Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ու Արգենտինայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
նկատի ունենալով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը,
նպատակ ունենալով ամրապնդել երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության կապերը,
ցանկանալով զարգացնել փոխադարձ տնտեսական հարաբերությունները,
հիմնվելով հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը, սույն Համաձայնագրի շրջանակներում և իրենց համապատասխան օրենսդրությունների համաձայն, կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար կստեղծեն նպաստավոր պայմաններ՝ նպատակ ունենալով.
ա/ ուսումնասիրել և զարգացնել նոր շուկաները,
բ/ օժանդակել տեխնոլոգիաների փոխանակմանը,
գ/ խթանել փոքր ու միջին չափի ձեռնարկությունների միջև համագործակցությունը,
դ/ աջակցել արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառներում երկու երկրների միջև համագործակցությանը,
ե/ զարգացնել հաղորդակցության միջոցները,
զ/ գտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ուղիներ:
Հոդված 3
Պայմանավորվող կողմերը համաձայնեցին միմյանց տրամադրել առավել բարենպաստ ռեժիմ ներմուծումների և արտահանումների հետ կապված մաքսերի, տուրքերի և այլ հարկերի, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքների փոխադրման կանոնների և ձևակերպումների վերաբերյալ:
Հոդված 4
Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում.
ա) այն արտոնության կամ տուրքերից ազատման վրա, որոնք շնորհված են կամ կարող են շնորհվել Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից իր հարևան երկրներին՝ սահմանամերձ առևտուրը դյուրացնելու նպատակով,
բ/ այն արտոնության կամ տուրքերից ազատման վրա, որոնք շնորհված են կամ կարող են շնորհվել Պայմանավորվող կողմերից որևէ մեկին՝ ազատ առևտրի գոտու, մաքսային միության, ընդհանուր շուկայի կամ ցանկացած տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի որևէ ձևի մասնակցության հետևանքով,
գ/ այն արտոնության կամ տուրքերից ազատման վրա, որոնք շնորհված են Արգենտինայի Հանրապետության կողմից Իտալիայի հետ 1987թ. դեկտեմբերի 10-ին կնքված և Իսպանիայի հետ 1988թ. հունիսի 3-ին կնքված երկկողմ համաձայնագրերի հիման վրա:
Հոդված 5
Պայմանավորվող կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցությունը կիրագործվի համաձայն յուրաքանչյուր երկրում գործող արտահանման և ներմուծման վերաբերյալ օրենքների:
Սույն Համաձայնագրի շրջանակներում նախատեսված առևտրատնտեսական գործունեությունը կիրագործվի երկու երկրների հասարակական և մասնավոր ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև պայմանագրերի կամ համաձայնագրերի միջոցով:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հնարավորության սահմաններում կօժանդակի և կաջակցի պայմանագրերի կամ համաձայնագրերի կնքմանն ու իրագործմանը` սույն Համաձայնագրի դրույթներին համաձայն:
Հոդված 6
Սույն Համաձայնագրի շրջանակներում կատարվող գործարքների համար վճարումները կկատարվեն ազատ փոխարկելի արժույթով, եթե այլ պայմանավորվածություն ձեռք չբերվի կոնկրետ գործարքում ներգրավված Կողմերի միջև՝ յուրաքանչյուր երկրում գործող օրենսդրության համաձայն:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն երկու երկրների հասարակական և մասնավոր ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների մասնակցությունը երկու երկրներում անցկացվելիք միջազգային ցուցահանդեսներին ու տոնավաճառներին, ինչպես նաև տարբեր տեսակի առևտրատնտեսական տեղեկության փոխանակումը:
Հոդված 8
Պայմանավորվող կողմերը, համաձայն իրենց համապատասխան օրենսդրության, կհեշտացնեն համատեղ ձեռնարկությունների տարբեր ձևերի զարգացումը, կստեղծեն ուղղակի ներդրումների և առևտրական գործունեության համար բարենպաստ պայմաններ, կկատարեն փորձի փոխանակում տարբեր բնագավառներում կոմերցիոն գործողությունների իրականացման և փորձագետների վերապատրաստման միջոցով:
Հոդված 9
Պայմանավորվող կողմերը համաձայնեցին ստեղծել հայ-արգենտինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ կոմիտե՝ սույն Համաձայնագրի իրագործումը վերահսկելու, Պայմանավորվող կողմերին աջակցելու, ինչպես նաև երկու երկրների միջև առևտուրն ընդլայնելու ու համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ առաջարկություններ ու հանձնարարականներ ներկայացնելու նպատակով:
Համատեղ կոմիտեն նիստեր կգումարի հաջորդաբար Հայաստանում և Արգենտինայում՝ այն ժամանակ, երբ երկու Պայմանավորվող կողմերը նպատակահարմար գտնեն:
Համատեղ կոմիտեն, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել աշխատանքային խմբեր և նշանակել փորձագետներ և խորհրդատուներ՝ հանդիպումներին մասնակցելու համար:
Հոդված 10
Պայմանավորվող կողմերի միջև ծագած հնարավոր տարաձայնությունները, կապված սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ, կլուծվեն դիվանագիտական ուղիներով՝ ուղղակի բանակցությունների միջոցով:
Հոդված 11
Պայմանավորվող կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ փոփոխություններ մտցնել սույն Համաձայնագրի մեջ:
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման համար պահանջվող համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի ծանուցման վերջին օրը:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի ևս մեկ տարով, եթե Կողմերից մեկը սույն Համաձայնագրի ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին նրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Համաձայնագրի դրույթներն ուժի մեջ են մնում նրա գործողության ընթացքում կնքված յուրաքանչյուր պայմանագրի համար, մինչև նշված պայմանագրերի կամ համաձայնագրերի լրիվ կատարումը:
Կատարված է Բուենոս Այրես քաղաքում 1994թ. մայիսի 3-ին, երեք բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, իսպաներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 15-ից:
