Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և խափանման ոլորտում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
ձգտելով զարգացնել համագործակցությունը բարեկամությանը և փոխըմբռնմանը համահունչ,
ելնելով մարդու կյանքի, իրավունքների և ազատությունների, պատվի և արժանապատվության, հասարակության և պետության շահերի պաշտպանությունն ապահովելու ձգտումից,
մտահոգություն հայտնելով հանցավորության, հատկապես դրա կազմակերպված ձևերի ծավալների աճով և միտումներով,
կարևոր նշանակություն տալով մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր ճանաչման գործում միջազգային համագործակցությանը,
պահպանելով միջազգային իրավական նորմերը և իրենց պետությունների ներքին օրենսդրությունը, ինչպես նաև ղեկավարվելով հավասարության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Համագործակցության ոլորտները
1. Կողմերը, համաձայն իրենց պետությունների ազգային օրենսդրության և սույն Համաձայնագրի դրույթների, կհամագործակցեն հանցագործությունների կանխարգելման և խափանման գործում, հատկապես` հետևյալ ոլորտներում.
1) քաղաքացու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ,
2) ահաբեկչության հետ կապված հանցագործություններ,
3) զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ կապված հանցագործություններ,
4) պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստման և տարածման հետ կապված հանցագործություններ, հատկապես` անչափահասների վերաբերյալ,
5) մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիկինգի, շահագործման և քաղաքացուն ազատությունից զրկելու հետ կապված հանցագործություններ,
6) մարդկանց օրգանների, հյուսվածքների, բջիջների անօրինական առևտրի հետ կապված հանցագործություններ,
7) անօրինական միգրացիա,
8) հասարակական և պատմական նշանակություն ունեցող մշակութային արժեքների նկատմամբ հանցավոր ոտնձգություններ,
9) արժեթղթերի, փաստաթղթերի և վճարման էլեկտրոնային միջոցների կեղծում, անօրինական պատրաստում և տարածում,
10) ավտոտրանսպորտային միջոցների հափշտակում և նշված բնագավառում անօրինական գործունեություն,
11) հեռահաղորդակցման միջոցների օգտագործմամբ կատարված խարդախություն, ֆինանսական խարդախություն և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում,
12) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառություն,
13) ինտերնետի բնագավառում կատարվող հանցագործություններ,
14) մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործություններ,
15) շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործություններ:
2. Կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.
1) հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզում և վտարում,
2) անհայտ անձանց, չճանաչված դիակների և անհետ կորած անձանց ինքնության նույնացում,
3) հանցագործության իրեղեն ապացույցների որոնման և տրամադրման գործում:
Հ ո դ վ ա ծ 2
Համագործակցության ձևերը
Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի մասնավորապես`
1) սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում թվարկված հանցագործությունների կանխարգելման և խափանման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով,
2) փորձագետների փոխանակման միջոցով, մասնավորապես՝ կրիմինալիստական հնարքների և հանցավորության դեմ պայքարի օպերատիվ մեթոդների և մարտավարության ոլորտներում,
3) հրատարակությունների, գիտական հետազոտությունների, վիճակագրական տվյալների փոխանակման միջոցով, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հրապարակման ենթակա ոլորտներում համատեղ գիտական հետազոտությունների արդյունքների վրա հիմնված իրավական նորմատիվների ներմուծման միջոցով,
4) հանցագործությունների նոր տեսակների, դրանց կանխման և հայտնաբերման մեթոդների ու ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով,
5) դասախոսությունների, խորհրդակցությունների, սեմինարների անցկացման, ինչպես նաև հատուկ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման եղանակով աշխատանքի փորձի փոխանակման միջոցով:
Հ ո դ վ ա ծ 3
Գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը
1. Կողմերը կապահովեն, որ միմյանց փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանվի: Նման տեղեկատվության գաղտնիության աստիճանը կարգավորվում է այն տրամադրող Կողմի ներպետական օրենսդրությամբ:
2. Միմյանց փոխանցված գաղտնի տեղեկատվությունը կարող է տրամադրվել երրորդ կողմի միայն տեղեկատվությունը տրամադրող Կողմի գրավոր համաձայնությամբ և չի կարող օգտագործվել այլ նպատակներով:
3. Գաղտնիության պահպանման անհնարինության կամ գաղտնի տեղեկատվության բացահայտման դեպքում մյուս Կողմը այդ մասին անհապաղ կտեղեկացնի տրամադրող Կողմին:
Հ ո դ վ ա ծ 4
Հարցում
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է Կողմերի հարցումների հիման վրա:
2. Հարցումն ուղարկվում է գրավոր, այդ թվում` կապի տեխնիկական միջոցների օգնությամբ: Հրատապ դեպքերում հարցումը կարող է կատարվել բանավոր, սակայն երեք օրվա ընթացքում այն պետք է հաստատվի գրավոր:
3. Հարցում ստացած Կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները հարցմանն արագ և սպառիչ պատասխանելու համար:
Հ ո դ վ ա ծ 5
Հարցման մերժումը
Սույն Համաձայնագրի շրջանակներում հարցման կատարումը կարող է մերժվել ամբողջովին կամ մասնակիորեն, եթե հարցում ստացած Կողմը կարծում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր շահերին, անվտանգությանը և իր պետության ինքնիշխանությանը, ինչպես նաև` հասարակական կարգին, կամ հակասում է իր օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
Հարցման կատարումը մերժելու մասին որոշում կայացվելու դեպքում հարցում ուղարկած Կողմը այդ մասին գրավոր ծանուցվում է. ծանուցագրում նշվում են մերժման պատճառները:
Հ ո դ վ ա ծ 6
Ծախսեր
Կողմերն իրենք կկրեն այն ծախսերը, որոնք կարվեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքում, եթե յուրաքանչյուր առանձին դեպքի համար այլ կարգ չի սահմանվի:
Հ ո դ վ ա ծ 7
Լեզուն
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցություն իրականացնելու նպատակով Կողմերը կօգտվեն չինարենից, հայերենից և ռուսերենից:
Հ ո դ վ ա ծ 8
Վեճերի լուծումը
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագած վեճերը կամ տարաձայնությունները Կողմերը կլուծեն անմիջական բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 9
Փոփոխությունները և լրացումները
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:
Հ ո դ վ ա ծ 10
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման ավարտը հավաստող վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով փոխադարձաբար ստանալուց հետո` երեսուն օրը լրանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով: Նման դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է այդ ծանուցումը Կողմերից մեկի ստանալու ամսաթվից երեք ամիսը լրանալուց հետո:
Կատարված է Պեկին քաղաքում 2015 թվականի մարտի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Տարընթերցման դեպքում գերակայում է ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. փետրվարի 15-ին
