ԷՎՐԻՄ ՕՔԹԵՄՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2008թ. նոյեմբերի 4-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1981 թվականին, բնակվում է Ստամբուլում:
6. Ըստ պաշտոնական վարկածի` 1995 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով երեք ոստիկան՝ Ռ.Չ.-ն, Մ.Յ.-ն և Ի.Կ.-ն, ովքեր վերահսկում էին Բարաբարոս (Բաղչիլար) դպրոցի մոտակայքը, նկատել են, թե ինչպես 7 կամ 8 երիտասարդ դպրոցի դարպասներից կախում են Դեվրիմիչի Օգրենչի Բիրլիղին (Ուսանողների հեղափոխական միություն) նվիրված պաստառ: Դրանից հետո ոստիկանները որպես նախազգուշացում օդ են կրակել: Ցուցարարները ցրվել են, ոստիկանները հետևել են նրանց` շարունակելով ատրճանակներով սպառնալ:
Հենց այդ ժամանակ, թիվ 1/15 փողոցում Ռ.Չ.-ն հայտնաբերել է դիմողին, ում ծունկը վիրավորվել էր կույր փամփուշտով:
7. Դիմողը նշել է, որ պատահաբար է գտնվել դեպքի վայրում:
8. Ոստիկան Ռ.Չ.-ն նրան անմիջապես տեղափոխել է Բաղչիլարի քաղաքացիական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ փամփուշտը հանելու համար անհրաժեշտ է վիրահատություն կատարել:
Մյուս օրը դիմողին հանձնել են նրա ընտանիքի խնամքին:
9. Նույն` 1995 թվականի նոյեմբերի 8-ին Ռ.Չ.-ի զենքը փորձաքննության է ենթարկվել: Պարզվել է, որ քննության առարկա կրակոցն արձակվել է վերջինից:
10. Նոյեմբերի 9-ին դիմողը տեղափոխվել է Վալիդեբաղ վերականգնողական կենտրոն, որտեղ պահվել է մինչև նոյեմբերի 30-ը: Նույն օրը կենտրոնի բժիշկների խորհուրդը եզրակացրել է, որ նրա վերականգնման համար անհրաժեշտ է 2 ամիս: Դրանից հետո դիմողը հետազոտվել է Բակիրկոյի դատաբժշկական ինստիտուտում:
Բժշկական փորձաքննության վերջնական զեկույցում, որը հրապարակվել է 1996 թվականի մարտի 19-ին, հաստատվել է, որ դիմողը վիրավորվել է փամփուշտով, որի հետևանքով առաջացել է 60-օրյա անաշխատունակություն:
11. 1996 թվականի մարտի 14-ին դիմողի հայրը Ռ.Չ.-ի դեմ բողոք է ներկայացրել Բակիրկոյի հանրային դատախազին:
1996 թվականի ապրիլի 17-ի հարցաքննության ընթացքում Ռ.Չ.-ն հայտնել է, որ սկզբում նա փորձել է օգնություն խնդրել ցուցարարներից, սակայն վերջիններս միանգամից անցել են հարձակման՝ աղաղակելով, որ այս վայրը նրա գերեզմանն է դառնալու: Նա ավելացրել, որ նրանց ցրելու համար ստիպված է եղել օդ կրակել, նա նաև կրակել է գետնին և այդ փամփուշտներից մեկը հետադարձ հարվածով դիպել է դիմողին:
12. 1996 թվականի ապրիլի 18-ին դատախազը զենքից կրակոց արձակելու և մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ Ռ.Չ.-ի դեմ մեղադրանք է ներկայացրել Բակիրկոյի դատարան և պահանջել նրան քրեական օրենսգրքի 456-րդ հոդվածի 2-րդ մասի, 457-րդ հոդվածի 1-ին մասի և 281-րդ հոդվածի հիման վրա ազատել քրեական պատասխանատվությունից:
13. Դատաքննությունն սկսվել է 1997 թվականի փետրվարի 25-ին, Ռ.Չ.-ի բացակայությամբ: Դիմողի հայրը ներգրավվել է գործի քննությանը և, հիմնվելով բժշկական փորձաքննության ու եզրակացությունների վրա, օրենքով սահմանված կարգի խախտմամբ գործելու վերաբերյալ մեղադրանք է ներկայացրել Ռ.Չ.-ին:
1997 թվականի մայիսի 15-ին դիմողը հարցաքննվում է դատավորների կողմից, հարցաքննության ընթացքում նա հայտնել է, որ.
«Դեպքի օրը ես անցնում էի դպրոցի մոտով: Դասերի վերջանալու ժամն էր և աշակերտները պատրաստվում էին դուրս գալ: Այդ պահին քաղաքացիական զգեստով մի մարդ դուրս եկավ տաքսիից՝ ձեռքին ատրճանակ և սկսեց կրակել: Բոլորը, այդ թվում նաև ես, սկսեցին փախչել: Ես չէի պատկերացնում, որ այդ մարդը կարող է ոստիկան լինել: Դեպքի վայրում ոչ մի ցույց չկար կամ գուցե ես չեմ հասկացել: Մի փոքր խումբ կար` հաստատ, բայց հենց դասերի ավարտի ժամն էր»:
14. Մինչ այս պահը հնարավորություն չի եղել հարցաքննելու ոչ Ռ.Չ.-ին, որն այդ ընթացքում թոշակի էր անցել, ոչ նրա 2 գործընկերներին, քանի որ նրանց գտնվելու վայրը հնարավոր չէր բացահայտել: Հաջորդ 7 դատաքննությունների ընթացքում իրավիճակը չի փոխվել:
15. 1999 թվականի մայիսի 14-ին Ռ.Չ.-ին կալանավորելու մասին որոշում է կայացվել:
16. 1999 թվականի նոյեմբերի 9-ին հարցաքննվել է ոստիկան Մ.Յ.-ն: Նա հայտարարել է, որ այդ օրը նա միայն ավտոմեքենա է վարել, այնուհետև արձանագրության մեջ շարադրվել են Ռ.Չ.-ի և Ի.Կ.-ի խոսքերը:
17. Այդ արձանագրությունը որևէ ազդեցություն չի ունեցել հետագա 8 դատաքննությունների համար և Ռ.Չ.-ին հնարավոր չի եղել գտնել մինչև 2000 թվականի մարտի 9-ը:
Այդ օրը կասկածյալը բերման է ենթարկվել առաջին և վերջին անգամ: Այդ դատաքննությանը ներկա չի գտնվել կողմը, քանզի հրապարակային լսումները նշանակված են եղել հունիսի 9-ին (տե՜ս, 18-րդ կետը):
Ռ.Չ.-ի պաշտպանական ճառի համաձայն՝
«(...) Դեպքի օրը ես իմ հսկողական պարտականություններն իրականացնում էի ոչ ծառայողական մեքենայով, իմ գործընկերներ Մ.Յ.-ի և Ի.Կ.-ի հետ: Անցնելով Բաղչիլարի Բարաբարոս դպրոցի մոտով` աշակերտների դուրս գալու ժամին, մենք նկատեցինք օտար անձանց խումբ: Մենք մոտեցանք դպրոցի մուտքին, ցուցարարները, ովքեր սպասում էին առջևում, բացել էին ցուցատախտակները խառնվել աշակերտներին և սկսել էին կոչեր անել: Մենք դուրս եկանք ավտոմեքենայից և հրամայեցինք ցրվել՝ ասելով, որ ոստիկաններ ենք: Բայց նրանք չենթարկվեցին, հակառակը՝ խմբից մի քանիսը դուրս եկան և մոտեցան մեզ: Նրանք հարձակվեցին մեզ վրա: Ուստի ես և իմ գործընկերները զինվեցինք և սկսեցինք օդ կրակել նրանց ցրելու համար: (...) ես կրակեցի 3, թե` 4 անգամ: Երբ տեսա, որ խումբը շարունակում է առաջ գալ, ես երկու, թե` երեք անգամ կրակեցի դեպի ամայի մի տարածք: Ինչ վերաբերում է իմ գործընկերներին, ապա նրանք գետնին էին կրակում: Քանի որ խումբը տարբեր տեղեր էր ցրվել, մենք ստիպված էինք տարբեր ուղղություններով կրակել: Որոշ անձինք ինձ սպառնում էին, ուստի ես ստիպված էի կրկին երկու, թե` երեք անգամ կրակել, հենց այդ պահին նրանց մեջ ես նկատեցի տուժողին, որի ոտքը վիրավոր էր: Փամփուշտներից մեկը հետադարձ հարվածով նրան էր դիպել: Ես զենքս չէի պահել ցուցարարների վրա, ես գետնին էի կրակում: Տեսնելով երիտասարդ աղջկան վիրավոր գետնին ընկած՝ ցուցարարները փախուստի դիմեցին, որից հետո ես տուժողին տեղափոխեցի հիվանդանոց»:
Դատարանը որոշեց, որ մեղադրյալին նախնական կալանքի տակ պահելու հիմքեր չկան:
18. 2000 թվականի հունիսի 9-ի ոչ արդյունավետ դատաքննությունից հետո, դատարանը վերջին նիստը նշանակել է 2000 թվականի հոկտեմբերի 3-ին: Լսումների ընթացքում դիմողի փաստաբանը պնդել է, որ իր պաշտպանյալը ցույցի անցկացման վայրում պատահաբար է հայտնվել և ոչինչ չի կարող արդարացնել նրա նկատմամբ զենքի գործադրումը: Նա հայտնել է, որ իր պաշտպանյալը, որը մեղադրվում էր ցույցին մասնակցելու մեջ, արդարացվել է Ստամբուլի անչափահասների դատարանի կողմից:
Իր հերթին, դատախազը պահանջել է Ռ.Չ.-ին անմեղ ճանաչել՝ նրա գործողությունը դիտարկելով որպես անհրաժեշտ պաշտպանություն, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածով:
Դատաքննության արդյունքում` դատավորները Ռ.Չ.-ին անմեղ են ճանաչում:
19. Հետագայում հրապարակված՝ տվյալ դատավճռով հաստատված հանգամանքների համաձայն` դիմողը վիրավորվել էր մեղադրյալի գործադրած զենքի փամփուշտով: Դատարանը գտել է, որ, հաշվի առնելով դեպքի բնույթը և դրա զարգացումը, ցուցարարների վարքագիծը և ենթարկվելուց հրաժարվելու փաստը, մեղադրյալը, կանոնադրությանը համապատասխան, իրավունք ուներ զենք գործադրել: Դատարանը եզրափակելով` նշել է, որ օրենքով չնախատեսված ուժ գործադրելու դեպք չի եղել:
20. Դիմող կողմը վճռաբեկ բողոք է բերել:
2002 թվականի մարտի 11-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է բողոքարկվող դատավճիռն այն հիմքով, որ Ռ.Չ.-ին քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի հիմքով արդարացնելր հակասում է 2000 թվականի դեկտեմբերի 22-ին հրապարակված՝ թիվ 4616 օրենքին, որի հիման վրա թույլատրվում է համաներում կիրառել մինչև 1999 թվականի ապրիլի 23-ը որոշակի հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ:
21. Այդ իսկ պատճառով Բակիրկոյի դատարանը նորից քննության է առել գործը և 2002 թվականի սեպտեմբերի 12-ի դատավճռով որոշել է փոփոխել Ռ.Չ.-ի վերաբերյալ դատավճիռը:
2002 թվականի սեպտեմբերի 19-ին մեղադրող կողմը բողոքարկել է այդ որոշումը՝ վկայակոչելով մեղադրյալին թիվ 4616 օրենքի շրջանակներում անմեղ ճանաչելու փաստը:
2002 թվականի սեպտեմբերի 27-ին այս բողոքը մերժվել է:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
23. Սույն գործով առկա են Թուրքիայի օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև Համիյեթ Կապլանն ու այլոք ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 36749 97, կետեր 40 և 41, 2005թ. սեպտեմբերի 13) և Սիմսեքն ու այլոք ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 35072 97 և 37194 97, կետեր 82-93, 2005թ. հուլիսի 26) որոշումներում առկա դիրքորոշումների կիրառման հիմքեր:
24. Ոստիկանության լիազորությունների և իրավասությունների մասին թիվ 2559 օրենքի 16-րդ հոդվածում (հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում 1934 թվականի հուլիսի 14-ին, որը ուժի մեջ էր տվյալ ժամանակաընթացքում), թվարկվում են մի շարք իրավիճակներ, որոնցում ոստիկանը կարող է զենք օգտագործել, եթե տվյալ հանգամանքում այլ միջոց հնարավոր չէ գործադրել: Դրանք են՝ ա) անհրաժեշտ պաշտպանություն, բ) երրորդ անձանց պաշտպանություն, որոնց կյանքի, առողջության կամ հոգեկան վիճակին վտանգ է սպառնում, գ) ձերբակալվածի կողմից փախչելու կամ բռնություն գործադրելու փորձ, դ) ոստիկանության կողմից հսկվող վայրերում կամ անձանց նկատմամբ կատարվող բռնություն, ե) խուզարկության ժամանակ կասկածյալի փախուստը կամ վերջինիս կողմից կարգադրություններին ենթարկվելու հրաժարում, զ) ոստիկանին զենք կամ այլ նման իր հանձնելուց հրաժարվել կամ ոստիկանին հանձնված զենք կամ այլ նման իր ուժով վերցնելու փորձ, է) իրավապահ մարմիններին, նրանց լիազորությունների իրականացման ընթացքում, անհատական կամ խմբային դիմադրություն կամ բռնություն ցուցադրելու փորձ, ը) երկրի ինքնիշխանության կամ դրա գործունեության դեմ զինված խռովության դեպքեր:
ՕՐԵՆՔԸ
1. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
25. Դիմողի պնդմամբ` ինքը հանդիսանում է անհամաչափ ուժի գործադրման զոհ, քանի որ իրեն մարմնական վնասվածք պատճառելու ժամանակ առկա չեն եղել ոստիկանի վարքագիծը հիմնավորող հանգամանքներ, նա նաև մատնանշել է, որ վնասվածքն ստացել է 14 տարեկանում, ոստիկանի կողմից գործադրված զենքից արձակված փամփուշտից: Ըստ դիմողի` իրեն պատճառված վնասվածքի վերաբերյալ գործի քննության ընթացքում դատարանը համարժեք վերաբերմունք չի ցուցաբերել: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները:
Հոդված 2
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է oրենքով: Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ oրենքով նախատեuված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում uույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապեu անհրաժեշտ է`
ա) ցանկացած անձի անoրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ) oրինական ձերբակալում իրականացնելու կամ oրինական հիմքերով կալանավորված անձի փախուuտը կանխելու համար,
գ) խռովությունը կամ ապuտամբությունը ճնշելու նպատակով oրենքին համապատաuխան գործողություն ձեռնարկելու համար»:
Հոդված 3
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաuտացնող վերաբերմունքի կամ պատժի»:
26.Կառավարությունը վիճարկել է այս փաստարկները:
Ա. Կողմերի փաստարկները
I. Կառավարությունը
27. Կառավարությունն առարկել է այն, որ հոդված 3-ի շրջանակներում պատճառված վնասի հիմքով ներպետական դատական ատյանները չեն սպառվել, քանզի այդ հիմքով երբևէ բողոք չի ներկայացվել քրեական, վարչական կամ քաղաքացիական դատական ատյաններին:
Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքի հետևանքով առաջացած վնասին, որի մասին նշվում է փաստական հանգամանքներում, Կառավարությունը պնդել է, որ դիմողը կարող էր վնասի փոխհատուցման համար դիմել վարչական ատյաններ կամ պարտավորությունների օրենսգրքի հիմքով վնասի փոխհատուցման գործ հարուցել՝ հաշվի առնելով, որ այդ օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` քրեական կարգով մեղադրյալին չդատապարտելու փաստը չի ազդում գործը քաղաքացիական կարգով քննելու վրա:
28. Կառավարությունը նաև նշել է, որ հոդված 2-ը կիրառվում է միայն այն դեպքերում, երբ անձը մահանում է կամ ծանր մարմնական վնասվածք է ստանում, երբ գտնվում է պաշտոնատար անձանց տրամադրության տակ: Ուստի ըստ Կառավարության` դիմողի մարմնական վնասվածքը չի կրել կյանքի համար վտանգավոր բնույթ, հետևաբար` տվյալ հոդվածը չի տարածվում սույն գործի վրա: Այս կապակցությամբ Կառավարությունը հղում է կատարել Իլհանն ընդդեմ Թուրքիայի վճռին (գանգատ թիվ 22277/93, կետ 76 CEDH 2000-VIII):
29. Ի հավելումն` Կառավարությունը հղում է կատարել դեպքի հանգամանքներին և նշել, որ ոստիկանները գործ ունեին անօրինական ցույցի հետ և, ըստ Կառավարության, դիմողը մասնակցել է այդ շարժմանը, եթե` ոչ, ապա դժվար է հասկանալ, թե ինչու էր նա իր դպրոցից այդքան հեռու գտնվում: Բացի դրանից, «չենթարկվելով ոստիկանների կատարած երկու նախազգուշացումներին» և լինելով «խմբի ակտիվիստ անդամ»` «նա փորձել է հարձակվել ոստիկանների վրա բիտայով»:
30.Կառավարությունն ավելացրել է, որ, այս պայմաններում, ոստիկան Ռ.Չ.-ն երբևէ նշան չի բռնել դիմողի վրա և «չէր կարող կանխատեսել, որ նա վնասվածք կստանա», նրա միակ մտադրությունը եղել «օդ կրակելը» «անվտանգությունը խախտող ապօրինի գործունեությանը» վերջ տալ՝ այդպիսով պահպանելով հասարակական կարգը և անվտանգությունը, ինչպես նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ մասի ա) և գ) կետերի շրջանակներում ոստիկանների և այդտեղ գտնվող անձանց կյանքը պաշտպանելու նպատակով:
Կառավարության տեսակետի համաձայն` ցուցարարներն սկսել էին սպառնալ ինչպես դպրոցականներին, այնպես էլ ոստիկաններին, վերջիններս սկզբում կանչել են տնօրինությանը` օգնություն խնդրելու համար (տե՜ս 11-րդ կետը), սակայն ուժգնացող վտանգի պայմաններում ստիպված էին գործել:
31. Այս առումով, Կառավարությունը հղում է կատարել հանգամանքների արձանագրությանը և նշել, որ ոստիկանների կրակոցները միանշանակ համապատասխանել են տվյալ ոլորտում գործող կարգին:
32. Ինչ վերաբերում է դեպքի առթիվ կատարված քննությանը, ապա Կառավարությունը դրանք համարել է պատշաճ և արդյունավետ: Այն փաստը, որ գործը կարճվել է թիվ 4616 օրենքի հիմքով, որևէ հետևանք չունի, քանզի ներպետական դատավարության արդյունավետությունը կախված չէ դիմողի համար շահավետ արդյունքից: Բացի դրանից, դիմողը հնարավորություն ուներ վիճարկել 2002 թվականի սեպտեմբերի 12-ի դատավճիռը (տե՜ս, կետեր 21 և 22):
33. Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 2-րդ և (կամ) 3-րդ հոդվածները որևէ կերպ չեն տարածվում սույն գործի հանգամանքների վրա:
II. Դիմողը
34.Ինչ վերաբերում է հոդված 3-ին, դիմողը նշում է, որ ինքը վնաս է կրել ոչ թե ֆիզիկական բռնության, այլ հոգեկան տառապանքների հետևանքով, որոնց համար հնարավոր չէ փոխհատուցում ստանալ գործող օրենսդրության շրջանակներում: Նա ընդգծում է, որ Դատարան գանգատը չի ներկայացվել նյութական փոխհատուցման բացակայության առիթով և ներկայացված գործի առարկան իր կրած վնասը նյութական փոխհատուցման ճանապարհով վերականգնելը չէ, այլ՝ իր նկատմամբ բռնություն իրականացրած անձին պատժելը:
35. Ինչ վերաբերում գործի հիմքին, դիմողը ժխտել է այն վարկածը, որ գիտակցաբար մասնակցել է այդ ցույցին և ընդգծել, որ յուրաքանչյուր դեպքում Դեվրիմիչի Օգրենչի Բիրլիղի կազմակերպությունը պետական մակարդակով երբեք ապօրինի կառույց չի համարվել:
36. Դիմողը մտահոգություն է հայտնել առ այն, որ իշխանությունները փորձում են փաստերն այնպես ներկայացնել, թե իբր տեղի է ունեցել խռովություն, որը վտանգի տակ է դրել խոցելի ոստիկանների կյանքը, որոնք այլ լուծում չեն ունեցել, քան կրակահերթ բացելը: Նրա կարծիքով` ոստիկանները կազմելով դեպքի արձանագրությունը` փորձել են այդ արարքները որակել որպես անհրաժեշտ պաշտպանություն:
Դիմողի կարծիքով` դատավորները սխալվել են, քանի որ իրենց եզրահանգումներում հիմնվել են այդ արձանագրության վրա և դրան այլ փաստաթղթերից առավել մեծ նշանակություն են տվել ու հանդուրժել են կասկածյալի՝ 4 տարի շարունակ դատարան ներկայանալուց խուսափելը:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
ա. ներպետական ատյանների սպառումը
37. Դատարանն արձանագրում է, որ Կառավարության առարկությունների համաձայն՝ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների առումով ներպետական վարչական և քաղաքացիական ատյանները չեն սպառվել (տե՜ս, կետ 27): Այնուամենայնիվ, ինչպես Դատարանը բազմիցս նշել է նույնատիպ գործերով, դիմողը, ով տվյալ գործով սպառել է քրեական ատյանները (տե՜ս, կետ 11), պարտադրված չէ այլևս դիմել վարչական ատյանների և (կամ) վնասի փոխհատուցման հայց հարուցել (ի թիվս այլ որոշումների, տե՜ս Յասան ընդդեմ Թուրքիայի, 1998 թ. սեպտեմբերի 2, կետեր 71-75, Որոշումների և վճիռների ժողովածու 1998-VI, Հուսեյն Սիմսեքն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 68881/01, կետեր 60-62, 2008թ. մայիսի 20, ինչպես նաև դրանցում արված հղումները):
38. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը չի ընդունում Կառավարության առարկությունը:
բ. Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների կիրառելիության մասին
39. Դատարանն արդեն անդրադարձել է Կոնվենցիայի 2-րդ և կամ 3-րդ հոդվածի շրջանակներում պատճառված վնասի հարցին, սակայն սույն գործով ենթադրյալ տուժողը չի մահացել հանցավոր գործողությունների հետևանքով: Ուստի այս առումով Դատարանը հղում է կատարում այս ոլորտում առկա դատական պրակտիկային (Մակարատցիզն ընդդեմ Հունաստանի, գանգատ թիվ 50385/99, կետեր 49 և 50, CEDH 2004-XI, Իլհան, տե՜ս վերը, կետեր 75 և 76, Յասա, տե՜ս վերը, կետեր 92-108):
40. Այս առումով, Կառավարությունն առարկել է, որ հոդված 2-ը չի տարածվում սույն գործի վրա (տե՜ս, կետ 28): Այս փաստարկին պատասխանելու համար պետք է որոշել, թե դիմողի դեմ կիրառված բռնությունը կարող էր, արդյոք, մահացու լինել, և թե ինչպիսի ազդեցություն է ունեցել ոստիկան Ռ.Չ.-ի գործողությունը ոչ միայն շահագրգիռ անձի ֆիզիկական ամբողջականության, այլ նաև հոդված 2-ով պահպանվող օրինական շահերի վրա: Այս դեպքում համապատասխան գնահատական տալու համար, այլ հանգամանքներից բացի, պետք է պարզել կիրառված ուժի բնույթն ու աստիճանը, ինչպես նաև դրա կիրառման դիտավորությունն ու շարժառիթը (Մակարատցիզ, տե՜ս, վերը, կետեր 50 և 51):
41. Ոչ ոք չի առարկում, որ դեպքի պահին Ռ.Չ.-ն իր երկու գործընկերների ուղեկցությամբ հետևում էր մի քանի երիտասարդների, այդ թվում` դիմողին, նրանց բռնելու նպատակով: Անկախ Ռ.Չ.-ի իրական դիտավորությունից (տե՜ս, կետ 30), Դատարանը գտնում է, որ դիմողը, այնուամենայնիվ, դարձել է այնպիսի վարքագծի զոհ, որն իր բնույթով վտանգել է նրա կյանքը, եթե նույնիսկ նա վերականգնվել է Ռ.Չ-ի կրակոցից ստացած մարմնական վնասվածքից հետո (տե՜ս, կետ 17):
42. Ինչպես հաստատում է Կառավարությունը (տե՜ս, կետ 30), նման գործողությունը տեղավորվում է 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված այն հանգամանքների շրջանակում, որոնք օրինական են դարձնում մահացու վտանգ պարունակող ուժի կիրառումը: Սակայն հակառակ Կառավարության փաստարկի, այն վարկածը, որ փամփուշտը կարող էր անկանխատեսելիորեն հակադարձ (ռիկոշետ) լինել գետնից` որոշիչ հանգամանք չէ, քանզի դեպքը կարող էր ավելի լուրջ և ողբերգական հետևանք ունենալ (տե՜ս, օրինակ, Գյուլեչն ընդդեմ Թուրքիայի, 1998թ. հուլիսի 27-ի որոշման 70-րդ կետը, Ժողովածու IV): Կառավարության փաստարկից երևում է, որ այն հիմնվում է մարմնական վնասվածքի ծանրության վրա, որի հետևանքով դիմողի ծնկի ստորին մասում առաջացել են բազմաթիվ վերքեր (տե՜ս, կետեր 8 և 28): Դատարանն արդեն հանդիպել է նման գործերի, որոնք վերաբերել են նմանատիպ վնասվածքներ ստանալուն, այդ գործերով Դատարանը գտել է, որ ստացված վնասվածքները բավականաչափ լուրջ են և տեղավորվում են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակներում (տե՜ս, օրինակ, Անտոնի Լլոյդ Գրինն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 28079 04, 2005թ. մայիսի 19):
43. Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները (տե՜ս, կետ 39) և այն փաստը, որ շահագրգիռ անձի կյանքը վտանգի է ենթարկվել, ինչպես նաև Ռ.Չ.-ի վարքագիծը` Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը կիրառելի է սույն գործով:
44. Ուստի գանգատի այս մասը ենթակա է Դատարանի քննությանը և դրա վրա չեն տարածվում Կոնվենցիայի 35-րդ հոդվածով նախատեսված՝ ներպետական ատյանների սպառման կանոնները:
2. Հանգամանքները
ա. Կոնվենցիայի 2-րդ հոդված
i. Նյութական իրավունք
45. Իրավունքի ընդհանուր սկզբունքները, որոնց վրա հիմնված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (Սիմսեքը և այլոք, տե՜ս վերը, կետեր 104 և 105, Գյուլեչ, տե՜ս վերը, կետ 71, Մակարատցիզ, տե՜ս վերը, կետեր 56 և 57, Համիյեթ Կապլանը և այլոք ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 36749/97, կետեր 46-48, 2005թ. սեպտեմբերի 13, Վելիկովան ընդդեմ Բուլղարիայի, գանգատ թիվ 41488/98, կետ 68, CEDH 2000-VI, Սալմանն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 21986/93, կետ 97, CEDH 2000-VII, Կիլիչն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 22492/93, կետ 62, CEDH 2000-III, ՄքՔանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995թ. սեպտեմբերի 27, կետեր 146 և 147, սերիա A # 324): Դատարանը վերահաստատում է, որ եթե ոստիկանների կողմից կյանքի համար վտանգավոր միջոցի կիրառումը հիմնավորված է, ապա դա չի հանգեցնի 2-րդ հոդվածի խախտման, եթե պետությունը դատական և վարչական միջոցներով երաշխավորի կյանքի իրավունքը` բացառելու համար անձի դեմ ոտնձգությունները և հիմնվի կիրառելի մեխանիզմի վրա տվյալ հոդվածի խախտումները կանխարգելելու, վերացնելու և պատժելու համար:
46. Պատասխանատու անձանց կողմից իրենց պարտականությունների իրականացումից օրենքով չսահմանված կարգով հրաժարվելը մարդու իրավունքների արդյունավետ պահպանման հետ անհամատեղելի է: Ոստիկանները նաև չպետք է լինեն անորոշության մեջ, երբ իրականացնում են իրենց գործառույթները, նույնիսկ վտանգավոր համարվող անձին առանց դժվարության հետապնդման ենթարկելու համատեքստում: Իրավական և վարչական առումով պետք է սահմանել այն սահմանափակ պայմանները, որոնց դեպքում ոստիկանները կարող են դիմել ուժի կամ զենքի օգտագործմանը և ոստիկանների գործողությունները, ազգային իրավունքով թույլատրված լինելուց բացի, պետք է բավականաչափ սահմանափակված լինեն այդ իրավունքով` նմանատիպ միջադեպերի, ուժի չարաշահման և անօրինականության դեմ արդյունավետ և համապատասխան երաշխիքների համակարգի շրջանակներում:
47. Անդրադառնալով սույն գործի փաստերին` Դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Կառավարության այն փաստարկին, որ նշված ցույցը պետական իշխանության նկատմամբ անհանդուրժողականության դրսևորում է եղել: Սույն գործով վարույթով որևէ կերպ չի հիմնավորվել, թե ինչպես են քրեական օրենսգրքով արգելված վարքագիծ դրսևորած 7 կամ 8 ցուցարար 3 ոստիկանի միջամտության առկայության պարագայում վտանգի տակ դրել այդ վայրում գտնվող անմեղ անձանց կյանքը: Դատարանը պետք է հասկանա, թե ինչպես են ոստիկաններն իրականացրել իրենց իշխանությունը` հայտնվելով այդպիսի պայմաններում, այն դեպքում, երբ նրանք այնտեղ էին եկել ոչ ծառայողական ավտոմեքենայով և քաղաքացիական հագուստով:
48. Ռ.Չ.-ի և դատական իշխանությունների օրինակով Կառավարությունը ներկայացրել է այն իրավիճակը, երբ ոստիկանությունն իրավամբ անհանգստացել է ցուցարարների հնարավոր ոտնձգությունից, քանի որ վերջիններից շատերը, այդ թվում` դիմողը, կարող էին բռնություն կիրառել ոստիկանների նկատմամբ:
Բացի դրանից, միջադեպի ընթացքում հայհոյանքներ են տրվել, որոնք չեն ամրագրվել ո՜չ տվյալ ոստիկանների կողմից կազմված արձանագրությունում, ո՜չ էլ ցուցմունքներով, դրանք չեն հաստատվում նաև դատավճռով:
49. Եթե նույնիսկ ենթադրենք, որ 3 ոստիկաններն իրականում պատճառներ են ունեցել վախենալու իրենց կյանքի համար, նրանք չէին կարող այդքան սխալվել նպատակի և միջոցների ընտրության հարցում: Վտանգավոր սպառնալիքների և լուրջ վնասվածքների բացակայությունը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ առավել նախընտրելի կլիներ, եթե ընտրվեին ավելի անվտանգ միջոցներ, որոնք ուղղված կլինեին նշված խնդիրները վերացնելուն և կօգնեին խուսափել ոչ արդյունավետ ձևով ամբոխին հրահրելուց` չմոռանալով, որ ատրճանակից բացի այլ միջոցի չեն տիրապետում:
Այսպիսով, երեք ոստիկանները հանպատրաստի նախաձեռնել են մի օպերացիա, որի զարգացումների արդյունքում Ռ.Չ.-ն անվերահսկելի և վտանգավոր կերպով գործի է դրել իր զենքը: Նա խոստովանել է, որ տասնյակ անգամներ օդ է կրակել կամ երկինք: Վերջին գնդակները ուղղվել են նաև փողոցի երկարությամբ, որը, անկասկած, բնակեցված է եղել:
50. Այս պայմաններում դատարանը կարող էր թույլատրել ուժի կիրառումը միայն ցուցարարների կողմից իրական սպառնալիք ստեղծելու դեպքում. համաձայն բոլոր տեսակետների` Ռ.Չ.-ի ընտրությունը չի համապատասխանում այս առումով թուրքական օրենսդրության կողմից առաջ քաշված չափանիշներին:
Դատարանը հաստատում է, որ ոստիկան Ռ.Չ.-ն կարողացել է գործել խիստ ինքնուրույնաբար և անհամապատասխան նախաձեռնություններով` այն դեպքում երբ ղեկավարությունը, որին նա կցված էր, միջոցների ընտրության համար պարզ և համապատասխան առաջադրանքներ էր տվել:
51. Այսպիսով` կարելի է համարել, որ իրավիճակը բարդացել է, քանի որ, անկասկած, դեպքերի ժամանակ ոչ ոստիկանները` անհատապես, ոչ ձեռնարկված գործողությունները խաղաղ ժամանակ ուժի կիրառման վերաբերյալ չեն օգտվել պարզ չափանիշներ և առաջարկություններ նախատեսող համակարգից:
52. Այս հանգամանքները` ամբողջությամբ, առաջ են բերում պետության գույքային պատասխանատվություն առանց նրա, որ նա կարող էր հաստատել ժամանակակից հասարակությունում ոստիկանության համար ստեղծված դժվարությունները, մարդկային վարքագծի անկանխատեսելիությունը, ժամանակի և միջոցների առումով գործողությունների ընտրության անխուսափելիությունը:
53. Սրանից հետևում է, որ դիմողը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման արդյունքում տուժել է ոստիկան Ռ.Չ.-ի կողմից այնպիսի ուժի կիրառման արդյունքում, որն անցել է այն սահմանը, ինչը կարող էր ողջամտորեն համարվել անհրաժեշտ և համապատասխան:
54. Դատարանն ամենից առաջ հիշեցնում է դատավարական պարտականությունների վերաբերյալ ընդհանուր սկզբունքները, որոնք բխում են Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների դատական պրակտիկայից:
55. Դատարանը մանրամասնում է, որ նախաքննության ժամկետը երկարել է, երբ դատավարական պահանջների պահպանմամբ քրեական վարույթ է հարուցվել: Սույն գործով ամբողջ դատավարությունը, այդ թվում` դատավճռի կայացումը պետք է բավարարեն 2-րդ հոդվածի պահանջները: Ոչ մի դեպքում ներպետական դատական ատյանները չպետք է անպատիժ թողնեն անձանց հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության ու կյանքի դեմ ուղղված ոտնձգությունները: Սա անհրաժեշտ է հանրության վստահության պահպանման, իրավական պետության կայացման, ինչպես նաև անօրինական արարքների ցանկացած դրսևորում ու օրենքի խախտում կանխարգելելու համար: Եթե պետական ծառայողը կատարել է 2-րդ և 3-րդ հոդվածներին հակասող արարքներ, ապա վարույթը պետք է իրականացվի և պատիժ նշանակվի` առանց ներման կամ համաներման կիրառում թույլատրելու:
56. Այս գործում, չնայած, դատական ժամկետների ուսումնասիրությանը, որոնք հակասում են պարտավորություններին, բավարար են դատարանի համար ենթադրելու, որ ոստիկան Ռ.Չ.-ի դեմ հարուցված դատավարությունն իր նպատակին չի հասել, վերջինս օգտվել է թիվ 4616 օրենքի արտոնություններից և չի պատժվել:
Դատարանն արդեն ծանոթացել է գործին` առանձնացնելով նույն իրավական խնդիրը, և որևէ իրավական պատճառաբանություն չի տեսնում հրաժարվելու համար մինչ այսօր կիրառված լուծումից: Նա նաև եզրակացնում է, որ այս գործում կիրառված քրեական օրենսդրությունը չէր կարող որևէ ուժ ունենալ ապահովելու համար դիմողի մատնանշած գործողությունների արդյունավետ կանխարգելումը:
57. Այս փաստերը բավարար են Դատարանի համար եզրակացնելու, որ դատավարական մասի առումով տեղի է ունեցել հոդված 2-ի խախտում:
b. Կոնվենցիայի 3-րդ հոդված
58. Արձանագրված խախտումները հիմք են հանդիսանում Դատարանի կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կապակցությամբ գործը չքննելու համար` հաշվի առնելով փաստական հանգամանքների նմանությունը:
II. Նշված այլ խախտումների վերաբերյալ
59. Վերոնշյալ վնասների պատճառման կապակցությամբ դիմողը բողոքարկել է Ռ.Չ.-ի դեմ հարուցված վարույթի ժամկետի երկարատևությունը և վարույթի անարդյունավետությունը: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածը և 6-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն.
6-րդ հոդվածի 1-ին մաս
«Յուրաքանչյուր ոք, (…) ունի oրենքի հիման վրա uտեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք»:
13-րդ հոդված
«Յուրաքանչյուր ոք, ում uույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիuկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
60. Հոդված 6-ի հիման վրա դիմողը նշել է, որ իր գործով վարույթն ավարտվել է թիվ 4616 օրենքի կիրառմամբ և արդյունքում պատասխան չի տրվել այն հարցին, թե արդյոք ցույցերի մասին օրենքի խախտման համար իրեն ներկայացված մեղադրանքները հիմնավորված են եղել: Նա նաև նշել է, որ առկա է այդ դրույթի 2-րդ մասում նախատեսված անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում: Այն է`
«Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ oրենքին համապատաuխան»:
61. Կառավարությունն առարկել է այս փաստարկման դեմ:
A. Կողմերի հիմնավորումները
62. Կառավարությունը գտնել է, որ հակադրվելով 2001 թվականի հունվարի 17-ի դատական որոշմանը, որով դատարանը Ստամբուլի երեխաների համար որոշել էր հետաձգել ցույցերի մասին օրենքի խախտման մեղադրանքի վերաբերյալ դատավճռի կայացումը, դիմողը չպետք է մատնանշեր անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման մասին. համարելով այս դատական որոշումը որպես ներպետական վերջնական որոշում` կառավարությունն ընդգծել է, որ տվյալ հայցապահանջի այդ մասը խախտում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված 10 ամսվա կանոնը:
63. Ինչ վերաբերում է 13-րդ հոդվածին` 2-րդ և 3-րդ հոդվածների հետ համատեղ Կառավարությունը նշել է, որ այն դեպքում, երբ դիմողը բողոքում է վարույթի բացակայության վերաբերյալ, դեպքի ամսաթիվը` 1995 թվականի նոյեմբերի 7-ը, պետք է համարվի որպես 10 ամսվա սկիզբ: Արդյունքում` սույն հայցապահանջը այս առումով ուշացած էր:
Դիմողը չպետք է առարկեր նաև ոստիկան Ռ.Չ.-ի դատավարության երկար ժամկետի առումով, քանի որ ոչ նա, ոչ էլ նրա փաստաբանն այս հարցը չեն բարձրացրել Բակիրկոյի ուղղիչ դատարանի առջև:
64. Ինչ վերաբերում է վիճելի դատավարության ժամկետին, դիմողը պաշտպանում է այն, որ առանց իր միջամտության, դատարանին է պատկանում 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված շրջահայացության պահանջի պահպանումը:
B. Դատարանի գնահատականը
65. Դատարանը գտնում է, որ 2-րդ հոդվածի վերաբերյալ սույն հայցապահանջին ներկայացված 2 հիմնական իրավական հարցերի առումով կայացվել են որոշումներ: Գործի ամբողջական փաստերի և կողմերի հիմնավորումների տեսանկյունից նա գտնում է, որ պարտադիր չէ ուսումնասիրել այլ գանգատներ Կոնվենցիայի 13-րդ և 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ կապված:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
66. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Բարոյական վնաս
67. Դիմողը պահանջել է 30 000 եվրո` որպես բարոյական վնասի փոխհատուցում:
68. Կառավարությունն այս գումարը գնահատել է չափազանց մեծ:
69. Դատարանը, հաշվի առնելով հատկապես դեպքի պահին դիմողի տարիքը, գտնում է, նրան պետք է հատկացնել 16 000 եվրո:
B. Ծախսեր և ծախքեր
70. Դիմողը հղում է կատարել Թուրքիայում կիրառելի փաստաբանական հոնորարների սակագներին և պահանջել 3000 եվրո դատական ծախսերի համար: Գործնական բնույթի ցանկացած դժվարության վերաբերյալ իր պահանջը հիմնավորող փաստաթղթեր չներկայացնելով` նա իր ներկայացուցչության համար կատարված աշխատանքի գնահատումը թողել է Դատարանի ողջամտությանը:
71. Կառավարությունը առարկել է այս առումով փոխհատուցման դեմ` պահանջը հիմնավորող փաստաթղթերի բացակայության պատճառով:
72. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի առումով միայն կարող են փոխհատուցվել այն ծախսերը, որոնք հաստատվել են, իրականում ներկայացվել են, անհրաժեշտ և ողջամիտ են եղել (տե՜ս, Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի, գանգատ թիվ 31195/96, ՍԵԴՀ 1999-II): Տվյալ դեպքում դիմողը որևէ հիմնավորում չի ներկայացրել իր պահանջի վերաբերյալ, Դատարանը չի կարող այն բավարարել:
C. Տուգանային տոկոսները
73. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներից բխող վնասների վերաբերյալ ներկայացված գանգատը ճանաչել ընդունելի,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական և նյութական տեսակետների խախտում,
3. Վճռում է, որ Կոնվենցիայի 13-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածներից բխող վնասների վերաբերյալ որոշման կայացումն անհրաժեշտ չէ,
4. Վճռում է
a) որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան պետք է դիմողին վճարի 16 000 եվրո` որպես բարոյական վնասի հատուցում` ներառյալ հարկերը: Տվյալ գումարը պետք է վճարվի որոշման կատարման օրը գործող փոխարժեքով,
b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին՝ հավելած երեք տոկոս,
5. Մերժում է մնացած մասով առկա պահանջները:
Կատարվել է ֆրանսերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր հրապարակվել 2008 թվականի նոյեմբերի 4-ին:
