ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2026 թվականի N 107-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախաբանով՝
«Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետը և 68-րդ հոդվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման N 3 հավելվածի՝
ա. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով՝
«ժ) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր՝ պաշտոնի ստանձնման ձևաչափին համապատասխան:»,
բ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» ենթակետերով՝
«է) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.
ը) քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է:»,
գ. 9-րդ կետի «ա» ենթակետից հանել «համապատասխան բնագավառի» բառերը.
3) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով՝
«17. Ընկերության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնավարման ընթացքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2026 թվական: