Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը,
ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,
կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով,
գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում,
մտադրություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ.
1. մինչև 15.000.000 (բառերով՝ տասնհինգ միլիոն) գերմանական մարկ (7. 669378, 22 / բառերով՝ յոթ միլիոն վեց հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր յոթանասունութ ամբողջ քսաներկու/ եվրո) ընդհանուր գումարի վարկ՝ հետևյալ ծրագրերի իրականացման համար, եթե ստորև բերվող յուրաքանչյուր նախագծի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է.
ա) մինչև 10. 000. 000 (բառերով՝ տասը միլիոն) գերմանական մարկ (5.112.918,81 / բառերով՝ հինգ միլիոն հարյուր տասներկու հազար ինը հարյուր տասնութ ամբողջ ութսունմեկ/ եվրո) Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի վերականգնման համար.
բ) մինչև 5. 000. 000 (բառերով՝ հինգ միլիոն) գերմանական մարկ (2.556.459,41 / բառերով՝ երկու միլիոն հինգ հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր հիսունինն ամբողջ քառասունմեկ/ եվրո) այլ մարզերում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման նպատակով:
2) Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերը կարող են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծերով:
3) Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) վարկեր կամ դրամաշնորհներ ստանալ նախագծերի նախապատրաստման նպատակով կամ այլ դրամաշնորհներ ստանալ նախագծերի իրականացման և շարունակման նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:
Հոդված 2
1) Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված գումարների օգտագործումը, վերջիններիս տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալ տալու կարգը սահմանվում են վերականգնման վարկերի բանկի (KfW) և վարկառուների միջև հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող իրավական նորմերին:
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունում նշված գումարների տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե, տրամադրման տարվանից սկսած, 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման (ֆինանսավորման) մասին համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:
Վերոնշյալ գումարների համար ժամկետը լրանում է 2008 թվականի դեկտեմբերի 31-ին:
2) Այն դեպքերում, եթե վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է վերականգնման վարկերի բանկի (KfW) օգտին բոլոր վճարումները գերմանական մարկով՝ ի կատարումն սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հետագայում կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների:
Հոդված 3
Վերականգնման վարկերի բանկը (KfW) ազատվում է այն բոլոր հարկերից և պետական այլ վճարումներից, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրի կնքման և իրականացման հետ:
Հոդված 4
Վարկերի, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրումից բխող՝ ցամաքով, ջրով և օդով իրականացվող մարդկանց և ապրանքների փոխադրումների պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղևորներին և առաքողներին փոխադրող ընկերությունների ընտրության ազատություն է ընձեռում, չի ձեռնարկում այնպիսի միջոցառումներ, որոնք բացառում կամ խոչընդոտում են իրենց նստավայրը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հաստատած փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ ընկերությունների մասնակցությունն արտոնող թույլտվություններ է տալիս:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին: Հիմք է ընդունվում ծանուցման ստացման օրը:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի ապրիլի 11-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի նոյեմբերի 1-ից:
