ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«30» հունիս 2025 թ. N 56-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի կանխարգելմանը և հսկողությանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը, բացառությամբ սույն հրամանի հավելվածի 11-րդ, 12-րդ և 18-րդ գլուխների, որոնք ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ համապատասխանաբար ընդունարանի, մեկուսարանի սենքերին և ներզննական (էնդոսկոպիկ) տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կաբինետին և բաժանմունքին ներկայացվող պահանջներն ուժի մեջ մտնելու օրվանից:
30.06.2025
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հունիս «30»-ի N 56-Ն հրամանի |
«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
ԲԱԺԻՆ 1. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի կանխարգելմանը և հսկողությանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ՝ նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության բուժաշխատողների և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ նաև բժշկական կազմակերպություն) համար, անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, բացառությամբ՝ հոգեբուժական, ստոմատոլոգիական, լաբորատոր ախտորոշիչ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքների և կաբինետների, ինչպես նաև ախտաբանաանատոմիական բաժանմունքների (ախտաբանաանատոմիական ծառայությունների):
2. Սույն նորմատիվը սահմանում է բժշկական կազմակերպությունների տեղակայմանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող պահանջներ, բժշկական կազմակերպությունների միկրոկլիմային, օդափոխությանը, լուսավորությանը և աղմուկին ներկայացվող պահանջներ, բժշկական կազմակերպությունների բաժանմունքների և առանձին սենքերի ներքին հարդարմանը, գույքի և սարքավորումների շահագործմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, վարակի կանխարգելմանն ու հսկողությանը ներկայացվող պահանջներ, բժշկական կազմակերպությունների շրջակա միջավայրի մաքրմանն ու ախտահանմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ՝ հիվանդանոցային բժշկական կազմակերպություն) անկողնային պարագաների, բուժաշխատողների արտահագուստի լվացման գործընթացին ներկայացվող ընդհանուր պահանջներ, կաթետերների տեղադրմանը, թոքերի արհեստական շնչառության և ընդհանուր անզգայացման սարքերի կիրառմանը, բժշկական օգնության և սպասարկման դիմած անձի հիգիենային, առանձին բաժանմունքներում վարակի կանխարգելմանն ու հսկողությանը ներկայացվող առանձնահատուկ պահանջներ:
3. Հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 4-ի N 01-Ն հրամանով:
4. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների վերահսկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջները սահմանված են ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների վերահսկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջները սահմանող՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտով:
5. Մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքներում ու կաբինետներում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակի կանխարգելմանը և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանված են արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մանկաբարձական և գինեկոլոգիական կաբինետների և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքների բժշկական միջամտություններով պայմանավորված վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման պահանջները սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտով:
6. Կենսաբանական, քիմիական և ճառագայթային լաբորատորիաների շահագործմանը ներկայացվող պահանջները սահմանված են կենսաբանական, քիմիական և ճառագայթային լաբորատորիաների շահագործմանը ներկայացվող պահանջները սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտով:
7. Ախտաբանաանատոմիական բաժանմունքների (ախտաբանաանատոմիական ծառայությունների), հյուսվածքաբանական լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը, գույքի և սարքավորումների շահագործմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող պահանջները սահմանված են ախտաբանաանատոմիական բաժանմունքների (ախտաբանաանատոմիական ծառայությունների), հյուսվածքաբանական լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը, գույքի և սարքավորումների շահագործմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող պահանջները սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտով:
8. Բժշկական կազմակերպության բուժաշխատողները ենթակա են առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշումների:
ԳԼՈՒԽ 2. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9. Բժշկական կազմակերպությունների շենքերի և շինությունների տեղակայմանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն և 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամաններով:
10. Բժշկական կազմակերպություններում ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամաններով:
11. Բժշկական կազմակերպություններում ջրամատակարարման համակարգի ջրի որակը պետք է համապատասխանի խմելու ջրի, ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակի, որակի հսկողության պահանջները սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտին:
ԳԼՈՒԽ 3. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՂՄՈՒԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
12. Բժշկական կազմակերպություններում միկրոկլիմային ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով:
13. Բժշկական կազմակերպություններում օդափոխությանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամաններով:
14. Բժշկական կազմակերպություններում լուսավորությանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամաններով:
15. Բժշկական կազմակերպություններում աղմուկին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով և աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկին ներկայացվող պահանջներ սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտով:
ԳԼՈՒԽ 4. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
16. Բժշկական կազմակերպություններում բաժանմունքների մահճակալների թիվը, առանձին կամ ընդհանուր պրոֆիլի բաժանմունքի կազմում ծավալելու պայմանները, ինչպես նաև բաժանմունքների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ:
17. Բժշկական կազմակերպությունների բաժանմունքների և առանձին սենքերի ներքին հարդարմանը, սենքերի չափերին ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանով:
18. Բժշկական կազմակերպությունում սանհանգույցներին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն, 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամաններով և հասարակական զուգարաններին ներկայացվող պահանջներ սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտով։
19. Նոր կառուցվող և վերակառուցվող արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում (այսուհետ՝ արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություն) ապահովվում է առնվազն երկու (մեկը՝ անձնակազմի, մյուսը՝ պացիենտի համար) սանհանգույցի առկայություն, հագեցած ճկափողով հիգիենիկ ցնցուղով կամ հիգիենիկ այլ սարքավորումով՝ դաշտանի ընթացքում կանանց հիգիենան ապահովելու համար, իսկ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում ապահովվում է յուրաքանչյուր 20 պացիենտին՝ մեկ նմանատիպ սանհանգույց:
20. Նոր կառուցվող և վերակառուցվող արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունում ապահովվում է երեխաների համար հարմարեցված սանհանգույցներ՝ փոքր նստատեղով, մանկական գիշերանոթով, ավագ տարիքի երեխաների համար՝ ըստ սեռերի առանձնացումով:
21. Նոր կառուցվող և վերակառուցվող շենքերում (սենքերում) տեղադրվող լվացարանների քանակը որոշվում է սույն նորմատիվի աղյուսակ 1-ի պահանջների համաձայն:
Աղյուսակ 1
Բաժանմունք |
Քանակ |
հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների բաժանմունք, բացի քիմիաթերապիայի և հեմոդիալիզի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներից |
յուրաքանչյուր 10 մահճակալին առնվազն 1 լվացարան՝ սանհանգույցից ոչ ավել, քան 5 մետր հեռավորության վրա հիվանդասենյակի սանհանգույցում՝ 1 լվացարան |
քիմիաթերապիայի, հեմոդիալիզի բաժանմունքներ |
բաժանմունքի 4 բաց կետում (ընդհանուր սրահում միջնապատերով առանձնացված տարածք)՝ 1 լվացարան, 1 փակ կետում՝ 1 լվացարան |
անհետաձգելի բուժօգնության բաժանմունք |
բաժանմունքի յուրաքանչյուր փակ կետում (ընդհանուր սրահում միջնապատերով առանձնացված փակվող տարածք)՝ 1 լվացարան բաժանմունքի յուրաքանչյուր 4 բաց կետում (ընդհանուր սրահում միջնապատերով առանձնացված տարածք)՝ 1 լվացարան |
վերակենդանացման բաժանմունք |
բաժանմունքի յուրաքանչյուր փակ կետում (ընդհանուր սրահում միջնապատերով առանձնացված փակվող տարածք)՝ 1 լվացարան բաժանմունքի յուրաքանչյուր 2 բաց կետում (ընդհանուր սրահում միջնապատերով առանձնացված տարածք)՝ 1 լվացարան |
22. Տարածքները, որտեղ աշխատում են իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ, չի թույլատրվում կազմակերպել հղիների կամ երեխաների համար նախատեսված սենյակներին կից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանի հավելվածի 74-րդ կետի:
23. Նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական կազմակերպությունում ապահովվում է մեկ մահճակալին մեկ պացիենտ հարաբերակցությունը և մահճակալների միջև 1 մետր հեռավորությունը, բացառությամբ՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի, ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի, ինտենսիվ թերապիայի բաժանմունքի կամ սենյակների, որտեղ մահճակալների միջև ապահովվում է 2.5 մետր հեռավորություն:
24. Նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական կազմակերպությունում բուժանձնակազմի համար նախատեսվում է հանդերձարան՝ յուրաքանչյուր բուժաշխատողին ապահովելով պահարանով:
25. Բժշկական կազմակերպություններում առաջացած վտանգավոր բժշկական թափոնների անվտանգ գործածությանը ներկայացվող պահանջները սահմանված են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջներ սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտով։
26. Բժշկական կազմակերպություններում բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջները սահմանված են բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտով։
27. Ախտահանման, կրծողասպան և միջատազերծման աշխատանքներն իրականացվում են` համաձայն ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացման և աշխատողների առողջության պահպանման պահանջները սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի:
28. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 12 և N 13 հավելվածներով սահմանված կառուցվածքային սենքերի, միավորների, սենյակների, կաբինետների, բաժինների և բաժանմունքների տեղակայման շենք-շինությունների ներքին շինարարական կոնստրուկցիաները, հատակն ու պատերը պետք է լինեն առանց կարերի, խոնավ մաքրման ենթակա, մաքրող և ախտահանող նյութերի նկատմամբ դիմացկուն: Առաստաղների կառուցվածքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանի հավելվածի 139-րդ կետի պահանջներին: Լուսատուները նույնպես պետք է լինեն ներկառուցված և ամրացված՝ փոշու ներթափանցումը կանխելու համար:
29. Օդատարները, խողովակները հատակով և պատերով պետք է անցնեն հերմետիկ՝ կրծողների ու միջատների մուտքը կանխելու համար: Կառուցվածքային ծայրակցումները նույնպես պետք է լինեն հերմետիկ, բաց շինարարական համակարգերն ու խողովակները՝ ծածկված:
30. Բացովի պատուհանները, որոնք օգտագործվում են բնական մղումով ներհոս օդափոխման համար, ցանցապատվում են մանրավանդակ ցանցով:
31. Բժշկական կազմակերպություններում իրար մեջ մտնող, սահող, ինչպես նաև ծալվող դռները թույլատրելի են, եթե չեն կիրառվում հատակի ռելսեր:
32. Սենյակային բույսեր, ջրային օբյեկտներ, բացի հերմետիկ ակվարիումներից, բժշկական կազմակերպություններում թույլատրվում է վարչական սենքերում, սպասասրահներում:
33. Վիրահատարանը պետք է լինի ընդարձակ, լուսավոր, սրահի անկյունները՝ կլորացված, որպեսզի փոշի չհավաքվի, պատերը և առաստաղը՝ ներկված բաց գույնի յուղաներկով կամ հակասեպտիկ ջրակայուն ներկով, իսկ չափերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ի N 12-Ն հրամանի հավելվածի աղյուսակ 5-ի պահանջներին:
34. Բժշկական կազմակերպությունում ներքին հարդարման թերությունները (առաստաղների վրա ջրի հոսքերի հետքեր, խոնավության հետքեր, ճեղքերի և խոռոչների առկայություն, պոկված սալիկներ, հատակի ծածկի ամբողջականության խախտում) վերացվում են անմիջապես՝ ընթացիկ կամ հիմնական վերանորոգման միջոցով:
35. Ընթացիկ և հիմնական վերանորոգման աշխատանքների ժամանակ բաժանմունքների գործունեությունը դադարեցվում է: Գործող շենքում թույլատրվում են իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եթե հնարավոր է գործող բաժանմունքը մեկուսացնել վերանորոգման աշխատանքներ ծավալած բաժանմունքից:
ԳԼՈՒԽ 5. ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
36. Բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով բժշկական կազմակերպությունում նշանակվում է վարակի կանխարգելման և հսկողության պատասխանատու (այսուհետ՝ վարակի հսկողության պատասխանատու) և ստեղծվում է վարակի հսկողության հանձնաժողով: Բժշկական կազմակերպության վարակի հսկողության պատասխանատու նշանակվում է ավագ կամ միջին բուժաշխատողը:
37. Վարակի հսկողության հանձնաժողովը կազմվում է բժշկական կազմակերպության անձնակազմից։ Վարակի հսկողության հանձնաժողովի կազմում, բժշկական կազմակերպությունում առկայության դեպքում, ընդգրկվում են համաճարակաբանը, գլխավոր կամ ավագ բուժքույրը, բաժանմունքների (ստորաբաժանումների) ղեկավարները, մանրէաբանը, դեղագետը կամ դեղագործը:
38. Վարակի հսկողության հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա համար մշակում է վարակի կանխարգելման և հսկողության ծրագիր (այսուհետ՝ ՎԿՀ ծրագիր), որը հաստատվում է բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով: ՎԿՀ ծրագիրը մշակվում է համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության 8 բաղադրիչների (բաղադրիչ 1՝ ՎԿՀ ծրագրերի մշակում և գործադրում, բաղադրիչ 2՝ ապացույցների վրա հիմնված ՎԿՀ ուղեցույցների և գործողությունների ստանդարտ ընթացակարգերի մշակում և գործադրում, բաղադրիչ 3՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց (այսուհետ՝ բուժանձնակազմ) կրթում և ուսուցում՝ վարակի հսկողության հարցերով, բաղադրիչ 4՝ բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերված վարակների համաճարակաբանական դիտարկում, բաղադրիչ 5՝ բազմամոդուլ ռազմավարություն, բաղադրիչ 6՝ ՎԿՀ ծրագրի գործադրման մշտադիտարկում, աուդիտ և հետադարձ կապ, բաղադրիչ 7՝ աշխատանքային ծանրաբեռնվածություն, կադրային ապահովվածություն և մահճակալային զբաղվածություն, բաղադրիչ 8՝ անվտանգ շրջակա միջավայր՝ բժշկական կազմակերպությունում ՎԿՀ-ի համար նյութատեխնիկական ապահովվածություն):
39. ՎԿՀ ծրագիրը մշակվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 4-ի N 2117-Ա հրամանով հաստատված օրինակելի ծրագիրը՝ հաշվի առնելով բժշկական կազմակերպության ուղղվածությունը:
40. Վարակիչ հիվանդությունների դեմ բուժանձնակազմի պատվաստումային գործընթացն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պատվաստումների ազգային օրացույցի և Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման պահանջներ սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի:
41. Իմունականխարգելման ենթակա այն բուժաշխատողները, ովքեր չունեն փաստագրված պատվաստում վիրուսային հեպատիտ Բ-ի, դիֆթերիայի, կարմրուկի, համաճարակային պարօտիտի (խոզուկ), ջրծաղիկի, սեզոնային գրիպի, կորոնավիրուսային հիվանդության դեմ կամ տվյալ վարակիչ հիվանդությունով հիվանդացման փաստ կամ հեպատիտ Բ-ի պարագայում արյան մեջ վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի դեմ հակամարմինների <10 ՄՄ/մ մակարդակի առկայություն, բացառությամբ դիֆթերիայի, սեզոնային գրիպի, կորոնավիրուսային հիվանդության, պատվաստվում են համաճարակաբանական ցուցումով՝ Պատվաստումների ազգային օրացույցով սահմանված դեղաչափերով.
1) վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ պատվաստման ենթակա են վիրաբույժները, մանկաբարձ-գինեկոլոգները, ստոմատոլոգները, միջամտություն կատարող և պատվաստում իրականացնող բուժաշխատողները, արյան փոխներարկման և հեմոդիալիզի, նարկոլոգիական, լաբորատորիաների բուժաշխատողները, ինչպես նաև այն բուժաշխատողները, ովքեր մասնագիտական գործունեության հետ կապված շփվում են արյան, դրա բաղադրամասերի և կենսաբանական հեղուկների հետ,
2) դիֆթերիայի, կարմրուկի, համաճարակային պարօտիտի (խոզուկ), ջրծաղիկի, սեզոնային գրիպի, լիազոր մարմնի ղեկավարի ընդունած իրավական ակտով սահմանված դեղաչափով կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման ենթակա են բոլոր բուժաշխատողները:
42. Բժշկական հակացուցումներ ունեցող բուժաշխատողները գործատուին ներկայացնում են պատվաստման բժշկական հակացուցումների փաստը հավաստող բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկի կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների։ Տվյալ վարակիչ հիվանդությունով հիվանդացած բուժաշխատողները, բացառությամբ դիֆթերիայի, սեզոնային գրիպի, կորոնավիրուսային հիվանդության, գործատուին ներկայացնում են հիվանդացման փաստը հավաստող բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկի կողմից, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների:
43. Պատվաստված բուժաշխատողը գործատուին ներկայացնում է պատվաստումը հավաստող Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման պահանջներ սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտով սահմանված «Կանխարգելիչ պատվաստումների քարտ»:
ԳԼՈՒԽ 6. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՔՐՄԱՆՆ ՈՒ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
44. Բժշկական կազմակերպության համաճարակաբանը կամ վարակի հսկողության պատասխանատուն մաքրման և ախտահանման աշխատանք իրականացնող բուժանձնակազմին, աշխատանքի ընդունվելիս և տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ հրահանգավորում է սույն գլխի պահանջների վերաբերյալ, որի մասին կազմվում է արձանագրություն՝ հրահանգավորված բուժաշխատողի ստորագրությամբ:
45. Ձեռքերի հիգիենայի կանոնները պահպանվում են՝ համաձայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի:
46. Բժշկական կազմակերպությունում օգտագործվում են մակնշված կամ գունային կոդավորում ունեցող մաքրող պարագաներ (սայլակ, տարա, մոպ)՝ համապատասխան տվյալ բաժանմունքի գործառնական նշանակությանը և պահվում են մաքրող պարագաների համար բաժանմունքում առանձնացված հատվածում, հատուկ նշանակության սենքերում կամ աշխատասենյակներից դուրս տեղակայված պահարանների մեջ: Օգտագործված մաքրման պարագաներն ախտահանում են ախտահանիչ միջոցների աշխատանքային լուծույթներով, որից հետո լվանում են ջրով և չորացնում: Հատակի և պատերի համար նախատեսված մաքրման պարագաները լինում են առանձնացված ըստ օգտագործման նշանակության` գունային կոդավորմամբ, դրանք տեսանելիորեն ճանաչելու և տարանջատումը հեշտացնելու համար:
47. Բաժանմունքներում մաքրող և ախտահանիչ միջոցները պահվում են դրանց համար նախատեսված հատուկ վայրերում` դարակաշարերի վրա: Ախտահանիչ միջոցների աշխատանքային լուծույթները պահվում են հերմետիկ կափարիչներով, համապատասխան մակնշմամբ (ախտահանիչ միջոցի անվանում, նշանակություն, խտություն, պատրաստման ամիս, ամսաթիվ, պիտանելիության ժամկետ), կոռոզիայի նկատմամբ կայուն, առանց վնասվածքների տարաների մեջ:
48. Բժշկական կազմակերպությունում մաքրում և ախտահանում կատարվում է ախտահանիչ միջոցներով՝ կիրառելով ախտահանիչներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացման և աշխատողների առողջության պահպանման պահանջները սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտը:
49. Արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունում շրջակա միջավայրի մաքրումն ու ախտահանումն իրականացվում է՝ համաձայն սույն նորմատիվի աղյուսակ 2-ի:
Աղյուսակ 2
Սենք |
Հաճախականություն |
Մեթոդ |
Մակերես |
սպասասրահ |
օրական առնվազն մեկ անգամ (24 ժամվա ընթացքում) և ըստ անհրաժեշտության |
մաքրում |
հաճախակի հպման մակերեսներ, հատակ |
խորհրդատվական (զննության) սենյակ |
օրական առնվազն երկու անգամ |
մաքրում և ախտահանում |
հաճախակի հպման մակերեսներ, հատակ |
միջամտությունների կաբինետ, վիրակապարան, վիրաբուժական փոքր միջամտությունների (օրինակ՝ վերքի կարում, թարախակույտի դրենավորում) սենքեր |
յուրաքանչյուր միջամտությունից առաջ և հետո |
մաքրում և ախտահանում |
բոլոր մակերեսները, որոնք շփվում են պացիենտի հետ, և հատակը, հատկապես պացիենտի գոտին և միջամտությունների սեղանը |
միջամտությունների կաբինետ, վիրակապարան, վիրաբուժական փոքր միջամտությունների (օրինակ՝ վերքի կարում, թարախակույտի դրենավորում) սենքեր |
աշխատանքային օրվա ավարտին |
մաքրում և ախտահանում |
բոլոր մակերեսները և ողջ հատակը, ձեռքերի լվացարանները |
այլ սենքեր |
Կանոնավոր (շաբաթական, ամսական) և տեսանելի աղտոտվածության դեպքում |
մաքրում |
չշփվող մակերեսները |
50. Հիվանդանոցային և ցերեկային ստացիոնարի պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում շրջակա միջավայրի մաքրումն ու ախտահանումն իրականացվում է՝ համաձայն սույն նորմատիվի աղյուսակ 3-ի:
51. Վիրահատարանի, վիրակապարանի, միջամտությունների սենյակի, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքի (ախտահանման բաժին) կամ դրա բացակայության դեպքում մանրէազերծման սենքի, սանհանգույցների ախտահանման և խոնավ մաքրման վերաբերյալ կատարվում են գրանցումներ սենքերի մաքրման և ախտահանման թերթիկում՝ համաձայն սույն նորմատիվի Ձև 1-ի:
Աղյուսակ 3
Սենք |
Հաճախականություն |
Մեթոդ |
Մակերես |
բաժանմունքի հիվանդասենյակ, բացի ինֆեկցիոն բաժանմունքի հիվանդասենյակից և մեկուսարանից |
օրական առնվազն մեկ անգամ |
մաքրում և ախտահանում |
բարձր ռիսկի շփման մակերեսներ և հատակ, լվացարաններ |
պացիենտի տեղափոխումից կամ դուրս գրումից հետո |
մաքրում և ախտահանում |
պացիենտի անձնական խնամքի իրեր, անկողնային պարագաներ, բոլոր մակերեսները (օրինակ՝ ներքնակ, մահճակալի շրջանակ, օդափոխիչ, անվասայլակի բռնակ, սարքավորումների կառավարման վահանակ, մոնիտորի ստեղնաշար, լույսի անջատիչ, դռան բռնակ), ինչպես նաև հատակը | |
ընդհանուր օգտագործման սանհանգույց՝ հիվանդասենյակից դուրս (պացիենտների, այցելուների համար) |
օրական առնվազն երկու անգամ |
Մաքրում և ախտահանում |
բոլոր մակերեսները |
վիրահատարան |
առաջին վիրահատությունից առաջ |
Մաքրում և ախտահանում |
բոլոր հորիզոնական մակերեսները, մինչ վիրահատարան մտնելը՝ պացիենտի խնամքի շարժական սարքավորումները, որոնք չեն պահվում վիրահատարանում |
յուրաքանչյուր վիրահատությունից առաջ և հետո, վերջին վիրահատությունից հետո |
մաքրում և ախտահանում |
բոլոր մակերեսները, հատակը, վիրաբուժական հարմարանքների վերին մասեր, վիրահատական լամպերի արտացոլող մասը, անզգայացման սարք, վիրահատական սեղանը վերևից ներքև | |
վերջին վիրահատությունից հետո |
մաքրում և ախտահանում |
հորիզոնական մակերեսներ և վիրահատարանի սարքավորումներ, ներառյալ ցանկացած սարքավորման (օրինակ՝ սայլակի) անիվներ, ուղղահայաց մակերեսներ՝ պատ և պատուհան, օդափոխության համակարգի տեսանելի մաս, պացիենտների խնամքի շարժական սարքավորում, որը չի պահվում վիրահատարանում | |
պլանավորված (շաբաթական, ամսական) |
մաքրում և ախտահանում |
բոլոր մակերեսները, հատակը | |
խորհրդատվության, հետազոտության սենյակներ |
օրական առնվազն երկու անգամ և ըստ անհրաժեշտության |
մաքրում և ախտահանում |
հաճախակի շփման մակերես |
միջամտությունների կաբինետ |
յուրաքանչյուր միջամտությունից առաջ և հետո աշխատանքային օրվա ավարտ |
մաքրում և ախտահանում |
մակերեսներ, հատակ |
մեկուսարան և ինֆեկցիոն բաժանմունքի հիվանդասենյակ |
օրական առնվազն երկու անգամ և ըստ անհրաժեշտության |
մաքրում և ախտահանում |
բոլոր մակերեսները |
պացիենտի տեղափոխում կամ դուրս գրում |
մաքրում և ախտահանում |
պացիենտի անձնական խնամքի իրեր, անկողնային պարագաներ, բոլոր մակերեսները (օրինակ՝ ներքնակ, մահճակալի շրջանակ, օդափոխիչ, անվասայլակի բռնակ, սարքավորումների կառավարման վահանակ, մոնիտորի ստեղնաշար, լույսի անջատիչ, դռան բռնակ), ինչպես նաև հատակը |
52. Վիրահատարանում, վիրակապարանում, ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման, հեմոդիալիզի բաժանմունքներում, միջամտությունների կաբինետում, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքում (ախտահանման բաժնում) կամ դրա բացակայության դեպքում մանրէազերծման սենքում, մեկուսարանում յուրաքանչյուր ախտահանումից հետո իրականացվում է օդի վարակազերծում՝ այդ նպատակի համար թույլատրված սարքավորումներով՝ կիրառելով հետևյալ տեխնոլոգիաները.
1) բաց և համակցված ուլտրամանուշակագույն ճառագայթիչների (այսուհետ՝ ՈՒՄ) ազդեցություն մարդկանց բացակայության պայմաններում և փակ ճառագայթիչների, այդ թվում ռեցիրկուլյատորների օգտագործում, որը հնարավորություն է ընձեռում մարդկանց ներկայությամբ իրականացնել օդի վարակազերծում: Յուրաքանչյուր սենքի համար ճառագայթիչների անհրաժեշտ քանակը որոշվում է տվյալ ճառագայթչին կից կիրառման հրահանգի համաձայն,
2) մարդկանց բացակայության պայմաններում եզրափակիչ ախտահանման և մանրակրկիտ մաքրման աշխատանքներ սարքավորումների միջոցով` ցողացրիչների, օզոնի գեներատորների, օզոնի ազդեցությամբ մանրէասպան զտիչների կիրառում:
53. Մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքի աշխատանքի հսկման վերաբերյալ կատարվում է գրանցում՝ սույն նորմատիվի Ձև 2-ով սահմանված գրանցամատյանում:
54. Մանկական բաժանմունքում նախատեսվում են խաղասենյակներ, որոնց հաճախակի հպման մակերեսները, հատակն օրական առնվազն մեկ անգամ և ըստ անհրաժեշտության մաքրվում և ախտահանվում են:
ԳԼՈՒԽ 7. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՐՏԱՀԱԳՈՒՍՏԻ ԼՎԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
55. Բժշկական կազմակերպությունում անկողնային պարագաների լվացման գործընթացն իրականացվում է բժշկական կազմակերպության կառուցվածքում գործող կենտրոնացված լվացքատանը կամ պայմանագրային հիմունքներով:
56. Վիրահատարանի, վիրակապարանի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, մեկուսարանի բուժաշխատողների արտահագուստը կարող է լվացվել բժշկական կազմակերպության կառուցվածքում գործող կենտրոնացված լվացքատանը կամ պայմանագրային հիմունքներով:
57. Բժշկական կազմակերպությունում նախատեսվում են մաքուր և կեղտոտ սպիտակեղենի պահման կենտրոնացված սենքեր կամ պահարաններ: Մաքուր սպիտակեղենը բաժանմունքում պահվում է առանձին սենքում կամ պահարանում (կարելի է ներկառուցված)՝ օգտագործված սպիտակեղենից առանձին, ջրակայուն դարակաշարերի վրա, հատակից առնվազն 20 սմ բարձրության վրա: Մաքուր սպիտակեղենն արգելվում է պահել լոգասենյակում:
58. Անկողնային սպիտակեղենը փոխվում է սենյակների խոնավ մաքրումից առաջ: Անկողնային սպիտակեղենը փոխվում է 7 օրը մեկ և ըստ անհրաժեշտության: Սպիտակեղենի տեղափոխումը լվացքատուն և լվացքատնից բաժանմունքներ իրականացվում է փաթեթավորված վիճակում, մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային կամ բազմակի օգտագործման պարկերով, այդ նպատակի համար հատկացված սայլակներով` հատուկ փոխադրամիջոցների օգնությամբ:
59. Օգտագործված սպիտակեղենի հետ աշխատելիս բուժաշխատողը պահպանում է ստանդարտ նախազգուշական միջոցառումներ՝ արյան և կենսաբանական հեղուկների ազդեցության ռիսկը նվազեցնելու համար.
1) չի թույլատրվում օգտագործված սպիտակեղենը թափահարել կամ գցել պացիենտի խնամքի վայրերում,
2) օգտագործված սպիտակեղենն անմիջապես, օգտագործման վայրում, տեղավորվում է պարկերում կամ տոպրակներում, փակվում, այնուհետև տեղափոխվում օգտագործված սպիտակեղենի ժամանակավոր պահման սենք կամ պահարան,
3) օգտագործված սպիտակեղենի հետ աշխատելիս անհրաժեշտ է պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները,
4) չի թույլատրվում միևնույն պարկի մեջ մաքուր և կեղտոտ սպիտակեղենի տեղափոխումը:
60. Օգտագործված սպիտակեղենի անվտանգ գործածության նպատակով կիրառվում են գունային պիտակով մակնշված տոպրակներ, որը ներկայացված է սույն նորմատիվի աղյուսակ 4-ում:
Աղյուսակ 4
Պիտակի գույնը |
Սպիտակեղենի տեսակը |
Կապույտ |
մեծահասակի մաքուր սպիտակեղեն |
Սպիտակ |
մանկական մաքուր սպիտակեղեն |
Կարմիր |
Օգտագործված, ինչպես նաև արյունով կամ կենսաբանական հեղուկներով աղտոտված սպիտակեղեն |
սև |
կիրառման համար ոչ պիտանի սպիտակեղեն՝ մաքուր սպիտակեղենի վրա առկա պատռվածքներ, բծեր կամ այլ վնասումներ |
61. Անկողնային պարագաները (ներքնակ, բարձ, վերմակ) պացիենտի դուրսգրումից կամ մահանալուց հետո, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, ենթարկվում են խցիկային ախտահանման: Խցիկային ախտահանում չի պահանջվում, եթե ներքնակները պատված են ախտահանման ենթակա հիգիենիկ ծածկով: Խցիկային ախտահանման անհնարինության դեպքում բարձը և վերմակը ենթարկվում են լվացման բարձր ջերմաստիճանում՝ 650-ում առնվազն 10 րոպե, 710-ում՝ առնվազն 3 րոպե: Կտորե պարկերը լվանում են սպիտակեղենի հետ միասին:
62. Բժշկական կազմակերպության լվացքատանը ապահովվում է լվացման գործընթացի հոսքայնությունը՝ բացառելով մաքուր և կեղտոտ հոսքերի խաչաձևումը: Յուրաքանչյուր բաժանմունքի համար առանձնացվում են մակնշված լվացքի մեքենաներ:
ԳԼՈՒԽ 8. ԿԱԹԵՏԵՐՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
63. Կենտրոնական երակային և զարկերակային կաթետերների տեղադրման ժամանակ օգտագործում են մանրէազերծ պարագաներ:
64. Ծայրամասային երակային կաթետերը տեղադրվում է, այնուհետև ամրացվում կպչուն սպեղանիով, որի վրա նշվում է տեղադրման ամիսը, ամսաթիվը և ժամը: Կաթետերի տեղադրման տեղը զննվում է պարբերաբար, առնվազն օրական մեկ անգամ՝ կաթետերով պայմանավորված վարակի վաղ ախտանշանների հայտնաբերման նպատակով:
65. Կաթետերը փոխվում է ըստ անհրաժեշտության՝ բացառությամբ այն դեպքերի, երբ պացիենտի մոտ առկա է անոթների մուտքի սահմանափակում: Կաթետերն անհապաղ հեռացվում է, եթե տեղադրված հատվածում առկա է կարմրություն, ցավ, այտուց, արտադրություն (թարախային կամ ոչ թարախային):
66. Թրոմբի առկայության, ինչպես նաև ներանոթային սարքերով պայմանավորված վարակների կասկածի դեպքում, ախտորոշման նպատակով՝ հեռացված կաթետերը ուղարկվում է մանրէաբանական հետազոտության, հեռացված կաթետերի ծայրից մանրէազերծ մկրատով կտրվում է մեկից մեկուկես սանտիմետր և տեղադրվում է մանրէազերծ փորձանոթի մեջ, նմուշն անմիջապես տեղափոխվում է մանրէաբանական լաբորատորիա՝ հետագա լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար:
67. Կաթետերը հեռացնելուց հետո նոր կաթետերը տեղադրվում է այլ հատվածում: Մեծահասակի և երեխայի նշանակման թերթիկի մեջ նշվում է ծայրամասային և կենտրոնական կաթետերի տեղադրման տեղը, ամիսը, ամսաթիվը և վերջինիս հանման ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև տեղադրող և հանող բուժաշխատողի անուն, ազգանունը:
68. Միզահեռացում ապահովելու նպատակով միզային կաթետերի միզընդունիչը (հավաքող միզատոպրակը) տեղադրվում է միզապարկից ցածր՝ անջրաթափանց, առանց արտահոսքի տարայի կամ տոպրակի մեջ, ամրացվում է մահճակալին: Պացիենտի տեղաշարժման ժամանակ արտահոսքի խողովակը ժամանակավոր սեղմում են՝ կանխելով մեզի հետհոսքը: Միզընդունիչը դատարկվում է կանոնավոր՝ փականի միջոցով (երբ ¾-ը լցված է), եթե տոպրակը փական չունի, ապա այն փոխարինվում է նորով:
ԳԼՈՒԽ 9. ԹՈՔԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
69. Թոքերի արհեստական շնչառության և ընդհանուր անզգայացման սարքերի կիրառումից առաջ կիրառում են հակամանրէային, հակավիրուսային ֆիլտրեր: Ֆիլտրի տեղադրումն իրականացվում է տվյալ սարքի կիրառման հրահանգին համապատասխան: Թոքերի արհեստական շնչառության և ընդհանուր անզգայացման սարքերի կիրառման ժամանակ տուբերկուլոզի կասկածելի կամ հաստատված դեպքով պացիենտների էնդոտրախեալ խողովակի վրա տեղադրելու համար նախընտրելի են 0.3 մկմ չափսի մասնիկների ֆիլտրման համար նախատեսված հակամանրէային ֆիլտրեր:
70. Շնչուղիների սանացիայի (արտազատուկների արտածծման) համար օգտագործվում են մեկանգամյա օգտագործման մանրէազերծ արտածծման փակ համակարգեր:
71. Շնչառական կոնտուրները ենթակա են փոխման ըստ անհրաժեշտության, որոշակի ցուցումների դեպքում` տեսանելի աղտոտվածություն, ֆունկցիոնալ խանգարումներ, միևնույն պացիենտի համար օգտագործման ժամկետի ավարտ: Կոնտուրների վրա եղած ցանկացած կոնդենսանտ ենթակա է հեռացման և մաքրման:
ԳԼՈՒԽ 10. ՊԱՑԻԵՆՏԻ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
72. Անձնական հիգիենայի նպատակով հիվանդանոցային բժշկական կազմակերպության բաժանմունքում պացիենտին ապահովում են անհրաժեշտ անկողնային պարագաներով` ներքնակ, բարձ, ծածկոց, անկողնային սպիտակեղեն: Թույլատրվում է օգտագործել անձնական հիգիենայի պարագաներ:
73. Ծանր ընթացքով պացիենտների նկատմամբ հիգիենիկ խնամքը (դեմքի մաշկի, մարմնի տարբեր հատվածների լվացում, բերանի խոռոչի ողողում) կրտսեր բուժաշխատողների կողմից իրականացվում է առավոտյան, ինչպես նաև սննդի ընդունումից հետո:
ԲԱԺԻՆ 2. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԳԼՈՒԽ 11. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
74. Հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում նախատեսվում է ընդունարան՝ պացիենտների տեսակավորման (տրիաժ), զննության, անհրաժեշտության դեպքում` առաջին և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման համար:
75. Ընդունարանն ունենում է նախասրահ-սպասասրահ` իր տեղեկատվական մասով և հանրային զուգարանով (տղամարդկանց և կանանց): Նախասրահ- սպասասրահը առանձին բաժանմունքների համար կարող է լինել ընդհանուր (բացառությամբ մանկական, ինֆեկցիոն, մաշկավեներական, հակատուբերկուլոզային, հոգեբուժական բաժանմունքների):
76. Հիվանդանոցային բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը հաստատված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանով:
77. Նոր կառուցվող և վերակառուցվող ինֆեկցիոն բժշկական կազմակերպությունների ընդունարանում պացիենտների զննությունը, մեկուսացումը, տեսակավորումը (տրիաժը), անհրաժեշտության դեպքում` առաջին և անհետաձգելի բուժօգնությունը ցուցաբերվում է մեկուսարաններում, որոնց ներկայացված պահանջները սահմանված են սույն նորմատիվի հավելվածի 12-րդ գլխում:
78. Բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտի մոտ վարակիչ հիվանդության կասկածի դեպքում ընդունարանի բուժանձնակազմը պարտավոր է` մեկուսացնել պացիենտին ընդունարանի մեկուսարանում (ոչ ավել, քան 24 ժամ) մինչև ախտորոշման ճշտումը, վարակիչ հիվանդության հաստատման դեպքում կազմակերպել պացիենտի տեղափոխումը համապատասխան բժշկական կազմակերպություն՝ մեկուսարանի առանձնացված ելքով, հնարավորության դեպքում տեղեկացնելով ընդունող կազմակերպությանը՝ վարակիչ պացիենտի տեղափոխման մասին:
79. Բժշկական կազմակերպության ներսում վարակիչ պացիենտները տեղափոխվում են բժշկական ցուցմամբ՝ ախտորոշիչ կամ բուժական նպատակներով: Ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսարանից վարակիչ պացիենտները բաժանմունք տեղափոխվում են առանձնացված ուղիներով՝ վերելակով, աստիճանավանդակով, ծանրաբեռնված կլինիկական գոտիներից հեռու այնպես, որ օդակաթիլային վարակով պացիենտների և այլ վարակիչ պացիենտների տեղաշարժման ուղիները չխաչվեն: Պացիենտին վարակիչ գոտուց մաքուր գոտի կամ այլ բաժանմունքներ տեղափոխելիս՝ իրականացվում են հետևյալ նախազգուշական միջոցառումները.
1) կոնտակտային մեկուսացման ենթակա պացիենտի մարմնի վարակիչ և մանրէներով բաղարկված հատվածները ծածկվում են խալաթով, սավանով կամ մակերեսային վերքերի վրա դրվում է վիրակապ,
2) շնչառական մեկուսացման ենթակա պացիենտին տեղափոխում են բարձր ֆիլտրման դիմակով, հագցնում են խալաթ կամ ծածկում սավանով,
3) կարանտինային մեկուսացման ենթակա պացիենտին տեղափոխում են բարձր պաշտպանվածության շարժական, ամբողջովին փակ պատգարակով կամ մահճակալով:
80. Ինֆեկցիոն հիվանդանոցում նոր ընդունված պացիենտներին արգելվում է տեղավորել ապաքինման փուլում գտնվող կամ հիվանդության բարդացած ընթացքով պացիենտների հետ: Տարբեր բաժանմունքներում, հիվանդասենյակներում բուժվող պացիենտներին արգելվում է շփվել իրար հետ, սնունդն ընդունում են առանձին: Պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներից ելնելով` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս, այցելությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 365-Ն հրամանով սահմանված դեպքերում:
81. Ինֆեկցիոն բաժանմունքը պետք է տեղակայվի առանձին շենքում կամ ունենա առանձնացված մուտք ու ելք՝ պացիենտների ընդունման և դուրս գրման համար: Մանկական ինֆեկցիոն բաժանմունքը կարող է տեղակայվել ընդհանուր թերապևտիկ բաժանմուքի հետ միևնույն մասնաշենքում` առանձին մուտքի, ընդունարանի, օդափոխության մեխանիկական համակարգի ապահովման նպատակով հատակագծային և ճարտարագիտական լուծումներով մեկուսացման և ինքնավար օդափոխության համակարգի ապահովման դեպքում:
ԳԼՈՒԽ 12. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
82. Բժշկական կազմակերպություններն ընդունարանին կից ապահովվում են մեկուսարաններով՝ վարակիչ հիվանդությամբ հիվանդ կամ վարակի կասկածով անձանց, հնարավոր վարակակիր անձանց որոշակի ժամանակահատվածով առանձնացման համար՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով, մինչ ինֆեկցիոն հիվանդանոց (բաժանմունք) տեղափոխման, վարակիչ հիվանդության հաստատման կամ ժխտման, ինչպես նաև առանձին վարակիչ հիվանդությունների սեզոնային աճով պայմանավորված պացիենտների ընդունելության, տեսակավորման նպատակով:
83. Նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական կազմակերպություններում մեկուսարանն ընդունարանից անջատվում է սանթողարանով և ունի դրսից առանձին մուտք:
84. Մեկուսարանում առանձնացվում են մաքուր և վարակիչ գոտիներ: Մաքուր գոտում ապահովվում են սպիրտի հիմքով հականեխիչ միջոցներով և բուժանձնակազմի համար անհատական պաշտպանության միջոցներով (այսուհետ` ԱՊՄ): Վարակիչ գոտում ապահովվում են ախտահանիչ միջոցներով, բժշկական վարակիչ թափոնների տարաներով` օգտագործված ԱՊՄ-ի հավաքման համար: Բուժանձնակազմը ԱՊՄ հագնում է մաքուր, հանում՝ վարակիչ գոտում: ԱՊՄ հագնելուց առաջ և հանելուց հետո իրականացվում է ձեռքերի հիգիենա: Վարակիչ գոտուց դուրս գալուց հետո մաքուր գոտում իրականացվում է ձեռքերի կրկնակի ախտահանում:
85. Ելնելով բժշկական կազմակերպության կառուցվածքային առանձնահատկություններից, վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից և սեզոնային աճից, բժշկական կազմակերպությունում առկա մեկուսարանների զբաղվածության ժամանակ պացիենտները տեղակայվում են սանհանգույցով և լվացարանով ապահովված մեկտեղանի հիվանդասենյակներում:
86. Բժշկական կազմակերպությունում պացիենտների մեկուսացումն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի N 3793-Ա հրամանի:
87. Մեկուսարաններն ըստ օդափոխության դասակարգվում են՝ սենքում օդի չեզոք կամ ստանդարտ ճնշում (Ս (S) դաս)` նախատեսված է կոնտակտային մեկուսացման համար, օդի դրական ճնշումով սենք (Պ (Р) դաս), որտեղ ընկճված իմունիտետով պացիենտը պաշտպանվում է օդակաթիլային ուղով փոխանցվող վարակից, օդի բացասական ճնշումով ապահովված սենք Ն (N) դաս, որը նախատեսված է օդակաթիլային ուղով փոխանցվող վարակի վտանգ ներկայացնող պացիենտին մեկուսացնելու համար, օդի բացասական ճնշումով սենք մեկուսացման խստացված պայմաններով՝ Քյու (Q) դաս, նախատեսված կարանտինային մեկուսացման համար:
88. Նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական կազմակերպությունների մեկուսարանների դռները պետք է լինեն անհպում, հագեցած լինեն շրջանակի վերևի և կողքերի ամրացուցիչներով, ինչպես նաև ներառեն ներքև իջեցնող կարգավորվող ամրացուցիչ: Պետք է նաև հաշվի առնել դռան բացվելու ուղղությունը՝ կախված ճնշման տատանումներից: Ըստ էության, դրական ճնշման մեկուսարանները պետք է ունենան դեպի ներս բացվող դուռ, մինչդեռ բացասական ճնշման մեկուսարանները պետք է ունենան դեպի դուրս բացվող դուռ: Այն դեպքում, երբ դա հնարավոր չէ, այլընտրանքային լուծումն այն է, որ երկու անհպում դռները բացվեն սանթողարան:
89. Բժշկական կազմակերպություններում, մինչ վերակառուցումը, արդեն գոյություն ունեցող օբյեկտների ժամանակ սահմանափակ տարածքի պատճառով երկու նմանատիպ մեկուսարանների համար թույլատրվում է ընդհանուր սանթողարան: Նորակառույց բժշկական կազմակերպություններում միանման օդափոխության տեսակի մեկուսարաններին չի թույլատրվում ունենալ ընդհանուր սանթողարան:
90. Նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական կազմակերպություններում բացասական ճնշմամբ մեկուսարանները պետք է տեղակայվեն բաժանմունքի մուտքի մոտ կամ այլ պացիենտների հետ շփումը բացառող գոտում:
91. Նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական կազմակերպություններում մեկուսարանի համար պահանջվում է.
1) սանթողարան, որը միջդռնային տարածությունում կատարում է օդային դարպասի դեր: Սանթողարանի երկու դռները միաժամանակ չպետք է բացվեն: Սանթողարանի տարածքով պետք է հնարավոր լինի տեղափոխել պացիենտի մահճակալը, եթե միջանցքից մեկուսարան մտնելու և դուրս գալու դռներ նախատեսված չեն,
2) վթարային ազդանշան՝ ճնշման անկման դեպքում,
3) մեկուսարանում ձեռքերի լվացարանի առկայություն, տաք ու սառը ջուր, ախտահանիչ միջոցներ և օճառ, անձեռոցիկ,
4) սանհանգույցում ցնցուղ և զուգարանակոնք,
5) 100% արտաքին օդափոխություն (այսինքն, չի թույլատրվում օդի հետհոսք), արտաձիգ օդատար, որը պետք է անկախ լինի շենքի արտաձիգ օդափոխության համակարգից, որ հետքարշի շնորհիվ նվազեցնի օդի աղտոտման ռիսկը,
6) ներհոս օդատարերը պետք է անկախ լինեն շինության ներհոս օդափոխության համակարգից: Ներհոս օդը պետք է ենթարկվի ՀԵՊԱ (HEPA) ֆիլտրացիայի և ՈՒՄ ճառագայթման բոլոր մեկուսարաններում, բացառությամբ ստանդարտ ճնշմամբ մեկուսարանի, իսկ բացասական ճնշմամբ և կարանտինային մեկուսարաններում ֆիլտրացիայի կամ ճառագայթման պետք է ենթարկվի նաև արտահոս օդը,
7) օդի ճնշման տատանումները վերահսկող սարքերի վահանակները պետք է գտնվեն մեկուսարանի սահմաններից դուրս, փակ սենքում, տեսանելի տեղում (օրինակ՝ մուտքի դռան մոտ),
8) բուժաշխատողների, բժշկական նշանակության արտադրատեսակների, սարքերի և սարքավորումների, թափոնների ելքը մի ուղղությամբ է, դուրս գալուց հետո անձնակազմը վարակիչ գոտի, հիվանդասենյակ և հանդերձարան կրկին չի մտնում: Պացիենտի մահճակալը հարմարեցված է ինտենսիվ թերապիա իրականացնելու համար:
92. Չի թույլատրվում մեկուսարաններում կիրառել օդի հոսքի պտտող մեխանիզմներ, որոնք սենքերում ստեղծում են ինչպես դրական, այնպես էլ բացասական ճնշում, այսինքն՝ փոփոխական ճնշում, որն էլ դժվարացնում է օդի հոսքի կարգավորումը:
93. Նոր կառուցվող և վերակառուցվող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունները պետք է ունենան առնվազն յուրաքանչյուր 60 մահճակալին մեկ ստանդարտ ճնշմամբ մեկուսարան, բացասական ճնշմամբ երկու մեկուսարան, դրական ճնշմամբ մեկ մեկուսարան, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում՝ երկու մեկուսարան:
ԳԼՈՒԽ 13. ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՀԱՏՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
94. Վիրահատական կառուցահատվածի տարածքը բաժանվում է գործառնական գոտիների՝ մանրէազերծ (վիրահատարան), խստացված ռեժիմի գոտի (նախավիրահատարան, պացիենտի նախապատրաստման սենք), սահմանափակ ռեժիմի գոտի՝ վիրահատությունների համար պահանջվող սարքերի, սարքավորումների, անզգայացման սարքերի, դեղերի և արյան պահպանման սենք, ոչ մանրէազերծ գոտի (բուժաշխատողների և հետազոտությունների համար նախատեսված, ինչպես նաև թափոնների, օգտագործված սպիտակեղենի և մաքրման պարագաների սենքեր):
95. Վիրահատական կառուցահատվածի մուտքն առանձնացվում է անցախցով (միմյանցից առնվազն 1.5 մետր հեռավորության վրա գտնվող երկու հաջորդաբար հերմետիկ փակվող դռներով մեկուսացված տարածք):
96. Նախավիրահատարանում իրականացվում է վիրահատությանը մասնակցող բուժանձնակազմի ձեռքերի վիրաբուժական մշակում:
97. Վիրահատական կառուցահատված պացիենտի մուտքն անցախցով կամ միջանցքով է, իսկ վիրահատությանը մասնակցող բուժանձնակազմինը՝ սանթողարաններով: Սանթողարանը հագեցած է ցնցուղով, զուգարանակոնքով, բուժաշխատողների հանդերձարանով:
98. Վիրահատարանի բոլոր դռները պետք է գտնվեն փակ վիճակում, բացառությամբ այն դեպքերի, երբ կա սարքավորումների, բուժանձնակազմի կամ պացիենտի տեղափոխման անհրաժեշտություն:
99. Պլանավորված (շաբաթական, ամսական) մաքրման աշխատանքներ իրականացնելիս վիրահատական կառուցահատվածում պլանային վիրահատությունները դադարեցվում են: Ժամանակացույցից դուրս մաքրման աշխատանքներ իրականացնում են շրջակա միջավայրի մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների շեղումների և համաճարակաբանական ցուցումների դեպքում:
ԳԼՈՒԽ 14. ՎԻՐԱԿԱՊԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
100. Վիրակապարանում վիրակապությունների հաջորդականությունը պլանավորվում է՝ ելնելով վերքերի մաքրության աստիճանից, ծառայության ղեկավարի և համաճարակաբանի ցուցումով:
101. Տեսանելիորեն կամ մանրէաբանական հաստատումով ինֆեկցված վերք ունեցող պացիենտի վիրակապությունն իրականացվում է թարախային արտադրություն չունեցող պացիենտներին վիրակապելուց հետո: Թույլատրվում է ինֆեկցված վերք ունեցող պացիենտին տեղավորել մեկտեղանի հիվանդասենյակում, որտեղ իրականացվում է վիրակապությունը:
102. Պացիենտի խնամքի բազմակի օգտագործման պարագաները (տակդիր մոմլաթ, գոգնոց, պոլիմերային թաղանթից և մոմլաթից ներքնակի երես), ինչպես նաև անոթները, միզամանները, չժանգոտող մետաղից տարաները ախտահանող միջոցով մշակվում են՝ համաձայն ախտահանիչ միջոցի հրահանգի:
103. Թթվածնաբուժման համար կիրառվող խոնավացուցիչներում լցնում են թորած ջուր:
ԳԼՈՒԽ 15. ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
104. Վերակենդանացման բաժանմունքում նախատեսվում է մեկուսացած հիվանդասենյակ` օդակաթիլային վարակներով պացիենտների մեկուսացման համար:
Վերակենդանացման բաժանմունքում առանձնացվում են հատուկ սենքեր՝ (հետվիրահատական ինտենսիվ թերապիայի սենյակներ) կցված բուժանձնակազմով, ինտենսիվ թերապիայի երկարատև կարիք ունեցող պացիենտների համար, և առանձնացված հիվանդասենյակներ՝ հետվիրահատական շրջանում գտնվող պացիենտների համար:
ԳԼՈՒԽ 16. ՀԵՄՈԴԻԱԼԻԶԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
105. Հեմոդիալիզի բաժանմունքում դիալիզի խտանյութերով լուծույթների պատրաստման համար, անհրաժեշտ բաղադրիչների պահպանման համար հատկացվում են առանձին սենքեր` իրենց ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով: Չի թույլատրվում նշված սենքերում պահել կողմնակի իրեր, նյութեր, գույք կամ սարքավորումներ:
106. Օգտագործված դիալիզի լուծույթի հեռացման խողովակները միանում են կեղտաջրերի հեռացման ցանցին: Այդ խողովակներն ունենում են բավարար թեքություն, որը կապահովի կեղտաջրի լիակատար հոսք և խողովակներում չառաջանա կեղտաջրերի կանգ:
107. Հեմոդիալիզի համար օգտագործվող սարքավորումների տեղափոխումը, տեղադրումը, շահագործումը, պահպանումը, աշխատանքի և սարքին լինելու վերաբերյալ հսկողությունը կատարվում է սարքերի տեխնիկական հրահանգին համապատասխան:
108. Սարքավորումների տեղադրումը հեմոդիալիզի բաժանմունքներում չպետք է խոչընդոտի բուժանձնակազմի աշխատանքին, սայլակների, շարժական մահճակալների ազատ տեղաշարժին: Հեմոդիալիզի բաժանմունքներում չեն տեղադրվում ավելորդ իրեր: Սարքի դիմային պանելը պետք է լինի բուժքրոջ տեսադաշտում: Նախքան հեմոդիալիզի սարքավորման օգտագործումը ստուգվում են մեկանգամյա օգտագործման միջոցների (հեմոդիալիզատորի, արյան գծերի) պիտանելիության ժամկետը և ամբողջականությունը: Արտադրական փաթեթավորման խախտման դեպքում դրանք չեն օգտագործվում:
109. Մեկանգամյա օգտագործման պարագաների պաշարները պահվում են արտադրական փաթեթավորմամբ, չոր սենքում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ջեռուցման սարքերից մեկ մետր հեռու: Խտանյութերի պատրաստման բաղադրիչները, հիմքերը և թթուները պահվում են արտադրական փաթեթավորմամբ:
110. Հեպատիտ Բ-ի մակերեսային անտիգենով դրական (HbsAg դրական) պացիենտների դիալիզի սարքավորումները առանձնացվում և մակնշվում են կապույտ, իսկ հեպատիտ Ց-ով պացիենտներինը՝ դեղին գույնով:
ԳԼՈՒԽ 18. ՆԵՐԶՆՆԱԿԱՆ (ԷՆԴՈՍԿՈՊԻԿ) ՏԵՍԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԵՎ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
111. Նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական կազմակերպություններում Էնդոսկոպիկ միջամտության իրականացման յուրաքանչյուր սենք պետք է ունենա նախամուտք` բուժանձնակազմի ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանով: Տուբերկուլոզի կասկածով կամ հաստատված պացիենտի բրոնխոսկոպիկ լաբորատոր գործիքային հետազոտությունն իրականացվում է կազմակերպությունում առկա բացասական ճնշմամբ մեկուսարանում:
112. Էնդոսկոպիկ միջամտություններն իրականացվում են ինչպես առանձին բաժանմունքում, այնպես էլ ախտորոշիչ կառուցահատվածի կազմում: Աղեստամոքսային տրակտի ստորին հատվածի էնդոսկոպիայի սենքին կից նախատեսվում է սանհանգույց:
113. Էնդոսկոպների և դրանց օժանդակ մասերի մաքրումն ու ախտահանումն իրականացվում է համաձայն բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի։
114. Ախտահանված էնդոսկոպները միջամտությունների միջև ընկած ժամանակահատվածում պահվում են մանրէներով երկրորդային աղտոտվածությունը բացառող պայմաններում:
ԳԼՈՒԽ 19. ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԱԲԻՆԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
115. Ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետի տեղակայումը որոշելիս հաշվի են առնվում ֆիզիոթերապևտիկ սարքավորումների, ուժային մալուխների, էլեկտրամատակարարման սարքերի, բարձր հաճախականության գծերի ազդեցությունն ախտորոշիչ սարքերի ցուցումների վրա, որից ելնելով նախատեսվում է ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետների էկրանավորումը:
116. Ճառագայթային ախտորոշման (ռենտգենաբանական) կաբինետի ներհոս և արտաձիգ օդափոխության համակարգը պետք է լինի ինքնուրույն` չհամակցելով բժշկական կազմակերպության ընդհանուր օդափոխության համակարգին:
117. Ճառագայթային ախտորոշման (ռենտգենաբանական) կաբինետի միջամտությունների սենյակում ռենտգենաբանական հետազոտություններին չվերաբերվող այլ սարքավորումներ և կահավորանք չի տեղադրվում:
118. Յուրաքանչյուր լաբորատոր գործիքային հետազոտությունից հետո պացիենտի մարմնին շփվող սարքի հատվածներն ախտահանվում են:
ԳԼՈՒԽ 20. ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ (ԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ) ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
119. Ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական (կինեզոթերապիայի) կառուցահատվածները մատչելի պետք է լինեն հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների, այդ թվում նաև ֆունկցիոնալության համապատասխան սահմանափակումներ ունեցող անձանց տեղաշարժման համար: Եթե նախատեսվում է միաժամանակ թե մեծահասակների և թե երեխաների համար, սպասասրահներն առանձնացվում են և ապահովվում համապատասխան կահավորմամբ և կից սանհանգույցներով:
120. Ֆիզիոթերապևտիկ սարքավորումները տեղադրվում են մեկուսացված խցերում, որոնց կարկասները կառուցված են պլաստմասե կամ փայտյա կանգնակներից կամ մետաղական (նիկելապատված) խողովակներից: Բոլոր մետաղական սարքերը և առարկաները ենթակա են հողակցման, խցիկներում մետաղական կոնստրուկցիաները մեկուսացվում են պատերից և հատակից:
121. Թույլատրվում է խցում տեղադրել ոչ ավել, քան մեկ սարք: Սպասարկող անձնակազմը ծանոթանում է էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր հանդիսացող ֆիզիոթերապևտիկ սարքերի հետ աշխատանքի տեխնիկական անվտանգության հրահանգի հետ: Անձնակազմին տվյալ սարքերի հետ աշխատել թույլատրվում է միայն նախնական բժշկական զննություն անցնելուց հետո` էլեկտրամագնիսական ճառագայթման հետ աշխատելու հակացուցման բացակայության դեպքում:
122. Լազերի հետ աշխատել թույլատրվում է լազերային սարքերի հետ աշխատելու համար ուսուցում անցած, դրանց հետ աշխատելու համար հակացուցումներ չունեցող և լազերի հետ աշխատանքի տեխնիկայի անվտանգության հրահանգներին ծանոթանալուց հետո: Լազերային սարքերով սենքերում արգելվում են հայելաանդրադարձիչ մակերևույթներ, անհրաժեշտ է օգտագործել հատուկ փայլատ վիրաբուժական գործիքներ:
123. Ռեֆլեքսոթերապիայի կաբինետը նախատեսվում է 4-6 պացիենտի համար, թախտերը տեղադրվում են այնպես, որ բժիշկը կարողանա երկու կողմից մոտենալ պացիենտին: Անձնակազմի համար նախատեսվում է առանձին սենք:
124. Ջերմաբուժման կառուցահատվածը նախատեսվում է պարաֆինի և օզոկերիտի բուժման համար: Ապահովվում է օժանդակ սենք, որի հատակը պատվում է ջրանակապատ սալիկներով, պատերը 2,5 մ բարձրությամբ` հախճասալիկներով, սենքում տեղադրվում է քարշիչ պահարան` պարաֆինի և օզոկերիտի տաքացման համար:
125. Ցեխաբուժության համար նախատեսում են առանձին խցիկներ` հարակից ցնցուղներով և հանդերձարաններով: Ապահովվում են օժանդակ սենքեր` ցեխի պահպանման և տաքացման համար:
ԳԼՈՒԽ 21. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
126. Բնակելի գոտում տեղակայված նոր կառուցվող և վերակառուցվող հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և հարակից բնակելի ու հասարակական շենքերի միջև ապահովվում է առնվազն 30 մետր հեռավորություն, իսկ կազմակերպության տարածքում գործառնական կապ չունեցող այլ կազմակերպություններ չեն տեղակայվում:
127. Բժշկական կազմակերպությունների կազմում գործող հակատուբերկուլոզային բաժանմունքը տեղակայվում է ավտոփոխադրամիջոցների մոտեցման ուղով ապահովված մեկուսացված գոտում, որը շրջապատից առանձնանում է 15 մետր շառավղով կանաչապատ մասով:
128. Նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական կազմակերպությունների կազմում կամ առանձին գործող տուբերկուլոզային բաժանմունքն ապահովվում է իր առանձին ընդունարանով և դուրս գրման սենքով: Հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մանրէազատ տուբերկուլոզով (դեղազգայուն կամ դեղակայուն) պացիենտներն առանձնացվում են, ընդ որում ընդունարանից դեպի մանրէազատ տուբերկուլոզով բաժանմունքներ պացիենտները տեղափոխվում են առանձնացված մուտքով` աստիճանավանդակով կամ վերելակով, իսկ մանրէազատ տուբերկուլոզով պացիենտների բաժանմունքները տեղակայվում են մյուս բաժանմունքներից բարձր հարկերում: Միևնույն հարկում տեղակայվելու դեպքում նոր կառուցվող և վերակառուցվող բժշկական կազմակերպությունում անհրաժեշտ է նախատեսել երկակի դռների տեղադրում՝ բուֆերային գոտիով:
129. Հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում չճշտված ախտորոշմամբ պացիենտները տեղաբաշխվում են ոչ մանրէազատ տուբերկուլոզով պացիենտների բաժանմունքում՝ առանձին հիվանդասենյակում, մանրէազատ տուբերկուլոզով պացիենտների մոտ մանրէազատումը դադարելուց հետո պացիենտը տեղափոխվում է ոչ մանրէազատ բաժանմունք:
130. Մանրէազատ տուբերկուլոզով պացիենտների համար մաքուր օդում զբոսանքի կամ ֆիզիկական վարժություններ կատարելու համար առանձնացվում են հատուկ տարածքներ:
131. Մանրէազատ տուբերկուլոզով պացիենտների տեսակցությունը հարազատների հետ կատարվում է դրսում՝ բացօթյա տարածքում, իսկ անբարենպաստ եղանակային պայմաններում՝ այդ նպատակի համար առանձնացված տեսակցության սենյակում, ԱՊՄ-ի կիրառմամբ, հատուկ շուրջօրյա մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքի շահագործմամբ: Երեխաների և պացիենտների հանդիպումները վարակիչ փուլում խստիվ արգելվում է։ Պացիենտի խնամակալությունը թույլատրվում է՝ ելնելով համաճարակաբանական ցուցումից:
132. Հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունն ապահովվում է խորխի հավաքման համար նախատեսված սենքով (խցով), որն ունի ներկառուցված ապակե պատուհան՝ բուժքրոջ կողմից խորխի հավաքմանը հետևելու համար: Խորխի հավաքման խցում ապահովվում է առնվազն 20-ապատիկ օդափոխանակություն կամ առաստաղին տեղադրվում է շուրջօրյա շահագործվող մանրէասպան ՈՒՄ ճառագայթման լամպ: Բոլոր դեպքերում խորխի հավաքման խցիկից պացիենտի դուրս գալուց հետո հաջորդ պացիենտին թույլատրվում է մտնել խցիկ առնվազն 15 րոպե հետո:
133. Բաժանմունքում խորխի հավաքման խցի կազմակերպման անհնարինության դեպքում այն կազմակերպվում է շենքից դուրս տեղակայված խորխի հավաքման բացօթյա խցիկում: Խորխի հավաքումը և տեղափոխումը լաբորատորիա կատարվում է բուժքրոջ հսկողությամբ: Խորխի մանրէաբանական հետազոտությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 1-ի 06-Ն հրամանի:
134. Հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում սենքերն ապահովվում են բնական օդափոխությամբ` պատուհաններով, օդանցքներով, օդի արտաձգման խորշերով` մղանցքներով:
135. Հիվանդանոցային պայմաններում տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում հիվանդասենյակներում պահանջվող օդափոխանակության ապահովման համար տեղադրում և շահագործում են ներհոս և արտաձիգ մեխանիկական օդափոխանակության համակարգեր: Ամենապարզ համակարգն ունենում է ներհոսքն ապահովող օդափոխիչներ միջանցքում և արտահոսքն ապահովող համակարգ՝ լոգարանում: Ներհոս օդը միջանցքից անցնում է հիվանդասենյակ: Արտահոսքն ապահովող օդափոխիչները պետք է պատուհանին մոտ գտնվեն, որպեսզի ամբողջ սենյակում ապահովեն լավ օդափոխություն: Դռների ներքևի մասում կարող են տեղադրվել ճաղեր, որպեսզի առկա լինի օդի լավ շրջապտույտ: Ձմռան ամիսներին ներհոս օդը տաքացվում է: Հիվանդասենյակների օդի արտահոսքի համար կարող են տեղադրվել ուղղահայաց օդատարներ: Օդափոխության մեխանիկական համակարգը հիվանդասենյակներում, պացիենտների տեսակցության սրահում, խորխի հավաքման խցիկում ապահովվում է բացասական ճնշում, իսկ բաժանմունքի միջանցքներում և բուժանձնակազմի սենքերում` դրական ճնշում:
136. Տուբերկուլոզի տարածման ռիսկի հավանական վտանգ ներկայացնող սենքերը (միջամտությունների կաբինետ, խորխի հավաքման տարածք, վիրահատարան, ինտենսիվ թերապիայի բաժանմունք, բրոնխոսկոպիայի սենք, սպիրոմետրիայի սենք, պացիենտների հարազատների հետ տեսակցության սենքեր) ապահովվում են օդի մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքերով: Մանրէասպան ՈՒՄ ճառագայթիչ սարքերով սենքերն ապահովվում են կամ ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով, կամ էլ ունենում են պատուհանների օդանցքների միջոցով ինտենսիվ օդափոխման հնարավորություն:
137. Նորմատիվի 136-րդ կետում նշված սենքերում օդափոխման ընդհանուր համակարգի և օդի վարակազերծման սարքերի բացակայության դեպքում սենքերի արհեստական օդափոխանակության խնդիրը լուծվում է՝ դրանք ապահովելով օդի զտման բարձր արդյունավետության զտիչներով (մշակվող օդում գտնվող միկրոօրգանիզմների ապաակտիվացման 95 տոկոսից ոչ պակաս արդյունավետություն ունեցող), շարժական օդափոխիչ սարքավորումներով:
ԳԼՈՒԽ 22. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
138. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տուբերկուլոզային կաբինետը չի տեղակայվում նկուղային կամ կիսանկուղային հարկերի սենքերում, այն տեղակայվում է պոլիկլինիկայի մեկուսացված գոտում (ոչ տարանցիկ միջանցքով) և պետք է ունենա առանձնացված սպասասրահ: Մեկուսացված գոտու ապահովման անհնարինության դեպքում, տուբերկուլոզային կաբինետին կից սպասասրահում, ինչպես նաև պոլիկլինիկայի տարածքում գործող ախտորոշիչ կաբինետներին հարակից սպասասրահում գործում է շուրջօրյա օգտագործման ենթակա փակ տիպի (էկրանավորված) մանրէասպան լամպ: Տուբերկուլոզային կաբինետը և սպասասրահն ունենում են բնական լուսավորություն և օդափոխություն:
Ձև 1
ՍԵՆՔԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԹԵՐԹԻԿ
Ամիս_________________20___թ.
խոնավ մաքրում |
ախտահանում | ||||||
ամիս,ամսաթիվ |
ժամ |
կատարող |
ժամ |
կատարող |
ամիս,ամսաթիվ |
ժամ |
կատարող |
Ձև 2
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՄԱՆՐԷԱՍՊԱՆ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹԻՉ ՍԱՐՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՍԿՄԱՆ
Մանրէասպան ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարքի շահագործման ամիս, ամսաթիվ ___________
Մանրէասպան ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարքի շահագործման ժամկետ______ժամ
Ամիս, ամսաթիվ |
Սենքը |
Ախտահանման պայմանները (մարդկանց ներկայությամբ կամ բացակայությամբ) |
Ախտահանման ռեժիմը (անընդմեջ կամ կրկնվող կարճաժամկետ) |
Ախտահանման ժամանակը |
Կատարող(ստորա-գրություն) | ||
Միացնելու ժամ |
Անջատելու ժամ |
Տևողությունը | |||||
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2025 թվական:
