ԲԵՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ (թիվ 1) ԳՈՐԾՈՎ
2007թ. դեկտեմբերի 6-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1952թ. և բնակվում է Սանկղո դե Մյուղում:
6. 1953թ. դիմողը ստացել է բանակ զորակոչվելու ծանուցագիր: Սակայն քանի որ նրա հայրը դեմ է եղել գյուղատնտեսական հողերի պետականացմանը, վերջինս նրան թույլ չի տվել հետևել բանակային հրամանին: Դրա փոխարեն նա իրականացրել է աշխատանքներ տարբեր բանակային միավորումներում, որոնցից Վատրա Դորնեյում` որպես շինարարության բանվոր: Նրա բանակային ծառայությունն ավարտվել է 1955թ.:
7. 1961թ. Աշխատանքի տեսչությունը (այսուհետ` ԱՏ), որը բոլոր այն բանակային միավորումները միավորող մի վարչական մարմին էր, որոնք հատուկ ստեղծվել են այն անձանց հավաքագրելու համար, որոնց բանակային ծառայությունն արգելված է, լուծարվել է:
8. 2002թ. մայիսի 22-ի թիվ 309 օրենքով որպես հարկադիր աշխատանք են ճանաչվել ԱՏ-ին ենթակա բանակային միավորումներում իրականացված աշխատանքները և այդ օրենքով նախատեսվել են հատուցման միջոցներ, մասնավորապես, ամսական փոխհատուցում, անվճար բժշկական օգնություն և գրանցման վճարից ազատում:
9. 2002թ. օգոստոսի 22-ին դիմողը Կենսաթոշակների և սոցիալական ապահովագրության վարչության դրամարկղին (այսուհետ` Վարչության դրամարկղ) խնդրել է իրեն վերապահել 2002թ. թիվ 309 օրենքով սահմանված իրավունքներից օգտվելու հնարավորություն: 2002թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ Վարչության դրամարկղը մերժել է վերջինիս դիմումը` պատճառաբանելով, որ դիմողն իր բանակային ծառայությունը չի իրականացրել ԱՏ-ին ենթակա բանակային միավորումում:
10. 2003թ. մայիսի 5-ին դիմողը բողոքարկել է Վարչության դրամարկղի որոշումը Տաղգու Մյուղի դատարան` խնդրելով վերջինիս անվավեր ճանաչել 2002թ. դեկտեմբերի 19-ի որոշումն ու ճանաչել իրեն որպես բանակային ծառայության շրջանակներում հարկադիր աշխատանք իրականացրած անձ:
11. 2003թ. հունիսի 2-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանը բավարարել է դիմողի հայցն ու պարտադրել Վարչության դրամարկղին կայացնել նոր որոշում 2002թ. թիվ 309 օրենքով վերապահված իրավունքներից դիմողի օգտվելու մասին: Հիմնվելով դիմողի բանակային գրքույկում եղած նշումների վրա` Վերաքննիչ դատարանը որոշել է, որ դիմողը Վատրա Դողնեյի բանակային միավորումում իրականացրել է տարբեր տեսակի շինարարական աշխատանքներ և զորացրվել է «որպես զինվորական ուսուցում չստացած զինվոր»:
12. Վարչության դրամարկղը հայց է ներկայացրել Արդարադատության բարձրագույն վճռաբեկ դատարան (այսուհետ` Բարձրագույն վճռաբեկ դատարան):
13. Դիմողի պահանջի հիման վրա` Բարձրագույն վճռաբեկ դատարանը խնդրել է Սահմանադրական դատարանին հակասահմանադրական ճանաչել 2002թ. մայիսի 22-ի թիվ 309 օրենքի 1-ին հոդվածը: Դիմողը վկայակոչել է, որ, խտրականություն սահմանելով այն անձանց միջև, ովքեր բանակային ծառայության ընթացքում իրականացրել են միևնույն հարկադիր աշխատանքը, այդ դիսպոզիցիան շրջանցել է Սահմանադրության 16-րդ հոդվածն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Նա պնդել է, որ նմանօրինակ վերաբերմունքն արդարացված չէ, քանի որ այն հիմնված է միայն բանակային միավորումների վարչական ենթակայության վրա, որոնց զորակոչիկ է հանդիսացել ինքը:
14. 2004թ. ապրիլի 1-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը մերժել է դիմումը. Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա էր հետևյալ ձևակերպումը.
«Անցյալում հարկադրանքի և զրկանքների զոհ դարձած անձանց խմբերի հաստատումը, որոնք կարող են օգտվել որոշակի փոխհատուցման միջոցներից, օրենսդրի բացառիկ իրավունքն է` պայմանով, որ որևէ առավելություն կամ խտրականություն չի ստեղծվի միևնույն կարգի և միևնույն իրավիճակում գտնվող մարդկանց միջև: 2002թ. թիվ 309 օրենքի առաջին հոդվածը չի սահմանում որևէ առավելություն կամ խտրականություն, ինչը կհակասի Սահմանադրության 16-րդ հոդվածին»:
15. 2004թ. հունիսի 8-ի վճռով բավարարելով Վարչության դրամարկղի հայցը` Բարձրագույն վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի վճիռն ու գործն ուղարկել նոր քննության: Անհրաժեշտություն կար պարզելու, թե արդյոք Վատրա Դողնեի բանակային միությունը կազմել է ԱՏ-ի մաս, թե` ոչ:
16. Ի պատասխան Վերաքննիչ դատարանի կողմից ուղարկված` տեղեկություններ հայցող նամակի` Պիտեստիի բանակային միավորումը, որը վարում է բանակային արխիվը, 2004թ. նոյեմբերի 1-ին հայտնել է, որ Վատրա Դողնեի բանակային միավորումը չկա ԱՏ-ի կողմից ստեղծված բանակային միավորումների ցանկում: Այն հավելել է նաև, որ 2002թ. թիվ 309 օրենքի կիրառման նպատակով այդ ցանկը տրամադրվել է Կենսաթոշակների և սոցիալական ապահովագրության ազգային դրամարկղին` որպես վերջինիս կողմից «իր աշխատանքի իրականացման գործիք»:
17. 2004թ. նոյեմբերի 3-ին Վարչարարության և ներքին գործերի նախարարության ազգային արխիվից Վերաքննիչ դատարանին տեղեկացրել են, որ Վատրա Դողնեի բանակային միավորումն ԱՏ-ի մաս չի կազմել:
18. Հիմնվելով Պիտեստիի բանակային միավորման և Ազգային արխիվի կողմից տրամադրված տեղեկությունների վրա և հաստատելով, որ 2002թ. թիվ 309 օրենքը կիրառելի է միայն այն զորակոչիկների համար, ովքեր աշխատել են ԱՏ-ին ենթակա բանակային միավորումներում` Վերաքննիչ դատարանը 2004թ. նոյեմբերի 8-ի որոշմամբ մերժել է դիմողի բողոքը:
19. Վերջինս բողոք է ներկայացրել Բարձրագույն վճռաբեկ դատարան: Նրա պնդմամբ` սահմանափակվելով Կենսաթոշակների և սոցիալական ապահովագրության ազգային դրամարկղի կողմից տրված ցանկի տեղեկատվությամբ և հաշվի չառնելով իր աշխատանքային գրքույկը, որն ապացուցում էր նմանատիպ աշխատանքի իրականացումը, Պիտեստիի բանակային միավորումն իրականում պատշաճ կերպով չի պատասխանել Վերաքննիչ դատարանի հարցմանը:
20. Բացի դրանից, նա պնդել է, որ օրենքը խտրականություն է ստեղծում ԱՏ-ին ենթակա բանակային միավորումներում աշխատանք կատարած անձանց և նմանատիպ աշխատանք իրականացրած այլ անձանց միջև, ովքեր չեն կարող օգտվել տվյալ օրենքով սահմանված առավելություններից միայն այն պատճառով, որ իրենց բանակային միավորումները ենթակա չեն եղել հիշատակված մարմնին: Դիմողը կարևորել է նաև այն, որ Բարձրագույն վճռաբեկ դատարանը նախկինում նմանատիպ իրավիճակում գտնվող մեկ այլ զորակոչիկի ճանաչել էր 2002թ. թիվ 309 օրենքից օգտվելու իրավունք ունեցող անձ:
21. 2005թ. մայիսի 13-ի վերջնական որոշմամբ Բարձրագույն վճռաբեկ դատարանը մերժել է բողոքն ու հաստատել Վերաքննիչ դատարանի վճիռը` հետևյալ պատճառաբանությամբ.
«2002թ. թիվ 309 օրենքի համաձայն` այն անձանց վրա, ովքեր զինվորական ծառայություն են անցել 1950-ից մինչև 1961թթ. ընկած ժամանակահատվածում ԱՏ-ին ենթակա աշխատանքային խմբերում, տարածվում են սույն օրենքի դրույթները:
Վերոգրյալից հետևում է, որ այդ օրենքի դրույթներից օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանող չափորոշիչը բանակային միավորումներում իրականացված աշխատանքի տեսակը չէ, օրինակ` աշխատանքը շինարարությունում, այլ այն բանակային միավորման, որի շրջանակներում աշխատանքային խմբերն ստեղծվել են, ԱՏ-ին ենթակա լինելու փաստը:
Այս պայմաններում, Պիտեստիի բանակային միավորումը, որն իր նամակում մանրամասնել էր, որ այն բանակային միավորումը, որում դիմողը ծառայել է, ներառված չէ այն բանակային միավորումների ցանկում, որոնք ենթակա են ԱՏ-ին, հանդիսացել է բավարար պայման, որպեսզի Վերաքննիչ դատարանը գտնի, որ օրենքի կիրառման համար անհրաժեշտ պայմանները սույն գործով առկա չեն, և մերժի բողոքը»:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
1. 2002թ. մայիսի 22-ի թիվ 309 օրենքը վերաբերում է այն անձանց իրավունքների ճանաչմանն ու վերապահմանը, ովքեր ծառայել են ԱՏ-ի շրջանակներում 1950-ից մինչև 1961թթ. ընկած ժամանակահատվածում:
Հոդված 1
«Ռումինիայի բոլոր քաղաքացիները, ովքեր 1950թ. մինչև 1961թ. ընկած ժամանակահատվածում ծառայել են ԱՏ-ին ենթակա աշխատանքային խմբերում, օգտվում են տվյալ օրենքի դրույթներից:
Հոդված 2
Հոդված 1-ում նշված անձինք ունեն ամսական փոխհատուցման իրավունք:
Հոդված 4
Հոդված 1-ում նշված անձինք.
-օգտվում են նաև անվճար բժշկական օգնությունից և անվճար դեղորայք ստանալու իրավունքից,
-նրանք ազատվում են գրանցման վճարից:
Հոդված 6, կետեր 2 և 3
Սույն օրենքի նախորդ հոդվածներում նշված իրավունքները շնորհվում են դիմումի հիման վրա, որը պետք է պարունակի նշումներ` կատարված բանակային գրքույկի կամ շրջանային բանակային վարչությունների կամ Պիտեստիի բանակային միավորման կողմից տրված վկայականների հիման վրա:
Այս իրավունքների վերապահման վերաբերյալ դիմումները ներկայացվում են Կենսաթոշակների և սոցիալական ապահովագրության ազգային դրամարկղ:
2. 2002թ. թիվ 309 օրենքի կիրառման կարգի վերաբերյալ Կառավարության 2002թ. հոկտեմբերի 10-ի որոշումը
Հոդված 7
«Սույն օրենքով սահմանված իրավունքների շնորհման համար Կենսաթոշակների և սոցիալական ապահովագրության ազգային դրամարկղը կարող է խնդրել ազգային արխիվներին տրամադրել իրենց տրամադրության տակ գտնվող այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են ԱՏ-ին ենթակա աշխատանքային խմբերին»:
3. Բարձրագույն վճռաբեկ դատարանի 2003թ. դեկտեմբերի 2-ի որոշումը
22. Սույն գործին նման մեկ այլ գործով, նախկին մի զորակոչիկ, ով իրականացրել էր հարկադիր աշխատանք ԱՏ-ին ոչ ենթակա բանակային մի միավորումում, խնդրել էր իրեն իրավասու ճանաչել 2002թ. թիվ 309 օրենքի դրույթներից օգտվելու համար: Կենսաթոշակների և սոցիալական ապահովագրության ազգային դրամարկղը մերժել էր վերջինիս դիմումը` պատճառաբանելով, որ նշված օրենքը կիրառելի է միայն որոշակի աշխատանքային խմբերում ծառայած անձանց համար, սակայն այդ զորակոչիկը վերոնշյալ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որը բավարարել էր նրա հայցը:
23. Վարչության դրամարկղի կողմից ներկայացված բողոքի քննության արդյունքում Բարձրագույն վճռաբեկ դատարանը հաստատել է Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը` հետևյալ պատճառաբանությամբ.
«Քանի դեռ հարկադիր աշխատանքի իրականացումը վիճարկված չէ (...), ոչինչ չի արդարացնում իր պահանջած իրավունքներից բողոքաբերին զրկելը: Սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ այն անձինք, ովքեր իրենց զինվորական ծառայությունն իրականացրել են միանման պայմաններում, միայն բանակային միավորման աստիճանակարգային ենթակայության ձևի պատճառով, անարդարացիորեն կզրկվեն փոխհատուցումից, նրանք կարժանանան այլ վերաբերմունքի, որն ակնհայտ խտրական կլինի»:
4. Բարձրագույն վճռաբեկ դատարանի այլ որոշումներ
24. Բազմաթիվ, մասնավորապես` 2003թ. նոյեմբերի 14-ին, 2004թ. հունվարի 21-ին, հունիսի 2-ին, դեկտեմբերի 14-ին, 2005թ. հունվարի 11-ին և 19-ին, փետրվարի 7-ին, 14-ին, 18-ին, 22-ին և 28-ին, մարտի 1-ին, 8-ին, 14-ին, 28-ին, մայիսի 25-ին, ինչպես նաև 2006թ. մայիսի 24-ին ու հունիսի 6-ին կայացրած որոշումներում Բարձրագույն վճռաբեկ դատարանն արտահայտել է նույն դիրքորոշումը, ինչ վերը նշված գործում:
25. Այնուամենայնիվ, այլ որոշումներում, մասնավորապես` 2003թ. նոյեմբերի 13-ին և 28-ին, մարտի 11-ին, 2004թ. ապրիլի 15-ին, 22-ին և 29-ին, 2005թ. հունվարի 11-ին և 18-ին, փետրվարի 1-ին, 17-ին և 21-ին, մարտի 1-ին, 10-ին և 28-ին, մայիսի 13-ին ու 23-ին և նոյեմբերի 14-ին, 2006թ. ապրիլի 12-ին ու 13-ին և մայիսի 25-ին կայացրած որոշումներում, դատարանն այլ դիրքորոշում է հայտնել` նշելով, որ այն զորակոչիկները, ովքեր ծառայել են այնպիսի բանակային միավորումներում, որոնք ենթակա չեն ԱՏ-ին, չեն կարող օգտվել 2002թ. թիվ 309 օրենքի դրույթներից:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26. Դիմողի պնդմամբ, առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կրկնակի խախտում:
27. Մի կողմից, նա` հիմք ընդունելով Բարձրագույն վճռաբեկ դատարանի հակասական դատական նախադեպերը, գտնում է, որ առկա է իրավական որոշակիության սկզբունքի խախտում: Մյուս կողմից` նա պնդում է, որ իր գործը չի քննվել անկախ ու անաչառ դատարանի կողմից, ներպետական դատարաններն առավելապես հիմնվել են Պիտեստիի բանակային միության կողմից տրամադրված տեղեկատվության վրա, որն իր հերթին այդ տեղեկությունները վերցրել էր պատասխանող կողմի տրամադրած ցանկից:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան պարբերության համաձայն.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... անկախ ու անաչառ դատարանի կողմից ... դատաքննության իրավունք»:
Ա. Իրավական որոշակիությունը և Բարձրագույն վճռաբեկ դատարանի նախադեպերը
1. Ընդունելիությունը
28. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարվի:
2. Հանգամանքները
29. Կառավարությունը պնդել է, որ դատավորի անկախության և անաչառության, դատավարության արագության, հրապարակայնության և կողմերի իրավահավասարության սկզբունքները պահպանվել են:
30. Ըստ նրա` այն փաստը, որ նմանատիպ գործերով ներպետական դատարանները բավարարել են նախկին այլ զորակոչիկների հայցերը, որոնց կարգավիճակը նման է եղել հայցվորի դրությանը, որևէ կերպ չի ազդել դատավարության արդարացիության վրա: Կառավարությունն հավելել է, որ ներպետական դատարանների կողմից 2002թ. թիվ 309 օրենքին տրված մեկնաբանությունը համապատասխանում է Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքին:
31. Դիմողի պնդմամբ` նշված մեկնաբանությունը խախտել է իրավական որոշակիության սկզբունքը: Ըստ նրա` իր գործով կայացված դատական ակտը հակասել է այլ դատարանների վճիռների և հատկապես Բարձրագույն վճռաբեկ դատարանի որոշումներին, որոնց իմաստով նա, անկասկած, կարող էր ակնկալել, որ իր հայցը կբավարարվի:
32. Դատարանը միանգամից վերահաստատում է, որ Կոնվենցիան անդամ պետությունների համար չի նախատեսում որևէ հատուկ պարտավորություն` կապված մինչ Կոնվենցիայի վավերացումը տեղի ունեցած այն անարդարությունները վերականգնելու հետ, որոնց արդյունքում պատճառվել են վնասներ:
33. Այնուամենայնիվ, եթե երկրները որոշում են ընդունել օրենքներ, որոնցով պետք է փոխհատուցեն անցյալում անարդարացի վերաբերմունքի զոհ դարձած անձանց, ապա այդ փաստաթղթերը պետք է լինեն պարզ և պատճառաբանված, որպեսզի այդ անձանց համար առկա չլինի իրավական անորոշություն և երկիմաստություն: Այս տեսանկյունից, պետք է ընդգծել, որ անորոշությունը, լինի դա օրենսդրական, վարչական, թե դատական բնույթի, կարևոր գործոն է, որը պետք է հաշվի առնել պետության վարքագիծը գնահատելու համար:
34. Ուստի Դատարանը նշում է, որ 2002թ. թիվ 309 օրենքի իմաստով միայն ԱՏ-ին պատկանող միավորումներում հարկադիր աշխատանք իրականացրած զորակոչիկներն են, որ կարող են օգտվել փոխհատուցման միջոցներից: 2003թ. դեկտեմբերի 2-ից ի վեր կայացված մի շարք որոշումներում, հիմնվելով խտրականության արգելքի սկզբունքի վրա, Բարձրագույն վճռաբեկ դատարանը այդ օրենքի կիրառումը տարածել է բոլոր այն զորակոչիկների վրա, ովքեր իրենց բանակային ծառայության ընթացքում իրականացրել են հարկադիր աշխատանք, անկախ այն բանակային միավորումների աստիճանակարգային ենթակայությունից, որոնցում նրանք ծառայել են:
35. Բացի սրանից, մի շարք այլ որոշումներում, որոնք դատարանները կայացրել են նույն ժամանակահատվածում, նրանք նախադեպային իրավունքը զարգացրել են այլ ուղղությամբ, որի արդյունքում մերժել են ինչպես դիմողի, այնպես էլ բոլոր այն զորակոչիկների դիմումները, ովքեր իրականացրել են հարկադիր աշխատանք ԱՏ-ի շրջանակներից դուրս:
36. Նախադեպերի տրամաբանական կապը հիմնավորող մեխանիզմի բացակայության պայմաններում, ներպետական բարձրագույն դատական ատյանը երբեմն նույնիսկ նույն օրվա ընթացքում 2002թ. թիվ 309 օրենքի վերաբերյալ միանգամայն տարբեր որոշումներ է կայացրել (տե՜ս, օրինակ, 2005թ. հունվարի 11-ի, մարտի 1-ի և 28-ի որոշումները):
37. Անշուշտ, նախադեպերի հակասականությունն իր բնույթով հանդիսանում է դատական համակարգի անքակտելի մաս և բնորոշ է տարածքային ընդդատություն ունեցող բոլոր դատարաններին: Սակայն բարձրագույն դատարանի դերն այդ հակասությունները վերացնելու մեջ է:
38. Սույն գործով կարևոր է հաստատել, որ առկա են դիմողի կողմից հայտարարված` Բարձրագույն վճռաբեկ դատարանի էական և համապատասխան հակասական դիրքորոշումները:
39. Այս պրակտիկան, որը զարգացրել է երկրի բարձրագույն դատական ատյանը, ինքնին հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, որի առկայությունը բխում է Կոնվենցիայի բոլոր հոդվածների վերլուծությունից և կազմում է իրավական պետության հիմնարար հատկանիշներից մեկը: Միասնական մեկնաբանություն տալու փոխարեն, Բարձրագույն վճռաբեկ դատարանը, սակայն, հենց ինքն է դարձել իրավական անորոշության աղբյուր` այդպիսով խարխլելով նաև հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:
40. Վերոգրյալից Դատարանը եզրակացնում է, որ այդ նախադեպային երկակիությունը պատճառ է դարձել դիմողին 2002թ. թիվ 309 օրենքով վերապահված իրավունքներից օգտվելու հնարավորությունից զրկելու համար, այն պարագայում, երբ այլ անձինք, գտնվելով միևնույն իրավիճակում, օգտվել են այդ իրավունքներից:
Այսպիսով, առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Բ. Ներպետական դատական ատյանների անկախությունն ու անաչառությունը
1. Ընդունելիությունը
41. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարվի:
2. Հանգամանքները
42. Կառավարությունը փաստարկել է, որ ներպետական դատական ատյանները, որոնք քննել են գործը, ամբողջությամբ բավարարել են անկախության և անաչառության պահանջները: Այս տեսանկյունից, անհրաժեշտ է հաշվի առնել, որ Պիտեստիի բանակային միավորման նամակում նշված հանգամանքները կազմվել են ազգային արխիվների կողմից տրամադրված տեղեկությունից և գործում առկա այլ նյութերից:
43. Դիմողը պնդել է, որ այն պահից, երբ Պիտեստիի բանակային միավորումն իր նամակում նշել է, որ դրանում առկա տեղեկություններն իրեն տրամադրել է պատասխանող կողմը, ներպետական դատական ատյաններն իրավասու չէին իրենց որոշումների հիմքում դնել այդ տեղեկությունները:
44. Դատարանը հիշեցնում է, որ անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի քննության` յուրաքանչյուր անձի պատկանող իրավունքն արդար դատաքննության իրավունքի շատ լայն տեսակետ է, որը երաշխավորվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով:
45. 6-րդ հոդվածի վերաբերյալ արված դատողության տեսանկյունից (տե՜ս 40-րդ կետը) Դատարանը հաստատում է, որ կարիք չկա քննության առնել այն հարցը, թե սույն գործը քննած դատարանների անկախության ու անաչառության տեսանկյունից առկա եղել է, արդյոք, այդ հոդվածի խախտում, թե` ոչ:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ` ԶՈՒԳՈՐԴՎԱԾ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏ
46. Դիմողի գանգատի համաձայն` Ռումինիայի իշխանությունները հրաժարվել են իրեն տրամադրել բանակային ծառայության ընթացքում իր կողմից կատարված հարկադիր աշխատանքի համար 2002թ. թիվ 309 օրենքով նախատեսված իրավունքները: Նա պնդել է, որ ինքը խտրականության զոհ է` այն անձանց համեմատ, ովքեր գտնվում են միևնույն իրավիճակում, և ում ներպետական դատարանները, մասնավորապես` Բարձրագույն վճռաբեկ դատարանը, տրամադրել է նշված իրավունքներից օգտվելու հնարավորություն:
Նա վկայակոչել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը` զուգորդված Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ: Նշված հոդվածների համաձայն.
Հոդված 14
Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:
Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից` բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով:
Վերոնշյալ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության իրավունքը կիրառել այնպիսի օրենքներ, որոնք այն անհրաժեշտ է համարում սեփականության` ընդհանուր շահերին համապատասխան օգտագործման վերահսկողությունն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
1. Ընդունելիությունը
47. Հաշվի առնելով, որ Կառավարությունը չի բարձրացրել դիմումի այս մասը քննության չառնելու հարցը` Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է քննության առնել այն հարցը, թե վկայակոչված հոդվածները կիրառելի են, արդյոք, սույն գործի նկատմամբ, թե` ոչ:
48. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 14-րդ հոդվածը լրացնում է Կոնվենցիայի և դրա Արձանագրությունների այլ նորմատիվ պահանջները: Այն ինքնուրույն գոյություն չունի, քանի որ արժեվորվում է բացառապես իր կողմից երաշխավորվող «իրավունքների և ազատությունների տնօրինման համար»:
49. Դատարանը նշում է, որ վիճարկվող իրավունքները, մասնավորապես, ամսական փոխհատուցում, անվճար դեղորայքի ստացում և գրանցման վճարից ազատում, տրամադրվում են այն անձանց, ովքեր կատարել են հարկադիր աշխատանք իրենց զինվորական ծառայության ժամանակ: Նմանատիպ աշխատանքի իրականացումն այդօրինակ իրավունքների շնորհման էական պայման է:
50. Սույն գործով չի վիճարկվում, որ դիմողն իր զինվորական ծառայության ընթացքում իրականացրել է հարկադիր աշխատանք, վիճարկվող իրավունքները նրան չեն տրամադրվել միայն այն պատճառով, որ այն բանակային միավորումը, որում նա ծառայել է, չի գտնվում ԱՏ-ին ենթակա միավորումների մեջ:
51. Դատարանը հաստատում է, որ վիճարկվող իրավունքները ներպետական օրենսդրության, ինչպես նաև Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով գույքային իրավունքներ են: Անկախ պատճառից` Բարձրագույն վճռաբեկ դատարանի որոշումներով ճանաչվել է 2002թ. թիվ 309 օրենքով նախատեսված իրավունքների տրամադրումն այն անձանց, ովքեր իրականացրել են հարկադիր աշխատանք ԱՏ-ի շրջանակներից դուրս, ուստի Դատարանը գտնում է, որ հայցվորը կարող էր ունենալ «հիմնավորված հույս» իրեն նման իրավունքների սուբյեկտ ճանաչելու համար:
52. Հետևաբար, Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը կիրառելի է սույն գործի հանգամանքների նկատմամբ:
53. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի կիրառելիությանը, ապա Դատարանը հաստատում է, որ դիմողին չի տրամադրվել նրա խնդրած իրավունքների իրացման իրավունք: Կառավարությունը չի վիճարկել, որ այլ անձինք, ովքեր իրականացրել են հարկադիր աշխատանք ԱՏ-ի շրջանակներից դուրս, Բարձրագույն վճռաբեկ դատարանի կողմից ճանաչվել են 2002թ. թիվ 309 օրենքի դրույթներից օգտվելու իրավունք ունեցող անձինք: Փաստորեն, տեղի է ունեցել տարբերակված վերաբերմունք հայցվորի և այլ անձանց միջև, մինչդեռ բոլորն էլ գտնվել են միանման իրավիճակում: Այսինքն` 14-րդ հոդվածն այս պարագայում ևս կիրառելի է:
54. Ի վերջո, Դատարանը հաստատում է, որ 14-րդ հոդվածին վերաբերող գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարվի:
2. Հանգամանքները
55. Կառավարության պնդմամբ` Դատարանի նախադեպերի համաձայն պետությունները, այնուամենայնիվ, իրավասու են որոշել, թե տարբերությունների ինչպիսի չափանիշն է արդարացնում միանման իրավիճակներում տարբերակված մոտեցման ցուցաբերումը: Նա հավելել է, որ ներպետական օրենսդրությունը մեկնաբանում ու կիրառում են առաջին հերթին ներպետական իշխանությունները, ապա՝ դատարանները:
56. Նա հաստատել է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածին համապատասխանելու համար խտրականությունը պետք է հիմնված լինի այդ հոդվածում թվարկված չափանիշներից մեկի վրա: Բացի դրանից, նա պնդել է, որ վերոնշյալ տարբերակված վերաբերմունքի մեջ չկա այդ չափանիշներից և ոչ մեկը: Ի վերջո, նա հաստատել է, որ իրարամերժ նախադեպերի գոյությունը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն չի կարող համարվել խտրականություն:
57. Դիմողը պնդել է, որ փոխհատուցման միջոցներից օգտվելու իրավունք միայն ԱՏ-ին պատկանող բանակային միավորումների զորակոչիկներին վերապահելով՝ 2002թ. թիվ 309 օրենքը միանման հարկադիր աշխատանք իրականացրած անձանց միջև խտրական մոտեցում է սահմանել:
58. Նա պնդել է, որ ինքը երկակի խտրական վերաբերմունքի զոհ է` այս անգամ արդեն Բարձրագույն վճռաբեկ դատարանի իրարամերժ նախադեպերի պատճառով, քանի որ վերջինս մի շարք զորակոչիկների, ովքեր չեն իրականացրել հարկադիր աշխատանք պահանջված բանակային միավորումներում, ճանաչել է օրենքի դրույթներից օգտվելու իրավունք ունեցող անձ:
59. Դատարանը նշում է, որ տարբերակումը խտրական է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի տեսանկյունից, եթե «դրանում բացակայում է օբյեկտիվ և պատճառաբանված հիմնավորումը», այսինքն, եթե այն չի հետապնդում «լեգիտիմ նպատակ», կամ եթե չկա «պատճառաբանված համարժեքություն կիրառված միջոցների և ընտրված նպատակի միջև»
60. Դատարանը հիշեցնում է, որ սույն գործով նրա դերը կայանում է հարկադիր աշխատանք իրականացրած զորակոչիկների հանդեպ տարբերակված վերաբերմունքի ցուցաբերման գոյության հաստատման մեջ (տե՜ս, կետ 53):
61. Նա նշում է, որ Կառավարությունը որևէ կերպ չի հիմնավորել վերոնշյալ տարբերակված վերաբերմունքի առկայությունը, նրա պատճառաբանությունները մի կողմից, հիմնվում են այն փաստի վրա, որ քննարկվող խտրականությունը չի բավարարում Կոնվենցիայի 14-րդ հոդվածում նշված չափանիշներից և ոչ մեկը, իսկ, մյուս կողմից՝ այն անկախության վրա, որն ունեն ներպետական դատական ատյանները ներպետական օրենսդրությունը մեկնաբանելիս և կիրառելիս:
62. Ինչ վերաբերում է առաջին հիմնավորմանը, ապա Դատարանն ընդգծում է, որ այն ցանկը, որը պարունակում է 14-րդ հոդվածը, կրում է ոչ թե սահմանափակող, այլ մատնանշող բնույթ:
63. Ինչ վերաբերում է երկրորդ հիմնավորմանը, ապա Դատարանը հիշեցնում է, որ սույն գործով առկա խնդիրը վերաբերում է ոչ միայն նախադեպային իրավունքում առկա հակասություններին, որոնք անցանկալի հետևանք են ունենում ամբողջ դատական համակարգի համար, այլև Բարձրագույն վճռաբեկ դատարանի՝ որպես վեճերը կարգավորող ատյանի դերի թուլացմանը:
64. Կառավարության կողմից բերված հիմնավորումները բավարար չեն հերքելու վերոնշյալ պնդումը, ուստի Դատարանը հաստատում է, որ այդ տարբերակված մոտեցումը հիմնավոր և օբյեկտիվ որևէ պատճառով չի դրսևորվել:
65. Ուստի առկա է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում` զուգորդված Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
66. Դիմողի պնդմամբ` 1953-1955թթ. ընկած ժամանակահատվածում գործող իշխանություններն իրեն՝ զինվորական ծառայություն անցնելու փոխարեն պարտադրել են իրականացնել հարկադիր աշխատանք: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 4-րդ հոդվածը:
67. Դատարանը հիշեցնում է, որ ինքը չի կարող քննել դիմումն այն մասով, որը վերաբերում է անդամ պետություններում Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց առաջ ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին:
68. Սույն գործով քննության առարկա իրադարձությունները տեղի են ունեցել 1953-1955թթ. ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ Կոնվենցիան Ռումինիայի համար ուժի մեջ մտնելու տարեթվից՝ 1994թ. հունիսի 20-ից առաջ:
69. Այսպիսով, Դատարանը հաստատում է, որ Կոնվենցիայի 4-րդ հոդվածում սահմանված ժամանակային պահանջի, դրա այլ դրույթների հետ անհամատեղելի լինելու պատճառով դիմումի այս մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հիման վրա պետք է մերժվի:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
70. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
71. Որպես նյութական վնասի փոխհատուցում՝ դիմողը պահանջել է այնպիսի գումար, որը ներառում է փոխհատուցման օրինական գումարը, որից ինքը զրկվել էր 2002թ. սեպտեմբերից սկսած, հաշվարկած նաև այդ ժամանակվանից ի վեր տեղի ունեցած դրամի արժեզրկման չափը: Ըստ նրա` այդ փոխհատուցումն ամսական աճել է 52.5 ռումինական նոր լեայի չափով, որը կազմում է մոտ 15 եվրո: Նա պահանջել է 21.460 եվրո՝ որպես իր զինվորական ծառայության ընթացքում իրականացված հարկադիր աշխատանքի փոխհատուցում:
Նա Դատարանի հայեցողությանն է թողել բարոյական վնասի փոխհատուցման գումարի չափը:
72. Կառավարությունը վիճարկել է այս պահանջները: Նա հաստատել է, որ քանի որ դիմողը չի կարող նշել օրինական կարգով նրան չհատկացված փոխհատուցման վճարումների ընդհանուր չափը, փոխհատուցում ստանալու հնարավորություն կունենա, եթե թույլ տա, որ այդ գումարի չափը հաշվարկի Վարչության դրամարկղը կամ պահանջի Բարձրագույն վճռաբեկ դատարանի որոշման վերանայում: Նա գտնում է, որ հակառակ պարագայում իր զինվորական ծառայության ընթացքում հարկադիր աշխատանք իրականացրած շահագրգիռ կողմին որևէ գումար չպետք է հատկացվի:
73. Վերջապես, ինչ վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցման պահանջին, ապա Կառավարությունը պնդել է, որ այդ պահանջի մասով խախտման փաստի արձանագրումն ինքնին բավարար փոխհատուցում կլինի:
74. Դատարանը նշում է, որ սույն գործով Կոնվենցիայի 14-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտման համար արդարացի փոխհատուցումը չի կարող համատեղվել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտման համար տրվող փոխհատուցման հետ: 4-րդ հոդվածի մասով հայցը չի բավարարվում, ուստի այդ մասով որևէ գումար չի կարող տրամադրվել հայցվորին:
75. Հիմնվելով Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված արդարացի փոխհատուցման պահանջի վրա՝ Դատարանը դիմողի համար սահմանում է 5.000 եվրոյի չափով փոխհատուցում ստանալու իրավունք, որը ներառում է նրա կրած բոլոր վնասները:
B. Ծախսեր և ծախքեր
76. Դիմողը չի ներկայացրել որևէ պահանջ այն վճարների ու ծախսերի մասով, որոնք նա կատարել է ներպետական դատական ատյաններում և Դատարանում:
77. Այս պայմաններում, Դատարանը նրան չի հատկանցում այս մասով և ոչ մի գումար:
C. Տուգանային տոկոսներ
78. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է դիմողի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և դրա Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով` զուգորդված Կոնվենցիայի 14-րդ հոդվածով ներկայացված գանգատը ճանաչել ընդունելի, իսկ դիմումի մնացած մասը՝ անընդունելի, 2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում,
3. Վճռում է, որ չկա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասից բխող պահանջը քննելու հիմք, որը վերաբերում է ներպետական ատյաններում անկախության և անաչառության բացակայությանը,
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում` զուգորդված Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտման հետ,
5. Վճռում է.
(a) որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի 5.000 EUR (հինգ հազար եվրո), որը ներառում է բոլոր վնասները,
(b) տվյալ գումարը պետք է վճարվի որոշման օրը գործող փոխարժեքով` գումարած ցանկացած հարկ,
(c) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին՝ հավելած երեք տոկոս,
6. Մերժում է մնացած մասով առկա պահանջները:
Կատարվել է ֆրանսերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր հրապարակվել է 2007 թվականի դեկտեմբերի 6-ին:
