ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1293-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, 685-րդ, 688-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Լոռու մարզ, Շամուտ գյուղում գտնվող 0.3443 հեկտար և 0,26 հեկտար մակերեսով հողամասերի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ՝ N 28042025-06-0030 և N 28042025-06-0031, այսուհետ՝ գույք) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի Շամուտ գյուղի վարչական տարածքում Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի մարզակառույցի (այսուհետ՝ մարզակառույց) կառուցման նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի միջոցների հաշվին.
2) համապատասխան փաստաթղթերի փաթեթը (մարզադահլիճի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից նախարարություն ներկայացվելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել մարզակառույցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներ.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել մարզակառույցի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով նախարարության հաշվեկշռում՝ հետագայում անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) հանձնելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերություն հետ կնքել գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ վերջինիս մեջ ներառելով դրույթ՝ մարզակառույցն իր նպատակներին համապատասխան օգտագործելու վերաբերյալ:
4. Սահմանել, որ պայմանագրի կնքման և գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
