ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«19» դեկտեմբերի 2024 թ. |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴՐԱՆՑ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ (FOREIGN AVIATION SPECIALISTS LICENSE VALIDATION) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի թիվ 1 հավելվածի դրույթները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել օտարերկրյա պետությունների կողմից ավիացիոն մասնագետներին տրված վկայականների հիման վրա դրանց ճանաչման վավերագրի տրամադրման պայմանները և կարգը (Foreign Aviation Specialists License Validation)՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2021 թվականի հուլիսի 21-ի «Օտարերկրյա պետությունների կողմից ավիացիոն մասնագետներին տրված վկայականների հիման վրա դրանց ճանաչման վավերագրի տրամադրման պայմանները և կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2015 թվականի հունիսի 4-ի N 128-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պահանջի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Նախարար`
12/19/2024 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
Հավելված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի «19»-ի N 18-Ն հրամանի |
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴՐԱՆՑ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (FOREIGN AVIATION SPECIALISTS LICENSE VALIDATION)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի անդամ-պետությունների կողմից ավիացիոն մասնագետներին տրված վկայականների (այսուհետ՝ Վկայական) հիման վրա դրանց ճանաչման վավերագրի (այսուհետ՝ Վավերագիր) տրամադրման պայմանների և կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով ավիացիոն մասնագետ են համարվում`
1) թռիչքային անձնակազմի անդամները (օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, ազատ օդապարիկ), բորտուղեկցորդ, վերգետնյա թռիչքային կարգավար),
2) օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետները (այսուհետ՝ ՕՏՍ մասնագետ),
3) օդային երթևեկության կառավարման կարգավարները (այսուհետ՝ ՕԵԿ կարգավար)։
3. Վկայականները Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և կիրառվում են, եթե՝
1) Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված օդանավի անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել օտարերկրյա պետության վկայական ունեցող թռիչքային անձնակազմի անդամների,
2) Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված օդանավի թռիչքային անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել օտարերկրյա պետության վկայական ունեցող թռիչքային անձնակազմի անդամների՝ մեկանգամյա թռիչք իրականացնելու համար,
3) Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված օդանավերի վրա տեխնիկական սպասարկում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ներառել օտարերկրյա պետության վկայական ունեցող օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետներին։
4. Կոմիտեի կողմից ճանաչվում են հետևյալ վկայականները՝
1) թռիչքային անձնակազմի (օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, ազատ օդապարիկ), բորտուղեկցորդ, վերգետնյա թռիչքային կարգավար),
2) ՕՏՍ մասնագետի։
5. Վավերագրերի վերաբերյալ Կոմիտեում ըստ ավիացիոն մասնագետների մասնագիտությունների՝ վարվում է համապատասխան գրանցամատյան, որտեղ նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) Ավիացիոն մասնագետի անուն, ազգանունը,
2) վկայականի համարը,
3) վավերագրի տրման ամսաթիվը,
4) վավերագրի գործողության ժամկետը,
5) վավերագրի հերթական համարը,
6) այլ նշումներ:
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված գրանցամատյանի ձևը սահմանվում է Կոմիտեի նախագահի հրամանով:
7. Վավերագիրը տրվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով, սակայն ոչ ավել, քան Վկայականի գործողության ժամկետը:
8. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մեկանգամյա թռիչքի իրականացման համար Վավերագիրը տրվում է առավելագույնը 28 օր վավերականության ժամկետով, և թռիչքի ընթացքում օդանավում պետք է ներկա գտնվի օդանավ շահագործողի կողմից թռիչքային անձնակազմի լիազորված անդամ։
9. Թռիչքային անձնակազմի անդամների դեպքում Վավերագիրը տրվում է առավելագույնը մեկ անգամ, եթե Կոմիտեն այլ որոշում չի կայացնում։
10. Վկայականների ճանաչման արդյունքում տրվող Վավերագրում նշվում են՝ թռիչքային անձնակազմի անդամների համար օդանավի տիպի կամ դասի այն որակավորման նիշը, ՕՏՍ մասնագետների համար՝ այն օդանավերի տիպերի որակավորման նիշերը, որոնք ճանաչվել են:
11. Վավերագիրը ստանալուց հետո, Ավիացիոն մասնագետի Վկայականում որակավորման բոլոր նիշերի գործունեության ժամկետների իսկության համար պատասխանատու է Ավիացիոն մասնագետը և գործատու հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունը կամ օդանավի սեփականատերը (այսուհետ՝ Գործատու):
12. Վավերագրի գործողության ժամկետը լրանալուց հետո Գործատուն կարող է դիմել Կոմիտեին սույն կարգով սահմանված ընթացակարգի համաձայն նոր վավերագիր ստանալու համար՝ հետագայում հայկական վկայական ստանալու պայմանով։
2. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Վկայականը ճանաչվում է, եթե այն տրված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի N 3-Ն և 2022 թվականի հունիսի 1-ի N 10-Ն հրամանների պահանջների հիման վրա՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) N 1 հավելվածով հաստատված ավիացիոն մասնագետներին վկայական տալու մասին կարգի նվազագույն պահանջներին համապատասխան։
14. Վկայականների ճանաչման համար Գործատուն Կոմիտե է ներկայացնում հայտ (այսուհետ՝ Հայտ) և հայտով նշված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները, ըստ հետևյալ ավիացիոն մասնագիտությունների, ընդ որում՝ յուրաքանչյուր վկայականի համար լրացվում և ներկայացվում է առանձին հայտ.
1) թռիչքային անձնակազմի անդամների համար՝ համաձայն սույն կարգի Ձև 1-ի հայտ,
2) օդանավերի տեխսպասարկման մասնագետի համար՝ սույն կարգի Ձև 2-ի հայտ,
15. Հայտը լրացվում և ստորագրվում է Ավիացիոն մասնագետի կողմից:
16. Հայտը և կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից, որի ժամանակ ստուգվում են փաստաթղթերի համապատասխանությունը, փաստաթղթերի կազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված պահանջներին` համոզվելով, որ.
1) փաստաթղթերը կազմված են հայերեն կամ անգլերեն լեզվով,
2) Հայտը գրված է ընթեռնելի, հայտում Ավիացիոն մասնագետի անուն, ազգանունը, բնակության վայրի, իրավաբանական անձանց անվանումները՝ առանց հապավումների,
3) փաստաթղթերում չկան ջնջումներ, հետգրություններ, գծանշված բառեր կամ այլ չճշտված ուղղումներ,
4) փաստաթղթերը չունեն լուրջ վնաս, որի դեպքում հնարավոր չէ բովանդակությունը միանշանակ մեկնաբանել:
17. Եթե Հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերը թերի են, ապա Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Գործատուին՝ առաջարկելով 7 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: Սույն կետով թերությունների վերացման համար նշված ժամկետում դրանք չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է՝ այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով Գործատուին:
18. Այն դեպքում, երբ Հայտը համապատասխանում է սույն կարգի 14-15-րդ կետերով սահմանված պահանջներին, Կոմիտեն Կոնվենցիայի N 1 հավելվածի 1-ին գլխի 1.2.2-րդ կետի 1.2.2.2-րդ ենթակետի պահանջների և ԻԿԱՕ թիվ 9379 փաստաթղթի 2-րդ գլխի 2.3.3 կետի համաձայն՝ էլեկտրոնային փոստի միջոցով հարցում է կատարում Վկայականը շնորհած պետության լիազոր մարմնին՝ Վկայականի իսկությունը հավաստելու համար:
19. Եթե սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հարցման արդյունքում պարզվում է, որ Հայտով ներկայացված են եղել ոչ հավաստի տվյալներ, ինչպես նաև հարցման պատասխանը 15 աշխատանքային օրվա ընթացքում չի ներկայացվում, ապա Հայտը մերժվում է՝ այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնելով Գործատուին:
20. Սույն կարգի 18-րդ կետում նշված հարցման դրական պատասխանը ստանալուց հետո Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում Գործատուին տեղեկացնում է Ավիացիոն մասնագետի փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ և ներկայացնում Վավերագրի տրամադրման համար հետագա գործընթացները և դրանց ժամկետները, ինչպես նաև տեսական գիտելիքների թեստավորման անցկացման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը նախապես վճարելու և անդորրագիրը Կոմիտե ներկայացնելու վերաբերյալ:
21. Վավերագրի տրամադրման համար ավիացիոն մասնագետի մասնագիտական համապատասխանության գործընթացը ներառում է.
1) ՕՏՍ մասնագետների համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառը կարգավորող օդանավի տեխնիկական սպասարկմանն առնչվող իրավական ակտերի իմացությունը (Մոդուլ 10) հավաստող փաստաթղթի համապատասխանության ստուգումը, որն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունիսի 1-ի N 10-Ն հրամանի N 3 հավելվածի պահանջների․
2) թռիչքային անձնակազմի անդամների համար՝
ա. իրականացվում է տեսական գիտելիքների թեստավորում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի N 3-Ն հրամանով հաստատված պահանջների՝ սույն կարգի 20-րդ կետով նշված՝ պետական տուրքի անդորրագիրը Կոմիտե ներկայացնելուց հետո.
բ. Ավիացիոն մասնագետի կողմից Կոմիտեի լիազորած քննողին հայտում նշված համապատասխան վկայականի և որակավորման նիշի պրակտիկ հմտությունների ցուցադրում (skill test)՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի N 3-Ն հրամանով հաստատված պահանջների համապատասխան:
22. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված թեստավորման կամ փաստաթղթի ստուգման դրական արդյունքների դեպքում Ավիացիոն մասնագետին տրամադրվում է Վավերագիր՝ համաձայն Ձև 3-ի:
3. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
23. Կոմիտեն, համաձայն Կոնվենցիայի N 1 հավելվածի 1.2.2.3.1 կետի, ավտոմատ կերպով փոխադարձաբար ճանաչում է Պայմանավորվող պետությունների կողմից տրված Վկայականները, եթե այդ պետությունները միաժամանակ.
1) ընդունել են Վկայականների տրամադրման ընդհանուր կանոններ, որոնք համահունչ են Կոնվենցիայի N 1 հավելվածին,
2) կնքել են միջազգային պայմանագիր, որով ավտոմատ կերպով փոխադարձաբար ճանաչում են Վկայականների ավտոմատ կերպով փոխադարձաբար ճանաչման սույն կարգը,
3) ներդրվել է Վկայականների տրամադրման ընդհանուր կանոնների շարունակական կիրառման ապահովման վերահսկողության համակարգ,
4) գրանցել են սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (այսուհետ՝ ԻԿԱՕ)՝ համաձայն Կոնվենցիայի 83-րդ հոդվածի:
4. ՎԱՎԵՐԱԳՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
24. Վավերագրի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Ավիացիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի հունիսի 14-ի N 06-Ն հրամանի N 1 հավելվածով քաղաքացիական ավիացիայի մասնագետների վկայականների կասեցման և դադարեցման նույն ընթացակարգով:
25. Վավերագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում Կոմիտեն այդ մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է Վավերագիր կրողին և նրա Գործատուին:
26. Կարգի 25-րդ կետում նշված ծանուցումը ստանալու կամ Գործատուի մոտ Ավիացիոն մասնագետի աշխատանքային գործունեությունը դադարելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում Գործատուն Վավերագիրը վերադարձնում է Կոմիտեին։
5. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
27. Գործատուն կարող է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով բողոքարկել Կոմիտեի կողմից հայտի քննարկման արդյունքում ընդունած որոշումները, այդ որոշումների կայացման ընթացքում Կոմիտեի գործողությունը կամ անգործությունը:
28. Կոմիտեի կողմից Վավերագրում տեխնիկական բնույթի վրիպակներ կատարելու դեպքում Գործատուն կարող է դիմել Կոմիտեին դրանց ուղղման համար, որի դեպքում համապատասխան ուղղումները կատարվում են դիմումը մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
6. ՎԱՎԵՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
29. Վավերագիրը կազմված է Ա5 (210x148մմ ISO 26 միջազգային ստանդարտ) չափի թղթից և բաղկացած է 2 էջից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ 2-րդ էջը ենթակա է լրացման:
30. Վավերագիրը լրացվում է հետևյալ կերպ.
1) 1-ին էջ` տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում է «Հայաստանի Հանրապետություն» բառերը, Վավերագիր տվող լիազորված մարմնի անվանումը, ՀՀ զինանշանի պատկերը, «ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ» բառերը.
2) 2-րդ էջը լրացվում է անգլերեն լեզվով, հետևյալ ձևաչափով.
ա. Վավերագրի համարը հետևյալ ձևաչափով՝ թռիչքային անձնակազմի անդամների համար՝ FOD 001-19, ՕՏՍ մասնագետների համար՝ AWD 001-19, որտեղ նշված տառերը ցույց են տալիս Վավերագիր տվող ստորաբաժանումը, նիշերից եռանիշը՝ հերթական համարը, երկնիշը՝ Վավերագրի տրման տարեթիվը.
բ. Վավերագիրը կրողի ազգանունը և անունը.
գ. Վավերագրվող Վկայականի տիպը.
դ. Վավերագրվող Վկայականի՝ օտարերկրյա ավիացիոն իշխանության կողմից տրված համարը.
ե. Վավերագրվող Վկայականը տվող օտարերկրյա ավիացիոն իշխանության անվանումը.
զ. Վկայականի տրման ամսաթիվը.
է. Վավերագիրը կրողի այն որակավորման նիշը, որը անհրաժեշտ է ճանաչել.
ը. Վավերագիր կրողի ստորագրությունը.
թ. Վավերագիրը կրողի Գործատուի անվանումը.
ժ. Նշում այն մասին, որ տվյալ Վավերագիրը ուժի մեջ է միայն վավերագրվող վկայականի առկայության, ինչպես նաև Թռիչքային անձնակազմի անդամների դեպքում անգլերեն հատուկ նիշի և բժշկական սերտիֆիկատի վավերականության առկայության դեպքում․
ժա. Վավերագրի գործողության ժամկետը․
ժբ. Վավերագիրը տվող պաշտոնատար անձի ստորագրությունը, ամսաթիվը և Կոմիտեի կնիքը․
ժգ. Կոմիտեի էլեկտրոնային հասցեն:
(հավելվածը խմբ. 18.07.25 N 15-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական:
