ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2025 թվականի N 1174-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) վարույթում գտնվող Liormand Holdings Limited et al. v. The Republic of Armenia թիվ SCC Arbitration V 2025/129 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով ներգրավել Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Foley Hoag LLP ընկերությանը, վերջինիս հետ 3,250,000 ԱՄՆ դոլար (չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) ընդհանուր արժողությամբ փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել և 2025 թվականի ընթացքում մատուցվող փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2025 թվականին հատկացնել 1,093,750.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը)՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով)։
(1-ին կետը փոփ. 04.09.25 N 1274-Ն)
2. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման առարկան ձեռք է բերվելու «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2025 թվականի օգոստոսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
(4-րդ կետը փոփ. 04.09.25 N 1274-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2025 թվական:
