Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող Կողմեր,
ղեկավարվելով ընդհանուր ցանկությամբ` դյուրացնել իրենց այն քաղաքացիների փոխադարձ ուղևորությունները, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր, դրանով իսկ խթանելով վստահելի փոխհամագործակցությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Հայկական կողմը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր, կազատի այցելության կամ կեցության նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ մուտքի արտոնագիր ստանալու պարտավորությունից, եթե այցելության կամ կեցության նպատակով այնտեղ գտնվելու ժամկետը չի գերազանցում, մուտք գործելու օրվանից հաշված, 90 (իննսուն) օր ժամկետը:
2. Բրազիլական կողմը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր, կազատի այցելության կամ կեցության նպատակով Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ մուտքի արտոնագիր ստանալու պարտավորությունից, եթե այցելության կամ կեցության նպատակով այնտեղ գտնվելու ժամկետը չի գերազանցում, մուտք գործելու օրվանից հաշված, 90 (իննսուն) օր ժամկետը:
3. Երկրներից յուրաքանչյուրի քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր, և որոնք նպատակ ունեն մյուս երկրի տարածքում գտնվել 90 (իննսուն) օրից ավելի ժամկետով, պետք է նախապես ստանան մուտքի արտոնագիր: Մուտքի արտոնագիրը կտրամադրվի Կողմ հանդիսացող երկրի դիվանագիտական ներկայացուցչության կողմից` առանց գանձում կատարվելու:
Հոդված 2
1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր, և որոնք, որպես դիվանագիտական ներկայացուցչության անդամներ, պաշտոնական ծառայությամբ գտնվում են Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում (ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները), կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել և գտնվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում իրենց ծառայության ողջ ժամկետի ընթացքում:
2. Բրազիլիայի Դաշնային Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր, և որոնք, որպես դիվանագիտական ներկայացուցչության անդամներ, պաշտոնական ծառայությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները), կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել և գտնվել Հայաստանում իրենց ծառայության ողջ ժամկետի ընթացքում:
Հոդված 3
1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են Բրազիլիայի Դաշնային Հանրապետության տարածքում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ կամ այդ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, և քանի դեռ ունեն վավերական դիվանագիտական և ծառայողական անձնագրեր, կարող են իրենց ծառայության ընթացքում մուտք գործել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ առանց որևէ մուտքի արտոնագրի:
2. Բրազիլիայի Դաշնային Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ կամ այդ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, և քանի դեռ ունեն վավերական դիվանագիտական և ծառայողական անձնագրեր, կարող են իրենց ծառայության ընթացքում մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ առանց որևէ մուտքի արտոնագրի:
Հոդված 4
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ իրեն իրավունք է վերապահում կասեցնել սույն Համաձայնագրի վերոհիշյալ դրույթները լիովին կամ մասամբ` ելնելով պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության պահպանման և այլ լուրջ պատճառներից:
2. Պայմանավորվող Կողմը դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող Կողմին պետք է անհապաղ ծանուցի նման կասեցման և վերջինիս վերացման մասին:
Հոդված 5
1. Պայմանավորվող Կողմերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան երեսուն (30) օր առաջ դիվանագիտական ուղիներով կփոխանակեն իրենց դիվանագիտական և ծառայողական գործող անձնագրերի նմուշ-օրինակները` դրանք զուգակցելով օգտագործման վերաբերյալ մանրամասն տեղեկություններով:
2. Դիվանագիտական և ծառայողական անձնագրերում որևէ փոփոխության դեպքում Կողմ հանդիսացող երկիրը մյուս Կողմին կուղարկի նոր նմուշ-օրինակները, դրանց կիրառելիության վերաբերյալ տեղեկությամբ հանդերձ, գործածության մեջ մտցնելուց ամենաուշը երեսուն (30) օր առաջ:
Հոդված 6
Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի մյուս Պայմանավորվող Կողմից վերոհիշյալ ծանուցումը ստանալուց երեսուն (30) օր հետո:
Հոդված 7
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկրորդ ծանուցման ստացման օրվանից հետո 30-րդ օրը, որով Պայմանավորվող Կողմերը ծանուցում են միմյանց դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջների կատարման մասին:
Կատարված է Բրազիլիա քաղաքում 2002 թվականի մայիսի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, պորտուգալերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Մեկնաբանության տարբերությունների դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի մայիսի 30-ից:
