ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
10 դեկտեմբերի 2025 թ. |
2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
| Սահմանադրական դատարանը` կազմով. | |
|
նախագահող` |
Արման Դիլանյանի |
| դատավորներ` |
Արտակ Զեյնալյանի, |
| մասնակցությամբ` (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
| Կառավարության ներկայացուցիչ՝ |
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի սեպտեմբերի 30-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1755-Ա որոշմամբ հավանություն է տվել 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ փոխըմբռնման հուշագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Փոխըմբռնման հուշագիր) ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Աբու Դաբիում՝ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ (այսուհետ՝ Կողմ/Կողմեր) տարածք այցի կամ այնտեղ բնակության ընթացքում՝ քաղաքացիների, որոնք ունեն երկու պետությունների համապատասխան պաշտոնական մարմինների կողմից տրամադրված վարորդական վկայականներ, տեղաշարժը դյուրացնելու նպատակով:
2. Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար ազգային օրենսդրությամբ պահանջվող համապատասխան ընթացակարգերի իրականացման վերաբերյալ վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից 30 օր հետո և գործում է անորոշ ժամկետով, քանի դեռ Կողմերից որևէ մեկը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր չի ծանուցում այն դադարեցնելու իր մտադրության մասին` այդպիսի դադարեցման ամսաթվից առնվազն երեք ամիս առաջ:
3. Փոխըմբռնման հուշագրի իրականացման համար պատասխանատու իրավասու մարմիններն են՝ Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ներքին գործերի նախարարությունը, Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից՝ Ներքին գործերի նախարարության Մեքենաների և վարորդների լիցենզավորման դաշնային գլխավոր տնօրինությունը:
4. Փոխըմբռնման հուշագիրն ունի կից հավելված, որում ներկայացված են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից տրամադրվող վարորդական վկայականի նմուշները:
5. Հայաստանի Հանրապետությունը` փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.
5.1. Փոխըմբռնման հուշագրի իրականացման նպատակներով ճանաչել մյուս Կողմի կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է Փոխըմբռնման հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակում նախատեսված՝ վարորդական վկայականների տարբեր կարգերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված նվազագույն տարիքի հետ կապված պահանջները (հոդված 1).
5.2. բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում մյուս Կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատել դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից. այդ ազատումը սահմանափակվում է Փոխըմբռնման հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակում նշված ավտոմեքենաների համար տրամադրվող վարորդական վկայականների կարգերով (հոդված 2, պարբերություն 1).
5.3. դիմող անձանց վարորդական վկայականը փոխարինել վարորդական վկայականի համարժեք տեսակով, ինչպես սահմանված է Փոխըմբռնման հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակում (հոդված 3, կետ 5).
5.4. Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով անհապաղ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի ցանկացած փոփոխության մասին (հոդված 6, պարբերություն 2).
5.5. Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ կապված ցանկացած փոփոխության կամ լրացման մասին (հոդված 7).
5.6. Կողմերի միջև վեճի առկայության ժամանակահատվածում կատարել Փոխըմբռնման հուշագրով սահմանված Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պարտավորությունները (հոդված 8, կետ 3):
6. Փոխըմբռնման հուշագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ հիշյալ հոդվածի աղյուսակում չնշված այլ կարգերի և ենթակարգերի դեպքում այդ անձինք պետք է տեսական և գործնական քննություններ հանձնեն՝ մյուս Կողմի պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:
7. Փոխըմբռնման հուշագրի 3-րդ հոդվածով սահմանվում են վարորդական վկայականների փոխանակման պայմանները, մասնավորապես՝ վարորդական վկայականները կարող են փոխանակվել, երբ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձն ունի կացության վավեր թույլտվություն, վարորդական վկայականը վավեր է, դիմող անձը բավարարում է Փոխըմբռնման հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակի՝ վարորդական վկայականների տարբեր կարգերի համար երկու Կողմերի սահմանած նվազագույն տարիքային պահանջները՝ ազգային օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, վարորդական վկայականը, որը փոխանակվելու է, համապատասխանում է նմուշներին (ներկայացված է Փոխըմբռնման հուշագրին կից հավելվածով):
Վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձը պետք է ներկայացնի իրավական թարգմանությունների հավաստագրված որևէ բյուրոյի կողմից տրամադրված՝ վարորդական վկայականի՝ մյուս Կողմի ազգային լեզվով իրավական թարգմանությունը, դիմող անձը պետք է անցնի պահանջվող բժշկական զննությունը, և վարորդական վկայականի փոխանակումը կատարվում է` պահպանելով Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն պահանջվող ցանկացած այլ պայման և դրույթ:
Դիմող անձը պահպանում է իր ազգային վարորդական վկայականը՝ պայմանով, որ Կողմերի համապատասխան իրավասու մարմինները մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ներկայացնեն վարորդական վկայականի վերաբերյալ անհրաժեշտ տվյալները և տեղեկությունները:
8. Փոխըմբռնման հուշագրի 3-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ Փոխըմբռնման հուշագրի դրույթները չեն կիրառվում Կողմերի իրավասու մարմինների կողմից տրամադրված վարորդական վկայականի՝ քաղաքացի չհանդիսացող տնօրինողի նկատմամբ:
9. Կողմերի միջև սույն Փոխըմբռնման հուշագրի իրականացման հետ կապված ցանկացած վեճ կարգավորվում է բարեկամաբար՝ Կողմերի միջև դիվանագիտական ուղիներով իրականացվող բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Փոխըմբռնման հուշագրից բխող վեճի վրա չի տարածվում որևէ միջազգային կամ ներպետական օրենսդրության գործողություն, ոչ էլ տարածվում է ներպետական, օտարերկրյա կամ միջազգային դատարանի, արբիտրաժային տրիբունալի կամ երրորդ կողմի իրավազորությունը:
10. Փոխըմբռնման հուշագրում հղում է կատարվում 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի կոնվենցիային, որը Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականի փետրվարի 27-ին վավերացրել է «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիա վերտառությամբ՝ ՀՕ-123-Ն օրենքով (Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 21-ի ՍԴՈ-1390 որոշմամբ նշված կոնվենցիայում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները ճանաչվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
10 դեկտեմբերի 2025 թվականի ՍԴՈ-1806 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2025 թվական: