Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության ապահովման բնագավառում համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
ձգտելով քաղաքացիական ավիացիայի գործունեության մեջ անօրինական միջամտության գործողությունների կանխմանն ու խափանմանը ուղղված համաձայնեցված միջոցների ձեռքբերմանը,
ղեկավարվելով միջազգային համաձայնագրերով և կոնվենցիաներով, Կողմերի 1991 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրած «Քաղաքացիական ավիացիայի և օդային տարածության օգտագործման մասին» Համաձայնագրի դրույթներով,
նկատի ունենալով օդային հաղորդակցության մասին երկկողմ համաձայնագրերի դրույթները,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող հասկացությունները նշանակում են.
«ավիացիոն անվտանգություն»` անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության համար նախատեսված միջոցառումների համալիր, ինչպես նաև մարդկային և նյութական ռեսուրսներ,
«Կողմի տարածք»` սույն Համաձայնագրի մասնակից պետության ինքնիշխանության ներքո գտնվող ցամաքային և ջրային տարածություն, այդ թվում՝ տարածքային ջրերը և դրանց վերևում գտնվող օդային տարածքը,
«Կողմի օդանավ»` ցանկացած օդանավ, որը ներառված է Կողմի քաղաքացիական օդանավերի պետական գրանցամատյանում, ազգային օրենսդրությանը համապատասխան,
«անօրինական միջամտության ենթարկված օդանավ»` Կողմերից մեկի օդանավ, որից կամ որի մասին հաղորդակցություն է ստացվել կամ գոյություն ունեն տեղեկություններ անօրինական միջամտության գործողության կատարման կամ կատարման սպառնալիքի մասին:
Հ ո դ վ ա ծ 2
Յուրաքանչյուր Կողմ, իր տարածքում, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքացիական ավիացիայի գործունեությունում անօրինական միջամտության գործողությունների կանխման նպատակով, այդ թվում՝ ավիացիոն անվտանգության շահերից ելնելով՝ իրականացնում է օդանավակայանների, օդանավերի պահպանությունը, ուղևորների, ձեռքի ծանրոցների և ուղեբեռի ստուգում, ինչպես նաև օդանավերով տեղափոխվող բեռների նկատմամբ հսկողություն:
Յուրաքանչյուր Կողմ պրակտիկ հնարավորությունների շրջանակներում ապահովում է մյուս Կողմի խնդրանքի բավարարումը, որը վերաբերում է այդ Կողմի օդանավերի նկատմամբ ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների ընդունմանը:
Հ ո դ վ ա ծ 3
Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի օդանավի նկատմամբ անօրինական միջամտության գործողության կատարման կամ կատարման սպառնալիքի ծագման դեպքում անհապաղ տեղեկացնում է այդ մյուս Կողմին և նման գործողության կանխման կամ խափանման համար, ինչպես նաև ուղևորների, անձնակազմի անդամների պաշտպանության և անհրաժեշտ օգնության ցուցաբերման և օդանավի, ուղեբեռների, բեռների և փոստի պահպանության նպատակով ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները:
Քաղաքացիական ավիացիայի գործունեությունում անօրինական միջամտության գործողության կատարման կամ կատարման սպառնալիքի մասին տեղեկությունները ժամանակին ուղարկվում են շահագրգիռ Կողմերին, համաձայնեցված գործողությունների ապահովման և փոխադարձ օգնության ցուցաբերման համար:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմը, որի տարածքում վայրէջք է կատարել մյուս Կողմի անօրինական միջամտության ենթարկված օդանավը, գոյություն ունեցող կարգին համապատասխան, ապահովում է շահագրգիռ Կողմերի դիվանագիտական (հյուպատոսական) հաստատությունների, լիազոր մարմինների և ավիաձեռնարկությունների ներկայացուցիչների մուտքը այդ օդանավեր` նրանց կողմից անհրաժեշտ ծառայողական պարտականությունների կատարման համար:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմը, որի տարածքում վայրէջք է կատարել մյուս Կողմի անօրինական միջամտության ենթարկված օդանավը, հանցավոր գործողությունը խափանելուց հետո, անհրաժեշտ օգնություն և օժանդակություն է ցուցաբերում օդանավի անձնակազմի անդամներին և ուղևորներին` նշանակման կետ թռիչքը շարունակելու կամ թռիչքի մեկնման կետ վերադառնալու համար, ինչպես նաև բժշկական օգնություն` տուժած անձանց:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերից որևէ մեկի օդանավի նկատմամբ անօրինական միջամտության գործողություն կատարած կամ կատարելու փորձ իրականացրած անձանց նկատմամբ ընդդատության, այդ անձանց հանձնման, ինչպես նաև նման դեպքերի քննության ժամանակ իրավական օգնության ցուցաբերման հարցերը լուծվում են Կողմերի միջպետական համաձայնագրերին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը համագործակցում են ավիացիոն անվտանգության իրենց ազգային ծրագրերի կատարելագործման նպատակներով:
Համագործակցությունը իրականացվում է ավիացիոն անվտանգության գոյություն ունեցող տեխնիկական միջոցների կիրառման և կատարելագործման, սարքավորումների նոր տեսակների հետազոտությունների և մշակման, կադրերի պատրաստման, ծրագրերի մշակման և իրագործման բնագավառներում, ինչպես նաև օդանավերի, ուղևորների, անձնակազմերի անդամների, բեռների և փոստի ավիացիոն անվտանգության և սպասարկման տեխնոլոգիաների ապահովման միասնական կանոնների մշակման և կիրառման համար:
Հ ո դ վ ա ծ 8
Անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանությանն ուղղված և սույն Համաձայնագրի դրույթների իրագործման համար Կողմերի համապատասխան լիազոր մարմինների փոխգործակցության ապահովման համար Կողմերի համաձայնեցված գործողությունների ձեռքբերման նպատակով, Միջպետական ավիացիոն կոմիտեին կից ձևավորվում է ավիացիոն անվտանգության Համակարգող խորհուրդ:
Ավիացիոն անվտանգության Համակարգող խորհրդի Կանոնադրությունը հաստատում է ավիացիայի և օդային տարածության օգտագործման Խորհուրդը:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված հարցերը լուծվում են Կողմերի լիազոր մարմինների միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով կամ ավիացիայի և օդային տարածության օգտագործման Խորհրդի կողմից:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 11
Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կարող են սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարել:
Հ ո դ վ ա ծ 12
Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու ժամկետից առնվազն իննսուն օր առաջ ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող և սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստակամ այլ պետությունների կողմից միանալու համար:
Կատարված է Մինսկ քաղաքում 1995 թվականի մայիսի 26-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի ապրիլի 10-ից:
