ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2026 թվականի N 468-Լ
ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի N 468-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է` ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել մատչելի պայմաններով ագրոպարենային ոլորտում ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսական ու ագրովերամշակված արտադրանքի արտադրության կազմակերպմանը և արտադրանքի ծավալների ավելացմանը:
2. Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերն ուղղվելու են ագրոպարենային ոլորտի զարգացման ծրագրերի վարկավորմանը:
3. Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը ներառում է հետևյալ դրույթները՝
1) ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում՝ ագրոպարենային (գյուղատնտեսություն և ագրովերամշակում) ոլորտում գործունեություն ծավալելու նպատակով.
2) ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին.
3) ծրագրի մասնակիցներն են՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու), առևտրային բանկերը կամ այն վարկային կազմակերպությունները, որոնք ունեն գյուղատնտեսության վարկավորման պորտֆել (այսուհետ՝ ֆինանսական կառույց), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը (այսուհետ` ՏԶՖԿ)։
4. Շահառուն ծրագրին մասնակցելու համար ֆինանսական կառույց է ներկայացնում ծրագիր-տեղեկանք՝ վարկային միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ (ֆինանսական կառույցը կարող է սահմանել ձևաչափ)։
5. Ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքվող վարկային պայմանագրում ամրագրվում են դրույթներ այն մասին, որ շահառուն ֆինանսական կառույցի կողմից տեղեկացված է ծրագրի պահանջների և դրանց խախտման հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին։
6. Վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով։
7. Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափն է 1-2 մլն դրամ, ընդ որում, նույն շահառուին տրամադրվող վարկի (վարկերի) առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։ Վարկի հետ կապված ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն):
8. Վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից:
9. Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։
10. Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի։
11. Վարկի մայր գումարի և տոկոսագումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված պարտադիր սահմանվում է արտոնյալ ժամկետ 6 ամիս տևողությամբ (վարկի մայր գումարի և տոկոսագումարի առաջին վճարումը կիրականացվի 6 ամիս հետո)։
12. Վարկերի մարման գործընթացն իրականացվում է մայր գումարի ամսական վճարման եղանակով (բացառությամբ ծրագրի 11-րդ կետով սահմանված դեպքի), վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի նկատմամբ։
13. Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում։
14. Տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն։
15. Սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ։
16. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի փաստացի մարումների հիման վրա։
17. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում է ֆինանսական կառույցը, որը տրամադրում է ծրագրի պայմաններին համապատասխանող վարկեր։
18. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ՏԶՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի հայտի հիման վրա: Հայտի բովանդակությանը և ծրագրի 24-րդ կետում նշված հաշվետվությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ՏԶՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով։
19. Ֆինանսական կառույցը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ներկայացնում է ՏԶՖԿ-ին՝ ամիսը մեկ անգամ, ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը (բացառությամբ ծրագրի 11-րդ կետով սահմանված դեպքի): ՏԶՖԿ-ն հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և, հայտը ծրագրի պահանջներին բավարարելու դեպքում, դրական եզրակացությամբ ներկայացնում նախարարություն։ Յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքների գումարները (բացառությամբ ծրագրի 11-րդ կետով սահմանված դեպքի): Նախարարությունն իր և ՏԶՖԿ-ի միջև կնքվող սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական միջոցների առկայության դեպքում) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ՏԶՖԿ-ին (տվյալ պահին ֆինանսական միջոցների բացակայության դեպքում ֆինանսավորումը կատարվում է համապատասխան միջոցների ներգրավումից հետո), որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին։ Հայտը՝ ծրագրի պահանջներին չբավարարելու դեպքում, ՏԶՖԿ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով չբավարարման հիմքերը։
20. Տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է՝
1) եթե չեն պահպանվել ծրագրով սահմանված պահանջները, վարկը նպատակային չի օգտագործվել (վարկի օգտագործումը համարվում է ոչ նպատակային, եթե վարկային միջոցները չեն օգտագործվել ագրոպարենային ոլորտում՝ գյուղատնտեսության և ագրովերամշակման).
2) եթե շահառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն, և կեղծ տեղեկատվության տրամադրման փաստը բացահայտվել է վարկի տրամադրումից հետո.
3) եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ․
4) շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում։
21. Շահառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործելու (ներառյալ վարկառուի նախաձեռնությամբ վարկային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքերի) կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման (սուբսիդավորված գումարի վերադարձը ՏԶՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը եռամսյա ժամկետում): Ֆինանսական կառույցը իրավասու է սուբսիդավորման գումարը պահանջել վարկառուից: Վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած։
22. Ծրագրի շրջանակում մոնիթորինգն իրականացվում է ֆինանսական կառույցի կողմից: Վարկի տրամադրումից հետո ֆինանսական կառույցի կողմից վեցամսյա ժամկետում իրականացվում է նպատակային մոնիթորինգ և ֆինանսական կառույցի ներքին իրավական ակտերին համապատասխան` ֆինանսական մոնիթորինգ:
23. Ծրագրի շրջանակում ընտրանքային մոնիթորինգ (նպատակային) կիրականացվի նաև ՏԶՖԿ-ի կողմից՝ նախարարության կողմից սահմանված կարգով:
24. Ֆինանսական կառույցը ամենամսյա պարբերականությամբ հաշվետվություն է ներկայացնում ՏԶՖԿ-ին: Հաշվետվությունը պետք է ներառի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝
1) յուրաքանչյուր վարկառուի հետ կնքված պայմանագրի մասին տեղեկատվություն՝ ըստ տրամադրված վարկի գումարի, սուբսիդավորման գումարի, վարկի գումարի մնացորդի, վարկի օգտագործման նպատակի մասին.
2) տեղեկատվություն իրականացված մոնիթորինգի (նպատակային և ֆինանսական) արդյունքների մասին.
3) տեղեկատվություն հայտնաբերված խախտումների վերաբերյալ:
25. ՏԶՖԿ-ն յուրաքանչյուր ամիս ամփոփ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն։ Հաշվետվությունը պետք է ներառի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում`
1) վարկերի մասին տեղեկատվություն` ըստ յուրաքանչյուր վարկառուի հետ կնքված պայմանագրի, ըստ վարկի գումարի, սուբսիդավորման գումարի, վարկի գումարի մնացորդի, վարկի օգտագործման նպատակի մասին.
2) տեղեկատվություն ֆինանսական կառույցների կողմից իրականացված մոնիթորինգի (նպատակային և ֆինանսական) արդյունքների մասին.
3) տեղեկատվություն հայտնաբերված խախտումների վերաբերյալ:
26. Ծրագրի հնարավոր ռիսկեր են համարվում`
1) վարկային ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը.
2) բնական աղետների, համաճարակների հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի վերադարձման անհնարինությունը:
27. Ծրագրի իրականացման համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
28. Տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման արդյունքում` կավելանան ագրոպարենային ոլորտում կատարվող ներդրումները, կընդլայնվեն տնտեսավարողների կարողությունները, մատչելի պայմաններ կապահովվեն շրջանառու և հիմնական միջոցների ձեռքբերման ու ներդրման համար:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
10.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |