Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասի իրավակարգավորումը գործելու է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 7-ին
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին գերազանցող հատուցման գին ունեցող դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում և հատուցման գնի ու հատուցման առավելագույն չափի հաշվարկներում։»։
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք (օրենքով նախատեսված կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրացիները, որոնք ընդգրկված են սույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում։ Սույն կետը տարածվում է նաև օրենքով սահմանված կարգով ապաստան հայցողների ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների վրա, որոնք ընդգրկված են սույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում։ Մնացած դեպքերում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներն ու ապաստան ստացած կամ չստացած փախստականներն օգտվում են բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից՝ սույն օրենքի և «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի պահանջներին համապատասխան․»․
2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի մինչև մեկ տարեկան երեխաները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ, մեկից մինչև 18 տարեկան երեխաները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք.»․
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8) հաշմանդամություն ունեցող երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն.».
4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան որոշված շահառուները և նրանց ընտանիքի անդամները, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ անձինք և նրանց ընտանիքի անդամներն արդեն իսկ հանդիսանում են սույն օրենքի իմաստով ապահովագրված անձ՝ սույն մասի 1-10-րդ կետերով սահմանված բնակչության այլ խմբերի պատկանելու հիմքով, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ․»․
5) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13) Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ` վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի ստացող ֆիզիկական անձինք, եթե վարձակալական վճարի, տոկոսի, շահաբաժնի, ռոյալթիի հանրագումարը տարեկան կազմում է 2 400 000 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ` վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի ստացող ֆիզիկական անձինք), քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, վարձու աշխատողները, որոնց աշխատավարձը հաշվարկվում է հարկային գործակալ չհանդիսացող անձանց կողմից.».
6) 14-րդ կետը «զբաղվողներ» բառից հետո լրացնել «, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձինք (վարորդներ), որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և ամեն պատվերի իրականացման դեպքում տրամադրում են պատվիրատուին պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, կամ որոնք ուղևորափոխադրումներն իրականացնում են ուղևորափոխադրման ծառայության էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով․
7) 15-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ» բառերով։
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասից «չվճարման» բառից հետո հանել «և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման» բառերը։
Հոդված 4․ Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Ռեգիստրում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված բնակչության խմբում ներառված անձանց համար վճարման ենթակա է ամսական ապահովագրավճարի հարյուր տոկոսը, որը վճարվում է հարկային գործակալի կամ հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուների վարձու աշխատողների կողմից՝ ապահովագրավճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու միջոցով՝ մինչև ապահովագրավճար վճարողի կարգավիճակ ստանալու ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 20-ը։».
2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ գործատուների կողմից կարող է կատարվել աշխատողների, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց համար վճարման ենթակա ապահովագրավճարների ամբողջությամբ կամ մասնակի վճարում:»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով․
«12․ Ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից հաշվարկված ապահովագրավճարներից ավել փոխանցված կամ ապահովագրավճարի գծով պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումները ենթակա են վերադարձման՝ Կառավարության սահմանած կարգով։»։
Հոդված 5․ Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11․1-ին մասով․
«11․1. Բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված ապահովագրավճար ինքնուրույն վճարողների, ապահովագրավճար ինքնուրույն վճարող այլ ապահովագրված անձանց կողմից երեք ամիս անընդմեջ ապահովագրավճարի չվճարման կամ ապահովագրված անձի կարգավիճակի դադարման՝ ապահովագրավճարի գծով պարտավորությունների առկայության պարագայում դրա մասին ծանուցվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պարտավորությունների չկատարման համար Հիմնադրամը դիմում է դատարան՝ դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով։»։
Հոդված 6. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 4
ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԴԵՂԱՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»։
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
| «Հոդված 18. | Ապահովագրված անձանց, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց իրավունքները և պարտականությունները»․ |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով․
«5. Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ օգտվելու բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից կամ լրացուցիչ ծառայություններից.
2) ստանալու բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած ցանկացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից: Կնքված պայմանագրի առկայությունը պարտադիր չէ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման դեպքերում, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայությունները, բացառությամբ Լիազոր մարմնի սահմանած դեպքերի, տրամադրվում են միայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից, որի առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով գրանցված է ապահովագրված անձը.
3) Հիմնադրամին տեղեկացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման մերժման կամ ոչ պատշաճ տրամադրման դեպքում.
4) սույն օրենքով սահմանված կարգով բողոք ներկայացնելու Հիմնադրամի դեմ.
5) ստանալու սպառիչ տեղեկություններ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման կարգի և պայմանների վերաբերյալ ինչպես Հիմնադրամից, այնպես էլ Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից։
6. Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք, որպես պացիենտ, պարտավոր են ապահովել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները։
7. Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված պայմանագրերին համապատասխան, ունեն այլ իրավունքներ և պարտականություններ։»։
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց» բառերով․
2) 3-րդ մասը «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց» բառերով․
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կողմից Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև կնքված պայմանագրերով իր իրավունքներից օգտվելու ցանկությունը (այդ թվում` լռությամբ) հայտնելու պահից Հիմնադրամը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, դեղատները, առանց անձի համաձայնության, կարող են լուծել կամ փոփոխել պայմանագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և պայմանագրով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «փաթեթում» բառից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալում կամ լրացուցիչ ծառայություններում» բառերով․
2) 1-ին մասի 2-րդ կետը «փաթեթում» բառից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալում կամ լրացուցիչ ծառայություններում» բառերով․
3) 1-ին մասի 3-րդ կետը «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց» բառերով․
4) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ապահովագրված անձին մատուցել պայմանագրով նախատեսված և ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, իսկ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց՝ օրենսդրությանը և պայմանագրին համապատասխան՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ․
2) ապահովագրական դեպքը վրա հասնելիս երաշխավորել ապահովագրական փաթեթում ներառված բժշկական ծառայությունների մատուցման հավասար հնարավորություններ ապահովագրված բոլոր անձանց համար, այդ թվում՝ հերթագրումների պայմանների ապահովմամբ.
3) բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց երաշխավորել այդ ծառայությունների մատուցման հավասար հնարավորություններ, այդ թվում՝ հերթագրումների պայմանների ապահովմամբ.
4) ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի պահանջով նրան տրամադրել ամբողջական և հավաստի տեղեկություն համապատասխանաբար ապահովագրական փաթեթում կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ստացման կարգի և պայմանների վերաբերյալ.
5) ապահովել տրամադրվող ապահովագրական փաթեթի, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
6) պահպանել առողջության համընդհանուր ապահովագրության, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման գործընթացներում իրենց հայտնի դարձած` օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
7) հատուցել իրենց մեղքով ապահովագրված անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը.
8) ապահովել ապահովագրական փաթեթը, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունները տրամադրելու համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների առկայությունը.
9) Հիմնադրամի հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում Հիմնադրամին անհապաղ գրավոր տեղեկացնել լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու մասին.
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ապահովագրական փաթեթի տրամադրման մասին հավաստի տվյալների մուտքագրումը առողջապահության բնագավառի տվյալների բազաներ ու սույն օրենքով նախատեսված Ռեգիստր.
11) հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով Հիմնադրամ ներկայացնել ապահովագրական փաթեթի, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման վերաբերյալ հաշվետվություններ.
12) սույն օրենքի համաձայն՝ հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վերադարձնել վճարները՝ Կառավարության սահմանած կարգով․
13) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:»:
Հոդված 10. Օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 25. | Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները |
1. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկություններ են համարվում ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց բժշկական գաղտնիքը կամ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատողի անձնական տվյալներ հանդիսացող տեղեկությունները:
2. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկություններ չեն համարվում՝
1) ապանձնավորված տվյալները (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների), որոնց միջոցով հնարավոր չէ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
2) ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների)․
3) ապահովագրված անձանց կողմից կամ ապահովագրված անձի համար վճարված (կատարված) ապահովագրավճարի չափը:
3. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները կարող են փոխանցվել տվյալ անձի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
4. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները Հիմնադրամի կողմից մշակվում են օրենքով սահմանված կարգով՝ առանց անձի համաձայնության:
5. Օրենքից չբխող կամ օրենքի խախտմամբ առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունների փոխանցումը, այն է՝ այդ տեղեկությունները որոշակի կամ անորոշ շրջանակի այլ անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված գործողությունը, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով անձնական տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
6. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները պաշտպանվում են պետական գաղտնիքի, բժշկական գաղտնիքի և աշխատողների անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
7. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում բժշկական գաղտնի տեղեկությունները, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, Կառավարության սահմանած կարգով, առանց անձի համաձայնության, կարող են փոխանցվել՝
1) առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացման համար՝
ա. Լիազոր մարմնին,
բ. ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին,
գ. հարկային մարմնին.
2) Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին և դեղատներին, եթե առանց այդ տվյալների հնարավոր չէ մատուցել ապահովագրական փաթեթի ծառայությունները կամ նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունները․
3) առողջության ապահովագրություն իրականացնող մասնավոր ապահովագրական ընկերություններին, եթե առանց այդ տվյալների հնարավոր չէ մատուցել ապահովագրական փաթեթի ծառայությունները, կամավոր ապահովագրական ծառայությունները․
4) հաշտարարին` «Հաշտարարության մասին» օրենքին համապատասխան հաշտարարության իրականացման համար.
5) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ մարմինների:
| Հոդված 26. | Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունների պահպանումը և դրանց փոխանցման սահմանները |
1. Հիմնադրամը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական միջոցներ առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնիք համարվող տեղեկությունների անվտանգության ապահովման համար:
2. Հիմնադրամը սույն օրենքով նախատեսված մարմիններին (իրավասու անձանց) առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները տրամադրում է միայն տվյալ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացողի մասով:»։
Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված կարգով:»։
Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրերով սահմանված կարգով վճարում է հատուցումներ.».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների հետ կնքում է հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց պայմանագրեր․»։
Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 10-րդ մասում`
1) 14-րդ կետը «նկատմամբ» բառից հետո լրացնել «Հիմնադրամի կողմից» բառերով․
2) 15-րդ կետի «հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրի» բառերը փոխարինել «հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրերի» բառերով․
3) 16-րդ կետի «առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում» բառերը փոխարինել «առողջության համընդհանուր ապահովագրության կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների շրջանակում» բառերով։
Հոդված 14. Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում «հօգուտ ապահովագրված անձանց պայմանագրերը» բառերը փոխարինել «հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրերը» բառերով։
Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 6-8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6) սույն օրենքի համաձայն՝ քննում ու լուծում է ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց և Հիմնադրամի միջև ծագած մասնավոր բնույթի վեճեր, որոնք բխում են հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրերից.
7) կատարում է առողջության համընդհանուր ապահովագրության, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտների ուսումնասիրություններ և հոգաբարձուների խորհուրդ ներկայացնում առաջարկություններ այդ ոլորտների բարելավման և զարգացման նպատակով.
8) կատարում է ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունների, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների, ինչպես նաև դրանց փոփոխման կամ լրացման վերաբերյալ առաջարկների վերլուծություններ և ներկայացնում առաջարկություններ հոգաբարձուների խորհուրդ.»։
Հոդված 17. Օրենքի 38-րդ հոդվածում`
1) վերնագիրը «ապահովագրության» բառից հետո լրացնել «, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ» բառերով․
2) 1-ին մասը «համակարգի» բառից հետո լրացնել «բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ» բառերով։
Հոդված 18. Օրենքի 8-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Գ Լ ՈՒ Խ 8
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴԵՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ»։
Հոդված 19. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը «ապահովագրված անձի» բառերից հետո լրացնել «կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց» բառերով։
Հոդված 20. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 7-րդ կետից հանել «և 15-րդ» բառերը․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով․
«7.1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբի, որի համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից․»․
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի, 4-րդ մասի՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով սահմանված բնակչության խմբի մասով, 15-րդ հոդվածի 1-3-րդ, 9-րդ, 10-րդ մասերի 1-ին կետերի, 14-րդ մասի 2-րդ, 3-6-րդ կետերի, 16-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից․»․
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8․1-ին կետով․
«8․1) սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված բնակչության խմբի մասով, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից․»։
Հոդված 21․ Օրենքի 46-րդ հոդվածում՝
1) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված բնակչության խմբում ներառված նոտարները և անհատ ձեռնարկատերերն ապահովագրավճարները վճարում են ինքնուրույն՝ 2026 թվականի հուլիսի 20-ը ներառյալ։ Նշված անձինք ապահովագրված անձի կարգավիճակը ձեռք են բերում ապահովագրավճարի ամբողջական վճարման օրվան հաջորդող ամսվա 1-ից։».
2) 20-րդ մասի «13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապահովագրավճարի ամսական դրույքաչափը» բառերը փոխարինել «46-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված չափը» բառերով․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20․1-ին և 20․2-րդ մասերով․
«20․1. Եթե 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձի գործունեությունը դադարեցված է (ներկայացված է գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն), ապա օրենքով սահմանված կարգով գործունեությունը վերսկսելու դեպքում նրա նկատմամբ սույն օրենքը կիրարկվում է վերսկսելու օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Մինչև սույն մասն ուժի մեջ մտնելը գործունեությունը դադարեցված (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացրած)՝ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձանց ապահովագրավճարները ենթակա են վերադարձման Հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով, եթե Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սահմանված կարգավիճակ ունեցող անձինք, սույն օրենքի համաձայն, չեն օգտվել ապահովագրական փաթեթից։
20․2․ Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց 65 տարին լրանում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև ապահովագրավճարի վճարման վերջնաժամկետն ընդգրկող ամիսը, ապահովագրավճար վճարողի կամ չվճարողի կարգավիճակը 2026 թվականի համար որոշվում է 2025 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության կամ շահութահարկի հաշվարկի ներկայացման օրն ընդգրկող ամսվա վերջին օրը անձի 65 տարեկանը լրացած լինելու հանգամանքով։ Սույն մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների 65 տարեկանը ապահովագրված անձի կարգավիճակի 12-ամսյա ժամանակահատվածում լրանալու դեպքում ամսական դրույքաչափից ավել վճարված ապահովագրավճարները վերադարձվում են Կառավարության սահմանած կարգով։»։
Հոդված 22.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով լրացվող բնակչության խմբերի, որոնց համար սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
2․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:
3․ Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասի իրավակարգավորումը գործելու է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 27 Երևան ՀՕ-135-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2026 թվական: