ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2025 թվականի N 1505-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետն ու 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վանաձոր ք., Թատերական փողոց, 1/1 սպայի տուն հասցեում գտնվող, 2024 թվականի մայիսի 8-ի դրությամբ 365 125 000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 357 877 418 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2214․05 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.229349 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 11072025-060045 վկայական, այսուհետ՝ գույք) նվիրաբերել «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ համաձայն հիմնադրամի կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրի՝ գույքը վերակառուցելու և «Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն» հիմնելու նպատակով։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի տնօրենի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
ա. գույքի վերակառուցման, բարեկարգման, վերազինման նպատակով սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 3 տարվա ընթացքում հիմնադրամի կողմից կիրականացվի 1 800 000 000 դրամի ներդրում՝
1-ին տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 385 մլն դրամ.
2-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 650 մլն դրամ.
3-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը՝ 765 մլն դրամ,
բ․ Հիմնադրամի կողմից ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ մինչև 50 տոկոս կատարվելու դեպքում Հիմնադրամը պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 10 (տասը) տոկոսի չափով,
գ․ հիմնադրամի կողմից ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում հիմնադրամը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 5 (հինգ) տոկոսի չափով,
դ. նվիրաբերության պայմանի խախտման հիմքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում հիմնադրամի կողմից գույքի վրա կատարված անբաժանելի և բաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն։
3․ Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
30.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |