ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2026 թվականի N 543-Լ
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1281-13.03.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-1281-13.03.2026-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, քննարկելով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով առաջարկվող կարգավորման միտումները և դրդապատճառները, ինչպես նաև հաշվի առնելով խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները, հայտնում է հետևյալը.
Նախագծերով առաջարկվող՝ քաղաքացիների կողմից խաղերին մասնակցության սահմանափակումների և արգելքների վերաբերյալ կարգավորումները, իրենց բովանդակությամբ ուղղված լինելով սոցիալական ռիսկերի նվազեցմանը և պատասխանատու խաղի գործիքակազմի զարգացմանը, կարող են լիարժեք և արդյունավետ կիրառվել միայն «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված խաղային ոլորտի կարգավորման օպերատորի ինստիտուտի ներդրման և դրա լիարժեք գործարկման պայմաններում։
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասով հարկ է նշել, որ նախագծերով առաջարկվող մի շարք կարգավորումներ ներկայումս կիրառելի չեն՝ հաշվի առնելով, որ բացակայում են դրանց ապահովման համար անհրաժեշտ ինքնաշխատ գործիքներն ու գործնական մեխանիզմները, որոնց գործարկմամբ հնարավոր կլինի ապահովել համապատասխան գործընթացների իրականացումը։
Ըստ այդմ, նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկում ենք՝
1. Ձեռնպահ մնալ նախագծով առաջարկվող՝ սպառողական վարկ ունեցող և վարկային պարտավորությունների ընդհանուր ծավալը տարեկան եկամուտների նկատմամբ որոշակի շեմով սահմանափակելու կարգավորումից՝ հաշվի առնելով, որ դրա կիրառման համար անհրաժեշտ տեղեկատվական և տեխնիկական նախադրյալները ներկայումս ամբողջությամբ ձևավորված չեն։ Մասնավորապես, նշված կարգավորման կիրառումը ենթադրում է վարկային պարտավորությունների վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվության առկայություն, որը հանդիսանում է բանկային գաղտնիք։
Խաղային գործունեության կարգավորման օպերատորի գործարկումից հետո օպերատորը կարող է հասանելիություն ունենալ միայն այն տվյալներին, որոնց վերաբերյալ պետությունը վարում է համապատասխան շտեմարաններ։
2. Ձեռնպահ մնալ նախագծով առաջարկվող՝ խաղերին մասնակցության թույլատրելի չափը յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված տարեկան եկամտի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ սահմանելու կարգավորումից՝ հաշվի առնելով, որ դրա գործնական կիրառումը ներկայումս խնդրահարույց է և վաղաժամ։
Միաժամանակ, տարեկան եկամտի չափի վրա հիմնված սահմանափակումը կարող է չարտացոլել անձի իրական ֆինանսական կարողությունները, քանի որ հնարավոր են իրավիճակներ, երբ անձը տվյալ տարում հայտարարագրված եկամուտ չունենալով հանդերձ ունի զգալի խնայողություններ, ինչի արդյունքում նշված մոտեցումը չի ապահովում կարգավորման նպատակային և համաչափ կիրառություն։
3. Հստակեցնել պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից օգտվող շահառուների շրջանակը, քանի որ որոշ ծրագրեր կրում են տնտեսական կամ խթանիչ բնույթ և կապված չեն անձի սոցիալական վիճակի հետ։
Նշվածի համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել, որ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը պարունակում է որոշակի սոցիալական տարրեր և առաջարկվում է քննարկել նոր շահառուների հետ կապված կարգավորումները։
Միաժամանակ Կառավարությունն առաջարկում է.
1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 6.2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Սահմանել արգելք այն բանկային քարտերի օգտագործման համար, որոնց հաշվին մուտքագրվում են անձի սոցիալական ապահովության վիճակի հետ կապված նպաստի միջոցներ»։
Նախագծի նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Սահմանել արգելք այն բանկային քարտերի օգտագործման համար, որոնց հաշվին մուտքագրվում են կենսաթոշակային միջոցներ»։
2. «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում՝ 1-ին հոդվածով լրացվող 5․4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Սահմանել արգելք այն բանկային քարտերի օգտագործման համար, որոնց հաշվին մուտքագրվում են անձի սոցիալական ապահովության վիճակի հետ կապված նպաստի միջոցներ»։
Նախագծի նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Սահմանել արգելք այն բանկային քարտերի օգտագործման համար, որոնց հաշվին մուտքագրվում են կենսաթոշակային միջոցներ»։
3. «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ Կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի, սակայն առաջարկում է՝
3.1. Սահմանել, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից՝ հաշվի առնելով, որ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության գործընթացը գտնվում է ընթացքի մեջ, և նախագծով նախատեսված սահմանափակումների կիրառման համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունների ապահովումը հնարավոր կլինի միայն օպերատորի գործարկումից հետո։ Նշված պայմաններում, ավելի վաղ ժամկետ սահմանելու դեպքում, սահմանափակումների ապահովման պարտականությունը փաստացի կդրվի խաղային գործունեության կազմակերպիչների վրա, ինչը ենթադրում է նրանց կողմից անձնական տվյալների մշակման և համապատասխան տեղեկատվական բազաների հասանելիության անհրաժեշտություն և կարող է առաջացնել տվյալների պաշտպանության և ազգային անվտանգության հետ կապված ռիսկեր։
3.2. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հանդիսանում են՝
6) օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ կամ
7) պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող ընտանիքի անդամ»։
Ըստ այդմ, Կառավարությունն առաջարկում է վերանայել նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումը։