ՄԱՔՍԱՅԻՆ
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ, ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տնտեսական և մաքսային հարաբերությունների ընդլայնման նպատակով, երկու երկրների շահերի հիման վրա և երկու երկրների տարածքում ուղևորների ու ապրանքների տարանցման արտոնություններ ստեղծելու նպատակով, նկատի ունենալով երկու երկրների հարաբերությունների զարգացումը երկու երկրների մաքսային ծառայությունների միջև, կնքվում է սույն Համաձայնագիրը.
Հոդված 1
Կողմերը համաձայնեցին, որ մինչև հիմնական մաքսատների և անհրաժեշտ շինությունների կառուցումը, սահմանային Մեղրի-Նորդուզ կետերում կձեռնարկեն ժամանակավոր մաքսատների կառուցում Արաքս գետի կամրջի երկու կողմում սույն Համաձայնագրի ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում:
Հոդված 2
Մեղրի-Նորդուզ մաքսատների բացմանը զուգընթաց Կողմերը սկսելու են հիմնական մաքսատների համալիրների կառուցման ուսումնասիրությունները համահավասար և ներդաշնակ կերպով:
Հոդված 3
Կողմերը համաձայնեցին ներդաշնակեցնել երկու մաքսատների աշխատաժամերը և աշխատանքային ծրագրերի արդյունավետ իրագործումը, և աշխատանքները ներդաշնակելու նպատակով նվազագույնը ամիսը մեկ անգամ երկու Կողմերի սահմանային մաքսատների պատասխանատուների միջև անցկացնել խորհրդակցություններ:
Հոդված 4
Իրանի մաքսային ծառայությունը, նկատի ունենալով մաքսային գործերում ունեցած իր փորձը, համաձայնեց Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության կազմավորման հարցում ուսուցողական օժանդակություն ցուցաբերելու նպատակով մասնագետներ գործուղել ըստ Հայաստանի հրավերի, ինչպես նաև ուսումնական ամեն մի շրջանի համար Հայաստանի մաքսային աշխատակիցներից առավելագույնը հինգ հոգու ընդունել` Իրանի մաքսային հաստատություններին ծանոթանալու և ուսանելու համար:
Հոդված 5
Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությունը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Հայաստանի մաքսային փաստաթղթերի միատեսակ պատրաստման և տպագրման բնագավառում:
Հոդված 6
Հայաստանի Հանրապետությունը ընդունում է, որ, մաքսային արտոնություններից առավելագույնս օգտվելու նպատակով, կարճ ժամանակամիջոցում անդամագրվելու է միջազգային TIR և Քարնե դե փասաժ Կոնվենցիաներին, որոնց անդամակցում է Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերը պայմանավորվում են սույն Համաձայնագրի հոդվածներին համապատասխան ներկայացնել իրենց երկրի տարածքից մյուս երկրի տարածք ապրանքների տարանցիկ փոխադրման թույլտվություն:
Ծանոթություն: Հիշյալ թույլտվությունը չի վերաբերում զենքին և զինամթերքին, բոլոր տեսակի թմրամիջոցներին, երկրների մշակութային նորմերին չհամապատասխանող հրատարակություններին, ֆիլմերին և նկարներին, ինչպես նաև առողջապահական տեսակետից արգելված ապրանքների մուտքին:
Հոդված 8
Ուղեբեռները և փոխադրամիջոցները, որոնց վերջնական նպատակակետը երրորդ երկիրն է, կհամարվեն տարանցիկ ապրանքներ:
Հոդված 9
Կողմերի տարածքում օգտագործվելիք տարանցիկ ճանապարհները կորոշվեն և կհայտարարվեն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և փոխադրության նախարարության կողմից:
Հոդված 10
Պայմանավորվող կողմերը տարանցիկ փոխադրման նպատակի լավագույնս իրականացման համար պարտավորվում են իրենց տարածքներում ստեղծել անհրաժեշտ դյուրին պայմաններ ճանապարհների և Կողմերի ապրանքների փոխադրության համար:
Հոդված 11
Տարանցիկ ապրանքի տերը կամ նրա ներկայացուցիչը Կողմերի տարածք ապրանք փոխադրելու համար մուտքի մաքսատանը կներկայացնի տարանցիկության հայտարարագիր, մեկական օրինակ բեռնագիր, ապրանքագիր (INVOICE) և փաթեթավորման թերթիկ (PACKING LIST):
Հոդված 12
Միատեսակ և նույնանման ապրանքների թռուցիկ ստուգումը կկատարվի Կողմերի մաքսային կանոնների և օրենքների հիման վրա` լիովին պահպանելով ամեն կարգի արտոնությունները և հնարավորին չափ սահմանափակվելով համառոտ ստուգումով: Մաքսային այս ձեռնարկումների իրականացումից հետո ապրանքի տվյալները կարձանագրվեն տարանցիկության հայտարարագրի մեջ, և ապրանքը սկզբնական կամ որևէ այլ փոխադրամիջոց բեռնվելուց և դրոշմակնիքը դրվելուց հետո կառաքվի նպատակակետ:
Հոդված 13
Տարանցիկ մաքսային ձևականությունների հետ կապվող բոլոր կարգի ծախսերը, որոնք վերաբերում են ապրանքին, օրենքների համաձայն` վճարվում են այն տարադրամի հիման վրա, որի շուրջ երկու Կողմերի դրամատնային վերադաս ղեկավարները համաձայնություն կկայացնեն:
Հոդված 14
Այն հաստատություններն ու ընկերությունները, որոնք երկու Կողմերը պաշտոնապես ներկայացնում են միմյանց, ըստ երկու երկրների օրենքների` տարանցիկ փոխադրումների համար անհրաժեշտ երաշխագին կներկայացնեն իրենց ապրանքը պահ տրված ավանդի ձևով:
Միաժամանակ, առավել դյուրին պայմաններ ստեղծած լինելու նպատակով, Իրանի մաքսային ծառայությունը համաձայնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության որևէ դրամատան կողմից լիակատար երաշխիք ստանալը բավարար կհամարի:
Ծանոթություն: 14-րդ հոդվածում նշված երաշխագինը ապրանքի երկրից դուրս գալուց հետո կվերադարձվի:
Հոդված 15
Երկու երկրների տարածքում տարանցիկ ապրանքների վաճառք չի թույլատրվում: Այս կարգի խախտման դեպքում կկիրառվեն տվյալ երկրի օրենքները:
Հոդված 16
Այն դեպքում, երբ երկու երկրների հպատակները նպատակադրված լինեն իրենց սեփական փոխադրամիջոցներով տարանցում կատարելու Կողմերից մեկի երկրից, նրանց փոխադրամիջոցը պետք է ստացած լինի միջազգային երթևեկության վավերական արտոնություն, ինչպիսիք են Քարնե դե փասաժը կամ Թրիփթիքը:
Ծանոթություն: Քանի որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը իր անձնական մեքենաների օգտագործման գծով չի անդամակցում Քարնե դե փասաժի Կոնվենցիային, Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությունը համաձայնում է, որ կանխիկ երաշխագնի փոխարեն կընդունի Իրանում Հայաստանի Հանրապետության քաղաքական ներկայացուցչության պարտավորությունը:
Հոդված 17
Սույն Համաձայնագիրը կազմված է 17 հոդվածից և երեք ծանոթությունից, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և պարսկերեն, և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Կատարված է Թեհրան քաղաքում 1992 թվականի մայիսի 6-ին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 6-ից:
