ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
8 օգոստոսի 2006 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆՁՆԱԾ ԵՎ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պետական գրանցման վկայականը հարկային մարմին ժամանակավորապես հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերերը օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովագրության նվազագույն վճարներ չեն կատարում՝ վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար:
Միաժամանակ՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի համաձայն գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է, իսկ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի և «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 36.2 կետի «դ» ենթակետի համաձայն՝ եկամտահարկի կանխավճարներ կարող են չկատարել այն անհատ ձեռնարկատերերը, որոնք ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ չեն նախատեսում (ձեռնարկատիրական գործունեություն չեն իրականացնելու)` այդ մասին նախօրոք հարկային մարմին գրավոր հայտնելուց հետո:
Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում նշված իրավական ակտերի դրույթները` պետական գրանցման վկայականը հարկային մարմին ժամանակավորապես հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերերի կողմից հաշվարկների (հաշվետվությունների, հայտարարագրերի) հարկային մարմին ներկայացման և եկամտահարկի կանխավճարների վճարման առումով:
«Իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Հաշվի առնելով վերը նշվածը պաշտոնապես պարզաբանում եմ.
ա) պետական գրանցման վկայականը հարկային մարմին ժամանակավորապես հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերերը`
- պետական գրանցման վկայականը հարկային մարմին ժամանակավորապես հանձնելու հաշվետու ժամանակաշրջանից հետո մինչև պետական գրանցման վկայականը հետ ստանալու հաշվետու ժամանակաշրջանը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվություններ (հայտարարագրեր) և հարկային հաշվարկներ (հայտարարագրեր) չեն ներկայացնում,
- պետական գրանցման վկայականը մինչև հարկային մարմին ժամանակավորապես հանձնելու օրը և հետ ստանալու օրվանից հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվություններ (հայտարարագրեր) և հարկային հաշվարկներ (հայտարարագրեր) ու տեղեկություններ ներկայացնում են ընդհանուր սահմանված կարգով ու ժամկետներում.
բ) պետական գրանցման վկայականը հարկային մարմին ժամանակավորապես հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերերը`
- պետական գրանցման վկայականը հարկային մարմին ժամանակավորապես հանձնելու եռամսյակից հետո մինչև պետական գրանցման վկայականը հետ ստանալու եռամսյակը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար եկամտահարկի կանխավճարների և նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարում,
- եթե պետական գրանցման վկայականը հարկային մարմին ժամանակավորապես հանձնել են մինչև տվյալ եռամսյակի եկամտահարկի կանխավճարների և նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների օրենքով սահմանված վճարման ժամկետը, ապա այդ եռամսյակի եկամտահարկի կանխավճարների և նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարում,
- եթե հարկային մարմին ժամանակավորապես հանձնած պետական գրանցման վկայականը հետ են ստանում տվյալ եռամսյակի եկամտահարկի կանխավճարների և նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների՝ օրենքով սահմանված վճարման ժամկետից հետո, ապա այդ եռամսյակի եկամտահարկի կանխավճարների և նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարում:
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ |
Ա. Ալավերդյան |
