Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև մաքսային գործի բնագավառում հարաբերությունների հիմնադրույթների մասին Համաձայնագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Վրաստանի Հանրապետության մաքսային կոմիտեն, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1) «մաքսային օրենսդրություն» նշանակում է` ապրանքների, ուղևորների ձեռնածանրոցների և ուղեբեռի, միջազգային փոստային առաքումների, վալյուտային և այլ արժեքների ներմուծման, արտահանման և տարանցման, մաքսատուրքերի և այլ հարկերի ու գանձումների գանձման կարգին կամ զեղչերին, սահմանափակումների արգելքներին և թույլտվություններին, պետական սահմանով ապրանքների և այլ առարկաների տեղափոխման նկատմամբ հսկողությանը վերաբերող իրավական նորմերի համակցություն,
2) «մաքսային ծառայություններ» նշանակում է` Հայաստանի Հանրապետությունում` մաքսային վարչությունը, Վրաստանի Հանրապետությունում` մաքսային կոմիտեն,
3) «մաքսային խախտում» նշանակում է` մաքսային օրենսդրության ցանկացած խախտում, ինչպես նաև այդ օրենսդրության խախտման ցանկացած փորձ,
4) «անձ» նշանակում է` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
5) «թմրամիջոցներ» նշանակում են` այն նյութերը, որոնք ներառված են 1961 թվականի մարտի 30-ի «Թմրամիջոցների մասին» Միասնական կոնվենցիայի ցանկում,
6) «հոգեներգործող նյութեր» նշանակում են` այն նյութերը, որոնք ներառված են 1971 թվականի փետրվարի 21-ի «Հոգեներգործող նյութերի մասին» Կոնվենցիայի ցանկում:
ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
1. Կողմերը կիրականացնեն համագործակցություն, այդ թվում` անմիջականորեն հայ-վրացական և վրաց-հայկական պետական սահմաններում` իրենց իրավասությունների շրջանակներում և պահպանելով ներքին օրենսդրությունը հետևյալ հարցերում.
ա) ուղևորատար և բեռնատար հաղորդակցության դյուրացում,
բ) մաքսային տուրքերի և այլ ներմուծման ու արտահանման գանձումների ճշգրիտ գանձման ապահովում, ինչպես նաև ներմուծման և արտահանման զեղչերի ճիշտ կիրառում,
գ) մաքսային օրենսդրության խախտումների կանխում, քննություն և խափանում:
2. Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ միջազգային պարտավորություններով նախատեսված համագործակցության ոլորտները, և, մասնավորապես, որոնք վերաբերում են քրեական գործերով իրավական օգնությանը:
ՀՈԴՎԱԾ 3. ՄԱՔՍԱՅԻՆ ՁևԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՈՒՄ
1. Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ մաքսային ձևակերպումը դյուրացնելու ուղղությամբ` երկու պետությունների միջև ուղևորատար հաղորդակցությունը արագացնելու և հեշտացնելու նպատակով:
2. Հայ-վրացական պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը իրականացվում է փոխադարձ պայմանավորվածությամբ սահմանված անցման կետերով:
3. Կողմերը համաձայնեցնում են սահմանային մաքսային մարմինների աշխատանքի ռեժիմը, ընդ որում` հաշվի առնելով միջազգային հաղորդակցության մասին գործող համաձայնագրերը:
4. Կողմերը կճանաչեն միմյանց մաքսային ապահովումները (կապարակնիքները, կնիքները, դրոշմվածքները, դրոշմակնիքները և այլն):
5. Տարանցիկ բեռները ազատվում են մաքսային զննումից` տրանսպորտային միջոցների բեռնային բաժինների, բեռնարկղերի կամ առանձին տեղերի փաթեթավորման պահպանման պայմանով, ինչպես նաև մաքսային ապահովումներից` բացառությամբ, երբ հիմքեր կան ենթադրելու, որ բեռները պարունակում են ապրանքներ, որոնք, Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան, արգելված են տարանցման առանց հատուկ թույլտվության:
6. Կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ կարող են կիրառել մաքսային փաստաթղթերի միատեսակ ռուսերեն ձևաթղթեր:
ՀՈԴՎԱԾ 4. ՊԱՅՔԱՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ և ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ
1. Կողմերը թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի մաքսանենգությունը և ապօրինի առևտուրը կանխելուն, քննելուն և կասեցնելուն ուղղված գործողությունների ակտիվացման նպատակով առանց հարցման և հնարավոր կարճ ժամկետում միմյանց հաղորդում են տեղեկություններ.
ա) այն անձանց մասին, որոնց մասին հայտնի է, որ նրանք զբաղվում են թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի մաքսանենգությամբ կամ ապօրինի առևտրով կամ կասկածվում են դրանում,
բ) այն ցամաքային, ջրային և օդային տրանսպորտային միջոցների, բեռնարկղերի և ծանրոցների մասին, որոնց վերաբերյալ հայտնի է, որ դրանք օգտագործվում են թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի մաքսանենգության համար կամ այդ առումով կասկածի տեղիք են տալիս:
2. Կողմերը առանց հարցման միմյանց հաղորդում են տեղեկություններ թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրի ժամանակ կիրառվող մաքսանենգության եղանակների ու մեթոդների մասին, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության նոր մեթոդների արդյունավետության մասին:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան Կողմերից որևէ մեկի ստացած տեղեկությունները, հաղորդումները և փաստաթղթերը կարող են փոխանցվել նրա իրավապահ և այլ պետական մարմիններին, որոնք զբաղվում են թմրամոլության և թմրամիջոցների ու հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրի դեմ պայքարով:
4. Ներքին օրենսդրության հիման վրա և փոխադարձ համաձայնությամբ Կողմերը, անհրաժեշտության դեպքում, օգտագործում են թմրամիջոցների և հոգեներգործող միջոցների հսկվող մատակարարումների մեթոդը` դրանց ապօրինի շրջանառությանը մասնակից անձանց բացահայտելու նպատակով:
Հսկվող մատակարարումների մեթոդի օգտագործման մասին որոշումը Կողմերը կայացնում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքում և կարող են անհրաժեշտության դեպքում հաշվի առնել Կողմերի ֆինանսական պայմանավորվածությունները:
5. Կողմերը կարող են ընդլայնել սույն Համաձայնագրի գործողության ոլորտը` տարածելով այն նաև այն նյութերի վրա, որոնք կիրառվում են թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի արտադրության համար:
ՀՈԴՎԱԾ 5. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
1. Կողմերը միմյանց, ըստ հարցման, փոխանցում են, այդ թվում նաև հաղորդագրությունների, արձանագրությունների կամ պաշտոնական և այլ փաստաթղթերի հավաստված պատճենների ուղարկման միջոցով, իրենց տրամադրության տակ եղած տեղեկությունները.
ա) այն հանգամանքների մասին, որոնք թույլ են տալիս ճշգրիտ գանձել մաքսային տուրքերը և այլ ներմուծման ու արտահանման վճարումները, ինչպես նաև որոշել ներմուծման և արտահանման արտոնությունների կիրառման հավաստիությունը,
բ) այն բացահայտված կամ նախատեսվող գործողությունների մասին, որոնք հակասում են հարցվող Կողմի մաքսային օրենսդրությանը:
2. Կողմերը հնարավորինս կարճ ժամկետում առանց հարցման միմյանց հայտնում են նաև բոլոր տեղեկությունները մաքսային օրենսդրության հնարավոր խախտումների մասին, որոնց դեմ պայքարում գոյություն ունի հատուկ շահագրգռվածություն: Դա, առաջին հերթին, վերաբերում է հետևյալ առարկաների տեղափոխման բնագավառում խախտումներին.
ապրանքներ և բեռներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի կամ բնակչության առողջության համար,
զենք և ռազմամթերք, պայթուցիկ և թունավորող նյութեր,
նշանակալի պատմական, գեղարվեստական, մշակութային կամ հնագիտական արժեք ունեցող առարկաներ,
Կողմերի օրենսդրությանը համապատասխան բարձր մաքսային տուրքերով հարկման ենթակա ապրանքներ,
հատուկ կարևորություն ունեցող ապրանքներ, որոնք ենթարկվում են սակագնային սահմանափակման` Կողմերի համաձայնեցրած ցանկերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
1. Կողմերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում միմյանց փոխանցում են գործող օրենսդրության մաքսային հարցերով ներքին ակտերի, կանոնների և հրահանգների պատճենները և հետագայում անհապաղ կտեղեկացնեն միմյանց նշված ակտերում, կանոններում և հրահանգներում բոլոր փոփոխությունների մասին:
2. Մի Կողմը մյուս Կողմի հարցմամբ, պահպանելով ստացողի իրավունքները, փոխանցում է վարչական մարմինների` մաքսային կանոնների կիրառմանը վերաբերող բոլոր որոշումների պատճենները:
3. Փաստաթղթերի փոխանցման մասին հարցումներում, ի տարբերություն սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածում նախատեսված պահանջների, կարող է գործի էությունը չնկարագրվել:
4. Փաստաթղթերի փոխանցումը պետք է ունենա փոխանցման ամսաթվի նշումով հասցեատիրոջ կողմից դրանք ստացվելու մասին հաստատում` հարցված մաքսային ծառայության հավաստումով
ՀՈԴՎԱԾ 7. ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
1. Կողմերը`
ա) կատարում են իրենց գործունեության փորձի և մաքսային օրենսդրության խախտումների կատարման նոր միջոցների և եղանակների մասին տեղեկությունների փոխանակում,
բ) միմյանց հայտնում են իրենց մաքսային օրենսդրության փոփոխությունների, ինչպես նաև մաքսային ծառայությունների կողմից տեխնիկական օժանդակ միջոցների կիրառման մասին,
գ) տեղեկացնում են միմյանց մաքսային գործի ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին:
2. Կողմերը միմյանց տեխնիկական օգնություն են ցուցաբերում մաքսային գործի բնագավառում, ներառյալ`
ա) մաքսատների աշխատակիցների փոխանակում փոխադարձաբար հետաքրքրություն ներկայացնող դեպքերում` երկու մաքսային ծառայությունների կողմից օգտագործվող տեխնիկական միջոցներին ծանոթացնելու նպատակով
բ) ուսուցում և օգնություն մաքսատան աշխատակիցների հատուկ հմտությունների կատարելագործման հարցում,
գ) մաքսային հարցերով փորձագետների փոխանակում,
դ) մաքսային հարցերին վերաբերող մասնագիտական, գիտական և տեխնիկական տեղեկությունների փոխանակում:
ՀՈԴՎԱԾ 8. ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
1. Մի Կողմի հարցմամբ մյուս Կողմը ստուգում կամ քննություն է անցկացնում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի առաջին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան:
2. Ստուգման կամ քննության արդյունքները հաղորդվում են հարցում անող Կողմին սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի առաջին կետով նախատեսված ընթացակարգին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՐՑՄԱՆ ՁևԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան հարցումը արվում է գրավոր: Հարցում կատարելու համար անհրաժեշտ կցվող փաստաթղթերը պետք է լինեն բնօրինակով, պաշտոնապես հավաստված պատճեններով կամ լուսապատճեններով:
2. Հարցումը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
ա) մաքսային մարմինը, որի շահերը ընկած են հարցման հիմքում,
բ) ընթացակարգի տեսակը,
գ) հարցման առարկան և պատճառները,
դ) ընթացակարգի մասնակիցների ազգանունը, հասցեն և այլ տվյալները,
ե) գործի էության համառոտ նկարագրությունը և դրա իրավաբանական որակավորումը:
ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՐՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ
1. Օգնություն ցուցաբերելուն և հարցումը կատարելուն ուղղված միջոցառումներ կատարելիս կիրառվում են հարցվող Կողմի իրավական նորմերը: Ընդ որում, փաստաթղթերի և այլ նյութերի պատճենների փոխանցումը հանդիսանում է տեղեկության փոխանցման տեսակներից մեկը: Ստուգման և քննության ժամանակ հարցվող մաքսային ծառայությունը գործում է այնպես, ինչպես իր սեփական խնդիրները կատարելիս, սակայն առանց կիրառելու այնպիսի հարկադրական միջոցներ, ինչպիսիք են բռնագրավումը և խուզարկությունը: Հարցում անող մաքսային ծառայության խնդրանքը` գործել որոշակի ձևով կամ թույլատրել իր ներկայացուցչին` մասնակցելու գործողություններին, կարող է բավարարվել, եթե դա չի հակասում հարցվող պետության օրենսդրությանը:
2. Եթե հարցվող մաքսային ծառայությունը ստանում է իր իրավասության մեջ չմտնող հարցում, նա հանձնում է այն իրավասու մարմնին և այդ մասին տեղեկացնում է հարցում անող Կողմին:
3. Եթե հարցումը չի կարող կատարվել, ապա հարցվող մաքսային ծառայությունը հայտնում է այդ մասին` նշելով մերժման պատճառները: Միաժամանակ նա տեղեկացնում է տվյալ գործի համար նշանակություն ունեցող հայտնի դարձած այլ հանգամանքների մասին:
ՀՈԴՎԱԾ 11. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Փաստաթղթերի բնօրինակների ուղարկումը կարող է պահանջվել միայն այն դեպքերում, եթե այդ փաստաթղթերի պատճենները կամ լուսապատճենները անբավարար են:
2. Փաստաթղթերի բնօրինակները պետք է վերադարձվեն հնարավորինս կարճ ժամկետում:
3. Սույն հոդվածի դրույթները կատարելիս չպետք է ոտնահարվեն հարցվող Կողմի կամ երրորդ կողմի իրավունքները:
ՀՈԴՎԱԾ 12. ՍՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Կողմերը սույն Համաձայնագրին համապատասխան ստացած տեղեկությունները և փաստաթղթերը կարող են օգտագործել որպես ապացույցներ մաքսային իրավախախտումների հետ կապված քննությունների և դատական վարույթի ժամանակ իրենց արձանագրություններում, հաղորդագրություններում և վկաների ցուցմունքներում: Այդ տեղեկությունների և փաստաթղթերի ապացուցողական ուժը, ինչպես նաև դրանց օգտագործումը դատարանում որոշվում են հարցում անող Կողմի ներքին օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 13. ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Եթե հարցվող Կողմը գտնում է, որ հարցման կատարումը կարող է վնասել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ իր Կողմի այլ էական շահերին, ապա նա կարող է մերժել օգնությունը ամբողջությամբ կամ մասամբ և հարցման կատարումը կապել որոշակի պայմանների իրականացման հետ:
2. Եթե ուղարկվում է օգնության մասին այնպիսի հարցում, որը հարցում անող Կողմի կողմից չի կարող ցուցաբերվել իրեն նմանատիպ հարցմամբ դիմելու դեպքում, ապա հարցման մեջ անհրաժեշտ է այդ մասին նշել: Նման հարցումները կատարելու մասին որոշումը կայացնում է հարցվող Կողմը:
ՀՈԴՎԱԾ 14. ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Օգնություն ցուցաբերող Կողմին հատուցվում են միայն այն ծախսերը, որոնք կատարվել են սույն Համաձայնագրին համապատասխան հարցումը կատարելիս` մաքսային ծառայությունում չաշխատող փորձագետներին և թարգմանիչներին վարձատրելու կապակցությամբ:
Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթների կատարման հետ կապված ծախսերի հատուցումը Կողմերի մաքսային ծառայությունների միջև կարող է լինել առանձին պայմանավորվածության առարկա:
ՀՈԴՎԱԾ 15. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
1. Կողմերը իրենց իրավասությունների շրջանակներում հրապարակում են սույն Համաձայնագրի կատարման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
2. Երկու Կողմերի մաքսային ծառայությունների ներկայացուցիչները պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության կհանդիպեն միմյանց հետ` հաջորդաբար այս կամ այն Կողմի տարածքում` սույն Համաձայնագրի կատարման հետ կապված հարցերը քննարկելու համար:
ՀՈԴՎԱԾ 16. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի ժամկետով և յուրաքանչյուր անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե այդպիսի հնգամյա ժամանակաշրջանը լրանալուց վեց ամիս առաջ Կողմերից ոչ մեկը գրավոր չհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Թբիլիսի քաղաքում 1993 թվականի հունիսի 15-ին, երկու օրինակով, հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 15-ից:
