ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի 26.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26.2. | Հատուկ նշանակության և հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական և մշակութային հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները |
1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության, այդ թվում` սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, 17-րդ հոդվածի 18-րդ մասով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 2-րդ մասով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը` «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջների ապահովմամբ:
2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական և մշակութային հողերում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինարարության թույլտվությունների, շինարարության ավարտական և շահագործման ակտերի տրամադրման հարաբերությունները կարգավորվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-238-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2025 թվական:
