ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Զ.Ն.Ս.-Ն ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
19 հունվարի 2010թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը (Երկրորդ Բաժին), որպես Պալատ հետևյալ կազմով`
Ֆրանչեսկո Թուլքենս՝ նախագահ,
Իրենու Քաբրալ Բարրետո,
Վլադիմիրո Զագրեբելսկի,
Դանութե Ջոսինի,
Անդրաս Սոջո,
Նոնա Ցոցորիա,
Իսիլ Կարակաս,դատավորներ,
և Սալլի Դոլլե, բաժանմունքի քարտուղար,
2009թ. դեկտեմբերի 15-ին դռնփակ նիստի ընթացքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը:
Դռնփակ խորհրդակցելով 2009 թվականի դեկտեմբերի 15-ին՝ կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց այդ նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործի համար առիթ է հանդիսացել ազգությամբ իրանցի պարոն Զ.Ն.Ս.-ի (,դիմող) կողմից 2008 թվականի մայիսի 8-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (,Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության գանգատը (Թիվ 21896/08): Պալատի նախագահը բավարարել է դիմողի խնդրանքը` չբացահայտելու իր անունը (Դատարանի կանոնների թիվ 47 կանոնի 3-րդ կետ):
2. Դիմողների շահերը ներկայացրել է Անկարայից պրն Ս. Էֆեն: Թուրքական կառավարությունը (,Կառավարություն) ներկայացրել է իր գործակալը:
3. 2008 թվականի մայիսի 9-ին 4-րդ բաժնի նախագահը, ելնելով կողմերի շահերից և Դատարանում պատշաճ գործի քննություն իրականացնելու նպատակով, որոշել է Թուրքիայի կառավարությանը Դատարանի կանոնների թիվ 39 կանոնի ներքո ցուցում տալ, որպեսզի դիմողը չարտաքսվի Իրան մինչև 2008 թվականի մայիսի 27-ը: 2008 թվականի մայիսի 26-ին Երկրորդ բաժնի նախագահը որոշել է մինչև հետագա ցուցումը երկարաձգել միջանկյալ միջոցը՝ Դատարանի կանոնների թիվ 39 կանոնի ներքո:
4. 2008 թվականի սեպտեմբերի 24-ին Երկրորդ բաժնի նախագահը որոշել է ներկայացնել գանգատը Կառավարությանը: Նա նաև որոշել է, որ գանգատի ընդունելիության հարցը և հանգամանքները կքննվեն միասին (29-րդ հոդվածի 3-րդ կետ), և որ գործին կտրվի նախապատվություն (41-րդ կանոն):
5. Դիմողը և Կառավարությունը ներկայացրել են գրավոր դիրքորոշումներ գանգատի ընդունելիության և հանգամանքների վերաբերյալ:
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմողը ծնվել է 1967 թվականին և ներկայումս ապրում է Քրքլարելիի Օտարերկրացիների ընդունման և բնակեցման կենտրոնում՝ Թուրքիայում:
A. Արտաքսման վարույթը և դիմողին՝ Քիրքլարելիի Օտարերկրացիների ընդունման և տեղավորման կենտրոնում տեղավորելը
7. Դիմողն առաջին անգամ Թուրքիա է մուտք գործել 2002 թվականի սեպտեմբերի 24-ին՝ օգտագործելով կեղծ անձնագիր: Նա սկսել է ապրել և աշխատել Ստամբուլում` առանց տեղյակ պահելու թուրքական իշխանություններին կամ Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակին (ՄԱԿ ՓԳՀ-ն):
8. 2003 թվականի հոկտեմբերի 22-ին դիմողը դիմել է ՄԱԿ ՓԳՀ-ին և խնդրել իրեն ճանաչել փախստական: 2004 թվականին չկոնկրետացված օրը նա կալանավորվել է թուրքական մարմինների կողմից և արտաքսվել Իրան, որտեղ, ըստ նրա բողոքների, իրեն բանտարկել են 9 ամսով և ենթարկել վատ վերաբերմունքի:
9. Իրանում ազատ արձակվելուց հետո դիմողը կրկին 2005 թվականի փետրվարի 3-ին ապօրինի մուտք է գործել Թուրքիա: Նրան ասել են, որ իր գործը ՄԱԿ ՓԳՀ-ում ավարտվել է իր բացակայությամբ:
10. 2006 թվականի հունիսին դիմողի մոտ ախտորոշվել է արգանդի միոմատոզ, և 2006 թվականի հունիսի 5-ին նա վիրահատվել է մասնավոր հիվանդանոցում: Բժշկական փաստաթղթերում հիմնականում նշված են պաթոլոգիայի արդյունքները` համաձայն որոնց չեն եղել քաղցկեղային բջիջներ:
11. Այդ ընթացքում նա սկսում է հետաքրքրվել Քրիստոնեությամբ և սկսում է մասնակցել Աստվածաշնչյան դասընթացների: Չկոնկրետացված օրը դիմողի որդին, ով հաճախում էր Ստամբուլի իրանյան հյուպատոսական դպրոց, «դպրոցի հավատքի նկատմամբ դրսևորված վարքագծի համար» հեռացվել է դպրոցից: Այդ դեպքից հետո մեկ տարի շարունակ դիմողը դիմել է Իրանական հյուպատոսարան՝ անձնագիր ստանալու համար: Այնտեղ նրանից պահանջել են լրացնել ձևաթուղթ՝ նշելով որ ինքը Քրիստոնյա է:
12. 2007 թվականին` չկոնկրետացված օրը, դիմողը դիմել է ՄԱԿ ՓԳՀ-ին և խնդրել, որպեսզի իր գործը վերանայվի:
13. 2008 թվականի մայիսի 3-ին դիմողը դիմել է Ստամբուլում Ֆաթիհի ոստիկանական բաժանմունքին՝ երրորդ անձի կողմից կատարված հանցագործության վերաբերյալ որպես վկա հայտարարություն ներկայացնելու համար: Քանի որ տեսել են, որ նա ունի տարբեր անուններով անձը հաստատող փաստաթղթեր, գործ է հարուցվել այդ հանգամանքի առիթով և դիմողը ձերբակալվել է: Չկոնկրետացված օրը նա ազատ է արձակվել:
14. 2008 թվականի մայիսի 9-ին դիմողը կրկին ձերբակալվել է վիզա ստանալու պահանջները խախտելու և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու կասկածանքով: Օտարերկրացիների, սահմանների և ապաստան տրամադրելու հարցերով պատասխանատու բաժանմունքին Ստամբուլի ոստիկանության կողմից ուղղված նամակի համաձայն, որը նաև նույն օրն ուղղվել է Ընդհանուր ոստիկանության բաժիններին` դիմողը հայտարարել է, որ չի կամեցել ապրել Իրանում, և որ ինքը ստիպված է եղել գալ Թուրքիա ՄԱԿ ՓԳՀ-ին դիմելու համար: Նույն նամակում նշվել է, որ դիմողը տեղավորվել է Ստամբուլի ոստիկանության՝ Օտարերկրացիների հարցերով բաժանմունքում՝ նրան Թուրքիայից արտաքսելու նպատակով:
15. 2008 թվականի մայիսի 13-ին Գլխավոր ոստիկանության՝ օտարերկրացիների, սահմանների և փախստականների հարցերով բաժանմունքի ղեկավարը խնդրել է Ստամբուլի ոստիկանության բաժնին դիմողից ցուցմունքներ վերցնել՝ կապված մի շարք հարցերի հետ, ներառյալ՝ թուրքական իշխանություններին չդիմելը ՄԱԿ ՓԳՀ-ին դիմելու ժամանակ: Նա պետք է նաև բացատրեր, թե ինչու է ապօրինի մնում Թուրքիայում: Ղեկավարը նաև խնդրել է պարզել, թե ինչպիսի հնարավոր ռիսկեր դիմողը կարող է ներկայացնել Թուրքիայի անվտանգությանը:
16. 2008 թվականի մայիսի 16-ին դիմողն ուղարկել է մեկ այլ նամակ Ներքին գործերի նախարարությանը: Հիմնվելով իր առողջական վիճակի վրա՝ նա խնդրել է իրեն հրատապ բուժում տրամադրել և ազատ արձակել, ինչպես նաև տրամադրել ժամանակավոր բնակության իրավունք ՄԱԿ ՓԳՀ-ում և դատարանում առկա վարույթների ընթացքում:
17. Միևնույն օրը դիմողը ոստիկանության աշխատակցի կողմից հարցաքննվել է Ստամբուլի ոստիկանության բաժանմունքում: Նա նշել է, inter alia, որ սկզբում նա մտել է Թուրքիա կեղծ անձնագրով, և որ իրեն արտաքսել են Իրան, որտեղ նա 9 ամիս գտնվել է բանտում: Նա հայտնել է, որ երբ կրկին մտել է Թուրքիա 2005 թվականի փետրվարի 3-ին, անմիջապես կրկին դիմել է ՄԱԿ ՓԳՀ-ին: Նա նշել է, որ ինքը դեմ է Իրանի ներկայիս կառավարությանը, և որ Իրանում ապրելու ընթացքում իր ընտանիքի անդամները ենթարկվել են ճնշումների: Դիմողը նշել է, որ ինքը մեկնել է և ապա վերադարձել թուրքական տարածք, քանի որ դա միակ ճանապարհն է ստանալ նոր վիզա: Ապա նա հայտարարել է, որ ավելի վաղ չի դիմել թուրքական իշխանություններին, քանի որ իր գործը փակվել էր ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից:
18. 2008 թվականի մայիսի 20-ին դիմողի ցուցմունքներն ուղարկվել են Ստամբուլի ոստիկանության գլխավոր բաժանմունք:
19. 2008 թվականի մայիսի 6-ին և 16-ին, ինչպես նաև հունիսի 2-ին դիմողի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Ստամբուլի ոստիկանության բաժանմունքին և խնդրել է, որպեսզի իր հաճախորդն ազատ արձակվի և ստանա բնակության իրավունք` մինչև ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իր դիմումի քննության ավարտը:
20. 2008 թվականի հունիսի 10-ին Ստամբուլի ոստիկանության ղեկավարը տեղեկացրել է Քիրքրլարելիի ոստիկանությանը, որ դիմողը չի կամենում վերադառնալ հայրենիք, այլ ցանկանում է դիմել ապաստան ստանալու համար և դիմել է դատարան: Ղեկավարը կրկնել է, որ նրան արտաքսելու նպատակով պահել են Ստամբուլի ոստիկանությունում: Ապա նա նշել է, որ դիմողը պետք է պահվի Քիրքլարելիի՝ Օտարերկրացիների ընդունման և տեղավորման կենտրոնում` մինչև դատարանի կողմից գործի վարույթի ավարտը: Նույն օրը դիմողը տեղափոխվել է այդ հաստատություն:
21. 2008 թվականի հուլիսի 18-ին Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է դիմողին, որ թուրքական իշխանությունների մոտ գտնվող նրա գործի քննությունը կասեցվել է մինչև դատարանի կողմից գործի քննության ավարտը:
22. 2008 թվականի դեկտեմբերի 29-ին դիմողը և նրա որդին կրոնական հիմքերով ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի ներքո ճանաչվել են փախստական:
23. 2009 թվականի ապրիլի 14-ին դիմողի ներկայացուցիչը դիմել է Անկարայի վարչական դատարան: Նա խնդրել է դատարանին վերացնել Նախարարության որոշումն իր հաճախորդին ազատ չարձակելու մասին և կասեցնել այդ որոշման կատարումը մինչև քննության ավարտը:
24. 2009 թվականի մայիսի 28-ին Անկարայի վարչական դատարանը որոշման կատարման կասեցման վերաբերյալ դիմողի միջնորդությունը մերժել է:
25. Դիմողի ներկայացուցիչն այդ որոշումը բողոքարկել է: 2009 թվականի հունիսի 24-ին Անկարայի շրջանային վարչական դատարանն այդ բողոքը մերժել է:
B. Քիրքլարելիի՝ Օտարերկրացիների ընդունման և տեղավորման կենտրոնում առկա պայմանները, դիմողի նկատմամբ բժշկական օգնության բացակայությունը և նրա կողմից վկայակոչվող վատ վերաբերմունքը
1. Դիմողի դիրքորոշումը
26. 2008 թվականի մայիսի 16-ին Դատարան ներկայացված իր դիրքորոշման մեջ դիմողի ներկայացուցիչը նշել է, որ չնայած դիմողը տառապել է 2006 թվականին կրած վիրահատության լուրջ հետևանքներից, Քիրքլարելիի՝ Օտարերկրացիների ընդունման և տեղավորման կենտրոնում նա չի ունեցել բժշկի դիմելու հնարավորություն: 2008 թվականի հունիսի 18-ին նա տեղեկացրել է Դատարանին, որ դիմողը զննվել է բժշկի կողմից, ով որոշել է կատարել հետագա բժշկական քննություն: Չնայած դրան՝ Ներքին գործերի նախարարությունը թույլ չի տվել հետագա բժշկական քննության իրականացումը, որի հետևանքով դիմողի առողջական վիճակը վատթարացել է:
27. 2008 թվականի օգոստոսի 27-ին դիմողը 4 այլ անձանց հետ միասին սկսել է հացադուլ՝առարկելու իրենց Կենտրոնում տեղավորելու և առկա պայմանների դեմ:
28. Դատարանում դիմողը նշել է, որ Քիրքլարելիի կենտրոնում պայմանները չեն համապատասխանել Տանջանքների կանխման եվրոպական հանձնաժողովի ("CPT") կողմից սահմանված նվազագույն չափանիշներին: Որպես իր դիրքորոշման հիմնավորում՝ դիմողը ներկայացրել է մի շարք լուսանկարներ, որտեղ պատկերված են եղել Կենտրոնի մի շարք հատվածներ: Սենյակներից մեկում եղել են երկու մահճակալներ` բարձերով և վերմակներով: Մահճակալներին չկային անկողնային պարագաներ: Մեկ այլ սենյակում պատկերված էին երկու մահճակալներ անկողնային պարագաներով, բարձերով և վերմակներով: Խոհանոցում առկա լվացարանների և բուխարիների պատկերներից երևում էր, որ դրանք չեն գործում: Մեկ այլ լուսանկար էլ ցույց էր տալիս, որ լողասենյակում կա չորս լվացարան: Ներսում զուգարանները մասամբ ծածկված էին ինչ-որ մուգ պարունակությամբ: Մաքրող միջոցների վրա առկա ռուսերեն տառերով պիտակները ցույց էին տալիս, որ դրանց ժամկետներն ավարտվել են 9 կամ 10 տարի առաջ:
29. Վերջում դիմողը բողոքել է, որ Քիրքլարելիի կենտրոնում աշխատող անձնակազմը այնտեղ բնակվողներին լավ չի վերաբերվել: Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցը վիրավորել է դիմողին և վախեցրել:
2. Կառավարության դիրքորոշումը
30. Կառավարությունը պատասխանել է, որ դիմողը 2008 թվականի հուլիսին ենթարկվել է մի շարք բժշկական հետազոտությունների Քիրքլարելիի պետական հիվանդանոցում: Համաձայն ներկայացված փաստաթղթերի՝ արյան անալիզներ, արգանդի ուլտրաձայնային հետազոտության արդյունքներ և որովայնի տոմոգրաֆիա են իրականացվել դիմողի նկատմամբ: Բժիշկները որևէ պաթոլոգիայի նշաններ չեն հայտնաբերել այդ հետազոտությունների արդյունքում:
31. Կառավարությունը հերքել է դիմողի բողոքն առ այն, թե Քիրքլարելիի՝ Օտարերկրացիների ընդունման և տեղավորման կենտրոնում ֆիզիկական պայմանները չեն համապատասխանել CPT կողմից սահմանված նվազագույն չափանիշների: Ապա նրանք ներկայացրել են իսլամական տոնակատարության նկարներ (զոհաբերության տոնակատարությունը), որը կազմակերպվել էր Կենտրոնի այգում:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
A. Ներպետական օրենսդրությունն ու պրակտիկան
33. Համապատասխան ներպետական օրենսդրության և պրակտիկայի նկարագրությունը կարելի է տեսնել Abdolkhani and Karimnia v. Turkey[2](թիվ 30471/08, կետեր 29-44, 2009թ. սեպտեմբերի 22) գործով:
B. Միջազգային և ներպետական նյութեր
34. Տանջանքի և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման եվրոպական հանձնաժողովի չափանիշները, կապված օտարերկրացիների կալանքի պայմանների հետ (տե՛ս the CPTstandards, document թիվ CPT/Inf/E (2002) 1- Rev. 2006, page 41), նախատեսում են հետևյալը.
«...CPT... կարծիքով, երբ անհրաժեշտ է դառնում անձի ազատազրկումը որոշակի ժամկետով օտարերկրացիների վերաբերյալ օրենսդրության համաձայն` նրանք պետք է տեղավորվեն կենտրոններում, որոնք նախատեսված են այդ հենց դրա համար...
Ակնհայտ է, որ նման կենտրոնները պետք է նախատեսեն հարմարություններ, այսինքն՝ կլինեն բավականաչափ կահավորված, մաքուր և նորմալ վերանորոգված, ինչպես նաև կունենան բավարար բնակտարածություն այնտեղ գտնվող անձանց համար: Ապա ուշադրություն պետք է դարձվի հաստատությունների ներքին հարդարմանն ու պլանավորմանը՝ հնարավորինս խուսափելու համար բանտի տեսքի տպավորությունից: Ինչ վերաբերում է առկա զբաղմունքներին, դրանք պետք է ներառեն զբոսանք, հանգստի սենյակից օգտվելու իրավունք, ռադիոյից, հեռուստացույցից և թերթերից ու ամսագրերից, ինչպես նաև հանգստի այլ միջոցներից օգտվելու հնարավորություն (սեղանի խաղեր, սեղանի թենիս): Որքան երկար են անձինք կալանավորված այնտեղ, այնքան հասանելի պետք է լինեն զբաղմունքները, որոնք նրանց առաջարկվում են...
35. 2008 թվականի հունիսին Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությունն այցելել է Թուրքիայում գտնվող թվով երեք նման կենտրոններ, ներառյալ՝ Քիրքլարելիի կենտրոնը: Զեկույցի մասում, որը կոչվել է «Մնացածները պտտվող դռների արանքում» և հրատարակվել է Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության կողմից 2008 թվականի նոյեմբերի 6-ին, գրված էր հետևյալը.
«...Քիրքլարելիի Գազիոսմանպասա փախստականների կենտրոնը (այսուհետ՝ Քիրքլարելի), որպես փախստականների ճամբար, ուներ երկար պատմություն: 1989 թվականին այն ապահով երկինք էր էթնիկ թուրքերի համար, ովքեր փախել էին Բուլղարիայից. 1992 թվականին՝ ապաստան էր Բոսնիայից եկած փախստականների համար, իսկ 1999 թվականին՝ վայր Ալբանիայից եկած կոսովացի փախստականների համար: Սակայն այն այլևս ճշմարտացիորեն չի կարող անվանվել ճամբար: Այն ավելի շուտ կալանավայր է ներգաղթյալների համար, որոնցից ոմանք կարող են իրոք լինել փախստականներ, սակայն ոչ փախստականներ, ովքեր պաշտպանվում են հետապնդումից, այլ փախստականներ, որոնց Թուրքիան ուզում է վտարել:
Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության այցի ժամանակ Քիրքլարելիում կար 174 կալանավորված, ներառյալ՝ 4 կին և կանանցից մեկի 4-ամյա երեխան:
Չնայած տղամարդիկ փակված էին ավելի հեռու գտնվող բարաքում՝ Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության այցի ժամանակ նրանք հանգիստ քայլում էին ներքևի հարկերում: Նրանք, թվում էր, թե թույլտվություն ունեին դուրս գալու բարակներից կեսօրից հետո: Հաստատությունը շրջապատված է սուր ծայրեր ունեցող պարիսպներով: Դրա` որպես փախստականների ճամբարի պատմության նշանները շատ են և ունեն չօգտագործված հին ապաստանի տեսք ՄԱԿ ՓԳՀ-ի մաշված կարգախոսներով. կա նաև անմշակ թողնված ֆուտբոլի դաշտ, որը չի օգտագործվել մի քանի տարի` չնայած որ Քիրքլարելիի վարչակազմը զավեշտալի փորձ է արել Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության համար կազմակերպել այց՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ հին դասասենյակները, ժամանցային հաստատությունները դեռևս օգտագործվում են կալանավորների կողմից:
Կանայք և երեխան բնակվում էին առանձին շենքում: Ինչպես պատմել են այդ կանայք, նրանց վերջերս խնդրել են մաքրել այդ շենքը մեկ այլ պատվիրակության այցի ժամանակ: Ղեկավարը կանանց առանձնասենյակում ցույց է տվել Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությանը լայնէկրան մի հեռուստացույց, սակայն չի ասել, որ հեռուստացույցը չէր աշխատում: Չնայած որ տղամարդկանց թույլ էր տրվում դուրս գալ իրենց բարաքներից միջօրերից հետո, հսկողները թույլ չէին տալիս կանանց դուրս գալ իրենց շենքից: «Դուռը բաց է, ինչի շնորհիվ երեխան կարող էր մտնել և դուրս գալ, սակայն չէր կարող զբոսնել դրսում»,- ասել է մի 25-ամյա իրանցի կին:
Քիրքլարելիում գտնվող թե՛ տղամարդիկ և՛ թե կանայք բողոքել են: Բիրմացի մի տղամարդ ասել է, որ «ուտելիքը վատն է: Այն հարմար չէ մարդկանց համար, ինչպես նաև բավարար չէ: Ոչինչ չի փոխվում, երբ մենք բողոքում ենք: Պահակներն ասում են, որ եթե չենք հավանում ուտելիքը, լավ է ինքներս գնանք խանութ և գնենք մեր ուզածը:»:
Այնուամենայնիվ, ամենակարևոր բողոքը կայանում էր նրանում, որ կալանավորվածները տեղեկացված չեն, թե որքան ժամանակ իրենք պետք է մնան կալանքի տակ: Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությունն առանձին խոսել է մի տղամարդու հետ, ով «բիրմացիների» ոչ պաշտոնական ղեկավարն էր: Նա ասել է, որ բիրմացիների թիվն ընդհանուր 174-ից կազմում էր 160 և ավելի, ներառյալ՝ իրեն: Նշել է, որ իրենք բոլորն էլ այնտեղ են գտնվել արդեն 9 ամիս և գաղափար չունեն, թե որքան էլ դեռևս պետք է մնան: «Պարզապես ասեք մեզ, թե ինչ անենք»,- ասել է նա: «Առաջարկեք մեզ որևէ բան: Եթե նրանք թողնեն մեզ ապրել, մենք կաշխատենք և կկերակրենք մեր ընտանիքները: Կամ թողեք մեզ ապրել կամ՝ սպանեք»:
Չնայած որ Քիրքլարելիում առկա պայմանները այնչափ վատթար չէին, ինչպես Էդիրնում, կալանավորվածների և պահակների միջև ճնշումը շատ բարձր էր: Ճամբարի ղեկավարը Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությանը հայտնել է, որ պայմաններից բացի, նրանց հանդեպ թշնամանք կա:
Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության այցի օրվան հաջորդող գիշերը Քիրքլարելիում տեղի է ունեցել ընդվզում: Դրա պատճառները և անվտանգության աշխատակիցների պատասխանը սկսվել են քննվել, երբ Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության պատվիրակությունը լքել է երկիրը: Խախտումները վերացնելու ընթացքում Թուրքիայի անվտանգության մարմինները կրակել և սպանել են կալանավորվածներից մեկին՝ մի չպարզված ազգությամբ երիտասարդի, ով ամենաշատն էր զրուցել Մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության ներկայացուցիչների հետ...»:
36. 2008 թվականի հունիսի 11-ին` կեսգիշերին մոտ, Քիրքլարելիի՝ Օտարերկրացիների ընդունման և տեղավորման կենտրոնում սկսվել են ընդվզումներ: Դրանց ընթացքում մահացել է ապաստան հայցողներից մեկը, իսկ մեկ այլ ապաստան հայցող և երկու ոստիկաններ վիրավորվել են: Դրանից հետո Մարդու իրավունքների և ճնշումների ենթարկված մարդկանց համախմբման կազմակերպությունը (Մազլում-Դեր)՝ Թուրքիայում գործող Մարդու իրավունքների կազմակերպությունը, այցելել է Կենտրոն` իրավիճակը գնահատելու համար: Այդ այցի ընթացքում Մազլում-Դերը զրուցել է Կենտրոնում գտնվող անձանց, Քիրքլարելիի քաղաքապետի, Կենտրոնի ղեկավարի և վիրավորված ոստիկաններից մեկի հետ: Քաղաքապետն ասել է, inter alia, որ իշխանություններն ամեն ինչ անում էին, որպեսզի բավարարվեին Կենտրոնում գտնվող անձանց կարիքները: Ղեկավարը նաև ասել է, որ իրենք ապրելու համար ապահովել էին լավ պայմաններ:
37. Կենտրոնում 5 անձանց կողմից կազմակերպված հացադուլից հետո, որին մասնակցել էր նաև դիմողը, 2008 թվականի սեպտեմբերի 3-ին Մազլում-Դերը եկել է երկրորդ այցով՝ զրուցելու հացադուլ կազմակերպած անձանց հետ և ստուգելու Կենտրոնում առկա պայմանները:Մազլում-Դերի կողմից հրատարակված զեկույցի համաձայն՝ նրանց թույլ չի տրվել մտնել Կենտրոն, որտեղ պահվել են օտարերկրացիները: Այնուամենայնիվ, նրանք կարողացել են խոսել դիմողի և մյուս 4 անձանց հետ, ովքեր նշել են, որ սննդի որակի, Կենտրոնի հիգիենայի, բժշկական օգնության դիմելու և ընդհանուր ապրելու տարածքի հետ կապված եղել են խնդիրներ:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԻՃԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ՝ ԱՐՏԱՔՍՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
38. Դիմողը բողոքել է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո առ այն, որ իր արտաքսումն Իրան կառաջացներ իր համար սպանվելու կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկ:
39. Դատարանը գտնում է, որ առավել ճիշտ կլինի քննել դիմողի բողոքը միայն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեսանկյունից (տե՛ս՝վերոնշյալ Abdolkhani and Karimnia, կետ 62; N.A. v. the United Kingdom, թիվ 25904/07, կետ 95, 2008թ. հուլիսի 17 և Said v. the Netherlands, թիվ 2345/02, կետ 37, ՄԻԵԴ 2005‑VI):
A. Ընդունելիություն
40. Կառավարությունը հայտարարել է, որ արտաքսման որևէ որոշում չի կայացվել դիմողի առիթով: Ապա նշել է, որ դիմողը խախտել է վիզա ստանալու և անձնագրի հետ կապված պահանջները, և որ համաձայն ներպետական օրենսդրության` նա պետք է արտաքսվեր Թուրքիայից: Դա պարտադիր չէր նշանակում, թե դիմողը կուղարկվեր Իրան: Վիզա ստանալուց հետո նա կարող էր գնալ երրորդ երկիր: Ապա Կառավարությունը նշել է, որ դիմողը չի սպառել ներպետական միջոցները, որոնք իրեն հասու են եղել՝Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Նրանք նշել են, որ դիմողը իրավասու մարմիններին չի ներկայացրել ժամանակավոր ապաստանի դիմում: Նրանք նշել են, որ դիմողը կարող էր դիմել վարչական դատարաններ, եթե իշխանությունները մերժեին նրա դիմումը: Ի հիմնավորումն իր հայտարարությունների՝ Կառավարությունը ներկայացրել է վարչական դատարանների մի շարք վճիռներ, որոնցով այդ դատարանները վերացրել են արտաքսման մասին որոշումները:
41. Դիմողը հայտարարել է, որ, համաձայն պաշտոնական փաստաթղթերի, ինքը տեղավորվել է Ստամբուլի ոստիկանության կետ՝ Օտարերկրացիների գործերով բաժնում 2008 թվականի մայիսի 16-ին, որ ինքը եղել է առկա իրանական կառավարությանը դեմ, և որ ինքը չի կամեցել վերադառնալ հայրենիք: Նա, այնուամենայնիվ, չի տեղեկացրել ոստիկանությանը, որ ներգրավված է եղել Իրանում հակառեժիմական շարժման մեջ՝ վախենալով որ կարող է արտաքսվել Թուրքիայի և Իրանի միջև առկա համաձայնագրի հիման վրա՝ կապված «ահաբեկիչների փոխանակման հետ»:
42. Դատարանը նկատում է, որ համաձայն 2008 թվականի մայիսի 9-ին և 2008 թվականի հունիսի 10-ին ներկայացված փաստաթղթերի՝ դիմողն արտաքսվելու նպատակով տեղավորվել է Ստամբուլի ոստիկանության բաժնում: Այդ պատճառով չի կարելի ընդունել Կառավարության փաստարկն առ այն, թե նրա գործով չի կայացվել արտաքսման մասին որոշում: Ապա Դատարանը նկատում է, որ դիմողն ակնհայտորեն բացատրել է իր վերաբերմունքը vis-Ո-vis իրանական կառավարության նկատմամբ իր՝ 2008 թվականի մայիսի 16-ի ցուցմունքում: Այնուամենայնիվ, Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է դիմողի ներկայացուցչին, որ դիմողի նկատմամբ իրականացվող գործընթացը կասեցվել է մինչև Դատարանի կողմից գործի վարույթի ավարտը: Ավելին, պատասխանող կառավարությունը իմացել է կրոնական հիմքով ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի ներքո դիմողի փախստականի կարգավիճակի մասին, երբ դիմողի կողմից Դատարան ներկայացված ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից տրված փախստականի վկայագիրն իրենց է ուղարկվել 2009 թվականի մարտի 27-ին: Այս հանգամանքներում և դիմողի բողոքների հետ կապված ներպետական իշխանությունների կողմից որևէ պատասխանի բացակայության պարագայում Դատարանն այն կարծիքին է, որ դիմողն արել է ամեն բան, որ պետք է աներ:
43. Ինչ վերաբերում է Կառավարության փաստարկին առ այն, որ դիմողը կարող էր դիմել վարչական դատարաններ, Դատարանը կրկնում է, որ թուրքական օրենսդրության ներքո արտաքսման որոշման վերացումը չունի ինքնին կասեցնող ազդեցություն և այդ պատճառով ներպետական միջոցները սպառելու նպատակով դիմողից չէր կարելի ակնկալել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով վարչական դատարաններին դիմելը (տե՛ս վերոնշյալ Abdolkhani and Karimnia, կետ 59): Հետևաբար Դատարանը մերժում է Կառավարության առարկությունները:
44. Դատարանը նկատում է, որ գանգատի այս հատվածը հիմնականում անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա նկատում է, որ այն անընդունելի չէ նաև որևէ այլ հիմքով: Այդ պատճառով այն պետք է ճանաչել ընդունելի:
B. Հանգամանքները
45. Կառավարությունը նշել է, որ դիմողը չի հիմնավորել Իրանում հետապնդումների և վատ վերաբերմունքի ենթարկվելու իր մտավախությունը: Ապա նշել է, որ ո՛չ դիմողը, ո՛չ էլ նրա ներկայացուցիչն ապաստան ստանալու խնդրանքով իշխանություններին չեն դիմել:
46. Դիմողը հայտարարել է, որ իրեն արդեն մեկ անգամ արտաքսել են Իրան`առանց հնարավորություն տալու վիճարկել այդ արտաքսումը: Ապա նա նշել է, որ վախեցել է կրկին արտաքսվելու հեռանկարից, և որ դա էր պատճառը, որ նա ոստիկանությանը չի պատմել իր Իրանում ունեցած քաղաքական գործունեության մասին: Դիմողը նշել է, որ Իրան արտաքսվելու դեպքում նա կկրեր մահապատժի կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու ռիսկ, քանի որ Թուրքիա գալուց առաջ Իրանում ներգրավված էր հակառեժիմային շարժման մեջ, և որ ինքը դարձել էր քրիստոնյա, իսկ դա փաստ է, որի մասին տեղյակ էին Իրանի իշխանությունները: Այս իմաստով նա ընդգծել է, որ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ճանաչվել է փախստական:
47. Դատարանը սկզբում նկատում է, որ դիմողը ձերբակալվել է 2008 թվականի մայիսի 16-ին. նա նշել է, որ չի կամեցել վերադառնալ Իրան և որ եկել է Թուրքիա՝ ՄԱԿ ՓԳՀ-ին դիմելու նպատակով: Այնուամենայնիվ, համաձայն 2008 թվականի մայիսի 9-ին և հունիսի 10-ին ներկայացված փաստաթղթերի, ներպետական իշխանությունները ծրագրել են նրա արտաքսումը` առանց նրա բողոքներն ու հայտարարություններն ուսումնասիրելու: Ավելին, նրա գործի քննությունը թուրքական իշխանությունների կողմից կասեցվել է մինչև Դատարանի կողմից գործի քննության ավարտը (տե՛ս վերը՝ կետեր 21 և 42): Այս հանգամանքներում Դատարանը համոզված չէ, որ ներպետական իշխանությունները տվել են էական գնահատական դիմողի բողոքին: ՄԱԿ ՓԳՀ-ի մասնաճյուղն է քննել դիմողին, երբ նա գտնվել է Քիրքլարելիի՝ Օտարերկրացիների ընդունման և տեղավորման կենտրոնում՝ պարզելու համար նրա ապաստանի հետ կապված խնդրանքի հիմքերը, ինչպես նաև՝ գնահատելու ռիսկը, որին նա կարող էր ենթարկվել իր կրոնական կողմնորոշման հիմքով:
48. Դատարանն իր կողմից պետք է գնահատի ՄԱԿ ՓԳՀ-ի եզրակացությունը` կապված դիմողի կողմից վկայակոչվող ռիսկերի հետ (տե՛ս Jabari v. Turkey գործը, թիվ 40035/98, կետ 41, ՄԻԵԴ 2000‑VIII; վերոնշյալ N.A. v. The United Kingdom գործը, կետ 122 և վերոնշյալ Abdolkhani and Karimnia գործը, կետ 82): Դատարանն այս իմաստով նկատում է, որ երբ ՄԱԿ ՓԳՀ-ն քննել է դիմողին, հնարավորություն է ունեցել գնահատել նրա վախերի հավանականությունը և իր հայրենիքում առկա հանգամանքների առիթով նրա դիրքորոշման ճշմարտացիությունը: Այս քննության արդյունքում այն գտել է, որ դիմողը կրել է հայրենիքում հետապնդումների ենթարկվելու ռիսկ:
49. ՄԱԿ ՓԳՀ-ի գնահատականի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ կան էական հիմքեր ընդունելու, որ դիմողը կրել է 3-րդ հոդվածի ներքո իր իրավունքի խախտման ռիսկ՝ կրոնի հիման վրա Իրան վերադառնալու դեպքում:
50. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ տեղի կունենար Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, եթե դիմողը վերադառնար Իրան:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 3-ՐԴ և 4-ՐԴ ԿԵՏԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 6-ՐԴ և 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԻՃԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ
51. Հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի, ինչպես նաև 6-րդ և 13-րդ հոդվածների վրա՝ դիմողը բողոքել է, որ իրեն ապօրինի են կալանավորել` առանց իր կալանքի օրինականությունը վիճարկելու հնարավորություն տալու:
52. Դատարանը գտնում է, որ առավել նպատակահարմար է քննել այդ բողոքները Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի տեսանկյունից:
A. Ընդունելիություն
53. Դատարանը նկատում է, որ գանգատը հիմնականում անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա նշում է, որ այն անհիմն չէ նա որևէ այլ հիմքով: Այդ պատճառով այն հայտարարվում է ընդունելի:
B. Հանգամանքները
1. Ազատությունից զրկելու հանգամանքի առկայությունը և համապատասխանությունը 5-րդ հոդվածի 1-ին կետին
54. Կառավարությունը նշել է, որ դիմողը չի կալանավորվել, այլ բնակեցվել է Քիրքլարելիի՝ Օտարերկրացիների ընդունման և տեղավորման կենտրոնում: Այս կենտրոնում դիմողին տեղավորելու պատճառը, որը չի կարող դիտվել որպես կալանք կամ բանտարկություն, իշխանությունների կարիքն էր` հետևելու օտարերկրացիներին արտաքսման գործընթացի ընթացքում: Կառավարությունը հայտարարել է, որ այս պրակտիկան հիմնված է եղել թիվ 5683 օրենքի 23-րդ բաժնի և թիվ 5682 օրենքի 4-րդ բաժնի վրա:
55. Դիմողը հայտարարել է, որ իրեն կալանավորել են, և որ իր կալանքը չի ունեցել բավարար իրավական հիմքեր ներպետական օրենսդրության մեջ: Ոչ էլ դրա մասին որոշում է կայացվել դատարանի կողմից:
56. Դատարանը կրկնում է, որ արդեն քննել է նույնանման բողոք Abdolkhani and Karimnia (վերը նշված կետեր 125-135) գործով: Այն գտնում է, որ Քիրքլարելիի՝ Օտարերկրացիների ընդունման և տեղավորման կենտրոնում դիմողներին տեղավորելն այդ գործով հանգեցրել է ազատությունից զրկելուն և եզրակացրել է, որ հստակ իրավական դրույթների բացակայության պայմաններում, որոնցով հաստատվում է արտաքսման մասին որոշում կայացնելու և այն կասեցնելու գործընթացը, ինչպես նաև սահմանվում են նման կալանքի համար ժամկետներ, ազատությունից զրկումը, որին ենթարկվել է դիմողը, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով չի եղել «օրինական»:
57. Դատարանը քննել է այս գործը և գտնում է, որ չկան հատուկ հանգամանքներ, որոնք կստիպեին իրեն նահանջել Abdolkhani and Karimnia գործով իր վճռում արված հետևություններից: Այդ պատճառով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
2. Համապատասխանությունը 5-րդ հոդվածի 4-րդ կետին
58. Կառավարությունը հայտարարել է, որ վարչական դատարաններին ուղղված բողոքներն անձանց տեղավորելու օտարերկրացիների ընդունման և տեղավորման կենտրոններում, արդյունավետ միջոց էր՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով:
59. Դիմողը նշել է, նախևառաջ, որ ինքը չի կարողացել դիմել վարչական դատարաններին, քանի որ որևէ գործող անձը հաստատող փաստաթղթի բացակայության պայմաններում չի կարողացել ունենալ փաստաբան: Իր՝ 2009 թվականի ապրիլի 16-ին ներկայացված հայտարարություններում նա նշել է, որ ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի ներքո փախստական ճանաչվելուց հետո ինքն այժմ իր անունից հանդես գալու համար կարողացել է ունենալ նոտարական կարգով վավերացված լիազորություններ ունեցող փաստաբան: Արդյունքում նրա փաստաբանը դիմել է Անկարայի վարչական դատարան և պահանջել նրան ազատ արձակել: Իր՝ 2009 թվականի մայիսին և հունիսին արված հայտարարություններում դիմողը նշել է, որ գործի քննությունը չի եղել բավարար չափով արագ:
60. Դատարանը կրկնում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետի նպատակն է երաշխավորել, որպեսզի անձինք, ովքեր ձերբակալվում են և կալանավորվում, իրավունք ունենան վիճարկելու այդ միջոցի օրինականությունը դատարանում (տե՛ս mutatis mutandis, De Wilde, Ooms and Versyp v. Belgium գործը, 1971թ. հունիսի 18, կետ 76, Սերիա A, թիվ 12): Միջոցը պետք է լինի հասանելի անձի կալանքի ընթացքում, որպեսզի թույլ տա այդ անձին հասնելու դրա օրինականության արագ դատական վերանայման: Այդ վերանայումը պետք է հնարավորության դեպքում կարողանա հանգեցնել ազատ արձակման: 5-րդ հոդվածի 4-րդ կետի ներքո պահանջվող միջոցի առկայությունը պետք է լինի բավականաչափ հստակ ոչ միայն տեսականորեն, այլ նաև պրակտիկայում, որի բացակայությունը կհանգեցնի այդ դրույթի ներքո պահանջվող հասանելիության և արդյունավետության բացակայության (տե՛ս, mutatis mutandis, Stoichkov v. Bulgaria գործը, թիվ 9808/02, կետ 66 in fine, 2005թ. մարտի 24, և Vachev v. Bulgaria գործը, թիվ 42987/98, կետ 71, ՄԻԵԴ 2004‑VIII):
61. Նախևառաջ, Դատարանը նկատում է, որ դիմողի ներկայացուցիչը 2009 թվականի ապրիլի 14-ին դիմել է Անկարայի վարչական դատարան՝ պահանջելով վերացնել Նախարարության որոշումն իր հաճախորդին ազատ չարձակելու վերաբերյալ և կայացնել որոշում՝ գործի վարույթը կասեցնելու մասին: Պահանջը մերժվել է, 2009 թվականի հունիսի 24-ին մերժվել է նաև դրան հետևող բողոքը: Ավելին, համաձայն գործի նյութերում առկա տեղեկության, գործի քննությունը դեռևս շարունակվում է այդ դատարանում: Վարչական դատարանների կողմից նախնական վերանայումը այդպիսով տևել է երկու ամիս և 10 օր:
62. Դատարանը հիմնվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո արված իր հետևությունների վրա՝ կապված իրավական դրույթների բացակայության հետ, որոնք կնախատեսեին Թուրքիայում մինչև արտաքսումը կալանքի գործընթացը: Քննվող վարույթը չի առաջացնում բարդ խնդիր: Դատարանը գտնում է, որ Անկարայի վարչական դատարանն առավել հստակ, քան Դատարանը, կարող էր տեսնել դիմողի կալանքի համար բավարար իրավական հիմքերի բացակայությունը: Դատարանը, այդ պատճառով, գտնում է, որ տվյալ գործով դատական վերանայումը չի կարող համարվել «արագ» պատասխան դիմողի բողոքներին (տե՛ս Khudyakova v. Russia գործը, թիվ 13476/04, կետ 99, 2009թ. հունվարի 8, և Kadem v. Malta գործը, թիվ 55263/00, կետեր 43‑45, 2003թ. հունվարի 9, որտեղ Դատարանը որոշել է, որ համապատասխանաբար 54 և 17 օրվա ժամկետներն արտաքսումից առաջ կալանքը վերանայելու համար եղել է չափազանց երկար):
63. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ թուրքական իրավական համակարգը դիմողին չի տրամադրել միջոց, որով նա կկարողանար հասնել իր կալանքի օրինականության դատական վերանայմանը՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով (տե՛ս S.D. v. Greece գործը, թիվ 53541/07, կետ 76, 2009թ. հունիսի 11 և վերոնշյալ Karimnia-ի գործը, կետ 142):
Այդ պատճառով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ՝ ԴԻՄՈՂԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
64. Հիմնվելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա՝ դիմողը բողոքել է Կենտրոնում առկա պայմաններից և բժշկական օգնություն իրեն չտրամադրելուց: Նրա՝ 2009 թվականի հունիսի 22-ի հայտարարություններում նա նաև բողոքել է միևնույն կետի ներքո, որ Կենտրոնի ոստիկաններից մեկը՝ Ա.Ա.-ն իրեն վիրավորել է և վախեցրել:
1. Ա.Ա.-ի կողմից դիմողի նկատմամբ վիճելի վատ վերաբերմունքը
65. Կառավարությունը նշել է, որ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի բողոքի առիթով կատարվել է քննություն, որը դեռևս ընթացքի մեջ է:
66. Դիմողն այս առումով հետագա դիրքորոշում չի հայտնել:
67. Դատարանը կրկնում է, որ շարունակվող քննությունն ըստ էության արդյունավետ միջոց է վատ վերաբերմունքի մասին հայտարարությունների առիթով: Հաշվի առնելով փաստը, որ ոստիկանության աշխատակցի գործողությունների քննությունը, ով իբրև թե վիրավորել է դիմողին, դեռևս շարունակվում է. Դատարանը գտնում է, որ գանգատի այս հատվածը պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի ներքո՝ ներպետական միջոցները սպառված չլինելու համար:
2. Բժշկական օգնությունը
68. Կառավարությունը հայտարարել է, որ դիմողը ներպետական իշխանություններին չի բողոքել բժշկական օգնություն իրեն չտրամադրելու հարցով: Նրանք նշել են, որ դիմողը չի սպառել ներպետական միջոցներն այս իմաստով:
69. Դիմողը կրկնել է և պնդել իր հայտարարությունը:
70. Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշել` արդյոք դիմողը սպառել է ներպետական միջոցները, քանի որ գանգատի այս հատվածը հիմնականում անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
71. Դատարանը կրկնում է, որ 3-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի կալանավորված անձանց առողջական վիճակը, այլ հանգամանքների շարքում, պատշաճ կերպով կապահովվի պահանջվող բժշկական օգնական տրամադրելով (տե՛ս mutatis mutandis,. Poland [GC] գործը, թիվ 30210/96, կետ 94, ՄԻԵԴ 2000‑XI): Տվյալ գործով դատարանը նկատում է, որ 2008 թվականի մայիսին դիմողի ներկայացուցիչն իշխանություններին խնդրել է թույլ տալ, որպեսզի դիմողն անցնի բժշկական հետազոտություն, նշելով, որ նա տառապում է լուրջ հիվանդությունով: Համապատասխանաբար, 2008 թվականի հունիսին և հուլիսին դիմողն անցնել է մի շարք բժշկական հետազոտություններ, բժիշկը զննել է` արդյոք դիմողը տառապել է որևէ հիվանդությունով: Քանի որ իշխանությունները թույլ են տվել, որ դիմողն անցնի բավականին մանրակրկիտ բժշկական հետազոտություններ և դիմողի ներկայացուցչի դիմումից անմիջապես հետո կազմվել է բժշկական փաստաթուղթ, Դատարանը եզրակացնում է, որ դիմողն ունեցել է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն: Այդ պատճառով նա եզրակացնում է, որ գանգատի այս հատվածը հիմնականում անհիմն է և այդ պատճառով պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:
3. Նյութական պայմանները
A. Ընդունելիություն
72. Կառավարությունը հայտարարել է, որ գանգատի այս հատվածը պետք է մերժվի, քանի որ չեն սպառվել ներպետական միջոցները՝ ի խախտումն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի, քանի որ դիմողը չի ներկայացրել բողոքներ ներպետական մարմիններին:
73. Դիմողը պատասխանել է, որ ինքը չի կարողացել ներկայացնել բողոքներ կալանքի պայմանների առնչությամբ, քանի որ վախեցել է իր բողոքի բացասական հետևանքներից:
74. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետը հնարավորություն է տալիս պայմանավորվող պետություններին կանխելու կամ վերացնելու վկայակոչվող խախտումները մինչև դրանք Դատարան ներկայացվելը: Հետևաբար, պետություններն ազատվում են իրենց գործողությունների համար միջազգային մարմնի առաջ պատասխան տալուց և ունեն հնարավորություն ուղղել իրավիճակն իրենց սեփական իրավական համակարգի միջոցով: Այնուամենայնիվ, 35-րդ հոդվածի 1-ին կետի ներքո քննարկվող միակ միջոցները նրանք են, որոնք կապված են վիճելի խախտումների հետ և որոնք միևնույն ժամանակ հասանելի են և արդյունավետ: Նման միջոցների առկայությունը պետք է լինի բավականաչափ հստակ ոչ միայն տեսականորեն, այլ նաև պրակտիկայում, որի բացակայությունը հանգեցնում է պահանջվող հասանելիության և արդյունավետության պահանջների բավարարման մերժմանը (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների, Kalashnikov v. Russia (dec.), թիվ. 47095/99, 2001թ. սեպտեմբերի 18):
75. Ավելին, Դատարանը կրկնում է, որ ներպետական միջոցների սպառման ոլորտում Դատարանում Կառավարությունն է կրում ապացուցման պարտականությունը, որ միջոցը եղել է արդյունավետ, տվյալ ժամանակահատվածում տեսականորեն և պրակտիկորեն հասանելի, այսինքն՝ այն հասանելի է, այնպիսին է, որ կարող է բավարարել դիմողի պահանջները և ունի հաջողության հասնելու հեռանկար: Եթե այս պարտականությունը կատարված է, դիմողը պետք է ցույց տա, որ Կառավարության կողմից վկայակոչվող միջոցն իրականում սպառվել է կամ որոշ պատճառներով եղել է ոչ պատշաճ և ոչ արդյունավետ գործի կոնկրետ հանգամանքներում կամ, որ առկա են եղել հատուկ հանգամանքներ, որոնք ազատում են իրեն այդ պահանջներից (տե՛ս վերոնշյալ Kalashnikov-ի գործը):
76. Տվյալ գործով Դատարանը նախևառաջ նկատում է, որ դիմողը մի քանի անգամ խնդրել է վարչական մարմիններին իրեն ազատ արձակել: Նա դրա համար դիմել է Անկարայի վարչական դատարան` չնայած որ պայմանների առիթով նա հստակ հարց չի բարձրացրել: Ավելին, դիմողը դիմել է հացադուլի՝ իր կալանքի և կենտրոնի վատթար պայմանների դեմ:
77. Այնուհետև Դատարանը նկատում է, որ Մազլում-Դերը հրապարակել է զեկույց, որտեղ ներկայացված են մի շարք անձանց, այդ թվում՝ դիմողի կողմից Կենտրոնի պայմանները: Համաձայն այդ զեկույցի՝ թե՛ Կենտրոնի ղեկավարը, և՛ թե քաղաքապետը տեղյակ են եղել կալանքի պայմանների հետ կապված բողոքների մասին: Այդ պատճառով Դատարանը գտնում է, որ վարչական մարմինները հնարավորություն են ունեցել պարզելու դիմողի կալանքի պայմանները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բարելավելու դրանք:
78. Ավելին, չնայած ճիշտ է, որ դիմողը բողոք չի ներկայացրել ներպետական մարմիններին, Կառավարությունը ցույց չի տվել, թե որևէ կերպ այդ հարցը լուծում էր ստանում: Ոչ էլ կային գործերի օրինակներ, երբ այդ պայմանները ներպետական դատարաններ դիմելուց հետո երբևէ բարելավված լինեին: Դատարանը, այդ պատճառով, գալիս է այն եզրակացության, որ տվյալ գործի հանգամանքներում բավարար չափով չի հաստատվել, որ առկա են եղել ներպետական միջոցներ, որոնք կկարողանային բավարարել դիմողի պահանջները՝ կապված կենտրոնի պայմանների հետ: Հետևաբար, Դատարանը մերժում է Կառավարության առարկությունները:
B. Հանգամանքները
79. Կառավարությունը հայտարարել է, որ դիմողի՝ Կենտրոնի պայմանների հետ կապված բողոքներն անհիմն են եղել: Նրանք նշել են, որ Կենտրոնում սենյակները երբևէ փակված չեն եղել: Անձինք, ովքեր պահվել են այնտեղ, օգտվել են ընդհանուր տարածքներից, որտեղ նայել են հեռուստացույց և ճաշել են: Կառավարությունը նշել է, որ նրանց նույնիսկ թույլ են տվել առիթներ նշել:
80. Դիմողը հայտարարել է,որ Կենտրոնում կալանավորվածներին տրվող սնունդը և համապատասխան հիգիենան եղել են վատթար, և որ այդ պատճառով կալանավորվածները ստիպված էին գնել ուտելիք ճաշարանից, որը թանկ էր: Նա նշել է, որ խմելու ջուրը շատ կեղտոտ էր: Ապա նա նշել է, որ կալանավորվածներին օրվա ընթացքում թույլատրվում էր դուրս գալ շենքից միայն մի քանի ժամով: Նա նաև նշել է, որ իրեն մաքուր օդի դուրս գալ թույլ են տվել միայն ժամը մեկ անգամ, երբ նա դիմել էր հացադուլի:
81. Դատարանը կրկնում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո, որ պետությունը պետք է ապահովի, որպեսզի կալանավորված անձի համար առկա լինեն այնպիսի պայմաններ, որոնք համատեղելի կլինեն մարդու արժանապատվության հետ, որ միջոցի գործադրման ձևը և մեթոդը չեն հանգեցնի տառապանքի, և որ անձի առողջությունը և բարօրությունը պատշաճ կերպով ապահովված կլինեն: Կալանքի պայմանները գնահատելիս պետք է հաշվի առնվեն այդ պայմանների բոլոր հետևանքները, և կալանքի տևողությունը (տե՛ս Dougoz v.Greece գործը, թիվ 40907/98, կետ 46, ՄԻԵԴ 2001‑II և Kalashnikov v. Russia գործը, թիվ 47095/99, կետ 102, ՄԻԵԴ 2002‑VI):
82. Տվյալ գործով Դատարանը նախևառաջ նկատում է, որ դիմողի և մյուս կալանավորվածների համար հասանելի սնունդը տրամադրվում էր Կենտրոնի ղեկավարության կողմից (տե՛ս վերը՝ կետ 37): Այդ պատճառով Դատարանը գտնում է, որ խոհանոցը, որի լուսանկարները ներկայացվել են Դատարանին, չի օգտագործվել դիմողի և մյուս կալանավորվածների կողմից: Այդպիսով, Դատարանի կարծիքով Կենտրոնի տարածքներից օգտվելու հնարավորությունը, ինչպիսին է՝ խոհանոցը, սահմանափակ էր: Ապա Դատարանը գտնում է, որ չնայած դիմողը բողոքել է սննդի և խմելու ջրի որակից, նա ցույց չի տվել, թե որքանով է դա ազդել նրա առողջության վրա, և սննդի ու ջրի վերաբերյալ բողոքները չի ապացուցել բավարար փաստարկներով և ապացույցներով:
83. Ինչ վերաբերում է դիմողի հայտարարություններին առ այն, որ իրեն թույլ չեն տվել դուրս գալ մաքուր օդի օրեկան 4 ժամից ավել (և մեկ ժամ, երբ նա գտնվում էր հացադուլի մեջ), և որ նա չի ունեցել ֆիզիկական վարժություններ կատարելու հնարավորություն, Դատարանը հիմնվում է Տանջանքների կանխման Եվրոպական հանձնաժողովի (CPT) կողմից սահմանված չափանիշի վրա առ այն, որ միգրացիայի համատեքստում կալանավորված օտարերկրացիները պետք է օրեկան կարողանան դուրս գալ մաքուր օդի: Քանի որ դիմողը չի բողոքել, թե մշտապես գտնվել է փակի տակ, Դատարանը չի գտնում, որ տվյալ գործի հանգամանքներից ելնելով հարց է առաջանում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո:
84. Ապա Դատարանը նկատում է, որ Կենտրոնի սենյակների և միջանցքի լուսանկարները ցույց են տալիս, որ սենյակներում կա բնական լուսավորություն, մեծ պատուհաններ, որոնք մաքուր օդի հնարավորություն են տալիս: Չնայած, ճիշտ է, որ որոշ մահճակալներ չեն ունեցել անկողնային պարագաներ, իսկ մյուսների վրա եղել են մաքուր պարագաներ, Դատարանը չի կարող գալ եզրակացության, որ Կենտրոնի ղեկավարությունը չի տրամադրել դիմողին անկողնային պարագաներ:
85. Դատարանը նկատում է, որ դիմողի կողմից ներկայացված լուսանկարների հիման վրա երևում են երկու թերություններ՝ կապված Կենտրոնի հիգիենայի հետ: Առաջինը զուգարանների վիճակն է (տե՛ս վերը՝ կետ 28), որը պետք է վերացվի, իսկ երկրորդը՝ Կենտրոնում այնպիսի մաքրող նյութերի առկայությունը, որոնց վրա ռուսական տառերով պիտակ է առկա, համաձայն որի՝ դրանց վաղեմության ժամկետն արդեն 10 տարի է անցել է՝չնայած որ չի կարելի պարզել, թե արդյոք դրանք իրոք օգտագործվում էին կալանավորների կողմից:
86. Դատարանը նաև մտաբերում է այն հանգամանքը, որ դիմողը Կենտրոնում պահվել է ավելի, քան 16 ամիս, և որ նման կալանքի համար ներպետական օրենքում ժամկետների բացակայության պատճառով նրա կալանքը կարող էր շարունակվել անորոշ ժամկետով, մի փաստ, որը թույլ է տալիս Դատարանին հետևություն անել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտման մասին (տե՛ս վերը՝ կետ 56): Դատարանն ընդունում է, որ այս անորոշությունը կարող է առաջացնել անհանգստության զգացում: Դատարանը տեղյակ է, որ Կառավարությունը չի ներկայացրել մանրամասն դիրքորոշում Կենտրոնում առկա պայմանների վերաբերյալ կամ կալանավորվածների մնացած տարածքների լուսանկարներ կամ տեսագրություններ: Այնուամենայնիվ, Դատարանի կարծիքով չի հաստատվել, որ Կենտրոնում պայմանները եղել են այնքան վատթար, որ կարող էին խնդիր առաջացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո՝ չնայած 85-րդ կետում ներկայացված հետևանքներին և հնարավոր անհանգստությանը, որը կարող էր առաջացնել դիմողի անորոշ ժամկետով ձգվող կալանքը:
87. Համապատասխանաբար, տեղի չի ունեցել 3-րդ հոդվածի խախտում՝ Կենտրոնում առկա պայմանների առնչությամբ:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
88. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռնում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Վնասը
89. Դիմողը պահանջել է 20000 եվրո՝ որպես իր՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտման արդյունքում կրած ոչ նյութական վնասի փոխհատուցում: Ապա նա պահանջել է 4000 եվրո՝ նյութական վնասի դիմաց, նշելով որ ինքը ամսական կծախսեր 400 եվրո, եթե չլիներ կալանավորված:
90. Կառավարությունն առարկել է այս պահանջների դեմ:
91. Դատարանը չի տեսնում որևէ պատճառական կապ հայտնաբերված խախտումների և վիճարկվող նյութական վնասի միջև, այդ պատճառով մերժում է այս պահանջը: Այնուամենայնիվ, գտնում է, որ դիմողը պետք է կրեր ոչ նյութական վնաս, որը չի կարող փոխհատուցվել բացառապես խախտումների հայտնաբերմամբ: Հաշվի առնելով խախտումների լրջությունը և դրսևորելով անկողմնակալություն` Դատարանը լիովին բավարարում է դիմողի պահանջը:
B. Ծախսերը և ծախքերը
92. Դիմողը նաև պահանջել է 3100 եվրո ծախսերի և ծախքերի դիմաց, որոնք առաջացել են Դատարանում քննության ընթացքում: Հիմնվելով Ստամբուլի Փաստաբանների միության կողմից ներկայացված հոնորարների սանդղակի վրա՝ նա իր ներկայացուցչության համար պահանջել է 3000 եվրո: Ապա նա պահանջել է 100 եվրո թարգմանության, հեռախոսային և ֆաքսային ծախսերի դիմաց: Նա նաև հայտարարել է, որ իր ներկայացուցիչն իրականացրել է 35 ժամվա աշխատանք:
93. Կառավարությունն առարկել է այս պահանջի դեմ՝ նշելով որ միայն իրականում առաջացած ծախսերը կարող են փոխհատուցվել:
94. Համաձայն Դատարանի նախադեպային որոշումների՝ դիմողն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք, միայն եթե կարող է ցույց տալ, որ դրանք իրականում և անհրաժեշտաբար առաջացել են և ենթական են վճարման: Տվյալ գործով դիմողը չի հիմնավորել, որ նա իրականում կրել է այդ ծախսերը: Հետևաբար, Դատարանն այս կետի ներքո չի տրամադրում փոխհատուցում:
D. Տոկոսները
95. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
Հայտարարում է բողոքներն ընդունելի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո (կապված դիմողի հնարավոր արտաքսման հետ Իրան և նրա կալանքի նյութական պայմանների հետ) և բողոքները՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ներքո:
Հայտարարում է գանգատի մնացած մասն անընդունելի:
Վճռում է, որ դիմողի արտաքսումն Իրան կլինի ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի խախտում:
Վճռում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ Քրքլարելիի օտարերկրացիների ընդունման և բնակեցման կենտրոնում նյութական պայմանների առնչությամբ:
Վճռում է, որ պատասխանող պետությունը տվյալ վճիռն օրինական ուժ ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմողներին պետք է վճարի 20000 (քսան հազար) եվրո գումար` թուրքական լիրաներով` վճռի կայացման օրը կիրառելի տոկոսադրույքով՝ Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, որ վերը նշված երեք ամսվա ժամկետը լրանալիս և մինչև կատարումը տոկոսները պետք է վճարվեն Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
Մերժում է դիմողի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր, հրապարակվել է 2010 թվականի հունվարի 19-ին՝ Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համաձայն:
Սալլի Դոլլե |
Ֆրանչեսկո Թուլքենս |
__________________________
1 Z.N.S. v. Turkey
2 Վճիռը դեռ վերջնական չէ.
