Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Տնտեսական տեղեկատվության փոխանակման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ղեկավարվելով 1991 թվականի դեկտեմբերի 8-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրով և տեղեկատվական միասնական տարածք ձևավորելու ձգտումով,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագիրը ստորագրած Պայմանավորվող կողմերը իրենց տնտեսական, ֆինանսական և այլ մարմինների, գիտական հաստատությունների և տեղեկատվական գործակալությունների միջոցով իրականացնում են համաձայնեցված միջոցառումներ տեղեկատվության փոխանակման համակողմանի զարգացման ուղղությամբ, որը բնութագրում է համապատասխան պետությունների սոցիալ-տնտեսական դրությունը, տնտեսական բարեփոխումների իրականացումը, Պայմանավորվող կողմերի միջև և արտաքին աշխարհի միջև տնտեսական կապերի զարգացումը ու հրապարակում են անհրաժեշտ նորմատիվ ակտեր:
Հ ո դ վ ա ծ 2
Սույն Համաձայնագիրը ստորագրած Պայմանավորվող կողմերի տնտեսական, ֆինանսական և այլ մարմինները, գիտական հաստատությունները և տեղեկատվական գործակալությունները, պետություններում գործող օրենսդրություններին համապատասխան, երկկողմ կամ բազմակողմ հիմքով ապահովում են տնտեսական տեղեկատվության փոխանակումը և անց են կացնում սոցիալ-տնտեսական հետազոտություններ:
Հ ո դ վ ա ծ 3
Պայմանավորվող կողմերի միջև վիճակագրական տեղեկատվության փոխանակումը իրականացվում է Համագործակցության Վիճակագրական կոմիտեի միջոցով` Անկախ Պետությունների Համագործակցության վիճակագրական ծառայության ստեղծման մասին Համաձայնագրին և մեթոդոլոգիական ու վիճակագրական աշխատանքների ամենամյա ծրագրերին համապատասխան, ինչպես նաև երկկողմ կամ բազմակողմ հիմքով անմիջականորեն ազգային վիճակագրական ծառայությունների կողմից:
Հ ո դ վ ա ծ 4
Պայմանավորվող կողմերի նախարարությունները (գերատեսչությունները, կազմակերպությունները), փոխադարձ հիմունքներով, ձևավորում են տեղեկատվության փոխանակման փաթեթ, որը ներառում է.
ցուցանիշներ, որոնք նախատեսված են պետությունների տնտեսական համագործակցության մասին ամենամյա համաձայնագրերում,
տվյալներ, որոնք բացակայում են Համագործակցության Վիճակագրական կոմիտեի գծով մշակվող նյութերում,
այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նյութեր:
Հ ո դ վ ա ծ 5
Տնտեսական տեղեկատվությունը տրամադրվում է փոխադարձ պայմանավորվածությամբ, որպես կանոն, անվճար և այն ստացող պետական մարմինների կողմից օգտագործվում է ծառայողական կարգով և կարող է հրապարակվել բաց մամուլում միայն Պայմանավորվող կողմերի հետ համաձայնեցնելուց հետո:
Հ ո դ վ ա ծ 6
Սույն Համաձայնագրի դրույթները կարող են լրացվել կամ փոփոխվել այն ստորագրող Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագիրը բաց է ստորագրման համար ինչպես Համագործակցության մասնակից պետությունների, այնպես էլ այլ պետությունների կողմից, և այն ստորագրած Կողմերի համար ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու ենթադրվող տարեթվից 6 ամիս առաջ ավանդապահին գրավոր այդ մասին ծանուցելու միջոցով:
Կատարված է Մինսկ քաղաքում 1992 թվականի հունիսի 26-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հունիսի 26-ից:
