ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2018 թվականի N 792-Ն
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ նաև՝ պայմանագիր, N 1 ձև) կնքելու հետ կապված հարաբերությունները:
2. Պայմանագիրը կնքվում, փոփոխվում և լուծվում է էլեկտրոնային եղանակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով (այսուհետ նաև՝ էլեկտրոնային եղանակ)։
3. Պայմանագիր կնքելու վերաբերյալ հայտարարությունը, պայմանագիրը կնքած քաղաքացիական ծառայողի, դիմում ներկայացրած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում հրապարակում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (պատասխանատու անձը): Սույն կետում նշված տեղեկատվությունը ինքնաշխատ հրապարակվում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում:
4. Քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվում է`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում.
2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.
3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
4) պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություներին մասնակցելու դեպքում.
5) քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.
6) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու դեպքում.
7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում.
8) օրենքով սահմանված դեպքում:
5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել այն քաղաքացու (այդ թվում՝ կադրերի ռեզերվում գրանցված) հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, որը բավարարում է օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 17-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները։
6․ Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է՝
1) տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին առաջարկել կնքել պայմանագիր կամ
2) ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով այլ անձի հետ զբաղեցնելու վերաբերյալ հրապարակել հայտարարություն։
7.Այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ընտրությունը կատարվում է երկու եղանակով՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությամբ կամ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությամբ և հարցազրույցով: Սույն կետում նշված ընտրություն կատարելու եղանակը որոշում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
8. Հայտարարությունը պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) համապատասխան մարմնի անվանումը.
2) քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը, տվյալ պաշտոնի անձնագրի էլեկտրոնային հղումը.
3) պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակը։ Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց նախատեսված լինելու դեպքում նշվում են նաև հարցազրույցի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
4) քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը.
5) դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության հրապարակմանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը (աշխատանքային օրերը հաշվարկվում են քսանչորսժամյա ռեժիմով).
6) փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգը.
7) հիմնական աշխատավարձի չափը.
8) համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանման (պատասխանատու անձի) հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
9) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
9. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Քաղաքացին էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները:
10․ Սույն կարգի 8-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ամբողջական չլինելու և (կամ) դրանցում ձևական սխալների առկայության դեպքերում համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) այդ մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է քաղաքացուն՝ նրան հնարավորություն տալով երկու աշխատանքային օրվա ընթացքում համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա ձևական սխալները:
11. Սույն կարգի 8-րդ կետի 5-րդ ենթակետով կամ 10-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո ընտրություն կատարելու՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակի դեպքում պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում կատարում է ընտրություն և համապատասխան անձին առաջարկում է կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
12․ Սույն կարգի 8-րդ կետի 5-րդ ենթակետով կամ 10-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո ընտրություն կատարելու՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության և հարցազրույցի եղանակի դեպքում դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած քաղաքացիները երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցվում են հարցազրույցի հրավիրվելու մասին։ Հարցազրույցն անցկացնում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կամ տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման մակարդակը ստուգելու կարողություններ ունեցող պաշտոնատար անձը (անձինք):
13. Հարցազրույցն անցկացվում է սույն կարգի 12-րդ կետով նախատեսված ծանուցման օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը:
14. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունից կամ հարցազրույցից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարցազրույցի փուլը հաղթահարած անձին էլեկտրոնային եղանակով առաջարկում է կնքել պայմանագիր՝ առաջարկությանը կցելով նաև N 1 ձևով հաստատված և պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ստորագրված պայմանագիրը: Պայմանագրում նշվում է նաև քաղաքացու կողմից պարտականությունների կատարմանն անցնելու օրը, որը չի կարող պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան յոթ աշխատանքային օր հետո լինել:
(14-րդ կետով նախատեսված էլեկտրոնային եղանակով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ կարգավորումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում, փոփոխվում կամ լուծվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով` 12.06.25 N 755-Ն որոշման 3-րդ կետի համաձայն)
15․ Եթե քաղաքացին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով չի տալիս պայմանագիր կնքելու համաձայնություն, ապա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում առաջարկությամբ կարող է դիմել դիմում ներկայացրած այլ անձանց։
16. Եթե քաղաքացին պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տալիս է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համաձայնությունը և ստորագրում է պայմանագիրը, ապա ժամկետային աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված քաղաքացու կողմից ստորագրելու պահից:
17. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած անձը չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները կամ դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ընտրվում կամ առաջարկություն ստացած քաղաքացին չի տալիս ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համաձայնություն, ապա սույն կարգի 8-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը կամ ընտրություն կատարելու համար նախատեսված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը այդ մասին տեղեկատվությունը համապատասխան ստորաբաժանումը (պատասխանատու անձը) հրապարակում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում, որը ինքնաշխատ հրապարակվում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում և միաժամանակ հրապարակում է նոր հայտարարություն:
18․ Եթե երեք անգամ անընդմեջ հրապարակված հայտարարություններից հետո ժամանակավոր թափուր պաշտոնը չի համալրվում (ժամկետային աշխատանքային պայմանագիր չի կնքվում), ապա համապատասխան մարմինը հրապարակում է նոր հայտարարություն վերջին հայտարարության հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:
19. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերով սահմանված ժամկետներում ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով չհա մալրվելու դեպքում հայտարարությունները հրապարակվում են նույն պարբերականությամբ:
20. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվում է՝
1) ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացման դեպքում, այդ թվում՝ վաղաժամկետ.
2) օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ և 2-րդ մասի 6-րդ, 15-րդ ու 16-րդ կետերի.
3) սույն կարգի խախտմամբ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.
4) եթե ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցված պաշտոնի համար անցկացված մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցը նշանակվում է այդ պաշտոնին.
5) պետական ծառայության առանձին տեսակները կարգավորող օրենքներով նախատեսված պաշտոնից ազատման կամ ծառայությունը դադարեցնելու հիմքերի առկայության դեպքում:
21. Ժամկետային աշխատանքային պայմանագրում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում փոփոխություններ կարող են կատարվել կողմերի միջև գրավոր համաձայնագիր կնքելու միջոցով, որը կազմում է պայմանագրի անբաժանելի մասը։
22. Վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողի առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողի հետ քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատման օրը կնքվում է քաղաքացիական ծառայության նոր պաշտոնը զբաղեցնելու համար պայմանագիր՝ առանց սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հայտարարություն հրապարակելու:
23. Անձը համարվում է պատշաճ ծանուցված, եթե ծանուցումը ստացել է սույն կարգով սահմանված էլեկտրոնային եղանակով:
Ձև N 1
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N -----
«-----» -------------- 20 թ.
-------------------------------------------, մի կողմից, ի դեմս ----------------------------------------------------- | |
(համապատասխան մարմնի անվանումը) |
(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը) |
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, հայրանունը)
(ծնված՝ -----թ.------ ------- -ին, հաշվառման հասցեն՝ -------------------
Անձը հաստատող փաստաթուղթ N տրված -ի կողմից՝ 20 թ. -ին, հանրային ծառայության համարանիշ , մյուս կողմից (այսուհետ` պաշտոնակատար) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Համապատասխան մարմինը հանձնարարում է, իսկ պաշտոնակատարն ապահովում է
----------------------------------------------------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------------------------- -ում
(համապատասխան մարմնի անվանումը)
---------------------------------------------------------------------------------------------------------------------
(քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)
պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:
II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Կողմերն ունեն «Հանրային ծառայության մասին» ու «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներ ու պարտականություններ:
III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Համապատասխան մարմինը պաշտոնակատարին յուրաքանչյուր ամիս վճարում է հիմնական աշխատավարձ՝--------------------------------------------------------- դրամի չափով (ներառյալ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները):
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են պատասխանատվություն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
5. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:
6. Սույն պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշման համաձայն:
7. Պաշտոնակատարն անցնում է սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը՝ 20 թվականի -ից:
8. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
9. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:
Համապատասխան մարմին
|
Պաշտոնակատար
|
-------------------------------- (ստորագրությունը) |
-------------------------------- (ստորագրությունը) |
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 27.09.18 N 1135-Ն, լրաց. 15.02.19 N 96-Ն, փոփ., լրաց., խմբ. 27.06.19 N 806-Ն, 10.09.20 N 1487-Ն, խմբ. 12.06.25 N 755-Ն)
