ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 1990 թ. N 491
Քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը նշում է, որ 1990 թվականին հանրապետության սպառողական շուկայում ստեղծված լարվածությունն զգալիորեն պայմանավորված է ինչպես պետական և կոոպերատիվ կազմակերպությունների, այնպես էլ անհատների կողմից հանրապետությունից պարենային և ոչ պարենային ապրանքների արտահանմամբ:
Հանրապետության բնակչության սպասարկումը բարելավելու, ինչպես նաև ԽՍՀՄ այլ հանրապետությունների հետ փոխշահավետ տնտեսական հարաբերություններ հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 10.02.92 N 96)
2. Հայաստանի Հանրապետության կապի մինիստրությանը` արգելել հանրապետությունից դուրս պարենամթերքով ծանրոցների փոստային առաքումները, բացառությամբ հանրապետությունից դուրս գտնվող զինվորական ծառայության մեջ կամ ազատազրկման վայրերում գտնվող հասցեատերերի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` շահագրգռված մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ`
ա) 10-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ ներկայացնել «Առևտրի կանոնների, ապրանքների գնման և հանրապետության սահմաններից դուրս դրանց արտահանման կամ առաքման կարգի խախտման համար պատասխանատվության մասին» օրենքի նախագիծը.
բ) 15-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ ներկայացնել հանրապետության ընդերքի հարստություններն օգտագործող կոոպերատիվների և մյուս կազմակերպությունների գործունեությունը կարգավորող առաջարկություններ:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանը, Հայաստանի Հանրապետության կապի մինիստրությանը, Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրությանը, առողջապահության մինիստրությանը, Անդրերկաթուղու Երևանի բաժանմունքին, քաղաքացիական ավիացիայի հայկական վարչությանը, ժողովրդական պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սույն որոշման կատարումն ապահովելու համար:
5. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Գ. Վարդանյանի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
