ԲՈՐԻՍՈՎԱՆ ԸՆԴԴԵՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ գործով
Վ Ճ Ի Ռ
Ստրասբուրգ, 21 դեկտեմբերի 2006թ.
Բորիսովան ընդդեմ Բուլղարիայի գործով՝
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), որպես Պալատ նիստ գումարելով հետևյալ կազմով՝
Նախագահ՝
պրն P. LORENZEN,
Դատավորներ՝
տկն S. BOTOUCHAROVA, պրն K. JUNGWIERT,
տկն M. TSATSA-NIKOLOVSKA, պրն J. BORREGO BORREGO, տկն R. JAEGER,
պրն M. VILLIGER,
և բաժանմունքի քարտուղար ՝ տկն C. WESTERDIEK,
գաղտնի խորհրդակցելով 2006թ. նոյեմբերի 27-ին, կայացրեց հետևյալ վճիռը, որը հաստատվեց նույն օրը:
6. 1999թ. սեպտեմբերի 8-ի առավոտյան դիմողը, որն այն ժամանակ գործազուրկ էր, գնացել էր Աշխատանքի տեղավորման գրասենյակ՝ ծանոթանալու աշխատանքային նոր առաջարկների: Մեծ թվով մարդիկ, հիմնականում՝ գնչուական ծագման, Աշխատանքի տեղավորման գրասենյակի առջև արդեն հավաքված սպասում էին: Դիմողը, ով ևս գնչուական ծագում ուներ, տեղ է զբաղեցրել շենքի առջև գոյացած հերթի վերջում:
7. Առավոտյան մոտավորապես ժամը 11.15-ին խմբված մարդկանց մի մասը ներխուժել էր Աշխատանքի տեղավորման գործակալություն: Հասարակական կարգը պահպանելու նպատակով այնտեղ գտնվող ոստիկանին հաջողվել էր նրանց հետ վանել դեպի դուրս: Ոստիկանի՝ շենքից դուրս գալուն պես կանանց մի խումբ հրմշտում էր նրան: Դիմողն այդ կանանց թվում չէր եղել: Այդ կանանցից մեկը ոստիկանին հայտնել է, որ իրենց հրել է դիմողը, որն այդ պահին հերթի վերջում էր:
8. Ոստիկանը մոտեցել է դիմողին և նրանից պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: Նա հրաժարվել է, և, կարճատև անբարեհաճ վիճաբանությունից հետո, ոստիկանը նրան առաջարկել էր իր հետ գնալ ոստիկանության բաժանմունք՝ նրա ինքնությունը պարզելու նպատակով: Դիմողը չէր համաձայնել, և ոստիկանը փորձել էր ձեռնաշղթաներ հագցնել նրան: Շրջանային դատարանում երկու ոստիկանների կողմից հետագայում տրված ցուցմունքի համաձայն՝ դիմողն այնուհետև ապտակել էր ոստիկանի դեմքին և աղաղակելով վայր ընկել: Այնուհետև մեկ այլ ոստիկան մոտեցել էր առաջինին և աջակցել նրան՝ դիմողին հերթից բռնի դուրս բերելու և ուղեկցել ոստիկանության բաժանմունք: Ժամը 11.30-ն էր:
9. Դիմողին տեղավորել էին ոստիկանության բաժանմունքի խցերից մեկում: Նրան թույլ չէին տվել զանգահարել մերձավոր ազգականի կամ փաստաբանի:
10. Մոտավորապես երկու ժամ անց դիմողը դուրս էր բերվել խցից և տեղափոխվել ոստիկանական մեքենա՝ նրան ձերբակալող երկու ոստիկանների հետ մեկտեղ: Վերջիններս տեղափոխվել էին Պազարջիկի շրջանային դատարան, ուր ժամանել էին ժամը 14.40- ին:
11. Դատական նիստից քիչ առաջ դիմողին առաջարկվել էր ստորագրել մանր խուլիգանություն կատարելու վերաբերյալ արձանագրությունը (акт за констатиране на дребно хулиганство). Դիմողը հայտնել էր, որ ժամանակ չի ունեցել փաստաթղթին ծանոթանալու համար: Այս հանգամանքի դեմ Կառավարությունն առարկել է: Դիմողը փաստաթուղթը ստորագրել էր առանց որևէ վերապահման: Դիմողը նաև պնդել է, որ ստորագրված արձանագրության պատճենն իրեն չի տրամադրվել: Դրա դեմ Կառավարությունը հստակորեն չի առարկել:
12. Դատական նիստը սկսվել էր ժամը 15.00-ին: Դիմողը ինքնուրույն էր պաշտպանում իր շահերը Պազարջիկի շրջանային դատարանում: Նրան վերագրվել էր վարչական զանցանք, որը դրսևորվել էր մանր խուլիգանության ձևով:
13. Դատական նիստը սկսվել էր արձանագրությունը դատարանում ընթերցելով: Նշվել էր, որ դիմողը (1) անկարգություն է առաջացրել Աշխատանքի տեղավորման գործակալության շենքի դիմաց՝ հերթում գտնվող մյուս կանանց հրելու միջոցով, (2) հրաժարվել էր ենթարկվել ոստիկանի կարգադրություններին և դիմադրություն էր ցույց տվել ձերբակալվելիս, (3) ապտակել էր ոստիկաններից մեկին: Երբ դիմողին հարցրել են՝ «Ծանո՞թ եք արդյոք արձանագրությանը», նա պատասխանել էր.
«Ես ծանոթ եմ դրան, բայց չեմ հասկանում, թե (մանր խուլիգանությունը) ինչ է իրենից ներկայացնում: Սակայն այժմ, երբ դուք ընթերցեցիք այն, ես հասկացա, թե ինչի մասին է խոսքը: Բայց այդ ամենը ճիշտ չէ: Ես ականատեսներ ունեմ»:
14. Դատարանն անցել էր դիմողի, վերջինիս ձերբակալող երկու ոստիկանների և Աշխատանքի տեղավորման գործակալության մի աշխատակցի հարցաքննությանը:
15. Դիմողը ժխտել էր իրեն առաջադրված մեղադրանքը: Նա բողոքել էր, որ ոստիկաններն իրեն քարշ են տվել ոստիկանության բաժանմունք և նախքան խցում տեղավորելը` անընդհատ ծեծել: Նա նաև նշել էր, որ ինքը ոստիկանին չի հարվածել, այլ ոստիկանը վնասվել էր ձերբակալության ժամանակ ծառին դիպչելու հետևանքով: Դատական նիստի ընթացքում դիմողը բազմիցս հայտնել էր, որ կարող է վկաներ կանչել, ովքեր կհաստատեն դեպքերի ընթացքի վերաբերյալ իր վարկածը: Նա նաև հայտնել էր, որ ինքը չի կարողացել վկաներ կանչել, քանի որ տեղյակ չի եղել, թե մեքենա նստելուց հետո ոստիկաններն իրեն ուր են տանելու:
16. Երկու ոստիկաններն էլ ցուցմունք էին տվել, որ դիմողն իրեն անպարկեշտ է պահել և հարվածել իրենցից մեկին:
17. Աշխատանքի տեղավորման գործակալության աշխատակիցը ցուցմունք էր տվել այն մասին, որ տեսել է, թե ինչպես էր դիմողը բարձրացնում ձեռքը, սակայն ապտակելու պահը չի տեսել:
18. Դատական նիստն ավարտվել էր ժամը 15.20-ին:
19. Պազարջիկի շրջանային դատարանը, որոշում կայացնելու համար կարճ ժամանակով խորհրդակցական սենյակ անցնելուց հետո, հրապարակել էր որոշումը: Դիմողը մեղավոր էր ճանաչվել մանր խուլիգանություն կատարելու համար, և նրա նկատմամբ նշանակվել էր հնգօրյա կալանք՝ Պազարջիկի ոստիկանության բաժանմունքում: Կալանքի սկիզբ էր համարվել 1999թ. սեպտեմբերի 8-ի առավոտյան ժամը 11.30-ը: Դատարանն ամբողջությամբ հիմք էր ընդունել ոստիկանների և Աշխատանքի տեղավորման գործակալության աշխատողի ցուցմունքները՝ հրաժարվելով դիմողի ցուցմունքներն ընդունելուց` այն հիմքով, որ նա այդ ցուցմունքները տվել է «իր պաշտպանության նկատառումներից ելնելով»: Որոշումը բողոքարկման ենթակա չէր և ուժի մեջ էր մտնում անմիջապես:
20. Այնուհետև դիմողին վերադարձրել էին Պազարջիկի ոստիկանության բաժանմունք, որտեղ վերջինս կրել էր տույժը:
II. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
21. 1963 թվականին ընդունվել է մանր խուլիգանության դեմ պայքարի մասին դեկրետ: Այն նախատեսում է մանր խուլիգանության վարչական զանցանքների վերաբերյալ գործերը դատարան ներկայացնելու արագացված կարգ: Այդ արարքների համար սահմանված է տույժ` ոստիկանության բաժանմունքում մինչև 15 օր ժամկետով կալանքի կամ 10-200 բուլղարական լև տուգանքի (մոտ 5,13-102 եվրո. բաժին 1) ձևով: Պարզ չէ՝ դատավարության ընդհանուր կարգը սահմանող Վարչական իրավախախտումների և տույժերի վերաբերյալ օրենքը կիրառելի՞ է վերոհիշյալ դեկրետով կանոնակարգվող ընթացակարգերի նկատմամբ, թե` ոչ (այս խնդրի վերաբերյալ տե՛ս երկու հակասական որոշումներ. Тълкувателно решение № 46 от 16. X. 1979 г. по н. д. № 36/79 г. на ОСНК and Определение № 9959 от 07.11.2003 г. по адм. д. № 9327/2003 г., I отд. на ВАС):
22. Դեկրետով նախատեսված արագացված կարգը սահմանում է, որ «մանր խուլիգանության վերաբերյալ արձանագրությունը» (акт за констатиране на дребно хулиганство) կազմվում է ոստիկանության կամ իրավասու տեղական իշխանության մարմնի կողմից: Այնուհետև այդ փաստաթուղթը ներկայացվում է զանցանքի համար մեղադրվող անձին՝ ստորագրելու համար: Վերջինս իրավունք ունի ներկայացնելու ցանկացած դիտողություն (բաժին 2):
23. Եթե զանցանքի համար մեղադրվող անձի գործը ենթակա է դատական քննության, ապա մեղադրվող անձը` համապատասխան արձանագրության և հավաքված նյութերով հանդերձ, պետք է անհապաղ, բայց ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում ներկայացվի շրջանային դատարան (բաժին 3): Այնուհետև շրջանային դատարանի դատավորը, զանցանքի համար մեղադրվող անձի ներկայությամբ, քսանչորս ժամվա ընթացքում միանձնյա քննում և լուծում է գործը (4-րդ և 5-րդ բաժիններ):
24. Վկաները կանչվում են դատավորի որոշմամբ, իսկ զանցանքի համար մեղադրվող անձն ունի պաշտպան ունենալու իրավունք (բաժին 5):
25. Շրջանային դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ և կատարվում է անհապաղ (բաժին 7): Նախքան Վարչական իրավախախտումների և տույժերի վերաբերյալ օրենքի 1998թ. փոփոխությունները, դատավորի կողմից վերոհիշյալ դեկրետի հիման վրա կայացված որոշումները ենթակա էին նշված օրենքով սահմանված կարգով վերանայման (Тълкувателно решение № 58 от 30.XII.1980 г., н.д. № 53/80 г., ОСНК): 1998թ. փոփոխություններից հետո դա այլևս հնարավոր չէր: Նմանապես հնարավոր չէր վճռաբեկ բողոք բերել վերոհիշյալ օրենքով նախատեսված գործերով (Определение № 9959 от 07.11.2003 г. по адм. д. № 9327/2003 г., I отд. на ВАС):
26. Դեկրետով նախատեսված զանցանքի գործով անձի դեմ կայացված որոշումը քրեական դատապարտում չի համարվում և հանցանք կատարածների անձնական գործում չի ներառվում:
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
1. Դիմողը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի հիման վրա, մի շարք գանգատներ է ներկայացրել առ այն, որ իր նկատմամբ կիրառված ընթացակարգերն անարդարացի են եղել: Մասնավորապես, նա նշել է, որ. (1) խախտվել է կողմերի հավասարության սկզբունքը, քանի որ մեղադրանքի կողմի համեմատ` ինքն անհավասար պայմաններում է եղել, (2) դատարանը կողմնակալ է եղել, (3) դատարանն առաջին հերթին լսել է այն վկաներին, որոնց ցուցմունքները հաստատում էին դեպքերի մասին ոստիկանության վարկածը, (4) դատարանի որոշման պատշաճ հիմնավորում չի տրվել և չի կատարվել ներկայացված ապացույցների համակողմանի վերլուծություն, (5) դիմողը պատշաճ կերպով և մանրամասնորեն չի տեղեկացվել իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, (6) դիմողը բավարար ժամանակ և հնարավորություն չի ունեցել իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, քանի որ դատավարությունը շատ արագ է կազմակերպվել, ինչպես նաև, քանի որ ձերբակալվելուց հետո ինքը մեկուսացված է եղել ոստիկանության բաժանմունքում, (7) դիմողին հնարավորություն չի ընձեռվել իր ընտրությամբ ունենալու պաշտպան, (8) դիմողը զրկված է եղել նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տվող վկաները, իր օգտին վկաներ հրավիրելու և նրանց հարցաքննելու իրավունքից, չնայած որ իրեն մեղադրանք առաջադրելուց հետո՝ 1999թ. սեպտեմբերի 8-ի դատական նիստի ընթացքում, նա մի քանի անգամ նման հնարավորություն ունեցել է:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համապատասխան մասը սահմանում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք, ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի oրենքի հիման վրա uտեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք:
...
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
ա. իրեն հաuկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մաuին,
բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաuտելու համար,
գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,
դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,...»:
A. Ընդունելիությունը
28. Կառավարությունը չի վիճարկել գանգատի ընդունելիությունը: Դիմողը պնդել է, որ քանի որ Կառավարությունը չի վիճարկել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիությունը, գանգատը պետք է հայտարարվի ընդունելի:
29. Դատարանը հիշեցնում է, որ իր նախադեպային իրավունքով սահմանված են չափանիշներ, որոնց հիման վրա որոշվում է՝ արդյո՞ք զանցանքը կարող է որակվել «քրեական»՝ Կոնվենցիայի իմաստով: Մասնավորապես, այդ չափանիշներն են. ներպետական օրենսդրությամբ իրավախախտման բնույթը, վարույթի բնույթը, ինչպես նաև պատժի բնույթն ու խստության աստիճանը (տե՛ս, օրինակ, Benham v. the United Kingdom, 1996թ. հունիսի 10-ի վճիռը, կետ 56, Reports of Judgments and Decisions 1996-III, էջ 756, Garyfallou AEBE v. Greece, 1997թ. սեպտեմբերի 24-ի վճիռը, 32-33 կետեր, Reports 1997-V, էջ 1830, և Lauko v. Slovakia, 1998թ. սեպտեմբերի 2-ի վճիռը, 56-57 կետեր, Reports 1998-VI, էջ 2504):
30. Նկատի առնելով, որ Կառավարությունը չի վիճարկել գանգատի ընդունելիությունը, Դատարանը, սույն գործի նկատմամբ կիրառելով վերոհիշյալ չափանիշները և հաշվի առնելով մանր խուլիգանության համար դիմողի նկատմամբ որպես տույժ կիրառված հնգօրյա կալանքը, գտնում է, որ վերջինիս նկատմամբ կիրառված վարույթը պարունակում է «քրեական մեղադրանքի» տարրեր՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ինքնուրույն իմաստով: Ուստի սույն գործով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված «քրեական» բնորոշումը կիրառելի է:
31. Բացի դրանից, Դատարանը նշում է, որ գանգատն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Այնուհետև Դատարանը նշում է, որ անընդունելիության մնացած հիմքերը ևս առկա չեն: Հետևաբար` գանգատը պետք է ճանաչել ընդունելի:
B. Ըստ էության
32. Կառավարությունը պնդել է, որ դիմողի նկատմամբ դատաքննությունը եղել է արդարացի: Կառավարությունը ժխտել է այդ կապակցությամբ դիմողի գանգատները, ինչպես նաև՝ վերջինիս պնդումը, թե ինքը պատշաճ կերպով տեղեկացված չի եղել իր ձերբակալման պատճառների մասին: Կառավարությունը հայտնել է, որ դիմողը արձանագրությունը ստորագրել է առանց վերապահումների, և որ նրա հետագա հայտարարություններն այն մասին, որ ներպետական դատարանում ինքը տեղյակ չի եղել մեղադրանքի բովանդակությանը, միանգամայն անհիմն են:
33. Այնուհետև Կառավարությունը պնդել է, որ դեկրետի նպատակը մանր խուլիգանության դրսևորումների դեմ պայքարն է եղել, որոնք քրեորեն պատժելի արարք չեն համարվում, և որ կիրառված տույժերը դատվածություն առաջ չեն բերում և հանցանք կատարածների անձնական գործում չեն ներառվում: Ավելին, դեկրետով սահմանված արագացված կարգի համաձայն` գործը պետք է քննվեր ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում: Այսպիսով, Կառավարությունը պնդել է, որ վերոգրյալը և գործի հանգամանքները հաշվի առնելով՝ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար դիմողը բավարար ժամանակ ունեցել է:
34. Կառավարությունը նաև պնդել է, որ դիմողը չի օգտվել պաշտպան ունենալու իր իրավունքից, և փաստարկել է, որ եթե անգամ ոստիկանությունում գտնվելու ընթացքում նա ի վիճակի չի եղել հաղորդակցվել փաստաբանի հետ, ապա նա դա կարող էր անել 1999թ. սեպտեմբերի 8-ի դատական նիստի ժամանակ, սակայն դիմողն այդպես չի վարվել:
35. Եվ վերջապես, Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3 (d) կետը բացարձակ չէ, և որ լրացուցիչ վկաներ ներգրավելու իրավասությունը վերապահված է ներպետական դատարանների հայեցողությանը: Ավելին, այն նշել է, որ դատարանում հարցաքննվել է երեք վկա, մինչդեռ դիմողը չի նշել այն անձանց անունները, ում ցանկացել է հրավիրել որպես վկա, ոչ էլ ներկայացրել է, թե նրանց ցուցմունքները գործի համար ինչ նշանակություն կարող են ունենալ:
36. Դիմողն առարկել է Կառավարության այս պնդումների դեմ և հայտարարել, որ դեկրետով սահմանված արագացված կարգի պատճառով ինքը զրկված է եղել արդարացի դատաքննության իրավունքից, ինչի արդյունքում երեք ժամվա ընթացքում իրեն դատապարտել են կալանքի, և այդ ընթացքում ինքը բավարար ժամանակ չի ունեցել նախապատրաստելու պաշտպանությունը և հրավիրելու պաշտպան: Ավելին, նա նշել է, որ դեկրետում պետական միջոցների հաշվին պաշտպան նշանակելու պահանջի բացակայությունը հանգեցրել է դատավարության անարդարացիության:
37. Քանի որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները դիտարկվում են որպես 1-ին կետով երաշխավորված արդարացի դատաքննության իրավունքի մասնավոր դրսևորումներ՝ Դատարանը գանգատները քննության կառնի միաժամանակ երկու դրույթների լույսի ներքո (ի թիվս բազմաթիվ այլ գործերի` տե՛ս F.C.B. v. Italy, 1991թ. օգոստոսի 28-ի վճիռը, կետ 29, Series A թիվ 208-B, էջ 20, Poitrimol v. France, 1993թ. նոյեմբերի 23-ի վճիռը, կետ 29, Series A թիվ 277-A, էջ 13, Lala v. the Netherlands, 1994թ. սեպտեմբերի 22-ի վճիռը, կետ 26, Series A թիվ 297-A, էջ 12, և Krombach v. France, թիվ 29731/96, կետ 82, ECHR 2001-II):
38. Դատարանը վերստին հիշեցնում է, որ դիմողի վկայակոչած կողմերի հավասարության սկզբունքը, լինելով արդարացի դատաքննության ավելի լայն հասկացության տարր, պահանջում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է ողջամիտ հնարավորություն ունենա իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որոնք հակառակորդ կողմի առջև իրեն չեն դնում էապես անբարենպաստ պայմաններում (ի թիվս բազմաթիվ այլ գործերի` տե՛ս, NiderՓst-Huber v. Switzerland, 1997թ. փետրվարի 18-ի վճիռը, կետ 23, Reports 1997-I, 107-8 էջեր, և Coսme and Others v. Belgium, թիվ 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 և 33210/96, կետ 102, ECHR 2000-VII):
39. Դատարանը նաև ընդգծում է, որ իրավասու չէ փաստերին և ապացույցներին տրված սեփական գնահատականով փոխարինել ներպետական դատարանների գնահատականը: Որպես ընդհանուր կանոն՝ ներպետական դատարաններն են իրավասու գնահատել իրենց տրամադրության տակ եղած ապացույցները: Եվրոպական դատարանի խնդիրն է պարզել, թե արդյոք կիրառված ընթացակարգերը` ամբողջությամբ, այդ թվում՝ ապացույցները ձեռք բերելու եղանակները, արդարացի են, թե` ոչ (տե՛ս Edwards v. the United Kingdom, 1992թ. դեկտեմբերի 12, կետ 34, Series A թիվ 247-B, 34-35-րդ էջեր, Mantovanelli v. France, 1997թ. մարտի 18, կետ 34, Reports 1997-II, 436-37-րդ էջեր, և Bernard v. France, 1998թ. ապրիլի 23, կետ 37, Reports 1998-II, 15 879):
40. Ինչ վերաբերում է սույն գործի առանձնահատկություններին և դեկրետով նախատեսված քննության արագացված կարգին, ապա Դատարանն ընդունում է, որ դրա նպատակը խուլիգանության մանր դրսևորումների վերաբերյալ գործերի արագ և արդյունավետ քննությունն է եղել: Հասարակական կարգի առավել նշանակալի խախտումները ենթակա էին քննության որպես քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ (հոդված 325): Դատարանը նաև ընդունում է, որ քրեական գործերի քննության արագացված կարգի առկայությունն ու կիրառումն ինքնին չի հակասում Կոնվենցիայի 6-րդ հոդվածին, եթե այդ կարգը պարունակում է նշված հոդվածով ամրագրված անհրաժեշտ երաշխիքներ: Այսպիսով, պարզելու համար, թե արդյոք դիմողի նկատմամբ կիրառված վարույթը` ամբողջությամբ, արդարացի է եղել, Դատարանն առանձին կանդրադառնա այդ առնչությամբ ներկայացված գանգատներին:
1. Իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մաuին անհապաղ տեղեկացվելու և իր պաշտպանությունը նախապատրաuտելու համար բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալու իրավունքները
41. Դատարանը վերստին հիշեցնում է, որ քրեական գործերով մեղադրյալին ներկայացվող մեղադրանքի, հետևաբար` դատարանի կողմից արարքին տրվելիք հնարավոր իրավական որակման վերաբերյալ լիարժեք, մանրամասն տեղեկատվություն տրամադրելը դատավարական ընթացակարգերի արդարացիությունն ապահովելու կարևոր նախապայման է (տես Pռlissier and Sassi v. France [Մեծ պալատ], թիվ 25444/94, կետ 52, ECHR 1999-II): Բացի դրանից, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3 (b) կետով գանգատի կապակցությամբ Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3 (a) և 3 (b) կետերը փոխկապակցված են, և որ առաջադրված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին տեղեկացվելու իրավունքը պետք է դիտարկվի իր պաշտպանությունը նախապատրաստելու` մեղադրյալի իրավունքի լույսի ներքո (տես վերոհիշյալ Pռlissier and Sassi գործը, կետ 54):
42. Տվյալ գործով Դատարանը նշում է, որ դիմողը պնդել է, որ արձանագրությանը և իրեն առաջադրված մեղադրանքի բնույթին ինքը ծանոթացել է միայն Պազարջիկի շրջանային դատարանում գործի քննությունից անմիջապես առաջ, և որ ինքը ժամանակ չի ունեցել ծանոթանալու այդ փաստաթղթի բովանդակությանը, իսկ Կառավարությունն առարկել է այդ պնդման դեմ (տե՛ս վերը` կետ 11):
43. Քանի որ արձանագրությունում նշված չէ, թե 1999թ. սեպտեմբերի 8-ին ո՛ր ժամին է փաստաթուղթը հանձնվել դիմողին, Դատարանը հնարավոր չի համարում պարզել, թե դիմողը որքան ժամանակ է ունեցել փաստաթղթի գոյության, հետևաբար` իրեն դատի տալու և ամբաստանելու՝ իշխանությունների մտադրության մասին տեղեկանալուց հետո: Այս կապակցությամբ Դատարանը նկատի է առնում ներպետական դատարանում դիմողի ներկայացրած պնդումն առ այն, որ ոստիկանական մեքենա նստեցվելու պահին վերջինս տեղյակ չի եղել սպասվող դատավարության մասին (տե՛ս վերը՝ 10 և 15 կետեր): Ամեն դեպքում, պաշտպանությանը նախապատրաստվելու համար դիմողին տրամադրված ժամանակը չէր կարող մեկ-երկու ժամից ավելի լինել, որի ընթացքում նա կա՛մ դատարանի ճանապարհին է եղել, կա՛մ ոստիկանության բաժանմունքի խցում:
44. Բացի դրանից, դատավարության արագացված կարգի պատճառով դիմողը ժամանակ և հնարավորություն չի ունեցել մինչև 1999թ. սեպտեմբերի 8-ի՝ քսան րոպե տևած դատական նիստի սկիզբը հաղորդակցվելու փաստաբանի կամ մերձավոր ազգականի հետ (տե՛ս վերը՝ 9 և 10 կետեր): Դատարանն այս առնչությամբ կրկին հիշեցնում է, որ քրեական հանցանք կատարելու համար մեղադրվող յուրաքանչյուրի իրավունքը՝ արդյունավետ պաշտպանվել փաստաբանի միջոցով, թեկուզ ի պաշտոնե նշանակված, թեև բացարձակ իրավունք չէ, սակայն արդար դատաքննության իրավունքի հիմնական տարրերից մեկն է (տե՛ս վերը նշված Krombach-ի գործը, կետ 89):
45. Որպես եզրահանգում՝ Դատարանը գտնում է, որ դիմողի` իրեն առաջադրված մեղադրանքի բնույթի ու հիմքի մասին պատշաճ կերպով տեղեկացվելու, ինչպես նաև պաշտպանությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունքները ոտնահարվել են (տե՛ս վերոհիշյալ Pռlissier և Sassi գործը, 60-63 կետեր (վերապահումներով), և Mattoccia v. Italy, թիվ 23969/94, 62-72 կետեր, ECHR 2000-IX):
2. Իրավունքը` վկաներ հրավիրելու և նրանց հարցաքննելու նույն պայմաններում, ինչ իր դեմ ցուցմունք տվող վկաներին
46. Դատարանն առաջին հերթին գտնում է, որ ապացույցների թույլատրելիությունն ի սկզբանե ենթակա է կարգավորման ներպետական օրենսդրությամբ: Ըստ Կոնվենցիայի` Դատարանի խնդիրը ոչ թե որոշելն է, թե արդյոք վկաների ցուցմունքները պատշաճ կարգով են ապացույց ճանաչվել, այլ պարզելը, թե արդյոք վարույթը` ընդհանուր առմամբ, այդ թվում՝ ցուցմունքների ձեռքբերման եղանակը, արդարացի է եղել, թե ոչ (ի թիվս բազմաթիվ այլ գործերի` տե՛ս Van Mechelen and Others v. the Netherlands գործը, 1997թ. ապրիլի 23-ի վճիռը, կետ 50, Reports 1997-III, էջ 711): Մասնավորապես, «որպես ընդհանուր կանոն` ներպետական դատարաններն են, որ պետք է գնահատեն իրենց ներկայացված ապացույցները, այդ թվում` ամբաստանյալների ներկայացնելիք ապացույցների վերաբերելիությունը... 6-րդ հոդվածի 3 (d) կետը, կրկին որպես ընդհանուր կանոն, վկաներ կանչելու անհրաժեշտությունը գնահատելու իրավասությունը վերապահում է ներպետական դատարաններին» (տե՛ս Vidal v. Belgium, 1992թ. ապրիլի 22-ի որոշումը, կետ 33, Series A թիվ 235-B, 32-33-րդ էջեր): Ըստ այդմ, միայն ամբաստանյալի բողոքն առ այն, որ իրեն թույլ չեն տվել հարցաքննելու որոշակի վկաների, ինքնին բավարար չէ: Նա պետք է նաև հիմնավորի, թե ինչու է կարևոր համապատասխան վկաներին լսելը, և ինչով է վերջիններիս տված ցուցմունքը նպաստելու ճշմարտության բացահայտմանը (տե՛ս Engel and Others v. the Netherlands, 1976թ. հունիսի 8-ի վճիռը, կետ 91, Series A թիվ 22, 38-39-րդ էջեր, Bricmont v. Belgium, 1989թ. հուլիսի 7-ի վճիռը, կետ 89, Series A թիվ 158, էջ 31, և Perna v. Italy [Մեծ ատյան], թիվ 48898/99, կետ 29, ECHR 2003-V):
47. Դատարանը նշում է, որ սույն գործով դիմողին թույլ չի տրվել ի պաշտպանություն իրեն վկաներ կանչել, չնայած որ 1999թ. սեպտեմբերի 8-ի նիստի ընթացքում քանիցս և տարբեր առիթներով հայտարարել է, որ կարող է վկաներ կանչել, և որ վերջիններիս ցուցմունքների շնորհիվ կհերքվեին մեղադրանքի կողմի հրավիրած վկաների ցուցմունքները (տես վերը՝ 13 և 15 կետեր): Ճիշտ է, դատարանում նա չի նշել այն վկաների անունները, ում ցանկանում էր կանչել: Սակայն, հաշվի առնելով պաշտպանությանը նախապատրաստվելու համար ժամանակի ու հնարավորության անբավարարությունը (տե՛ս վերը` կետ 45), Դատարանը ողջամիտ է համարում, որ չէր կարելի ակնկալել, որ դիմողը վկաների անունները կնշեր անմիջապես: Ավելին, Դատարանը հաշվի է առնում ներպետական դատարանում դիմողի պնդումն առ այն, որ ինքն ի վիճակի չի եղել վկաներ կանչել, քանի որ ոստիկանության կողմից դատարան ներկայացնելու համար մեքենա նստեցնելիս չէին տեղեկացրել, թե իրեն ուր են տանում (տես վերը՝ 10 և 15 կետեր):
48. Դատարանը գտնում է, որ մեղադրանքի կողմը դիմողի նկատմամբ ունեցել է անարդարացի առավելություն՝ դատական նիստին պատրաստվելու և իր օգտին վկաներ գտնելու հարցում: Արդյունքում՝ ներպետական դատարան ներկայացված վկաների ցուցմունքները կարող են թվալ միակողմանի և Աշխատանքի տեղավորման գործակալության շենքի առջև տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ միայն մեղադրանքի կողմի դիրքորոշումը հիմնավորող:
49. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3 (d) կետի հիման դրա դիմողի գանգատը սերտորեն կապակցված է 6-րդ հոդվածի 3 (a) և 3 (b) կետերով գանգատներին և մասամբ բխում է դրանցից (տե՛ս վերը՝ 41-45 կետեր), Դատարանը գտնում է, որ ոտնահարվել է դիմողի իրավունքը՝ հրավիրելու վկաներ և նրանց հարցաքննելու նույն պայմաններում, ինչ իր դեմ ցուցմունք տվող վկաներին:
50. Որպես եզրահանգում` Դատարանը գտնում է, որ սույն գործով արդարացի դատաքննությանը ներկայացվող պահանջները խախտվել են, և պաշտպանության կողմի իրավունքները չեն հարգվել: Հետևաբար` տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին, 3 (a), 3 (b), 3 (d) կետերի համաժամանակյա խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
51. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իuկ համապատաuխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մաuնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
52. Դիմողը պահանջել է 3 000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում՝ Կոնվենցիայով նախատեսված իր իրավունքների խախտման արդյունքում կրած ցավի, տառապանքի և սթրեսի համար: Նա փաստարկել է, որ պետք է նկատի առնվեն ձերբակալման և դատավարության սթրեսային պայմանները, անորոշության վիճակը, անարդար դատաքննության արդյունքում իր կրած պատիժը` հնգօրյա կալանքը, ինչպես նաև այն փաստը, որ ոստիկանության բաժանմունքը, որտեղ իրեն պահել են, նախատեսված չի եղել երկարատև կալանքի համար:
53. Վնասի փոխհատուցման վերաբերյալ դիմողի պահանջների առնչությամբ Կառավարությունը մեկնաբանություններ չի ներկայացրել:
54. Դատարանը գտնում է, որ ոստիկանության բաժանմունքում հնգօրյա կալանքի հետևանքով անարդար դատաքննության արդյունքում դիմողը, անկասկած, կրել է բարոյական վնաս (տե՛ս վերը՝ 9-20 և 50 կետեր): Հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները, առաջնորդվելով արդարացիությամբ, Դատարանն այս մասով սահմանում է փոխհատուցում 2 000 եվրոյի չափով, հավելած դրանից գանձվող բոլոր տեսակի հարկերի գումարը:
B. Ծախքեր և ծախսեր
55. Դիմողը նաև պահանջել է 1 500 եվրո՝ Դատարանում իր ներկայացուցիչների մատուցած իրավաբանական ծառայությունների համար, ներառյալ՝ գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը, Սոֆիայից Պազարջիկ ուղևորությունը, իրավական հետազոտությունները, Դատարանին ուղղված մեկ նամակի և երկու բացատրագրի կազմումը:
56. Ծախքերի և ծախսերի վերաբերյալ դիմողի պահանջների առնչությամբ Կառավարությունը մեկնաբանություններ չի ներկայացրել:
57. Դատարանը վերստին հիշեցնում է, որ Դատարանի Կանոնակարգի 60-րդ կանոնի համաձայն՝ արդարացի փոխհատուցման ցանկացած պահանջ պետք է ներկայացված լինի գրավոր` կետ առ կետ և համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հետ մեկտեղ՝ գործի էության վերաբերյալ դիմողի նկատառումները ներկայացնելու համար սահմանված ժամկետում, «հակառակ դեպքում Պալատը կարող է մասամբ կամ ամբողջությամբ մերժել պահանջը»: Սույն գործով Դատարանը նշում է, որ դիմողը չի ներկայացրել իր ներկայացուցիչների հետ կնքված պայմանագիր կամ վերջիններիս կողմից Դատարանում կատարված իրավաբանական աշխատանքների հաստատված ժամանակացույց: Բացի դրանից, նա չի ներկայացրել որևէ հաշիվ կամ ստացական կատարված այլ ծախսերի վերաբերյալ: Նկատի ունենալով վերոհիշյալ դրույթի պահանջները դիմողի կողմից չբավարարելու հանգամանքը՝ Դատարանը վճռեց չբավարարել ծախսերի ու ծախքերի փոխհատուցման պահանջը:
C. Տուգանային տոկոսը
58. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
1. ընդունելի է ճանաչում գանգատը,
2. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3 (a), (b) և (d) կետերի խախտում՝ դիմողի նկատմամբ կիրառված դատավարական ընթացակարգերի անբավարար արդարացիություն, ինչպես նաև նրա պաշտպանության իրավունքների նկատմամբ անբավարար հարգանքի հետևանքով,
3. վճռում է.
(a) որ պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմողին պետք է վճարի 2 000 (երկու հազար) եվրոյին համարժեք բուլղարական լեվ՝ վճարման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքով՝ գումարած դրա հետ կապված բոլոր հարկային պարտավորությունների գումարը.
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս,
4. մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի մնացյալ պահանջները:
Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել է 2006թ. դեկտեմբերի 21-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
