ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1134-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 729-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 21-րդ հոդվածի 4-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 729-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) հավելվածի 3-րդ կետը «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,» բառերից հետո լրացնել «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և» բառերով.
2) հավելվածի 8-10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Տեսչական մարմնի նպատակներն են՝
1) Հայաստանի Հանրապետությունում կրթության որակի բարձրացմանն աջակցումը.
2) կրթության բնագավառի քաղաքականության սկզբունքների առավելագույն իրացման ապահովումը.
3) կրթության բնագավառում նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարմանն աջակցումը.
4) կրթության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված գործընթացների անհամապատասխանությունների և խախտումների կանխարգելմանը, խնդիրների բացահայտմանը, կարգավորումների բարելավմանն աջակցումը.
5) սովորողների կրթության իրավունքի, կրթության և վերջնարդյունքների հասանելիության հավասար հնարավորությունների ապահովումը։
9. Տեսչական մարմնի խնդիրներն են՝
1) կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների կատարմանն ուղղված կանխարգելիչ գործառույթների իրականացումը.
2) կրթության բնագավառի շահառուների կրթական իրավունքների պաշտպանությանը միտված կանխարգելիչ գործառույթների իրականացումը.
3) հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական ծրագրերի իրացման գործընթացների և սովորողների կողմից այդ ծրագրերի յուրացման հնարավորությունների ապահովմանն աջակցումը.
4) ձեռք բերված տվյալների վերլուծությունը և նպատակային կառավարումը.
5) կրթական գործընթացների և ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովումը.
6) կրթության բնագավառում ռիսկերի գնահատումը և կառավարումը:
10. Տեսչական մարմնի լիազորություններն են՝
1) կրթության բնագավառում և բարձրագույն կրթության ոլորտում կրթական ծրագրի համապատասխան մակարդակի իրականացման իրավունքի և յուրաքանչյուր որակավորման կամ կրթական ծրագրի աստիճանի լիցենզիայի համար սահմանված պայմանների պահպանման, ինչպես նաև ուսումնական հաստատությունների (բացառությամբ արտադպրոցական կրթության)՝ լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների հավաստիության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
2) հանրակրթության (այդ թվում՝ նախադպրոցական կրթության), նախադպրոցական ծառայությունների և արտադպրոցական կրթության նկատմամբ վերահսկողության իրականացումը՝ հետևյալ ուղղություններով.
ա. նախադպրոցական կրթական ծրագրերի համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջներին, զարգացնող միջավայրի չափանիշներին, ըստ տարիքային խմբերի և զարգացման ոլորտների՝ սաների կրթական և զարգացման վերջնարդյունքներին ու սաներից ակնկալվող կարողունակություններին ներկայացվող պահանջներ,
բ. հանրակրթական ուսումնական հաստատությունում իրականացվող կրթական ծրագրերի համապատասխանությունը տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրերի (հանրակրթական պետական ծրագրերի) պահանջներին, ներառյալ ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքին և ուսումնական պլանի կազմման կանոններին, առարկայական չափորոշիչներին ու ծրագրերին, տարեկան ուսումնական ժամանակացույցներին, դասացուցակներին, երաշխավորված դասագրքերի ցանկին՝ անկախ հանրակրթական պետական ծրագիրն իրականացնող կազմակերպության կազմակերպական-իրավական ձևից,
գ. հանրակրթական այլընտրանքային, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային հիմնական ծրագրերի համապատասխանությունը հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրերին, պետական չափորոշիչների պարտադիր պահանջներին, տվյալ ծրագրի հաստատման կարգին,
դ. լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված ուղղություններով երաշխավորված արտադպրոցական ծրագրերի պահանջների ապահովում,
ե. հանրակրթության յուրաքանչյուր կրթական ծրագրի մակարդակում փոխադրական (այդ թվում՝ էքստեռն), ավարտական, պետական ավարտական քննությունների (ստուգման) անցկացման ընթացակարգերը,
զ. պետական հանրակրթական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման համապատասխանություն սահմանված չափանիշներին (կարգին),
է. նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության, խմբերի կազմավորման, պարապմունքների կազմակերպման, նախադպրոցական ծրագրերին և ծառայություններին ներկայացվող պահանջների և տևողության համապատասխանություն,
ը. հանրակրթական ուսումնական հաստատություն ընդգրկված և պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաներին բացահայտելու և հանրակրթական ուսումնական հաստատություն ընդգրկելու գործողություններ, այդ թվում՝ սահմանված ժամկետից ուշ ընդգրկվող երեխաների կրթություն կազմակերպելու գործընթաց,
թ. ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների գործունեության՝ լիազոր մարմնի երաշխավորած պայմաններին համապատասխանություն,
ժ. հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնառությունը դասարանային (խմբային), անհատական, տնային ուսուցման կամ հեռավար (դիստանցիոն) կրթության միջոցով ապահովելու, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններն ապահովելու գործընթացներ,
ժա. հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրերից բխող ուսումնական նյութերի, դասագրքերի, ուսումնառության նյութերի, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութի առկայություն,
ժբ. նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվների, ներառական և երեխայակենտրոն միջավայրի չափանիշների համապատասխանություն երեխաների տարիքային և զարգացման առանձնահատկություններից բխող նորմատիվներին,
ժգ. պետական հանրակրթական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին օրենքով և ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությամբ վերապահված պարտականությունների կատարման իրավաչափություն,
ժդ. հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման (մրցույթի անցկացման, ընտրության կամ նշանակման) գործընթացներ,
ժե. հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչական աշխատողների պաշտոնների՝ սահմանված անվանացանկին, զբաղեցրած պաշտոնի նկարագրերին, իսկ պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների դեպքում՝ նաև օրինակելի հաստիքացուցակին համապատասխանություն,
ժզ. արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական աշխատողների՝ պաշտոնների անվանացանկին, դրանց նկարագրերին համապատասխանություն,
ժէ. հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածվող փաստաթղթերի համապատասխանություն սահմանված անվանացանկին և ձևերին, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության ընթացքում դրանց վարման կանոնների ապահովում,
ժը. օրենսդրությամբ սահմանված այլ ուղղություններով.
3) մասնագիտական կրթության նկատմամբ վերահսկողության իրականացումը՝ հետևյալ ուղղություններով.
ա. մասնագիտական ուսումնական հաստատությունում իրականացվող՝ լիցենզավորված որակավորման մոդուլային ծրագրի համապատասխանությունը մասնագիտական կրթության յուրաքանչյուր որակավորման բնութագրիչին, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման պահանջներին, որակավորումը (ուղղվածությունը) ապահովող փաստաթղթերին և ուսումնամեթոդական փաթեթին,
բ. հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու դեպքում՝ միջնակարգ կրթության երրորդ մակարդակի պետական բաղադրիչով սահմանված առարկաների նվազագույն ցանկի ու ծավալի ապահովման պայմաններ,
գ. յուրաքանչյուր ուսումնական տարի լրիվ կամ մասնակի կրթաթոշակի ձևով պետական կամ հանրային մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թվի՝ հատկացված տեղերին (այդ թվում՝ նպատակային ուսուցման) համապատասխանություն,
դ. պետության կողմից լրիվ կամ մասնակի կրթաթոշակ տրամադրելու համապատասխանությունը սահմանված չափանիշներին և պայմաններին (դեպքը, հիմքը և չափը),
ե. մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության, ուսանողների՝ մեկից ավելի մասնագիտական կրթություն ստանալու, մեկ հաստատությունից այլ հաստատություն կամ մեկ որակավորման ծրագրից այլ ծրագիր տեղափոխվելու, ինչպես նաև ուսանողների ուսումնառությունն ընդհատելու, ազատելու կամ հեռացնելու միջոցով դադարեցնելու կամ ուսումնառությունը դադարեցրած անձի ուսանողական իրավունքը վերականգնելու ընթացակարգեր,
զ. պետական ամփոփիչ ստուգում անցկացնելու, վերահանձնելու, ինչպես նաև սահմանված ժամկետից շուտ կամ ուշ որակավորում շնորհելու ընթացակարգերի հիմքեր,
է. մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգի պահպանում, մրցույթ չհայտարարելու դեպքեր,
ը. պետական մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի մրցութային ընտրության և նշանակման գործընթաց,
թ. պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին առաջադրելու, փոխարինելու և նրա լիազորությունները դադարելու կամ դադարեցնելու հիմքեր.
4) լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությունը և վերլուծությունը.
5) ղեկավար և մանկավարժական աշխատողների ընտրության, հավաստագրման, նշանակման, ինչպես նաև վերապատրաստման, ատեստավորման, տարակարգի ներկայացման և շնորհման գործընթացների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը.
6) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգման, տեսչավորման և դիտարկման իրականացումը.
7) կրթության բնագավառի և բարձրագույն կրթության ոլորտի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.
8) կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների, ուսումնական հաստատություններին նրանց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկման, խորհրդատվության, կանխարգելիչ, իրավական, մասնագիտական, մեթոդական աջակցության իրականացումը.
9) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաների գործողությունը դադարեցնելու միջնորդագրերի ներկայացումը լիցենզավորող մարմիններ.
10) վերահսկվող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վերահսկվող սուբյեկտների իրազեկման ապահովումը.
11) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, կրթության բնագավառում և բարձրագույն կրթության ոլորտում գործող վերահսկվող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական ու հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտներն ու վերահսկվող սուբյեկտները.
12) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումը այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.
13) վերահսկողության արդյունքում բացահայտված խախտումների հետևանքների վերացման աշխատանքներում վերահսկվող սուբյեկտներին մեթոդական օգնության կազմակերպումը.
14) կրթության որակի և չափորոշիչների բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
15) տեսչական մարմնի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունների կազմումը և հրապարակումը.
16) վերահսկվող սուբյեկտների կրթական ծառայությունների արդյունավետության (այդ թվում՝ սովորողների կողմից հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացում) գնահատումը, գործունեության վերլուծությունը, զարգացմանը նպաստող առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև դրանց իրականացման վերահսկումը.
17) ստուգումների, տեսչավորման, դիտարկման և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հաշվետվությունների, ակտերի, տեղեկանքների, արձանագրությունների, զեկուցագրերի, զեկույցների, վերլուծությունների, ամփոփագրերի և այլ փաստաթղթերի կազմումը.
18) վերահսկողական գործառույթներին, ըստ անհրաժեշտության, մասնագետների ներգրավումը.
19) հաշվետվությունների, միջնորդագրերի, հանձնարարականների, կարգադրագրերի, որոշումների, ակտերի, եզրակացությունների, տեղեկանքների, արձանագրությունների, վերլուծությունների և օրենքով նախատեսված այլ փաստաթղթերի կազմումը.
20) օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:».
3) հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի» բառերը.
4) Տեսչական մարմնի հիմնական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող Հանրակրթության վարչությունն անվանափոխել Հանրակրթության և արտադպրոցական կրթության վերահսկողության վարչության.
5) Տեսչական մարմնի հիմնական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությունն անվանափոխել Մասնագիտական կրթության վերահսկողության վարչության.
6) հավելվածի 27-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) Հանրակրթության և արտադպրոցական կրթության վերահսկողության վարչություն.
2) Մասնագիտական կրթության վերահսկողության վարչություն.».
7) հավելվածի 27-րդ կետը «հիմնական» բառից հետո լրացնել «մասնագիտական» բառով։
2. Սույն որոշումը բարձրագույն կրթության ոլորտում և լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող տարեկան հաշվետվությունների նկատմամբ վերահսկողությանը վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 31-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
08.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |