ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2025 թվականի N 1317-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետն ու 22-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Իջևան, գյուղ Աճարկուտ, 4-րդ փողոց, 10/3 հասցեում գտնվող, 63 793.62 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.02929 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 21042025-11-0074 վկայական, այսուհետ՝ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ հետագայում լողավազան կառուցելու և շահագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքին (այսուհետ՝ համայնք) նվիրաբերելու պայմանով։
2․ Գույքը նվիրաբերել համայնքին՝ լողավազան կառուցելու և շահագործելու նպատակով։
3․ Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին․
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 2-րդ կետից բխող գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ նվիրաբերության պայմանի խախտման հիմքով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողի կողմից նվիրաբերված գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն։
4․ Կազմակերպության տնօրենին՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
