ՍԱՄՅՈՒՏ ԿԱՐԱԲՈՒԼՈՒՏՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2009թ. հունվարի 27-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմողը ծնվել է 1964 թվականին և ապրում է Ստամբուլում: Նա Թուրքիայում Մարդու իրավունքների ասոցիացիայի անդամ է:
5. 2002 թվականի ապրիլի 8-ին երեկոյան ժամը 9:15-ին և 9:30-ին կազմված՝ ոստիկանության պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ անվտանգության ուժերը տեղեկություն են ստացել այն մասին, որ Մարդու իրավունքների ասոցիացիան Պաղեստինի դեմ Իսրայելի գործողությունների կապակցությամբ այդ օրը Տունելի հրապարակում չթույլատրված ցույց և մամուլի համար հրապարակումներ է իրականացնելու: Ոստիկանությունն այդ տարածքում, սկսած երեկոյան ժամը 7:00-ից, ձեռնարկել է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ: Երեկոյան ժամը 8:00-ին մոտ 30-35 անձ՝ ձեռքերում պահած մոմեր, լուսանկարներ և պաստառներ, որոնց վրա inter alia նշված էին. «Ամբողջ աշխարհը Պաղեստին է, մենք բոլորս պաղեստինցի ենք», «Շրջափակման դադարեցում, ազատություն Պաղեստինին», «Արիել Շարոնին պատերազմական հանցագործ ճանաչել», հավաքվել են հրապարակում: Նրանք նստել են փողոցում: Ոստիկանության ղեկավարը ցուցարարներին բազմիցս զգուշացրել է, որ ցրվեն, և ցուցարարների հեռանալու համար ոստիկանությունն անցում է բացել: Խումբն սկսել է ցրվել, սակայն երկու անձ, այդ թվում՝ դիմողը, հակառակ նախազգուշացումներին, շարունակել են նստած մնալ և բարձրագոչել կարգախոսները: Ոստիկանությունը նրանց ձերբակալելու համար ուժ է կիրառել:
6. Դիմողը դիմումում փաստարկել է, որ 2002 թվականի ապրիլի 8-ին նա եկել էր Տունելի հրապարակ Իսրայելի կողմից Պաղեստին ներխուժելու վերաբերյալ Մարդու իրավունքների ասոցիացիայի մամլո ասուլիսին մասնակցելու համար: Սակայն ոստիկանությունը կանգնեցրել է խմբին և ասել, որ նրանց չի թույլատրի նման ցույց իրականացնել: Արդյունքում, կազմակերպիչները որոշել են ցրվել և ասել են խմբին հեռանալ: Խմբի հեռանալու ընթացքում դիմողը տեսել է, որ ոստիկանությունը փորձում է ձերբակալել տկն Մ.Ա.-ին՝ ցուցարարներից մեկին: Երբ ինքը միջամտել է և հարցրել, թե ինչու են նրանք ձերբակալում վերջինիս, ոստիկանության ղեկավարը բարկացել է: Նա և 5 կամ 6 այլ ոստիկան ծեծել են իրեն: Հետո նրանք ձերբակալել են իրեն և տկն Մ.Ա.-ին: Այս կապակցությամբ դիմողը նշել է, որ ստացել է բռունցքների հարվածներ ու աքացիներ և ծեծի է ենթարկվել մահակով, որով հարվածներ են հասցվել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին և մեջքին:
7. Դիմողը և տկն Մ.Ա.-ն բերվել են Բեյողլու ոստիկանության բաժին: Նրանք ազատ են արձակվել 1,5 ժամ հետո: Դիմողին խնդրել են հաջորդ օրը դատախազի գրասենյակում ցուցմունք տալ:
8. Այդ ժամանակ ոստիկանությունը դիմողին բժշկական զննության ենթարկելու նպատակով տարել է Տակսիմի հիվանդանոց, որտեղ նրան զննող բժիշկը դիմողի գլխի ճակատային հատվածում 2 սանտիմետրանոց ուռուցք և արյան զեղում է հայտնաբերել: Զեկույցում նա նշել է, որ դիմողը բողոքում էր գլխի ցավերից և դժվար շնչելուց:
9. 2002 թվականի ապրիլի 9-ին դիմողին լսել է պրն Յ.Ա.-ն՝ Բեյողլու հանրային դատախազի գրասենյակի դատախազը: Իր ցուցմունքներում դիմողը inter alia նշել է իր ձերբակալության ձևի վերաբերյալ և խնդրել է պատժել այն անձանց, ովքեր կատարել են այս հանցագործությունները:
10. Նույն օրը դիմողը Բեյողլու դատական բժշկության դեպարտամենտում բժշկի կողմից զննության է ենթարկվել, և վերջինս նրա գլխի ճակատային հատվածում 2 սանտիմետրանոց ուռուցք է հայտնաբերել: Ի լրումն դրա՝ բժիշկը նշել է, որ դիմողի կրծքավանդակի աջ հատվածը դյուրազգաց է:
11. 2002 թվականի հունիսի 10-ին Ստամբուլի ոստիկանության պետի տեղակալին հանձնարարվել է վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի և տկն.Մ.Ա.-ի կողմից արված հայտարարությունների կապակցությամբ կառավարչի անունից նախնական քննություն իրականացնել:
12. Անհայտ ժամկետում ոստիկանության պետի տեղակալը նախապատրաստել է իր զեկույցը և այն ներկայացրել կառավարչի գրասենյակ: Նա առաջարկել է, որ պրն Ս.Պ.-ի՝ այդ օրն իր պարտականություններն իրականացնող ոստիկանության ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը մերժվի բողոքներն անհիմն լինելու պատճառաբանությամբ:
13. 2002 թվականի հուլիսի 4-ին Ստամբուլի կառավարչի տեղակալը, ոստիկանության պետի տեղակալի զեկույցում առկա տեղեկության և վերջինիս հայտարարության հիման վրա մերժել է պրն Ս.Պ.-ի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը:
14. 2002 թվականի օգոստոսի 12-ին դիմողը կառավարչի որոշման դեմ Ռեգիոնալ վարչական դատարան առարկություն է ներկայացրել: Նա, մասնավորապես, փաստարկել է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ իր բողոքը վերաբերել է ոչ միայն ոստիկանության ղեկավարին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր կատարել են իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ նրա կարգադրությունը:
15. 2002 թվականի նոյեմբերի 26-ին Ստամբուլի ռեգիոնալ վարչական դատարանը բավարարել է ոչ բավարար քննության կապակցությամբ դիմողի առարկությունները՝ բացառապես ոստիկանության այլ աշխատակիցների վերաբերող մասով:
16. Անհայտ ժամկետում նույն ոստիկանության պետի տեղակալը նախապատրաստել է իր երկրորդ զեկույցը, որում նա կրկնել է իր նախկին դատողությունները և այն ներկայացրել կառավարչի գրասենյակ:
17. 2003 թվականի մարտի 7-ին Ստամբուլի կառավարիչը, այս երկրորդ զեկույցում առկա տեղեկության և արված հայտարարությունների հիման վրա, մերժել է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը:
18. 2003 թվականի հուլիսի 4-ին Ստամբուլի ռեգիոնալ վարչական դատարանը, տկն Մ.Ա.-ի առարկության հիման վրա գործը վերադարձրել է Բեյողլու հանրային դատախազի գրասենյակ՝ հիմք ընդունելով այն, որ բողոքաբերի մեղադրանքները 245-րդ հոդվածի իմաստով վերաբերում են վատ վերաբերմունքի մասին հայտարարություններին և որ քրեական իրավունքի ու քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների համաձայն թույլտվությունն այլևս անհրաժեշտ նախապայման չէ ոստիկանության աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
19. Տվյալ ժամանակահատվածում՝ 2003 թվականի օգոստոսի 7-ին Բեյողլու հանրային դատախազը որոշում է կայացրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ: Այս կապակցությամբ նա նշել է, որ մոտ 30-35 անձ մոմերով և պաստառներով հավաքվել են Բեյողլում գտնվող Տունելի հրապարակում իրենց բողոքն արտահայտելու Իսրայելի կողմից Պաղեստին ներխուժելու կապակցությամբ, սակայն ոստիկանության նախազգուշացումներից հետո նրանք սկսել են ցրվել: Այնուամենայնիվ դիմողները շարունակել են նստած մնալ և բարձրագոչել կարգախոսները և, արդյունքում՝ ոստիկանությունն ուժ է գործադրել և ձերբակալել նրանց: Ուստի դատախազը գտել է, որ անվտանգության ուժերի կողմից ուժի գործադրումը համապատասխանել է Միավորումների և երթերի մասին օրենքի (օրենք թիվ 2911) 24-րդ հոդվածին:
20. 2003 թվականի օգոստոսի 26-ին դիմողը Բեյողլու հանրային դատախազի գրասենյակի 2003 թվականի օգոստոսի 7-ի որոշման դեմ առարկություն է ներկայացրել, որն ուղղված էր ասսիզների դատարանին: Իր խնդրանքում դիմողը նշել էր, որ արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքները խախտվել են իր անօրինական ձերբակալմամբ և իր նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքով:
21. 2003 թվականի սեպտեմբերի 9-ին Ստամբուլի ասսիզների դատարանը մերժել է դիմողի առարկությունը: Այս որոշումը տրամադրվել է դիմողի իրավական ներկայացուցչին 2003 թվականի հոկտեմբերի 27-ին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
22. Տվյալ ժամանակահատվածում գործող համապատասխան ներպետական օրենսդրության նկարագրությունը կարելի է գտնել՝ Mehmet Նmit Erdem v. Turkey, թիվ 42234/02, կետ 19, 2008 թվականի հուլիսի 17:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ, 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
23. Դիմողը վիճարկել է, որ ոստիկանության միջամտությունը ցույցին և իր ձերբակալման ընթացքում ուժի կիրառումը խախտել են արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքները և հանգեցրել են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի: Դիմողը հիմք է ընդունել Կոնվենցիայի 3-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածները:
24. Դատարանը գտնում է, որ դիմողի բողոքները պետք է քննվեն միայն Կոնվենցիայի 3-րդ և 11-րդ հոդվածներով, որոնք, այնքանով, որքանով վերաբերելի են, սահմանում են հետևյալը.
3-րդ հոդված
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
11-րդ հոդված
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության (…) իրավունք …
2. Այu իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ uահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեuված են oրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հաuարակությունում՝ ի շահ … հաuարակության անվտանգության, [կամ] անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու … նպատակով»:
A. Ընդունելիությունը
25. Կառավարությունը խնդրել է Դատարանին անթույլատրելի լինելու պատճառով մերժել գանգատը, քանի որ այն չի համապատասխանում վեցամսյա ժամկետի կանոնին այն հիմքով, որ դիմողն իր գանգատը չի ներկայացրել վեց ամսվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ վերջնական որոշում է կայացվել, այսինքն՝ 2003 թվականի սեպտեմբերի 9-ից:
26. Դատարանը կրկնում է, որ այն դեպքում, երբ դիմողն ex officio իրավունք ունի ստանալ ներպետական վերջնական որոշման գրավոր պատճենը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի օբյեկտն ու նպատակը լավագույնս ապահովված են համարվում, եթե վեցամսյա ժամկետն սկսում է հաշվվել գրավոր դատավճռի տրամադրման պահից (տե՜ս, Mahmut Aslan v. Turkey, թիվ 74507/01, կետ 16, 2007 թվականի հոկտեմբերի 2): Սույն գործով քննարկվող վերջնական որոշումը կայացվել է 2003 թվականի սեպտեմբերի 9-ին Ստամբուլի ասսիզների դատարանի կողմից: Այս որոշումը դիմողի իրավական ներկայացուցչին է տրամադրվել 2003 թվականի հոկտեմբերի 27-ին: Քանի որ գանգատը Դատարան է ներկայացվել 2004 թվականի մարտի 29-ին, ուստի դիմողի վերոնշյալ գանգատները Դատարան են ներկայացվել վեցամսյա ժամկետի ընթացքում: Հետևաբար, այն մերժում է այս մասով Կառավարության կողմից ներկայացված առարկությունները:
27. Բացի դրանից, Դատարանը նշում է, որ գանգատը 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Այն անընդունելի ճանաչելու այլ հիմքեր չեն հայտնաբերվել: Հետևաբար, այն պետք է ճանաչվի ընդունելի:
B. Հանգամանքները
1. Կողմերի փաստարկները
28. Կառավարությունը նշել է, որ չի խախտվել դիմողի՝ հավաքների ազատության իրավունքը: Ապա այն փաստարկել է, որ եթե անգամ ընդունվի, որ տեղի է ունեցել խախտում, միևնույն է, այն նախատեսված է եղել օրենքով և անկարգությունների կանխման և հասարակական անվտանգության պաշտպանության օրինական նպատակ է հետապնդել: Այնուհետև այն վիճարկել է, որ անվտանգության ուժերի կողմից կիրառված միջոցները պետք է դիտվեն որպես այդ իրավունքների՝ ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ սահմանափակման պատասխան, որը համապատասխանում է իր օրինական նպատակներին: Այս կապակցությամբ Կառավարությունը ժխտում է վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի հայտարարությունները և վիճարկում, որ սույն գործի հանգամանքներում դիմողի նկատմամբ կիրառված ուժը համապատասխանել է հետապնդված նպատակներին:
29. Դիմողը փաստարկել է, որ խաղաղ հավաքների ազատության իր իրավունքի խախտումն անհիմն է եղել: Նա նշել է, որ ոստիկանությունն անօրինական կերպով կանխել է Մարդու իրավունքների ասոցիացիայի կողմից նախապատրաստված՝ մամուլի համար հրապարակումներ կարդալը և անհամաչափ ուժ է կիրառել իրեն և իր ընկեր ցուցարարին ձերբակալելու համար: Այս կապակցությամբ դիմողը նշել է, որ ոստիկանության կողմից ծեծի է ենթարկվել է այն պատճառով, որ մասնակցել է ցույցին և միջամտել է իր ընկեր ցուցարարի ձերբակալմանը: Նա նաև վիճարկել է, որ անգամ մակերեսային զննության արդյունքում բժշկական եզրակացության մեջ նշվել է իր գլխի վնասվածքի մասին, ինչն ինքնին վկայում է, որ ինքը խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ է հանդիսացել:
2. Դատարանի գնահատականը
30. Առաջին հերթին Դատարանը քննության է առնում այն, թե քննարկվող ցույցին ոստիկանության միջամտության արդյունքում, ի խախտումն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի, խախտվել է, արդյոք, դիմողի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքը: Այնուհետև այն Կոնվենցիայի 3-րդ հոդվածով քննության է առնելու դիմողի ձերբակալման ձևը:
a) 11-րդ հոդված
31. Դատարանը գտնում է, որ ոստիկանության միջամտությունը և դիմողի հետագա ձերբակալումն ինքնին հանդիսացել են դիմողի՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտում (տե՜ս, Saya and Others v. Turkey, թիվ 4327/02, կետ 39, 2008 թվականի հոկտեմբերի 7[1]):
32. Դատարանը կրկնում է, որ միջամտությունը հանդիսանում է 11-րդ հոդվածի խախտում, եթե այն «նախատեսված չէ օրենքով», 2-րդ մասի իմաստով մեկ և ավելի օրինական նպատակ չի հետապնդում և «անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակության համար»՝ վերջինիս նպատակների իրականացման առումով: Սույն գործի նպատակների և վերոնշյալ պատճառների (տե՜ս, կետ 34) հիման վրա Դատարանը գտնում է, որ սույն գործով միջամտությունն օրինական նպատակ է ունեցել, մասնավորապես՝ Միավորումների և երթերի մասին օրենքի (օրենք թիվ 2911) 24-րդ հոդվածը, և, այսպիսով, Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «նախատեսված է եղել օրենքով» և անկարգությունները կանխարգելելու ու հասարակական անվտանգությունն ապահովելու օրինական նպատակներ է հետապնդել:
33. Վերադառնալով այն հարցին, թե արդյոք միջամտությունը եղել է «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», Դատարանն առաջին հերթին վկայակոչում է 11-րդ հոդվածին վերաբերող վճիռներում ընդգծված հիմնարար սկզբունքները (տե՜ս, մասնավորապես, Oya Ataman v. Turkey, թիվ 74552/01, կետեր 35-37, ECHR 2006‑..., և լva Molnոr v. Hungary, թիվ 10346/05, կետեր 35-38, 2008 թվականի հոկտեմբերի 7[2]):
34. Սույն գործով Դատարանը գտնում է, որ Կառավարությունը հստակ հիմքերով չի մանրամասնել, թե ինչու է Մարդու իրավունքների ասոցիացիայի կողմից կազմակերպված ցույցն անօրինական եղել: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ կողմերի ներկայացրած պաշտոնական փաստաթղթերում վկայակոչվում է թույլտվության բացակայությունը, որը թուրքական իրավունքի իմաստով պարտադիր պահանջ չէ, և ոչ թե նախնական տեղեկացման բացակայությունը: Սակայն դիմողը չի վիճարկել ոչ այն, որ իշխանություններին թիվ 2911 օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան տրամադրվել է նախնական տեղեկացում, ոչ էլ այն, որ Պաղեստինում առկա իրավիճակը պահանջում էր այս պարտականությունը գերակշռող՝ չնախապատրաստված ցույցի իրականացում (տե՜ս, օրինակ, Bukta and Others v. Hungary, թիվ 25691/04, կետ 36, ECHR 2007‑...): Նման հանգամանքներում Դատարանը ենթադրում է, որ պաշտոնական փաստաթղթերում թույլտվության բացակայության մասին վկայակոչումները վերաբերում են նախնական տեղեկացման բացակայությանը:
35. Դատարանը գտնում է, որ տեղեկացման բացակայության պայմաններում ցույցն անօրինական կլիներ: Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ հասարակական վայրում իրականացվող ցանկացած ցույց կարող է որոշակիորեն խաթարել սովորական կյանքը և թշնամանք առաջացնել: Հետևաբար, ներպետական իշխանություններին անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման հնարավորություն ընձեռելու համար ասոցիացիաները կամ ցույցեր կազմակերպող այլք՝ որպես ցույցի գործընթացի մասնակից, պետք է հարգեն այդ գործընթացը կարգավորող կանոնները՝ գործելով գործող կարգավորումներին համապատասխան (տե՜ս վերը՝ Oya Ataman, կետեր 38 և 39, և Balջık and Others v. Turkey, թիվ 25/02, կետ 49, 2007 թվականի նոյեմբերի 29): Սակայն այն նաև նշում է, որ անօրինական իրավիճակը չի կարող արդարացնել հավաքների ազատության խախտումը և որ այս բնույթի կարգավորումները չպետք է հանդիսանան Կոնվենցիայով պաշտպանվող՝ խաղաղ հավաքների ազատության թաքնված խոչընդոտ (տե՜ս, նույն տեղում):
36. Սույն գործով Դատարանն արձանագրում է, որ քննարկվող խումբը բաղկացած է եղել մոտավորապես 30-35 անձից: Պարզ է, որ նրանք պաստառներ և մոմեր են ունեցել և ցանկացել են Տունելի հրապարակում մամուլի համար հայտարարություններ կարդալ՝ կապված հրատապ հարցի՝ Պաղեստինի դեմ Իսրայելի գործողությունների հետ: Այս առումով Կառավարությունը մանրամասն պատճառաբանություն չի ներկայացրել՝ կապված, օրինակ, ցույցի իրականացման վայրի առանձնահատկության հետ, հիմնավորելու համար, որ այս խումբը հասարակական կարգի կամ հասարակական անվտանգության համար վտանգ է ներկայացրել: Որևէ նման ապացույց Դատարանը չի գտել նաև իր սեփական նախաձեռնությամբ:
37. Բացի դրանից, Դատարանը կրկնում է, որ այն դեպքերում, երբ ցույցի ժամանակ բռնի գործողություններ չեն իրականացվում, կարևոր է, որպեսզի պաշտոնատար անձինք խաղաղ հավաքների նկատմամբ որոշակի աստիճանի հանդուրժողականություն ցուցաբերեն, եթե Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված՝ հավաքների ազատության իրավունքը չպետք է ամբողջությամբ սահմանափակվի (տե՜ս, Nurettin Aldemir and Others v. Turkey, թիվ 32124/02, 32126/02, 32129/02, 32132/02, 32133/02, 32137/02 և 32138/02, կետ 46, 2007 թվականի դեկտեմբերի 18): Սույն գործով ներկայացված միջադեպի վերաբերյալ զեկույցի համաձայն, որը կազմվել է երեկոյան ժամը 9:15-ին, ցույցն սկսվել է երեկոյան ժամը 8-ին: Ակնհայտ է, որ ցուցարարները որոշել են ցրել ցուցարարներին այն բանից հետո, երբ ոստիկանությունը մի քանի անգամ կարգադրել է նրանց ցրվել: Ինչ վերաբերում է նրան, թե ոստիկանության միջամտությունը եղել է անմիջապես, թե՝ որոշակի ժամանակ հետո, Դատարանը նշում է, որ դիմողի պնդման համաձայն միջամտությունն անմիջապես է եղել. այս փաստը Կառավարության կողմից չի վիճարկվել: Այս հանգամանքներում, հաշվի առնելով այն, որ ոստիկանությունը երեկոյան ժամը 9:15-ին արդեն վերադարձած է եղել Բեյողլու ոստիկանության բաժին, Դատարանը գտնում է, որ ցուցարարների ցրումը բավական արագ է տեղի ունեցել: Հետևաբար, այն չի գտնում, որ դիմողն իր ընկեր ցուցարարի հետ ունեցել է բավարար ժամանակ իր տեսակետներն արտահայտելու համար (տե՜ս վերը վկայակոչված՝ Oya Ataman, կետեր 41-42, Balջık and Others, կետ 51, և a contrario, Ẻva Molnոr, կետեր 42-43):
38. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով ոստիկանության միջամտությունը ցույցին եղել է անհամաչափ և, Կոնվենցիայի 11-րդ հոդվածի երկրորդ մասի իմաստով, անհրաժեշտ չի եղել անկարգությունները կանխելու և հասարակական անվտանգությունն ապահովելու համար:
39. Հետևաբար, տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:
b) 3-րդ հոդված
40. Ինչ վերաբերում է դիմողի ձերբակալման ձևին, ապա ի սկզբանե և փաստաթղթային ապացույցների, մասնավորապես՝ բժշկական եզրակացության հիման վրա Դատարանը գտնում է, որ դեպքերի վերաբերյալ դիմողի ներկայացրած տեսակետը, այն է՝ ոստիկանների կողմից իր նկատմամբ որևէ կերպ չհրահրված, չափազանց դաժան հարձակումը անհիմն է: Դիմողի կողմից նշված եղանակով դրսևորված վատ վերաբերմունքը նրա մարմնի վրա մի քանի բնորոշ հետք կթողներ, որոնք կհայտնաբերվեին նույն և հաջորդ օրերին նրան TanrikuluTanrikuluTanrikuluզննած բժիշկների կողմից (տե՜ս, Tanrıkulu Tanrikuluand Others v. Turkey (dec.), թիվ 29918/96, 29919/96 և 30169/96, 2005 թվականի փետրվարի 24): Թեև դիմողը վիճարկել է իր վերաբերյալ կայացված բժշկական եզրակացությունների արժանահավատությունը, սակայն Դատարանը գտնում է, որ քանի որ դիմողը միջադեպի օրն ազատ է արձակվել, նա իր փաստարկները հիմնավորելու համար հնարավորություն է ունեցել իր ընտրած բժշկի կողմից այլ բժշկական եզրակացություն ստանալ:
41. Սակայն, Դատարանի կարծիքով, բժշկական եզրակացության մեջ առկա դատողությունները համապատասխանում են դիմողի այն հայտարարությանը, որ նա գլխին հարված է ստացել: Այն գտնում է, որ այս վնասվածքը, հատկապես գլխի հատվածամասի վրա գտնվելու պատճառով, բավականաչափ լուրջ է և տեղավորվում է 3-րդ հոդվածի սահմաններում: Կառավարությունը չի ժխտել, որ դիմողի վնասվածքն առաջացել է պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում ուժի կիրառման արդյունքում: Նրանք, սակայն, շեշտել են միջադեպի մեղմացուցիչ հանգամանքները:
42. Դատարանը նշում է, որ 3-րդ հոդվածը չի արգելում ուժի կիրառումը որոշակի, հստակ սահմանված հանգամանքներում, ինչպիսին է ձերբակալման իրականացումը: Սակայն նման դեպքերում ուժ կարող է կիրառվել միայն անհրաժեշտության դեպքում և չպետք է սահմանազանցող լինի (տե՜ս, մասնավորապես, Kurnaz and Others v. Turkey, թիվ 36672/97, կետ 52, 2007 թվականի հուլիսի 24, և դրանում առկա հղումները): Դատարանը գտնում է, քանի որ կողմերը չեն վիճարկում, որ դիմողի գլխի վնասվածքն առաջացել է անվտանգության ուժերի կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում ուժի կիրառման արդյունքում, Կառավարությունը պարտականություն է կրում համոզիչ փաստարկներով հիմնավորել, որ կիրառված ուժը եղել է անհրաժեշտ և ոչ սահմանազանցող (տե՜ս վերը՝ Balջık and Others, կետ 31):
43. Սակայն Կառավարությունը պարզապես վիճարկել է, որ դիմողը վնասվածքն ստացել է ոստիկանության կողմից իրականացված ձերբակալմանը դիմադրելու արդյունքում և չի ներկայացրել որևէ բացատրություն կամ փաստաթուղթ, որը լույս կսփռեր դիմողի նկատմամբ ուժ կիրառելուն հանգեցրած կոնկրետ հանգամանքների և նրա նկատմամբ կիրառված ուժի բնույթի վրա: Այս կապակցությամբ Դատարանը գտնում է, որ թեև ցույցի վերաբերյալ իշխանությունները նախապես տեղեկացված չեն եղել, սակայն ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ այդ ժամանակ ցույց է տեղի ունենալու: Անվտանգության ուժերը, այսպիսով, կարող էին ավելի պատշաճ միջոցներ ձեռնարկել: Արդյունքում՝ սույն գործով չի կարելի ասել, որ անվտանգության ուժերը պետք է արձագանքեին առանց նախապես պատրաստվելու: Այնուհետև Դատարանն արձանագրում է, որ զգուշացումներից հետո խումբը որոշել է ցրվել և սեփական համաձայնությամբ սկսել է ցրվել՝ առանց ոստիկանության ուժային միջամտության: Փաստաթղթային ապացույցների հիման վրա Դատարանն արժանահավատ է գտնում Կառավարության հավաստումներն այն մասին, որ դիմողը, չնայած նախազգուշացումներին և ամբոխի ցրվելուն, շարունակել է ցույցը և արդյունքում ձերբակալվել: Սակայն գործի նյութերում չկա որևէ հանգամանք, որը թույլ կտար ենթադրել, որ ոստիկանությունը դիմողի ձերբակալության ընթացքում վերջինիս կողմից դաժան կամ ակտիվ ֆիզիկական դիմադրության է հանդիպել, ինչը կարդարացներ նրա ստացած վնասվածքը և, մասնավորապես, դրա գտնվելու տեղը: Այս հանգամանքներում, Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի ներկայացրել համոզիչ կամ արժանահավատ փաստարկներ, որոնք հիմք կհանդիսանային բացատրելու կամ արդարացնելու դիմողի՝ խաղաղ ցույցի վերջում՝ իր ձերբակալության ընթացքում ստացած գլխի վնասվածքը:
44. Վերոգրյալի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ դիմողի ձերբակալության ընթացքում նրա նկատմամբ կիրառված բռնությունը եղել է սահմանազանցող: Հետևաբար, Պետությունը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով պատասխանատու է այդ օրը նրա ստացած վնասվածքի համար: Դրանից հետևում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
45. Դիմողը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով վիճարկել է նաև, որ իր ձերբակալումը և ոստիկանությունում հետագա 1,5-ժամյա կալանավորումը եղել են անօրինական:
46. Սակայն, Դատարանին ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում Դատարանը չգտավ այս դրույթի խախտման որևէ դրսևորում (տե՜ս վերը վկայակոչված՝ Nurettin Aldemir and Others, կետ 57, և Saya and Others, կետ 50): Սրանից բխում է, որ դիմումի այս մասն ակնհայտորեն անհիմն է և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հիման վրա պետք է անընդունելի ճանաչվի:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
47. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
48. Դիմողն ընդհանուր առմամբ պահանջել է 7.500 եվրո (EUR)՝ որպես կրած նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նա խնդրել է ներպետական վարույթների ընթացքում կրած իրավական ծախսերի և ծախքերի, ինչպես նաև բժշկական ծախսերի փոխհատուցում:
49. Կառավարությունը վիճարկել է գումարի չափը:
50. Ինչ վերաբերում է դիմողի կողմից վիճարկված նյութական վնասին, ապա Դատարանը գտնում է, որ նա պատշաճ կերպով չի հիմնավորել այս պահանջը: Հետևաբար, դատարանը մերժում է այն:
51. Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, ապա Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտման արձանագրումը դիմողի համար բավարար չափով փոխհատուցում է հանդիսանում (տե՜ս վերը՝ Oya Ataman, կետ 48): Սակայն Դատարանը գտնում է, որ դիմողը ցավ և հոգեկան տառապանք է կրել, որոնք չեն կարող փոխհատուցվել միայն Դատարանի կողմից 3-րդ հոդվածի խախտման փաստի արձանագրմամբ: Հաշվի առնելով այս խախտման բնույթը և ղեկավարվելով անկողմնակալության հիմքով` այն դիմողին տրամադրում է 3.000 EUR՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում (տե՜ս վերը՝ Balջık and Others, կետ 62):
B. Ծախսերը և ծախքերը
52. Դիմողը նաև պահանջել է 13.094.79 EUR՝ որպես Դատարան դիմելու հետևանքով առաջացած ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Ի հիմնավորումն իր պահանջի՝ դիմողը վկայակոչել է Ստամբուլի փաստաբանների կոլեգիայի վարձատրությունների սանդղակը:
53. Կառավարությունը վիճարկել է գումարի չափը:
54. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմողն իրավունք ունի ստանալու ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքում, եթե հիմնավորում է, որ դրանք եղել են իրական ու անհրաժեշտ և չափի առումով ողջամիտ: Սույն գործով դիմողը չի հիմնավորել, որ վիճարկված ծախսերն իրականում կրել է: Հետևաբար, այս մասով այն փոխհատուցում չի տրամադրում:
C. Տուգանային տոկոսները
55. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Միաձայն վճռում է դիմողի՝ Կոնվենցիայի 3-րդ և 11-րդ հոդվածներով ներկայացված գանգատը ճանաչել ընդունելի, իսկ դիմումի մնացած մասը՝ անընդունելի,
2. 5 ձայնով` ընդդեմ 2-ի, վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում,
3. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
4. 5 ձայնով` ընդդեմ 2-ի, վճռում է
(a) որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի 3.000 EUR-ին (երեք հազար եվրո) համարժեք թուրքական նոր լիրա՝ վճարման օրը գործող փոխարժեքով, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ նյութական վնասի կապակցությամբ,
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանքային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին՝ հավելած երեք տոկոս,
5. Մերժում է արդարացի բավարարման հետ կապված դիմողի պահանջի մնացած մասը:
Կատարվել է անգլերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերին համաձայն գրավոր հրապարակվել է 2009 թվականի հունվարի 27-ին:
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ մասի հիման վրա սույն հատուկ կարծիքը կցվում է սույն վճռին:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՎԼԱԴԻՄԻՐՈ ԶԱԳՐԵԲԵԼՍԿԻԻ ԵՎ ԱՆԴՐԱՍ ՍԱՅՈՅԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
Կիսելով կարծիքն այն մասին, որ սույն գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, որը, մեր կարծիքով, գործով հիմնական հետաքրքրության առարկան է, մենք չենք կարող հետևել մեծամասնությանը և գտնել, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում:
Մեծամասնության կարծիքով` իր ձերբակալության վերաբերյալ դիմողի տեսակետը, «այն է՝ ոստիկանների կողմից իր նկատմամբ որևէ կերպ չհրահրված, չափազանց դաժան հարձակումը» անհիմն է (40-րդ կետ): Սակայն մեծամասնությունը հաշվի է առել դիմողի գլխի ճակատային հատվածում առկա՝ հարվածի հետքերը և գտել, որ «այս վնասվածքը, հատկապես իր գտնվելու հատվածամասի պատճառով, բավականաչափ լուրջ է և տեղավորվում է 3-րդ հոդվածի սահմաններում» (41-րդ կետ): Ինչ վերաբերում է դիմողի ստացած վնասվածքի ծագմանը, ապա մեծամասնությունն ընդունում է, որ նա շարունակել է ցույցը` չնայած ոստիկանության զգուշացումներին և ամբոխի ցրվելուն: Դիմողը ձերբակալվել և վնասվածք է ստացել այդ ենթատեքստում:
Մեծամասնությունը 3-րդ հոդվածի խախտումն արձանագրել է այն պատճառով, որ «Կառավարությունը չի ներկայացրել համոզիչ կամ արժանահավատ փաստարկներ, որոնք հիմք կհանդիսանային բացատրելու կամ արդարացնելու դիմողի` խաղաղ ցույցի վերջում՝ իր ձերբակալության ընթացքում ստացած գլխի վնասվածքը» (43-րդ կետ): Մեր կարծիքով, ցույցի խաղաղ բնույթը դիմողի ձերբակալության հանգամանքների համար որևէ նշանակություն չի ունեցել, քանի որ որոշիչ գործոն է հանդիսացել նրա սեփական դիրքորոշումը, երբ նա հրաժարվել է հեռանալ և միջամտել է ոստիկանության կողմից իր ընկեր ցուցարարի ձերբակալությանը (6-րդ կետ):
Երբ դիմողը վնասվածք է ստացել կալանքի և այդպիսով` իշխանությունների տրամադրության տակ գտնվելու ժամանակ, Դատարանն իրավացիորեն պահանջում է Կառավարությունից ներկայացնել համոզիչ փաստարկներ և բացատրություններ: Եթե Կառավարության կողմից նման բացատրություններ չեն ներկայացվում, ապա, սովորաբար, իշխանությունների պատասխանատվության կանխավարկածի նման մի բան է գործում (Anguelova v. Bulgaria, 2002 թվականի հունիսի 13-ի վճիռը, կետ 110 և Ipek v. Turkey, 2004 թվականի փետրվարի 17-ի վճիռը, կետ 165): Սակայն լիովին տարբեր հանգամանքներում, ինչպիսին սա է, որտեղ քննությունները կատարվել և դատական որոշումները կայացվել են ազգային մակարդակում և բացառել են ոստիկանության ցանկացած պատասխանատվություն (11-21-րդ կետեր), ապացուցման պարտականության տեղափոխումը մեզ անարդարացի է թվում: Փաստորեն, մեծամասնության պատճառաբանությունը հակասում է ազգային դատավորի եզրակացություններին` առանց գտնելու 3-րդ հոդվածի որևէ դատավարական խախտում և պարտավորեցնելով Կառավարությանը ներկայացնել probatio diabolica Դատարանում վարույթի ընթացքում:
