվող գրանցամատյանը
41. Բնականոն պրակտիկայի համաձայն՝ ձերբակալման բոլոր դեպքերը գրանցվում են ոստիկանատանը պահվող գրանցամատյանում: Գրանցամատյանը ներառում է մի շարք նշումներ, որոնք գրառվում են սյունակներով՝ ձերբակալվածին տրված համարը, գրանցամատյանում գրառումը կատարած ոստիկանի անունը, ձերբակալման պատճառները, ձեռնարկված գործողությունները և ազատ արձակելու ժամանակը: Յուրաքանչյուր ձերբակալվածի վերաբերյալ տեղեկությունները գրառվում են ժամանակագրական կարգով:
42. Դատարանի պահանջով Կառավարությունը ներկայացրել է 1996թ. հունվարի 29-ին Ռազգրադի ոստիկանատանը գրանցամատյանում կատարված գրառումների պատճենը: Գրանցամատյանը չէր բովանդակում գրառումներ Զաբչեկովի վերաբերյալ: Այնուամենայնիվ, 72 համարի տակ մուտք էր արված «ինքնությունը չպարզված անձի» մասին գրառում:
43. Գրանցամատյանը չունի առանձին սյունակ ձերբակալման ժամանակի վերաբերյալ: Նույն էջում նշված որոշ ձերբակալվածների առնչությամբ ձերբակալելու ժամանակը նշված էր օրվա հետ միասին: «Ինքնությունը չպարզված անձի» կապակցությամբ ձերբակալման ժամանակի մասին որևէ նշում չի եղել ձերբակալման օրվա վերաբերյալ սյունակում: Այնուամենայնիվ, անմիջապես «ինքնությունը չպարզված անձ» բառերից հետո երկու սյունակներում և երկու տողերի վրա տարածված են «29. I. 96, 01.00» թվերը: Գրանցամատյանի տեսողական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «1.00» թիվը գրվել է մեկ այլ թվի վրա, որը որքան տեսանելի է, սկզբնապես եղել է «3.00» կամ «5.00»:
44. Կարելի է նկատել նաև, որ նույն էջում գրանցման համարները ևս գրված են այլ թվերի վրա: Կառավարության ներկայացրած պատճենից դժվար է տեսնել սկզբնական համարները, որոնք փոփոխվել են: Բացի դրանից, պարզորոշ կարելի է տեսնել, որ յուրաքանչյուր երկու գրառումների միջև առկա են հավասար հեռավորություններ, բացառությամբ «72» և «73» համարների միջև. դրանց միջև առկա էր նշանակալիորեն ավելի փոքր տարածություն:
45. 72 համարի տակ՝ ինքնությունը չպարզված անձի ձերբակալման վերաբերյալ գրառված տվյալները վկայում են, որ այդ անձին ոստիկանատուն է բերել Ա.-ն: Նույն տողի աջ մասում դրված է ստորագրությունը, որը, որքան որ տեսանելի է, թվում է, որ գնդապետ Ի-ի ստորագրությունն է:
46. Հետաքննության ընթացքում գնդապետ Ի.-ն՝ հերթապահ ավագ ոստիկանը, և Ջ.-ն՝ այդ գիշեր նրա օգնականը, հարցաքննվել են ոստիկանությունում Զաբչեկովի ներկայությունը գրանցելու կապակցությամբ: Գնդապետ Ի.-ն նշել է, որ ինքը ցուցում չի տվել գրանցել ձերբակալվածին, քանի որ Ա.-ն ծանոթ է այդ կարգին: Ջ.-ն նշել է, որ ժամը 3.50-ից քիչ անց, երբ Հ.-ն ահազանգել էր նրան՝ Զաբչեկովի վատացող առողջության կապակցությամբ, ինքն ստուգել է ձերբակալվածների գրանցամատյանը, սակայն նրա վերաբերյալ որևէ գրառում այնտեղ չի հայտնաբերել: Գնդապետ Ի.-ն այնուհետև հերքել է գրանցամատյանում գրառում արված լինելու փաստը և նշել, որ երբ ինքը Զաբչեկովի մահից հետո դուրս է եկել ոստիականատնից, ինքնությունը չպարզված անձի վերաբերյալ գրանցամատյանում գրառում չի եղել:
Է. Հետաքննությունը գլխավոր դատախազի և հետաքննչական մարմինների կողմից
47. 1996թ. հունվարի 29-ին վաղ առավոտյան գործին առնչվող ոստիկանները գիշերվա իրադարձությունների վերաբերյալ գրավոր հաշվետվություն են ներկայացրել տեղական ոստիկանության պետին:
Գ.-ն իր ձեռագիր հաշվետվության վերջում՝ շարադրված տեքստից անջատ, նշել է. «Անձը, ում ես ձերբակալել եմ, թուխ էր (գնչու)»:
48. Տեղական ոստիկանության պետը բացել է թիվ ZM-I 128 գործը, որը ներառում էր իրադարձությունների համառոտ նկարագիրը, յոթ ոստիկանների հաշվետվությունները և Դ.-ի ու այն մեքենաներից մեկի սեփականատիրոջ գրավոր վկայությունները, որը ենթադրաբար Զաբչեկովը փորձել է գողանալ:
1996թ. հունվարի 29-ին՝ վաղ առավոտյան, պրն Նեշևը՝ հետաքննիչ Ռազգրադում՝ Ռեգիոնալ հետաքննչական ծառայությունից, հարուցել է թիվ 13/1996 քրեական գործը՝ պրն Զաբչեկովի մահվան կապակցությամբ:
49. Համաձայն դիմողի՝ նույն օրը ժամը 8-ին պրն Նեշևը համազգեստով երկու ոստիկանների հետ այցելել է Զաբչեկովի տուն՝ հայտնելու նրա մահվան մասին: Նրանք խոսել են տղայի խորթ հոր հետ: Համաձայն դիմողի՝ հետաքննիչը նշել է, որ գիշերվա ընթացքում Զաբչեկովը փորձել է կոտրել երկու ավտոմեքենաների փականներ, ոստիկանությունը հետապնդել է նրան, հետապնդման ընթացքում նա ընկել և գլուխը հարվածել գետնին:
50. 1996թ. հունվարի 29-ին հետաքննիչը՝ պրն Նեշևը, հարցաքննել է գործին առնչված ոստիկաններին և Դ.-ին՝ այն երիտասարդին, որը եղել էր սերժանտ Մուտաֆովի հետ (Գ.)՝ Բելի Լոմ փողոցում կարճատև հետապնդման ժամանակ: Նեշևն այցելել է նաև հիվանդանոց և լուսանկարահանել Զաբչեկովի մարմինը:
51. 1996թ. հունվարի 29-ին մոտավորապես ժամը 11.45-ին տեղական ոստիկանությունից Բելի Լոմ փողոց է ժամանել մի ոստիկան՝ ավտոմեքենայի գողության փորձի վերաբերյալ հաղորդման կապակցությամբ: Նա նշել է, որ երկու մեքենայի վրա հայտնաբերվել են գողության փորձ կատարելու հետքեր, և հարցաքննվել են այդ մեքենաների տերերը: Մոտավորապես ժամը 5-ին, այս անգամ, ըստ երևույթին, գործելով Զաբչեկովի մահվան դեպքի առիթով իրականացվող հետաքննության կապակցությամբ, նա նմուշ է վերցրել ձյան վրա մնացած հետքից: Լաբորատոր քննությունը ցույց է տվել, որ դա կենդանու արյուն է:
52. 1996թ. հունվարի 29-ին Նեշևը կարգադրել է դիահերձում կատարել: Նա բժշկական փորձագետներին առաջադրել է հետևյալ հարցերը.
«Որո՞նք են Զաբչեկովի մահվան պատճառները: Կա՞ն, արդյոք, տրավմատիկ վնասվածքներ Զաբչեկովի մարմնի վրա: Դրանք որևէ պատճառական կապ ունե՞ն նրա մահվան հետ: Ինչպե՞ս են այդ վնասվածքները պատճառվել: Որքա՞ն է մահացու վնասվածքներ ստանալու և մահվան միջև ընկած ժամանակահատվածը և հնարավոր է, որ Զաբչեկովը, ինչպես պնդել են վկաները, գիտակցություն է ունեցել մինչև ժամը 4.30: Մահացու վնասվածքները կապ ունե՞ն, արդյոք, այն վնասվածքների հետ, որտեղ մաշկը ծեծված է: Եղե՞լ են, արդյոք, այլ տեսանելի վնասվածքներ և, հաշվի առնելով դրանց բնույթը, անհրաժեշտ եղե՞լ է, արդյոք, դրանց անհապաղ բուժումը:
53. Դիահերձումը կատարվել է 1996թ. հունվարի 29-ին՝ երեք բժիշկների կողմից, Ռազգրադի ռեգիոնալ հիվանդանոցում: Այդ բժիշկներն էին Մինչևը՝ դատաբժշկական բաժանմունքի վարիչը, Միլիտերովը՝ պաթոլոգիայի բաժանմունքի վարիչը, և Մարինովը՝ դատաբժշկական բաժանմունքի բժիշկ:
54. 1996թ. հունվարի 29-ի իրենց զեկույցում փորձագետները մանրամասն ներկայացրել են իրենց եզրակացությունները: Կատարվել են լուսանկարներ:
55. Մարմնի արտաքին զննությունից պարզվել է, inter alia.
«Ձախ հոնքի ծայրին կա 1սմ X 0.4 սմ չափսի՝ երկար կտրվածքով մակերեսային վերք՝ թեթևակի անհավասար և քերծված եզրերով: Վերքի շուրջը մաշկը փոքր-ինչ այտուցված է, մաշկը կապտակարմրավուն է: Ձախ աչքի գունդը մի փոքր դուրս է ցցված…
Ձախ դաստակին առկա է թեթև արյունազեղումով, 3.5 սմ երկարությամբ մակերեսային սպի…
Ձախ դաստակի վրա կան 7.5 սմ x 0.5 և 3.5 x 0.6 սմ չափերի երկու մակերեսային արյունազեղումներ՝ շագանակագույն՝ ծածկված կարմրավուն թաղանթով…»:
56. Փորձագետների զեկույցի եզրափակիչ մասում Զաբչեկովի մարմնի վնասվածքները նկարագրված են հետևյալ կերպ.
«1. Գանգի և գլխուղեղի վնասվածք. մակերեսային բաց վնասվածք ձախ հոնքի դրսի հատվածում, հեմատոմա մաշկում և փափուկ հյուսվածք նրա վերքի շուրջ և ձախ կոպի վրա, «աչքի ոսկրի» հետին պատի կոտրվածք, որը հասնում էր մինչև ստորին արտաքին պատը՝ վերոհիշյալ վնասվածքի տակ շեղ պատռվածքով, էպիդուրալ հեմատոմա ձախ կողմում (արյունահոսություն ուղեղի և գանգի ոսկրների միջև - 110 մլ, էպիդուրալ օեդեմա … ճանաչված որպես մահվան պատճառ):
2. Հեմատոմա մաշկում, արտահայտիչ բծեր և հեմատոմա կրծքավանդակի աջ մասի փափուկ հյուսվածքում՝ դիմային մկանի երկայնքով:
3. Մաշկի մակերեսային քերծվածքներ ճակատի աջ մասում և կրծքավանդակի վերին ձախ մասում՝ մաշկի տակ փափուկ հյուսվածքում
սահմանափակ հեմատոմայով:
4. 0.5 սմ տրամագծով շրջանաձև հեմատոմա ստորին շուրթի ձախ մասի լորձային թաղանթի վրա:
5. Կապտուկներ մաշկի վրա և հեմատոմա ստորին փափուկ հյուսվածքի վրա, կրծքավանդակի և աջ թևի միանալու տեղում»:
57. Փորձագետները եզրակացրել են նաև.
«Մահվան պատճառ է հանդիսացել ճակատի ձախ մասում կուտակված էպիդուրալ գլխուղեղային հեմատոման, որը պարունակել է 110 միլիլիտր արյուն, դրան հաջորդել է գլխուղեղային օեդեման. վերջինս հանգեցրել է
ուղեղի կենսական կենտրոնների ճնշման և արգելակման (նրանք, որոնք կարգավորում են շնչառությունն ու սրտի աշխատանքը, ինչն իր հերթին հանգեցնում է թոքային օեդեմայի) և եղել է մահվան ուղղակի պատճառը >>. 58. Փորձագետների պատասխանն այն հարցին, թե վնասվածքները ինչ ձևով էին պատճառվել, հետևյալն էր.
«1. Ձախ աչքի հատվածում վնասվածքը և էպիդուրալ հեմատոման առաջացել էին բութ օբյեկտի կամ բութ եզրերով օբյեկտի հարվածվելուց, որն ունեցել է սահմանափակ և անհավասար մակերես: Հարվածը եղել է հանկարծակի և բավականաչափ ուժեղ: Այն առաջացրել է ձախ «աչքի ոսկրի» հետին պատի կոտրվածք, որը հասել է մինչև ստորին արտաքին կողմը (գանգի ոսկրները 0.2 սմ բարակության են):
2. Կրծքավանդակի աջ մասի վնասվածքն առաջացել է շփման ավելի լայն մակերես ունեցող ամուր բութ օբյեկտի կամ բութ եզրերով օբյեկտի հարվածվելիս: Այս հատվածում առկա նշանները համընկնում էին զոհի զգեստների վրա մնացած հետքերին:
3. Ճակատի աջ մասի և դաստակների վնասվածքներն արդյունք էին ամուր եզրերով օբյեկտի հարվածի կամ ճզմման: Ներքևի շրթունքի ձախ մասի վնասվածքը պատճառվել էր սահմանափակ մակերեսով ամուր բութ օբյեկտի հարվածվելիս».
59. Փորձագետները նաև նշել են, որ այնպիսի էպիդուրալ հեմատոմային, ինչպիսին Զաբչեկովի մոտ է, բնորոշ է 4-6 ժամ տևողությամբ հանդարտ ընդմիջում, որի ընթացքում տեսանելի ախտանիշներ հանդես չեն գալիս, բացառությամբ նրա, որ.
«զոհն աստիճանաբար դառնում է թույլ, քնկոտ, որից հետո ընկնում է կոմայի մեջ և մահանում, ինչպես և կատարվել է տվյալ դեպքում (1996թ. հունվարի 29-ին ժամը (1-5)-ն ընկած ժամանակահատվածում)».
Զեկույցում եզրակացվել է, որ Զաբչեկովի մահն անխուսափելի էր, եթե չկատարվեր վիրաբուժական միջամտություն:
60. Լաբորատոր վերլուծության արդյունքում հայտնաբերվել է 1.42 հազարերորդական մաս ալկոհոլի կոնցենտրացիա Զաբչեկովի արյան մեջ և 2.40 հազարերորդական ալկոհոլ՝ մեզի մեջ, ինչը համապատասխանում է ալկոհոլային ինտոկսիկացիայի միջին մակարդակին:
61. Ըստ դիմողի՝ 1996թ. հունվարի 30-ի առավոտյան ինքն այցելել է Ռազգրադի Ռեգիոնալ հետաքննչական ծառայություն և տեղեկատվություն պահանջել իր որդու մահվան հանգամանքների վերաբերյալ: Պրն Նեշևը՝ հետաքննիչը, հայտնել է նրան, որ նրա որդին մահացել է գլխի կոտրվածքից: Ըստ դիմողի՝ նա բացատրել է, որ իր որդին փորձել է գողանալ ավտոմեքենայի մասեր, և երբ ոստիկանները փորձել են հետապնդել նրան, նա վազել է, ընկել և գլուխը հարվածել գետնին:
Ըստ դիմողի՝ այս հանդիպման ընթացքում պրն Նեշևը նշել է, որ նրա որդին տեղափոխվել է հիվանդանոց՝ բաց թողնելով այն փաստը, որ նա կալանքի տակ է եղել ոստիկանատանը: Այն հարցին, թե պրն Զաբչեկովի գլուխն ինչպես կարող էր կոտրվել վայր ընկնելիս, պրն Նեշևը ենթադրաբար պատասխանել է, որ դիահերձման արդյունքում հայտնաբերվել է «անբնական բարակ գանգ»:
62. 1996թ. հունվարի 30-ի կեսօրին, Զաբչեկովի դին հիվանդանոցից ստանալով՝ դիմողը և ընտանիքի մյուս անդամները կապտուկներ են նկատել նրա մարմնի վրա: Դիմողը գնացել է տեղական օրաթերթի խմբագրություն, խոսել է երկու լրագրողի հետ, տարել է նրանց իր տուն, որոնք այնտեղ լուսանկարել են որդու դին և զգեստները: 1996թ. հունվարի 30-ին կեսօրից հետո նրա մարմինը թաղվել է:
63. 1996թ. հունվարի 31-ին և փետրվարի 1-ին հետաքննիչը հարցաքննել է օր. Ի. Մ.-ին և օր. Ի. Ա.-ին:
64. 1996թ. հունվարի 31-ին ռեգիոնալ դատախազի՝ օր. Հաջիդիմիտրովայի կարգադրությամբ հետաքննությունը հանձնվել է Ռեգիոնալ զինվորական դատախազությանը: Այդ որոշումը հիմնվում էր այն հանգամանքի վրա, որ Զաբչեկովը մահացել էր ոստիկանությունում կալանքի տակ գտնվելուց հետո: Ռեգիոնալ դատախազը նշել է, inter alia.
«... իր մահից մի քանի ժամ առաջ անչափահաս Զաբչեկովը հետապնդվել է 1996թ. հունվարի 29-ին՝ գիշերը ժամը 1-ին, երբ փորձ է արել գողանալ մեքենայի մասեր, այնուհետև տարվել է ոստիկանների կողմից ... և տեղավորվել հերթապահ մասում, ինչը նպատակ է ունեցել սահմանափակել նրա տեղաշարժվելու ազատությունը: Ուստի, թեև նա կալանքի տակ չի եղել Ոստիկանության մասին օրենքի 35 (1) բաժնի և 33 (1) (1) բաժնի համաձայն, իրականում Զաբչեկովը հարկադրաբար պահվել է ոստիկանատանը մոտավորապես 3 ժամ և իր՝ այնտեղ գտնվելու ընթացքում ... նրա առողջական վիճակը հանկարծակի վատացել է, և նա կորցրել է գիտակցությունը»:
Ը. Հետաքննությունը զինվորական դատախազության և հետաքննության մարմինների կողմից
65. 1996թ. հունվարի 31-ին, գործի վերաբերյալ նյութերն ստանալուց հետո, Ռեգիոնալ զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել՝ նոր համարի գործով (3-VII/96, դատախազի գործ 254/96): Գործը հանձնվել է զինվորական հետաքննիչի:
Հաջորդ շաբաթների ընթացքում զինվորական հետաքննիչը հարցաքննել է գործում ներգրավված ոստիկաններին, այն հինգ անձանց, ովքեր 1996թ. հունվարի 28-ն անց են կացրել Զաբչեկովի հետ, և նաև լսել է բժիշկներ Միխայլովին և Իվանովային:
66. Ոստիկաններից երկուսը՝ սերժանտ Պետչևը (Ա.) և սերժանտ Գեորգիևը (Ֆ.), զինվորական հետաքննիչին տրված իրենց բանավոր վկայություններում նշել են Զաբչեկովի էթնիկ ծագումը:
Ա.-ն նշել է, որ երբ ինքը ժամանել է Բելի Լոմ փողոց՝ շենքի մուտքի մոտ տեսել է երկու անձանց, որոնցից մեկը եղել է «դատվածություն ունեցող մի գնչու՝ Անգել Զաբչեկովը»:
Իր վկայության մեջ Ֆ.-ն դիմողի որդուն հիշատակել է որպես «գնչու» (երեք անգամ), «ձերբակալված» (յոթ անգամ) և Զաբչեկով (երկու անգամ):
67. 1996թ. մարտի 12-ին հետաքննիչը հարցաքննել է օր. Ի. Ա.-ին, օր. Ի.Մ.ին և Դ.-ին: Նրա հարցադրումները միայն վերաբերել են նրան, թե Զաբչեկովը Բելի Լոմ փողոցում հետապնդման ժամանակ քանի անգամ է վայր ընկել և վայր ընկնելու տեղերին:
1996թ. մարտի 18-ին հետաքննիչը նշանակել է փորձագետի՝ ուսումնասիրելու համար Զաբչեկովի զգեստները, որոնք նա կրել է 1996թ. հունվարի 29-ին: 1996թ. մարտի 20-ի իր զեկույցում փորձագետը նշել է, որ չեն եղել կոշիկի հետքեր, սակայն, բացատրել է նաև, որ կոշիկի հետքից մասնիկներ չէին կարող մնալ փափուկ կտորի վրա:
68. 1996թ. մարտի 20-ին հետաքննիչը կատարել է Զաբչեկովին ձերբակալելու ընթացքում տեղի ունեցած հանցավոր իրադրության վերականգնում՝ վկաների ցուցմունքներն ստուգելու համար: Դրան մասնակցել են սերժանտ Մուտաֆովը (Գ.) և երկու անձինք, ովքեր տեսել են տեսարանը պատշգամբներից՝ օր Ի. Ա.-ին և Ի. Մ.-ին: Ոստիկանները, որոնք ժամանել էին Բելի Լոմ փողոց, Զաբչեկովի՝ Գ.-ի կողմից ձերբակալվելուց հետո, չեն մասնակցել հանցավոր իրադրության վերականգնմանը, որը բացառապես առնչվում էր այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունեցել երկու ոստիկանական մեքենաների ժամանելուց առաջ: Հանցավոր իրադրության վերականգնման ընթացքը տեսագրվել է:
69. 1996թ. ապրիլի 11-ին դիմողը պահանջ է ներկայացրել Վառնայի զինվորական դատախազությանը՝ կատարելու իր որդու արտաշիրմում և նշանակելու նոր բժշկական փորձաքննություն՝ նշելով, որ իր որդին թաղվել է հապճեպորեն, և նրա մարմնի արտաշիրմումը էական նշանակություն ունի: Դիմողը կասկած է հայտնել, որ իր որդու կողոսկրերը կարող է կոտրված լինեին: Նա հետաքննիչ պրն Աթանասովին նաև ներկայացրել է որդու մահվանից մի քանի ամիս առաջ կատարված՝ նրա գլխի ռենտգեն լուսանկարները, որոնց միջոցով նա փորձում էր ապացուցել, թե արդյո՞ք նրա գանգը եղել է «փափուկ» կամ «բարակ»:
70. 1996թ. ապրիլի 17-ին կամ 18-ին հինգ բժշկական փորձագետներ նշանակվել են Զաբչեկովի մահվան պատճառների կապակցությամբ կրկնակի փորձաքննություն կատարելու համար: Նրանցից մեկը՝ բժիշկ Մինչևը եղել է փորձագետների սկզբնական խմբում: Մնացած չորսն էին պրոֆեսոր Պավլովը՝ Վառնայի բժշկական համալսարանի դատաբժշկական բաժանմունքի վարիչը, բժիշկ Կյուչկովը՝ նույն համալսարանի նյարդավիրաբուժության բաժանմունքից, բժիշկ Դոկովը և բժիշկ Ռադյոնովան՝ նույն համալսարանի դատաբժշկական բաժանմունքի ավագ ասիստենտներից: Փորձագետներին տրվել են հետևյալ հարցերը.
«1. Ինչպիսի՞ վնասվածքներ է ունեցել Զաբչեկովը: Ո՞րն է մահվան պատճառը:
2. Ի՞նչ միջոցով են այդ վնասվածքները պատճառվել: Կարո՞ղ էին, արդյոք, այդ վնասվածքները պատճառվել մի քանի անգամ վայր ընկնելու արդյունքում (վկաների ցուցմունքների և հանցավոր իրադրության վերականգնման համաձայն, ինչպես տեսագրված է), թե դրանք արդյունք էին ուղղակի հարվածների:
3. Ե՞րբ են վնասները պատճառվել:
4. Ալկոհոլի ի՞նչ կոնցենտրացիա է եղել Անգել Զաբչեկովի արյան մեջ նրան ձերբակալելու պահին՝ ժամը 12.15-ին:
71. 1996թ. ապրիլի 26-ին հետաքննիչը առերեսում է կատարել գործում ներգրավված ոստիկանների միջև: 1996թ. ապրիլի 26-ին հարցաքննվել են երեք լրացուցիչ վկաներ:
1996թ. մայիսի 23-ին դիմողը կրկնել է արտաշիրմում կատարելու իր պահանջը:
1996թ. հունիսի 11-ին պրն Դիմիտրովը՝ Ռեգիոնալ զինվորական դատախազության դատախազը, դիմողին տեղեկատվություն է ուղարկել գործի ընթացքի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, նշվում էր, որ արտաշիրմումը կկատարվի, եթե դա անհրաժեշտ համարեն հինգ բժիշկ- փորձագետները, որոնք դեռևս չեն ներկայացրել իրենց կարծիքը:
72. 1996թ. հունիսի 28-ին հինգ փորձագետները ներկայացրել են իրենց զեկույցը («երկրորդ զեկույց»), որը հիմնվում էր գործի նյութերի վրա: Նրանք նաև դիտել են Զաբչեկովի ձերբակալման պատկերի վերականգնման տեսագրությունը, որը կատարվել էր 1996թ. մարտի 20-ին:
73. Փորձագետները հաստատել են այն եզրակացությունը, որ Զաբչեկովի մահվան պատճառը եղել է գանգի կոտրվածքի հետևանքով առաջացած էպիդուրալ օեդեման: Նրանք նաև նշել են, որ, inter alia, ճակատագրական կոտրվածքը կարող էր առաջանալ ոտքով, բռնցքով կամ որևէ բութ գործիքով հասցված հարվածից կամ նաև վայր ընկնելուց և «հարթ լայն մակերեսի» բախվելուց: Նրանք նշել են, որ դիահերձման արդյունքում չի գրանցվել որևէ կազմաբանական տվյալ, որը հնարավորություն կտար որոշել այն գործիքը, որով վնասվածքները պատճառվել են:
Երկրորդ զեկույցում նշվում էր, որ հարվածը, որով կոտրվածքը պատճառվել էր, շատ ուժգին չի եղել: Այդ եզրակացությունը հիմնվում էր «գանգի կառուցվածքի մասնակի առանձնահատկությունների վրա» (ինչպես վկայում են գործին կցված ռենտգենյան լուսանկարները և գանգի բարակությունը, ինչպես նկարագրված է դիահերձման մասին արձանագրության մեջ):
74. Հակառակ առաջին զեկույցի, որի համաձայն՝ Զաբչեկովին պատճառված վնասվածքի և մահվան միջև տևողությունը եղել է 4-6 ժամ, հինգ փորձագետների եզրակացությունը հետևյալն էր.
«Հեմատոման ... որը հանգեցրել էր Զաբչեկովի մահվան, գոյություն է ունեցել նրա մահից առնվազն 10 ժամ առաջ: Նման եզրակացության համար հիմք էր հանդիսանում հեմատոմայի առաջացումը (մուգ կարմիր գույնի արյան գնդիկներ), որն ակնհայտորեն տեսանելի էր գործին կցված լուսանկարներում: Այդպիսի գնդիկները՝ առանց հեղուկ արյան առկայության, ձևավորվում են 10 ժամվա ընթացքում, սկսած այն պահից, երբ ստեղծվել են դրանց առաջացման հիմքեր: Այս ժամանակահատվածում հիվանդի վիճակը սովորաբար բնորոշվում է որպես, այսպես կոչված, «հանդարտ ընդմիջում»՝ մի ժամանակահատված, որի ընթացքում այդ գնդիկները չեն առաջացնում տեսանելի անհանգստացնող նշաններ: Նման հիվանդների վիճակն աստիճանաբար վատանում է... նրանց մոտ առաջանում է գլխացավ, խախտվում է խոսելու և տեղաշարժվելու ունակությունը, նրանք դառնում են անկայուն և քնկոտ, ճոճվում են, քանի դեռ չեն ընկել կոմայի մեջ»:
75. Լուսանկարները, որոնց վրա հիմնվել են փորձագետները, կատարվել էին դիահերձման ժամանակ, որն սկսվել էր 1996թ. հունվարի 29-ին ժամը 11.30-ին:
76. Փորձագետները նաև գտել են, որ հաշվի առնելով Զաբչեկովի արյան մեջ հայտնաբերված ալկոհոլի քանակությունը՝ գլխի կոտրվածքի արդյունքում առաջացած ախտանիշները քողարկվել են ալկոհոլի ազդեցության տակ:
77. Հինգ փորձագետների զեկույցը վերաբերել է նաև Զաբչեկովի մարմնի վրայի այլ վնասվածքների.
«Կրծքավանդակի ձախ մասի հեմատոման արդյունք էր հարթ և լայն մակերեսով օբյեկտի հարվածվելու, որը կարող էր ընդունել ոտքի հարվածի, վայր ընկնելուց առաջացած հարվածի և լայն օբյեկտի բախվելուց առաջացած հարվածի ձև: Կապտուկի ընդհանուր տեսքը համապատասխանում է մահացածի զգեստի վրա եղած հետքերին, որը վկայում է այն մասին, որ հարվածը պատճառվել է զգեստի վրայից... Ճակատի աջ մասի, երկու դաստակների և ստորին շրթի կապտուկներն ու վնասվածքներն արդյունք են հարվածի սահմանափակ մակերես ունեցող՝ ծանր, բութ և/կամ եզրեր ունեցող օբյեկտի օգտագործման: Երկու դաստակների վնասվածքները հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ դրանք պատճառվել են նրա ձեռքերին հագցված ձեռնաշղթաներից՝ համաձայն առկա տեղեկատվության...»:
78. 1996թ. հուլիսի 25-ին զինվորական հետաքննիչը կազմել է զեկույց՝ առաջարկելով դադարեցնել գործի հետաքննությունը:
79. 1996թ. հուլիսի 31-ին Ռեգիոնալ զինվորական դատախազությունը դադարեցրել է հետաքննությունը, քանի որ որևէ կապ չկար ոստիկանների գործողությունների և Զաբչեկովի մահվան միջև: Այդ եզրակացությունը հիմնվել է երկրորդ բժշկական զեկույցի վրա, որ համաձայն վնասվածքի և մահվան միջև ժամանակահատվածի տևողությունը եղել է առնվազն 10 ժամ:
80. 1996թ. օգոստոսի 6-ին դիմողը գանգատ է ներկայացրել Ազգային զինվորական դատախազություն: Նա նշել է, որ հետաքննությունը եղել է ոչ լիարժեք, կրկնակի մերժվել է արտաշիրմում կատարելու իր պահանջը, առկա են եղել հակասություններ վկաների ցուցմունքների միջև և որոշակի փաստերի, ներառյալ՝ Զաբչեկովի մարմնի վրայի վնասվածքների վերաբերյալ, չի տրվել բացատրություն:
81. 1996թ. դեկտեմբերի 18-ին Ազգային զինվորական դատախազությունը հաստատել է հետաքննության դադարեցումը և մերժել է դիմողի պահանջները: Դատախազության որոշման մեջ ասվել է.
«Չնայած այն ֆիզիկական ուժին, որն օգտագործվել է Զաբչեկովին՝ մեքենաներից մասեր գողանալու փորձի համար ձերբակալելու ընթացքում, չկա որևէ ապացույց առ այն, որ ոստիկանները բռնություն են կիրառել նրա նկատմամբ՝ ոստիկանատնից դուրս, կամ ոստիկանատան ներսում: Բացի դրանից, իրենց ոլորտում բարձր որակավորում ունեցող հինգ փորձագետների հաստատ եզրահանգման համաձայն՝ մահացու վնասվածքները պատճառվել էին մահվանից ավելի քան 10 ժամ առաջ»:
82. Որոշվել է նաև գործը վերադարձնել Ռեգիոնալ զինվորական դատախազություն, որն իրավասու է պարզել, թե արդյ՞ոք քրեական հանցանք կատարվել է այլ անձանց կողմից, որոնք ոստիկաններ չեն եղել:
Թ. Գլխավոր դատախազության և հետաքննչական մարմինների կողմից իրականացված լրացուցիչ հետաքննությունը
83. 1997թ. հունվարի 20-ին ռեգիոնալ դատախազը՝ օր. Հաջիդիմիտրովան գործը հանձնել է հետաքննիչին: Նա նշել է, որ ոստիկանության առնչությամբ հետաքննությունը դադարեցվել է այն հիմքով, որ մահացու վնասվածքը պատճառվել է պրն Զաբչեկովի մահից ավելի քան 10 ժամ առաջ: Ուստի, հետագա ապացույցները, որոնք անհրաժեշտ է հավաքել, պետք է վերաբերեին նրան, թե որտեղ է գտնվել և ինչ վիճակում է եղել Զաբչեկովը 1996թ. հունվարի 28-ին ժամը 7-ից առաջ:
84. Լրացուցիչ հետաքննության ընթացքում հետաքննիչի՝ պրն Նեշևի կողմից 1997թ. հունվարի 23-ին հարցաքննվել են դիմողը և վեց այլ վկաներ:
85. 1997թ. հունվարի 24-ին դիմողը կրկին պահանջել է կատարել արտաշիրմում և նոր բժշկական փորձաքննություն՝ պնդելով, որ առկա են հակասություններ ցուցմունքների միջև: Այդ պահանջը մերժվել է Ռազգրադի ռեգիոնալ դատախազության կողմից 1997թ. հունվարի 31-ին՝ դրա անհրաժեշտության բացակայության պատճառաբանությամբ:
86. Դիմողը բողոքարկել է Գլխավոր դատախազին: Նա, inter alia, նշել է, որ դատախազները չեն բացատրել, թե ինչու ոստիկանները պատշաճորեն հոգ չեն տարել Զաբչեկովի նկատմամբ՝ նրա ձերբակալումից հետո:
87. 1997թ. փետրվարի 17-ին հետաքննիչ Նեշևը հրավիրել է դիմողին՝ խորհրդակցելու հետաքննության ընթացքի վերաբերյալ: Դիմողը բազմաթիվ առարկություններ և պահանջներ է ներկայացրել հետաքննության թերությունների վերաբերյալ: Մասնավորապես, նա նշել է, որ հիմնարար հակասություններ գոյություն ունեն առաջին և երկրորդ բժշկական եզրակացությունների միջև և ակնհայտորեն անհնարին է, որ նման ծանր վնասվածք ունեցող անձը, ինչպես ցույց է տվել դիահերձումը, կարողանար գողանալ ավտոմեքենայի մասեր և դիմադրեր ձերբակալմանը: Դիմողը կրկին պահանջել է կատարել արտաշիրմում և նշանակել նոր փորձաքննություն, որը կպատասխանի իր նախորդ պահանջներում բարձրացված հարցերին:
88. 1997թ. փետրվարի 18-ին հետաքննիչ Նեշևը կազմել է զեկույց՝ նշելով, որ 1997թ. հունվարի 20-ին կարգադրված լրացուցիչ հետաքննությունը չի բացահայտել որևէ ապացույց առ այն, որ Զաբչեկովը ծեծի է ենթարկվել մինչև ձերբակալումը: Ուստի, առաջարկվել է դադարեցնել հետաքննությունը:
89. 1997թ. մարտի 4-ի կարգադրությամբ ռեգիոնալ դատախազ օր. Հաջիդիմիտրովան դադարեցրել է քրեական գործի վարույթն այն հիմքով, որ բոլոր հնարավոր ապացույցները հավաքվել են և հնարավոր չի եղել որոշել այն կոնկրետ հանգամանքները, որոնց պայմաններում մահացու վնասվածքը պատճառվել է:
90. Որոշման մեջ նշվել են զինվորական դատախազների եզրակացությունները, մասնավորապես, այն եզրահանգումները, որոնք վերաբերում էին գանգի կոտրվածքին: Որոշումը հաստատել է այդ եզրահանգումները: Մարմնի մյուս վնասվածքների կապակցությամբ դատախազը նշել է, որ դրանք Զաբչեկովի կյանքի համար վտանգ չեն ներկայացրել:
Որոշման մեջ նաև նշվել է, որ երբ Զաբչեկովը տարվել է ոստիկանատուն, նա գտնվել է առողջական լավ վիճակում:
91. 1997թ. մարտի 10-ին դիմողը դիմել է գլխավոր դատախազություն՝ բողոքարկելով գործի վարույթը դադարեցնելու մասին որոշումը: 1997թ. մարտի 20-ին գլխավոր դատախազությունը հաստատել է վարույթի դադարեցումը:
Ժ. Կողմերի ներկայացրած այլ ապացույցները
92. Դիմողը ներկայացրել է Զաբչեկովի մարմնի քառագույն լուսանկարներ և նրա պիջակի լուսանկարը, որը նա կրել է մահվանից առաջ: Լուսանկարները կատարված էին 1996թ. հունվարի 30-ին՝ լրագրողների կողմից՝ դիմողի տանը, այն բանից հետո, երբ կատարվել էր դիահերձում և դին վերադարձվել էր թաղելու համար:
93. Լուսանկարներից երկուսում լուսանկարված էր Զաբչեկովի դեմքը: Մազերը ծածկում էին նրա ճակատի մի մասը: Ձախ հոնքի վրա կարելի էր տեսնել կարմրակապտավուն կապտուկ: Ձախ աչքի կոպը կապույտ գույնի էր: Կապտուկներ կարելի էր տեսնել նաև շուրթերին, բերանի ձախ մասում:
94. Մյուս երկու լուսանկարներում կապտուկներ կարելի էր տեսնել Զաբչեկովի կրծքավանդակի աջ կողմում, մասամբ՝ աջ թևատակին: Տեսանելի էին վերքեր նաև Զաբչեկովի աջ դաստակին:
95. Դիմողը (օրը ճշգրտված չէ), գործելով Հռոմի՝ իրավունքների եվրոպական կենտրոնի՝ Բուդապեշտում հիմնադրված հասարակական կազմակերպության միջոցով, խնդրել է պրոֆեսոր Յորգեն Թոմսենի՝ պետական պաթոլոգ, դատաբժշկության ինստիտուտ, Հարավային Դանիայի համալսարան, Օդենսի, Միացյալ ազգերի՝ Դատաբժշկական փորձագետների մշտական խմբի անդամ, կարծիքը: Պրոֆեսոր Թոմսենն իր գրավոր կարծիքը տվել է 1999թ. փետրվարի 4-ին: Պրոֆեսոր Թոմսենն իր տրամադրության տակ ունեցել է, inter alia, այն իրադարձությունների նկարագրությունը, ինչը ենթադրաբար տեղի է ունեցել գործում, և քաղվածքներ դիահերձման եզրակացությունից, ինչպես նաև դատաբժշկական փորձագետների զեկույցները:
Պրոֆեսոր Թոմսենը, inter alia, նշել է.
«Էպիդուրալ հեմատոման սովորաբար առաջանում է ամուր մակերեսի վրա ընկնելուց կամ բութ գործիքով ուժեղ հարվածից: Հայտնի է, որ ամուր մակերեսի վրա ընկնելը հաճախ թողնում է, այսպես կոչված՝ contre-coup հակահարված վնասվածք: Ցավալի է, որ նման վնասվածքների առկայությունը կամ բացակայությունը չի մատնանշվել: Նշվել է, որ մահացածն ունեցել է բարակ գանգ: Իմ կարծիքով, դա արդարացնող փաստ չէ միջանձնային բռնության դեպքերում, քանի որ սովորաբար հայտնի չէ, թե գանգը բարակ է, թե՝ հաստ, և բարակ գանգը կարող է լինել բռնության հնարավոր հետևանք: Էպիդուրալ հեմատոմայի հետ մեկտեղ սովորաբար առկա է լինում քունքոսկրի կոտրվածք և քներակի վնասվածք: Արյունահոսությունը, հետևաբար, երակային է:
Ուստի հաճախ լինում է հանդարտ ընդմիջում, որը կարող է տևել մի քանի ժամ, սակայն հաճախ այդ ընդմիջումը չի գերազանցում երկու ժամը: Եթե տրավմատիկ վնասվածքը ներառում է ուղեղը, ապա սովորաբար հանդարտ ընդմիջում չի լինում:
Ես համաձայն եմ երկու դատաբժշկական զեկույցներն, որ մահվան պատճառը եղել է էպիդուրալ հեմատոման, ինչն առաջացել է նշված վնասվածքներից մեկի արդյունքում: Դա կարող էր տեղի ունենալ մինչև մահացածի ձերբակալումը, բայց որևէ կերպ չի կարելի բացառել, որ մահացու վնասվածքը նա ստացել է ոստիկանատանը: Ես համաձայն չեմ այն կարծիքին, որ վնասվածքից մինչև մահն անցել է 10 ժամ: Դա հիմնվում է արյան գնդիկների տեսքի վրա: Հայտնի է, որ մահից հետո արյունն ընդունում է տարբեր ձևեր և նույնիսկ մահից հետո առկա է էկզեմատիկ կենսաքիմիական գործունեություն, որը կարող է արյունը փոփոխել անկանխատեսելի ձևով և տարբեր տեղերում՝ տարբեր ձևերով:
Հաշվի առնելով մյուս վնասվածքները, սրանք, ամենայն հավանականությամբ, չեն առաջացել միևնույն վնասվածքից, ինչ էպիդուրալ հեմատոման: Դրանք այնպիսի կոպիտ բռնության արդյունք են, ինչպիսիք են ծեծը, ոտքով հարվածելը և/կամ վայր ընկնելը, և կարող են պատճառված լինել ոստիկանատանը՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում:
Դաստակների նշանները բնորոշ են ձեռնաշղթաների թողած հետքերին: Ձեռնաշղթաները սովորաբար հետքեր չեն թողնում, սակայն կարող են հետքեր թողնել, եթե շատ ամուր են հագցված, եթե անձը դիմադրել է ձեռնաշղթաներով կամ նրան քարշ են տվել ձեռնաշղթաներից բռնած:
Ի ամփոփումն՝ հնարավոր չէ որոշել, թե էպիդուրալ հեմատոման առաջացել է վայր ընկնելու, թե բռնության արդյունքում: Այն կարող է առաջացած լինել ինչպես մինչև ոստիկանատուն բերվելը, այնպես էլ ոստիկանատանը ձերբակալված լինելու ընթացքում: Էպիդուրալ հեմատոման բուժելի է, եթե անմիջապես կատարվի վիրահատություն: Եթե Զաբչեկովը հիվանդանոց տարվեր ավելի շուտ, նա կարող էր փրկվել:
96. Կառավարությունը նշել է, որ Զաբչեկովը գրանցված է Անչափահաս հանցագործների մանկավարժական կենտրոնում և Ռազգրադի ոստիկանությունում՝ կապված մի քանի ենթադրյալ գողությունների հետ:
97. 1995թ. հուլիսի 3-ին Անչափահասների կենտրոնը գրություն է ուղարկել Ռազգրադի ոստիկանություն՝ նշելով, որ Զաբչեկովը, որն այդ ժամանակ 16 տարեկան էր, ունի խոսքի արատ և մտավոր թերզարգացած է: 1995թ. նոյեմբերի 18-ի մեկ այլ գրությամբ շեշտվել է այդ հանգամանքը:
Կառավարությունը բացատրել է, որ 1995թ. նոյեմբերի 7-ին դիմողը հարցաքննվել է Ռազգրադում հետաքննիչի կողմից՝ իր որդու՝ Զաբչեկովի կողմից ենթադրաբար կատարված գողությունների առթիվ հարուցված քրեական գործերի կապակցությամբ: Նա նշել է, որ, inter alia, իր որդին միշտ կակազել է: Նա հիվանդ է եղել երեք տարեկանից ի վեր: Մասնավորապես, եղել են պահեր, երբ նա չի կարողացել շնչել, և նրա մաշկը կապտել է: Նրա աչքերը միշտ ուռած են եղել և նա ուշագնաց է եղել հանկարծակի վախի ազդեցությամբ: Զաբչեկովին զննել են մի շարք բժիշկներ, որոնք եզրակացրել են, որ նա խնդիրներ ունի՝ կապված ողնաշարի հետ: Նա հիշատակել է բժիշկ Միչևայի անունը, որն ունի բոլոր փաստաթղթերն իր որդու հետազոտությունների վերաբերյալ:
98. 1995թ. դեկտեմբերի 14-ին Զաբչեկովը հարցաքննվել է գողությունների կապակցությամբ հարուցված քրեական գործերի առնչությամբ: Իր առողջական վիճակի հետ կապված հարցին նա պատասխանել է, որ հակված է ուշագնացության և ցավ է զգում գլխում ու աչքերում: 1996թ. հունվարի 4-ին Ռազգրադում շրջանային հետաքննչական ծառայությունից հետաքննիչը գործ է հարուցել ընդդեմ Զաբչեկովի և գողության մեջ կասկածվող այլ անձանց: 1996թ. հունվարի 15-ին Զաբչեկովը հարցաքննվել է և նշել է, որ իրեն բուժել է բժիշկ Միչևան՝ հոգեբուժ: Զաբչեկովի փաստաբանը պահանջել է հոգեբույժական փորձաքննություն, որը նշանակվել է 1996թ. հունվարի 30-ին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Գործին առնչվող ժամանակահատվածում գործող՝ Ազգային ոստիկանության մասին օրենքը
99. 35 (1) կետը նախատեսում է.
«Ոստիկանական մարմիններն ընդունում են գրավոր կարգադրություն ձերբակալված անձին ձերբակալվածների համար նախատեսված հաստատությունում պահելու վերաբերյալ»:
Բ. Քրեական դատավարության օրենսգիրքը
100. 388 հոդվածի ուժով զինվորական դատարանները քննության են առնում այն գործերը, որոնցում մեղադրյալը, օրինակ, ոստիկան է: Երբ գործն ընդդատյա է զինվորական դատարաններին, նախնական քննությունն իրականացվում է զինվորական հետաքննիչների և դատախազների կողմից:
101. 362 հոդվածի 1-ին (4) կետը՝ 359 հոդվածի հետ համատեղ, նախատեսում է, որ եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է դատարանի վճռով ավարտված քրեական գործի կապակցությամբ Կոնվենցիայի «էական խախտում», դատախազական մարմինները պահանջում են վարույթի նորոգում իրավասու դատարանների կողմից:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
1. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վիճարկվող խախտում
102. Դիմողը պնդել է, որ իր որդու նկատմամբ դրսևորվել է վատ վերաբերմունք, և նա մահացել է ոստիկանների պատճառած վնասվածքների արդյունքում, նրան կալանքի տակ գտնվելու ընթացքում ժամանակին չի տրամադրվել բժշկական օգնություն, պետական մարմինները չեն կատարել լրիվ և արդյունավետ հետաքննություն:
Կոնվենցիայի 2-րդ հոդվածը նախատեսում է.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով:
Ոչ ոքի չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի՝ այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝
ա) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
գ) խռովությունը կամ ապստամբությունը օրենքին համապատասխան ճնշելու համար»:
Ա. Արդյո՞ք Զաբչեկովը մահացել է ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքի արդյունքում
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմողը
103. Դիմողը նշել է, որ Կառավարության երկու բացատրությունները, այն է՝ մահացու վնասվածքն առաջացել է ավելի շուտ, քան Զաբչեկովի ձերբակալումը, և նրա մարմնի վրա մնացած վնասվածքները պատճառվել են հետապնդման ընթացքում, անհավանական են, քանի որ հիմնավորված չեն որևէ ապացույցով:
104. Ինչ վերաբերում է գանգի վնասվածքին, դիմողը պնդել է, որ երկրորդ դատաբժշկական զեկույցում տեղ գտած եզրակացությունները մեծապես կասկածելի էին, քանի որ դրանք շեղվում էին առաջին դատաբժշկական զեկույցից՝ առանց որևէ բացատրության: Իշխանությունները շտապել են հիմնվել երկրորդ զեկույցի վրա՝ անտեսելով հակասությունները: Մահացու վնասվածքի առաջացման ժամանակի վերաբերյալ երկրորդ զեկույցի եզրահանգումը հիմնվել է միայն արյան գնդիկների ձևի վրա, ինչպես երևում էր մահվանից 6 ժամ հետո կատարված լուսանկարչական պատկերների վրա:
Այն ենթադրությունը, որ գանգի վնասվածքը պատճառվել է Զաբչեկովի մահվանից 10 ժամ առաջ, մոտավորապես 1996թ. հունվարի 28-ին, ժամը 6.45-ին, ըստ դիմողի՝ անհամատեղելի է վկայությունների հետ և մեծապես անիրական: Բավականին լուրջ վնասվածքի առկայությունը, որն աստիճանաբար վեր էր ածվել մահվան պատճառի, չէր կարող ընդհանրապես չնկատվել այնքան մեծաթիվ մարդկանց կողմից, ովքեր այդ ժամանակահատվածում խոսել էին նրա հետ և տեսել նրան: Բացի դրանից, Կառավարությունը չի ներկայացրել որևէ լուրջ ապացույց՝ հիմնավորելու համար այն տեսությունը, որ Զաբչեկովի ենթադրյալ «մշտական, քրոնիկ, նյարդային վիճակը» մեծացրել է այն հավանականությունը, որ մահացու վնասվածքն ստացել է «…լայն, հարթ մակերեսի վրա ընկնելուց»:
Կառավարության բացատրությունները Զաբչեկովի մարմնի մյուս՝ կրծքավանդակի, դեմքի և աջ դաստակի վնասվածքների վերաբերյալ, ըստ դիմողի՝ ակնհայտորեն անհավանական էին: Նման վնասվածքները չէին կարող առաջանալ վազելու ընթացքում վայր ընկնելուց կամ ձեռնաշղթաների բնականոն օգտագործումից: Անշուշտ, այդ վնասվածքների առաջացման հարցը երբևէ չի հետազոտվել, և Կառավարությունը հորինել է իր սեփական տեսությունը՝ սույն գործի նպատակների համար: Իրականում, ակնհայտ էր, որ այդ վնասվածքները վատ վերաբերմունքի արդյունք էին, և հակառակի վերաբերյալ ապացույցների բացակայության դեպքում դրանք պետք է պատճառված լինեին մահացու վնասվածքի հետ միաժամանակ:
105. Դիմողը նաև նշել է, որ չի ներկայացվել որևէ ապացույց ոստիկանների կասկածելի վարքագծի և ձերբակալումների գրանցամատյանի ակնհայտ կեղծման փորձի վերաբերյալ:
բ) Կառավարությունը
106. Կառավարությունը, հիմնվելով երկրորդ դատաբժշկական զեկույցի վրա, նշել է, որ մահացու վնասվածքը պատճառվել է Զաբչեկովի մահվանից 10 ժամ առաջ և, հետևաբար, ձերբակալումից շատ ավելի վաղ:
Անվիճելի է, որ Զաբչեկովը ձերբակալումից առաջ օգտագործել էր մեծ քանակությամբ ալկոհոլ: Նա հարբած էր և ճոճվում էր: Բացի դրանից, առկա են ակնհայտ ապացույցներ, որ նա վազելու ընթացքում մի քանի անգամ վայր է ընկել:
Ըստ Կառավարության՝ ձերբակալման ժամանակ և կալանքի տակ գտնվելու ընթացքում նրա վարքագծի (նրա վարքագիծը համապատասխանում էր գանգի կոտրվածքից հետո «հանդարտ ընդմիջմանը» հատուկ ախտանիշներին) վերաբերյալ ապացույցները հաստատված են մահացու վնասվածքի ժամանակի վերաբերյալ դատաբժշկական փորձագետների եզրակացություններով:
107. Կառավարությունը նշել է, որ վկաների ցուցմունքները՝ ձերբակալումից առաջ Զաբչեկովի գտնվելու վայրի վերաբերյալ, պարունակում են հակասություններ:
Բացի դրանից, 1995թ. մի քանի առիթներով դիմողը նշել է, որ իր որդին հիվանդ է եղել և ավելի փոքր հասակում երբեմն կորցրել է գիտակցությունը և շնչահեղձ եղել: Զաբչեկովն ինքը 1995թ. հաստատել է, որ ինքը տառապել է գլխացավից և ուշագնացությունից: Այդ հիմքով, Կառավարությունը եզրակացրել է, որ փորձագետների եզրակացությունն առ այն, որ Զաբչեկովը կարող էր մահացու վնասվածքն ստանալ լայն ամուր մակերեսի վրա ընկնելուց, հավանական էր:
108. Կառավարությունը շեշտադրել է, որ չկա ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի որևէ ապացույց: Ըստ Կառավարության՝ Զաբչեկովի կրծքավանդակի և դեմքի վնասվածքները պատճառվել են վայր ընկնելու արդյունքում, իսկ դաստակի վնասվածքներն առաջացել են ձեռնաշղթաների բնականոն օգտագործման արդյունքում:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքներ
109. Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը պաշտպանում է կյանքի իրավունքը, հանդիսանում է Կոնվենցիայի առավել հիմնարար դրույթներից մեկը: 3-րդ հոդվածի հետ համատեղ, այդ դրույթը նաև ամրագրում է Եվրոպայի խորհուրդը կազմող ժողովրդավարական հասարակությունների հիմնական արժեքներից մեկը: Կոնվենցիայի՝ որպես անհատի իրավունքների պաշտպանության միջոցի, նպատակը և խնդիրը նաև պահանջում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի այնպիսի մեկնաբանություն, որ դրա երաշխիքները լինեն գործնական և արդյունավետ (տես՝ Մաք Կանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության 1995թ. սեպտեմբերի 27-ի վճիռը: Շարքեր Ա. թիվ 324, էջեր 45-46, կետեր 146-147, Սալմանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 21986/93, ECHR 2000 –VII, կետ 97, և Վելիկովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 41488/98, ECHR 2000-VI):
110. 2-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության լույսի ներքո՝ Դատարանը պետք է կյանքից զրկելու վերաբերյալ գանգատները քննության առնի առավել ուշադիր և մանրազնին՝ հաշվի առնելով գործին առնչվող բոլոր հանգամանքները:
Ձերբակալված անձինք խոցելի վիճակում են, և իշխանությունները պետք է պատասխանատու լինեն նրանց բուժման համար: Հետևաբար, եթե անձը բերվում է ոստիկանատուն առողջական լավ վիճակում, սակայն հետո մահանում է, պետությունը պարտավոր է ներկայացնել նրա մահվան հանգեցրած իրադարձությունների հավանական բացատրություն (տես, mutatis mutandis, Սալմոնին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 25803/94, ECHR 1999-V, կետ 87, և վերոհիշյալ Սալմանի և Վելիկովայի վճիռը):
111. Ապացույցը գնահատելիս՝ Դատարանն ընդունում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափորոշիչը (տես, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության 1978թ. հունվարի 18-ի վճիռը: Շարքեր Ա, թիվ 25, կետ 67):
Այնուամենայնիվ, նման ապացուցումը կարող է բխել բավականաչափ լուրջ, հստակ և համաձայնեցված ենթադրությունների համակցությունից կամ փաստի անվիճարկելի նույնանման կանխավարկածներից: Երբ խնդրո առարկա իրադարձությունները՝ ամբողջովին կամ մեծամասամբ, իշխանությունների բացառիկ իմացության շրջանակում են, ինչպես կալանքի տակ գտնվող անձանց դեպքում է, ձերբակալված լինելու ընթացքում պատճառված վնասվածքների և մահվան կապակցությամբ կծագեն փաստի լուրջ կանխավարկածներ: Անշուշտ, ապացուցման բեռը կարող է վերապահվել իշխանություններին, որոնք պետք է ներկայացնեն բավարարող և համոզիչ բացատրություն (Սալմանն ընդդեմ Թուրքիայի, ioc. cit., կետ):
(բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործում
112. Դատարանը նկատում է, որ Զաբչեկովը մահացել է Ռազգրադի ոստիկանությունում մի քանի ժամ կալանքի տակ մնալուց հետո: Նա ոստիկանություն էր բերվել ծառայության մեջ չգտնվող ոստիկանի կողմից կարճատև հետապնդումից հետո: Ուստի Կառավարությունը պարտավոր է ներկայացնել Զաբչեկովի մահվան հավանական բացատրություն:
113. Ըստ Կառավարության բացատրության՝ Զաբչեկովի մահը չէր կարող լինել ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի արդյունք, քանի որ երկրորդ դատաբժշկական փորձաքննությամբ տրվել էր եզրակացություն առ այն, որ մահացու վնասվածքը, այն է՝ գանգի կոտրվածքը, պատճառվել էր առնվազն մահից 10 ժամ առաջ: Դրանից հետևում էր, որ գանգի կոտրվածքը պատճառվել է 1996թ. հունվարի 28-ին ժամը 7-ից առաջ, մինչդեռ Զաբչեկովը ոստիկանությունում հայտնվել է դրանից 5 ժամ անց:
114. Դատարանը նկատում է, որ վնասվածքը պատճառվելու ժամանակի վերաբերյալ՝ երկրորդ դատաբժշկական զեկույցում տեղ գտած եզրակացությունը հիմնվել է Զաբչեկովի մահից՝ 6 ժամ անց կատարված՝ արյան գնդիկների լուսանկարների տեսողական հետազոտության վրա: Փորձագետները նույնիսկ չեն նշել, թե ինչու են գտել, որ տղայի մահից հետո նրա արյան գնդիկները փոփոխություն չեն կրել: Դիմողի ներկայացրած բժշկական կարծիքի համաձայն, որը չի վիճարկվել Կառավարության կողմից, նման փոփոխություններ տեղի են ունեցել, և պետք է հաշվի առնվեին:
Ավելին, երկրորդ դատաբժշկական զեկույցը, որը պարզապես հիմնվում էր փաստաթղթերի վրա, էական հարցերում շեղվել է առաջին զեկույցի եզրակացություններից՝ առանց նշելու, թե ինչու են այդ զեկույցում տեղ գտած՝ հարվածի ուժգնության և գանգի կոտրվածքի ժամանակի վերաբերյալ եզրակացությունները սխալ եղել: Ի տարբերություն երկրորդ զեկույցի, առաջին զեկույցը հիմնվել է դիակի ուղղակի ուսումնասիրության վրա (տես վերը՝ կետեր 53-59, 70 և 72-77):
Դատարանը գտնում է, որ վերոհիշյալ հանգամանքները նվազեցնում են երկրորդ զեկույցի եզրակացությունների վստահելիությունը:
115. Ճշմարիտ է, որ սույն գործում որոշ փաստեր չեն կարող ոչ երկիմաստորեն բացատրվել. այն, որ Զաբչեկովը ձերբակալման ժամանակ ճոճվել է, կարող է դիտվել որպես ապացույց այն բանի, որ այդ ժամանակ նա արդեն վնասվածք է ունեցել, բայց դա նաև կարող էր լինել ալկոհոլային բարձր աստիճանի ինտոկսիկացիայի արդյունք (տես՝ կետեր 11, 22, 28, 59, 60, 74, 76 և 95):
116. Այնուամենայնիվ, եթե Զաբչեկովը վնասվածք ստացել էր 1996թ. հունվարի 28-ին ժամը 7-ից առաջ, ինչպես եզրակացվել է երկրորդ բժշկական զեկույցում, դա կնշանակեր, որ գանգի վնասվածք ունենալով՝ նա դուրս է եկել ընկերների հետ, գնացել է սրճարան և հետո որոշել է գողանալ ավտոմասեր:
Դա կարող է անհավանական թվալ, նույնիսկ եթե հաշվի առնվի, այսպես կոչված, «հանդարտ ընդմիջումը»՝ վնասվածքի և մահվան միջև: Մասնավորապես, չի վիճարկվում, որ Զաբչեկովն ի վիճակի էր վազելու, երբ Գ.-ն փորձել է բռնել նրան, և ոստիկանություն բերվելիս նորմալ է քայլել (տես՝ կետեր 12-14, 16 և 29 ):
117. Դատարանը նկատում է, որ ըստ առաջին դատաբժշկական զեկույցի՝ ամենայն հավանականությամբ գանգի կոտրվածքն առաջացել է Զաբչեկովի մահից 4-6 ժամ առաջ և, հետևաբար, հնարավոր է, այն ժամանակ, երբ նա գտնվել է ոստիկանատանը՝ հսկողության տակ, կամ ոստիկանություն տարվելուց առաջ, կամ հետո (տես՝ կետ 59):
Ավելին, Զաբչեկովի մարմնին կային նաև այլ վնասվածքներ, որոնք կարող էին լինել գանգի կոտրվածքի պատճառ հանդիսացած իրադարձությունների արդյունք (տես՝ կետեր 55, 56, 58, 77 և 92-94):
118. Կառավարությունը նշել է, որ Զաբչեկովը կարող էր իր վնասվածքներն ստացած լինել վայր ընկնելուց՝ կամ մինչև ոստիկանությանը հանդիպելը կամ հետապնդման ընթացքում, քանի որ նա հարբած էր և առողջական խնդիրներ է ունեցել:
119. Այդ ենթադրությունը, սակայն, չի հաստատվում դատաբժշկական ապացույցներով, քանի որ «contre-coup վնասվածքների» առկայությունը կամ բացակայությունը, որը հատուկ է վայր ընկնելուն, չի արձանագրվել դիահերձմամբ (տես՝ կետեր 73 և 95):
Ավելին, Դատարանը կարևոր է համարում այն, որ մինչև ոստիկանատուն տարվելը Զաբչեկովի հետ շփված ոչ մի վկա չի պնդել, որ նա վատառողջ է եղել: Ինչ վերաբերում է ձեռնաշղթաների օգտագործմանը, դիմողի ներկայացրած բժշկական կարծիքի համաձայն՝ ձեռնաշղթաները կարող են հետքեր թողնել, եթե դրանք շատ սեղմ են կամ դրանցով անձը դիմադրել է:
Դիահերձման արդյունքում հայտնաբերվել են թույլ հետք Զաբչեկովի ձախ ձեռքին և կապտուկներ՝ աջ ձեռքին (տես՝ կետեր 55, 56, 58 և 95): Վկայություն է տրվել նաև, որ որոշ ժամանակ նա ձեռնաշղթաներով ամրացված է եղել ծառին: ՈՒստի, կարող է անհավանական թվալ, որ նրա աջ դաստակի վնասվածքն ամուր ձեռնաշղթաների նորմալ օգտագործման արդյունք է: Մյուս բացատրությունը, որ Զաբչեկովը կարող է դիմադրած լինել ձեռնաշղթաներով, կարող է վկայել այն մասին, որ նրա նկատմամբ կիրառվել է վատ վերաբերմունք:
Վերջապես, Դատարանը Զաբչեկովի ենթադրյալ հիվանդությունների մասին տեղեկությունները չի համարում վստահելի կամ մասնավորապես գործին առնչվող: Այդ տեղեկությունը հիմնվել է նրա և մոր հայտարարությունների վրա, որոնք նրանք կատարել են քրեական մեղադրանքների կապակցությամբ հարցաքննության համատեքստում և, ամեն դեպքում, չեն կարող հանգեցնել որևէ ողջամիտ եզրակացության գանգի կոտրվածքի կամ այլ վնասվածքների կապակցությանը (տես՝ կետեր 96-98):
Կառավարության առաջարկած եզրահանգումը, որ Զաբչեկովը կարող էր վնասված լինել վայր ընկնելու արդյունքում, անհավանական է, եթե այն քննության առնվի բոլոր դրան առնչվող փաստերի համատեքստում:
120. Սույն գործում ապացույցները գնահատելիս՝ Դատարանը կարևորություն է տալիս այն տեղեկությանը, ըստ որի՝ ոստիկանների վարքագիծը եղել է կասկածելի, ինչպես նաև այն փաստին, որ իշխանություններն ընդունել են իրենց ապացույցների հավանականությունը՝ չնայած զգուշավորություն պահանջող լուրջ հանգամանքներին:
Ոստիկանների կասկածելի վարքագծի օրինակներն են. 1996թ. հունվարի 29-ին ժամը (3-5)-ը, երբ նրանք հետաձգել են շփումը Զաբչեկովի և բժշկի միջև և փորձել են ընտրել այն բժշկին, որը զննել է նրան (տես՝ կետեր 32-40), նրանց ակնհայտ կեղծ հայտարարություններին ի պատասխան բժիշկ Միխայլովի այն հարցին, թե արդյո՞ք Զաբչեկովը ոստիկանատուն է բերվել նույն վիճակում, որում տեսել է նրան ժամը 5-ին (տե’ս վերը՝ կետ 39), և այն փաստը, որ ձերբակալումների վերաբերյալ գրանցումները կեղծվել են (տես՝ կետեր 41-46), և որ Զաբչեկովը գրանցվել է post factum՝ որպես «ինքնությունը չբացահայտված անձ»՝ չնայած նրան, որ նա ոստիկաններին լավ հայտնի է եղել որպես գողության մեղադրանքներով կասկածյալ և ճանաչվել է նրանց կողմից՝ իրեն տեսնելու առաջին իսկ պահից (տես՝ կետեր 25, 42 և 96-98):
Այս փաստերը վկայում են, որ չի կատարվել խոր հետաքննություն:
121. Հաշվի առնելով գործին առնչվող բոլոր հանգամանքները՝ Դատարանը Զաբչեկովի մահվան վերաբերյալ Կառավարության ներկայացրած բացատրությունները, որոնք հիմնվում են վնասվածք ստանալու ժամանակի և վնասվածքի՝ ընկնելու արդյունքում առաջացած լինելու ենթադրության վերաբերյալ երկրորդ դատաբժշկական զեկույցի վրա, գտնում է անհավանական: Կառավարությունը որևէ այլ բացատրություն չի ներկայացրել:
122. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:
Բ. Ժամանակին բժշկական օգնություն չտրամադրելը
123. Դիմողը պնդել է, որ չնայած ոստիկանները տեսել են, որ երիտասարդը ցնցումների մեջ է եղել, նրանք ձգձգել են բժշկական միջամտությունը՝ ժամը (3-5)-ը ընկած ժամանակահատվածում տարբեր կասկածելի գործողությունների միջոցով: Ըստ դիմողի՝ առավել հավանական բացատրությունն այն է, որ նրանք խուսափել են Զաբչեկովի և անկախ բժշկի շփումից, որը կարող էր բացահայտել ձերբակալվածի նկատմամբ վատ վերաբերմունքի նշաններ: Որպես այլընտրանք, առկա է եղել անխոհեմ անփութություն ձերբակալված անձի նկատմամբ: Երկու դեպքում էլ ձգձգումը եղել է ճակատագրական:
124. Կառավարությունը նշել է, որ ոստիկանությունը չի կարող պատասխանատվություն կրել այն բանի համար, որ չի գիտակցել անհապաղ բժշկական միջամտության անհրաժեշտությունը: Երբ ոստիկաններն առաջին անգամ տեսել են նրան, մութ է եղել: Բացի դրանից, նա հարբած է եղել, նրա մարմինն ու մազերն ամբողջովին փոշոտված են եղել: Զաբչեկովի վիճակը մեկնաբանվել է որպես ալկոհոլի ազդեցությանը բնորոշ վիճակ: Նա երբևէ չի գանգատվել վատառողջությունից: Այն փաստը, որ որևէ լուրջ պրոբլեմի նշաններ առկա չեն եղել հանդարտ ընդմիջման ընթացքում, հաստատվել է բժշկական փորձագետների կողմից:
2. Դատարանի գնահատականը
125. Դատարանը, հիմնվելով ոստիկանների կասկածելի վարքագծի վերաբերյալ իր եզրակացությունների վրա (տես՝ կետ 120), նկատում է, որ նրանք ձգձգել են Զաբչեկովին բժշկական օգնություն տրամադրելը, և դա վճռորոշ կերպով նպաստել է ճակատագրական վախճանին:
126. Ըստ Դատարանի՝ ոստիկանները, չլինելով բժշկական ոլորտի մասնագետներ, չեն կարող քննադատվել նրա համար, որ չեն հասկացել բժշկական օգնության հրատապությունը:
127. Այդ փաստարկը, այնուամենայնիվ, տեղին չէ, որովհետև չի վիճարկվել, որ ժամը 3-ից հետո ինչ-որ պահ ոստիկանները հասկացել են, որ Զաբչեկովի առողջությունը վատթարանում է: Նույնիսկ դրանից հետո, շտապ օգնություն կանչելու փոխարեն, նրանք կապ են հաստատել իրենց այն գործընկերների հետ, որոնք ձերբակալել էին Զաբչեկովին: Պարեկային ծառայության գնացած ոստիկանները նպատակահարմար են գտել թողնելու իրենց պարեկային ծառայությունը և վերադառնալ ոստիկանատուն՝ վիճակն ստուգելու համար: Տեսնելով Զաբչեկովի վիճակը՝ նրանք ժամանակ են կորցրել հիվանդանոց գնալով և այնտեղից շտապ օգնության հետ վերադառնալով, մինչդեռ նրանք կարող էին շտապ օգնություն կանչել հեռախոսազանգով (տես՝ կետեր 32-41):
128. Մասնավորապես կարևոր է, որ գործի նյութերը չեն պարունակում ձերբակալվածին բժշկական օգնություն ցույց տալու ձևի վերաբերյալ քննադատության կամ դրան անհամաձայնության որևէ հետք:
129. Առաջին բժշկական զեկույցը և փորձագետը, ում կարծիքը ներկայացրել էր դիմողը, գտել է, որ բժշկական օգնություն տրամադրելու ձգձգումը եղել է ճակատագրական (տես՝ կետեր 59 և 95):
130. Ուստի Դատարանը գտնում է, որ 1996թ. հունվարի 28-ին ժամը (3-5)-ը ոստիկանների վարքագիծը և իշխանությունների կողմից որևէ արձագանքի բացակայությունը հանդիսացել են պետության՝ ոստիկանության հսկողության տակ գտնվող անձանց կյանքը պաշտպանելու պարտավորության խախտում:
131. Ուստի՝ այդ կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Գ. Վիճարկվող անարդյունավետ հետաքննությունը
1. Կողմերի փաստարկները
132. Դիմողը գտնում է, որ իր որդու մահվան կապակցությամբ կատարված հետաքննությունը եղել է ոչ պատշաճ, քանի որ իշխանությունները, inter alia. չեն քննել ձերբակալումների գրանցամատյանի post hoc կեղծումը, ոչ մահացու վնասվածքները, ոստիկանների կասկածելի վարքագիծը ժամը 3-5-ն ընկած ժամանակահատվածում, ժամը մոտավորապես 5-ին երկու բժիշկների միջև վեճի պատճառը, ինչպես նաև այն փաստը, որ առաջին անգամ Զաբչեկովի ընտանիքին նրա մահվան լուրը հայտնելիս չի նշվել, որ երիտասարդը կալանքի տակ է գտնվել:
133. Դիմողը նաև նշել է, որ դատախազների, հետաքննիչների և ոստիկանության միջև ավանդական կապերի և քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ որոշումների նկատմամբ դատական վերահսկողության բացակայության պատճառով ոստիկանների կողմից կիրառված վատ վերաբերմունքի կապակցությամբ հետաքննության համար պատասխանատու՝ որոշում կայացնող մարմինները բավականաչափ անկախ և անկողմնակալ չեն:
Դրանից, այս հանգամանքն ավելի լայն ձևով մատնանշվել է միջազգային կազմակերպությունների կողմից: Դիմողը հիմնվել է Միացյալ ազգերի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողի զեկույցի վրա (ՄԱԿ-ի փաստաթուղթ E/CN.44997/7/ 1997թ. հունվարի 10), որի 9-րդ կետում նշված է.
«Հատուկ զեկուցողը մտահոգված է Բուլղարիայում ոստիկանության հսկողության տակ գտնվող անձանց նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի հաճախակի փաստերով, որոնք երբեմն ուղեկցվում են մահով: Կարգապահական պատասխանատվության և քրեական հետապնդման հանգեցնող հետաքննությունների հազվադեպությունը, ինչպես նաև պատասխանատուների նկատմամբ արդյունավետ հետապնդման բացակայությունը կարող են միայն հանգեցնել անպատժելիության մթնոլորտի: Զեկուցողը հավատում է, որ Կառավարությունը կձեռնարկի միջոցներ՝ սահմանելու համար անկախ վերահսկողություն՝ ձերբակալման, կալանավորման և համապատասխան իրավապահ մարմիններում հարցաքննության պրակտիկայի նկատմամբ»:
134. Դիմողը վերջապես պնդել է, որ մեկ քանի առիթներով իշխանություններն իրեն սխալ տեղեկություններ են հաղորդել հետաքննության ընթացքի և դրա արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև մինչև 1997թ.՝ իր որդու մահվանից հետո ավելի քան մի տարի, իրեն չի թույլատրվել ծանոթանալու գործի նյութերին:
135. Կառավարությունը պնդել է, որ հետաքննությունն իրականացվել է արագ և մանրամասն՝ վկայակոչելով բազմաթիվ հարցաքննությունները, փորձագետների զեկույցները և այլ հետաքննչական միջոցառումներ: Դիմողին հնարավորություն է տրվել ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնել գանգատներ և պահանջներ հետաքննության առնչությամբ: Դիահերձման վերաբերյալ նրա պահանջը մերժվել է, քանի որ հստակորեն հաստատվել է, որ Զաբչեկովի կողոսկրերը վնասված չեն եղել:
2. Դատարանի գնահատականը
ա) Գլխավոր սկզբունքներ
136. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա կյանքի իրավունքը պաշտպանելու պարտավորությունը, մեկնաբանելով Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ պետության՝ «իր իրավազորության տակ գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները ապահովելու» ընդհանուր պարտականության հետ միատեղ, պահանջում է արդյունավետ պաշտոնական հետաքննության իրականացում, երբ անձը մահանում է ուժի կիրառման արդյունքում: Հետաքննությունը, inter alia, պետք է լինի խոր, անկողմնակալ և ուշադիր (տես՝ Մաք Կանը և այլոք՝ վերոհիշյալ վճիռը, կետեր 161- 163, Ղայան ընդդեմ Թուրքիայի 1998թ. փետրվարի 19-ի վճիռը, Վճիռների և որոշումների ժողովածուներ 1998- I, էջ 329, կետ 105, և Կակիսին ընդդեմ Թուրքիայի վճիռը, թիվ 23657/94, ECHR 1999-IV, կետ 86):
137. Նման հետաքննության հիմնական նպատակն է ապահովել ներպետական իրավունքի արդյունավետ կիրառումը, որը պաշտպանում է կյանքի իրավունքը, և այն դեպքերում, երբ ներգրավված են պետության ներկայացուցիչները կամ մարմինները՝ նրանց պատասխանատվությամբ կատարված մահվան համար նրանց հաշվետու լինելը (տես՝ mutatis mutandis, Իլհանն ընդդեմ Թուրքիայի վճիռը, թիվ 22277/93, ECHR, 2000-VII, կետ 63):
138. Որպեսզի պետության ներկայացուցիչների կողմից՝ վիճարկվող անօրինական սպանության կապակցությամբ հետաքննությունն արդյունավետ լինի, ընդհանուր առմամբ անհրաժեշտ է, որ հետաքննության համար պատասխանատու և հետաքննությունն իրականացնող անձինք անկախ լինեն տվյալ գործում ներգրավված անձանցից (տես, օրինակ, Գյուլեքն ընդդեմ Թուրքիայի 1998թ. հուլիսի 27-ի վճիռը: Զեկույցներ 1998-IV, կետեր 81-82, և Օգյուրն ընդդեմ Թուրքիայի վճիռը, թիվ 21954/93, ECHR 1999-III, կետեր 91-912): Սա նշանակում է ոչ միայն աստիճանակարգային կամ ինստիտուցիոնալ կապ, այլ նաև գործնական անկախություն (տես, օրինակ, Էրգին ընդդեմ Թուրքիայի 1998 հուլիսի 28-ի վճիռը: Զեկույցներ 1998-IV, կետեր 83-84, երբ ենթադրյալ բախման ժամանակ սպանված աղջկա մահվան կապակցությամբ հետաքննություն իրականացնող դատախազն անկախ չի եղել, քանի որ հիմնվել է պատահարում ներգրավված ժանդարմների տրամադրած տեղեկությունների վրա):
139. Հետաքննությունը պետք է արդյունավետ լինի նաև այն իմաստով, որ այն պետք է կարողանա հանգեցնել պատասխանատու անձանց ինքնությունը պարզելուն և պատժին: Այս պարտավորությունը չի վերաբերում արդյունքին, այլ միջոցներին: Իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու համար պատահարի վերաբերյալ ապացույցներ, ներառյալ, inter alia, ականատեսների վկայությունները, դատաբժշկական ապացույցները և, նպատակահարմարության դեպքում՝ դիահերձումը, որը տրամադրում է լիարժեք և ճշգրիտ տվյալներ վնասվածքների մասին, և դատաբժշկական եզրակացությունների, ներառյալ՝ մահվան պատճառի օբյեկտիվ վերլուծություն (տես, օրինակ, դիահերձման առնչությամբ վերոհիշյալ՝ Սալմանի գործը, կետ 106, վկաների կապակցությամբ՝ Տանրիկուլուն ընդդեմ Թուրքիայի վճիռը, թիվ 23763/94, ECHR 1999-IV, կետ 109, դատաբժշկական ապացույցների առնչությամբ՝ Գյուլն ընդդեմ Թուրքիայի վճիռը, թիվ 22676/93, կետ 89, 2000թ. դեկտեմբերի 14 ):
Հետաքննության ցանկացած թերություն, որը խաթարում է՝ մահվան պատճառը կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, կարող է համարվել շեղում այս չափորոշիչից:
140. Պետք է գոյություն ունենա հետաքննության կամ դրա արդյունքների նկատմամբ հասարակական հսկողության բավարար տարր՝ ապահովելու համար պատասխանատվությունը գործնականում և տեսականորեն, պահպանելու հասարակական վստահությունը՝ իրավական պետության գաղափարին՝ իշխանությունների նվիրվածության նկատմամբ և կանխելու անօրինական գործողությունների հանդուրժումը: Հասարակական հսկողության աստիճանը կարող է տարբեր լինել՝ պայմանավորված գործի հանգամանքներով: Բոլոր դեպքերում, այնուամենայնիվ, զոհի հարազատներից որևէ մեկը պետք է ներգրավվի գործի վարույթում՝ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր օրինական շահերի պաշտպանության համար (տես՝ Գյուլեքի՝ վերոհիշյալ վճիռը, էջ 17333, կետ 82, երբ զոհի հորը չի տեղեկացվել գործ չհարուցելու վերաբերյալ որոշման մասին, Օգյուրի՝ վերոհիշյալ վճիռը, կետ 92, երբ զոհի ընտանիքին չի թույլատրվել ծանոթանալ հետաքննության և դատական փաստաթղթերին, և Գյուլի՝ վերոհիշյալ վճիռը, կետ 93, համապատասխան դատական նախադեպի մասին ավելի լիարժեք, տե’ս, Մաք Կերն ընդդեմ Միացյալ Թագավորության վճիռը, թիվ 28883/95, կետեր 111-115, ECHR 20001-III):
բ) Նշված սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
141. Դատարանը համաձայն է Կառավարության հետ, որ սույն գործում ձեռնարկվել են հետաքննչական բազմաթիվ գործողություններ:
Հետաքննությունը կատարվել է արագ, և իշխանություններն աշխատել են շատ ակտիվ: Կատարվել է դիահերձում, բոլոր վկաները հարցաքննվել են կրկնակի, կատարվել է 2 առերեսում և հանցավոր իրադրության վերականգնում, և հավաքվել ու հետազոտվել են գործին առնչվող այլ ապացույցներ:
142. Դատարանը նշում է, որ, այնուամենայնիվ, կառուցաբանական տվյալները պարզելու նպատակով դիահերձում չկատարելը և «contre coup վնասվածքների» առկայությունը կամ բացակայությունն անհնարին է դարձրել գանգի կոտրվածքն առաջացրած օբյեկտը պարզելը:
Շատ կարևոր է, բացի դրանից, որ ոստիկաններից երբևէ չի պահանջվել բացատրել, թե ինչու է ձերբակալումների գրանցամատյանը կեղծված եղել, ինչու նրանք ժամանակին շտապ օգնություն չեն կանչել, կամ թե ինչու են ակնհայտորեն կեղծ տեղեկություններ հայտնել բժիշկ Միխայլովին:
Սրանք առանցքային հարցեր են, որոնք պետք է բացատրվեին հարցաքննությունների և առերեսումների ժամանակ:
1996թ. մարտի 20-ին հանցավոր իրադրության վերարտադրությունը, որը կատարվել է անհասկանալի նպատակով, բացառապես վերաբերել է նրան, թե Զաբչեկովը քանի անգամ և որտեղ է վայր ընկել գետնին, երբ փորձել է փախչել, և աչքաթող են արել ոստիկանատանը տեղի ունեցած իրադարձությունները, երիտասարդի ձերբակալման և ոստիկանատուն բերվելու միջև պահերը, ինչպես նաև այն ժամանակը, երբ նա ձեռնաշղթաներով պառկած է եղել գետնին՝ շղթայված ծառից, կամ սերժանտ Մութաֆովի (Գ) և նրա ընկեր Դ.-ի՝ Զաբչեկովի հետ մենակ լինելու հանգամանքը (տես՝ կետեր 21,26,29-40 և 68 ):
Բացի դրանից, չի արձանագրվել, թե հետաքննիչն այցելել է արդյո՞ք դեպքի վայր, ուր Զաբչեկովը ձերբակալվել է: Դեպքի վայր 1996թ. հունվարի 29-ին ժամը 11-ին այցելել է մի ոստիկան՝ այն նույն ոստիկանատնից, որտեղ աշխատել են գործում ներգրավված ոստիկանները:
Վերջապես, հետաքննությունը կենտրոնացվել է գանգի կոտրվածքի առաջացման և դրա ժամանակի վրա և ուշադրություն չի դարձվել տղայի մարմնի ձախ մասում եղած հետքերին:
Կառավարությունն այս բացթողման վերաբերյալ բացատրություն չի տվել:
143. Դատարանը նաև հիմնվում է իր վերոհիշյալ այն եզրակացությունների վրա, որ ոստիկանների վկայությունները համարվել են վստահելի՝ չնայած նրանց կասկածելի վարքագծին, և, որ հաշվի չառնելով երկու բժշկական զեկույցների միջև առկա հակասությունները՝ ընդունել են երկրորդ զեկույցի եզրակացությունները՝ առանց փորձելու պարզել հակասությունները (տես՝ կետ 120): Անշուշտ, հետաքննությունն ավարտելու վերաբերյալ՝ դատախազական մարմինների որոշումները բացառապես հիմնվել են՝ երկրորդ բժշկական զեկույցում՝ վնասվածքի առաջացման ժամանակի վերաբերյալ կարծիքի վրա. այս կարծիքը հիմնվել է վիճելի վերլուծության վրա (տես՝ կետեր 79, 81, 84 և 88-90):
144. Ուստի, Դատարանը գտնում է, որ հետաքննությունը չի կատարվել պատշաճ օբյեկտիվությամբ և խորությամբ՝ փաստ, որ վճռորոշ կերպով խաթարել է հետաքննության կարողությունը՝ պարզելու Զաբչեկովի մահվան պատճառը և պատասխանատու անձանց: Դրա արդյունավետությունը չի կարող, ուստի, հիմնավորվել կատարված մի քանի զեկուցումներով, հարցաքննված վկաներով կամ ձեռնարկված այլ միջոցառումներով:
145. Դիմողը նաև պնդել է, որ իր գործում արդյունավետ հետաքննության բացակայությունը պայմանավորված է եղել ոստիկանների վատ վերաբերմունքի կապակցությամբ հետաքննություն իրականացնող մարմինների անկախության, անկողմնակալության և հասարակության առջև պատասխանատվության բացակայությամբ:
Այս մասնավոր հանգամանքներում, ընդունելով արդեն, որ դիմողի որդու մահվան կապակցությամբ հետաքննությունը եղել է ոչ բավականաչափ օբյեկտիվ և լիարժեք, Դատարանն անհրաժեշտ չի համարում դիրքորոշում հայտնել դիմողի գանգատի այս մասի վերաբերյալ:
146. Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել պատասխանող պետության՝ Զաբչեկովի մահվան կապակցությամբ արդյունավետ հետաքննություն իրականացնելու՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտավորության խախտում:
II. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վիճարկվող խախտում
147. Դիմողը պնդել է, որ իր որդու նկատմամբ մինչև մահանալը դրսևորվել է վատ վերաբերմունք: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, որը նախատեսում է.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
148. Կողմերի փաստարկները ներկայացված են վերը՝ 103-108 կետերում:
149. Դատարանը գտել է, որ Կառավարությունը չի ներկայացրել հավանական բացատրություն Զաբչեկովի մարմնի վնասվածքների վերաբերյալ:
Ուստի տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:
150. Դատարանն անհրաժեշտ չի համարում 3-րդ հոդվածի հիման վրա առանձին կարծիք հայտնել հետաքննության հակասությունների վերաբերյալ (տես՝ Մահմուդ Ղայան ընդդեմ Թուրքիայի, թիվ 225 35 193, կետ120, ECHR2000- III)՝ արդեն այդ հարցը վճռած լինելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա (տես՝ կետեր 132-146):
III. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
151. Հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի վրա՝ դիմողը պնդել է, որ իր որդու կալանավորումը 1996թ. հունվարի 28-29-ի գիշերը եղել է անօրինական, քանի որ չի եղել կալանավորման օրինական կարգադրություն և այն պատշաճ կերպով չի գրանցվել:
Կոնվենցիայի 5-րդ հոդվածը նախատեսում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝
...
(c) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով, կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար»:
152. Դիմողը նշել է, որ անհեթեթություն է համարելը, ինչպես Կառավարությունն է գտնում, որ ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու համար՝ օրենքով սահմանված 24-ժամյա ժամկետը հաշվվում է ձերբակալված անձի ինքնությունը պարզելու պահից սկսած: Բուլղարիայի օրենսդրության մեջ նման նորմ գոյություն չունի: Առանց հրամանի կալանավորումը Ազգային ոստիկանության մասին օրենքի 35-րդ բաժնի խախտում է: Բացի դրանից, տվյալ դեպքում ոստիկանները Զաբչեկովին ճանաչել են շատ լավ և նրան դիմել են անունով:
153. Կառավարությունը նշել է, որ այն ժամանակ, երբ Զաբչեկովը բերվել է ոստիկանատուն, չի եղել «կալանավորված անձ»՝ Ազգային ոստիկանության մասին օրենքի 35-րդ բաժնի իմաստով, քանի որ նրա ինքնությունը պարզված չի եղել: Անհրաժեշտ է եղել սպասել մինչև նրա սթափվելը, որպեսզի հնարավոր լիներ պարզել նրա ինքնությունը և որոշել, թե արդյոք անհրաժեշտ է կալանավորում: Ուստի, նրա կալանավորման համար գրավոր հրաման չի պահանջվել: Նման հրաման չի կարող տրվել այնպիսի անձի վերաբերյալ, ում ինքնությունը պարզ չէ:
Կառավարությունը նաև նշել է, որ ամեն դեպքում առկա են եղել նյութական իրավական պայմաններ օրինական կալանավորման համար. Զաբչեկովը բռնվել է գողության փորձ կատարելիս և ոստիկանատուն է տարվել ինքնությունը պարզելու համար:
154. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետում «օրինական» և «օրենքով սահմանված կարգով» արտահայտությունները հիմնականում հղում են կատարում ներպետական օրենսդրությանը և սահմանում են ներպետական իրավունքի նյութական և դատավարական նորմերը պահպանելու պարտավորություն: Ի լրումն, դրանք պահանջում են, որ ազատությունից զրկումը պետք է համապատասխանի 5-րդ հոդվածի նպատակին, այն է՝ կամայականություններից պաշտպանությանը: Դատարանը, բացի դրանից, հավաստիանում է, թե արդյոք ներպետական իրավունքն ինքնին համապատասխանում է Կոնվենցիային, ներառյալ՝ դրանում բովանդակվող ընդհանուր սկզբունքներին (տես՝ ի թիվս այլ աղբյուրների, Գրաուսուլուսն ընդդեմ Լիտվայի, թիվ 36743/97, 2000թ. հոկտեմբերի 10, կետ 39):
Անձի չհաստատված կալանավորումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածում առկա հիմնարար երաշխիքների կատարյալ ժխտում է և հանդիսանում է այդ դրույթի ամենակոպիտ խախտում: Այնպիսի տվյալների գրանցման բացակայությունը, ինչպիսիք են ձերբակալման օրը, ժամանակը և տեղը, ձերբակալվածի անունը, ձերբակալման պատճառները, ձերբակալող անձի անունը, պետք է դիտվեն որպես հակասող՝ օրինականությանը և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի նպատակին (տես՝ Կյուրտն ընդդեմ Թուրքիայի 1998թ. մայիսի 25-ի վճիռը, Ժողովածուներ 1998-III, կետ 125, և վերոհիշյալ Կակիսին, կետ 104 և 105):
155. Սույն գործում չի վիճարկվում, որ Զաբչեկովի կալանավորումը չի հիմնվել գրավոր հրամանի վրա, ինչպես պահանջվում է Ազգային ոստիկանության մասին օրենքի 35-րդ բաժնով: Հակառակ Կառավարության տեսակետի, այդ դրույթը չի կարող ողջամտորեն մեկնաբանվել որպես՝ կալանավորումն առանց օրինական հրամանի թույլատրող, երբ առկա են կալանավորի ինքնության վերաբերյալ կասկածներ. նման մեկնաբանությունը հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի տարրական երաշխիքներին, քանի որ դա կարող է նշանակել չսահմանված թույլտվություն չհաստատված կալանավորման համար: Բացի դրանից, տվյալ դեպքում Զաբչեկովին ոստիկանները ճանաչել են ձերբակալման իսկ պահից:
Նշանակում է, որ դիմողի որդու կալանավորումը եղել է անօրինական:
156. Դիմողը նշել է, որ փորձելով թաքցնել իր որդու կալանավորման փաստը, նրա ընտանիքին մահվան վերաբերյալ առաջին անգամ տեղեկություն հայտնելիս չի նշվել կալանավորված լինելու մասին (տես՝ կետեր 49 և 61):
Դատարանը նկատում է, որ Զաբչեկովին ազատությունից զրկելն սկզբնապես չի գրանցվել, և հետագայում գրանցամատյանը կեղծվել է: Ոստիկանների կասկածելի վարքագիծը 1996թ. հունվարի 29-ին ժամը 3-5-ը մեկ այլ հանգամանք է, ինչը կարող է հանգեցնել այն եզրակացության, որ փորձ է արվել թաքցնել դիմողի որդու՝ կալանավորված լինելու փաստը (տես՝ կետեր 30, 32-40 և 41-46):
Քանի որ փորձը եղել է անհաջող, Դատարանը չի անդրադառնա այն հարցին, թե արդյոք չհաստատված կալանավորման համար ծագու՞մ է պետության պատասխանատվության հարցը:
157. Գրավոր հրամանի և Զաբչեկովի ձերբակալման պատշաճ գրանցման բացակայությունը բավարար է Դատարանի համար, որ նրան 1996թ. հունվարի 29-ին մի քանի ժամով ազատությունից զրկելը խախտել է ներպետական օրենսդրությունը և հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածից բխող պահանջներին:
Ուստի տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ
158. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիման վրա դիմողը գանգատվել է, որ զրկված է եղել արդյունավետ պաշտպանության իրավունքից՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտումների կապակցությամբ:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածը նախատեսում է.
«Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով նախատեսված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
159. Դիմողը նշել է, որ հետաքննությունը չի եղել արդյունավետ՝ հիմնվելով Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների վրա: Նա հավելել է, որ չի եղել որևէ դատական պաշտպանության միջոց՝ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատախազի որոշման դեմ: 160. Կառավարությունն իր բացատրությունները ներկայացրել է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հիման վրա և նշել է, որ դիմողը կարող էր միանալ իր որդու մահվան կապակցությամբ հետաքննությանը՝ որպես մասնավոր մեղադրող կամ քաղաքացիական հայցվոր:
161. Կոնվենցիայի 13-րդ հոդվածը երաշխավորում է ներպետական մակարդակում պաշտպանության միջոցի առկայություն՝ ապահովելու համար Կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ազատությունների իրացումը: Ուստի 13-րդ հոդվածի ազդեցությունը հետևյալն է. այն պահանջում է ներպետական պաշտպանության միջոցի տրամադրում, որը հնարավորություն կտա ըստ էության քննության առնել Կոնվենցիայի հիման վրա «վիճելի գանգատը» և տրամադրել համապատասխան հատուցում՝ չնայած պայմանավորվող պետություններն ունեն հայեցողության որոշակի շրջանակ՝ որոշելու, թե ինչպես պետք է կատարեն այս դրույթով նախատեսված իրենց պարտավորությունը: 13-րդ հոդվածի հիման վրա պարտավորության շրջանակը կախված է Կոնվենցիայի հիման վրա դիմողի գանգատի բնույթից: Այնուամենայնիվ, 13-րդ հոդվածով պահանջվող պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ»՝ գործնականում և իրավաբանական տեսանկյունից: Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ենթադրյալ վիճելի խախտման դեպքում պետք է զոհի համար գոյություն ունենան այդ խախտման համար պատասխանատու պետական պաշտոնատար անձանց կամ մարմինների պատասխանատվությունն ապահովող մեխանիզմներ: Բացի դրանից, ըստ անհրաժեշտության, սկզբունքորեն պետք է գոյություն ունենա այդ խախտմամբ պատճառված նյութական և բարոյական վնասի հատուցման հնարավորություն (տես՝ որպես վերջին աղբյուր, Տ. Պ.-ն և Կ. Մ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 28945/95, ECHR 2001-V, կետ 107): Կասկածելի մահվան դեպքում, հաշվի առնելով կյանքի իրավունքի պաշտպանության հիմնարար կարևորությունը, 13-րդ հոդվածը, ի լրումն փոխհատուցման, պահանջում է բազմակողմանի և արդյունավետ հետաքննություն, որն ի վիճակի է հանգեցնելու կյանքից զրկելու համար պատասխանատու անձանց ինքնության բացահայտմանը, ներառյալ՝ հետաքննության ընթացակարգի արդյունավետ մատչելիությունը (տես՝ Ղայայի՝ վերոհիշյալ վճիռը, կետ 107, Էրգիի վերոհիշյալ վճիռը, կետ 98, Սաալմանի վերոհիշյալ վճիռը, կետ 123 և Վելիկովայի վերոհիշյալ վճիռը, կետ 89):
162. Դատարանը գտնում է, որ դիմողն իր որդու մահվան և նրա նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ ունեցել է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների վրա հիմնված վիճելի գանգատ, և որ 13-րդ հոդվածի նպատակների համար, համապատասխանաբար, նա պետք է ունենար պաշտպանության արդյունավետ և գործնական միջոց, որը կկարողանար հանգեցնել պատասխանատուների ինքնության բացահայտմանը և պատժին, ինչպես նաև փոխհատուցման վճարմանը:
Այնուամենայնիվ, այնպիսի հանգամանքներում, երբ կասկածելի մահվան կապակցությամբ հետաքննությունն անարդյունավետ է՝ բավականաչափ օբյեկտիվ և բազմակողմանի չլինելու պատճառով (տես՝ կետեր 141-146), և որևէ այլ հնարավոր պաշտպանության միջոցի արդյունավետությունը, ներառյալ՝ այն, ինչը մատնանշում է Կառավարությունը (քրեական գործի վարույթին որպես քաղաքացիական կողմ միանալու հնարավորությունը), հետագայում խաթարվել է, Դատարանը գտնում է, որ պետությունը չի կատարել 13-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունը:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ
163. Դիմողը, 14-րդ հոդվածի հիման վրա՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 13-րդ հոդվածների հետ համակցված, գանգատվել է, որ ոստիկանների և հետաքննող մարմինների կողմից իր որդուն որպես գնչու ճանաչելը վճռորոշ գործոն է եղել նրանց դիրքորոշման մեջ և գործողություններում:
Կոնվենցիայի 14-րդ հոդվածը նախատեսում է.
