ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 60456/12
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2021 թվականի հոկտեմբերի 19-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]`դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով 2012 թվականի սեպտեմբերի 12-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) գանգատի մասին ծանուցելու վերաբերյալ որոշումը,
հաշվի առնելով Պատասխանող կառավարության, ինչպես նաև դիմումատուի կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ
1. Դիմումատուն՝ պրն Դավիթ Մանուկյանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը ծնվել է 1966 թվականին և ապրում է Երևանում: Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Ա. Ղազարյանը և տկն Մ. Բաղդասարյանը։
2. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։
3. Գործով փաստերը՝ ներկայացված կողմերի կողմից, կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
4. 1993 թվականի օգոստոսի 13-ին դիմումատուն Է.Հ.-ի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր, որով Երևանում գնել է տուն իր տնամերձ հողամասով։ Հողամասը եղել է պարսպապատված։ Ըստ դիմումատուի՝ պարսպից դուրս գտնվող հողակտորը նույնպես իրեն է պատկանել։
5. 1993 թվականի օգոստոսի 19-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ԱԳԿՊԿ) կողմից տրվել է սեփականության վկայական, որում է նշվել է, որ հողամասի մակերեսը 1000 քմ է։
6. 1998 թվականի մայիսի 22-ին ԱԳԿՊԿ-ի կողմից տրվել է նոր սեփականության վկայական, որում հողամասի մակերեսը նշվել է «0,1 հա» (համարժեք է 1000 քմ-ին)։ Սեփականության վկայականի հետ միասին դիմումատուին տրվել է ձեռագիր հատակագիծ, որում նշվել է, որ վերջինիս հողամասի մակերեսը կազմում է 857 քմ։
7. Ինչպես պարզվում է, ժամանակին դիմումատուի հարևանները՝ Ա.-ն և Ա. Հ.-ն (այսուհետ՝ հարևաններ) դիմումատուի պարսպին կից հողակտորի վրա կառուցել են ավտոտնակ՝ առանց շինարարության թույլտվության։ Ըստ Դիմումատուի՝ այդ հողակտորը ներառված է եղել իր հողամասի մեջ։
8. Երևանի քաղաքապետի (Քաղաքապետ) 2007 թվականի հունիսի 1-ի որոշմամբ հարևանների ավտոտնակը ճանաչվել է որպես պետական սեփականություն։ Որոշման մեջ նշվել է, որ ինքնակամ կառույց համարվող ավտոտնակը կառուցվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա։
9. 2007 թվականի սեպտեմբերի 7-ին ԱԳԿՊԿ-ի տեսուչն իրականացրել է ավտոտնակի և հարակից հողամասի չափագրում և եզրակացրել, որ ավտոտնակը ենթակա է պետական գրանցման: Չափագրման վերաբերյալ համապատասխան արձանագրության մեջ նաև նշվել է, որ հարևաների միջև առկա է վեճ այն հողակտորի վերաբերյալ, որի վրա գտնվում է ավտոտնակը (վիճելի հողակտոր)։
10. Քաղաքապետի 2007 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ խնդրի առարկա ավտոտնակը ճանաչվել է օրինական կառույց և որոշվել է այն ուղղակի վաճառքի եղանակով հարակից հողակտորի հետ միասին օտարել հարևաններին։
11. 2008 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուի պահանջով փորձագետի կողմից իրականացվել է շինարարատեխնիկական փորձաքննություն: Դրա արդյունքում տրված փորձագիտական եզրակացության համաձայն՝ դիմումատուի հողամասի մակերեսը 1998 թվականի մայիսի 22-ի սեփականության վկայականում ներառված հատակագծով նշված 1000 քմ-ի փոխարեն նշվել է 847,6 քմ (տե՛ս վերևում 6-րդ պարբերությունը): Բացի այդ, նշված հատակագիծը չի համապատասխանել 1993 թվականի օգոստոսի 19-ի սեփականության վկայականում նշած հատակագծին, համաձայն որի՝ դիմումատուի հողամասը ներառել է Քաղաքապետի 2007 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ հարևաններին օտարված հողակտորը։
12. 2010 թվականի հուլիսի 28-ին դիմումատուն Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև որպես երրորդ կողմ, Ֆինանսների նախարարության, ԱԳԿՊԿ-ի և հարևաների դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով, inter alia (ի թիվս այլնի), Քաղաքապետի 2007 թվականի հունիսի 1-ի և հոկտեմբերի 3-ի որոշումները (տե՛ս վերևում 8-րդ և 10-րդ պարբերությունները)։
13. Վարչական դատարանում գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվել է Է.Հ.-ն։ Վերջինս նշել է, որ իր պարսպապատված հողամասը վաճառել է դիմումատուին, և որ 1993 թվականի օգոստոսի 13-ին իրենց միջև կնքված առուվաճառքի պայմանագրում հողամասի իրական մակերեսը նշված չի եղել։
14. Վարչական դատարան ներկայացրած իրենց առարկություններում հարևանները պնդել են, որ վիճելի հողակտորը մոտավորապես քսանվեց տարի ծառայել է որպես իրենց ավտոտնակ տանող ճանապարհ։
15. 2011 թվականի օգոստոսի 19-ին Վարչական դատարանը մասնակի է բավարարել դիմումատուի հայցը: Այն գտել է, որ Քաղաքապետի 2007 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ թույլատրված հողակտորի վաճառքով խախտվել է դիմումատուի սեփականության իրավունքը։ Ինչ վերաբերում է Քաղաքապետի 2007 թվականի հունիսի 1-ի որոշմանը, ապա Վարչական դատարանը համարել է, որ դրանով միջամտություն տեղի չի ունեցել դիմումատուի իրավունքներին, քանի որ դրանով միայն ճանաչվել է պետության սեփականության իրավունքը ինքնակամ կառույցի նկատմամբ։ Ուստի այդ մասով այն մերժել է դիմումատուի հայցը:
16. Դիմումատուի պահանջով Վարչական դատարանը 2011 թվականի հոկտեմբերի 17-ին կայացրել է լրացուցիչ վճիռ՝ առ ոչինչ ճանաչելով նաև հարևանների և Երևանի քաղաքապետարանի միջև 2007 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված ուղղակի վաճառքի պայմանագիրը և դրա արդյունքում իրականացրած վիճելի հողակտորի պետական գրանցումը։
17. Քաղաքապետը, Ֆինանսների նախարարությունը և հարևանները 2011 թվականի օգոստոսի 19-ի և հոկտեմբերի 17-ի վճիռների դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել։
18. 2012 թվականի հունվարի 10-ին Վարչական վերաքննիչ դատարանը բեկանել է այդ երկու վճիռները և ամբողջությամբ մերժել դիմումատուի բողոքը։ Իր որոշմամբ Վարչական վերաքննիչ դատարանը, հիմնվելով իր տրամադրության տակ եղած ապացույցների վրա, գտել է, որ, չնայած դիմումատուի և նախկին սեփականատիրոջ սեփականության վկայականներին կցված հատակագծերում նշված մակերեսներին, Է.Հ.-ն ունեցել է սեփականության իրավունք 842 քմ պարսպապատված մակերեսի նկատմամբ։ Վերաքննիչ դատարանն ըստ այդմ գտել է, որ 1993 թվականին դիմումատուն ձեռք է բերել սեփականության իրավունք 842 քմ մակերեսով հողամասի նկատմամբ։ Ինչ վերաբերում է 1998 թվականի մայիսի 22-ին տրված սեփականության վկայականում ներառված հատակագծին, ապա այդ հատակագծում անհամապատասխանության մասով կատարվել է ուղղում, և այդուհետ այնտեղ նշված է պարսպի ներսում գտնվող հողամասի իրական մակերեսը, իսկ սեփականության վկայականում սխալմամբ նշված է եղել 1993 թվականին տրված վկայականում նշված մակերեսը։
19. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք:
20. 2012 թվականի մարտի 21-ին Վճռաբեկ դատարանը բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
1. Քաղաքացիական օրենսգիրք
21. Համաձայն 135-րդ հոդվածի 1-ին մասի՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
22. Համաձայն 178-րդ հոդվածի 1-ին մասի՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
23. Համաձայն 178-րդ հոդվածի 3-րդ մասի՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187):
24. Համաձայն 187-րդ հոդվածի 1-ին մասի՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
25. Համաձայն 188 հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության [կամ թույլտվությամբ սահմանված պայմանների] կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված [կամ վերակառուցված] շենքը, շինությունը, այլ կառույց կամ այլ անշարժ գույք:
26. Համաձայն 188-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին: Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:
2. Հողային օրենսգիրք (ուժի մեջ է եղել 1991 թվականի մարտի 15-ից մինչև 2001 թվականի հունիսի 15-ը)
27. 18-րդ հոդվածով սահմանվում էր, որ հողի սեփականության և մշտական օգտագործման իրավունքը հաստատվում է համապատասխան պետական ակտով, որը տրվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից։
3. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք (ուժի մեջ է մտել 1999 թվականին)
28. Համաձայն 42-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է գույքի սեփականատիրոջ (օգտագործողի) դիմումի հիման վրա կամ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
29. Համաձայն 47-րդ հոդվածի 1-ին մասի՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ սխալ, ոչ ճիշտ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնասի համար տրվում է փոխհատուցում: Կողմերի միջև անհամաձայնության դեպքում փոխհատուցման չափը սահմանվում է դատական կարգով:
30. Համաձայն 47-րդ բաժնի 3-րդ մասի՝ կադաստրային հանույթների (հատակագծերի) և սահմանների նկարագրության սխալների դեպքում համապատասխան անձանց պատճառված վնասի փոխհատուցում տրվում է տվյալ աշխատանքները կատարած անձի կողմից:
ԲՈՂՈՔԸ
31. Դիմումատուն բողոքել է, որ խախտվել են Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իր իրավունքները: Մասնավորապես համապատասխան մարմինների կողմից թույլ տրված ենթադրյալ սխալ գրանցման արդյունքում իր հողամասի մակերեսը նվազեցվել է, մինչդեռ իրեն պատճառված վնասի դիմաց ինքը փոխհատուցում չի ստացել:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
32. Դիմումատուն բողոքել է, որ կորցրել է իր հողամասի մի մասը՝ առանց փոխհատուցման՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, որը շարադրված է հետևյալ կերպ.
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից՝ բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքը, որոնք նա անհրաժեշտ է համարում, ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
33. Կառավարությունը պնդել է, որ բողոքն անընդունելի է մի շարք հիմքերով:
Նախ, Կառավարությունը պնդել է, որ գանգատը Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթների հետ ratione materiae (առարկայական ընդդատության առումով) անհամատեղելի է, քանի որ դիմումատուն վիճելի հողակտորի նկատմամբ երբեք էլ de facto (փաստացի) տիրապետման իրավունք չի ունեցել՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն մոտավորապես քսանվեց տարի ծառայել է որպես հարևանների ավտոտնակ տանող ճանապարհ։
Երկրորդ, Կառավարությունը պնդել է, որ գանգատը ratione materiae (ժամանակային իրավազորության առումով) անհամատեղելի է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունը Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 26-ին, մինչդեռ ենթադրյալ միջամտությունը տեղի է ունեցել 1998 թվականի մայիսի 22-ին՝ այն օրը, երբ ԱԳԿՊԿ-ն տվել է սեփականության նոր վկայականը (տե՛ս վերևում 29-րդ պարբերությունը):
Երրորդ, դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ վերջինս Քաղաքապետի 2007 թվականի հունիսի 1-ի որոշումը չի վիճարկել Վարչական վերաքննիչ դատարանում: Բացի այդ, դիմումատուն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի համաձայն կարող էր դիմել սխալն ուղղելու կամ փոխհատուցում ստանալու համար (տե՛ս վերևում 29-րդ և 30-րդ պարբերությունները)։ Նա կարող էր իր սեփականության մեջ գտնվող ենթադրյալ ինքնակամ կառույցը քանդելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել՝ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի (տե՛ս վերևում 26-րդ պարբերությունը):
34. Դիմումատուն նշել է, որ իրեն տրամադրվել է վավեր սեփականության վկայական, որում նշվել է, որ իր հողամասի մակերեսը կազմում է 0,1 հա (1000 քմ): Նա պնդել է, որ իր գույքային իրավունքների նկատմամբ միջամտություն տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ Քաղաքապետն օրինական է ճանաչել ինքնակամ կառույցը և այն հարակից հողակտորի հետ միասին օտարել հարևաններին (տե՛ս վերևում 10-րդ պարբերությունը): 1998 թվականին տրված սեփականության վկայականին կցված հատակագիծը կազմված է եղել ոչ պաշտոնական ձևով։
Դիմումատուն այնուհետև նշել է, որ Քաղաքապետի 2007 թվականի հունիսի 1-ի որոշումն անմիջականորեն չի վերաբերել իր իրավունքներին և պարտականություններին: Նա պնդել է նաև, որ ԱԳԿՊԿ-ի կողմից թույլ տրված սխալն ուղղելու կամ փոխհատուցում ստանալու դիմումն իր բողոքների մասով արդյունավետ միջոց չէր կարող համարվել։ Դիմումատուն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավաբանական գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ մեկնաբանություն չի արել:
35. Դատարանն անհրաժեշտ չի համարում քննել Կառավարության կողմից անընդունելիության վերաբերյալ առաջ քաշած բոլոր հիմքերը, քանի որ գանգատն ամեն դեպքում անընդունելի է հետևյալ պատճառներով.
36. Դատարանը վերահաստատում է, որ դիմումատուն կարող է պնդել, որ տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում միայն այնքանով, որքանով վիճարկվող որոշումները վերաբերում են իր «գույքին»՝ այդ դրույթի իմաստով: «Գույքը» կարող է լինել կամ «գոյություն ունեցող գույք» կամ ակտիվներ, այդ թվում՝ պահանջներ, որոնց առնչությամբ դիմումատուն կարող է պնդել, որ ունի գույքային իրավունքներից արդյունավետ օգտվելու առնվազն «իրավաչափ ակնկալիք» (տե՛ս Ջի.Էյ Փայ (Օքսֆորդ) ՍՊԸ-ն և Ջի.Էյ Փայ (Օքսֆորդ) Լենդ ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [J.A. Pye (Oxford) Ltd and J.A. Pye (Oxford) Land Ltd v. the United Kingdom [GC]], թիվ 44302/02, § 61, ՄԻԵԴ 2007‑III և Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի [ՄՊ] [Kopecký v. Slovakia [GC]], թիվ 44912/98, § 35, ՄԻԵԴ 2004‑IX)։ Անձը, որը բողոք է ներկայացնում իր գույքային իրավունքները խախտված լինելու մասին, նախ և առաջ պետք է ցույց տա, որ այդպիսի իրավունք ունեցել է (տե՛ս Պիշտորովան ընդդեմ Չեխիայի Հանրապետության [Pištorová v. the Czech Republic], թիվ 73578/01, § 38, 2004 թվականի հոկտեմբերի 26, Դե Ֆուր Վալդերոդն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (որոշում) [Des Fours Walderode v. the Czech Republic (dec.)], թիվ 40057/98, ՄԻԵԴ 2004-V և Ժիգալևն ընդդեմ Ռուսաստանի [Zhigalev v. Russia], թիվ 54891/00, § 131, 2006 թվականի հուլիսի 6):
37. Սույն գործով չի վիճարկվում այն հանգամանքը, որ դիմումատուն 1993 թվականին ձեռք բերված պարսպապատված հողամասի նկատմամբ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով ունեցել է «տիրապետման իրավունք»: Այնուամենայնիվ, դեռ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք դիմումատուն «սեփականության իրավունք» ունեցել է նաև պարսպից դուրս գտնվող այն վիճելի հողակտորի նկատմամբ, որի վրա նրա հարևաններն ավտոտնակ են կառուցել (տե՛ս վերևում 7-9-րդ պարբերությունները):
38. Դատարանը նախ և առաջ նշում է, որ 1998 թվականի մայիսի 22-ին տրված սեփականության վկայականում և դրան կցված հատակագծում դիմումատուի հողամասի մակերեսը տարբեր է նշված եղել: Միևնույն ժամանակ, Վարչական վերաքննիչ դատարանը 2012 թվականի հունվարի 10-ի իր որոշման մեջ նշել է մեկ այլ մակերես։ Մասնավորապես 1998 թվականի մայիսի 22-ին տրված սեփականության վկայականում նշված է եղել, որ դիմումատուի հողամասի մակերեսը կազմում է 0,1 հա (1000 քմ), դրան կցված հատակագծում նշված է 857 քմ, իսկ Վարչական վերաքննիչ դատարանը գտել է, որ պարսպապատված հողատարածքի մակերեսը 842 քմ է (տե՛ս վերևում 6-րդ և 18-րդ պարբերությունները): Այս կապակցությամբ Դատարանը կրկին նշում է, որ իր խնդիրը չէ ներպետական դատարանների գնահատականը փոխարինել փաստերի սեփական գնահատականով, և որ ներպետական դատարանների՝ փաստերի վերաբերյալ արած եզրահանգումներից շեղվելու համար անհրաժեշտ են ծանրակշիռ փաստարկներ (տե՛ս Ռադոմիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia ][GC]], թիվ 37685/10 և 22768/12, § 150, 2018 թվականի մարտի 20): Սույն գործի հանգամանքներում Դատարանը Վարչական վերաքննիչ դատարանի կողմից հաստատված և մեկնաբանված փաստերը կասկածի տակ դնելու որևէ պատճառ չունի:
39. Դիմումատուն չի վիճարկում այն փաստը, որ ինքը տեղյակ է եղել, որ 1998 թվականի մայիսի 22-ի սեփականության վկայականի և դրան կցված հատակագծի միջև հողամասի մակերեսների հետ կապված եղել է անհամապատասխանություն (տե՛ս վերում 34-րդ պարբերությունը): Այսպիսով, նրա գույքի մակերեսի վերաբերյալ արդեն որոշակի կասկած եղել է մինչև 2002 թվականի ապրիլի 26-ին Կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունը Հայաստանի համար ուժի մեջ մտնելը։ Դատարանը նշում է, որ դիմումատուն, այնուամենայնիվ, հարցը պարզաբանելու համար չի ձեռնարկել որևէ գործողություն և նախաձեռնություն չի ցուցաբերել՝ անհամապատասխանությունը շտկելու համար:
40. Դատարանն այնուհետև նշում է, որ Վարչական վերաքննիչ դատարանի կողմից հաստատվել է, որ 1993 թվականին դիմումատուն ձեռք է բերել սեփականություն իրավունք 842 քմ մակերեսով պարսպապատված հողամասի նկատմամբ։ Այդ համատեքստում Վարչական վերաքննիչ դատարանը գտել է, որ 1998 թվականի մայիսի 22-ի սեփականության վկայականին կցված հատակագծում անհամապատասխանությունը շտկվել է, և դրանում այսուհետև նշված է պարսպի ներսում գտնվող հողամասի ճիշտ մակերեսը: Այնուամենայնիվ, սեփականության վկայականում սխալմամբ նշվել է 1993 թվականի վկայականում նշված չափը (տե՛ս վերևում 18-րդ պարբերությունը): Ամփոփելով՝ կարելի է նշել, որ Վարչական վերաքննիչ դատարանը գտել է, որ դիմումատուն երբեք ձեռք չի բերել իր պարսպից դուրս գտնվող վիճելի հողակտորը:
41. Բացի այդ, Դատարանը նշում է, որ իր հայեցողության տակ եղած նյութերում առկա չէ որևէ փաստ, որից հնարավոր է ենթադրել, որ վիճելի հողակտորը երբևէ եղել է դիմումատուի ֆիզիկական տիրապետության տակ: Ինչպես նաև չի երևում, որ նա երբևէ զբաղեցրել կամ այլ կերպ օգտագործել է տվյալ հողակտորը: Մասնավորապես դիմումատուի տունը և հարակից հողամասը եղել են պարսպապատված (տե՛ս վերևում 4-րդ և 13-րդ պարբերությունները), մինչդեռ վիճելի հողակտորը, որը գտնվել է պարսպից դուրս, (ինչպես նշել է Կառավարությունը, և ինչը դիմումատուի կողմից հատուկ չի վիճարկվել) մոտ քսանվեց տարի ծառայել է որպես հարևանների ավտոտնակ տանող ճանապարհ (տե՛ս վերևում 33-րդ և 34-րդ պարբերությունները): Այս հանգամանքներում Դատարանը գտնում է, որ դիմումատուն չէր կարող ունենալ վիճելի հողակտորը ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք բերելու «իրավաչափ ակնկալիք»։
42. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը համարում է, որ դիմումատուն չի ունեցել ո՛չ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության իմաստով «գույք», ո՛չ էլ գույքային իրավունքից արդյունավետ օգտվելու իրավաչափ ակնկալիք: Հետևաբար Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը չի տարածվում սույն գործով փաստերի վրա։
43. Հետևաբար 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով գանգատը Կոնվենցիայի դրույթների հետ ratione materiae անհամատեղելի է և պետք է մերժվի 35-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի նոյեմբերի 18-ին։
Իլզե Ֆրայվիրտ Յոլիեն Շուկինգ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ Նախագահ