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
164. Դիմողը հատկապես շեշտադրել է այն փաստը, որ ոստիկաններից ոմանք չեն կարողացել խուսափել Զաբչեկովին որպես «գնչու» նշելուց՝ նույնիսկ իրենց ցուցմունքներում: Նա գտնում է, որ իր որդու ծագման հիշատակումը և ոստիկանների ու հետաքննող մարմինների գործողությունները պետք է գնահատել Բուլղարիայում իրավապահ մարմինների կողմից շարունակաբար կիրառվող պարբերական ռասիզմի և թշնամության լայն համատեքստում: Նման վերաբերմունքն արձանագրվել է միջկառավարական և մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունների կողմից:
165. Կառավարությունը նշում է, որ չկա որևէ ապացույց՝ իշխանությունների կողմից ռասայի հիմքով պայմանավորված որևէ գործողության վերաբերյալ: Այն փաստը, որ որոշ ցուցմունքներում նա նշվում է որպես գնչու, չի հանդիսանում նման ապացույց:
166. Դատարանը կրկնում է, որ «ողջամիտ կասկածից վեր» ապացուցումը կարող է բխել բավականաչափ լուրջ, հստակ և փոխհամաձայնեցված եզրակացություններից կամ փաստի նույնանման կանխավարկածներից (տես՝ կետ 111 և դրանում նշված նախադեպային իրավունքը):
Դատարանը, ուստի, պետք է գնահատի գործին առնչվող բոլոր փաստերը, ներառյալ՝ ցանկացած եզրակացություն, որը կարող է բխել խտրական վերաբերմունքի վիճարկվող գոյության մասին դիմողի ներկայացրած տեղեկություններից:
167. Դատարանը կրկնում է, որ Վելիկովայի գործով կայացված վճռի 94-րդ կետում Դատարանը նշել է, որ քննության է առել շատ նման մի գանգատ. Դատարանը վճռել է.
«Դատարանը գտնում է, որ 14-րդ հոդվածի հիման վրա դիմողի գանգատը հիմնվում է մի շարք լուրջ փաստարկների վրա: Դատարանը նաև նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել հավանական բացատրություն Տսոնշևի մահվան հանգամանքների, ինչպես նաև այն պատճառների վերաբերյալ, թե ինչու է հետաքննությունը բաց թողել որոշակի հիմնարար և պարտադիր քայլեր, որոնք լույս կսփռեին իրադարձությունների վրա... Դատարանը կրկնում է, որ այնուամենայնիվ, Կոնվենցիայով պահանջվող ապացուցման չափանիշը «ողջամիտ կասկածից վեր ապացուցումն է»: Դատարանին ներկայացված նյութերը հնարավորություն չեն տալիս նրան ողջամիտ կասկածից վեր եզրակացության հանգել, որ Տսոնշևի սպանությունը և բազմակողմ հետաքննության բացակայությունը պայմանավորված է եղել ռասայական նախապաշարմունքով, ինչպես նշել է դիմողը: Դրանից հետևում է, որ 14-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
168. Դատարանը գտնում է, որ այս դեպքում ևս դիմողի գանգատները հիմնվում են լուրջ փաստարկների վրա: Սակայն հնարավոր չէ հանգել այն եզրակացության, որ ձեռք է բերված ողջամիտ կասկածից վեր ապացուցում:
Ուստի Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
169. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմին ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը, անհրաժեշտության դեպքում, տուժող կողմին արդարացի բավարարում է տրամադրում»:
170. Դիմողը պահանջում է 19.050 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց՝ 15.250 եվրո՝ կապված այն ցավի ու տառապանքի հետ, որն իրեն պատճառվել է Կոնվենցիայով նախատեսված՝ իր որդու իրավունքների խախտման արդյունքում, և 3.800 եվրո՝ այն անհանգստության դիմաց, որն ինքն ապրել է որդու նկատմամբ վատ վերաբերմունքի, նրա մահվան և իշխանությունների ոչ պատշաճ վերաբերմունքի կապակցությամբ:
171. Կառավարությունն առարկում է, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 362 1(4) կետը նախատեսում է քրեական գործի նորոգման հնարավորություն այն դեպքերում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի խախտում. դիմողը, եթե Դատարանը Կոնվենցիայի խախտում գտնի այս գործում, կարող է քրեական գործը նորոգելիս ներկայացնել քաղաքացիական հայց:
Որպես այլընտրանք՝ Կառավարությունը նշում է, որ պահանջվող գումարի չափը չափազանց է՝ հաշվի առնելով երկրի տնտեսական դրությունը: Պահանջվող գումարը ենթադրաբար 371 անգամ գերազանցում է ամսական նվազագույն աշխատավարձը: Ըստ Կառավարության՝ Թուրքիայի գործերի հետ՝ դիմողի առաջարկած համեմատությունը սխալ է, քանի որ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը 50 %-ով ավելին է, քան Բուլղարիայում:
Վերջապես Կառավարությունն անհանգստանում է Դատարանի կողմից տրամադրվող չափազանց մեծ գումարների վտանգից:
172. Դատարանը նշում է, որ Կառավարության կողմից մատնանշված՝ Քրեական դատավարության օրենսգրքի այդ դրույթը վերաբերում է այն քրեական գործերի վարույթին, որն ավարտվել է դատական որոշմամբ, մինչդեռ այս դեպքում հետաքննությունն ավարտվել է մեղադրող մարմինների որոշմամբ: Ուստի պարզ չէ, թե արդյոք Բուլղարիայի Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է հետաքննության նորոգում այն բանից հետո, ինչ Դատարանն այս գործում կգտնի խախտում:
Բացի դրանից, Կոնվենցիայի 41-րդ հոդվածը չի պահանջում դիմողներից երկրորդ անգամ սպառել ներպետական պաշտպանության միջոցները՝ արդարացի բավարարում ստանալու համար, եթե նրանք արդեն սպառել են պաշտպանության միջոցներն իրենց ըստ էության գանգատի քննության կապակցությամբ: Այդ դրույթի ձևակերպումը, երբ այն հղում է կատարում ներպետական իրավունքի հիման վրա հատուցմանը, սահմանում է մի նորմ, որը տանում է դեպի արդարացի բավարարման հարցի էությունը (Դե Վիլդը, Օմսը և Վերսիպն ընդդեմ Բելգիայի 1972թ. մարտի 10-ի վճիռը: Շարքեր Ա, թիվ 14, կետ 16):
Այս կապակցությամբ Դատարանը գտնում է, որ դիմողի որդու մահվանից հետո տարիներ անց և առաջին անարդյունավետ հետաքննությունից հետո հետաքննության նորոգման և դիմողի կողմից քաղաքացիական հայց հարուցելու (որը կարող է հաջողության հասնել, եթե նոր հետաքննությունն արդյունք տա) ենթադրյալ հնարավորությունը չի կարող ողջամտորեն մեկնաբանվել որպես restitutio in integrum՝ ըստ ներպետական իրավունքի:
173. Դատարանը, հաշվի առնելով նմանատիպ գործերով իր վճիռները (Վելիկովայի վերոհիշյալ գործը) և այն փաստը, որ վերաբերում է ոստիկանությունում կալանքի տակ գտնվող 17-ամյա երիտասարդի մահվան, ոչ նյութական վնասի դիմաց բավարարումը տրամադրում է ամբողջությամբ:
Բ. Ծախսեր և ծախքեր
174. Դիմողը պահանջել է 3.800 ԱՄՆ դոլար՝ 95- ժամյա իրավաբանական աշխատանքի համար՝ յուրաքանչյուր ժամը՝ 40 դոլար: Նա ներկայացրել է իր և իրավաբանի միջև կնքված պայմանագրի պատճենը և ժամերի ցուցակը:
175. Կառավարությունը գտել է, որ դիմողի և իրավաբանի միջև կնքված պայմանագիրն «անհեթեթություն է» և ժամը 40 դոլար վարձատրությունը չափազանց է և նույնիսկ՝ անբարոյական, քանի որ իրավաբանները պարտավոր են օգնել սահմանափակ ֆինանսական միջոցներ ունեցող անձանց:
176. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածը տարածվում է միայն այն ծախսերի և ծախքերի վրա, որոնք փաստացիորեն և անհրաժեշտաբար կատարվել են, և որոնք ողջամիտ են իրենց քանակով (տես՝ ի թիվս այլ աղբյուրների, Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի վճիռը, թիվ 31195/96, ECHR 1999-II, կետ 79):
Դատարանը նաև նշում է, որ Կառավարությունը չի վիճարկում դիմողի ներկայացրած՝ ժամաքանակի ցուցակը: Դատարանը չի գտնում որևէ ապացույց այն բանի, որ իրավաբանական աշխատանքի ժամերի քանակը գերազանցում է փաստացիորեն կատարված աշխատանքը, և որն անհրաժեշտ է եղել դիմողին ներկայացնելու համար:
Ինչ վերաբերում է յուրաքանչյուր ժամի համար նախատեսված 40 դոլարին, ապա այս գումարը գերազանցում է Բուլղարիայում առաջավոր իրավաբանական ֆիրմաներում կիրառվող դրույքաչափը:
Պահանջվող գումարը փոխարկելով եվրոյի և այն նվազեցնելով 762.25 եվրոյով, որը Եվրոպայի խորհրդի կողմից վճարվել է որպես իրավաբանական օգնություն, Դատարանը դիմողին՝ ծախսերի և ծախքերի կապակցությամբ տրամադրում է 3.500 եվրո:
Գ. Տոկոսներ՝ փոխհատուցումը չվճարելու դեպքում
177. Համաձայն Դատարանի տրամադրության տակ եղած տեղեկության՝ սույն վճռի կայացման պահին Բուլղարիայում գործող օրենքով սահմանված է օտարերկրյա տարադրամով արտահայտված պահանջների նկատմամբ կիրառելի տարեկան 13.65 տոկոսադրույքը:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ նրա որդու մահվան կապակցությամբ,
2. Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ իշխանությունների կողմից դիմողի որդուն ժամանակին բժշկական օգնություն ցույց չտալու կապակցությամբ,
3. Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ արդյունավետ հետաքննություն իրականացնելու՝ պատասխանող պետության պարտականության կապակցությամբ,
4. Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում,
5. Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում,
6. Վճռում է միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում,
7. Վճռում է վեց ձայնով ընդդեմ մեկի, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել,
8. Վճռում է միաձայն, որ՝
ա) վճռի վերջնական դառնալու օրվանից սկսած եռամսյա ժամկետում պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա դիմողին պետք է վճարի հետևյալ գումարները՝ անհրաժեշտության դեպքում ավելացված արժեքի հետ մեկտեղ.
(i)19.050 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց և
(ii) 3.500 եվրո՝ ծախսերի և ծախքերի կապակցությամբ,
և, որ երկու գումարներն էլ պետք է փոխարկվեն պատասխանող պետության ազգային տարադրամի՝ կարգավորման պահին գործող կուրսի համաձայն,
բ) տարեկան 13.65 % սովորական տոկոս պետք է վճարվի վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև հարցի լուծումը,
9. Մերժում է միաձայն դիմողի՝ արդարացի բավարարման վերաբերյալ պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և ծանուցված է 2002թ. հունիսի 13-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Էրիկ Ֆրիբերգ |
Քրիստոս Ռոզակիս Նախագահ |
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն, պրն Բոնելլոյի մասնակի չհամընկնող կարծիքը կցված է սույն վճռին:
ԴԱՏԱՎՈՐ ԲՈՆԵԼԼՈՅԻ ՄԱՍՆԱԿԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
1. Ես համակարծիք եմ իմ գործընկերների հետ բոլոր հարցերում, բացառությամբ մեկի: Ես չեմ կարող կիսել մեծամասնության կարծիքը, որ սույն գործում տեղի չի ունեցել խտրականության արգելման խախտում (14-րդ հոդված):
2. Ես, մասնավորապես, անհանգստացնող եմ համարում այն հանգամանքը, որ Դատարանը դատական վերահսկողության ավելի քան հիսուն տարիների ընթացքում՝ մինչ օրս չի արձանագրել կյանքի իրավունքի (2-րդ հոդված) կամ խոշտանգումների կամ այլ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքի (3-րդ հոդված) խախտում, որը տեղի է ունեցել՝ պայմանավորված զոհի ռասայի, մաշկի գույնի կամ ծագման վայրի հանգամանքով: Ելնելով Դատարանի տարեգրությունից՝ չտեղեկացված դիտողը կարող է արդարացիորեն եզրակացնել, որ հիսուն տարիների ընթացքում ժողովրդավարական Եվրոպան զերծ է եղել ռասիզմի, անհանդուրժողականության կամ քսենոֆոբիայի որևէ կասկածից: Դատարանի նախադեպային իրավունքով նախագծված Եվրոպան ներկայացված է որպես էթնիկ եղբայրության օրինակելի մի դրախտ, ուր ամենատարբեր ծագման ժողովուրդները միաձուլվել են՝ առանց անհանգստությունների, նախապաշարմունքների: Սույն վճիռը էներգիա է հաղորդում այդ պատրանքին:
3. Դատարանը հաճախակի և պարբերաբար ճանաչել է, որ խոցելի փոքրամասնությունների անդամները զրկվում են կյանքից կամ ենթարկվում են նվաստացնող վերաբերմունքի՝ ի խախտումն 3-րդ հոդվածի, սակայն ոչ մի անգամ Դատարանը չի գտել, որ այդ խախտումները կապված են նրանց էթնիկ պատկանելության հետ: Քրդերը, թխամորթները, մահմեդականները, գնչուները և այլոք կրկին ու կրկին սպանվում են, խոշտանգվում և խեղվում, սակայն Դատարանը չի ընդունում, որ նրանց ռասան, մաշկի գույնը, ազգությունը կամ ծագման վայրը որևէ կապ ունի նման վերաբերմունքի հետ: Դժբախտությունները պարբերաբար այցելում են խոցելի փոքրամասնության խմբերին, սակայն միայն որպես բարեհաճ զուգադիպության արդյունք:
4. Իրականությունից անարդարացիորեն նման շեղման արմատներն ընկած են այն ակներև նորմի վրա, որին Դատարանը ենթարկել է ինքն իրեն: Համաձայն այդ նորմի՝ «Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի համաձայն պահանջվող ապացուցման չափորոշիչը «ողջամիտ կասկածից վեր ապացուցումն է»: Սույն գործում մեծամասնությունը գտել է, որ «ողջամիտ կասկածից վեր» չի հաստատվել, որ տասնյոթամյա գնչուի՝ Անգել Զաբչեկովի (որը եղել է ոստիկանների ուշադրության կենտրոնում) մահվան մեջ ոստիկանների համար «վճռորոշ գործոն է» եղել նրա էթնիկ պատկանելությունը:
5. Ֆիզիկական բռնության և էթնիկ պատկանելության միջև կապ գտնելու այս անկարողությունը, սակայն, չի խանգարում, որ համառորեն և անհանգստացնող կերպով կարմիր լույս վառվի Բուլղարիայում ոստիկանների կողմից գնչուների նկատմամբ՝ ի խախտումն 2-րդ և 3-րդ հոդվածների, կիրառվող հատուկ վերաբերմունքի առնչությամբ. սա երրորդ դեպքն է, երբ Բուլղարիայում գնչուների մահվան կամ ոստիկանների կողմից կիրառված բռնության դեպքերը քննության առարկա են դառնում Դատարանում (տես, Ասսենովի և այլոց, ինչպես նաև Վելիկովայի վճիռները): Համաձայն միջկառավարական և մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունների զեկույցների՝ Բուլղարիայի իրավապահ ծառայություններն աչքի են ընկնում գնչուների նկատմամբ ռասայական նախապաշարմունքներով՝ պայմանավորված վատ վերաբերմունքի աննախանձելի առաջնությամբ:
Amnesty International կազմակերպությունը շեշտադրումը կատարել է գնչուների նկատմամբ դաժան վերաբերմունք կիրառելու՝ ոստիկանների հակվածության վրա. «Ոստիկանների կողմից բռնության կիրառման հիմնական զոհերը գնչուներն են... Amnesty International կազմակերպությունն անհանգստություն է հայտնել ոստիկանների կողմից գնչուների միջավայրում անցկացրած շուրջայցերի ժամանակ զանգվածային ծեծի երկու այլ պատահարի, ռասայական խտրականության հինգ դեպքի (երբ գնչուները ոչ պատշաճ ձևով էին պաշտպանվել), կասկածելի հանգամանքներում մահվան հինգ դեպքի և 21 անձի նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի ինը պատահարի կապակցությամբ»:
«Հիմնախնդիրը, - շարունակում է զեկույցը, - ավելի է բարդանում՝ կապված մարդու իրավունքների խախտման համար պատասխանատու՝ իրավապահ աշխատողների անպատժելիության հետ»: Ոստիկաններից մինչև դատախազների անձեռնմխելիության վերաբերյալ Amnesty International կազմակերպությունն ավելացնում է, որ կազմակերպությունն անհանգստացած է այն հանգամանքով, որ. «ոստիկանների անպատժելիությունը, որը գերակայում է, քանի որ բուլղարական իշխանությունները չեն կատարում նման պատահարների կապակցությամբ պատշաճ և անկողմնակալ հետաքննություն, ստեղծում է Բուլղարիայում էթնիկ համայնքի նկատմամբ ռասիստական բռնության ավելի մեծ վտանգ»:
Մեկ այլ զեկույցում շեշտադրված է. «Ողջ Բուլղարիայում գնչուները ենթարկվում են ծեծի և վատ վերաբերմունքի իրավապահ պաշտոնատար անձանց կողմից: Amnesty International կազմակերպությունը հավաստում է, որ շատ դեպքերում նման վերաբերմունքը պայմանավորված է ռասայական պատկանելության հանգամանքով, և կազմակերպությունն անհանգստացած է, որ գնչուների նկատմամբ վատ վերաբերմունքը Բուլղարիայում՝ մարդու իրավունքների հիմնական հիմնախնդիրներից է»:
6. Ահազանգ են բարձրացրել ոչ միայն մարդու իրավունքների խմբերը:
Հիմնախնդիրը մատնանշել են նաև այնպիսի միջկառավարական կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը և Միացյալ ազգերի կազմակերպությունը: Միացյալ ազգերի կազմակերպության՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ արտադատարանական, պարզեցված կամ կամայական կատարումների գծով հատուկ զեկուցողը ևս «անհանգստություն է հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ Բուլղարիայում ոստիկանության բռնությունների, մասնավորապես նրանց կողմից կյանքի իրավունքի խախտման հիմնական զոհը հանդիսանում է գնչուների փոքրամասնությունը»: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Ալվարո Գիլ-Ռոբլեսի 2001թ. դեկտեմբերին Բուլղարիա այցելության կապակցությամբ զեկույցը ևս շեշտադրում է, որ գնչուներն այդ երկրում անբարենպաստ վիճակում գտնվող և թիրախ հանդիսացող փոքրամասնություն են:
7. «Մասնագիտությունը՝ բանտարկյալ: Կալանքի տակ գտնվող գնչուները Բուլղարիայում» վերնագրով հրատարակումը ևս մանրամասնորեն նկարագրում է Բուլղարիայում ոստիկանների կողմից զանգվածաբար կիրառվող վարքագծի համակարգը՝ շեշտադրելով անպատժելիության մթնոլորտը:
8. Բուլղարիայում գնչուների նկատմամբ ոստիկանների պարբերական բռնությունների վերաբերյալ նույնաբնույթ բացասական գնահատական է արտահայտվել նաև մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հսկողություն իրականացնող այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Մարդու իրավունքների ծրագիրը, Բուլղարիայում Հելսինկյան կոմիտեն և Մարդու իրավունքների հսկիչը (Human Rights Watch):
9. Ոչ մի տեղ Կոնվենցիան չի թույլատրում «ողջամիտ կասկածից վեր ապացուցման» չափորոշիչը, որն այսօր զոհից պահանջում է Դատարանին համոզել, որ մահը կամ վատ վերաբերմունքը պայմանավորված է եղել էթնիկ գործոնով: 32-րդ հոդվածը, ընդհակառակը, Դատարանին տալիս է ամենալայն հնարավոր հայեցողության շրջանակը Կոնվենցիայի մեկնաբանության և կիրառման կապակցությամբ: Այն, ինչ Կոնվենցիան թույլատրում է, ճիշտ հակառակն է. այն է՝ Կոնվենցիայի դրույթներին պետք է տրվի լայն մեկնաբանություն: Կոնվենցիան մեկնաբանելիս պետք է «ապահովվի նախատեսված երաշխիքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումը»:
Կոնվենցիան Դատարանի կողմից պետք է կիրառվի այնպես, որ երաշխավորվեն «ոչ թե տեսական և վերացական իրավունքները, այլ իրավունքները, որոնք գործնական են և արդյունավետ»: Ոչ մի միջոց ռասայական խտրականությունից պաշտպանությունը չի կարող դարձնել այնքան վերացական և չգործող, որքան ապացուցման չափորոշիչը պահանջելը, ինչն այլ քաղաքացիաիրավական վեճերում չի պահանջվում մեկ ուրիշից:
10. Դատարանը երբևէ չի բացատրել, թե ինչու մարդու իրավունքների վերաբերյալ վեճերում դիմողի վրա դրվող ապացուցման չափորոշիչը պետք է համարժեք լինի պետությունից պահանջվող՝ անխոցելի և անկախ քրեական դատապարտմանը: Ինչ-որ տեղ ես ինձ հետ եմ պահել այդ չափորոշիչին հետևելուց, քանի որ ես այն համարում եմ իրավական տեսակետից անհիմն և անհասանելի չափորոշիչ, որը միայն ծառայում է նրան, որ մարդու իրավունքներին պատճառված վնասը, թեև ակնառու և արգելված, մնա անվնաս:
11. Ինձ համար ցավալի է նկատելը, որ ռասայական խտրականության դեմ պաշտպանության գործում Դատարանը հետ է մնում մարդու իրավունքների հարցերով այլ առաջատար ատյաններից: Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը, օրինակ, ստեղծել է ավելի ողջամիտ չափորոշիչներ: «Մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունը չպետք է շփոթվի քրեական արդարադատության հետ: Դատարանի առջև կանգնած պետությունները մեղադրյալներ չեն, ինչպես քրեական գործերում: Մարդու իրավունքների միջազգային իրավունքի նպատակը ոչ թե իրավունքների խախտման համար պատասխանատու անձանց պատժելն է, այլ զոհերի պաշտպանությունը և նրանց՝ պատասխանատու պետությունների կողմից պատճառված վնասի հատուցման ապահովումը:
12. Նաև Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը, այն դեպքերում, երբ խնդրո առարկա է ռասայական խտրականության ապացուցման չափորոշիչը և բեռը, գործում է ավելի արդյունավետ հիմքի վրա. դիմողի պարտականությունն է հասկանալ prima facie խտրականության խնդիրը: Հենց որ դիմողը հաստատում է այն, ինչը Դատարանի լեզվով կարող է կոչվել «վիճելի պահանջ», ապացուցման բեռն անցնում է պատասխանողին, որը պետք է ապացուցի վիճարկվող գործողության օրինականությունը և հիմնավորվածությունը: Ապացուցման այս առաջադեմ և հավասար մակարդակը լուսավոր կետ է՝ ի տարբերություն «ողջամիտ կասկածից վեր ապացուցման», ինչն արգելակող գործոն է մարդու իրավունքների եվրոպական պաշտպանության համակարգում այն ոլորտներում, որտեղ ավելի շուտ առաջնային պետք է լինի պաշտպանության, քան թե ապացուցման բարձր մակարդակը:
13. Այնքան ժամանակ, ինչ Դատարանը հաստատակամորեն մարդու իրավունքների վերաբերյալ վեճերում պահանջում է ապացուցման չափորոշիչ, ինչը, ինչպես ցույց է տվել 50-ամյա փորձը, անիրական է և անիրագործելի, Դատարանը կշարունակի երաշխիքներին մատուցել թույլ ծառայություն: Իմ կարծիքով հարցի լուծումը պահանջում է Դատարանի դիրքորոշման արմատական և կառուցողական վերափոխում, որը կտանի այն արգելքների վերացմանը, որոնք մարդու իրավունքներին առնչվող որոշ ոլորտներում Դատարանին դարձնում են Կոնվենցիայի կույր խնամակալ: Դատարանը պետք է ռասայական խտրականության հարցերում հպարտությամբ զիջի ճանապարհ հարթելու իր սեփական ավանդույթը:
14. Տարբեր լավ փորձված միջոցներն առաջարկում են նոր և ավելի լավ հավասարակշռություն դիմողի և պետության գանգատների միջև: Դրանցից մեկն ապացուցման բեռի փոփոխումն է. միջոց, որը Դատարանն արդեն բարեհաջող կերպով ընդունել է, երբ այլընտրանքը ճշմարտության որոնումը կդարձներ անհնարին: Ուստի ոստիկանության հսկողության տակ գտնվելու ժամանակ պատճառված մահը կամ վնասվածքը հանգեցնում է մի կանխավարկածի, որը բավարար բացատրություն ներկայացնելու բեռը փոխանցում է պետությանը:
15. Այսպիսով, Դատարանը, հեռատես որոշման մեջ, ընդունել է, որ Կառավարության կողմից այնպիսի տեղեկություն ներկայացնելը, որը մատչելի է միայն իրեն, կարող է հանգեցնել մի եզրահանգման, որ դիմողի ներկայացրած մեղադրանքները հիմնավորված են:
16. Եզրահանգումների, իրավական կանխավարկածների և ապացուցման բեռի փոխանցումը նաև վճռորոշ նշանակություն են ունեցել վերջին գործերից մեկում՝ Կոնկայի գործում, որում Դատարանն ավելի շուտ դիմողներից պահանջելով ողջամիտ կասկածից վեր ապացուցում առ այն, որ իրենց վտարումը կատարվել է համաձայն կոլեկտիվ վտարման քաղաքականության, արձանագրել է խախտում՝ սկսելով սիլլոգիզմի հակառակ եզրից. «Պետական իշխանության կողմից կիրառված ընթացակարգը Դատարանին հնարավորություն չի տվել վերացնելու բոլոր կասկածներն առ այն, որ վտարումը կարող էր եղած լինել կոլեկտիվ»:
17. Դատարանը նաև, դատական ակտիվիզմի գործընթացով, «ստեղծել է» 215 հոդվածի և վերջերս՝ 3-րդ հոդվածի «ընթացակարգային խախտման» հայեցակարգ: Մահվան կամ անմարդկային վերաբերմունքի փաստի կապակցությամբ հետաքննության կամ պատշաճ հետաքննության միանման տրամաբանական հիմնավորումը կարդարացնի 14-րդ հոդվածի խախտումը՝ 2-րդ և 3-րդ հոդվածների համակցությամբ, երբ վիճարկվող խախտման կապակցությամբ պատշաճ հետաքննություն չի կատարվել:
18. Դատարանը, այսպիսով, իր տրամադրության տակ ունի զգալի զինապահեստ՝ այն փակուղուց դուրս գալու համար, որը նրա 50-ամյա գործունեության ընթացքում թույլ չի տվել նրան դատապարտել ռասայական խտրականության որևէ դեպք՝ կյանքից զրկելու կամ վատ վերաբերմունքի ոլորտում: Իդեալականորեն, Դատարանը պետք է վերանայի, թե իրավաբանորեն ավելի արդարացված ապացուցման չափորոշիչը, արդյո՞ք, առավել ծանրակշիռ ապացույցի առկայությունից կամ հավանականությունների հավասարակշռությունից որևէ մեկը չէ:
Որպես այլընտրանք, Դատարանը, իմ կարծիքով, գտել է, որ երբ խոցելի փոքրամասնության ներկայացուցիչներին վնաս է պատճառվում այնպիսի միջավայրում, ուր առկա են ռասայական լարվածություններ և հաստատված է պատասխանատու պաշտոնատար անձանց անպատժելիության մթնոլորտ, ապացուցման բեռը, որ տվյալ իրադարձությունը պայմանավորված չէ էթնիկ գործոնով, փոխանցվում է Կառավարությանը:
14-րդ հոդվածի ոլորտում, ինչպես Դատարանը վարվել է 2-րդ և 3-րդ հոդվածների դեպքում, Դատարանը պետք է ներդրում կատարի «ընթացակարգային խախտման» իր սեփական դոկտրինայում, երբ ապացույցները վկայում են, որ խոցելի խմբի ներկայացուցչին պատճառված վնասվածքի փաստը պատշաճ կերպով չի հետաքննվել:
19. Սա կարող է օգնել՝ Դատարանին դնել իր սեփական նախադեպային իրավունքի հետ միևնույն գծի վրա, ըստ որի՝ «պետության կողմից պետք է ներկայացվեն ծանրակշիռ պատճառաբանություններ, որպեսզի Դատարանը կարողանա բացառապես ազգության գործոնով պայմանավորված վերաբերմունքում առկա տարբերությունը համարել Կոնվենցիային համապատասխան»:
20. Վերոհիշյալ հիմնավորումներով՝ ես անխուսափելի եմ համարում քվեարկել 14-րդ հոդվածի խախտման օգտին:
